Ամուսնաընտանեկան հարաբերությունների, բարոյականության և հայ ընտանեկան իրավունքի մի քանի հարցեր

Spread the love

Ամուսնաընտանեկան հարաբերությունների, բարոյականության և հայ ընտանեկան իրավունքի մի քանի հարցեր. պատմություն և արդիականություն

Ընտանիքի՝ որպես բնական-կենսաբանական, անհատական և սոցիալական-հասարակական անհրաժեշտությամբ պայմանավորված ամուսնության՝ տարբեր սեռերի միության վրա հիմնված հասարակական հաստատության կայունությունից ու զարգացումից մեծապես կախված է նաև պետական հասարակության կայունությունը, ազգային- պետական առավել կամ պակաս չափով հուսալի ու անընդմեջ զարգացման վիճակը: Ամուսնության և ընտանիքի հարցերը տարողունակ են ու բազմակողմ՝ սկսած սովորական թվացող ընտանեկան դաստիարակությունից, որը, ի դեպ, կարևոր է նաև հանցագործությունների և մյուս իրավախախտումների դեմ պայքարում, մինչև ժողովրդի, երկրի ու պետության գոյատևման հիմքերը շոշափող հիմնարար՝ ազգագրական և այլ խնդիրները: Եվ պատահական չէ, որ ինչպես մյուս ազգերի ու ժողովուրդների մոտ, այնպես էլ բնականաբար մեր ժողովրդի բազմաթիվ մտածողներ՝ գիտնականներ, գրողներ, բանաստեղծներ և այլք, միշտ էլ իրենց մտահոգվել են հայ ընտանիքի հիմնախնդիրներով: Եվ եթե ընտանիքի կայունությամբ ու զարգացմամբ պայմանավորված է հասարակական ընդհանուր զարգացումը, ապա իր հերթին ընտանիքի կայունությունն ու զարգացումը պայմանավորված է մի շարք գործոններով՝ սոցիալ-տնտեսական, հասարակական- քաղաքական, պետաիրավական: Առանց վարանելու կարելի է ասել, որ ընտանիքի, ամուսնաընտանեկան հարաբերությունների հարցում այսօր գոյություն ունեցող հայտնի տագնապալից և վաղվա հնարավոր աղետալի վիճակը հիմնականում մեր ընդհանուր սոցիալ-տնտեսական, բարոյաիրավական կացության, հասարակական-պետական կյանքի ոչ իրավաչափ, ոչ բանական կազմակերպման ու զարգացման արդյունքն է: Իսկ այս առումով գաղտնիք չէ, որ մեր նորանկախ պետական հասարակությունում այսօր տագնապ առաջացնող բազմաթիվ հիմնախնդիրներ են ծագել և շարունակում են ծագել՝ հղի ներսոցիալական լուրջ ցնցումներ, ծանր հետևանքներ առաջ բերելու վտանգով: Հենց դրանով՝ հիմնախնդիրների կենսունակությամբ է պայմանավորված նաև «Ամուսնությունը և ընտանիքը Հայաստանում» թեմայով հրավիրված այս գիտաժողովը՝ որը ոչ միայն սոսկ կամ զուտ գիտական, այլև նաև, գուցե և առավելապես, ստեղծված վիճակի, իրողությունների նկատմամբ տագնապ, ահազանգ հնչեցնելու նպատակ է հետապնդում: Կարծում ենք, որ ոչ ոքի մոտ տարակույս չկա այն բանում, որ ոչ պակաս կենսական ու արդիական է նաև այսօր մեր կողմից քննարկվող հիմնախնդիրը: Մեր ժողովրդի, երկրի ու պետականության առջև այսօր հրատապ լուծման կարոտ լուրջ, ոչ հազվադեպ տագնապալից մտահոգություն առաջացնող, հիմնախնդիրներ են ծագել. ԳՊՀ-ն Սյունիքի միակ պետական համալսարանն է՝ այդպիսի միակ գիտական, գիտամանկավարժական հաստատությունը՝ արդեն շուրջ կեսդարյա կենսագրություն ու մեծ ներուժ ունեցող, որը, մեր խորին համոզմամբ, ոչ միայն չի կարող, իրավունք չունի, «մի կողմ քաշվել», հատկապես այսօրվա իրողությունների պայմաններում, այլև պետք է նախաձեռնող, ուղղորդող դեր ունենա առաջացած հիմնախնդիրներին արձագանքելու, դրանց անաչառ ու անկուսակցական քննարկման ու լուծման գործում:

Խնդրո առարկան՝ ամուսնությունը և ընտանիքը, անկասկած հասարակական հիմնարար ինստիտուտներից են՝ հայտնի առումով նաև մեր ժողովրդի, երկրի, պետականության գոյատևման հիմքերը շոշափող, դրա հետ մեկտեղ, կարծում եմ, բոլորս էլ հասկանում ենք, որ դրանք անխուսափելիորեն կապված են այսօր գոյություն ունեցող սոցիալ-տնտեսական, պետաիրավական հարաբերությունների ամբողջ կոմպլեքսի՝ համալիրի հետ՝ գոյություն ունեցող փաստական և իրավական կարգի ու իրողությունների հետ: Իսկ այդ իրողություններն այդքան էլ հուսադրող չեն՝ հասարակական ոչ իրավաչափ հերթագայության պատճառով ներսոցիալական միասնության խախտում հիմնականում սոցիալ-տնտեսական աննորմալ գույքային բևեռացման հետևանքով, նույն այդ պատճառով զանգվածային և շարունակվող արտագաղթ սեփական «անկախ» ու «դեմոկրատական» երկրից, իրավական նիհիլիզմի ու քրեածին մթնոլորտի անսանձ ծավալում, փոքրիկ երկրի առանց այն էլ փոքրաթիվ ու արտագաղթող բնակչության բնական աճի կտրուկ անկում, զանգվածային գործազրկություն, չքավորություն՝ նաև այդ դրդիչներից մղված զանգվածային մարմնավաճառություն, թմրամոլություն, ինքնասպանությունների աճ՝ ըստ որում նույնիսկ դպրոցականների շրջանում, նաև բանակում, անգամ իրավապահ մարմիններում. հազվադեպ չեն նաև ամուսնաընտանեկան հարաբերությունների հետ կապված ինքնասպանությունները: Ի դեպ վերջինս՝ ինքնասպանությունը, հասարակական վիճակի արտահայտման լավագույն «ջերմաչափերից» է. ավելորդ չէ այդ առնչությամբ պատմական էքսկուրսի կարգով հիշեցնել, որ օրինակ՝ ոչ այդքան հեռավոր անցյալում ֆրանսիացի հայտնի հոգեբույժ, հոգեբուժության առաջին գիտական ձեռնարկի (1838թ) հեղինակ Ժան Էտյեն Էսկիրոլը (1772-1840թ.) և այսպես կոչված հոգեախտաբանական հայցակետի մյուս կողմնակիցները գտնում էին, թե ինքնասպանները միայն ու միայն բացառապես հոգեկան հիվանդներն են. այսինքն ինքնասպանությունները սոցիալական կամ սոցիալ-տնտեսական հիմքերի, կարգերի հետ կապ չունեն, սակայն շատ ժամանակ չանցած հետագա հետազոտողները 19-20-րդ դարերում՝ Էմիլ Դյուրգհեյմ (1858-1917) և ուրիշներ, նաև մեր օրերի հետազոտողները ստիպված եղան և ստիպված են խոստովանել, որ հոգեկան այս կամ այն չափով խախտում ունեցողները ինքնասպանություն կատարողների ընդհանուր թվի սոսկ 1/3-ը կամ ավելի պակաս մասն են կազմում, որ այդ մահացու երևույթի հիմնական դրդիչները դրանք սոցիալ-տնտեսական պատճառներն են՝ մասնավորապես կյանքի՝ կենսակերպի համառորեն իջնող մակարդակը. ապագայի նկատմամբ հավատի կորուստը, առկա իրողությունների պայմաններում կենսական խնդիրները լուծելու հարցում անվստահությունը. դրանից բխող հուսահատ վիճակը, ևն: Եվ այստեղ, այս առումով առավել քան իմաստալից է հնչում անգլիացի նշանավոր գրող Հիլբերտքիտ Չեստերտոնի (1874-1936) խոսքը. «Մարդասպանը սպանում է մարդուն, իսկ ինքնասպանը՝ մարդկությանը»: Սակայն ցավալին այն է, որ նույնիսկ այսպիսի աղետալի վիճակում իրենց ժողովրդամետ համարող ուժերը՝ «եռյակ», «քառյակ» և այլք, փոխանակ հանդես գալու ժողովուրդի ուժերը համախմբելու՝ երկրում վաղուց արդեն հասունացած արմատական համակարգային փոփոխությունների հիմնախնդրի իրականացման օգտին, ընդհակառակը հանդես են գալիս ընդհանրապես իշխանությունների ձեռնարկած սահմանադրական փոփոխությունների դեմ՝ քանզի մեր համոզմամբ գործող համակարգն իրենց ձեռնտու է, պարզապես իրենց այսօրվա տեղն այդ համակարգում հարմար չէ… մինչդեռ ջանքերը պետք է ուղղել այն բանին, որ ոչ թե սահմանադրական փոփոխություններ չլինեն, այլ ընդհակառակը դրանք անպայման լինեն, բայց լինեն արմատական՝ իրական ժողովրդաիշխանական և որ այսօրվա կառավարող ուժերին թույլ չտրվի հերթական անգամ կարկատանային սահմանադրական փոփոխություն-խաբեություններով երկարաձգել իրենց իշխանությունը ժողովուրդի դժբախտության, տառապանքների հաշվին. իսկ մեր ընդդիմադիրներին «վերստին ժողովրդի ձեռքով շագանակներ հանելու կրակից»… «Historia est magistra witae» ասում էին լատինները՝ հին հռոմեացիք. պետք է դասեր քաղել պատմությունից… այնինչ գոնե սահմանադրական խաղաղ իրական ժողովրդական շարժում նախաձեռնելն ու ծավալելն այսօր ապագա հնարավոր արյունահեղ, Աստված մի արասցե, ավերիչ սոցիալական պայթյունի միակ երկընտրանքն է… Այսպիսի պայմաններում հատկապես կարևոր է մտավորականության դերը հերթական խաբեությունը գոնե այս անգամ, այս անելանելի վիճակում, մերկացնելու սուտը՝ ճշմարտությունը բացահայտելու և ժողովրդին դեպի իրական ժողովրդաիշխանական ուղին առաջնորդելու համար, մինչդեռ այսօր էլ ժողովուրդին որպես կանոն շարունակում են «առաջնորդել» այն ուժերն ու անձիք, որոնք երկիրը հասցրել են այս աղետալի վիճակին, որոնք այսօր «հանկարծակի» ժողովրդավարացել են և սկսել մտահոգվել երկրի, ժողովրդի և պետականության բախտով… իսկ մտավորականությունը ցավոք Գուրգեն Մահարու խոսքերով ասված չգիտես ինչու արդեն տևական ժամանակ է, ինչ հանկարծակի քնքշացել, կորցրել է առնականության տոնուսն ու սկսել կոկետություն անել. այնինչ վաղուց արդեն անհրաժեշտ է ճշմարիտ ճանապարհով առաջնորդել մահաբեր փոթորիկներից անհույս տարուբերվող, ճանապարհը կորցրած ու դեպի վերջնական անկում ընթացող մեր ժողովրդի կիսակործան նավը… Բայց սա ի դեպ. պարզապես հարկ կար հիշեցնելու, վերստին ընդգծելու, որ այնպիսի կարևորագույն սոցիալական ինստիտուտներ ինչպիսիք ամուսնությունն ու ընտանիքն են չեն կարող դուրս մնալ հասարակական ընդհանուր հարաբերությունների համալիրից, և չկրել՝ մասնավորապես, դրա բացասական ազդեցությունն, որն անշուշտ ցանկացած առավել կամ պակաս չափով անաչառ հետազոտող պետք է խստորեն հաշվի առնի, այդ հիմնարար ինստիտուտներն ուսումնասիրելու ու գնահատելու ընթացքում:

***

Նախ նշենք, որ ամուսնությունը ըստ ընտանեկան իրավունքի երկու տարբեր սեռերի՝ տղամարդու և կնոջ (աղջկա և տղայի) փոխադարձ համաձայնությամբ և օրենքով նախատեսված մյուս պայմաններով ու կարգով ստեղծված պետական գրանցում ստացած միությունն է, որն ուղղված է ընտանիքի ստեղծմանը: Ընտանիքը, որի հիմնական, բնական հետևանքը սերնդարտադրությունն է, մարդկային ցեղի շարունակումը, հասարակության սկզբնական և հիմնական բջիջն է, որի վրա խարսխվում է հասարակությունը, պետությունը: Առավելապես ընտանիքում է մարդը սովորում սիրել հայրենիքը, սիրել պետությունն ու նրա օրենքները, ի վերջո սիրել մարդուն՝ սիրել միմյանց:

Պատմությունն ընտանիքի հիմքը կազմող ամուսնության այլ ձև չգիտի, քան տարբեր սեռերի ամուսնությունը՝ միությունը. այդ տեսակետից առնվազն տարօրինակ է միասեռականների Եվրոպայից ներմուծված կապը ամուսնություն անվանելը, առավել ևս այն օրենսդրական քննարկման առարկա դարձնելը կամ ինչ-որ գենդերային հավասարություն թմբկահարելը. կնոջ և տղամարդու միջև հավասարություն չի կարող լինել. այդպիսի հավասարության ստեղծումը ամենահզոր օրենսդիրի ու միապետի կամքից ու կարողությունից անգամ վեր է. կնոջ և տղամարդու՝ իգական և արական սեռերի միջև կարող է լինել լիակատար իրավահավասարություն և ոչ թե հավասարություն. այլանդակ բան կլիներ, եթե ամենակարող Աստված ցանկանար և կարողանար նրանց հավասարեցնել…

Միասեռական միությունները՝ կապերը՝ առավել ևս «ամուսնական», ինչպես նաև «եվրոպական հովանու» տակ գտնվող համասեռամոլությունը, որոնք բարոյապես դատապարտելի և քրեորեն պատժելի են դիտվել նաև Աստվածաշնչով, նաև հին ու միջնադարյան իրավական ակտերով, այդ թվում մեր՝ Մխիթար Գոշի, Սմբատ Սպարապետի դատաստանագրքերով (12-13-րդ դարեր). ի դեպ նաև խորհրդային օրենքներով, մարդկային ցեղը, քաղաքակրթությունն արատավորող երևույթներ են. գուցե դրանք կարելի է դիտել որպես հիվանդություններ, բնական արատներ, շեղումներ և բժշկական հոգածության տակ վերցնել, բայց փորձել դրանց հասարակական, առավել ևս իրավական ճանաչում հաղորդել, դա անբնական է ու անբանական: Դա՝ մեր այս դատողությունը, մեր խորին համոզմամբ, կարծում եմ, որ բխում է հազարամյակների բովով անցած քաղաքակրթական, բարոյաիրավական արժեհամակարգից:

Տարիներ առաջ (2001թ.) հանրապետական թերթերից մեկում («Գյուտ» վերլուծական, տեղեկատվական գովազդային պարբերական, 2001- 8(9)), ես մի հոդված գրեցի երկկնության և բազմակնության մասին՝ թույլատրելի համարելով այդ երևույթի հնարավորությունը՝ նման ամուսնությունները օրենքով նախատեսված գրանցման պայմաններում, ըստ որում այդպիսի նորմ նախատեսելով նաև իմ կազմած Սահմանադրության նախագծում[1]. դրա համար քիչ էր մնում Ջորդանո Բրունոյի օրն ընկնեի… Մարդիկ գերադասում են մեկ օրինական կին ունենալ և 12 սիրուհի կամ մարմնավաճառուհիներ, հանդուրժել համասեռամոլությունը և միասեռական «ամուսնությունը», բայց մերժել երկու տարբեր սեռերի միջև բնական ու օրինական կապի հնարավորությունը՝ երկկնությունն ու բազմակնությունը…Այլ բան է օրինակ մերձավոր ազգականների հետ ամուսնությունը. դա ոչ միայն կենսաբանորեն վնասակար է, այլև բարոյականության տեսակետից անընդունելի. դա պատմական այնպիսի հեռավոր ժամանակաշրջանի արդյունք էր, երբ մարդկությունը գտնվում էր հոտային կամ խառը ամուսնությունների, վիճակում, որոնց մասին բավարար տեղեկություններ կարելի է ստանալ օր.՝ 19-րդ դարի հայտնի հետազոտող ամերիկացի Լյուիս Մորգանի «Հին հասարակությունը», Ֆրիդրիխ Էնգելսի «Ընտանիքի, մասնավոր սեփականության և պետության ծագումը» աշխատություններից և մի շարք այլ աղբյուրներից: Ի դեպ խորհրդային շրջանի մեր մտածողները, այդ թվում իրավագետ-գիտնականները՝ մասնավորապես ընտանեկան իրավունքի բնագավառում, քրիստոնեական կրոնաաշխարհայեցողության հետ ուս-ուսի տված ջատագովում էին, որ երկկնությունը և բազմակնությունը անբարոյականություն են, ըստ որում այն նույնիսկ քրեորեն պատժելի էր՝ տես օր. ՀՀ 1961թ. քրեական օրենսգրքի 123 հոդվածը,որը սահմանում էր, որ. «Երկկնությունը կամ բազմակնությունը, այսինքն՝ երկու կամ մի քանի կանանց հետ կենակցելը ընդհանուր տնտեսություն վարելով՝ անկախ ամուսնության գրանցումից պատժվում է ազատազրկմամբ մինչև երեք տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով մինչև մեկ տարի ժամանակով», իսկ մենամուսնությունը՝ մեկ կին մեկ տղամարդ, բարոյական: Ըստ որում ընտանեկան իրավունքի նախկին և ներկա դասագրքերի հեղինակ պրոֆեսոր Գ. Ղարախանյանը, դրա փաստարկներից մեկն էլ համարում էր այն, որ մարքսիզմի նախահայրերից մեկը՝ Էնգելսն իբրև թե այն՝ մենաամուսնությունը, դիտել է որպես բոլոր առաքինությունների գագաթնակետ[2]. հակառակը՝ Էնգելսը ոչ միայն նման բան չի ասել, այլև ծաղրել, քննադատել է նրանց ովքեր մենամուսնությունը համարել են բոլոր առաքինությունների գագաթնակետ, չտեսնելով, որ այն սոսկ տնտեսական-գույքային հարաբերությունների, մասնավոր սեփականության ծագման և էվոլյուցիայի արդյունք է և ոչ առաքինությունների կամ սեռական-անհատական սիրո մենաշնորհի. բերենք Էնգելսի խոսքը մեր արդեն նշած նրա հայտնի աշխատությունից. «Եթե խիստ մենամուսնությունը, — գրում է Էնգելսը, — համարվում է բոլոր առաքինությունների գագաթնակետը, ապա առաջնության դափնին իրավամբ պատկանում է երիզորդին (ժապավենավոր որդ՝ ճիճու-Մ.Թ.), որն իր 50-ից 200 պրոգլոտիդներում կամ մարմնամասերում ունի թե՛ իգական, թե՛ արական սեռական լիակատար ապարատ և իր ամբողջ կյանքը զուգավորվում է (սեռական հարաբերություն է ունենում- Մ.Թ), ինքն իր հետ» (Фридрих Энгельс, Происхождение семьи частной собственности и государства. Изд. «Политическая литература», Москва,1982,с.34-35): Երկկնությունը և բազմակնությունը, ոչ հայրենիքի դավաճանություն է, ոչ բռնաբարություն, ոչ էլ մենք առաջարկում ենք այն դարձնել համապարտադիր՝ ընդհանուր զինապարտության մասին օրենքի պես, պարզապես այն որպես բնական և բանական կապ պետք է թույլատրելի համարել և շատ իրավացի է վարվել օրենսդիրն այն ապաքրեականացնելով՝ գործող քրեական օրենսգրքով, այն փաստորեն դարձնելով թույլատրելի: Մնում է միայն այն ճանաչել , գրանցելի դարձնել նաև ընտանեկան օրենսգրքով:

***

Գործող՝ 2004 թ. նոյեմբերի 9-ին ընդունված ՀՀ ընտանեկան օրենսգրքի 10-րդ հոդվածի համաձայն ամուսնության համար անհրաժեշտ է երկու սեռերի փոխադարձ կամավոր համաձայնությունը և նրանց ամուսնական տարիքի հասած լինելը: Ըստ որում դեռ 1992թ. դեկտեմբերի 22-ին ընդունված ՀՀ օրենքով ամուսնության տարիքը տղաների համար 18, իսկ աղջիկների համար 17 տարեկանը սահմանվեց: Այսօր գործող օրենսդրությամբ ընդհանուր տարիքը դարձյալ 18-ն է, սակայն 2013թ.-ի կատարված փոփոխությամբ նախատեսված կարգով ամուսնացողներից մեկի համար այն կարող է լինել 17-16: ՀԽՍՀ 1969թ.-ին ընդունված ամուսնության և ընտանիքի օրենսգրքի 15-րդ հոդվածի համաձայն երկու սեռերի համար էլ 18 տարին էր, որը սակայն աղջիկների համար կարող էր իջեցվել մեկ տարով՝ հարգելի պատճառների առկայությամբ: Փոխադարձ համաձայնության մասին կանոնը մենք հանդիպում ենք արդեն մեր եկեղեցական՝ կանոնական իրավունքում: Օրինակ՝ Սահակ Պարթևին (5-րդ դար) վերագրվող կանոններում պահանջվում է քահանայից առանց ամուսնացողների իրար տեսնելու՝ քահանայի ներկայությամբ, առանց նրանց փոխադարձ համաձայնության հավաստմամբ ամուսնություն չկնքել. ահա այդ կանոնախմբի ԻԷ-27-րդ կանոնը. «Պատուէր արարէք նոցա, զի տղայոց կանայս մի խաւսեսցին, եւ մի կատարելոցն առանց զիրեարս տեսանելոյ միմիանց հաճութեամբ. Եւ դուք քահանայք տղայոց ամենեւին իսկ պսակ մի աւրհնեք մինչև ի կատարումն հասակի «:[3] Այսինքն պահանջվում էր ամուսնացողների փոխադարձ համաձայնությունը և որոշակի տարիքի հասած լինելը: Իսկ որն է այդ տարիքը, «Գիրք Մեծ Մաշտոց ծիսարանում» (Կ.պոլիս 1809թ. 5-րդ դար) վերը նշված ժամանակաշրջանին համապատասխան ամուսնական տարիք տղայի համար սահմանված էր 15 կամ 12, իսկ աղջկա համար 14 կամ 10: Այսինքն, եթե տղան 15 տարեկան էր, ապա աղջիկը պետք է լիներ 14, եթե տղան 12 տարեկան էր՝ ապա աղջիկը պետք է լիներ 10: Ի դեպ հիշատակված տարիքները պատահական՝ կամայական չէին. Ժամանակակից բժշկագիտական տվյալների համաձայն աղջիկների մոտ սեռական հասունությունն սկսվում է 10-12 տարեկանից և վերջանում 15-16 տարեկանում, տղաների մոտ՝ 12-14 տարեկանից և վերջանում 17-18 տարեկանում (Советская медицинская энциклопедия, т. II, Изд. «Советская энциклопедия», Москва, 1989, с.479): Այսինքն աղջիկների մոտ միջինը 2 տարի շուտ է սկսվում սեռական հասունությունը: Առաջին դաշտանը՝ լատ. menstrualis-սեռական հասունացման գործոնը սկսվում է 12-15, ավելի հաճախ 12-13 տարեկանում: Առաջին դաշտանի երևան գալու ժամանակը պայմանավորված է մի շարք գործոններով՝ ֆիզիկական զարգացում, սնունդ, հիվանդություններ տանելը, սոցիալ-կենցաղային պայմաններ. (տևում է 3-ից 7 օր և միջինը կորցնում են 50-70 միլիգրամ արյուն): Ինչպես տեսնում ենք 15-14 կամ 12-10 տարեկան տարիքի սահմանումը հայ իրավունքում ունի իր բժշկագիտական հիմքերը: Ի դեպ ՄԱԿ-ի 1965թվականի նոյեմբերի 1-ի թիվ 2018 բանաձևը, սահմանում է, որ ամուսնական տարիքը երկու սեռերի համար էլ չպետք է լինի 15 տարեկանից փոքր՝ այսինքն սահմանում է ամուսնության համար թույլատրելի նվազագույն տարիքը: ՄԱԿ-ի 1962թ. նոյեմբերի 7-ի կոնվեցիան էլ պահանջում է, որպեսզի ամուսնացող կողմերի փոխհամաձայնությունն արտահայտվի անձամբ՝ ամուսնացողների կողմից. (տես՝ Международные акты о правах человека. Сб. док-ов, Москва 2002, стр.269,273): Ըստ որում լինում է նաև ավելի վաղ սեռական հասունացման դեպքեր՝ աղջիկների մոտ 8-ից 10-ը, տղաների մոտ 10-12 տարեկանում: Մխիթար Գոշի դատաստանագրքով (1184թ) տղայի համար սահմանվում է 18, աղջկա համար 15 տարին, որպես ամուսնական տարիք: Սմբատ Սպարապետի (Գունդստաբլի) մոտ երկու սեռերի համար էլ՝ 15: Հուստինիանոսի ինստիտուցիաներում (6-րդ դար) տղայի համար՝ 14, աղջկա համար՝ 12: Նկատելի է, որ տղայի համար ամուսնական տարիքը ավելի բարձր է : Լեհաստանում օրինակ տղայի համար՝ 21, աղջկա համար՝ 18, Ճապոնիայում տղայի համար՝ 18, աղջկա համար՝ 16 ևն. Սա անշուշտ կախված է նրանից, որ տղաները ավելի ուշ են հասունանում: Ռուսաստանի դաշնության ընտանեկան օրենսգրքում (հոդված13) երկու սեռերի համար էլ ամուսնական տարիք է սահմանում 18 տարեկանը, սակայն հարգելի պատճառների առկայությամբ տեղական ինքնակառավարման մարմինները ամուսնացողների խնդրանքով կարող են այն թույլատրել նաև 16 տարին լրացածներին: Կարծում ենք 16 տարին, որպես ամուսնական տարիք՝ երկու սեռերի համար էլ պետք է սահմանել նաև ՀՀ-ում. նախ այն, ինչպես ասացիք, երկու սեռերի համար էլ ֆիզիոլոգիական առումով հասուն տարիք է, և հետո նաև նկատի ունենալով երկրում տեղի ունեցող մի շարք դեմոգրաֆիական (ազգագրական) հայտնի գործոններ. բացի դրանից այդ տարիքի սահմանումը չի հակասում նաև մեր ազգային –պատմական, այդ թվում իրավական ավանդույթներին[4]: Ի դեպ պրակտիկայում՝ մեր հայ իրականության մեջ հազվադեպ չեն նաև նույնիսկ 15-ը չբոլորած առողջ մայրերը՝ առողջ մանուկներով: Ըստ որում, երբ ես միանգամայն թույլատրելի եմ համարում երկկնությունը և բազմակնությունը. դա ևս բխում է թե՛ բնապատմական և թե՛ ազգային-պատմական նախադրյալներից և թե հատկապես մերօրյա ազգագրական վիճակից, և ամենևին էլ ոչ սեռական բնազդներին հագուրդ տալու նկատառումներից՝ այլապես վերջին դեպքում պարզապես օրինական և բարոյական կհամարեինք մարմնավաճառությունը և մեր ազգային-պատմական, բարոյաիրավական արժեհամակարգից մյուս շեղումները: Ինչ վերաբերվում է ամուսնական առավելագույն՝ մեծ տարիքային տարբերությանը՝ օր.՝ 80 տարեկանի ամուսնությունը 18 տարեկանի հետ, ապա այդպիսի տարբերությամբ ամուսնություններն այսօր հանդիպում են ոչ հազվադեպ. ապա նշենք, որ այդ հարցում օրենսդրական արգելք չկա. իսկ մեր կարծիքն՝ այդ հարցում հետևյալն է՝ եթե դա սիրո վրա է հիմնված՝ բարոյապես հանդուրժելի է ՝ սերը մեկ օրով, մեկ ժամով էլ է գեղեցիկ. իսկ եթե սոսկ նյութական-գույքային և այլ շահեր են դրդում դա ևս հասկանալի է, բայց, բնականաբար, գեղեցիկի մասին խոսելն այստեղ արդարացված չէ…

Հազարավոր հայուհիներ սոցիալ-տնտեսական և այլ պատճառներից մղված զբաղվում են մարմնավաճառությամբ. միայն Մերձավոր Արևելքի երկրներում ավելի քան 10000 – ըստ որում գերազանցապես գեղեցկուհի հայուհիներ նետվում են մեր «բարեկամ» թուրքերի և արաբների, քրդերի և մյուս. գիրկը, քիչ չեն նաև այլակրոն անձաց հետ ամուսնացող հայուհիների հավատափոխության դեպքերը. աննախադեպ բարձրացել է ամուսնացողների փաստական տարիքը, կտրուկ նվազել բնական աճը, աճել ամուսնալուծությունները: Եթե սրան գումարենք թմրամոլության և ընդհանրապես քրեածին մթնոլորտի անզուսպ ծավալումը, աղքատությունը, գործազրկությունը, սոցիալական միասնությունը կազմալուծող ներսոցիալական գույքային աննորմալ բևեռացումը ևն, ապա դեպի ցեղասպանության 100 ամյակն ընթացող մեր փոքրիկ ու «անկախ» երկրի համար տագնապելու շատ բան կա. այնպես որ իմ մտահոգությունը, գուցե և ոչ միայն իմ, «հարեմ» պահելու «վարդագույն» հեռանկարը չէ…

Ինձ մտահոգում է ևս մի բան. թուրքերի, պարսիկների, արաբների ևն, մեջ ևս սոցիալ-տնտեսական ծանր վիճակում գտնվող հազարավոր կանայք ու աղջիկներ կան ինչու նրանք չեն հրապուրվում հայ տղամարդկանցով, պատանիներով. Այդպիսի նույնիսկ եզակի դեպքեր չեն նկատվում… Ինչ որ է :

***

Հայ հին ու միջնադարյան իրավունքում ամուսնաընտանեկան հարաբերություններին, այդ առնչությամբ բարոյական հարցերին, վերաբերվող՝ դրան առնչվող ուշագրավ շատ նորմեր կան. Գրիգոր Լուսավորիչի (301-325) կանոնները սահմանում են, որ եթե մեկն աղջկան առևանգի և ամուսնանա, ապա այդպիսի ամուսնությունն անվավեր է ճանաչվում, իսկ աղջիկը կարող է ազատ բաժանվել և ամուսնանալ իր սիրած տղայի հետ: Աղվանից Վաչագան Բարեպաշտ թագավորի կանոններում (480-510) առանց պատճառի կնոջը թողնելու համար նախատեսում էր մահապատիժ: Նիկիայի ժողովի կանոններով արգելվում էր կնոջը և տղամարդ ամուսնուն միասին բաղնիք մտնել: Փլիպպոս առաքյալի կանոնների «Զ-6-րդ» հոդվածը արգելում էր կնոջ հետ սեռական հարաբերությունների մեջ մտնել վերջինիս դաշտանի ժամանակ ևն:

Հայ հին իրավունքի նորմերը մերժում էին բազմակնությունը, համասեռամոլությունը՝ արվամոլությունը ևն: Ի դեպ «Աստվածաշունչ»-ը մահապատիժ է նախատեսում՝ համասեռամոլության՝ արվամոլության համար, անասնամոլության՝ կնոջ թե տղամարդու կողմից[5], համար, արգելում ամուսնությունը մերձավոր ազգականների միջև՝ ծնողների ու զավակների, քույրերի և եղբայրների միջև ևն:

Մխիթար Գոշի Դատաստանագիրքը (նաև Սմբատ Սպարապետի) մանրամասն թվարկում է ամուսնալուծության հիմքերը՝ ամուսիններից մեկի հոգեկան հիվանդությունը (դիվոտությունը), տղամարդու սեռականան անկարողությունը, կնոջ երեխա չունենալը՝ անպտղությունը, չբերությունը՝ ամուսնալուծություն այդ դեպքում 7 տարի ապրելուց՝ սպասելուց հետո, ամուսիններից մեկի բորոտությունը, ամուսիններից մեկի անհավատարմությունը, արվամոլությունը, անասնամոլությունը, 7 տարի ամուսնու անհայտ բացակայությունը, ամուսիններից մեկի հավատուրացությունը, ևն:

Դատաստանագիրքը (հոդված 91) ամուսնության համար պարտադիր է համարում փոխադարձ համաձայնությունն ու ամուսնական տարիքի հասած լինելը:

ՈԻշագրավ են ամուսնական անհավատարմության համար պատիժ սահմանող Սմբատ Սպարապետի Դատաստանագրքի քրեաիրավական նորմերը: Օրինակ 94-րդ հոդվածը սահմանում է, որ եթե որևէ մեկն իր կնոջը բռնի իր տանը մեկ ուրիշ տղամարդու հետ կենակցելիս, ապա պետք է պարզել, թե ով է նրանցից մեղավորը՝ գայթակղողը պետք է կամ մահվան դատապարտվի և կամ նրա առնանդամը կտրվի, իսկ կնոջ մեղքի դեպքում «առնանդամին հավասար անդամը՝ քիթը…»: Նույն դատաստանագրքի 92-րդ հոդվածը սահմանում է, որ եթե մեկն իր տանը կնոջը բռնի սիրեկանի հետ և երկուսին էլ սպանի, ապա աշխարհիկ պատժի չի ենթարկվում, այլ միայն եկեղեցական՝ ապաշխարանքի. իսկ եթե միայն մեկին սպանի՝ կհամարվի մարդասպան. դատաստանագիրքը դա պատճառաբանում է նրանով, որ եթե միայն սիրեկանին՝ տղամարդուն սպանի, ապա կարելի է մտածել՝ որ նա կնոջ միջոցով գայթակղելով տուն է բերել տվյալ անձին որպես սիրեկանի, որպես իր համար ատելի մարդ, սպանելու նպատակով, և կամ կնոջը ատելով հրահրել է նրան նման քայլի, որպեսզի նրան՝ իր կնոջը սպանելու պատրվակ ունենա ևն:

Ամուսնական տարիքի և ամուսնադրության հետ կապված հարկ է համառոտ անդրադառնալ նախորդ՝ խորհրդային օրենսդրությանը: ՀԽՍՀ 1961թ. ընդունված քրեական օրենսգրքի 117 հոդվածի համաձայն ամուսնական տարիքի չհասած անձի հետ փաստական ամուսնությունը, կամ այդպիսի ամուսնության բռնադատումը, ինչպես և նման հարաբերությունը արբունքի չհասած անձի հետ պատժվում է ազատազրկմամբ 2-ից մինչև 5 տարի ժամանակով: 118-րդ հոդվածը քրեական պատասխանատվություն էր սահմանում նաև կնոջն ամուսնանալուն կամ ամուսնական կենակցությունը շարունակելուն բռնադատելու համար. 114-րդ հոդվածը՝ 16 տարեկանի չդարձած կամ արբունքի չհասած անձի հետ սեռական հարաբերության, 116 հոդվածը՝ արվամոլության, 123 հոդվածը երկկնության և բազմակնության համար: 2003թ. ապրիլի 18-ին ընդունված՝ գործող ՀՀ քրեական օրենսգրքով, այդ հոդվածները՝ արարքները ապաքրեականացվեցին:

Նախ համասեռամոլությունը՝ արվամոլությունը, լեսբիականությունը և սեքսուալ բնույթի մյուս գործողությունները պատժելի են համարվում, եթե դրանք բռնի են կամ կատարվել է 18 տարին լրացած անձի կողմից ակնհայտորեն 16-ը չլրացած անձի հետ՝ նկատմամբ. ինչպես նաև անառակաբարո գործողությունները 16 տարին չլրացած անձի նկատմամբ. փաստորեն մյուս դեպքերում այդ այլանդակ երևույթներն ընդունելի են, եթե կա փոխադարձ համաձայնություն: Այդ հանցագործությունների սուբյեկտներ են թե՛ իգական և թե՛ արական սեռի անձինք. ըստ որում առևանգման համար քրեական պատասխանատվություն է նախատեսում ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածը: Երկկնությունը և բազմակնությունը՝ այսինքն՝ երկու կամ մի քանի կանանց հետ կենակցելը, ընդհանուր տնտեսություն վարելով անկախ ամուսնության գրանցումից՝ ինչպես արդեն ասվեց, պատժվում էր ազատազրկմամբ մինչև 3 տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով մինչև մեկ տարի ժամանակով (հոդված123), նոր քրեական օրենսգրքով վերացվեց՝ այն այլևս քրեական պատասխանատվություն չի առաջացնում: Ավելին՝ եթե նախկին ամուսնաընտանեկան օրենսգրքով այն ամուսնության գրանցման արգելք էր անկախ ամուսնության գրանցումից, ապա նոր օրենսդրությամբ (ՀՀ ընտ.օրենսգրքի) միայն նախկին գրանցված ամուսնությունն է նման արգելք՝ «այն անձանց միջև, որոնցից թեկուզ մեկը գտնվում է օրենքով սահմանված կարգով գրանցված մեկ այլ ամուսնության մեջ»: Այնպես է, որ թե երկկնությունն ու թե բազմակնությունն արգելված չէ, մնում է միայն, մեր կարծիքով, որ դրանց համար գրանցումը պարտադիր համարվի ամուսինների՝ հատկապես կանանց ու երեխաների շահերի պաշտպանության տեսակետից… Ի դեպ հետազոտողները նշում են ամուսնության, սեռական հարաբերության հետևյալ ձևերը՝ անկանոն սեռական հարաբերություններ, խմբակային ամուսնություն, զուգամուսնություն և մենամուսնություն՝ ի դեպ վերջինս, ինչպես արդեն նշեցինք, ոչ թե բարոյական առաքինությունների գագաթնակետն է , այլ սոցիալ-տնտեսական հարաբերությունների՝ մասնավոր սեփականության ժառանգական հարաբերությունների զարգացման հետ կապված արդյունք: Երկկնությունը և բազմակնությունը բնական-սոցիալական երևույթ է, որը ոչ թե պետք է արգելել, այլ օրենսդրական կարգավորման ենթարկել, բնականաբար, դա մասնավորապես կարևոր է մեր դատատարկվող երկրի ցեղասպանություն ապրած ժողովրդի, այսօրվա բնական աճի վտանգավոր անկման պայմաններում[6] ուստի մեր կողմից կազմած ՀՀ նոր Սահմանադրության նախագծում ևս՝ հոդված 27, մենք սահմանել ենք. «ՀՀում ամուսնությունը, ընտանիքը, մայրությունը և մանկան պաշտպանությունը պետությունը դիտում է որպես ռազմավարական խնդիր՝ ամբողջությամբ վերցնելով իր հովանավորության տակ: ՀՀ-ում երաշխավորվում է ամուսնական հարաբերությունների ազատությունը՝ այդ թվում երկկնությունն ու բազմակնությունը՝ պետական համապատասխան մարմիններում ամուսնության պարտադիր գրանցման պայմանով: Ամուսնության (այդ թվում, բնականաբար, երկկնության և բազմակնության Մ.Թ.) գրանցման պայմանի չպահպանումը առաջացնում է վարչական և քրեական պատասխանատվություն օրենսդրությամբ նախատեսված հիմքերով ու կարգով:

Արգելվում է համասեռամոլության և մարմնավաճառության՝ որպես հայ ժողովրդի ազգային-պատմական արժեքներին անհարիր երևույթների, որևէ կերպ պաշտոնական ճանաչումը[7]«:

ՈԻշագրավ է, որ մեր իրավունքի հուշարձաններում աբորտի (լատ.abortus- выкидыш վիժում, վիժվածք) մասին նորմեր չկան. Գոշի Դատաստանագրքի «Գ» խմբագրության մի հոդված խոսում է մոր կողմից երեխային սպանելու մասին, որը սահմանվում է հետևյալ կերպ. «Եթե մեկն իր երեխային խեղդի, որպես խեղ կամ շնության պտուղ, եթե իր կամքով է արել, փոխարենը ինքը մեռցվի, որովհետև ինչպես որ հնար չէ սպանվածին վերկացնելը, նույնպես և ապաշխարհելը»[8]: Այստեղից որոշակիորեն կարելի է հետևել, որ աբորտը հավասարեցվում է սպանության, այն թույլատրելի չէ: Ինքնավիժումը, բնականաբար, պատասխանատվություն չէր կարող առաջացնել: Հիշում եմ, որ մեր օրերի մի բժիշկ՝ պրոֆեսոր, բնական ամսականի՝ դաշտանի մասին խոսելով ցավով նշում էր. «Բնությունը ողբում է իր կորցրած զավակի համար». իսկ արհեստական ընդհատումներով ինչքան զավակներ է կորցնում մեր ազգը…: Աբորտի վերաբերյալ գործող օրենսդրությունը հետևյալն է: ՀՀ քրեական օրենսգրքի 122 հոդվածը վերնագրված է «Ապօրինի աբորտ» — այսինքն աբորտը թույլատրելի է, պատժելի է ապօրինի աբորտը: Հոդվածի առաջին մասը պատասխանատվություն է սահմանում համապատասխան բժշկական բարձրագույն կրթություն ունեցող անձի կողմից ապօրինի աբորտ կատարելու, երկրորդ մասը՝ համապատասխան բժշկական կրթություն չունեցող անձի կողմից ապօրինի աբորտ կատարելու համար: Հոդվածի երրորդ մասը պատասխանատվություն է նախատեսում, եթե ապօրինի աբորտի հետևանքով տուժողը մահացել է կամ նրան ծանր վնասվածք է հասցրվել:

Ապօրինի աբորտը հղիության արհեստական ընդհատումն է՝ այն ըստ գործող օրենսդրության համարվում է ապօրինի, երբ առկա են հետևյալ հանգամանքներից որևէ մեկը՝

ա) երբ այն կատարվել է ոչ հիվանդանոցային պայմաններում անկախ կատարողի մասնագիտական կրթությունից՝ այսինքն անկախ այն բանից կատարողը համապատասխան բժշկական բարձրագույն կրթություն ունի՝ գինեկոլոգ է թե՞ ոչ (քրեական օրենսգրքի 122 հոդվածի առաջին մաս).

բ) երբ կատարվում է հիվանդանոցային պայմաններում՝ բարձրագույն բժշկական կրթությամբ՝ գինեկոլոգ մասնագետի կողմից, բայց առանց պատշաճ թույլտվության կամ հակասանիտարական պայմաններում

գ) եթե կատարվում է բարձրագույն բժշկական մասնագիտական կրթություն չունեցող անձի կողմից, անկախ նրանից թե որտեղ է այն կատարվել՝ հիվանդանոցու՞մ, տանը, թե այլուր

դ) երբ աբորտը կատարվում է առանց կնոջ համաձայնության

ե) երբ աբորտի կատարումը բժշկական տեսակետից հակացուցված է : Ոչ բոլոր բարձրագույն բժշկական կրթություն ունեցողներին է թուլատրվում աբորտ կատարելը, այլ միայն նրանց որոնք ունեն համապատասխան (գինեկոլոգիական) բժշկական բարձրագույն կրթություն. սակայն, երբ դա կատարվում է ծայրահեղ անհրաժեշտության դեպքում օրինակ՝ օդանավում, գնացքում, նավագնացության ժամանակ ևն, դա չի կարող ապօրինի աբորտ դիտվել և բնականաբար առաջ բերել քրեական պատասխանատվություն. ըստ որում տուժողի՝ կնոջ համաձայնությունը պարտադիր է աբորտ կատարելու համար, այլապես այն կդիտվի որպես առողջությանը ծանր վնասի պատճառում՝ 122 հոդված երրորդ մաս՝ մինչև 5 տարի ժամանակով ազատազրկման ձևով պատժի նշանակման սպառնալիքով: Հանցագործության տեսակային օբյեկտը մարդն է՝ անձը, անմիջական օբյեկտը նրա՝ կնոջ առողջությունը: Արարքը օբյեկտիվ կողմից կատարվում է ակտիվ գործողություններով՝ ուղղված պտուղը ոչնչացնելուն, սուբյեկտներ կարող են լինել բժշկական կրթություն ունեցող անձիք: Սուբյեկտիվ կողմից այն կատարվում է ուղղակի դիտավորությամբ:

Աբորտ կատարելու համար նախատեսված են համապատասխան կանոններ. Օր.՝ ՀՀ կառավարության 5 օգոստոսի 2004թ. թիվ 1116-որոշմամբ հաստատված է հղիության արհեստական ընդհատման կարգը 2012 թ. նոյեմբերի 1-ի փոփոխություններով: Աբորտը թույլատրվում է այն ժամանակ, երբ հղիությունը չի գերազանցում 12 շաբաթը, այսինքն երեք ամիսը, սակայն բացառիկ դեպքերում, երբ հղիությունը սպառնում է կնոջ կյանքին և կարող է վնաս հասցնել նրա առողջությանը, ապա դրա ընդհատումը թույլատրվում է նաև 12 շաբաթն անցնելուց հետո՝ մինչև 22 շաբաթը՝ ըստ որում վերջին դեպքում համապատասխան գերատեսչական ակտի հիման վրա բուժհաստատության կողմից ստեղծվող բժշկական հանձնաժողովի որոշմամբ: 12 շաբաթական և ավելի հղիության ընդհատման դեպքեր կարող են ծառայել օրինակ՝ ինֆեկցիոն և պարազիտար հիվանդությունները, չարորակ նորագոյացությունները, հոգեկան խանգարումները, սիրտ-անոթային համակարգի խանգարումները, հղիության ընթացքում ամուսնու մահը, հղիությունը բռնաբարության հետևանք հանդիսանալը ևն[9]: Նկատենք նաև, որ աբորտները, հատկապես առանց անհրաժեշտության, լուրջ վնաս են պատճառում կանանց, աղջիկների առողջությանը. օրինակ ՌԴ-ում ըստ վիճակագրական տվյալների տարեկան շուրջ 3,5 միլիոն աբորտ է կատարվում. արտահիվանդանոցային աբորտները կազմում են շուրջ 12%: Յուրաքանչյուր տարի աբորտից մահանում է 260 կին: Աբորտ կատարողներից համարյա կես միլիոնը ստանում են բարդություններ, այդ թվում անպտղություն. նախկինում աբորտ կատարած կանանց մոտ նորածինների շուրջ 20%-ը ունենում են ֆիզիկական և հոգեկան շեղումներ[10]: ՈԻշագրավ է, որ 1927թվականի նոյեմբերի 1-ին ընդունված ՀՍՍՀ քրեական օրենսգիրքը քրեական պատասխանատվություն էր նախատեսում աբորտ կատարելու համար բոլոր դեպքերում, բացի 2 դեպքից.

  1. Եթե հղիության շարունակումը վտանգ է սպառնում հղի կնոջ կյանքին, ծանր վնաս նրա առողջությանը
  2. Ծնողներից ժառանգաբար անցնող ծանր հիվանդության առկայության դեպքում[11]: Այսինքն ըստ էության աբորտն արգելվում էր:

Հայոց իրավունքի պատմական հուշարձանները, ոչ միայն չէին թույլատրում աբորտները՝ դա սովորական սպանություն՝ քրեորեն պատժելի արարք՝ հանցագործություն էին համարում, այլև խրախուսում էին դժվարին ծննդից ծնողին և երեխային ազատելը: Նշանավոր «Որոգայթ փառացի» ՄԻԷ հոդվածը սահմանում է. «Ամենայն մանկաբարձ, որ վտանգաւոր ծննդենէ ծնուցանէ երեխայս ծնողն և ծնեալն մնասցէ կենդանի ստանայցէ տանեն հայոց (խորհրդարանից-Մ.Թ) մի դահեկան արծաթ», իսկ եթե երեխան և ծնողը մահանան ազդարարում է «Որոգայթի» մեկ այլ հոդված, ապա բժիշկը, մանկաբարձը զրկվում է աշխատավարձից[12]: Անընդհատ ուծացումների՝ դեվշիմերների, բռնի հավատափոխության, զանգվածային կոտորածների՝ ընդհուպ մինչև ցեղասպանության ենթարկված մեր ժողովրդի նախահայրերի նման հոգատարությունը մոր և մանկան նկատմամբ մեկնաբանման կարիք չունի. ըստ որում այսօր ևս, առավել քան երբևէ, անհրաժեշտ է նման հոգածություն պետական մակարդակով. այնինչ սոցիալ-տնտեսական և այլ պատճառներից՝ «նոր կարգերի» բերած, ոչ միայն աբորտներն են սովորական կենցաղային երևույթ դարձել, այլ նաև մանկավաճառությունը (մայրն իր երեխային վաճառում է դրանից ավելի ինչ սարսափելի ու հակաբարոյական բան կա…), մանկասպանությունը, հազվադեպ չեն նաև աղբանոցներում նորածին՝ մահացած կամ կենդանի մանուկների հայտնաբերման փաստերը…

Չինաստանում օրենքով արգելվում է «ավելորդ երեխաներ» ունենալ՝ այսինքն քաղաքում մեկից ավելի, գյուղում՝ երկուսից. այդ կանոնը խախտողները տուգանվում են բավական շոշափելի գումարով՝ յուանի հետ վերահաշվարկով՝ 800-ից 1600 դոլլար տուգանքով. բայց չինացիները վաղուց են անցել միլիարդի սահմանը, իսկ վերջերս Չինաստան գնացած իմ պաշտոնյա ընկերներից մեկը կես կատակ կես լուրջ ասում էր, որ երբ չինացիները լսեցին, որ մենք ընդամենը երեք միլիոն ենք ասացին՝ «Ո՞ր հյուրանոցում եք ապրում…»՝ հյուրանոցի համար երեք միլիոնը շատ է, մի ամբողջ երկրի համար քիչ…: Բնական աճի կտրուկ անկում, ամուսնությունների տարաժամկետում, ամուսնալուծությունների աճ, զանգվածային մարմնավաճառություն և օտարների՝ ի դեպ հիմնականում այլակրոնների հետ ամուսնություններ՝ ոչ հազվադեպ հավատափոխությամբ, զանգվածային արտագաղթ՝ ժամանակի ընթացքում օտարների հետ ձուլվելու իրական վտանգով ևն. ու՞ր է գնում մեր երկիրը, ժողովուրդը՝ 1915 թվականի ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ, թե՞ դեպի նոր ցեղասպանություն՝ ինչպես որ նշանավոր Շառլ Ազնավուրն ասաց ընդամենը մի քանի տարի առաջ…

***

Ամուսնաընտանեկան հարաբերություններին. ընտանեկան իրավունքն, և ոչ միայն ընտանեկան, վերաբերվող, բազմաթիվ նորմեր կան «Կանոնագիրք Հայոց»-ում: Դեռևս 8-րդ դարում այն համակարգվել է Հովհան Օձնեցի կաթողիկոսի կողմից. սկզբնապես այն բովանդակում էր 24 կանոնախումբ, ներկայումս՝ պատմական գիտությունների դոկտոր Վազգեն Հակոբյանի աշխատասիրությամբ հրապարակի վրա գտնվող (ՀՍՍՀ ԳԱ հրատ., Երևան 1964) «Կանոնագիրք Հայոց»-ն ունի ԾԷ(57) կանոնախումբ ՌՅԼԲ(1332)կանոններով[13]: Այն ոչ միայն սոսկ հայ իրավական մտքի, ոչ միայն հայ մշակույթի, այլև համաշխարհային մշակույթի գանձարան է՝ արժանի հատուկ ուշադրության: Կանոնագիրքը մեզ հասած իրավական նորմերի տեսքով արտացոլում է մեր ժողովրդի հազարամյակների պատմությունը:

Մեր մշակույթի այդ հարուստ գանձարանին ուշադրություն բևեռելու համար բերենք «ՀՍՀ-ում « զետեղված Վազգեն Հակոբյանի խոսքը: «Կանոնագիրք Հայոց»-ում տեղ են գտել տասնյակ հարյուրավոր կանոններ՝ Հայոց եկեղեցու պաշտամունքի, դավանանքի, ծիսակատարության, հոգևորականների վարքագծի, հայ ավատական հասարակության համակեցության ձևերի, հասարակության անդամների փոխհարաբերությունների, ամուսնության, ընտանիքի, ժառանգության և այլ հարցերի վերաբերյալ: Ի տարբերություն քրեական պատասխանատվության ու պատժի հարցը առաջ քաշող հայոց այլ դատաստանագրքերի, «Կանոնագիրք»-ը պատիժը գերազանցապես կապում է ապաշխարության կրոնական գաղափարի հետ՝ նպատակ ունենալով խրատի, բարոյական դատապարտման կամ ապաշխարության միջոցով կանխել մարդկանց համակեցության հնարավոր խախտումները: «Կ.Հ»-ի վկայությունները, որպես պաշտոնական վավերագրերի հեղինակություն, օգտագործվել են և՛ Հայոց եկեղեցու իրավասության տակ գտնվող հարցերի վերջնական լուծման կարգադրություններում, և՛ հայ մատենագրության տարբեր բնույթի երկերում, իսկ որպես սկզբնաղբյուր՝ նաև Մխիթար Գոշի և Սմբատ Սպարապետի դատաստանագրքերում: «Կ.Հ»-ը լայնորեն կիրառվել է (Հայաստանում և հայկական գաղթավայրերում) մինչև 20-րդ դարի 20-ական թվականները: Այժմ այն մատենագրական հուշարձան է: «Կ.Հ.»-ը հրատարակվել է (լատիներեն և հայերեն) մի քանի անգամ, սակայն առավել ամբողջական հրատարակությունը կատարվել է միայն 1964-1971թթ, որն ընդգրկում է VII, X, XI-րդ խմբագրումները՝ ԾԵ (7,կանոնախմբով և ՌՅԼԲ(1332)կանոնով՝ (ՀՍՀ,հ.5, Երևան 1979, էջ 240): Ամուսնաընտանեկան հարաբերություններին առնչվող տեղեկություններ են հաղորդում նաև հայ պատմիչները: Փավստոս Բուզանդն օրինակ՝(5-րդ դար) իր «Հայոց պատմությունում» խոսելով 4-րդ դարի երկրորդ կեսին տեղի ունեցած Աշտիշատի ժողովի՝ մասնավորապես կաթողիկոս Ներսես Պարթևի բարեփոխությունների մասին նշում է, որ այդ ժողովում կանոններ ընդունվեցին, որոնցում կոչ էր արվում ամուսնության մեջ լինեն օրինավոր, որ ամուսնացածները իրար չխաբեն, իրար դեմ դավ չսարքեն, հեռու մնան ազգակցական մերձավոր խառնակ ամուսնություններից, մանավանդ հարսերի հետ մերձավոր ամուսնություններից և նրանց նմաններից: Նաև կանոն է ընդունում, որ ամսականի (դաշտանի) ժամանակ չմերձենալ կնոջը. դատապարտվում է արվամոլությունը, իգանալը ևն:

Հայտնի է, որ պարսիկների ավերիչ արշավանքների հետևանքով Հայաստանը ծանր մարդկային կորուստներ է կրում. Հայոց Պապ թագավորը (369-374), որ չգիտես ինչու ըստ արժանվույն չի գնահատվում հայոց երիտասարդ ձեռներեց թագավորներից է, ինչպես օրինակ ռուսական Պավել 1-կայսրը՝(1796-1801թթ), որը նույնպես իմ կարծիքով պատշաճ գնահատականի չէր արժանացել, մի շարք արմատական բարեփոխումներ է ձեռնարկում, որը հայտնի չափով շոշափում է ավատատեր-եկեղեցու շահերը, բնականաբար, դառնում նրա ձայնափողների չարախոսությունների առարկան, որոնցում մասնավորապես պատմիչը՝ Բուզանդը գանգատվում է Արշակ երկրորդի և նրա որդի՝ Պապի, բարեփոխումների, մասնավորապես ամուսնալուծության ազատություն տալու համար ևն[14]:

Հայտնի է, որ եկեղեցին համարյա անլուծելի էր համարում ամուսնությունը. դրա համար պայմաններ էր դնում՝ օր՝ 7 ամյա ժամկետ ևն: Աստվածաշնչի Նոր կտակարանը օր. բացի պոռնկութունից ամուսնալուծության ուրիշ հիմք չի նախատեսում և սահմանում է, որ. «…ով իր կնոջն արձակում է, և դա պոռնկության պատճառով չի, և ուրիշին է առնում, շնանում է. շնանում է և նա ով արձակուածի է առնում»[15]: Բուզանդը գանգատվում էր, որ Պապի օրոք ամուսնալուծության, ամուսնության արգելքներն վերացվեցին. «Ներսես հայրապետի օրերում,- գրում էր պատմիչը,- նրա ահից ոչ ոք չէր համարձակվում մեկի կինը խլել և թողնել իր կին ամուսինը, որ առել էր քողով և հարսանքի պսակով ու օրհնությամբ, և ուրիշ կին առնել չէր համարձակվում…: Իսկ նրա (Ներսեսի-Մ.Թ.) մահից հետո ամեն մարդ թագավորից հրաման ստացավ համարձակորեն թողնել իր ամուսին կնոջը. կար մարդ, որ տասը կին էր փոխում, և առհասարակ բոլորն անօրենության մեջ ընկան»[16]:

Վաչագան բարեպաշտ թագավորի (487-510) հրավիրված ժողովի ընդունած այսպես կոչված Աղվանից կանոնական Սահմանադրությամբ, որը մեզ է փոխանցվել պատմիչ Մովսես Կաղանկատվացու (7-րդ դար) կողմից, նույնիսկ մահապատիժ է սահմանվում առանց պատճառի կնոջը թողնելու և առանց պսակի կին առնելու համար[17]:

Ներսես Շնորհալի կաթողիկոսը (12-րդ դար) իր «Թուղթ ընդանրականում» նշում էր, որ ամուսնանալու համար տղաների՝ 15, աղջիկների՝ 12 տարեկանը պետք է լրացած լինի. արգելում էր մերձավորների միջև ամուսնությունը ևն[18]:

Այս համառոտ էքսկուրսով էլ ավարտեմ, քանի որ մյուս ելույթ ունեցողները հնարավոր մանրամասնությամբ պետք է անդրադառնան հիմնախնդրի առանձին կողմերին, մասնավորապես ամուսնաընտանեկան հարաբերությունները կարգավորող գործող օրենսդրությանը՝ ամուսնության, ամուսնալուծության կարգին, պայմաններին ևն:       


[1] Տե´ս Մ.Մ.Թելունց, Հայկական առաջին սահմանադրությունը.»Որոգայթ փառաց»-ը և ՀՀ 1995թ.սահմանադությունը: ՀՀ Սահմանադրության նոր նախագծեր, ՀՀ ԳԱԱ «Գիտություն»հրատ., Երևան 2001,էջ 195-196

[2] Տե´ս Գ. Ղարախանյան, ՀՀ ընտանեկան իրավունք, «,Լույս» հրատ.,Երևան,2008,էջ 131-132

[3] Ըստ Կանոնագիրք հայոց, հ.1, ՀՍՍՀ ԳԱ հրատ., Երևան 1964, էջ 382

[4] Երևի կհիշենք մեր նշանավոր գրողներից մեկի Պերճ Պռոշյանի (1837-1907) «Սոս և Վարդիթեր» վեպի հերոսների՝ Սոսի և Գարեգինի (Սոսի հոր) միջև տեղի ունեցած զրույցը: Այդ շրջանում հայ իրականության մեջ թույլատրելի ամուսնական տարիքի մասին. «- Ես կասեմ, տասնիրեք տարեկանին օրենքով պսակ կհասնի,- հարցուց Սոսը,- ըտենց չի՞:

-Թե օրենքին մտիկ տանք,- ասեց Գարեգինը,- կարգն իսկ տասնչորս տարեկան աղջկան ա, տասնուհինգ տարեկան տղի հետ:

— Թե որ ըտենցա, ընչի՞ մեր Վարդիթերի ախպորը՝ Վահանին պսակեցին, ինքը քսաներկու տարկան էր՝ աղջիկը՝ տասնումին: Հենց ըտուր համար էր, որ մեր գործակալը հինգ- վեց հետ տարավ բերուց է~».(Պերճ Պռոշյան, Երկեր, «Լույս» հրատ., Երևան 1982, էջ 424): Այսինքն 14-15 տարեկանը՝ այդ ժամանակ՝ 19-րդ դար, և 20-րդ դարի սկզբներ, ընդունված ամուսնական տարիք է եղել հայ իրականության մեջ: Ի դեպ Վարդիթերը «դեռ նոր էր ոտը դրել տասներեք տարու մեջ» և ամուսնանալու համար «… մեջտեղը թամամ երկու տար էլ կար..» (նույն տեղում էջ 346):

[5] Տե´ս Աստուածաշունչ. Մատեան հին ու նոր կտակարանների, Երևան 2001,էջ 143

[6] Երկկնության և բազմակնության մասին տես նաև մեր հոդվածը «Ամուսնաընտանեկան օրենսդրության հարցեր. բազմակնություն», «Գյուտ»պարբերական, մարտ 2001թ. 8(9)

[7] Մ.Մ. Թելունց «Աշխատությունների ժողովածու», Էդիթ Պրինտ հրատ.,Երևան 2011,էջ 150-151

[8] Մխիթար Գոշ,»Գ»խմբագրություն,»Ռեյտինգ» հրատ., Երևան,2001,էջ 53 հոդված ԾԱ

[9] Մանրամասն տես ՀՀ քրեական իրավունք. Հատուկ մաս ԵՊՀ հրատ., Երևան 2004, էջ159-161,ՀՀ քրեական օրենսգրքի մեկնաբանություններ, Երևան 2004, «Ասողիկ»հրատ.,էջ 260-261 և ուրիշ

[10] Коментарий к угаловному кодексу РФ., Изд.»ЮРАИТ», Москва 2007г.,с.366

[11] ՀՍՍՀ «Քրեական օրենսգիրք», Հայպետհրատ., Երևան 1942

[12] Տե´ս «Որոգայթ փառաց», Թիֆլիս, 1913, էջ 285

[13] Տե´ս «Կանոնագիրք Հայոց»ՀՍՍՀ ԳԱ , հրատ., հատոր Ա, Երևան, 1964, հատոր Բ,Երևան, 1971

[14] Տե´ս Փավստոս Բուզանդ, Հայոց պատմություն, «Հայաստան» հրատ., Երևան, 1968, էջ 129-130, 159,268

[15] Աստվածաշունչ, էջ 29

[16] Փավստոս Բուզանդ, էջ 268

[17] Տես Մովսես Կաղանկատվեցի, Պատմություն Աղվանից աշխարհի,»Հայաստան»հրատ., Երևան 1969,էջ 67

[18] Տես Ներսես Շնորհալի, Թուղթ ընդանրական, «Գանձասար» հրատ., 1991

More From Author

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի