Կոռնիձորի պատմություն

Spread the love
1899098_231943986990907_1726631803_n
Հեղինակ` Մանիկ Սայիլյան Գորիսի պետական համալսարան, ուսանող

Կոռնիձոր անվան ստուգաբանությունը

Կոռնիձոր է կոչվում  Գորիսի շրջանի գյուղերից  մեկը, որը գտնվում է շրջկենտրոնից  27  կմ արևելք։ Ինչպես Ղ. Ալիշանն է վկայում, դա  «ոչ ի պատմութեան յիշի և ոչ հին ցուցակի (իմա` Տաթևի վանքին տրվող հարկի հին ցուցակում—Ա. Մ., այլ ի նորումն, հարկելով Տաթևոլ 4000 շահի»[1] ։

Սրանից բացի Ալիշանը գյուղի տեղանքի միանգամայն ճշմարիտ նկարագիրն է տալիս, «Առ ստորովս,— գրում է նա,— որ է ի ձախակողմն  ձորոյն և մերձագոյն ի Հագարի՝ իբրու փարսախաւ կամ ևս նուազ, վտակ սի փոքրիկ անկանի ի գետակն, յորոյ ձորեզերն կայ Կուոնի ձոր կամ Կոռնի ձոր գիւղ մեծ, 250 տամբք, բարեբեր սահմանօք (որոյ անուամբ անշուշտ և վտակն), և որպէս թուի մեծ է, և ունի եկեղեցի…»[2]։

Այստեղ էլ գյուղը ներկայացնելով երկու Կուոնի ձոր և Կոռնի ձոր անվանաձևերով Ղ. Ալիշանը փաստորեն մատնանշում է տեղանվան ճիշտ ծագումը: Գյուղը, ինչպես դժվար չէ նկատել, անվանվել է բառակապակցությամբ, որի երկրորդ բաղադրիչը, եթե ձոր բառն է  (հմմտ. Խաշի ձոր, Նեղ ձոր, Պիծի ձոր և այլն),  որով գյուղի՝ իսկապես ձորեզրին գտնվելն է նշվում, ապա աոաջինն էլ,  պետք է ասել, այլ բան չէ, քան կուռն>կոռնն (>կօռնք) <<բազուկ, ձեռք, թև, ուսից մինչև դաստակը կամ արմունկից մինչև դաստակը  բառի սեռականը (հմմտ. կուռն—կուռնի || կոռնը—կոռնի), որով ձորեզրի՝ կուռնի ( = բազկի՝ ձեռքի՝ թևի) նման լինելն է արտահայտվում է :[3]

Եվ իրո՛ք, այն ձորեզրը, որտեղ գյուղն է հիմնվել, իրապես կուռնի || կոռնի ( = բազկի՝ ձեռքի՝ թևի) ձև կամ տեսք ունի, որի համապատասխան էլ ստեղծվել Է Կոանի ձոր տեղանունը: Սա էլ ժամանակի ընթացքում բարբառին հատուկ ու > ո > 0 հնչյունական փոփոխությամբ (հմմտ. մուկն>.մօկնը, նուռն>նօռնը, փուռն>փոռնր և այլն) դարձել Է նախ Կոռնի ձոր և ապա՝ բաղադրիչների միացմամբ՝ Կոռնիձոր (բրբ. Կօռնիձոր), որը և ներկայումս իբրև գյուղի մի ամբողջական անվանում Է գործածվում։

Մինչ Կոռնիձոր անվանվելը գյուղն ուեցել է այլ՝  Խորեա անունը:  Ս. Խանզադյանն իր «Հայրենապատում»  աշխատության մեջ նշում է,  որ Տեղ գյուղի բնակիչները պատմում են, իբր Սռի եղցուում է թաղված պատմահայր Մովսես Խորենացին,  իսկ մատուռից ոչ հեռու գտնվում է Խորեա-Խրով գյուղատեղին, այժմյա  Կիրաձոր-Գիրաձորը[4]:

Ըստ մեկ այլ տեսության կոռ>կեռ ձոր  նշանակում է կոր ձոր,այսինքն կոր ձորերով հարուստ վայր: Այս տեսակետն էլ թերս տարածում է գտնել ի շնորհիվ նրա, որ Կոռնիձորում շատ են կեռ ձորերը[5]:

Մեկ այլ ավանդության համաձայն էլ  գյուղի Կոռնիձոր անունը կապվում է այս ձորում խաների մոտ տեղացիների կատարած կոռային աշխատանքի հետ։[6]

Ղևոնդ Ալիշանը իր «Սիսական» գրքի մեջ նկարագրել է Սյունիքի տեղավայրերի, շեների, գյուղերի, մեծ ու փոքր պատմական դեպքերի, հուշարձանների մասին: Նա մի շարք կարևոր տեղեկություններ է տվել նաև Սյունիքի գյուղերի ՝ Շուռնուխի և Կոռնիձորի տեղանունների՝ Ղըզղալա (աղջկա բերդ)-ի մասին, որը Մեծ Սյունիքի և Փոքր Սյունիքի միջև հոսող գետի բարձրունքի պռնկին թառած հին բնական ամրոց է: Այդ անունով ամրոցը գտնվում է Կոռնիձոր գյուղից հարավ-արևելք՝ Աղավնո (Հագարու) գետի աջ կողմի լանջի բարձրունքում: Այդ մասին կա ավանդույթ, որ Կոռնիձորի 17 աղջիկներ այդ բնական լեռնային ամրոցում կռվել են Լենկ Թեմուրի հորդաների դեմ և բոլորն էլ զոհվել են այդ մարտում, որի համար էլ այդ ամրոցը անվանել են Ղըզղալա: Ժամանակի ընթացքում սերնդե-սերունդ փոխանցվել են մեզ հասել գյուղի ժաղովրդական ավանդութները:[7]

 Կոռնիձորի աշխարհագրական դիրքը, կլիման,բնակչությունը

Բնակչություն` 1072

Համայնքի կենտրոնի hեռավորությունը մարզկենտրոնից՝  90 կմ,
Համայնքի կենտրոնի hեռավորությունը Գորիս քաղաքից՝  27 կմ,
Համայնքի կենտրոնի բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1 125 մ,
Համայնքի կարգավիճակը՝ սահմանամերձ,

Համայնքի վարչական տարածքում ընդգրկված բնակավայրերը՝ գ. Կոռնիձոր։

Կոռնիձորը գյուղը Գորիս—Ստեփանակերտ խճուղու աջ կողմում է՝ Տեղ գյուղից  5 կմ հարավ-արևելք՝ Արգավանդ հարթավայրի վրա:

Մարիետա Շահինյանը խոսելով Հաբանդ գավառի գյուղերի մասին, իր ակնարկներից մեկում նշել է. «Դըղ (ադրբեջանական արտահայտութուն է,նրանք տառ ու հնչյուն չունեն) հայերեն՝ Տեղ գյուղը 700 թ. հիմնել են Պարսկաստանից փախած հայերը, իսկ նրա հարևան Կոռնիձորը (Խորեա), շատ հին է, նույնիսկ մ.թ.ա. Մեծ Հայքի գյուղերից մեկն է եղել»: [8]

Այժմյա նոր Կոռնիձորը տեղափոխվել է հին Կոռնիձորից[9]  1950-ական թթ վերջին  1960-ականների սկզբին: Հին Կոռնիձորը գտնվում էր Աղավնո գետի ավազանին՝ Կոռնիձոր գետակի ձախ զառիթափ լանջին: Հին Կոռնիձորը  ձևավորվել է մի քանի գյուղեր միավորվելով ՝ պաշտպանական նպատակներով :  Գյուղը բաժանված է երկու խիստ տարբեր մասերի՝ մեկը հին թաղն է, որն ընկած է ձորի զառիթափ կողին, և տները քարանձավներ են կամ հողե հարթ կտուրներով անշուք խրճիթներ, իսկ մյուսը` նոր թաղն է, տեղադրված ավելի վեր, սարավանդի վրա: Նոր թաղը կառոււցված է վերջին տասնամյակներում պլանավորված , շախմատաձև հատակագծով: Յուրաքանչյուր տան մոտ կա տնամերձ հողամաս, տները թիթեղապատ տանիքներով են, քարուկրե պատերով, հարմարավետ։ Գյուղի մոտ կան ոչ մեծ տարածությամբ թփուտներ։ Նախկինում մտնում էր Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառի մեջ և անվանվում էր Կերենզուր կամ Կոռնիձոր։

Մեր օրերի Կոռնիձորը  որպես առանձին  վարչական շրջան ձևավորվել է 1930 թ. սեպտեմբերի 9-ին ՝ Հայկական ՍՍՀ Կենտգործկոմի նախագահության որոշմամբ, որով Հայաստանում վերացան գավառները և ստեղծվեցին 25 շրջաններ: Կոռնիձորն այդ ժամանակ մտավ Գորիսի շրջանի մեջ և մինչ այսօր այդ կարգավիճակում է:[10]

-Կոռնիձորն Ադրբեջանին սահմանակից գյուղ է, և ակումբի ու գրասենյակի դռնից երևում են Լաչինի լույսերը: Մոտ են Կոռիձորն ու Լաչինը: Լաչինի գյուղից գալիս են Կոռնիձոր, խանութից օճառ, շաքար, չիթ են առնում, էնպես որ մի ձոր է բաժանում, որին կոռնիձորցիներն ասում են Աղավնագետ, լաչինցիները ՝ Հաքառու:[11]

Այժմյա Կոռնիձոր գյուղի սահմաններն են. հյուսիսային և արևելյան մասերից այն սահմանակից է Գորիսի շրջանի Տեղ գյուղին, իսկ արևելյան մասից՝ Քաշաթաղի շրջանի գյուղերը, արևելյան սահմանով՝ մոտ 9 կմ երկարությամբ հոսում է Աղավնո գետը: Գյուղը գտնվում է հողատարածությունների կենտրոնում, որը 5 կմ երկարությամբ ճանապարհով  կապված է Տեղ գյուղով անցնող պետական ճանապարհի հետ, որը կապում է ՀՀ-ն ԼՂՀ-ի հետ:

Գյուղի մակերևույթը սարահաթ-հարթավարային է: Հյուսիս-արևմտյան մասը բարձրադիր է, իսկ արևելյան մասը թեք զառիթափով իջնում է դեպի Աղավնո գետը: Գյուղի բարձրադիր մասը օվկիանոսի մակարդակից բարձր է 1125 մ, իսկ ցածրադիր մասը ՝ 800մ: Կլիման բավականին մեղմ է, ինչը պայմանավորված է  Կասպից ծովից Արաքսի վրայով փչող խոնավ քամիների դրական ազդեցությամբ: Հունվարին միջին ջերմաստիճանը տատանվում է  -3 –ից  +2-ի միջև: Հուլիսին միջին ջերմաստիճանը հասնում է +20-ից 22-ի միջև: Մթնոլորտային տեղումների քանակը հասնում է 550-650 մմ-ի: Գյուղը ջրահարուստ չէ, միայն մի քանի առվակ կա, որոնք էլ օգտագործվում են այգիների ոռոգման համար, զգացվում է արհեստական ոռոգման անհրաժեշտություն: Լինում են ուժեղ քամիներ։ Ունի ընդարձակ, արգավանդ դաշտեր։ Խմելու ջուրը սակավ Է։

Ըստ մարդահամարի տվյալների 1873 թ գյուղն ուներ 491, 1897 թ՝ 122Տ, 1926 թ՝ 981, 1939 թ՝ 1049, 1959 թ` 1022, 1970 թ՝ 1279, 1979թ` 1252 բնակիչ, 2011թ՝ 1072 բնակիչ: Կոլտնտեսությունը զբաղվում էր անասնապահությամբ, դաշտավարությամբ, խաղողագործությամբ, պտղաբուծությամբ, բանջարանոցային և կերային կուլտուրաների մշակությամբ, շերամապահթյամբ, մեղվաբուծությամբ: Գյուղն ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, գրադարան, բուժկայան, մսուր–մանկապարտեզ:

Տաթևի վանքի նոր հարկացուցակի (1781 թ) համաձայն գյուղը վանքին տալիս էր 4000 շահի հարկ[12]։

Գյուղատնտեսական գործունեության հիմնական ուղղություններն են` -անասնապահությունը և դաշտավարությունը: Գյուղատնտեսությամբ զբաղվում է 301 գյուղացիական տնտեսություն, իսկ 2011թ.  համայնքում կատարվել է հացահատիկային մշակաբույսերի 900 հա աշնանացան:

Հողային և այլ բնական ռեսուրսներ

Հողեր (ընդամենը)` 2417 հա, այդ թվում`
— Գյուղատնտեսական նշանակության հողեր` 2277 հա, որից`
— վարելահող` 1224 հա, բազմամյա տնկարկ` 67 հա, խոտհարք` 7 հա, արոտ` 114 հա, այլ հողատեսք`865 հա
— բնակավայրերի հողեր` 63 հա,
— արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր` 14 հա
— էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր`1 հա
— հատուկ պահպանվող տարածքների հողեր` 20 հա,
— անտառային հողեր` 34 հա, որից անտառածածկ` 34 հա [13]:

Կոռնիձորում կան նաև պատմամշակության որոշակի կառույցներ: Փորձեմ գծագրի միջոցավ, համառոտ տալ այն տեղեկությունները, որոնք կարողացա հայթհայթել՝[14]

Հուշարձան Կառուցված վայր, հասցե
Գերեզմանոց 17-20 դդ. գյուղի հարավային եզրին
Գյուղատեղի Կոռնիձոր 17-20 դ. Սկիզբ գյուղի հարավային եզրին
Բնակելի քարայրեր 17-20 դդ. Գյուղատեղիում
Եկեղեցի 17-18 դդ. Հին գյուղատեղի կենտրոնում
Դամբարան մ.թ.ա. 2-1 հզ գյուղից մոտ 2.5 կմ ամ, «Շուռնուխի խաչեր» հիմնովին ավերված գյուղատեղիում
Խաչքար 10 դ. դամբարանաթմբի վրա
Կուռք Ք.ա. 2-1 հազ. դամբարանաթմբի վրա
Հուշարձան Երկրորդ աշխարհամարտում զոհվածներին 1968 թ. գյուղի կենտրոնում

Ցանկում ներառված 8 հուշարձանները  2002 թ․ հաստատվել են  ՀՀ կառավարության կողմից:[15]

Խորեայի և Խորենացու առեղծվածի մասին

Մ. Խորենացին[16] ծնվել է մոտ 410թ., աշակերտել Մ. Մաշտոցին, երկար տարիներ ուսանել օտար ափերում և միայն 440թ. վերադարձել է Հայաստան: Նրան սակայն դափնիներով չեն ընդունել, ասորամետ հոգևորականների կողմից ենթարկվել է հալածանքների և նա գերադասել է ճգնավորի կյանք վարել ու զբաղվել իր սիրած աշխատանքով: Ինչպես հայտնի է, Խորենացին իր ծննդավայրը չի նշել: Միայն հետագայում նրան կոչել են Խորենացի, որը և նշանակում է, որ նա պետք է ծնված լինի Խորեն կամ Խորեան անունով բնակավայրում: Ժամանակին ընդունված կարծիք էր, որ նա իբր Տարոնի Խորոն գյուղից է և նրան երբեմն կոչել են Տարոնացի կամ Խորոնացի: Սակայն հիմնավորապես այլ կարծիք է հայտնել Մ. Խորենացու գրաբարի լավագույն թարգմանիչ ու մեկնաբան, ակադեմիկոս Ստեփանոս Մալխասյանցը: Նա Խորենացու՝ իր իսկ աշխարհաբար թարգմանած երկրի առաջաբանում գրում է. «Ավելի հավանական է կարծել, թե նա ծնված է Սյունիքում, Հաբանդ գավառի Խորեա անունով փոքր գյուղում, որը հիշում է Ստ. Օրբելյանը /Պատմություն, Թիֆլիս, եր. 517/ տասերեքերորդ դարի վերջում» :[17]

Հայոց պատմությունը Խորենացին գրել է Սյունիքում, ուր նա, վաթսունամյա հասակում եպիսկոպոս օծվելուց հետո, անց է կացրել իր կյանքի վերջալույսը: Այդ մասին վկայում և կասկածելու որևէ նշույլ չի թողնում հինգերորդ դարի մեկ ուրիշ նշանավոր պատմիչ` Ղազար Փարպեցին: Ղ. Փարպեցին գրում է. «Եվ այնուհետև ձանձրացած խառնաշփոթությունների  չարչարանքներից, ցանկացա աղոթքներով զբաղվել ու հանգստանալ: Եվ գնալով Սյունիք, երկու տարի այնտեղ մնացի, ձմեռը` քարայրում, գավառի ամբողջ բնակչության մեջ բոլոր կրոնավորներից ամենից հռչակավոր մի մարդու հետ, որի անունն էր Մովսես:  Քարայրը շատ էր նեղ, և ամռանը, այնտեղի խիստ շոգի պատճառով, նահանգի քահանայապետ Մուշեն ինձ տանում էր իր հետ, որ ամառանոցում էր որ լիներ» [18]:  Ըստ Ստ. Մելիք-Բախշյանի Ղ. Փարպեցին Սյունիքում եղել է 484-486թթ.:  Երկու տարի մնալով պատմահոր մոտ` Փարպեցին այսպես է բնութագրել նրան. «Երանելի փիլիսոփա Մովսեսը, որ արդարև, մինչդեռ ապրում էր իր մարմնական կյանքը, արդեն երկնային զորականներին էր քաղաքակից….» [19]:  Խորենացին մահացել է այս տողերը գրվելուց քիչ անց: Եթե ընդունենք տարածված կարծիքը, որ նա ծնվել է 410 թ., ապա նա 486թ. հետո, երբ արդեն 76 ամյա ծերունի էր, այլևս չէր ցանկանա մեկ այլ վայրում ապրել, մանավանդ, որ կարծիք կա, որ նա նաև հիվանդ էր:  Ակադեմիկոս Գ. Սարգսյանը պատմահոր մասին տարեթվի առիթով, համաձայնեցնելով Ս. Անեցու հետ գրում է. ««Հայոց պատմություն» -ը` Սահակ Բագրատունի իշխանի պատվերով, նա սկսեց շարադրել արդեն առաջացած տարիքում և ավարտեց այն, հավանաբար, մահվանից քիչ առաջ /ըստ XII դարի ժամանակագիր Սամվել Անեցու, նա վախճանվել է 492թվականին/»:[20]

Գ. Սարգսյանը նույնպես համոզված էր, որ իր գլխավոր երկը Խորենացին շարադրել է առաջացած տարիքում` կասկած լինել չի կարող, դա ընդգրկում էր նաև Պատմահոր կյանքի ժամանակի այն հատվածը, երբ նրա մոտ Սյունիքում հյուրընկալվել էր Ղ. Փարպեցին: Դրանից վեց տարի անց, 82 տարեկան հասակում, Մ. Խորենացին կնքել է իր մահկանացուն:

Խորենացու կյանքի վերջին շրջանը Սյունիքում ապրելու մասին վկայում է և այն փաստը, որ նրան աշակերտել է Պետրոս Սյունեցին` Սյունյաց հոգևոր թեմի նշանավոր առաջնորդը, որի մասին Ստ. Օրբելյանը գրել է. «Պետրոսը` քերթողահոր աշակերտը, հմուտ հռետորն ու անպարտելի փիլիսոփան…»[21]:  Պատմահոր սյունեցի լինելը վկայում է նաև նրա անթաքույց սերը Սյունիքի և նրա իշխանների հանդեպ: Չխնայելով գեղարվեստական խոսքերով համեմելու իր անզուգական վարպետությունը, նա հանգամանորեն, թեպետ յուրահատուկ սեղմ ոճով, նկարագրում է Սիսական տան իշխանների Հայկ նահապետից սերելու մանրամասները, կերտում Սիսակ նահապետի քաջ ու առնական կերպարը:

Հետագա հայ պատմիչները այլևս չեն անդրադառնում Սիսական իշխանական տան ծագման մանրամասներին:

Մ. Խորենացու սյունեցի լինելու մասին կարծիք է հայտնել նաև նշանավոր հայագետ Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանյանը: Նա նախ զգուշորեն կասկածանք է հայտնում Խորենացու Տարոնում ծնված լինելու տիրապետող կարծիքի առթիվ: «Ոչ նուազ մթին է Մովսես Խորենացիի անունն ու կյանքը»,- գրում է նշանավոր հայագետը:[22]  Ու նաև, խոսելով Ստ. Օրբելյանի գրքում հիշատակված Մովսես քերթողահոր մասին` նրան նույնացնում է Խորենացու հետ, հակվում Խորենացուն սյունեցի լինելու մտքին` նկատի ունենալով նաև, որ «… քերթողներ և քերթողահայրեր Սիւնեաց դպրոցէն միայն ելած են` եւ ոչ Տարոնէն, մենք կը կարծենք, թե Խորենացիի շուրջը յուզուած խնդիրը դյուրին լուծում մը ստանայ, եթե Մովսէս Խորենացիի պատմութեան հեղինակը միեւնոյն անձի վերածուին եւ նոյնացուին Է դարուն Սիւնեաց դպրոցին քերթողահայրն եղող` Մովսէս Սիւնեցւոյն հետ»[23]:  Ուրախությամբ ընդունելով Մ. Օրմանյանի բարձրարժեք կարծիքը, այնուամենայնիվ կարծում ենք, որ նա ուշադրություն չի դարձրել միջնադարյան Սյունիքի Հաբանդ գավառի Խորեա անունը կրող գյուղին, այլապես ավելի առարկայական կլիներ Պատմահոր ծննդավայրի հարցում նրա մոտեցումը: Իսկ Օրմանյանի կողմից հայոց պատմական – մշակութային կյանքում երկու երկրամասերի` Տարոնի և Սյունիքի խաղացած դերերի մասին եզրահանգումները փաստորեն շարունակում են Ղ. Ալիշանի կողմից ավելի վաղ արտահայտած մտքերը: Ալիշանը գրում է. «… զի թէպէտ և Տուրուբերան կենդրոնագոյն է քան զայլսն և հարուստ ազգային յիշատակօք, այլ Սիւնիք յամառագոյն իմն թուին հանդիսացեալ ի պահուստ ազգային ոգւոյ և աւանդից, յոլովագոյնս ունելով նշխարս և արձանս նախնեաց գրաւորս և անգիրս…» [24]:

Խորենացու անունից ակնհայտորեն երևում է, որ նա ծնվել է Խորեան կամ Խորեն անունով բնակավայրում: Այն  հիշատակվում է որպես 13-րդ դարի գյուղ, որը գտնվում էր Սյունիքում և կրում էր Խորեա անունը: Շատերը կարծում են, թե այդ բնակավայրը 5-րդ դարում կոչվել է Խորեան: Այն, որ Մովսեսը ծնվել է հենց այս գյուղում, կարելի է ենթադրել երկու փաստարկից ևս: Առաջին փաստարկը այն է, Մովսես Խորենացին ծանոթ էր Սյունիքի բնությանը, մանրամասնորեն նկարագրել էր այն, երկրորդը՝ պատմահոր բացասական տրամադրվածությունը Մամիկոնյանների հանդեպ: Բանն այն է, որ այդ ժամանակ Սյունիքի իշխանները և Մամիկոնյանները համարվում էին հակառակորդներ:

Ամեն պարագայում, եթե նույնիսկ համաձայնենք, որ Մովսես Խորենացին Սյունիքում չի ծնվել կամ միայն մոր կողմից է եղել սիսական, ինչպես Ստ. Օրբելյանը, նա իր կյանքի վերջնամասը անց է կացրել Սյունիքում, այստեղ է նա երկնել իր անմահ երկը, սրբացել, մահացել ու թաղվել Սյունիքում և որ առավել հավանական է` Հաբանդ-Գորիսում: Այդ առթիվ հարկ է կատարել մի ճշգրտում: Ղ. Փարպեցուն կարդալով այն թյուրիմաց տպավորությունն է ստեղծվում, որ իբր Խորենացու մահից հետո նրա գերեզմանը պղծվել է, իսկ ոսկորները` նետվել գետը: Ս. Մալխասյանը ապացուցել է, որ Փարպեցու ձեռագրի էջ պակասում է, և խոսքը ոչ թե կյանքի վերջում հռչակ վայելող Պատմահոր, այլ մեկ ուրիշի պղծված գերեզմանի մասին է[25]:  Հայ ներկա սերունդների պարտքն է փնտրել ու գտնել Պատմահոր գերեզմանի տեղը,որն իբրև գտնվում է Սռի եղցու բակում: Այդ իմաստով Սռի եղցին կարիք ունի համակողմանի ուսումնասիրությանը գուցե և այնտեղ թերևս պեղումների անհրաժեշտություն կա: Եկեղեցուց քիչ հեռու Կոռնիձորը և ջրաղացներն են: Իսկ ձորի մոտ և նրա դիմաց Խորենաձորն է,որին նաև Խորխորաձոր են ասում: Սռի եղցին  երկու ձորերի արանքի բարձր հրվանդանի վրա է: Տեղ գուղի բնակիչներն ասում են, թե դա կառուցել է հենց ինքը Մովսես Խորենացին,իբրև ճգնարան: Այն շրջապատված է եղել պարսպով, որը մինչև վերջերս լավ վիճակում էր, սակայն ինչպես նշում է Սերո Խանզադանը, Կոռնիձորի բնակիչները գնացել այն քանդել և բերել են գյուղ, օգտագործել շինարարության համար:[26] Բայց այնուամենայիվ եկեղեցու հիմքերը մնացել են:

2008 թ. նոյեմբերին Կոռնիձորում, դեպի Սռի եղցի գնալու ճանապահին տեղադրվել է խաչքար, որի վրա գրված է. «Սույն խաչքարը կանգնեցվել է ի պատիվ մեծն Մ. Խորենացու»: Խաչքարի վրա կա նաև սլաք, որն ուղղված է դեպի Սռի եղցին,իսկ սլաքի տակ  գրված է. «Այս ճանապարհը տանում է դեպի Մովսես Խորենացու ծննդավայրը»:

 ԿՈՌՆՁՈՐԻ ՆՈՐ ՇՐՋԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Կոռնիձորը  նախախորհրդային շրջանում և ԽՍՀՄ-ի ժամանակ

Ցարական Ռուսաստանի տիրապետության օրոք  Կոռնիձորը վարչականորեն մտնում էր Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառի մեջ: Նախկին դպրոցական հին շենքի ներքնահարկում գտնված կնիքի վրա գրված է .«Судья зангезурцкого сьезда Елизаветполскох губерни» :[27]

Գյուղի տնտեսության ուղղությունը մանր արորային հողագործությունը, այգեգործությունը և անասնապահությունն էին : Գյուղում կարծես պապերից եկած օրենք էր՝ յուրաքանչյուր շնչի համար երկու ու կես փութ հացահատիկ ցանելը: Սակայն 1879 թ. բռնկված սովի տարիներից, որը տևեց 42 տարի, աշխատանքի էին գնում հարևան ադրբեջանակ հողատարածքներ, Ղարաբաղ կամ էլ գաղթում էին Միջին Ասիա, նույնիսկ գնում էին Սիբիր: Արտագաղթը էլ ավելի մեծ չափեր ընդունեց 1897 թ-ից հետո:

Գյուղի աշխատունակ տղամարդկանց մեծ մասը գնում էին քաղաքից-քաղաք, երկրից-երկիր՝ աշխատանք գտնելու և մի կտոր հաց վաստակելու հույսով: Նույն իրավիճակն էր նաև Զանգեզուրի մյուս շրջաններում: Գորիս քաղաքում լույս տեսնող «Գավառ»  թերթը գրում է . «Զանգեզուրն ամեն տարի տալիս է մեծ քանակությամբ պանդուխտներ, որոնցից շատերը տեղում ապրուստի միջոց գտնելու հույս չունենալու պատճառով հեռանում էին օտար երկիր և գաղութներով լցնում Անդրկովկասի երկրները, Բուխարան, մինչև իսկ ՝ Սիբիրը: Հին Սյունիքը, որը 12-րդ դարում կերակրում էր 600 գյուղ, այսօր չի կարողանում 90 գյուղ պահել, այստեղ դուք չեք գտնի մի տուն, որից առնվազն մի մարդ պանդխտության գնացած չի լինի»[28]:

Գյուղն արտաքին աշխարհից կտրված  էր և կարևոր նորություններն այստեղ էին հասնում 4-5 ամիս հետո: Կոռնիձորը լիովին գտնվում էր անգրագիտության խավարի մեջ, բավական է ասել, որ մի նամակ գրելու համար կոռնիձորցին ոտքով կամ էլ ավանակով հասնում էր Գորիս կամ էլ Շուշի, գտնում գրագետ մարդու՝ նամակ գրելու համար: Գյուղի քիչ թվով բնակիչներ դեռևս 1830-50-ական թթ. կապ էին  պաշտպանում Բաքվի արդյունաբերական բանվորների հետ կամ էլ աշխատում էին այնտեղ: 1900 թ. արդեն գյուղի երիտասարդների մեծ մասն աշխատում էին Բաքվի նավթաարդյունաբերության մեջ: Այստեղ աշխատող կոռնիձորցիներից Ասաք Հարությունյանը, Իվան Ղահրամանյանը, Սևի Գրիգորյանը և այլոք մտել էին Հնչակյան խմբակների մեջ: Հետագայում համագյուղացիներից  կազմվում է մի առանձին խմբակ և մտնում Բաքվում գործող զանգեզուրցիների հնչակյան կազմակերպության մեջ, որը թվով 94 անդամ ուներ և ղեկավարում էր Սիսիանի շրջանի Շնաթաղ գուղից Համբարձում Տեր-Հովհաննիսյանը:

1905 թ. հունվարի 9-ի Արյունոտ կիրակիի դեպքերը լայն արձագանք գտան Անդրկովկասում: Անդրկովկասի հեղափոխական շարժումները խեղդելու, բանվորների և գյուղացիների ինտերնացիոնալ կապերը ջլատելու նպատակով ցարական կառավարությաւնը 1905 թ. փետրվարին հրահրում է հայ-ադրբեջանական ազգամիջյան ընդհանրումները: Փետրվարի 6-8-ն ընկած ժամանակահատվածում  Բաքվում, Գանձակում, ապա նաև Շուշիիում պանիսլամիստների կողմից իրակացվում էին հայ բնակչության կոտորածներ: Անմեղ զոհերի թվում մեծ թիվ էին կազմում նաև կոռնիձորցիները: Կոռնիձորցիների մեծ մասն էլ թողնում է իր աշխատանքը և հետ  վերադառնում գյուղ: Սակայն վերադարձածներից շատերի ճակատագիրն էլ վերջանում է ողբերգությամբ:

1905 թ. հայ-ադրբեջանական ընդհանրումների պատճառով Բաքվում գործող կոռնիձորցիների Հնչակյան կուսակցությաւնը լուծարվում է, իսկ նրա անդամները վերադառնում են գյուղ: 1906 թ. գյուղում հավաքագրվում են նոր անդամներ և կազմվում է հնչակյան նոր խմբակ՝ Կոստանդ Հովհաննիսյանի գլխավորությամբ: Կուսակցության կենտրոնը գտնվում էր Գորիսում և ղեկավարվում էր էլի Համբարձումի Տեր-Հովհաննիսյանի կողմից, ով ևս վերադարձել էր Բաքվից: Համբարձում Տեր-Հովհաննիսյանին 1924 թ. Գորիսում ձերբակալում են  և կեղծ մեղադրանք են հարուցում նրա նկատմամբ՝ Օջախկուլի Մուսաևի սպանության համար: Նրան արդարացրեցին միայն 30 տարի անց: Կոռնիձորի Հնչակյան խմբակը ցրվեց 1914 թ. ՝ առաջին համաշխարհային պատերազմի լուրը գյուղ հասնելուն պես: Փաստորեն  առաջին համաշխարհային պատերազմն իր կնիքը դրեց նաև Կոռնիձորի վրա: Խմբակը վերաբացվում է 1918 թ.-ին՝ առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո:[29]

1916 թ. մայիսի 25-ին շատ կոռնիձորցիներ են զորակոչվում ցարական բանակ՝ իրենց ծառաությունն անցկացնելու համար: Նրանց թվում էին Նիկոլայ Բաբաջանյանը, Գրիգոր Ղահրամանյանը, Խաչատուր Բաբայանը և այլք, ովքեր իրենց ծառայությունն անց են կացրել կովկասյան ճակատում, որտեղ կռվել են Թուրքիայի դեմ:

1917թ. Ռուսաստանում տեղի ունեցավ Փետրվարյան բուրժուադեմոկրատական հեղափոխությունը, որից հետո տապալվեց Ռոմանովների 300-ամյա իշխանությունը: Դրա փոխարեն ստեղծվեց ժամանակավոր կառավարություն՝ մինչև Սահմանադիր ժողովի հրավիրումը: Անդրկովկասում ստեղծվեց Օզակոմը, իսկ նախկին ցարական գավառներում ստեղծվում են գործադիր կոմիտեներ, որոնք պետք է իրականացներից ժամանակավոր կառավարության քաղաքականությունը: Գորիս գավառի գործադիր կոմիտեր նախագահ դարձավ բժիշկ Միքայել բեկ Պարոնյանը: Փաստորեն բավականին երկար դադարից հետո ի վերջո առաջին անգամ Զանգեզուրում  դեմոկրատական ուղիով ընտրվեց կառավարման մարմին, որի ղեկավար դարձավ ազգությամբ հայ գործիչ: Սակայն կարճ ժամաանակ անց, երբ Զանգեզուրը դառնում է  հայ և ադրբեջանական ժողովուրդների խաղարկման հարց, այս 2 տերությունների միջև պայքարը դառնում է անխուսափելի:

1917թ. սեպտեմբերի 15-ին Նիկոլայ Բաբաջանյանը մի խումբ կոռնիձորցիների հետ վերադառնում է հայրենի գյուղ: Քիչ ուշ գյուղ է վերադառնում Խաչատուր Բաբայանը՝ 50-60 ղարաբաղցի զինվորների հետ, որոնք Կոռնիձորով անցան իրենց հայրենիքը:[30]

Զանգեզուրի համար դառն օրերը սկսվում են 1918 թ. մայիսի 28-ից, երբ Հայաստանը հռչակվեց անկախ: Մի քանի օր անց՝ 1918 թ. հունիսի 4-ին կնքվում է Բաթումի պայմանագիրը,որը հստակեցնում է նորանկախ Հայաստանի տարածքները. այն սահմանափակվում էր մի փոքր տարածքով, իսկ Ղարաբաղի, Նախիջևանի և Զանգեզուրի տարածքներն ու նրանցում բնակվող բնակչության դրությունը համարվում էր առկախ: Ադրբեջանը, որը որպես պետություն դեռ նոր էր կազմավորվում, համարելով, որ, եթե Զանգեզուրը չի պատկանում Հայաստանին, ապա իրենն է և սկսում է համապատասխան քայլեր ձեռնարկել դա օրինականացնելու համար: Սակայն համառ սյունեցին երբեք չէր հաշտվի նման անպատվության հետ: Զանգեզուրի ազգային խորհուրդը սկսում է իր բողոքը Բաթումի պայմանագրի դեմ: Սյունեցու համբերության բաժակը լցվեց այն ժամանակ, երբ Ադրբեջանը հայտարարեց, որ Ելիզավետպելի նահանգ ամբողջությամբ մտնում է իր կազմի մեջ: Այդպիսով նրանք ունեին դեպի հեռուն գնացող նպատակներ. կիրականանար նրանց հեռավոր երազանքը՝ կստեղծվեր պանթյուրքիզմի պետություն:

1918 թ. հունիսի 17-ին Ղարաբաղի և Զանգեզուրի հայերը հատուկ հուշագրով դիմում են գերմանական բլոկի երկրներին և պահանջում, որ հանուն արդարության այս բոլոր տարածքները պետք է միացվեն Հայաստանին: Հետևաբար սա պետք է համարվեր մի երկարատև պայքարի սկիզբ, որում սյունեցին պայքարեց հանուն արդարության ու դուրս եկավ այս պայքարից հաղթանակած:[31]

1918 թ օգոստոսին  Իզզաբեյն, ով ադրբեջանական կառավարության կողմից նշանակված պարետ էր Զանգեզուրում, կոչով դիմում է հայերին ու պահանջում, որ ինչ պահանջում է թուրքական կառավարությունը, զանգեզուրցիները պետք է հլու հնազանդ կատարեն ու ենթակվեն ադրբեջանական կառավարությանը:[32]

Զանգեզուրը, սակայն, դեռ շատ վաղուց կայացրել էր իր վճիռը: Դա միանշանակ պայքարն էր: Ճիշտ է զանգեզուրցին հասկանում էր, որ իր դիմաց կանգնած է հզոր թշնամի, դրան ի հակառակ թիկունքին էլ կանգնած է խարխլված մի պետություն, որը չի կարող իրեն հարկ եղած դեպքում օգնություն տալ, սակայն պարզեց պայքարի դրոշ: Գորիսում կազվեց Կենտրոնական ազգային խորհուրդ, որի ղեկավար նշանակվեց Մ. Բեկ Պարոնյանը: Այս կառույցն իր առջև հիմնական խնդիր դրեց Զանգեզուրի տարբեր շրջաններում կազմակերպել և ղեկավարել ինքնապաշտպանական կռիվները: Լսելով դեպքերի նման զարգացման մասին այստեղ եկան նաև արտասահմանում ծառայոց մեծաթիվ հայ սպաներ, որպեսզի կառավարեն կռիվները: Նրանց ղեկավարությունն էլ իր ձեռքն է ստանձնում Խաչատուր Մալինցյանը: Սակայն քիչ անցած, երբ Զանգեզուրն անընդհատ  դիմում էր Երևանին խնդրելով իրեն ևս մտցնել Հայաստանի տարածքի մեջ, սակայն հուսադրող պատասխան չէր լսում, հրավիրում է այստեղ Անդրանիկին, որպեսզի հենց նա էլ գլխավորի ինքնապաշտպանակ կռիվները: Իսկ դրանք արդեն հասել էին իրենց գագաթնակետին և ընդգրկում էին գրեթե ողջ Զանգեզուրն ու Ղարաբաղը:

Կոռնիձորը, լինելով Զանգեզուրի կազմում, ևս  անմասն չմնաց այս կռիվներից: 1918 թ. սեպտեմբերին թուրքական բանակի ջոկատները մոտենում են Կոռնիձորին:  Կոռնիձորցիները կազմում են կամավորական ջոկատներ և այն բաժանում 5 մասի, որոնք ղեկավարում էին տեղի հոգևոր հովիվը՝ Գրիգոր Տեր-Սողոմոնյանը, Հովհաննես Բաբայանը և Ղարախանաց Մուխանը:

Անդրանիկը Գորիս հասավ 1918 թ. օգոստոսի 3-ին: Նա քաղաքի կենտրոնական հրապարակում հանդիպում է գորիսցիների հետ: Այս հանդիպմանը ներկա էին նաև Գորիսի շրջանի մեծ ու փոքր բնակավայրերի ինքնապաշտպանությունը ղեկավարող մարդիկ: Նրանց թվում էր նաև Տեր Գրիգորը՝ Ադերը:

1918-1920 թվականերին թուրքական բանակը հարձակվում է  Կոռնիձորի վրա: Գյուղի ինքանապաշտպանությունը կազմակերպել էին Ղահրամանյան Մուխանը (Ղարախանաց Մուխանը) և Տեր Գրիգոր քահանան[33]: Թեժ մարտերի ժամանակ հերոսաբար զոհվում է Մուխանը: Նրա հետ նաև 20 կոռնիձորցիներ, իսկ Տեր Գրիգոր քահանանա գերի է վերցվում: Ղարախանաց Մուխանը և նրա հետ  բոլոր զոհվածներն այժմ թաղված են գյուղի գերեզմանատանը: Գերազմանատան աջ մասում  է գտնվում  Եղբայրական գերազմանը, որտեղ էլ հենց ամփոփված են 1918-1920 թվականերին նահատակված կոռնիձորցիները: Նշված ժամանակներում գյուղական շրջանների ինքնապաշտպանությունը մեծապես իրականացրել են հոգևորականները, ովքեր մի ձեռքին բռնելով զենք, իսկ մյուսում Աստվածաշունչ, փորձել են ինչ–որ փոքր ներդրում ունենալ իրենց հայրենի բնակավայրի  համար: Այսպիսինն էր իրավիճակը նաև Կոռնիձորում, որտեղ ինչպես արդեն վերը նշվեց մարտերը ղեկավարում էր Տեր Գրիգորը: Նա ծնվել է 1870 թ.-ին Կոռնիձորում: 1889 թ. մեկնում է Էջմիածին և սովորում Գևորգյան ճեմարանում,ապա որպես հոգևորական վերադառնում է իր հայրենի գյուղ: 1901-1905 թթ. ընթացքում նա, ժողովրդից հավաքած միջոցներով, գյուղի Խորեա ձորում կառուցում է եկեղեցին և դառնում տեղի հոգևոր հովիվը: Գյուղի սուրբ Հովհաննես եկեղեցին կրաշաղախ պատերով, քարածածկ, եռանկյունաձև կտուրով, անշուք կառույց է:[34] Եկեղեցին կառուցվել է Տիգրան Պողոսյանի նախագծով, իսկ կառուցող վարպետը խնձորեսկցի Մինասն էր:Տեր Գրիգորը եղել է նաև  բավական գրագետ մտավորական:

1918 թ. մայիսին մասնակցել է Սարդարապատի հերոսամարտին, որի համար էլ հետագայում արժանացել է Հայաստանի առաջին Հանրապետթյան նախագահ  Հովհաննես Քաջազնունու  գովեստին՝ «Ազգային հերոս» անվանումով[35]: Նա 1918 թ. Կոռնիձորում հանդիպում է Անդրանիկին ու մեծ ճաշկերույթ կազմակերպում նրա համար: Անդրանիկը բավականին համակրում է Տեր Գրիգորին ու գնահատում է նրա կատարած հայրենանվեր գործը՝ մարտերի ղեկավարի դերի ստանձնումը: Դրանից հետո քանի անգամ Անդրանիկն այցելում է Կոռնիձոր, անպայման հանդիպում է ունենում Տեր Գրիգորի հետ, խոսում ապագա քայլերի մասին, բացատրում որոշ մարտավարական առանձնահատկություններ, զենք էր հանձնում նրան, դրամ տալիս, որպեսզի հնարավորինս հեշտացնի պաշտպանության գործը: Տեր Գրիգորը (հիշում  է նրա թոռան կինը՝ Ա. Սողոմոնյանը) անգամ գյուղի փողոցներով էր շրջում, օգնություն հավաքում ու դրանք ուղարկում զինվորներին, գումար էր հայթայթում, իր ունեցածն էլ ավելացնում, որպեսզի մի զենք ավելի տա իր զինվորներին: Գյուղից մի փոքր դեպի արևելք գտնվում է Ադորը բաղը, որը կոչվում է հենց Տեր Գրիգորի անունով, որովհետև ինքն է կազմակերպել ծառակունկ ու ծառեր տնկել: Գյուղում Տեր Գրիգորին ասում էին նաև Ադեր, այսինքն՝ քահանա: Սա էլ կարծես դարձել էր արդեն նրա 2-րդ անունը:

1919 թ. հոկտեմբերին Տաթևի վանքում կայացած խորհրդակցության ժամանակ Գարեգին Նժդեհը մատնացույց անելով Տեր Գրիգորին ասում է.

-Ահա հոգևորական, զինվոր, հերոս Կոռնիձորցի Գրիգորը…[36]

Նրա զինվորականի տաղանդը փայլատակեց 1920-1921 թթ. Զանգեզուրի սահմանների պաշտպանության օրերին: Թուրքական բանակի մի քանի ղեկավարներ հաջող ռազմական գործողությունների ընթացքում կարողանում են գերի վերծնել ինքնապաշտպանակ ղեկավարից մի քանիսին, այդ թվում նաև Տեր Գրիգորին: Նրանց բոլորին գաղտնի կերպով գնդակահարում են, սակայն Տեր Գրիգորին հաջողվում է փրկվել՝ իր հնարամտության շնորհիվ: Նա, վիրավորվելով թևից ու ծնկից, ձևացնում է իբրև մահած է: Երբ թշնամին հեռանում է, Ղարաշլաղ գյուղի բնակիչները գնում են դիակները թալանելու ու տանում են անգամ մահացածների զգեստները: Երբ հեռանում են նաև նրանք, Տեր-Գրիգորը, ամբողջովին մերկ, կարողանում է աննկատ կերպով հեռանալ ու գյուղ վերադառնալ:[37]

Վերադառնալով գյուղ Գրիգոր Տեր-Սողոմոնյանը  հարում է դաշնակցությանը և այդ պատճառով բազմիցս արժանացել է նրա  ներկայացուցիչների խրախուսանքներին: 1925 թ. նա, ինչպես նաև մի շարք այլ դաշնակցականներ, ձեռբակալվում է բոլշևիկների կողմից և 1927 թ. դատվում: Նրան տրվում է 3 տարի աքսոր և ուղարկվում Ռուսաստանի Տամբով քաղաքը: Տեղի ցուրտ կլիմայի պատճառով նա չի կարողանում մնալ այսեղ ու նամակ է գրում Ի. Ստալինին.

-…Ես հարավի մարդ եմ, խնդրում եմ ինձ տեղփոխել երկրի հարավը…

Նրան տեղափոխում են երկրի հարավը՝ Կոկանդ: Երբ լրանում է աքսորի ժամկետը, նա արդեն պատկառելի տարիքի մարդ էր և չի վերադառնում Կոռնիձոր, այլ այնտեղից մեկնում է Տաշքենդ ու աշխատում տեղի հայկական եկեղեցում:

1934 թ. նա մահանում է հենց Տաշքենդում: Աճյունն ամփոփվել է տեղի հայկական գերեզմանատան բակում:

Ինչպես վերը նշվեց, Կոռնիձորում Տեր Գրիգորի հետ միասին դաշնակցել ու կռվել է Անդրանիկը: Մ. Գալշոյանն իր աշխատանքում անդրադառնալով Անդրանիկին ու նրա կոռնիձորյան գործունեությանը, ասել է.

— Կոռնիձոր գյուղում շատ են Անդրանիկ անվանակիրները. այդ գյուղի խանձված հողին ոտք է դրել զորավար Անդրանիկը, կռվել այդ անջուր հողի համար:[38]

Տեղեկություններ են պահպանվել այն մասին, որ, երբ Անդրանիկի զորքը գալիս է Կոռնիձոր՝ պաշտպանությաւն կազմակերպելու համար, նրա բանակում գտնվող 2 ընչաքաղց զինվոր, երեկոյան, երբ արդեն գյուղը քնած էր, մտնում են մի տուն ու թալանում: Տան տերը ,սակայն, տեսնում է նրանց ու հաջորդ օրը գնում է Անդրանիկի մոտ՝ բողոքելու: Անդրանիկն իր հերթին հրամայում է ողջ զորքին շարք կանգնել ու ականատեսի հետ շրջում է նրանց շարքերում: Երբ ականատեսը ճանաչում է, թե ովքեր էին իր տունը թալանողները, Անդրանիկը հրամայում է նրաց պատժել, ինքն էլ իր հերթին ապտակում ու սրի հետևի մասով խփում է նրանց: Հետո  փակել է տալիս  ներքնահարկում, մինչև խելքի կգան ու կխոստանան նման անպատվաբեր քայլեր իր բանակի ու զինվորների համար չանել.

_…Մենք եկել ենք ժողովրդին օգնելու, իսկ դուք ի՞նչ եք անում…

Նրա զինվորների թվում էլ են մեծ քանակությամբ կոռնիձորցիներ եղել: Նրանցից մեկը՝ հետագայում հայտնի սփյուռքահայ գրող Լևոն Լուլեյճյանը, իր «Զանգեզուրյան նամականի»[39] աշխատության մեջ հիշել է.

-Անդրանիկը լրիվ թևաթափ եղած էր, երբ իմացավ Շուշիի քաղաքագլուխ Գերասիմ Մելիք- Շահնազարյանի որոշման մասին, ով շեշտել էր, որ արշավանքը Ղարաբաղում կարող է խորացնել ազգային հակամարտությունը և պետք է դրանից հրածարվել…Նա բարձրունքից  մի վերջին հայաք է  ձգում Ղարաբաղին ու հեռանում…[40]

Ապա նա հեռանում է Էջմիածին, սուրը հանձնում է կաթողիկոսարանին ու հեռանում երկրից: Այսպիսով ավարտվում է Անդրանիկի թե՛ կոռնիձորյան, թե՛ հայաստանյան գործունեությունը:

Ուշագրավ է եղել նաև Կոռնիձորի նախախորհրդային և խորհրդային շրջանի հոգևոր կյանքը: Ժամանկը ցույց է տվել, որ գրաճանաչության տարրական պայմաններ ստեղծելուց հետո Կոռնիձորում բավականին մեծ սեր է նկատվել ուսման նկատմամբ և ականավոր մտավորականներ, մշակույթի գործիչներ է տվել Կոռնիձորը, սակայն դարեր շարունակ նա նաև զրկված է եղել նման տարրական հնարավորություններից, ինչի հետևանքվ կարող եմ նշել, որ մենք կորցրել ենք ականավոր գիտնականների ու հասարակական-քաղաքական գործիչների մի մեծ բանակ: Սակայն այդ մշուշապատ տարիներն իրենց հետքն են թողել հետագա տարիների վրա ու հասել են անգամ մինչև մեր օրերը: Մշակույթի առաջին սերմերը ցանկացած պարագայում ցանում է տվյալ ժողովրդի դպրոցը, նրա մտավորականությունը: Կոռնիձորում  պետական հիմունքներով դպրոց բացվել է միայն 1921 թ. հոկտեմբերին:

1921 թ. հունիսի 28-ին Զանգեզուրի գավկոմի նախագահ Հակոբ Կամարու և գավկոմի անդամ Արմենակ Ղարագյոզյանի հանձնարարությամբ, գյուղ է գալիս Նիկոլյան Բաբաջանյանը որպես հողկոմի նախագահ, հենց նույն թվականի աշնանն էլ ՝ հոկտեմբերին, բացվում է դպրոցը: Այն բաղկացած էր առաջին և երկրորդ դասարաններից, իսկ աշխատում էր միայն մեկ ուսուցիչ, այն էլ հրավիրված հարևան Տեղ գյուղից: Դասերի անցկացման համար չկար համապատասխան շենք, այդ իսկ պատճառով դասերը անց էին կացվում Ադորց տան առաջին հարկում, իսկ 1922 թ. այն տեղափոխվեց իջևանատուն: 1924-1925 թթ. ուսումնական տարում այն դառնում է լրիվ տարրական տիպի դպրոց՝ 1-4-րդ դասարաններով, որում սովորում էին 27 աշակերտ, իսկ դասավանդում էին 2 ուսուցիչ, այն էլ ոչ տեղացի: 1926-28 թթ. դպրոցում ուսուցիչ էր աշխատում Բաբկեն Սադոյանը, ով բացի լավ ուսուցչից նաև հայտնի մտավորական էր: 1933-34 ուստարում դպրոցը վերածվում է յոթամյա  դպրոցի, իսկ այստեղ դասավանդում էր Շուշիկ Հովհաննիսյանը: Նա գյուղի առաջին ուսուցչուհին էր: Այդ ժամանակ դպրոցում սովորում էր 124 երեխա, իսկ աշխատում էր 8 ուսուցիչ: 1959-1960 ուստարում, յոթամյակի բազայի վրա  բացվում է առաջին 8-րդ դասարանը: Իսկ 1960-61 ուստարում դպրոցի տիպը դարձավ ութամյա, 9 դասարանով, որտեղ սովորում էին 187 աշակերտ, աշխատում 11 ուսուցիչ, որոնցից 8-ն արդեն կոռնիձորցիներ էին: 1968-1969 ուստարում դպրոցի տիպը փոխվեց միջնակարգի, որտեղ սովորում էին 370 աշակերտներ, իսկ 1973-74 ուստարում սովորում էին 426 աշակերտներ:[41]

Կոռնիձորում 1950-ական թթ. սկզբին բացվում է լիկկայան, որտեղ աշխատանքից հետո հաճախում էին տարիքվ մեծերը և փորձում էին գոնե տառաճանաչ դառնալ:

Ինչպես ցանկացած այլ վայրում, այնպես էլ Կոռնիձորում մշակութային կյանքի կարգավորման համար հենասյուն էր համարվում ակումբն ու գրադարանը: Վերջինս բացվել է 1932 թ. և սկզբում այտեղ կար ընդհամենը մի քանի կտոր գիրք: Առաջին  ակումբ գրադարանի վարիչ է նշանակվում  Արամ Հովհաննիսյանը: Նրա շնորհիվ աստիճանաբար հարստացվում է գրադարանի գրքերի ֆոնդը, ավելացվում է ընթերցասրահը, ինչը պայմանավորված էր նաև ընթերցողների թվի աճով: 1970 թ. գյուղի գրադարանն ուներ արդեն 9000 կտոր գիրք էր տեղափոխվում է ավելի լուսավոր ու հարմարավետ շենք: Այս տարիներին գրադանավարի պաշտոնում հաստատվում է Փառանձեմ Բաբաջանյանը:

Գյուղի կյանքում աշխուժացում է նկատվում 1950-ական թթ. սկբներին, երբ 1953 թ. բացվում է կինոկետ: Այս մասին վկայում է նաև Մ. Գալշոյանը իր «Երկեր» -ում:  Նա մասնավորապես նշում է.

-Գյուղում կինո կա. երեխաները թառել են ակումբի պատուհաններին…[42],-ապա նկարագրում է ֆիլմից մի դրվագ:

1963 թ. բացվում է գյուղի մանկապարտեզը, որտեղ առանձնացվեց 3 խումբ՝ ըստ տարիքի: 1971 թ. Կոռնիձորում կառուցվեց դպրոցի նոր շենքը[43],  որի կառուցման աշխատանքները ղեկավարում էր Բ. Ղռեճյանը:[44] 1973 թ-ից շահագործվեց ուսուցչի տունը, որտեղ մնում էին այն ուսուցիչները, ովքեր չունեին բնակարան: 1975 թ-ին էլ կառուցվում է մշակույթի մեծ շենքը, որտեղ կենտրոնանաում է և՛ կինոն, և՛ գրադարանը, և՛ ընթերցասրահը:[45] Ցավոք  արցախյան ազատագրական շարժման ժամանակ այն մեծապես տուժեց ու այլևս չվերականգնվեց, սակայն վերջին տարիներին կառուցվեց բոլորովին նոր ու հարմարավետ շենք, ճիշտ նախկին շենքի մոտ: Նորակառույց շենքում էլ կենտրենացված են միջոցառումների դահլիճը, գյուղապետարանը, գյուղի գրադարանը:

1980-ական թթ. սկսած ՝ խորհրդային տարիներին երկրին ապրում էր իր հասարակական, տնտեսական և սոցիալական կյանքի ամենահիվանդագին էջերից մեկը: Երկրում շարունակվում էր կառավարման վարչահրամայական ձևը: Գյուղը գնալով դատարկվում էր, իսկ տարիների ստեղծածը ՝ փոշիանում: Մարդիկ լքում էին իրենց բնակավայրերը ու հեռանում, որոշները երկրից էին դուրս գալիս, իսկ որոշներն էլ հեռանում էին Կապան, Քաջարան, Ջերմուկ, Գորիս և այլ վայրեր: Ժողովրդին կերակրող մշակը մեկնելով գյուղից ու հաստատվելով քաղաքում, սովորում է նոր արհեստ ու սկսում է այդպես իր ընտանիքի հոգսը հոգալ: Գյուղը օրըստօրե կորցնում էր իր նախկին հեղինակությունը, որովհետև այլևս նախկինի չափով չէին արտադրվում այն մշակաբույսերը, որոնք արտահանվում էին գյուղից: Բայց, երբ գյուղի ղեկավարությունը իր ձեռքն է վերցնում Անդրանիկ Սրապյանը, կարծես խարխլված դիրքերի վերականգնում ենք նկատում: Նա համառությամբ օգտագործում էր տնտեսության բոլոր ճյուղերը ՝ բնակչության կյանքը կարգավորելու ու բարեկեցիկ դարձնելու համար: Թերևս սա է հենց այն պատճառը, որի համար կոռնիձորցին սիրեց նրան: Ա. Սրապյանն իր պաշտոնում աշխատեց շուրջ 20 տարի: Այդ տարիներին նա արժանացավ Լենինի, Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանների և բազմաթիվ այլ մեդալների: Նա 1975 թ. հունիսի 15-ին ընտրվեց ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր: Ա. Սրապյանի մասին պատմել է նաև Մ. Գալշոյանը ու  շեշտել է, որ նա եռանդուն գործիչ էր, ում միտքը միշտ զբաղված էր գյուղի համար մի լավ գործ անելով:[46]

Գորբաչովյան վեևակառուցման ժամանակաշրջանում հանրապետությունում դատարկվել էր շուրջ 112 գյուղ: 1988 թ. մարդահամարի տվյալներով երկրի բնակչության 68 տոկոսը բնակվում էր քաղաքներում, իսկ մնացած 32-ը՝ գյուղերում: Արտադրվող արդյունաբերական ապրանքների գները գնալով բարձրանում էին,իսկ գյուղականի գները շարունակում էին մնալ նույնը: Նման իրավիճակ էր ողջ երկրի տարածքում, սակայն պատկերը Կոռնիձորում բոլորովին այլ էր . 1988 թ. տնտեսության յուրաքանչյուչ աշխատողի միջին աշխատավարձը կազմում էր 198 ռուբլի, կամ յուրաքանչյուր աշխատած օրվա համար 11-18 ռուբլի: Տնտեսությունն անցել էր հաշվարկի և ինքնաֆինանսավորման: Տնտեսության բոլոր ճյուղերում սկսեցին կիրառել կոլեկտիվ և ընտանեկան կապալի մեթոդները, որոնք սեփականության նոր ձևերի անցման էլեմենտներն էին: Գյուղում սոցիալ և մշակությանին կյանքում կատարվեցին մեծ տեղաշարժներ: Անցկացվեց գիշերային լուսավորություն, ջրմուղու ցանց: Շահագործման են հանձնվում գյուղի բաղնիքը, անասնագոմը՝ անասնապահների տների հետ միասին: Գյուղն աստիճանաբար նմանվում էր քաղաքատիպ բնակավայրի, ինչում իր մեծ ավանդն  է ունեցել Ա. Սրապյանը: Բայց և այնպես երկրի վատ վիճակն իր հետքն է թողնում Կոռնիձորի վրա: Գյուղացին սկսում է նախկինի համեմատությամբ ավելի քիչ արտադրել, մտածելով՝ կգնե՞ն իր արտադրանքը, թե ոչ: Իսկ, քանի որ գորբաչովյան վերակառուցման գաղափարները այստեղ ընդունվում էին իբրև սին խոսքեր, գյուղացին ձգտում էր սեփականության ձևի և տնտեսական հարաբերությունների մեջ հեղաշրջում կատարել, ագրագային քաղաքականության մեջ կառավարման վարչա-հրամայական մեթոդները վերացնել: Քանի որ գյուղացին հոգնել էր անընդհատ աշխատելուց, բայց չգնահատված լինեկուց, նա սկսում է արդեն հանրային սեփականությունն իրենը չհամարել: Այդ իսկ պատճառով ինչպես հանրապետության մի շարք գյուղերում, այնպես էլ Կոռնիձորում գյուղացին սկսեց պահանջել նոր վարչահչամայական և բյուրոկրատական միջոցներ, հրատապ է դառնում գյուղատնտեսության մեջ օգտագործել համաշխարհային գիտության վերջին նվաճումները: Գյուղացին նաև պահանջում էր իրավունք իր արտադրանքի գներն ինքը սահմանելու համար: Դա արդեն վկայում էր ապագայում  ազատ շուկայական հարաբերությունների մասին:

Վերոնշյալ պահանջներից ելնելով Կոռնիձորը չընդունեց վեռակառուցում, դեմոկրատիա և հրապարակայնություն հասկացությունները, դրանց կիրառումից հրաժարվեց՝ պատճառաբանելով նշված հասկացությունների գաղափարների ոչ հստակ լինելը: Ըստ այդ գաղափարների գյուղացու համար անգամ պարզ չէր, թե հետագայում ինչ ձևով է զարգանլու իր տնտեսությունը:

 Կոռնիձորը Հայրենական Մեծ պատերազմի նախօրյակին և հետպատերազմյան տարիներին

Դարերի հետ, խոր-խոր ձորերում ապրել է Կոռնիձորը, կարիքի ու ծանրության տակ շատ է  տնքացել կոռնիձորցին և օրվա հաց որոնելով երբեմն թողել է իր հայրենի գյուղն ու տասնամյակներով կամ էլ դեգերել է օտար ափերում: Սակայն, երբ 1920 թ. նոյեմբերի 29-ին Հայաստանը դարձավ խորհրդայինկազմի մեջ,իրավիճակը բավականին փոխվեց: Կոռնիձորցու համար իր հայրենիքը դրանից հետո սկսեց չսահմանափակվել միայն փոքրիկ գյուղով, այլ նա  հայրենիքը համարեց նաև այն բոլոր երկրները, որոնք մտնում էին ԽՍՀՄ-ի կազմի մեջ: Այդ էր թերևս պատճառը, որ կոռնիձորցիների մեծ մասը հեռանում էր հենց այնտեղ: Սակայն խորհրդային կարգեր հաստատվելու հետո գյուղում տեղի ունեցան մեծ փոփոխություններ:

Մինչպատերազմյան շրջանում արդեն աշխուժացում էր նկատվում գյուղի տնտեսական կյանքում: 1934 թ. մարտին  շրջկոոպի աշխատող Ղևոնդ  Մուրադյանը հայտնում է, որ Գորիսի շրջոոկապը կոլտնտեսություններին վաճառելու համար մեկ մեքենա է ստացել: Գորիս են մեկնում Նիլոլայ Բաբաջանյանը և Ասատուր Հովհաննիսյանը: Շրջկոմի քարտուղար Հովսեփյանի միջնորդությամբ այդ մենքենան հատկացվում է Կոռնիձորին: 3 օրից հետո՝ ապրիլի 2-ին, մեքենան արդեն բերում են Կոռնիձոր:

Նույն թվականի աշնանը՝ բերքահավաքի առաջին օրերին Գորիսի շրջհեղաբաժվար Գրիգոր Ավագյանը հայտնում է, որ Կոռնիձորի կոլտնտեսության անունով մի կալսիչ մեքենա են ստացել, որը գտնվում է Եվլախի երկաթգծի կայարանում: Գյուղխորհրդի նախագահ Նիկոլայ Բաբաջանյանը 5 կոլտնտեսականների հետ միասին մեկնում է Եվլախ,սակայն մինչ այդ էլ հրահանգում է,որ բերքը կենտրոնացնեն Բայլաղ կալում, որպեսզի բերված մեքենայով մշակեն: Կասլիչ մեքենայի տեղափոխումը տևեց 7 օր, սակայն առաջանում է մեկ այլ խնդիր. գյուղում չկար մեխանիզատոր, ով կարողանար գործի գցել մեքենան: Ստիպված Տեղ գուղից հրավիրվում է Հայրապետ անունով մի մեխանիզատոր, ով գործի է գցում կասլիչ մեքենան: Հայրապետի հետ սկսում է աշխատել գյուղի դարբին Բախշի Շահնազարյանը և մեկ ամսից արդեն մեքենան գործի են գցում: Դժբախտաբար այն այդպես էլ չեն կարողանում օգտագործել կոնկրետ նպատակի համար, որովհետև օրական աշխատում էր ընդհամենը 1-2 ժամ ու կանգնում: Գուղի մեծ մարդիկ արդեն բողոքում էին ու անգամ պահանջում, որ  կրկին անցնեն աշխատելու նախկին մեթոդին,բայց գյուղի ղեկավարությունը դեմ էր: Հենց այս ժամանակ է ,որ գյուղ է գալիս  Հայաստանի կոմկուսի  Կենտրոնի քարտուղար Աղասի Խանջյանը և Կենտգործկոմի նախագահ Սահակ Տեր- Գաբրիելյանը: Գյուղացիները նրանց ներկայացնում են ստեղծված իրավիճակը: Աղասի Խանջյանը իր մոտ է կանչում Ասատոր Հովհաննիսյանին ու հարցնում  իրավիճակի մասին: Արդյունքում պարզ է դառնում,որ գյուղն ավելի կարիք ունի տրակտորի,քան կասլիչ մեքենայի և ղեկավարները տեղում լուծում են այս խնդիրը: Արդեն սեպտեմբերի 27-ին առաջին տրակտորը մտավ գյուղ: 1934 թ. Հայաստանում խորհրդային կարգեր հաստատելու 14-րդ տարեդարձի օրը գյուղը հոսանք է ստանում Գորիսի էլեկտրակայանից:

1934 թ. վերջին ամբողջ գյուղը կոլեկտիվացված էր:

Գյուղի քաղաքական կյանքում մեծ եռուզեռ առաջացրեց 1936 թ. ԽՍՀՄ և Հայկական ԽՍՀ նոր սահմանադրությունների ընդունումը: Ավարտվել էր գյուղի վերակառուցումը:

1937 թ. մայիսի 14-ին կոլտնտեսության նախագահ է ընտրվում Ավանես Խաչյանը: Նա իր գործի նվիրյալն է համարվում և մինչ այժմ գյուղում նրան հիշում են միայն լավ գործերի շնորհիվ, չնայած 1938 թ. 9 ամսով նրան իր պաշտոնում փոխարինում է Ռուբեն Բալյանը, բայց նա  1939 թ. նորից վերընտրվեց նույն պաշտոնում և պաշտոնավարեց մինչև Հայրենական մեծ պարտերազմի սկիզբը: 1939 թ.  սեպտեմբերի 9-ին Ավանես Խաչյանը և Գրիգոր Բաբաջանյանը միասին մասնակցում են Մոսկվայում հրավիրված հարվածային կոլտնտեսականների համամիութենական խորհրդակցությանը: Գյուղը կամաց-կամաց վերածնվում էր: Բայց 1937 թ. սկսած Կոռնիձորից շատերը հեռացան, ինչը հատկապես պայմանավորված է ստալինյան բռնաճնշումների ուժեղացմամբ:

Գյուղի բնականոն կյանքը խախտվեց 1941 թ. հունիսից, երբ սկսվեց Հայրենական Մեծ պատերազմը: Այն սկսեց գուղից շատ հեռու, սակայն բոթն արագ հասավ գյուղ և 47 կոռնիձորցիներ ճանապարհվեցին Կապան: Շուտով նրանց թիվը հասավ 443-ի: Գյուղում կամաց-կամաց արդեն նկատվում էր տղամարդու պակաս և հետևաբար տան ողջ հոգս  ընկնում էր կնոջ ուսերին: Նրանք ծերերի ու երեխաների հետ աշխատում էին գիշեր-ցերեկ, որպեսզի հասցնեն ու մթերք մատակարարերն խորհրդային բանակին: Սրան հակառակ տարեց տարի ավելանում էր  կռվող զինվորի բաժինը: Հողի աշխատավորներն իրենց միջոցներից անձնական նվիրատվության կարգով, հայրենիքի պաշտպանության ֆոնդին և ուղիղ ռազմաճակատ են ուղարկել 3000 զույգ գուլպա, 500 զույգ ձեռնոց, 1982 ցենտեր հատիկ, 75000 ռուբլի, 2000 հատ ծանրոց, 2300 կգ մաքուր պղինձ, անգամ դպրոցի պղնձյա զանգը, որն այժմ գտնվում է Գորիսի թիվ 4 դպրոցում:[47]

Պատերազմի տաիներին կոլտնտեսության նախագահ Հարություն Մայիլյանը հանդես էր գալիս որպես տնտեսական աշխատանքների և հայրենիքի պաշտպանության համար հավաքվող միջոցներ՝ օգնության ֆոնդի լավագույն կազմակերպիչ: Ամեն ինչ գյուղում անում էին հաղթանակի համար, իսկ առաջնագծում կոռնիձորցին կռվում էր հերոսությամբ՝ չմոռանալով թիկունքում գտնվող ընտանիքների մասին: Նրանք անըդնմեջ նամակներ էին գրում տուն՝ պատմելով ծավալվող իրադարձությունների մասին: Ահա ռազմաճակատից ուղարկված նամակներից մեկում ինչ է գրում Գուրգեն Պետրոսյանը.

«1941 թ. դեկտեմբերի 7:

Այսօր լրացավ 30 տարիս: Տարեդարձս նշանավորեցի 4 գերմանացի գերելով: Գերմանացիները կորցրելեն գլուխները, չգիտեն՝ ինչ են անում մեր հողերում:

Սիրելի Լուսիկ, ժամանակ չունեմ նամակ գրելու: Երեկ գերմանացիների ձեռքից էլ  խլեցինք մի գյուղ: Պատկերացրու այն պահը, երբ մտնում ես ազատագրված գյուղ՝ բոլորը քեզ ցնծությամբ են ընդունում, գրկում, համբյուրում: Իմ թանկագին մայր, երեկ հրաշքով փրկվեցի, սակայն, ինքս գերմանացիներ ոչնչացրի: Մենք միշտ մտածում ենք հաղթանակի մասին, իսկ դուք այդտեղ լավ աշխատեք, որովհետև յուրաքանչյուրիդ աշխատանքը ռազմաճակատի համար է, մեր հաղթանակի համար է:

Շուտով տուն կվերադառնանք հաղթանակով»:[48]

Մի ուրիշ ռազմաճակատային՝ Ներսես Բալյանը 1943 թ. սեպտեմբերի 15-ին իր կնոջը գրում է. «Մեր հաղթանակով կվերջանա պատերազմը: Այդ ժամանակ կամփոփվի մեր կատարածը թե՛ ռազմաճակատում, թե՛ թիկունքում: Մնաք բարով մինչև հաղթանակով վերադառնալս, այդ ժամանակ մենք բոլորս կտոնենք մեր հաղթանակը»:

89-րդ Թամանյան դիվիզիայի 400-րդ նախկին գնդի կուսբյուրոյի քարտուղար Մ. Հակոբյանը Ն. Բալյանի մասին նրա կնոջը գրել է. «Երջանիկ եք դուք, որ նման ամուսին եք ունեցել: 1945 թ. փետրվարի 16-ին թեժ մարտերում նա վիրավորվեց, սակայն նրա քաջագործութունը օրինակելի էր շատերի համար: Վստահաբար դուք կարող եք ձեր գլուխը բարձր քայլել, որովհետև հերոսի կին եք»:

Ներսես Բալյանը հետագայում արժանացավ «Կարմիր աստղ», «Հայրենական պատերազմի 2-րդ աստիճան», «Հայրենական պատերազմի 3-րդ աստիճան»  և մի շարք այլ մեդալների: Բայց նա ևս չտեսավ հաղթանակի արևը,որի մասին այդքան երազում էր: 1945 թ. մայիսի 2-ին Բեռլինի գրոհի ժամանակ Բրանդենբուրգյան դարպասի ուղղությամբ հետախուզություն  կատարելիս նա հերոսաբար զոհվում է :

Հայրենական պատերազմում հերոսաբար ընկան 146 կոռնիձորցիներ: Նրանց թվում էր նաև պապիկիս հայրը՝ Գարեգին Սահիլյանը: Նա 1943 թ. վիրավորվեց մարտերից մեկի ժամանակ ու տեղափոխվեց Կերչի հիվանդանոց:  Սակայն ֆաշիստական բանակը հարձակվում է հիվանդանոցի վրա ու այն կրակին է տալիս, ինչի արդյունքում մահանում է նաև նա, իսկ մահվան լուրը հարազատներն իմանում են միայն պատերազմի ավարտից հետո, երբ նա էլ չի վերադառնում:

Պատերազմից տուն դարձածներն ու բոլոր համագյուղացիները վճռեցին ֆաշիզմի դեմ մղած մարտերում զոհված իրենց ընկերների և քաջորդիների հիշատակը հավերժացնող հուշարձան կանգնեցնել նոր կառուցվող գյուղի սրտում: Հուշարձանի կառուցման համար կազմվեց հանձնաժողով, որի կազմում գտնվում էին.

Լևոն Դավթյանը

Անդրանիկ Սրապյանը

Ասատուր Հովակիմյանը

Անդրանիկ Սողոմոնյանը

Գրիգոր Ավետիսյանը:

Նմանատիպ մի հանձնողով էլ կազմվում է Բաքվում՝ այնտեղ բնակվող կոռնիձորցիներից: Այդ հանձնաժողովի մեջ էին մտնում՝

Բախշի Շահնազարյանը

Բալասան Հովհաննիսյանը

Ասատուր Հայրապետյանը

Հայրապետ Սողոմոնյանը

Ասատուր Ավանեսյանը:[49]

Կոռնիձորում հուշարձանի բացումը տեղի ունեցավ ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 23-րդ տարեդարձի օրը՝ 1968 թ. մայիսի 9-ին:[50]

Արձանի բացումը դարձավ իսկական տոնակատարությունը, որին ներկա էին նաև հյուրեր Գորիսի այլ գյուղերից ևս: Նրանց թվում էր նաև ՀԿԿ Գորիսի շրջկոմի առաջին քարտուղար, Հայրենական պատերազմի մասնակից, տնտեսական գիտությունների թեկնածու, համագյուղացի Քրիստափոր Բաբայի Պետրոսյանը:

Պատերազմի ավարտից հետո սկսվեց վերականգման մի նոր շրջան: 1946-1950 թթ. հնգամյա պլանի ընդունվելուց հետո, գյուղի աշխատավորներն անցան դրա իրականացմանը: Այդ տարիներին կուս. կազմակերպության, կոլ. վարչության և նրա նախագահ Հայրապետ Ասրյանի, բրիգադների, ֆերմայի վարիչների հիմնական խնդիրը դարձավ ցանքատարածությունների ընդարձակումը,անասունների գլխաքանակի ավելացումը,բերքատվության ու մթերատվության բարձրացումը: Այս ամենում գյուղը մեծ ռեկորդներ սկսեց սահմանել, սակայն սրա հետ միասին սկսեց նաև մեծ տեռորը:

1949 թ. ստալինյան բռնադատմանը ենթարկվեցին  Մինաս Գյուլջհանանցին, Մուխան Զաքունցին, Սարգիս Ջռահանցին, Կոլյա Մալբաբունցին և նրանց ընտանիքները, ովքեր աքսորվեցին Ալթայի երկրամաս: Նրանք արդարացվեցին և գյուղ վերադարձան Ստալինի մահից հետո՝ 1955 թ-ին: 1945 թ. համեմատությամբ 1950 թ. ցանքատարածությունները հասցվեց  870 հեկտարի, համախառը բերքը 6170-ից 10041 ցենտերի, մեկ հեկտարի բերքատվությունը 7-ից 12 ցենտերի, անասունների գլխաքանակը՝ խոշորինը՝ 776-ից 912-ի, ոչխարներինը՝ 4713-ից 6538-ի: 1945 թ. մեկ աշխօրի հասանելիքը 1կգ. 680 գրամից  1950 թ. հասավ 4 կգ 800 գրամի:[51]

Գյուղի կյանքում մեծ փոփոխություններ նկատվեցին 1950-1959 թթ: Գյուղի հեռանկարի և նրա տնտեսութան հետագա զարգացմանը խթանեց 1953թ-ի ՍՄԿԿ Կենտկոմի սեպտեմբերյան պլենումի որոշումը: Կոռնիձորի կոլտնտեսության վարչության նախագահն էր Վազգեն Հովհաննիսյանը, իսկ կուսկազմակերպության նախագահն էր՝ Լևոն Դավթյանը: Նրանց համատեղ աշխատանքը շուտով տվեց իր պտուղները: Գյուղատնտեսական ապրանքների  քանակը ավելացավ, ինչը նպաստեց պատերազմի հետևանքով առաջացած վնասների վերացմանը: 1956 թ. կուսակցության կոչով  գյուղ է գալիս Սերյոժա Հայրապետյանը, ով դառնում է կոլ. վարչության նախագահ: Նա բավականին բանիմաց անձնավորություն էր և ձեռնամուխ է լինում մի շարք հասարակական շենքերի կառուցմանը ու համարվում է նոր գյուղի կառուցման և տեղափոխման հեղինակը: Նա անձամբ է գծագրել դեպի Աղավնո գետն իջնող ճանապարհը և ձեռնամուխ եղել դրա կառուցմանը: Դրա համար էլ կոռնիձորցիների շրջանում նա հայտնի է,  շինարար անունով: Կոռնիձորը կամաց-կամաց սկսում է վեր բարձրանալ: 1957 թ-ին գյուղն արդեն տեղափոխվում է նոր վայր ու խուլ ձորից դուրս է գալիս: Գյուղի տողափոխման ակտիվ նախաձեռնողներից էր Լևոն Դավթյանը, որն առաջինը երկհարկանի բնակարան կառուցեց նոր գյուղատեղիում: Գյուղի արագ կառուցմանը նպաստում էր կոլտնտեսությունների եկամուտների արագ աճը:

Ոգեշնչված 1961 թ. կայացած ԽՄԿԿ 21-րդ համագումարի որոշումներով, գյուղի աշխատավորները իրենց ներդրումները կատարեցին յոթամյա պլանի կատարման մեջ և շրջանում գրավեցին առաջին տեղը: Խորհրդային իշխանության տարիներին գյուղում ստեղծվեց մեքենայացված և էլեկտրաֆիկացված հզոր կոլեկտիվ տնտեսություն, իսկ կոլտնտեսականների եկամուտները 1938 թ-ի համեմատությամբ 1967թ. աճեց 3,2 անգամ: 1967 թ. գյուղում արդեն  գազ էին  օգտագործում, սկսում է գործել նաև հեռախոսակապը: Մուտք գործեց հեռուստացույցը: Այդ տարիներին՝ 1961-1968 թթ. կոլտնտեսության վարչության նախագահն էր Լևոն Դավթյանը:[52]

1968 թ. կոլտնտեսականներն իրենց ընդհանուր ժողովում կոլտնտեսության նախագահ ընտրեցին երիտասարդ, Լենինի շքանշանակիր Անդրանիկ Սրապյանին: Նրա միջոցով արդեն կարծես ավարտին էր հասնում Կոռնիձորի շինարարությունը: Կառուցվել էին խանութի, ուսուցիչների բնակելի և բաղնիքի հսկա շենքերը:

Երկրի համար բավականին ծանր ժամանակներ էին, սակայն սրա հետ մեկտեղ 1988 թ. դեկտեմբերի 7-ին տեղի ունեցավ Սպիտակի երկրաշարժը: Սա համազգային ողբերգություն էր, որը խլեց 25000 հայի կյանք: Երկրաշարժը զգացվեց նաև գյուղում: Նման պարագայում կոռնիձորցին չէր կարող ձեռքերը ծալած նստել: Մի քանի գյուղացի երիտասարդներ մեկնեցին Գյումրի,Սպիտակ տուժածներին օգնելու: Նրանք գնում են ոչ դատարկաձեռն: Գյուղացիների նախաձեռնությամբ, մինչև երիտասարդների  Գյումրի մեկնելը, գյուղում սկսվեց գուղատնտեսական մթերքների, դեղամիջոցների, տաք հագուստների ու վերմակների հավաքում: Թեպետ լինելով տարածքով փոքրիկ գյուղ, Կոռնիձորը հավաքեց մեծ քանակությամբ առաջին անհրաժեշտության ապրանքներ և ուղարկեց աղետի գոտի: Սա ևս մեկ անգամ փաստում է այն, որ հայը միշտ դժվար օրերին օգնում է իր դրկիցին ո՛չ միայն սննդով և ապրանքնորով, այլ նաև հոգեբանորեն ապացուցում, որ նա միայնակ չէ:

Կոռնիձորն Արցախյան ազատագրական շարժման ժամանակ և «Կոռնիձոր»  կամավորական ջոկատի կազմավորումը

1919 թ ձմեռնամուտին Բաքվի կոմունան կործանած թուրքական զորքերը փորձված դահիճ Նուրի փաշայի գլխավորությամբ հարձակվում են Զանգեզուրի վրա: Այդ բանակի քսան հազարանոց մի ճյուղ գրոհում է Կոռնիձորի վրա: Գյուղի քահանա տեր Գրիգորը` իր չորս որդու հետ դիրքեր է բռնում թուրքերի դեմ, մինչեւ լեռների մյուս գյուղերից գալիս են ինքնապաշտպանության ջոկատները եւ թշնամուն  ջախջախելով հետ շպրտում:

Սերո Խանզադյան

Քահանա տեր Գրիգորի հետնորդները Կոռնիձորի պատմությունում միշտ եղել են ու սխրանքներով լեցուն էջեր թողել սերունդներին: Ու սերունդներն այդ չեն պարծեցել նրանց քաջագործություններով, այլ ընդունել են ի գիտություն, ներշնչվել նրանցով, և , երբ եկել է հատուցման ժամը, միավորվել են եւ թշնամուն իր տեղը դրել: Այդպես էր նաեւ արցախյան շարժման ժամանակ: Իսկ Կոռնիձորն Արցախի քթի տակ է: Թե մի պինդ փռշտաս, Արցախում կլսեն: Գյուղի թոնրի լավաշի բույրը Արցախ է հասնում: Երբ Արցախն անկախության դրոշ պարզեց` գազազած ադրբեջանցիները հարձակվում էին կոռնիձորցիների վրա, խոշտանգում բնակիչներին:

Արցախյան շարժումը Կոռնիձորը դիմավորեց  անզեն, անպատշպան: Կոռնիձորը լինելով սահմանամերձ, դարձավ սահմանապահ: 1988 թվականին ազերիները առևանգեցին գյուղի հոտը պահող Մարտուն Ավագյանին և Լևոն Ասրյանին: Խոշտանգելուց, տանջելուց հետո վերադարձրեցին նրանց դիակները:[53] Ցասման ալիքը միավորել էր շատ հայկազուներին: Կոռնիձորի բնակչությանը շտապեցին օգնել Հայաստանի տարբեր բնակավայրերից ֆիդայիներ:  Ծանր էր վիճակը նաև Արցախում, Բերդաձորի ենթաշրջանի գյուղեր շրջապատված էին Ադրբեջանական բնակավայրերով: Բերդաձորի ամենամոտ բնակավայրը Կոռնիձոր: 1989 թվականին Վազգեն Սարգսյանը Բերդաձոր ուղարկած ՄՀՈՋ –ի ջոկատները ուղարկեց Կոռնիձորից, բազմաթիվ անգամ կոռնիձորցիների ուղեկցությամբ գիշերը ֆիդայիների ջոկատներ ուղարկվեց Բերդաձոր: Կոռնիձորը դարձել էր ռազմական հենակետ, այնտեղ էր Գորիսի Քոլատակի ջոկատը (հրամանատար Սուրիկ Բաղդասարյան), ՀԱԲ-ի ջոկատը՝ Վասիլյանի հրամանատարությամբ, Տիգրան-Մեծ ջոկատը, Կոռնիձոր ջոկատը՝ Արա Խուդավերդյանի գլխավորությամբ: Գյուղի ազգաբնակչության  15-ից 60 տարեկան բոլոր տղամարդիկ կազմել էին ջոկատներ և կազմակերպում էին սահմանը հսկող հերթապահությունը: Գյուղում էին Արտաշատի , Հոկտեմբերյանի ջոկատները:

Կոռնիձորը պինդ ոսկոր էր թշնամու կոկորդում, ինչը  վկայել է Գարեգին Նժդեհն, ով մի առիթով ասել է, որ Զանգեզուրի արևելյան դարպասը Կոռնիձորն է, իսկ քանի որ Ադրբեջանի վաղեմի երազանք էր, որպեսզի գրավի  Զանգեզուրը, հետևաբար հարվածը պետք է սկսվեր հենց Կոռնիձորից: Գյուղն ամեն օր հրթիռակոծվում էր Աղվանական հարթուրթյունից, Զաբուղից, Արցախի մի շարք բարձունքներից: 1989 թվականի դեկտեմբերի 7-ին տեղի ունեցավ առաջին հայ-ադրբեջանական կռիվը՝ Կոռնիձորի կռիվը, որի ժամանակ հայկական կողմն ունեցավ առաջին կորուստը՝ զոհվեց ուջանցի Նորիկը ,ապա գյուղն ունեցավ իր առաջին խաղաղ զոհերը՝ Ռուզաննա Քարամյան (ուսուցչուհի), Մանյա Ալեքսանյան, և այլք: Հաշվի առնելով այս ամենը,կազմավորվեց կամավորական ջոկատ՝ «Կոռնիձոր»-ը՝ 1989-ին, Երևանում։ Ջոկատի անդամները սկզբում եկան Սիսիանի շրջան: Այսպես սկսվեց նրանց մարտական ուղին: Այստեղ նրանք տեղեկանում են, որ Կոռնիձոր գյուղի վրա հարձակում է եղել: Ձիերով, մեքենաներով ջոկատի անդամները տեղափոխվում են Կոռնիձոր ու հետագա գործունեությունը ծավալում այնտեղ: Առաջին մարտերը մղել է Գորիսի շրջանի Կոռնիձոր գյուղի ինքնապաշտպանության ժամանակ (այստեղից էլ՝ ջոկատի անվանումը)։ Ունեցել է դրոշ և  զինանշան։ 1989-94-ին ջոկատը[54] կամ նրա առանձին ազատամարտիկներ տարբեր ջոկատների ու  ԻՊՈՒ  ստորաբաժանումների կազմերում մասնակցել են ՀՀ Գորիսի (Կոռնիձոր, Շուռնուխ ևն), Իջևանի (Վազաշեն), Նոյեմբերյանի (Ոսկեպար, Կոթի), Ճամբարակի (Ջիլ, Օրջոնիկիձե), Սիսիանի (Գորայք, Կըզլջուղ) և ԼՂՀ Շահումյանի (Էրքեջ, Բուզլուխ, Մանաշիդ, Կարաչինար), Մարտակերտի (Լենինավան, Չայլու, Կարմիրավան և այլն), Շուշիի, Լաչինի, Քելբաջարի, Ֆիզուլիի (Հորադիզ) շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Հրամանատարն էր Ա. Խուդավերդյանը։

1991 թ. ձմռանը ադրբեջանական ՕՄՈՆ-ի մի խումբ գաղտնի մտավ գյուղ և սպանդի ենթարկեց Սուլթան Թումանյանի ողջ ընտանիքը, իսկ նրա եղբորը՝ Առուշին ու թոռանը՝ Վրեժին գերի տարան, որոնց հետագայում միայն հնարավոր եղավ փոխանակման արդյունքում վերադարձնել հայրենիք: Պատերազմի ամենաօրհասական պահին գյուղում մնացել էին միայն տղամարդիկ, ովքեր վախենալով իրենց ընտանիքների համար, տեղափոխել էին այլ  շրջաններ: Գյուղում, սակայն, կար երկրապահ ջոկատ, որն անցնում է ակտիվ հարձակողական գործողությունների: Տեր — Գրիրգորի քաջ սերունդները ոտքի ելան իրենց հայրենիքն ազատելու համար: Քաջաբար կռվում էին Կամո Գալստյանը (Չոպո), Ազնիվ Բալասանյանը (Չեստնի), Գագիկ Միրզոյանը, Կոմիտաս Դավթյանը, Պեպո Սայիլյան (հայրս)  և այլք: Կատաղի պայքար էր ընթանում հատկապես Քումբազում (ընկուզենու մեծ այգի գյուղից մի փոքր ներքև), իսկ սկզբնական  շրջանում հարձակողական գործողություններ էին ընթանում Ներքին Ջիջիլմի և Ղազուլու կոչվող շրջաններում,որոնք ղեկավարում էր Կամո Գալստյանը (2008 թ. նոյեմբերից սկսած Կոռնիձորի միջնակարգ դպրոցի ռազմագիտության լսարանը կոչվում է նրա անունով ):

1991 թ. մայիսի 20-ին Սուրիկ Կարապետյանի (Հսկա) հրամանատարությամբ 18 հոգանոց մի ջոկատ գրավում է Ստրոյկան և Մալախալափը: Ադրբեջանական ջոկատը փախուստի պահին ստրոյակայում թողել էր 6 ԲՏԵՌ: Այս մարտում կոռնիջորցիներին մեծ օգնություն են ցույց տվել նաև Գորիսի, Վերիշենի և Հոկտեմբերյանի ջոկատները,ինչպես նաև Արաբո ջոկատը: Իսկ Լաչինի ազատագրելուց հետո  օգնության հասավ նաև Մարդանյանի գունդը: Բերդաձորի մարտում կոռնիձորցիներից շատերը վիրավորվեցին՝ Արամայիս Ղահրամանյան, Պեպո Սայիլյան (հայրս) ,Շահեն Աղաջանյան, Գևորգ Ահարոնյան և այլք: Թրակյանի գումարտակի պաշտպանության տակ Կոռնիձորի ջոկատը 1992 թ. հոկտեմբերի 4-ին անցավ Հագարու գոտը և գրավեց «Կոբրա» դիրքը, որն ուներ կենսական նշանակություն: Դրանից հետո Կոռնիձորի ջոկատն անցավ հարձակման  դեպի Ծաղկաբերդ: Ըստ մարտական պլանի աջ թևում պետք է հարձակման անցներ Խնձորեսկի ջոկատը՝ Սանասար Բեգլարյանի հրամանատարությամբ, որտեղ գտնվում էր ՕՄՈՆ-ի շտաբը: Ծաղկաբերդում էին հանգրվանել ՕՄՈՆ-ի տանկերը, հրետանին, գրադները և ուղղաթիռները: Այս մարտի ժամանակ զոհվեց կոռնիձորցի տանկի մեխանիկ Գագիկ Միրզոյանը,ում անունով էլ կոչվում է գյուղի ներկայիս մանկապարտեզը, իսկ նրա եղբայրը՝ Հովիկ Միրզոյանը ծանր վիրավորվեց: Ի վերջո 1993 թ. օգոստոսի 29-ին Ծաղկաբերդը գրավվեց: Կոռնիձորի ջոկատը մի քանի այլ ջոկատների հետ միանալով քշեց ազերիներին ու հասավ մինչև Արաքսի ափ, ապա նաև Հորադիզ,որտեղ մնաց մինչև դեկտեմբեր: Հենց այստեղ էր, որ պայմանական սահմանագծի պաշտպանության ժամանակ զոհվեց Ազնիվ Բալասանյանը[55]. նրա անունով էլ կոչվում է գյուղի միջնակարգ դպրոցը:[56]

Կոռնիձորի ջոկատը հետ եկավ միայն 1994 թ. գարնան վերջին, երբ արդեն կնքված էր զինադադար:

Աշխատանքը գրելու ընթացքում հանդիպեցի ռազմական գործողություններին մասնակցած մի քանի կոռնիձորցիների հետ: Նրանք հիշում են Արցախյան ազատագրական շարժումն այնպես, կարծես երեկ լիներ:

Անդրանիկ Հայրապետյանը, ով Կոռնիձորի ինքնապաշտպանական ջոկատի անդամ էր, ասում է. «Հավաքվեցինք, ջոկատ կազմեցինք: Կռվում էինք որսորդական հրացաններով: Հետո տղերքը զենք բերեցին, լավ զինվեցինք ու կռվելով հասանք մինչև Հորադիզ»:[57]

Իսկ Ռաֆիկ Բալասանյանը, ով հերոսաբար զոհված Ազնիվ Բալասանյանի հայրն է, նշում է. «Իմ հինգ տղաներն էլ դարձան կամավոր: Ես էլ էի նրանց օգնում: Նրանցից Ազնիվը զոհվեց: Կռիվ է, կռվում փլավ չեն բաժանում: Այսօր սփոփվում եմ նրանով, որ տղայիս անունով է կոչվում Կոռնիձորի միջնակարգ դպրոցը»: [58]

Արամ Թորգոմյանը, ով «Արամո»  ջոկատի հրամանատարն էր, հիշում է. «Զոհված ուջանցի Նորիկի գերեզմանին երդվեցինք ամուր պահել Կոռնիձորը, շարունակել նրա գործը: Երբ մտանք Կոռնիձոր, ժողովուրդը մեզ դիմավորեց ցնծությամբ: Մի օր լուր ստացանք, որ խորհրդային բանակի զորքերը գալիս են Կոռնիձոր` ֆիդայիներին զինաթափելու և գերեվարելու: Ժողովուրդը մեկ մարդու պես տեր կանգնեց մեզ: Նրանք թաքցրին և՛ մեզ, և՛ զենքերը: Գյուղ ու ֆիդայիներ ուս ուսի տված կռվեցինք, չտվինք Կոռնիձորը և թշնամուն ոչ միայն հետ շպրտեցինք, այլեւ նրան ստիպեցինք նահանջել կամ հանձնվել» :

«Կոռնիձոր»  ջոկատի հրամանատար և կազմակերպիչ Արա Խուդավերդյանը նշում է. «1989-90 թթ. մենք բոլորս վանկարկում էինք` հայ զինվորին հայ բանակ: Մենք  յոթ ընկերներով որոշում և ստեղծում ենք  «Կոռնիձոր» ֆիդայական-ազատագրական հայկական ջոկատը, որի հիմքի վրա էլ ստեղծվեց ջոկատաշինությունը»:[59] Փաստորեն տեսնում ենք, որ «Կոռնիձոր»  ջոկատը հիմք դարձավ ջոկատաշինությանը,որի հիմքի վրա էլ հետագայում ձևավոևվեց հայոց ազգային բանակը:

Պատերազմից հետո մի շարք ազատամարտիկ կոռնիձորցիներ մասնացեցին հայկական բանակաշինությանը՝ Ալբերտ Բաղդադյան (գնդապետ), Համո Ավանեսյան(փոխգնդապետ), Կոմիտաս Դավթյան (փոխգնդապետ), Նորայր Կարապետյան (գնդապետ),  Սեյրան Գալստյան (կապիտան):

Հիմա Կոռնիձորում արշալույսները խաղաղ են բացվում: 2012թ. նոյեմբերի 18-ին գյուղում տեղադրվեց խաչքար` ի հարգանք Կոռնիձորի պաշտպանների, ովքեր զոհվեցին Արցախյան պատերազմի ժամանակ: Խաչքարի[60] տեղադրումը զոհված ազատամարտիկներին ու կռված տղաներին հիշելու, գնահատելու մի յուրօրինակ փաստ-վավերագիր էր:

Խաչքարի տեղադրումը նախաձեռնել են Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը[61], ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանը և արցախյան ազատամարտի կոռնիձորցի մասնակիցները:

Կոռնիձորցին այժմ արժանի է լավ ու երջանիկ ապրելուն: Այդ իրավունքը նա վաստակել է ու նրան տվել են իր զավակները, ովքեր մահու և կենաց կռիվ մղեցին հանուն մայր հողի և հավաստեցին, որ իրենցից յուրաքանչյուրն է Գրիգոր տեր քահանան:

Գյուղն իր անցյալի և ներկայի հերոս զավակներով հպարտացել և հպարտանում է, թեկուզ մեծ զոհաբերությունների գնով՝ պաշտպանել ու շարունակում է պաշտպանել իր հայրենի հողը: Իր թափած արյունով և տված զոհերով հայրենի գյուղիս բնակիչները կերտել են այսօրվա իրենց օրը, հաստատել իրենց ապրելու  իրավունքը: Ժողովուրդս կարծես հետևել է Անատոլ Ֆրանսի այն խոսքին, թե. «Այն ժողովուրդը, որը չի ուզում մեռնել, երբեք չի մեռնի»:


[1] Ղ. Ալիշան , Սիսական, Տեղագրութիւն Սիունաց աշխարհի, Վենետիկ, 189З,  էջ 263

[2] Նույն տեղում

[3] Մարգարյան Ալ., Մի քանի տեղանունների ծագման մասին, ՊԲՀ,1988, թիվ 4 , էջ 127

[4]  Խանզադյան Ս, Հայրենապատում, գիրք Ա, Երևան, 1980, էջ 400:

[5] Տեղաբնիկ Սիմոն Սիմոնյանի կարծիքով

[6] http://www.armeniapedia.org/wiki/Կոռնիձոր

[7] Ղ. Ալիշան ,նշվ. աշխ. , էջ 187

[8] Սիմոնյան Ս, նշվ. աշխ., էջ 28-29

[9] Հավելված՝ նկար 1

[10] Պետրոսյան Քր., նշվ. աշխ., էջ 133

[11] Գալշոյան Մ., Երկեր, Yavruhrat Publishing,  2015 ,էջ 6

[12] http://www.armeniapedia.org/wiki/Կոռնիձոր

[13] Տեղեկություններ գյուղապետարանի աշխիվներից

[14] http://www.armeniapedia.hy.org/wiki/Կոռնիձոր

[15] Հուշարձանների պաշտպանության կոմիտե

[16] Հավելված՝ նկար 2

[17] Մ. Խորենացի ,Պատմություն հայոց, խմբ. ներած. և ծանոթություն Ս. Մալխասյան, Երևան, 1981, էջ 7-8

[18] Ղ. Փարպեցի ,Հայոց պատմություն, Երևան, 1982, էջ 451-453:

[19] Նույն տեղում

[20] Սարգսյան Գ., Մովսես Խորենացու  Հայոց պատմությունը, Երևան, 1991, էջ 8-9:

[21] Ստ. Օրբելյան ,Սյունիքի պատմություն, թարգմանությունը, ներածությունը և ծանոթագրությունները Ա. Ա. Աբրահամյանի, Երևան, 1986 ,էջ 119

[22] Մ. արք. Օրմանյան, Ազգապատում, Ա, 2001, Ս. Էջմիածին, էջ 506

[23] Նույն տեղում

[24] Ղ. Ալիշան,նշվ. աշխ. , 1893, էջ 1

[25] Հախվերդյան Ս., Գորիսի պատմություն, Գորիս, 1996 , էջ 39

[26] Խանզադյան Ս., Հարենապատում, Երևան, 1980 , էջ 399

[27]  Սիմոնյան Ս., նշվ. աշխ., էջ 41

[28] «Գավառ»  թերթ, Գորիս, 1910 , թիվ 3

[29] Սիմոնյան Ս., նշվ. աշխ., էջ 42

[30] Սիմոնյան Ս., նշվ. աշխ., էջ 43-44

[31] Հախվերդյան Ս., Գորիսի պատմություն, Գորիս, 1996, էջ 184

[32] Լալայան Ա. , Զանգեզուրյան դրվագներ 1917-21 թթ. , Երևան, 1985, էջ 12

[33] Հավելված՝ նկար 3

[34] Հավելված՝ նկար 4

[35] Սիմոնյան Ս., նշվ. աշխ., էջ 108

[36] Ականատեսի վկայություն, պատմում է Տեր Գրիգորի թոռան կինը՝ Անահիտ Սողոմոնյանը

[37] Ականատեսի վկայություն, պատմում է Տեր Գրիգորի թոռան կինը՝ Անահիտ Սողոմոնյանը

[38] Գալշոյան Մ., նշվ. աշխ.,,էջ 8

[39] Սիմոնյան Ս., նշվ. աշխ.. Էջ 45

[40] Հախվերդյան Ս., նշվ. աշխ., էջ  186

[41] Տեղեկություններ գյուղապետարանի արխիվներից

[42] Գալշոյան Մ., նշվ. աշխ.,էջ 6

[43] Հավելված՝ նկար 6

[44]  Պետրոսյան Քր., նշվ. աշխ., էջ 75

[45] Տեղեկություններ գյուղապետարանի արխիվներից

[46] Գալշոյան Մ., նշվ. աշխ.,էջ 8

[47] Սիմոնյան Ս., նշվ. աշխ., էջ 69-70

[48] Ականատեսի վկայություն, պատմում է Գ. Պոտրոսյանի ծոռը՝ Գ. Պետրոսյանը

[49] Սիմոնյան Ս., նշվ. աշխ., էջ 73-74

[50] Հավելված՝ նկար 5

[51] Գյուղապետարանի արխիվային տեղեկություններ

[52]  Սիմոնյան Ս., նշվ. աշխ., էջ 80

[53] Ականատես Սեդիկ Ասրյանի վկայությունը

[54] Հավելված՝ նկար  7

[55] Հավելված՝ նկար 8

[56] Տեղեկություններ գյուղապետարանի արխիվներից

[57] Հարցազրույց Անդրանիկ Հայրապետյանի հետ

[58] Հարցազրույց Ռաֆիկ Բալասանյանի հետ

[59] Հարցազրույց  Արա Խուդավերդյանի հետ

[60]  Հավելված՝ նկար 9

[61] Հավելված՝ նկար 10

More From Author

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի