Հուլիսի 22, 2019

Տղերքը՝ տխրադեմ ու ժպտադեմ

Տղերքը՝ տխրադեմ ու ժպտադեմ

 Զոհրաբ Ըռքոյան

  Քարեգահ գյուղի «Սոսե» բարեգործական մանկապարտեզի սան Արմինկա Աղաբեկյանը նույնպես մասնակից էր համայնքապետարանի կազմակերպած հուշ-ցերեկույթին՝ նվիրված անցած տարվա ապրիլյան քառօրյայում հերոսաբար մարտնչած ու մարտիրոսված տղաներին: Փոքրիկ աղջնակը Հայոց եռագույնն էր պահել ձեռքերում և իր ավագ ընկերների՝ համայնքի միջնակարգ դպրոցի աշակերտների հետ Արցախի սահմանն իրենց արյամբ անառիկ պահած տղաներին էր փառք տալիս: Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանն առաջիններից էր, որ արձագանքեց անցած ապրիլյան դեպքերին, ու հազարից ավելի կամավորներ, այդ թվում նաև քարեգահցիներ՝ հանդեսին մասնակից երեխաների հայրերն ու պապերը, եղբայրները, հասան առաջնագիծ: Գյուղի Սմբատ Թաթոսյանի անվան պատանեկան-երիտասարդական կենտրոնում էին համայնքի բնակիչներ, ուսուցիչներ, աշակերտներ, հյուրեր: Պատին քառօրյայում մարտիրոսված տղաների նկարներն էին՝ «Իմ գարունները քոնն են, հայրենիքե խորագրի տակ: Սկզբում հնչեց Արցախի Օրհներգը, եղավ լռության րոպե: Այնուհետև աշակերտները հանդես եկան երգով, բանստեղծություններ արտասանեցին՝ նվիրված քաջերին, եղավ նաև ռազմական պար: Յուրաքանչյուր մարտիրոս-զինվորի համար հնչեցին առանձին խոսքեր՝ նկարագրելով նրանց սխրանքը: Եղավ նաև փոքր բեմականացում՝ «Բալլադ զինվորի մասին» վերնագրով: Հանդեսի ավարտին շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Հարութ Ավաննեսյանը կարևոր համարեց նման միջոցառումները՝ ասելով, որ այն կայացավ հետաքրքիր ձևաչափով:

Համայնքի ղեկավար Մարինե Պետոյանը գոհունակություն հայտնեց երեխաներին, որ կարողացան լավ ներկայացնել նորօրյա հերոսներին: Նշեց, որ ապրիլ ամսին մեր ժողովուրդը շատ ցավ է տեսել, և 2016-ին նույնպես այն չարիք բերեց հային։ Սակայն այդ օրերը եղան հերոսական, քանի որ կային Ռոբերտի, Քյարամի, Նորիկի, Գոռի, Հենրիկի, մնացած անձնուրաց տղաների պես քաջորդիներ: Դիմելով հանդեսի մասնակիցներին՝ Մ. Պետոյանն ասաց.

 –Դուք պարտավոր եք մշտապես հիշել քաջորդիներին, շարունակել նրանք կիսատ թողածը:

 Նայում եմ տղաների նկարներին՝ ժպտերես ու տխրադեմ, առնական ու մանկական դեմքերով: Տարբեր են դեմքերը նրանց, սակայն հոգիները նույնն են՝ քաջությամբ ու հայրենասիրությամբ լի: Ընկան տղաները՝ իրենց մարմինը դարձնելով ասպար ու վահան Հայոց սահմանին: Ընկան, որ թուրքը չխանգարի հայ երեխաների անդորրը, ընկան՝ պաշտպաներով իրենց մայրերի ու քույրերի պատիվը, անվտանգությունը, երկրի խաղաղությունը: Շատերն այսօր իրենց տանը պետք է լինեին կամ մարտական հենակետում։ Սակայն մեկ տարի առաջ անմահացան ու ամենուր են, Հայոց բոլոր տներում, դպրոցներում, մանկապարտեզներում… Ողջ հայությունն է ճանաչում նրանց, ովքեր ևս մեկ անգամ հաստատեցին հայոց ոգու հզորությունը: Միջոցառման կազմակերպիչ, համայնքապետարանի ակումբավար Ա. Աղաբեկյանը շնորհակալություն հայտնեց դպրոցի անձնակազմին, որ իրականացավ հուշ-ցերեկույթը, ներկաներին, որ մասնակիցը եղան քաջերի փառաբանմանը:

 

 

  

About The Author

Related posts

Leave a Reply