Սեպտեմբերի 17, 2019

Տանձավեր. մատենագրական տեղեկություններ, խոսվածքը, պատմահնագիտական հուշարձաններ

Տանձավեր. մատենագրական տեղեկություններ, խոսվածքը, պատմահնագիտական հուշարձաններ

Մ. Քումունց

(Սեղմագիր)

Համառոտ ակնարկ

Մերօրյա հայկական լքվող, բայց տուրիզմի համար կարևոր նշանակություն ունեցող գյուղերի շարքում է Տանձավերը: Այն գտնվում է Սյունիքի մարզի Կապանի շրջանում՝ Քաշունի գետի հովտում՝ Կապան քաղաքից 37 կմ հյուսիս-արևմուտք: Ծովի մակերևույթից 1650 մ բարձրության վրա է: Ամենաբարձր վայրը Աշխարհատես բարձունքն է: Տանձավերը ընդգրկվել է պատմական Սյունիքի Մյուս Բաղք կամ Քաշունիք գավառում:

Մատենագրական տեղեկություններ

Տաձավերի մասին մեզ առաջին տեղեկությունները հասնում են Ս. Օրբելյանից: «Միւս Բաղք, որ անուանի Քաշունիք» Տաթևի հարկացուցակում նշվում է Տանձավայր՝ 8 միավոր հարկով[1]:

Ս. Օրբելյանի և հետագա մատենագիրների մոտ կան վկայություններ, որոնք վերաբերում են Տաթևից դեպի Քաշունիք գավառի Երիցվանք տանող ճանապարհին։

ճանապարհի երկարությամբ կառուցված  պաշտպանական մի քանի ամրություններ վկայում են նրա կարևորության մասին»[2]:

Միջնադարյան Սյունիքի պաշտպանական հենակետերի շարքում է ընդգրկվում նաև տանձավերի<Տանձավայրի («հնում այն կոչվում էր տանձավայր»[3]) բերդը: Տանձավերով անցնող կարևոր ճանապարհի մասին հիշատակվում է նաև Աբրահամ Կրետացու մոտ՝ Նադիր շահի թագադրությունից վերադառնալը նկարագրող մասում. «Եւ ապա ելեալ ի վանաց անցանելով ընդ Տանծաւէր ամայի գիւղ,  հասանք ի գիւղն Երիցվանիկ»[4]:

Բնակավայրի անունը

Տանձավեր<Տընձըվէր բնակավայրի անունը այլ նշանակություն չունի: Տեղանքի տանձաշատ լինելու համար գյուղն անվանվել է Տընձըվէր=տանձ + ի + վայր: Ուրիշ անուն մեզ հայտնի չէ:

Խոսվածքը  

Տանձավերցիները խոսում են Շրվենանց գյուղի խոսվածքով, լայն առումով՝ Կապանի խոսվածքի մեջ է ընդգրկվում[5], և սխալ են այն դիտարկումները, որոնցում Տանձավեր և Աղվանի գյուղերին նույն խոսվածքն են վերագրում՝ ընդգրկելով Գորիսի բարբառի կազմում:

Պատմահնագիտական և մշակութային հուշարձաններ

Տանձավեր գյուղում հնագիտական պեղումներ մանրամասնորեն անցկացված չեն: Այդ նպատակով բնակավայր առաջին անգամ այցելել է Օ. Խնկիկյանը 1974-1975թթ.: Տանձավեր գյուղի արևմտյան մասում հայտաբերվել է Ք.ա. III հազարամյակի ղամբարան-քարայր[6]։

Ըստ պատմահնագիտական ուսումնասիրությունների՝ Տանձավերի հնագույն մշակույթը ընդգրկվում է Կուր-արաքսյան (բրոնզեդարյան)՝ Ք.ա. 2900-2500 ժամանակաշրջանում թվագրվող մշակութային խմբում, ապա Լճաշեն-մեծամորյան (վաղ երկաթի դար)՝ Ք.ա. 1200-900 մշակութային խմբում[7]:

Տանձավերում կան նաև 5-18 դդ. հին գյուղատեղի, վաղ միջնադարի  առանց թվագրության կիսավեր եկեղեցի, 1705թ. Ս. Հռիփսիմե բազիլիկ եկեղեցին, որոնց վերաբերյալ մատենագրական և այլ բնույթի տեղեկություններ առանձնապես չեն հանդիպում:

20-րդ դարի սկզբներին Տանձավերը եղել է հայ-թյուրքական բախումների կիզակետում:

Հայրենական պատերազմին 30 տանձավերցի է մասնակցել:

Տանձավերը թյուրքական բնակիչներից ազատագրվել է 1920-ական թվականներին: 1926-30թթ. այստեղ բնակություն է հաստատել 20 ընտանիք Շրվենանցից, 18 ընտանիք Լեռնաձորից, Հարժիսից և Վայքից:

Ամենաքիչ բնակիչ ունեցել է 1886թ.՝ 75 շունչ, ամենաշատը՝ 2001թ.՝ 236 շունչ: Այսօր մոտ երեսուն տուն է բնակեցված:

  • 20190824_165247
  • 20190824_162610
  • 20190824_165031
  • 20190824_164932
  • 20190824_162555
  • 20190824_162459
  • 20190824_161819
  • 20190824_161515
  • 20190824_161053
  • 20190824_160806
  • 20190824_160754
  • 20190824_160547
  • 20190824_160346
  • 20190824_160327
  • 20190824_160121
  • 20190824_160019
  • 20190824_141005
  • 20190824_140734
  • 20190824_140222
  • 20190824_134714
  • 20190824_172209
  • 20190824_171305
  • 20190824_172213
  • 20190824_161940

[1] Ստեփաննոս Օրբէլեան, Պատմութիւն նահանգին Սիսական, հատ. Բ, Փարիզ, 1859, Ի գործատան Կ. Վ. Շահնազարեանց, էջ 269:

[2] Ղարագյոզյան, Ա. Հ.,  Սյունիքի հարավ-արևելյան մասի ճանապարհները, Պատմա-բանասիրական հանդես, թիվ 2, Երևան, 1980, էջ 265: Ըստ հեղինակի՝ այստեղով են ներխուժել թուրք-սելջուկները և գրավել ձորահովտի մի շարք բերդեր, այդ թվում՝ Տանձավերի բերդը. «Այս ճանապարհը հանդիսացել է հարձակման միակ հարմար ուղղությունը, քանի որ Տաթևից դուրս եկող մյուս ճանապարհը Բաղաբերդի կողմից ունեցել է անառիկ դիրք»:

[3] Հակոբյան Թ. Խ., Սյունիքի թագավորությունը (պատմաաշխարհագրական առումով), Երևան, «Միտք» հրատ.,  1966, էջ  97:

[4] Աբրահամ Կաթողիկոսի Կրետացւոյ Պատմագրութիւն անցիքն իւրոց ու Նատր Շահին Պարսից, Վաղարշապատ, տպ. Ս. Կաթողիկէ Էջմիածնի,  1870, էջ 73-77:

[5] Կապանի խոսվածքին վերաբերող մի ատենախոսության մեջ էականորեն աղճատված են այս բնակավայրի խոսվածքին վերաբերող փաստերը. սխալ են՝ «Տանձավեր՝ Տանձաթափեց», (էջ 10) (տե՛ս Օրբելյան, էջ 267) շփոթություն Տանձատափ գյուղի հետ, «Տանձավայր (նախ.՝ Տանձավեր)» (էջ 9), սխալ է, նախկինում գյուղի անունը եղել է Տանձավայր (տե՛ս Օրբելյան, էջ 269), «Ում ճյուղի քսանյոթ խոսվածքներից  Աղվանին և Տանձավերը նման են Գորիսի շրջանի Տաթև, Տանձատափ և Սվարանց գյուղերի խոսվածքներին» (էջ 11), ամբողջովին սխալ է  (Աղվանին և Տնձավերը տարբեր խոսվածքներ ունեն): Էական այս և այլ բազմաթիվ աղավաղումներ այլ հարթակում կքննվեն (ԲՈԿ):

[6] Խնկիկյան, Օ.  Պեղումներ Տանձավեր և Շիկահող գյուղերում, Պատմա-բանասիրական հանդես, թիվ 2, 1975, էջ 239:

[7] Ավետիսյան Հ., Գնունի Ա., Բոբոխյան Ա., Սարգսյան Գ.,  Բրոնզ-երկաթեդարյան Սյունիքի սրբազան լանդշաֆտը,  Հնագիտական հետազոտություններ, Երևան, ԵՊՀ հրատ., 2015, էջ 10-11:

About The Author

Related posts

Leave a Reply