Սեպտեմբերի 21, 2019

Տաթևի մեծ անապատ

Տաթևի մեծ անապատ

Մ. Քումունց

Մուտք: Հայ ճարտարապետության արժեքավոր կոթողներից  է Տաթևի մեծ անապատի համալիրը: Այն համարվում է ուշ միջնադարի կառույց: Նոր ժամանակներում նրա նկատմամբ ունեցած ուշադրության պակասը գալիս է համալիրի դժվարամատչելի տեղանքում և Տաթևի եկեղեցու «ստվերում» լինելուց: Այն քիչ է ուսումնասիրված թե՛ ճարտարապետական, թե՛ հնագիտական և թե՛ հոգևոր-մշակութային բնագավառներում և, անշուշտ, կարիք ունի ուշադրության և արժևորման: Տաթևի մեծ անապատը կառուցվել է XVII դարի երկրորդ կեսին, ապա կառույցներով համալրվել հետագա շրջանում՝ XVIII դարում:

Գտնվելու վայրը: Տաթևի Մեծ անապատը գտնվում է Որոտանի կիրճի խոր ձորերից մեկում՝ Սատանայի կամրջից հարավ: Տեղանքը, ըստ էության, ավելի հարմարավետ է բնական առումով. ընկած է Որոտանի աջ ափին՝ Տաթև գյուղի հարավարևելյան լանջի ստորոտում՝ գետափի կանաչավետ և թեքադիր տարածքի հարթության վրա: Այժմ այնտեղ հնարավոր է հասնել Սատանայի կամրջին չհասած մասով: Ճանապարհը անցանելի է հետիոտնի համար՝ չնայած դժվարամատչելի լինելուն, և այդ է պատճառը, որ չքնաղ համալիրը միայն պատմական արժեքներին նվիրյալ մարդկանց է հասանելի: Մինչև օրս էլ երևում է հին և ոլորուն ճանապարհը, որ Մեծ անապատը կապել է Տաթևի վանքին: Այսօր այնտեղ կարելի է հասնել Տաթևի ճանապարհի երրորդ ոլորանից դեպի ձախ՝ Որատանի աջ ափին զուգահեռ ոտնաթակ ճանապարհով: Հմուտների համար համալիրը գրեթե բոլոր կողմերից էլ  հասանելի է:  Բնությունը այստեղ գրեթե կուսական է դարձել. անտառատիպ թփուտներ, փարթամ բուսականություն և հազվադեպ ընդգծվող ոտնատեղի: Տեղանքում առատ են հոնի, ընկուզենու, թուզի, պնդուկի պտղատու ծառեր: Նախկինում այստեղ եղել են առատահոս աղբյուրներ, որոնք նույնպես հիմք են եղել տեղանքում համալիր կառուցելու համար: Աղբյուրներից մեկը ընկած է համալիրի միջադիր վայրում, որ այսօր ցամաքելու նշաններ ունի:

Տաթևի Մեծ անապատի համալիրը մեկուսացած է շրջապատից, և քիչ են այն վայրերը, որտեղից երևում է համակառույցը: Դեպի Սատանայի կամուրջ և Տաթև տանղ ճանապարհի ոլորաններից մեկը կարող է ցույց տալ համալիրը ամբողջությամբ: Այսօր այն ամբողջ դիրքով, շրջակա վայրերով տեսանելի է նաև Տաթևեր ճոպանուղու՝  ամենախոր ձորի վրայից անցնող թևից: Աչքի համար Տաթևի մեծ անապատը կուսական չէ, բայց կարոտ է հոգածու ձեռքի և աղոթքի:

Շարունակելի

Նկարները քաղված են hushardzan.am-ից

Տաթևի մեծ անապատ

About The Author

Related posts

Leave a Reply