Սեպտեմբերի 21, 2019

Պետությունները և պետական արխիվները հայկական կոտորածների մասին

Պետությունները և պետական արխիվները հայկական կոտորածների մասին

Վլադիմիր Դոլունց Պատմաբան
Վլադիմիր Դոլունց Պատմաբան

Արևմտահայերի ցեղասպանությունը սկսվել էր դեռևս աբդուլհամիդյան վարչակարգի կողմից: «Միություն և առաջադիմություն» կուսակցությունը ժառանգեց այդ ցեղասպանական քաղաքականությունը:

Եվրոպայից դուրս քշվելուց հետո թուրքերը գերխնդիր էին դարձրել թուրքական նոր հայրենիքի ստեղծումը: Եվ առաջին հերթին այդ «հայրենիքի» տարածքի մեջ ներառվեց Հայաստանը: Պատահական չէ, որ երիտթուրքերն ավելի կատարելագործեցին ու ընդլայնեցին հայերի ոչնչացման ծրագիրը՝ տարածելով այն նաև Արևելյան Հայաստանի և Իրանին ենթակա հայաբնակ շրջանների վրա: Իսկ քաղաքական այդ ուղեգիծը «Միություն և առաջադիմություն»  կուսակցությունը հաստատել էր 1910-1911թթ. Սալոնիկում կայացած գաղտնի խորհրդակցությունների և ժողովների ընթացքում: 1911թ նոյեմբերին Սալոնիկում կայացած երիտթուրքերի կուսակցական համագումարում ավելի հստակորեն հնչեց ազգությունների բնաջնջման  և կայսրությունը միատարր դարձնելու, օսմանացնելու հարցը, իհարկե, խիստ գաղտնի: Առաջարկվում էր ծրագրի մասին տեղյակ չպահել նահանգների պաշտոնյաներին անգամ: Հայ ժողովրդի բնաջնջումը ծրագրի մի մասն էր կազմում: Ոչ իսլամ ժողովուրդների հարցը լուծելու համար իթթիհադի ծայրահեղ ազգայնականներն առաջարկում էին  ամբողջովին իրենց ձեռքն վերցնել կայսրության ղեկը և օգտագործել բոլոր միջոցները՝ նաև զինվորական ուժը: Համագումարում խոսվել էր նաև հայկական վիլայեթներին միանգամայն թուրքական դիմագիծ տալու մասին: Առաջարկվել էր նպատակն իրագործել մեծաթիվ  թուրք ցեղեր այդ նահանգներում բնակեցնելով և կոտորածներով: Երիտթուրքերի քաղաքականությունը դեպի թուրքացում էր գնում, այսինքն` պանթուրքիզմ և ոչ թե պանիսլամիզմ:

Իթթիհադի ղեկավարությունն իր նպատակների վերջնական իրագործման համար պատեհ առիթի էր սպասում: Եվ այդ առիթը ներկայացավ 1914թ. բռնկված պատերազմով:

Այսպիսով անհերքելի է այն փաստը, որ արևմտահայերի ոչնչացման ծրագիրը պետականորեն մշակվել ու նախապատրաստվել էր Օսմանյան Թուրքիայի կողմից մինչև Առաջին աշխարհամարտի  մեջ պաշտոնապես մտնելը: Հայերի բնաջնջումով, ըստ այդ ծրագրի, կփակվեր նաև հայկական հարցը:

Հակառակ թուրքական կառավարության ջանքերին՝ նման մեծ չափերի ոճիրը ծածկելը դյուրին չէր: Երկրում մնացած եվրոպացիների, միսիոներների ու պատահական ճանապարհորդների հասցրած լուրերը համատարած սպանդից էին խոսում:

Դեռևս 1915թ. մայիսի 11(23)-ին դաշնակից երեք պետությունները՝ Անգլիան, Ֆրանիսան և Ռուսաստանը, մի հեռագիր հղեցին թուրքական կառավարությանը, ուր ասված էր. «Մեկ ամսից ի վեր Հայաստանի թուրք և քուրդ բնակչությունը, հաճախ կառավարական պաշտոնյաների օգնությամբ, հայերի կոտորելու ոճրային ընթացքի մեջ է: Կոտորածներ են տեղի ունեցել Էրզրումում, Դերջանում, Ակնում, Բաղեշում, Մուշում, Սասունում, Զեյթունում և ամբողջ Կիլիկիայում: Վանի շրջանի մոտ հարյուր գյուղերի բնակչությունը կոտորված է: Վան քաղաքի հայկական թաղը պաշարված է քրդերի կողմից: Միաժամանակ օսմանյան կառավարությունը Կ. Պոլսում խիստ հալածանք է սկսել խաղաղ հայ ազգաբնակչության դեմ: Նկատի ունենալով Թուրքիայի այս նոր ոճիրները մարդկության ու քաղաքակրթության դեմ՝ դաշնակից կառավարությունները հրապարակավ հայտնում են Բարձր դռանը, թե իրենք այդ ոճիրների համար պատասխանատու պիտի համարեն օսմանյան կառավարության բոլոր անդամներին, ինչպես նաև այն պաշտոնյաներին, որոնք մասնակից են եղել կոտորածներին»:

Հեռագրին իբրև պատասխան՝ Թալեաթը, Գերմանիայի դեսպան Վանգենհայմի հետ խորհրդակցելով, հայտնում է դաշնակիցներին, որ Թուրքիան իր գերիշխանական իրավունքներն է գործադրում, և որ հայերի ապստամբությունների պատասխանատուները իրենք՝ դաշնակիցներն են:

Բացի այս միացյալ դիմումից, դաշնակիցներն առանձին-առանձին տարբեր առիթներով անդրդարձան հայերի կոտորածներին:

Լորդ Ջեյմս Բրայսը Անգլիայում առաջին անգամ 1915թ. հոկտեմբերի 6-ին հայերի կոտորածների մասին պաշտոնական հայտարարություն արեց և այդ կոտորածները ներկայացրեց իբրև կանխամտածված ծրագրի գործադրում: Նա ակտիվ մասնակցություն է ունեցել բրիտանա-հայկական կարմիր խաչի և փախստականների ֆոնդի ստեղծմանը: 1916թ.-ին Բրայսի խմբագրությամբ Լոնդոնում լույս է տեսել «Հայերի վիճակը Օսմանյան կայսրությունում 1915-1916թթ.» փաստաթղթերի ժողովածուն, որտեղ զետեղված են բազմաթիվ հաղորդագրություններ և վկայություններ հայկական կոտորածների ու տեղահանությունների վերաբերյալ, որոնք մերկացնում են երիտթուրքերի ազգայնամոլ, հայասպան քաղաքականությունը:

Հայերի պաշտպանությամբ նա հաճախ հանդես է եկել հրապարակային ելույթներով: Մասնավորապես՝ 1920թ. փետրվարին լորդերի պալատում արտասանած ճառում Բրայսը մեղադրել է քեմալականներին Կիլիկիայի հայերին հետապնդելու համար, քննադատել Բրիտանիայի հետպատերազմյան քաղաքականությունը Հայկական հարցում: Բրայսի խնդրանքով էր, որ անգլիացի պատմաբան Առնոլդ Թոյնբին, Անգլիայի արխիվները քննելով և մեծ թվով փաստաթղթեր ու վկայություններ հավաքելով, հայ ժողովրդի կոտորածների պատմությունը գրեց: Ա. Թոյնբին առանձին աշխատություններ («Հայկական սարսափները. Մի ազգի բնաջնջումը», 1915 և այլն) և բազմաթիվ հոդվածներ ու հրապարակային ելույթներ է նվիրել արևմտահայերի 1915-16թթ-ի ողբերգությանն ու երիտթուրքական կառավարության ազգայնամոլ քաղաքականությանը, հանդես եկել Հայաստանի ազգային անկախության պաշտպանությամբ, որը, ըստ նրա,  արդարացված է առնվազն երեք հանգամանքով՝ Բեռլինի դաշնագրի վավերացումով, Հայաստանին բաժին ընկած դժբախտություններով ու սեփական արժանապատվությունը պահպանելու հայ ժողովրդի ունակությամբ, որը նա ապացուցել է իր «զարմանահրաշ վերապրումով»: Մեկ այլ աշխատության մեջ Թոյնբին, մերկացնելով թուրքական կառավարության հայասպան գործելակերպը, դրա մեղքը բարդում է Օսմանյան պետության վրա, որը ավելի քան որևէ մեկ այլ պետություն, «գլխովին պատասխանատու» է պատերազմի ընթացքում սեփական ենթակա ժողովուրդների դեմ «սարսափազդու ոճիր» գործած լինելու համար («Թուրքերի արյունռուշտ բռնակալությունը»[1], 1917, էջ 15-17):

Անգլիայի  վարչապետ Լլոյդ Ջորջը 1917-1922թթ-ին իր հրապարակային ելույթներում և միջազգային կոնֆերանսներում (Փարիզ, Լոնդոն, Սան Ռեմո) հանդես է եկել հօգուտ Հայկական հարցի դրական լուծման՝ դատապարտելով Մեծ Բրիտանիայի ավանդական թուրքամետ քաղաքականությունը («Բրիտանական կառավարության քաղաքականությունը ճակատագրական անխուսափելիությամբ հանգեցրեց 1895-97 և 1909թթ-ի սոսկալի սպանդին և 1915թ. զարհուրելի կոտորածին: Նա խոստանում էր, թե հայերն այլևս չպիտի ենթակա մնան թուրքական սարսափելի բռնարարքներին: Անգլիայի պաշտոնական դիրքորոշումն արտահայտելով՝ նա եզրակացնում էր. «Պատերազմի առաջին իսկ վայրկյանից չկար որևէ անգլիացի քաղաքագետ, որ համոզված չլիներ, թե այս տմարդի կայսրությանը պարտության մատնելու պարագային պիտի պարտադրենք հաշտության մի կարևոր պայման՝ հայկական հողերի վերջնական ազատագրումը թուրքի արյունոտ ճիրաններից»):

Անգլիայի արտաքին գործերի  նախարարության արխիվների մեջ հատուկ մասնաբաժանումով (թիվ 44), պահված են Օսմանյան կայսրության մեջ 1915-1920թթ. հայերի կոտորածների ու տեղահանության մասին անգլիացի պաշտոնատարների բազմաթիվ պաշտոնագրերը: Ֆրանսիայի պետական գործիչ, դիվանագետ Արիստիդ Բրիանը նույնպես 1914-1918թթ.-ի առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ թուրքական իշխանություններն իրականացնում էին արևմտահայերի ցեղասպանությունը, հանդես է եկել հայ ժողովրդի «պաշտպանի» դերում և հայտարարում էր «Երբ գա ժամը օրինական հատուցման, Ֆրանսիան չպիտի մոռանա հայերի դատը և իր դաշնակիցների համաձայնությամբ Հայաստանի համար պիտի ապահովի խաղաղություն ու առաջադիմություն»: Դեռ պատերազմի ընթացքում նույն վարչապետը վստահեցնում էր. «Թուրքի բարբարոս բռնապետության տակ գտնվող ժողովուրդների ազատագրումը պատերազմի նպատակներից մեկն է»: Նույն թվականին Ռենե Պինոն գրում էր հայ զինվորների տաժանակիր աշխատանքի ու սպանության մասին: Ռենե Պինոն Ֆրասիայում առաջիններից էր, որ հանդես է եկել հայ ժողովրդի դեմ ոճրագործություն կատարած երիտթուրքերին պատասխանատվության ենթարկելու պահանջով:

1918թ.-ի հուլիսի 14-ին վարչապետ Ժորժ Կլեյմանսոն հայտարարում էր, թե Ֆրանսիան պիտի ընդգրկի Հայաստանը բռնադատված ազգերի ազատագրման ծրագրի մեջ: Առաջին համաշխարհային պատերազմից հետո Կլեմանսոյի գլխավորած կառավարությունը հրաժարվել է հայ ժողովրդին տված խոստումներից: Հրատարակված անգլիական փաստաթղթերից հայտնի է դարձել, որ Դ. Լլոյդ Ջորջի հետ զրույցի ժամանակ Կլեմանսոն հայտարարել է, թե «հայերը վտանգավոր ժողովուրդ են և չարժե նրանց հետ գործ ունենալ: Նրանք պահանջում են մեծ գումարներ, սակայն տալիս են փոքր փոխհատուցում…»:

Հայերիի ցեղասպանությունը խոր ցասումով դատապարտել է Անատոլ Ֆրանսը: 1916թ.-ի ապրիլի 9-ին Սորբոնում ելույթի ժամանակ հայտարարել է. «երիտթուրքերը, տիրանալով իշխանությանը, իրենց դաժանությամբ գերազանցեցին Աբդուլ Համիդին՝ կազմակերպելով Ադանայի կոտորածը… Մեզ սիրող հայ ժողովրդին բնաջնջելու որոշումն ընդունվել է թուրքական կառավարության խորհրդակցություններում… Արյան այն փոքր քանակությունը, որը նա դեռևս պահպանում է թանկագին արյուն, որից հերոսական սերունդ է ծնունդ առնելու: Ժողովուրդ, որը մեռնել չի ուզում, երբեք չի մեռնի»: («Հայերի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում» փաստաթղթերի և նյութերի ժողովածու Մ. Գ. Ներսիսյանի խմբ., 1991, էջ 528-529)[2]:

Շատ են ֆրանսիացի պաշտոնական անձանց կողմից արված հայանպաստ հայտարարությունները, որոնք լոկ խոսքի սահմաններում մնացին: Համենայն դեպս, հայոց ցեղասպանության փաստագրության տեսակետից արժեքավոր աղբյուրներ են Ֆրանսիայի զինվորական արխիվների մեջ պահված փաստաթղթերը Կիլիկիայի հայկական լեգեոնի մասին:

Հայերի ցեղասպանությունը դատապարտել և հայ ժողովրդի պաշտպանության օգտին հանդես են եկել նաև Ռուսաստանի հասարակական-քաղաքական, գրական-մշակութային գործիչներ, որոնցից հիշատակության են արժանի Վալերի Բրյուսովը, Մ. Գորկին և ուրիշներ: 1916թ.-ին Մոսկվայում լույս է տեսել Վ. Բրյուսովի կազմած «Հայ պոեզիան հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը» անթոլոգիան: Նախաբանում Վ. Բրյուսովը, վերլուծելով  հայ պոեզիայի զարգացման ընթացքը շեշտում է, որ Հայաստանի պատմությունը նրա կյանքի ճանաչման աղբյուրն է. «Անհրաժեշտ են համաշխարհային աղետներ, թուրքական կոտորածի անօրինական սարսափներ կամ մի ողջ ազգի վայրի հալածանքը, որ մենք կրկին ուշադրություն դարձնենք «բազմաչարչար ժողովրդի» հետ կատարված աղետին: Մենք՝ ռուսներս, ինչպես նաև ողջ Եվրոպան, հիշում ենք հայերին միայն այն ժամանակ, երբ օգնության ձեռք է պետք՝ փրկելու նրան սուլթանի գազազած հորդաների բնաջնջումից: Մինչդեռ հայերը առավել մեծ իրավունք ունեն մեր և ողջ աշխարհի ուշադրությանը արժանանալու համար: Դա այն բարձր մշակույթն է, որ հայ ժողովուրդը ստեղծել է իր ինքնուրույն գոյատևման բազում դարերի ընթացքում, և այն բացառիկ հարուստ գրականությունը, որը Հայաստանի ավանդն է մարդկության գանձարանին»:

Էմիլ Վերհառնը Հայաստանի մասին հոդվածում Վ. Բրյուսովը քննել է բելգիացի պոետի «Պատերազմի կարմիր թևերը» (1916թ.) ժողովածուն, որտեղ դատապարտվում է իմպերիալիստական պատերազմը, խոսվում խոշտանգված Հայաստանի մասին, մերկացվում նաև Գերմանիայի քաղաքականությունը, որը Թուրքիայի իշխանությունների հետ կազմակերպել է հայերի ցեղասպանությունը: «Ինչպես դադարեցնել պատերազմը»[3] (1917թ.) գրքում խոսելով հաշտություն կնքելու անհրաժեշտության մասին, գտնում է, որ քննարկման և արդար լուծման ենթակա առաջնահերթ հարցերից է Արևմտյան Հայաստանի ճակատագիրը, որը «զրկվել է հիմնական բնակչությունից»:

Հայոց ցեղասպանությունը դատապարտել և հայերի պաշտպանությամբ են հանդես եկել նաև այլ երկրների առաջադեմ հասարակական-քաղաքական  և պետական գործիչներ, որոնց շարքերում էին  Ֆրիտյոֆ Նանսենը, Ֆրանց Վերֆելը և ուրիշներ: Ֆ. Նանսենը խստագույնս դատապարտել է Աբդուլ Համիդ 2-րդի և երիտթուրքերի կազմակերպած հայերի ցեղասպանությունը, շեշտել, որ թուրքական  վայրագություններն իրենց չափերով  ու դաժանությամբ հավասարը չունեն պատմության մեջ: Զբաղվելով գաղթականների խնդրով՝ Նանսենը մեծ օգնություն է ցույց տվել նրանց, բազմահազար հայ փախստականներ ստացել են «Նանսենյան անձնագիր» ինչը որոշ չափով թեթևացրել է նրանց դրությունը: Հանդես է եկել հայ գաղթականներին Խորհրդային Հայաստան հայրենադարձելու համար պայմանների ստեղծման օգտին, գլխավորել հայրենադարձության հանձնաժողովը (1925-29թթ): 1927թ. հրատարակվել է նրա « Հայաստանում» ծավալուն գիրքը, որը թարգմանվել է անգլերեն ու ֆրանսերեն՝ «Հայաստանը և Մերձավոր Արևելքը» խորագրով և գերմաներեն՝ «Խաբված ժողովուրդը» վերտառությամբ, որտեղ հեղինակը մեղադրել է հայասպանության հանցավորներին՝ ինչպես թուրք ջարդարարներին, այնպես էլ արևմտյան տերություններին, որոնք հայ ժողովրդին ներքաշեցին իրենց քաղաքականության հորձանուտը:

Ավստրիացի գրող Ֆ. Վերֆելի ստեղծագործության մեջ առանձնակի տեղ է գրավում «Մուսա լեռան 40 օրը» (1934) վեպը: Հեղինակը օգտագործել է ականատեսի վկայություններ, լրատվական նյութեր, ուսումնասիրել հայ ժողովրդի պատմությունը, կրոնն ու մշակույթը և այդ նպատակով մի քանի ամիս աշխատել Վիեննայի Մխիթարյան միաբանության գրադարանում: Նա խորապես ընկալել է հայ ժողովրդի տառապանքն ու վիշտը, նրա պայքարի արդարացիությունը:

Քաղաքական-իրավական  տեսանկյունից հայոց ցեղասպանության ճանաչման առաջին լուրջ քայլը կատարել է հենց թուրքական կառավարությունը: Մուդրոսի զինադադարից անմիջապես հետո, համաշխարհային հասարակայնության ճնշման տակ, թուրքական նոր կառավարությունը որոշեց պատասխանատվության  ենթարկել Թուրքիան պատերազմի մեջ ներքաշած և հայերի ցեղասպանությունը կազմակերպած մեղավորներին: 1918թ. դեկտեմբերի 16-ին որոշմամբ կազմվեցին արևմտահայության կոտորածներին վերաբերող մեղադրական ապացույցներ հավաքող հարցաքննիչ հանձնախմբեր: 1919թ. հունվարի 8-ին կազմվեցին ռազմական արտակարգ ատյաններ, որոնք դատական հետաքննության ենթարկեցին նախկին կառավարության ղեկավարներին: Երիտթուրքերի դատավարությունը ցույց տվեց, որ արևմտահայության տեղահանություններն ու կոտորածները ռազմական կամ կարգապահական միջոցառումներ չէին և սահմանափակ կամ տեղական բնույթ չեն կրել, ինչպես ցանկանում էին ներկայացնել հանցագործները, այլ եղել են կանխամտածված ու մշակված գործողություններ, իրականացվել բացարձակապես երիտթուրք կուսակցության ԿԿ նախաձեռնությամբ ու կարգադրությամբ: Երիտթուրքական կուսակցության պարագլուխների ու նախարարների դատավարությունը սկսվեց 1919թ. ապրիլի 27-ին և ընդհատումով (մայիսի 28-ին անգլիական հրամանատարությունը 77 հոգու անսպասելիորեն աքսորեց Մալթա կղզի և դրանով ընդհատեց դատաքննությունը) շարունակվեց մինչև հունիսի 26-ը: Դատավճիռը հրապարակվեց 1919թ. հուլիսի 5-ին: 31 հանցագործներից 4-ը՝ Թալեաթը, Էնվերը, Ջեմալը և Նազիմը, հեռակա կարգով դատապարտվեցին մահվան, իսկ մնացած 27-ից ոմանք՝ տարբեր տարիների ազատազրկման, ոմանք արդարացվեցին հանցանշաններիբացակայության պատճառով: Դատավճռում մոռացության մատնվեցին անգլիացիների՝ Մալթա աքսորած հանցագործները:

Երիտթուրքերի դատավարությունը թեև չստացավ լայն արձագանք, այնուամենայնիվ բացահայտեց Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերում թուրքական իշխանությունների իրագործած հայերի ցեղասպանությունը:

Երիտթուրքական դատավարության նյութերը հերքում են թուրքական պաշտոնական շրջանների՝ հայերի ցեղասպանությունը ժխտող պնդումները:

Գերմանական հակադարձ:

Ժամանակին ԱՄՆ-ի դեսպան Մորգենթաուն կասկած էր հայտնել, թե գերմանական կառավարությունը հովանավորում է հայերին բնաջնջելու Թուրքիայի ծրագիրը: Իհարկե, հիմք կա հավատալու, թե իրապես այդպես է եղել, մանավանդ, երբ բազմաթիվ դիմումներ են եղել գերմանական կառավարությանը՝ իբրև Թուրքիայի դաշնակից միջամտելու և կոտորածին վերջ տալու, սակայն այդ դիմումներն անուշադրության են մատնվել: Բայց գերմանական արխիվների փաստերը ցույց են տալիս, որ դեռևս 1915թ. մայիսին, երբ Էրզրումի ու Հալեպի գերմանացի հյուպատոսները ջարդի ու տեղահանության տեղեկագրեր էին հղում դեսպանատուն, դեսպան բարոն Հանս ֆոն Վանգենհայմը խորհուրդ էր տալիս Բեռլինին՝ չմիջամտել Էնվերի ծրագրի գործադրմանը, դրանք ներկայացնելով իբրև թուրքական իշխանությունների ռազմական և ստրատեգիական անհրաժեշտ նկատառումներ: Նույն Վանգենհայմը մեկ ամիս հետո զեկուցում էր Բեռլին, թե հայերի տեղահանումը զինվորական նպատակներ չի հետապնդում, և թե Թալեաթը ինքն է հայտնել, որ կառավարությունն օգտագործում է  համաշխարհային պատերազմը ներքին թշնամիներին՝ քրիստոնյաներին ոչնչացնելու համար, նախքան արտաքին ուժերը կկարողանան միջամտել: Վանգենհայմը փորձում է միջամտել՝ կասեցնելու ոճիրը և, մյուս կողմից, թույլ է տալիս հայ-գերմանական ընկերության նախագահ, մեծ հայասեր դոկտոր Յոհաննես Լեփսիուսին Կ. Պոլիս գալու և հայերի իրավիճակի մասին քննություն կատարելու: Վերջինս 1915թ. հուլիսին հանդիպել է Էնվերի հետ, պահանջել դադարեցնել ցեղասպանությունը, սակայն ապարդյուն: Վանգենհայմի անսպասելի մահից հետո նրա հաջորդները ևս մի քանի առիթներով դիմումներ են հղում թուրքական կառավարությանը: Ի պատասխան այդ դիմումներին՝ թուրքական կառավարությունը 1915թ. դեկտեմբերին հայտարարում է, թե Գերմանիան չպիտի Թուրքիայի ներքին խնդիրներին միջամտի: Այսպես վերջ է գտնում  գերմանական պաշտոնական միջամտությունը:

Հակառակ այս բոլորին՝ Լեփսիուսը շարունակում է իր աշխատանքը 1915թ. սեպտեմբերին շվեյցարական թերթում հրապարակել «Մի ամբողջ ժողովրդի ոչնչացումը» հոդվածը, որը սկզբնավորել է հայապաշտպան մեծ արշավը: 1916թ. հրատարկել է «Տեղեկագիր հայ ժողովրդի կացության մասին Թուրքիայում» երկը, որը բաժանել է Գերմանիայի քաղաքական և եկեղեցական գործիչներին: 1919թ. այդ գիրքը հրատարակվել է 2-րդ անգամ, լրացումներով՝ «Հայ ժողովրդի մահը» վերնագրով:

«Տեղեկագիրը…»-ը հրապարակելուց հետո նա տարագրվել է չեզոք Հոլանդիա, ուր շարունակել է հայանպաստ գործունեությունը, կապեր ունեցել հայկական շրջանակների, գրագրություն՝ Ջ. Բրայսի հետ: Մշակել է ի պաշտպանություն հայերի ստեղծվելիք միջազգային լիգայի մանրամասն ծրագիրը: Առաջին աշխարհամարտից հետո Լեփսիուսը հրապարակել է մեծ թվով կարևոր փաստաթղթեր Հայաստանի վերաբերյալ («Գերմանիան և Հայաստանը 1914-1918-ին» , 1919): Այդ ժողովածուն գերմանական-հայկական ընկերության վարչության անդամ Ա. Իսահակյանի հետ ուղարկել է Վերսալյան հաշտության կոնֆերանսին մասնակցող հայկական պատվիրակությանը: Ժողովածուի մեջ ընդգրկված նյութերը՝ Գերմանիայի և Թուրքիայի դեսպանների, հյուպատոսների ու այլ պաշտոնատար անձանց գաղտնի զեկուցագրերը, ականատեսների վկայությունները, անհերքելիորեն վկայում են, որ երիտթուրքերի կազմակերպած հայերի տեղահանությունն ու կոտորածները նպատակ ունեին ոչնչացնել հայ ժողովրդին, և այդ հանցագործության մեջ իր բաժինն ունի նաև Գերմանիան:

1921թ.՝ Ս. Թեհլերյանի դատավարության ժամանակ ելույթ է ունեցել երիտթուրքերին մերկացնող ճառով:

Հայերի կոտորածի գերմանական առաջին վկայություններից էր Հալեպի գերմանական դպրոցի ուսուցիչ Մարտին Նիպագեի դիմումը՝ «Մի քանի խոսք գերմանական ժողովրդի պաշտոնական ներկայացուցիչներին» (1919, մինչ այդ հրատարակվել էր անգլերեն ու ֆրանսերեն), որը մերկացնում էր երիտթուրքերի ոճրագործությունները, Գերմանիային մեղադրում Հայկական հարցում վարած նրա քաղաքականության համար: Արևելագետ Յո. Մարկվարտի «Հայ ազգի ծագումն ու վերածնությունը» աշխատության մեջ այն եզրակացությունն է արվել, որ օսմանյան կառավարությունը մոտալուտ համաշխարհային պատերազմը դիտել է առավել պատեհ առիթ՝ հայերի ոչնչացման վաղուց հղացած ծրագիրը իրականացնելու համար, որ սահմանադրության հռչակումից հետո դարձյալ Թուրքիայի կառավարող շրջանների հիմնական կարգախոսն էր՝ «երբ հայերը չլինեն, չի լինի նաև Հայկական հարցը»: Յո. Մարկվարտը խստագույնս դատապարտել է գերմանական կառավարությանը, գլխավոր շտաբն ու մամուլը, որոնք նրա կարծիքով, նույնպես պատասխանատու են հայերի ցեղասպանության համար:

Հայ ժողովրդի ցեղասպանության պատմության ուսումնասիրության մեջ նշանակալի ներդրում է Հենրիխ Ֆիրբյուխերի «Հայաստան 1915: Ի°նչ է  թաքցրել  կայզերական կառավարությունը գերմանական հպատակներից: Մի կուլտուրական ժողովրդի կոտորածը Թուրքիայի կողմից» աշխատությունը: Հեղինակը հակաֆաշիստ էր և առաջին համաշխարհային պատերազմի տարիներին աշխատել է Օսմանյան կայսրությունում: Նա նույնպես առաջ էր քաշում Գերմանիայի պատասխանատվության հարցը հայերի ցեղասպանության մեջ: Նա գտնում էր, որ 1915թ. տեղահանությունը ծրագրված սպանություն էր: Աշխատությունն ավարտվում է «Խաբված ժողովուրդ» (տերմինը փոխառված է Ֆ. Նանսենից) գլխով, որտեղ հեղինակը նշում է, որ «նոր բռնապետ Քեմալ փաշան Թալեաթի և Էնվերի արժանի հետնորդն է» (էջ 79): Ֆիրբյուխերը գտնում է, որ Լոզանի պայմանագիրը հայերի համար «նրա բոլոր հույսերի կործանումն էր», և նկատում, որ եթե կա մի բնագավառ, ուր Ազգերի լիգան ոչինչ չի արել, ապա դա Հայկական հարցն է:Ֆաշիզմի հաղթանակը Գերմանիայում, երկրորդ համաշխարհային պատերազմն ու հիտլերյան Գերմանիայի պարտությունը փաստորեն գերմանական հասարակության հիշողությունից ջնջեցին հայ ժողովրդի բնաջնջման փաստն ու այն մարդկանց անունները, ովքեր հանդես էին գալիս հայերի պաշտպանությամբ: 1970-ական թթ. Գերմանական պատմագրության մեջ կրկին հետազոտության առարկա են դառնում Հայկական հարցի և հայերի ցեղասպանության խնդիրները:

Ցեղասպանության հարցին է նվիրված Էռնստ Վեռների «Հայկական սարսափներ.  1915-1916՝ հայի  հնարածն է արդյոք աշխատանքը, որը հրապարակվեց «Պատմության հետազոտությունների» ամսագրում (1973, N2): 1977թ-ին Հայակական խնդիրների ինստիտուտը (Մյունխեն) հրատարակեց Պետեր Լաննեի «Հայաստան. Հարյուրամյակի առաջին ցեղասպանությունը» աշխատությունը, որում մանրամասն լուսաբանված են Օսմանյան կայսրության 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի իրադարձությունները, հայերի կոտորածները Կիլիկիայում և Թուրքիայի մյուս մասերում:

1970-80-ական թթ. ԳՖՀ-ում լույս տեսնող «Պոգրոմ» ամսագրի էջերում տպագրվել են  Օսմանյան կայսրության հայերի ցեղասպանության վերաբերյալ բազմաթիվ հոդվածներ, փաստաթղթեր ու լուսանկարներ: Այս խնդրին է նվիրված ամսագրի մի հատուկ համար (1979, N64), որտեղ զետեղված են հոդվածներ, լուսանկարներ, տվյալներ են բերված 1894-96-ի և 1915-18-ի հայկական ջարդերի մասին: Թուրքիայում հայերի ցեղասպանության աղբյուրագիտության մեջ լուրջ ներդրում են 1987-88-ին Հայկական խնդիրների ինստիտուտի հրատարակած «Հայերի ցեղասպանությունը» բազմահատորյակի առաջին երկու և 8-րդ հատորները:

Գերմանական առաջադեմ պատմաբանները, գիտական շրջանառության մեջ դրած նրանց բազմաթիվ նյութերը մեծապես նպաստում են Հայակական հարցի և հայերի ցեղասպանության պատմության անկողմնակալ լուսաբանմանը:

ԱՄՆ-ը և Հայոց ցեղասպանությունը:

Պատերազմի սկզբնական շրջանում ԱՄՆ-ը չեզոք քաղաքականություն վարեց: Նա Թուրքիայում իր ներկայությունն էր պահպանում և հնարավորություն ընձեռնում իր միսիոներների խմբերին և կրթության մշակներին կրթական հաստատություններում և հիվանդանոցներում իրենց աշխատանքը շարունակելու: Նրանցից շատերը պատերազմից հետո իրենց հուշերը գրեցին նկարագրելով այդ անլուր ոճրագործությունները:

Երիտթուրքական կառավարության կողմից արևմտահայերի ոչնչացման ու արտաքսման նախօրորք ծրագրված քաղաքականության, հայկական կամավորական շարժման, հայերի ինքնապաշտպանական կռիվների վերաբերյալ բազմաթիվ վկայություններ ու դրվագներ են ամփոփված Գ. Ռեյնոլդսի («Սարսափելի փորձություններ Վանում», 1916), Ու. Ռոքուելի («Հայերի տեղահանությունը», 1916), Բ. Փափազյանի («Հայաստանի ողբերգությունը», 1918), Գ. Քնեպպի («Բիթլիսի ողբերգությունը» 1919), Գ Ջենքինսի («Հայաստանը և հայերը» 1915), Թ. Օ՛Քոննորի («Հայաստանը և նրա ապագան» 1917), Բ. Էբիի («Թուրք ելուզակների իշխանության տակ» 1922), Ու Քինգի («Թուրքական ջարդեր փոքր Ասիայում» 1922), Գ. Մոնտգոմերիի («Հայերի ջարդերը 1915թ-ին» 1922) աշխատանքներում:

Ամերիկյան հուշագրությունների մեջ կարևոր տեղ ունեն Թուրքիայում ամերիկյան դեսպան Հենրի Մորգենթաուի վկայությունները: Իրոք, նա էր առաջինը, որ աշխարհի ուշադրությունը հրավիրեց կատարվող աննախընթաց ոճրագործության վրա: Այս առումով կարևոր են Հ. Մորգենթաուի «Հայաստանի ողբերգությունը» (1918թ), «Հայակական ջարդերի առթիվ» (1918) աշխատությունները: 1926թ-ին լույս տեսան «Դեսպան Մորգենթաուի հուշերը», որտեղ, մասնավորապես, շարադրված են նրա զրույցները Թալեաթ փաշայի և երիտթուրքական այլ պարագլուխների հետ: Նա բազմիցս բողոքել է Թալեաթին, որը մի առիթով պատասխանել է նրան. «Անօգուտ է ձեր միջամտությունը, մենք արդեն հայերի երեք քառորդի գործը կարգադրել ենք: Բիթլիսի, Վանի ու Էրզրումի մեջ մարդ չի մնացել: Ատելությունը թուրքերի և հայերի մեջ ներկայիս այնքան շատ է, որ ստիպված ենք հայերի գործը վերջացնել, եթե ոչ՝ հայերը իրենց վրեժը պիտի լուծեն»[4]:

Ամերիկայի պետական արխիվները հայոց ցեղասպանության  հետաքրքիր պատկեր են պարզում: 1915թ. առաջին ամիսներին զանազան շրջաններից Կ. Պոլսի ամերիկյան դեսպանատուն հասած զեկույցները ցույց են տալիս, որ շրջանների միջև հաղորդակցությունը կտրված լինելու պատճառով ամեն մի շրջանում կարծում էին, թե ջարդն ու տեղահանությունը միայն իրենց մոտ է կատարվում: Սակայն հուլիսի 5-ին դեսպանատուն հղած տեղեկագրի մեջ Հալեպի հյուպատոս Ջեսի Ջեքսոնը գրում է, թե հայերի տեղահանությունը «հայկական ցեղը բնաջնջելու խնամքով պատրաստված ծրագիր է»:

Հայերի ցեղասպանության խնդիրների վերաբերյալ ԱՄՆ-ում լույս են տեսել հարուստ փաստագրական նյութ պարունակող հատուկ ուսումնասիրություններ. Չ. Գուտման, «Ցեղասպանության սկիզբը» (1948թ), Տ. Բոյաջյան «Հայաստան: Մոռացված ցեղասպանության գործը» (1972թ), Գ. Բարդակչյան, «Հիտլերը և հայերի ցեղասպանությունը» (1985, հայ. հրատ. 1991թ), «Հայակական ցեղասպանությունը հեռանկարում» (1981թ) և այլք:

Թուրքական իշխանությունների և Թուրքիայի պատմագիտության կողմից հայոց պատմության կեղծման, հայերի ցեղասպանության խնդրի վարկաբեկման արշավը աջակցություն է գտնում ամերիկյան առանձին քաղաքագետների ու պատմաբանների մոտ: Պատմական իրադարձությունների միտումնավոր, իսկ հաճախ նաև պարզապես խեղաթյուրված լուսաբանության օրինակ կարող են ծառայել Ս. Շոուի («Օսմանյան կայսրության և ժամանակակից Թուրքիայի պատմություն», 2 հ., 1976, 1977), Ք. Կարպատի («Թուրքիայի քաղաքականությունը», 1969, «Հետազոտություն Օսմանյան կայսրության ազգայնականության սոցիալական արմատների», 1973), Ջ. Մաքկարտիի («Մահմեդականները և փոքրամասնությունները: Օսմանյան Անատոլիայի բնակչությունը և կայսրության վախճանը», 1983) աշխատությունները: 1986թ. թուրք-ամերիկյան ընկերությունը հրատարակեց  «Հայերի պնդումները. առեղծված և իրականություն» գիրքը՝ Թուրքիայում ամերիկյան դեսպան Շ. Էլեքդաղի առաջաբանով, որը Հայակական հարցի և հայերի ցեղասպանության պատմությունը խեղաթյուրող միտումնավոր նյութերի հավաքածու է:

Հայոց ցեղասպանությունը թուրքական պատմագրության մեջ:

Հայկական հարցին, հայերի նկատմամբ քաղաքականության խնդիրներին վերաբերող գրականությունը որոշակի զարգացում է ունեցել: Առաջին համաշխարհային պատերազմի վերջին շրջանում և պատերազմից անմիջապես հետո հրատարակված աշխատությունները կրում էին ոչ թե պատմական հետազոտությունների բնույթ, այլ փաստաթղթերի  ժողովածու էին և նպատակ ունեին արդարացնել պատերազմի ժամանակ իրականացված Թուրքիայի հայ բնակչության զանգվածային տեղահանությունը: Այդ ժամանակ թուրքական կառավարող շրջանները դեռևս ցեղասպանության հերքման անհրաժեշտություն չէին զգում և միայն խնդիր ունեին համոզիչ փաստարկներով արդարացնել այդ տեղահանությունը: Արդեն 1916թ. Ստամբուլում հրատարակվեց «Հայկական կոմիտեների նպատակները և հեղափոխական գործունեությունը» գրքույկը, որում տեղ էր գտնում թուրքական պետության դեմ իբր նախապատրաստված հայկական ընդհանուր զինված ապստամբության գաղափարը: Այդ գրքույկը լույս էր տեսել Թուրքիայի  ՆԳՆ նախաձեռնությամբ և տեղի ունեցած իրադարձությունների կեղծման առաջին լուրջ փորձն էր և առաջ քաշված հիմնադրույթը տևականորեն հաստատվեց թուրքական պատմագրության մեջ: Պատերազմի ավարտական փուլում, երբ Թուրքիայի պարտությունն ակնհայտ էր և հասել էր կոտորածի համար պատասխան տալու ժամանակը, պատմական իրադարձությունները մեկնաբանելու առաքելությունը ստանձնեցին ռազմական գերատեսչությունն ու թուրքական բանակի գլխավոր շտաբը: Առաջ եկավ  հայերի ցեղասպանությունն արդարացնելու և հիմնավորելու անհրաժեշտություն, քանի որ ժխտելն այլևս անիմաստ էր: Ծագեց «փոխադարձ ջարդերի» և  հայերի գործադրած գազանությունների նոր համադրույթը, որը նույնպես տեղ գտավ թուրքական պատմագրության մեջ: Այդ բնույթի առաջին աշխատություններից էին «Մահմեդական բնակչության նկատմամբ բռնությունների մասին» փաստաթղթերի ժողովածուն (1918), որը ֆրանսերեն  թարգմանվեց և 1919թ-ին լույս տեսավ «Մահմեդական բնակչության նկատմամբ հայեևրի գործադրած գազանությունների մասին փաստաթղթեր» վերնագրով, «Թուրք-հայկական հարցը. թուրքական տեսակետ» (1919, անգլ.), «Կովկասյան առաջին կորպուսի օպերացիաները 1918թ. և նրա վկայությունները» (1919), «Անդրկովկասի մահմեդականների նկատմամբ հայերի գործադրած գազանությունները 1919թ. հուլիսի ընթացքում» (1919), «Ազգերի լիգան և հայերն ու հույները Թուրքիայում» (1921, անգլ.) և այլն: Այդ ժողովածուներում ամփոփված նյութերը թուրքերին ներկայացնում էին որպես հայերի զոհեր, լավագույն դեպքում ընդունվում էր, որ կոտորածը երկկողմանի բնույթ էր կրում: Այդ բնույթի գրականության շարքին կարելի է դասել հայերի ցեղասպանության անմիջական կազմակերպիչների՝ Թալեաթի («Իմ հիշողությունները»), Ջեմալի («Հուշեր», 1921), «Միություն և առաջադիմություն» կուսակցության 2-րդ քարտուղար Շյուքրու Բլեդի («Կայսրության կործանումը»), ինչպես նաև պատմաբան Ահմեդ Ռեֆիքի («Անդրկովկասի ճանապարհներին») հուշերը: Սրանց հեղինակները չէին ժխտում հայերի վրա բռնացման փաստը, բայց վիճարկում էին այդ ոճրագործության կազմակերպված բնույթը: Նրանք առաջ էին քաշում այն տեսակետը, թե հայերը Թուրքիայի հակառակորդների, առաջին հերթին Ռուսաստանի օգնությամբ ուզում էին ոչնչացնել թուրքերին, հետևաբար հայերի տեղահանությունն ու կոտորածն միայն թուրք բնակչության ինքնապաշտպանական օրինական և բնական պատասխանն էր: Թուրք պատմաբանները վերստին Հայկական հարցին ու հայերի ցեղասպանությանը անդրադարձան 1960-ական թթ. 2-րդ կեսին, երբ աշխարհում լայնորեն նշվեց ցեղասպանության 50 –ամյակը, իսկ փոքր-ինչ ավելի ուշ թուրքական պաշտոնատար անձանց դեմ Հայաստանի ազատագրության հայկական գաղտնի բանակի (ԱՍԱԻԱ) իրականացրած ահաբեկչական գործողությունները եվրոպական հասարակայնությանը կրկին հիշեցրին Հայկական հարցի, հայոց ցեղասպանության  և այդ ոճրագործության անպատժելիության մասին: Թուրքիայում ծավալված հակահայկական արշավին մասնակցեցին ոչ միայն պատմաբանները, այլև քաղաքագետներ, դիվանագետներ, լրագրողներ, որոնք ներքին ու արտաքին շուկան հեղեղում էին ցածրորակ գրական արտադրանքով: Այդ ժամանակաշրջանում թուրքական պատմագրությունը համադրույթային լուրջ փոփոխություններ չկրեց, բայց ավելի հստակ դարձավ ցեղասպանության փաստը ժխտելու, հայ ժողովրդի զոհերի թիվը նվազեցնելու ձգտումը:

Կեղծելով պատմական փաստերն ու իրողությունները՝ թուրք պատմաբանները նախ հայերին մեղադրում են ահաբեկչության մեջ, ապա և պնդում, թե իբր սուլթան Աբդուլ Համիդ 2-րդն ու երիտթուրքերի պարագլուխները մեծահոգաբար էին վերաբերում հայ ահաբեկիչներին: Բայց առաջին աշխարհամարտը սկսվելուն պես հայերը հրաժարվեցին կռվել Թուրքիայի թշնամիների դեմ, հարվածեցին թուրքական բանակի թիկունքին, զինված ապստամբություններ կազմակերպեցին Վանում, Սասունում, Շապին Գարահիսարում և այլուր՝ մահացու վտանգ ստեղծելով կայսրության գոյության համար: Նման պայմաններում, հավաստում են թուրք պատմաբանները, կառավարությունը հարկադրված է եղել հատուկ օրենք ընդունել՝ սահմանամերձ վայրերից հայ բնակչության տեղահանության մասին: Նրանք ընդունում են, որ այդ վերաբնակեցման ժամանակ եղել են «անդուր միջադեպեր». հայերի դեմ տրամադրված մահմեդական բնակչությունը դիմել է ծայրահեղ միջոցների: Բացի այդ, հայերը մահացել են նաև սովից ու համաճարակից: Զոհվել է 300.000 մարդ (որոշ հեղինակների մոտ՝ 600.000), բայց կառավարությունը մեղք չունի դրանում, նա ձեռնարկել է բոլոր միջոցները՝ նման չարաշահումները կանխելու համար: Սակայն միևնույն պատճառներով  մահացել են ոչ քիչ թվով (եթե ոչ ավելի) թուրքեր: Հետևաբար, տեղի ունեցած իրադարձությունները ոչ մի կերպ չի կարելի որակել որպես կոտորած, առավել ևս՝ հայերի ցեղասպանություն: Թուրք պատմաբաններից ոմանք հատկապես շեշտը դնում են «հայերի գործած գազանությունների» վրա, ձգտելով հայերի ցեղասպանությանը հակադրել «թուրքերի ցեղասպանությունը»: Այդ հեղինակներից են Մեհմեդ Խոջաօղլուն («Արխիվային փաստաթղթեր հայերի գազանությունների և հայերի մասին պատմության ընթացքում», 1976), Ֆ. Կիրզիօղլուն («Հայերի գազանությունները Կարսի մարզում և նրա շրջակայքում») և ուրիշներ:

Շարունակելով ժխտման և կեղծման քաղաքականությունը թուրքական կառավարությունը այդ նպատակի համար մարդկային և ֆինանսական լուրջ միջոցներ է ներդնում: Վերջին շրջանում ավելացվել է եվրոպական լեզուներով թուրքական գրականության հրատարակումը, խոշոր միջոցներ են հատկացվում եվրոպական և ամերիկյան մի շարք գիտական կենտրոններում Թուրքիայի պատմությունն ու մշակույթը ուսումնասիրելու համար:

[1] Ա. Թոյնբի, Թուրքերի արյունռուշտ բռնակալությունը, 1917, էջ 15-17:

[2] Մ. Գ. Ներսիսյանի խմբ. Հայերի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում, փաստաթղթերի և նյութերի ժողովածու, 1991, էջ 528-529:

[3] Վ. Բրյուսով, Ինչպես  դադարեցնել պատերազմը , 1917թ.

[4] Հ. Մորգենթաու, եսպան Մորգենթաուի հուշերը, 1926թ.

About The Author

Related posts

Leave a Reply