Դեկտեմբերի 06, 2019

ՆՈՐԱՀԱՅՏ ԽԱՉՔԱՐԵՐ. Աղահեճք

Զոհրաբ Ըռքոյան. Քաշաթաղի «Մերան» թերթի գլխավոր խմբագիր, Սյունիքի հայագիտական հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող

Սա Հայաստան է, և վերջ… Լեոնիդ Ազգալդյան

Աղահեճք 7
Նորահայտ խաչքար. Աղահեճք
Աղահեճք 8
Նորահայտ խաչքար. Աղահեճք

Աղավնոն Քաշաթաղի մայր գետի՝ Հակարիի արևմտյան մեծ վտակն է՝ սկիզբ առնելով Մեծ Իշխանասարի ստորոտների աղբյուրներից: Մի քանի գետակներ միանում են, և դեպի մայր գետ է հոսում Աղավնոն, որի վերին ավազանում են գտնվում պատմական Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Աղահեճք (հետագայում՝ Քաշաթաղ և Խոժոռաբերդ) գավառի մի քանի գյուղեր: Հակարիի վերնահովտում՝ հատկապես Աղավնո և Հոչանց գետերի ավազաններում, պահպանվել են անտիկ և միջնադարյան բազում հուշարձաններ ու դրանց հետքերը: Կան մի քանի կիկլոպյան ամրոցներ, բազում դամբարաններ, պատմական փարախներ և հայոց մասին հիշատակող այլ հնագիտական ու պատմական հուշարձաններ: 13-րդ դարի պատմիչ Ստեփանոս Օրբելյանի «Սյունիքի պատմությունե գրքում այս տարածքում են հիշատակվում Հակ, Հայրի, Մերիկ և միջնադարյան այլ բնակավայրեր, որոնք այսօր էլ գոյատևում են, չնայած՝ մոտ 2 դար և ավելի հայաթափ էին եղել և վերստին հայացան Արցախյան գոյամարտի հաղթանակից հետո: Խորհրդային տարիներին այս տարածքում ձևավորվեց Ադրբեջանի Խորհրդային Հանրապետության Լաչինի շրջանը, որի կազմում Աղավնոյի ձախակողմյան ալպիական գոտում՝ ծովի մակերևույթից 2000 և ավելի բարձրության վրա են գտնվել Ղարաքեշիշ-Լենինքյանդ (պատմական Եզնագոմեր), Քյամալլու, Չրաղլու գյուղերը: Այժմ այս բնակավայրերը գտնվում էն ԼՂՀ Քաշաթաղի շրջանում: Լեռնահովիտ անվանափոխված Եզնագոմեր-Ղարաքեշիշում պահպանվել են պատմական տներ, տապանաքարեր, խաչքարեր, թուրքաշեն տների պատերի մեջ շատ են հայոց հանգստարանի շիրմաքարերի բեկորներ: Այժմ Լեռնահովիտի գյուղական համայնքի մեջ են մտնում Հոչանցի վերնահովտի աջափնյա Սպիտակաջուր և Շրվական պատմական գյուղերը, որոնցում նույնպես շատ են միջնադարյան հայկական խաչքարեր ու տապանաքարեր: Սպիտակաջուր գյուղում նաև եկեղեցի է եղել, որը խորհրդային տարիներին ավերվել է հիմնովին: Նույն ճակատագրին է արժանացել նաև Չրաղլու (պատմական անունը հայտնի չէ) գյուղի եկեղեցին, որի մասին հիշատակում է Երվանդ Լալայանը. «Հերիկի, Մերիկի, Բայենդուրի, Հոչասի, Փչանիսի, Չրախլուի եկեղեցիները խոտանոցներ են դարձուած, Կատոսի, Սունասարի, Ղորդղաճիի եկեղեցիները իբրև փարախ կամ գոմ են ծառայումե («Ազգագրական հանդեսե գիրք՝ Դ, Թիֆլիս 1898թ. էջ՝ 49 կամ ,«Զանգեզուրե էջ՝ 50): Հիշատակվածներից խորհրդային տարիներին հիմնովին ավերվել են նաև Փչանիսի(այժմ՝ Գողթանիկ) և Սունասարի(Սոնասար) եկեղեցիները: Տարածքի ազատագրումից հետո բազում պատմական հուշարձաններ են հայտնաբերվել, իհարկե, որոշները հայտնի էին դեռ խորհրդային տարիներին, երբ այստեղ քրդաթուրքերն էին բնակվում: Չրաղլու-Քյամալլու(Ուղտաձոր) տարածում պահպանվել են մի քանի տապանաքարեր, որոնք, բացի պատմական ու վավերագիր լինելուց, ունեն բացառիկ քանդակներ, արձանագիր են: Հավանաբար այստեղ գոյություն են ունեցել հայոց գերեզմանատունը և Ե. Լալայանի հիշատակած եկեղեցին: Տապանաքարերի մոտ խորհրդային տարիներին պետական երկհարկանի ինչ-որ շինություն է կառուցվել, որի պատերի մեջ օգտագործվել են շիրմաքարերի բեկորներ:

Պահպանված տապանաքարերի վրա եղած արձանագրությունները վերծանվել են Քաշաթաղի շրջանի վարչակազմի նախկին ղեկավար, պատմաբան Ալեքսան Հակոբյանի կողմից: 90x41x22սմ չափերով տապանաքարի վրա երեք տողով գրված է. ԱՅՍ Է ՀԱՆԳԻՍՏ ԾԱՏՈՒՐ ՈՐԴԻ Վ –(Ա)ՐԴՈՒՄԻՆ. ԹՈՌ ԴԻՐՈՒՄԻՆ: ԹՎ-ԻՆ ՌԾԷ(1057 +55 =1608թ.): Տապանաքարի մի կողմում 3 խաչեր են քանդակված, իսկ մյուսում՝ կենցաղային պատկեր է: Մարդկանցից մեկը ձեռքին կուժ է պահել, մյուսում՝ հավանաբար՝ դափ: Իսկ մյուսը, ով ունի երկար մազեր, նստած է ձիու վրա: Երկուսի մեջտեղում հավերժության նշան է: Նեղ կողմերից մեկի վրա մարդ է քանդակված՝ ձեռքերը կրծքին ծալած, մյուսում՝ ամբողջական խաչ: Մյուս արձանագիր տապանաքարը չափերով ավելի մեծ է: Արձանագրությունը դժվար է ընթերցվում: Սրանց հարևանությամբ կանգուն տապանաքարերից մեկի հարավային նեղ կողին արծիվ է քանդակված՝ ճանկերով գառը պահած: Արևմտյան կողմում 4 խաչախորաններ են: Արևելյան կողմը բաժանված է 2 հավասար քառակուսիների՝ մեջերում՝ շրջաններ: Վերջերս հնագետներ Գագիկ Սարգսյանի, Արտակ Գնունու և Արսենի հետ նորից այցելեցի այս գյուղ: Դեռ նշված տապանաքարերին չհասած՝ գյուղի սկզբում բանջարանոցների ցանկապատներից մեկի մեջ աչքի ընկավ դեղնավուն մի քար, որը, չէինք սխալվել, հայոց միջնադարյան գեղաքանդակ խաչքարի վերին մասն էր: Պահպանված մասը մոտ 90 սմ երկարություն ունի, լայնությունը՝ 54սմ, հաստությունը՝ մոտ 20սմ: Խաչքարի մեջտեղում, որի վերին մասը կլորավուն է, մեծ ու գեղեցիկ խաչ է քանդակված: Խաչի վերնամասում կլոր քանդակներ են, ներքին մասում՝ փոքր խաչեր: Փոքր ու գեղեցիկ խաչեր են քանդակված նաև խաչքարի եզրային մասերին(ձախ կողմում պահպանվել են երեքը, աջում՝ երկուսը): Վերին մասում կոթողն ունի երկտողյա արձանագրություն: Վերին մասում տառերը քերված են, և դժվար է վերծանել, երկրորդ տողում հնարավոր եղավ ընթերցել ՏԻՐՈ(Ջ)Ն բառը և թվագրությունը՝ ՌԾ(1050 +551=1601թ.): Գյուղերի հյուսիսային կողմի բլրակներից մեկի վրա պահպանվել են բնակատեղիի հետքեր և դամբարաններ: Նույն օրը այցելեցինք նաև Հակ պատմական գյուղը, որտեղ հայերն ապրել են մինչև 1918 թվականը և ստիպված հեռացել, Սուլթանովի ավազակների հարձակման պատճառով; Գյուղում պահպանվել է հայկական թաղամասը, որում իր շքեղությամբ աչքի է ընկնում Սուրբ Մինաս եռանավ բազիլիկ եկեղեցին. արտաքին չափերն են՝ 22,6×12,6մ. Կառուցված է կոփածո դեղնավուն քարով: 2010թ. այն հիմնանորոգվեց: Հարավային կողմում միակ կամարակապ մուտքի վրա պահպանվել է երեք տողանոց արձանագրություն. ՇԻՆԵՑԱՒ Ս(ՈՒՐ)Բ ԵԿԵՂԵՑԻՍ ՆՈՐԱԿ ՆՈՒՆՔ ՀԱԿԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴՍ ԹՎ(ԻՆ) ՌՃԻԴ(1124+551=1675թ.): Հակը կոչվում էր նաև Մինքյանդ, որը նշանակում է հազար գյուղ: Ըստ պահպանված ավանդույթի՝ Լենկ Թեմուրն իր արշավանքի ճանապարհին հազարերորդը կործանել է Հակ գյուղը, որը վերստին շենացել է տերերի կողմից, հետագայում, երբ Հակարիի ողջ ավազանը հայաթափվել էր: Այստեղ հայերը շարունակել են ապրել մահմեդականների հարևանությամբ, ունեցել են դպրոց, խանութներ: Գյուղում՝ եկեղեցու մոտակայքում, պահպանվել են տարածքի հայոց հանգստարանի շիրմաքարեր, նաև՝ արձանագիր: Սակայն բազում գեղաքանդակ ու արձանագիր տապանաքարեր ու խաչքարեր կոտորվել են ու դարձել շինաքար թրքաքրդերի կողմից: Գյուղի շատ տների մեջ կհանդիպենք շիրմաքարերի բեկորների: Լավ է, որ քանդակներն ու տառերը հիմնականում դրսի կողմում են թողել: Հակի դպրոցի ուսուցիչ Յուրա Պողոսյանը տեղեկացրել էր, որ վերջերս գյուղի հարավային մասում՝ Աղավնոյի մեծ վտակի ափերին խաչքարեր է տեսել: Նրա ուղեկցությամբ հասանք բնակավայրի բանջարանոցներ, որոնցից մեկի ցանկապատի վրա ընկած է սպիտակավուն մի խաչքար: Հավանաբար այստեղ է բերվել եկեղեցու մոտից. երկարությունն է 1,14մ, լայնությունը ներքևի մասում՝ 71սմ, ներքևում՝ 51սմ, հաստությունը՝ 20սմ: Քարի երեսին մեծ խաչ է քանդակված, արձանագրություն չկա: Տարածքում կան կենցաղային նշանակությամբ քարե գործիքներ, ձիթհանի կլոր քար: Սակայն իր գեղեցիկ նախշերով հետաքրքրություն է առաջացնում ժայռաբեկորի ծաղկաձև խաչաքանդակը: Այն հավանաբար քանդակված է եղել մի ամբողջական ժայռի վրա, որը հետագայում կամ ինքնուրույն է մասերի բաժանվել, կամ կոտրել են, որ օգտագործեն որպես շինաքար: Բարեբախտաբար խաչաքանդակը պահպանվել է և հիացնում է իր գեղեցկությամբ: Մոտակայքում՝ գետի ձախ ափին, պահպանվել են հնամենի շինության պատեր և հայակերտ տների ավերակներ:

 

About The Author

Related posts

Leave a Reply