Նոյեմբերի 13, 2018

Մտածում եմ… մի՞շտ է եղել այսպես

Մտածում եմ… մի՞շտ է եղել այսպես

Սա Հայաստան է, և վերջ…

Լեոնիդ Ազգալդյան

Լեոնիդն այս խոսքն ասում էր օտարներին հասկացնելու, որ մենք ազատագրական կռիվ ենք մղում, ոչ՝ բռնագրավման: Ցավոք, նույն խոսքերը պետք է այժմ ասենք հայի անուն կրողներին, ովքեր չգիտեմ ինչու առաջինն են ցանկանում՝ դարձյալ կորցնել ազատագրված հայրենիքը: Այն, որ քաղաքականությունը, ինչպես շատերն են ասում, անառակություն է, բոլորին է հայտնի: Սակայն կա մի կարևոր երևույթ, որ հանուն քաղաքականության, կարերայի, բարգավաճման, օտարից վերցրած մեծ գումարների չպետք է ուրանալ հայրենիքը: 1994թ. մայիսին Ադրբեջանը ծնկաչոք զինադադար աղերսեց մեզանից ու ստացավ: Մենք հազարավոր քաջորդիների արյան գնով ազատագրեցինք Արցախն ու մեր պատմական հայրենիքի այն հատվածները, որոնք տարբեր ժամանակահատվածներում և հիմնականում խորհրդային կարգերի սկզբներից բռնակցվել էին մի պետության, որը նորւյթ էր մինչ 20-րդ դարի 20-ական թվականներըը: Այդ տարածքները հազար-հազար տարի առաջ մտնում էին Մեծ Հայքի Սյունիք և Արցախ աշխարհների Աղահեճ՝ Քաշաթաղ, Խոժոռաբերդ, Կովսական, Գրհամ, Բաղք, Քաշունիք, Հաբանդ, Բերդաձոր, Վայկունիք, Ծար և այլ ու այլ գավառների մեջ: Իսկ եթե որևէ մեկը կասկածում է, որ ազատագրված տարածքները հայոց ոստան են, կարող է գալ Արցախ և տեսնել Հայոց հարյուրավոր սրբավայրերը, հանգստարանները: Եթե թշնամին է խոսում նույն տարածքների վերադարձման մասին, հոխորտում պատերազմով, հասկանալի է ու բնական: Սակայն մտահոգիչ է, երբ հայ քաղաքական գործիչներն են պահանջում, վախեցնում մեզ, որ մեր թշնամուն հետ վերադարձնենք մոտ 10 հազար հայորդիների արյամբ սրբացած, հազարավոր քաջերի հերոսացման ու տառապանքի գնով ազատագրված մեր հայրենի երկիրը: Հայ Ազգային կոնգրես կուսակցության անդամ Զոյա Թադևոսյանը Արցախի ազատագրված տարածքների վերաբերյալ շատ հանգիստ ու համոզված հայտարարել է, որ դրանք պետք է վերադարձվեն, ,,…որ հիմնախնդրի լուծումը դա է պահանջում։ Ինձանից կարող եք ոչ մեկդ չնեղանալ, բայց դա ես չեմ որոշում, եռանախագահողների և ընդհանարպես, բանակցությունների սեղանին միշտ դրված է եղել այդ հարցը…,,: Է, թող դրված էլ մնա, մեզ ի՞նչ: Չգիտեմ՝ տիկին Զոյա, դուք տեսե՞լ եք՝ ինչպես նույն եռանախագահողներին Բերձորում դիմավորեցին մեր երիտասարդները, ինչպես էր ամերիկյան համանախագահողը փորձում չերևալ ցուցարարների աչքին: Հասկանալի է՝ լտպ-ն միշտ է արծարծում ազատագրված տարածքները թշնամուն հետ վերադարձնելը, իբր դրանով կապահովվի խաղաղություն և բարեկամություն: Բայց մի մոռացեք՝ թշնամու առաջին երազանքը Երևանին տիրանալն է. ասում են մերն է: Ի՞նչ անենք… Ես Ձեզ հրավիրում եմ Քաշաթաղ և Քարվաճառ, Ակնա, ու Մեխակավան, Կովսական ու Քաշունիք, որպեսզի Ձեր աչքերով տեսնեք իմ հիշատակած հազարավոր պատմական հուշարձանները, որոնք պատմում են հայի մասին՝ սկսած վաղնջական ժամանակներից; Իսկ եթե չեք ցանկանում գալ ու անձամբ հավատալ՝ ազատագրված են ու վերստին հայացած այդ տարածքները, լուսանկարներ կտեղադրեմ: Արդեն 22 տարի է, ինչ բնակվում եմ նաև իմ կողմից ազատագրած Քաշաթաղում, ինձ նման հազարավոր ազատամարտիկների ու հայրենիքի նվիրյալների հետ և ոչ մեկին թույ չեմ տա արգահատելի խոսքեր ասել իմ Սուրբ հայրենիքի մասին, առավել ևս դրանք վաճառքի հանել: Թուրքերը, եռանախագահողները, միջազգային այլ կառույցներ կպահանջեն, որ հետ վերադարձնենք ազատագրված տարածքները, դա բնական է, բայց ցանկացած հայ պետք է դեմ լինի դրան ու դառնա այս տարածքների պահապան-զինվորը: Ի՞նչ է, Դադիվանքն ու Ծիծեռնավանքը, Քրոնից եկեղեցին ու Ամուտեղը տանք թուրքին…

Զոհրաբ Ըռքոյան

About The Author

Related posts

Leave a Reply