Օգոստոսի 22, 2019

      Մուտք գործեցին մեծ կյանք

      Մուտք գործեցին մեծ կյանք

Այս ուստարում Արցախի Հանրապետության 217 հանրակրթական դպրոցներին հրաժեշտ տվեցին 1020 12-րդ դասարանցի, որից 83-ը՝ Քաշաթաղի շրջանից: Շրջկենտրոն Բերձորում գործում են 2 միջնակարգ դպրոց՝ Վահան Թեքեյանի անվ. թիվ 1-ը և Վահան Զատիկյանի անվ. թիվ 2-ը: Շրջանում գործող 52 դպրոցներից 10-ից ավելին այս ուստարում շրջանավարտ չունեցան, սակայն բոլոր կրթօջախներում օրը տոնական էր: Վ. Զատիկյանի անվ թիվ 2 միջնակարգին հրաժեշտ տվեցին 8 շրջանավարտ՝ 5 աղջիկ և 3 տղա: Վերջին դասը՝ դասղեկ Հեղինե Սահակյանի հետ, աշակերտներն անցկացրեցին դպրոցի հրապարակում՝ ծնողների. ուսուցիչների, հյուրերի ներկայությամբ: Ինչպես ընդունված է՝ իրենց ավագ ընկերներին ողջունեցին ու բարի երթ մաղթեցին առաջինդասարանցիները՝ տոնական վալսով ու բարեմաղթանքներով: Իսկ շրջանավարտները հույս հայտնեցին, որ փոքրիկներն առավել լավ կսովորեն, բարձր կպահեն իրենց կրթօջախի անունը և դպրոցը հանձնեցին նրանց:  Այնուհետև շրջանավարտները հանդես եկան երգով ու հումորեսկներով, ասմունքով ու պարով: Աշակերտները բեմականացրին փոքր հատվածներ 12 տարիներում դպրոցում անցկացրած հիշարժան դասաժամերի մասին: Արած չարաճճիությունների համար հայցեցին սիրելի ուսուցիչների ներողամտությունը և փոխհատույց եղան՝ նվիրելով ծաղիկներ: Մեկ դասաժամ տևեց վերջին զանգի արարողությունը, որը շրջանավարտները կհիշեն երկար տարիներ: Հատկապես հուզիչ էր տղաների՝ հայրենիքի վաղվա զինվորների ելույթը՝ զինվորական համազգեստով: Երգելով Պարոնայք սպաներ երգը՝ նրանք հավաստիացրեցին, որ դպրոցն ավարտելուց հետո զինվորագրվելու են Հայոց բանակին, այնուհետև կիրականացնեն իրենց երազանքը: Երգի պահին հայտարարվեց լռության րոպե, ներկաները հոտնկայս հարգեցին բոլոր մարտիրոսների հիշատակը, փառք տվեցին նրանց ու Հայոց բանակին, որ այսօր կարողանում ենք ուրախ հանդեսներ կազմակերպել: Հանադեսին ներկա էր շրջանային զինկոմ, մայոր Ստեփան Օհանջանյանը, ով գոհ էր տղաների զինվորական երգից ու ելույթից: Շրջանավարտներին շնորհավորեցին ու բարի երթմաղթեցին շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանը, դպրոցի փոխտնօրեն Նունե Զոհրաբյանը, ուսուցիչներ, ծնողներ: Մաթեմատիկայի ուսուցիչ Մուշեղ Մովսիսյանը, շնորհավորելով իր սաներին, նրանց հաղորդեց նաև դպրոցի տնօրեն Համբարձում Արզանյանի ուղերձը: Աշակերտները մաղթեցին շուտափույթ ապաքինում իրենց տնօրենին ու սիրելի ուսուցչին, ով հիվանդության պատճառով ներկ չէր:

  • DSCN6890
  • DSCN6890 (1)
  • DSCN6880
  • DSCN6819
  • DSCN6789
  • DSCN6670
  • DSCN6318
  • DSCN6313
  • DSCN6278

Բերձորի Վահան Թեքեյանի անվ. թիվ 1 միջնակարգը շրջանի առաջին կրթօջախն է: Այս ուստարում ունի մոտ 200 աշակերտ, որից ինը՝ 12-րդ դասարանում: Տնօրեն Անահիտ Քոսակյանը հպարտությամբ է խոսում իր բոլոր աշակերտների մասին, իսկ շրջանավարտներին կկարոտի: Դպրոցի դահլիճում 12-րդցիների ծնողներն ու հարազատներն էին, ուսուցիչները, շրջվարչակազմի ներկայացուցիչներ, քաղաքում գործող այլ կառույցների ղեկավարներ, քաղաքապետ Արտյում Սարիբեկյանը: Առաջին դասարանցիներն իրենց ավագ ընկերներին հրավիրեցին բեմ, և սկզբում հանդես եկան միասին: Փոքրիկները, երգերով ու ասմունքով բարի ճանապարհ մաղթելով շրջանավարտներին, հավաստիացրեցին, որ ավելին են անելու, որ իրենց կրթօջախի մասին  առավել դրական կխոսվի հետագայում: Այստեղ ևս աշակերտները բեմականացրեցին դրվագներ իրենց անցած դասաժամերից, հանդես եկան ուսուցիչների դերերում: Նկարագրելով յուրաքանչյուր ուսուցչի՝ նրան խաղիկներ նվիրեցին ու իրենց սերն ու բարեմաղթանքը: Վերջում եղավ հրաժեշտի պարը՝ վալսը, որին մասնակից եղան ուսուցիչներն ու ծնողները, պաշտոնատար անձինք: Հրաժեշտը միշտ էլ լի է հուզմունքով ու ուրախության արցունքով, միմյանց ծաղիկներ նվիրելով, բարի ցանկություններով; Դասղեկ, մաթեմատիկայի ուսուցչուհի Նունե Հակոբյանը, շնորհավորելով ու կանաչ ճանապարհ մաղթելով իր սաներին, կարևորեց այն, որ միշտ լավը լսի նրանց մասին և հպարտանա, որ իր աշակերտներն են եղել: Շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Ա. Մխիթարյանն այստեղ ևս նշեց, որ մեր շրջանում սովորող գրեթե բոլոր աշակերտներն աչքի են ընկել իրենց լավ, մարդկային բնավորությամբ, և հավատում է՝ ներկա շրջանավարտները հետագայում ևս առիթ կտան, որ Բերձորի անունը լավ առիթներով հիշատակվի: Իր սաներին բարին ու անխոչընդոտ ճանապարհ մաղթեց դպրոցի տնօրենը՝ մաղթելով, որ դժվարությունների հանդիպելիս չընկրկեն, հաղթահարեն դրանք ու շարունակեն ճանապարհը: Հանդեսից հետո զրուցեցի շրջանավարտների հետ: Թիվ 2-ից Հարություն Մարտիրոսյանի համար կարևորը խաղաղությունն է, որ մեր ժողովուրդն օրն անցկացնի առանց տագնապի: Հետագա անելիքը՝ լավ մարդ դառնա, լինի ազգին արժանի: Իր հասակակիցներին մաղթեց՝ իրականանան բոլորի երազանքները. հավատացած է՝ բոլորն էլ ունեն բարի նպատակներ և իղձեր: Մերին որոշել է պատմաբան դառնա. ամենայն բարիք մաղթեց օրվա շրջանավարտներին, մեր ազգին: Ֆելիքսը հաստատ է որոշել՝ զինվորական է դառնալու, իսկ դասընկերը՝ Արմանը՝ ատամնաբույժ: Թիվ 2-ից Սիրվարդ Խանոյանը, ով նաև լավ երգում է, հումորով և ուրախությամբ նշեց, որ իրենք ամենալավ աշակերտներն են: Որոշել է ընդունվել Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ագրարային բաժին: Իր դասընկերներին մաղթեց, որ աղջիկները լավ ընտանիքում լավ ու երջանիկ մայրեր դառնան, լավ ուսում ստանան, լինեն նաև երկրին պիտանի մասնագետներ: Տղաներին, ովքեր շուտով բանակ են մեկնելու, մաղթեց անփորձանք ծառայություն և հաջողություններ հետագա ողջ կյանքում: Դպրոցն ավարտելու առթիվ ասաց.

-Օրն աննկարագրելի էր, և ուրախ եմ, որ ավարտեցի դպրոցը, բայց և տխուր, որ այլևս դպրոցում չենք սովորելու: Գոռ Սարգսյանը կիթառ լավ է նվագում, դպրոցի շատ միջոցառումներում էր ընդգրկված: Վերջին զանգին էլ գեղեցիկ կատարումով հանդես եկավ: Երկու եղբայրն այս պահին հայրենիքի սահմանն են պահում: Հպարտ է նրանցով: Որոշել է ընդունվել Շուշիի տեխնոլոգիական համալսարան: Դասընկերը՝ Գոռ Լորիս-Ռուսոն, իր դասընկերներին, բոլոր շրջանավարտներին բարին ու երջանկություն մաղթեց: Ավարտվեց ևս մեկ ուստարի, Քաշաթաղի շրջանում հնչեց 23-րդ դպրոցական Վերջին զանգը: Դեպի մեծ կյանք մտան 80-ից ավելի երիտասարդներ, ովքեր դառնալու են այս հողի տերն ու մշակը և շենացնելու են Տունը Հայոց:

                        Զոհրաբ Ըռքոյան

 

About The Author

Related posts

Leave a Reply