Հուլիսի 21, 2019

ԵՓՐԵՄ Ա ՁՈՐԱԳԵՂՑԻ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԱՅՑԸ ԲՌՆԱԿՈԹ

 ԳԵՎՈՐԳ ՍՏԵՓԱՆՅԱՆ

պատմ. գիտ. դոկտոր, պրոֆ., Սյունիքի հայագիտական հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշախատող

Բազմադարյան պատմություն ունեցող Սյունիքի Բռնակոթ գյուղի տարեգրությունում հիշարժան է 1821 թվականը, քանզի նույն տարվա նոյեմբերին Նախիջևանի խանությունով Արցախ` Շուշի ուղևորվելու ճանապարհին գյուղ է այցելել Եփրեմ Ա Ձորագեղցի Ամենայն Հայոց կաթողիկոսը (կթղ` 1809-1831 թթ.):

Եփրեմ կաթողիկոսի ուղևորությունը, որն ավելի շատ պայմանավորված էր քաղաքական դրդապատճառներով, հետաքրքրական մի դիպվածով է հիշատակվում Սյունիքի և, մասնավորապես, Բռնակոթ գյուղի պատմությունում:

Այսպես` ռուս-պարսկական առաջին (1804-1813 թթ.) պատերազմից հետո, երբ Հայաստանի հյուսիսային գավառները, ինչպես նաև Սյունիքն ու Արցախը Գյուլիստանի հաշտության պայմանագրով պարսկական տիրապետությունից անցան ռուսական տիրապետության տակ, Հայաստանը փաստորեն հայտնվեց երեք տերությունների` Օսմանյան կայսրության, Պարսկաստանի և Ռուսաստանի կազմում: Պարսկական կառավարությունը Այսրկովկասի նկատմամբ շարունակելով իր նվաճողական քաղաքականությունը` հարմար առիթի էր սպասում` չեղյալ հայտարարելու Գյուլիստանի  պայմանագիրը և վերսկսելու պատերազմը Ռուսաստանի դեմ: Վերջինս ևս իր հերթին նպատակ ուներ տեր դառնալու ամբողջ Այսրկովկասին:

Ռուս-պարսկական հարաբերությունների սրմանը զուգընթաց, պարսկական կառավարող շրջաններն իրենց ենթակա Երևանի, Նախիջևանի խանություններում և Օրդուբադի գավառում է՛լ ավելի սաստկացրին հայահալած քաղաքականությունը: Նախանձելի չէր նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վիճակը: Երևանի վերջին սարդար Հուսեյն խան Ղաջարը (1807-1827 թթ.), վանքի վրա ծանր պարտքեր դնելով, սկսեց քայքայել վանական տնտեսությունը: Հավատացյալ հայերը որքան էլ նվիրատվություններ էին անում վանքին, այդուհանդերձ, պարտքերի բեռը թեթևանալու փոխարեն ավելի ու ավելի էր ծանրանում: Միաժամանակ, Երևանի սարդարի կողմից հոգևորականների նկատմամբ սկսեցին իրականացվել բռնություններ և կամայականություններ: Վիճակը բարդանում էր նաև նրանով, որ վանքում այդ տարիներին ռուսական և պարսկական կողմնորոշում ունեցող բարձրաստիճան հոգևորականների միջև սկսեց ծավալվել քաղաքական ակտիվ պայքար, որի հետևանքով եկեղեցու ներսում արհեստականորեն ստեղծվեցին պարսկամետների և ռուսամետների հակադիր խմբավորումներ:

Առաջինին հարող հոգևորականներին գլխավորում էր վանքի լուսարարապետ Հովհաննես Կարբեցին, իսկ երկրորդին` Ամենայն Հայոց կաթողիկոս Եփրեմ Ա Ձորագեղցին[1]:

Էջմիածնի կաթողիկոսության միասնականությանը սպառնացող այս շրջանում Եփրեմ կաթողիկոսն իր կորովի գործունեությամբ փորձեց պահպանել ոչ միայն մեր ժողովրդի հոգևոր և աշխարհիկ միասնականությունը, այլև Ամենայն Հայոց կաթողիկոսության իրավասությունը քաղաքական տարբեր պայմաններում հայտնված եկեղեցական թեմերի նկատմամբ: Սակայն խանական բռնությունների սաստկացման պայմաններում Եփրեմ Ձորագեղցին խուսափելով օրավուր ահագնացող հալածանքներից, ինչպես նաև վանքի պարտքերը հանգանակության միջոցով մարելու և նպատակով որոշեց առժամանակ մեկնել Արցախ` Շուշի:

1821 թ. նոյեմբերի 2-ին ավելի քան երկու տասնյակ հոգևորականներից բաղկացած կաթողիկոսական շքախումբը դուրս եկավ Էջմիածնից[2]: Էջմիածնից Եփրեմ կաթողիկոսի հեռանալուց հետո, վանքը սկսեց կառավարել պարսկամետ Եփրեմ արքեպ. Մարզվանցին[3]: Եփրեմ կաթողիկոսի` Արցախ ուղևորության մասին իր ուղեգրական նոթերում ուշագրավ հիշատակումներ է թողել գրող-հրապարակախոս, բանահավաք և մանկավարժ Մեսրոպ Թաղիադյանը, ով ազգագրական նյութեր հավաքելու նպատակով Սյունիքում 1821 թ. օգոստոս-սեպտեմբերին շրջագայելուց հետո, անցնում է Նախիջևան, ուր և դիմավորում է կաթողիկոսին, ապա, Շուշի մեկնելու մտադրությամբ միանում շքախմբին[4]:

Կաթողիկոսն իր շքախմբով ուղևորության ընթացքում, Էջմիածնից սկսած, հանդիպումներ էր ունենում ճանապարհի վրա գտնվող գյուղերի հայության հետ և նրանց տալիս հայրապետական իր օրհնությունը: Նոյեմբերկի 8-ին շքախումբն արդեն Նախիջևանում էր, ուր հայ բնակչությունն ու Նախիջևանի խանը արժանացրին պատվավոր ընդունելության: Մ. Թաղիադյանի վկայությամբ. «Ընդ յառաջ ելին նմա, ոչ միայն ժողովուրդք Հայոց, այլև խանն Նախիչուանայ ամենայն կազմութեամբ այրուձիոյ և ազատագունդ հեծելոյ»[5]: Թեև կաթողիկոսն Արցախ ուղևորվելու համար Երևանի սարդարի կողմից ստացել էր թույլտվություն, այդուհանդերձ, Ճահուկ գավառում Էջմիածնից լուր է ստանում այն մասին, որ վերջինս արգելել է նրան անցնելու ռուսական սահմանը և պահանջել է վերադառնալ Էջմիածին: Լսելով այդ լուրը` ծերունազարդ կաթողիկոսը վճռում է` որքան կարելի է շուտ անցնել Ճահուկից Սիսիանի գավառ տանող լեռնանցքը, որով շքախումբը կազատվեր սարդարի կողմից ուղարկված հեծելազորի հետապնդումներից:

Սակայն լեռնանցքն անցնելիս, անսպասելի տեղացած առատ ձյան պատճառով, շքախումբը չի կարողանում շարունակել դժվարանցանելի դարձած ճանապարհը, և քանի որ մոտակա Բռնակոթ գյուղը դեռ հեռվում էր, ուստի որոշում են գիշերել առաջին հանդիպած քարայրում: Միաժամանակ, օգնության ակնկալիքով շքախմբի անդամներից մեկը կաթողիկոսի հրահանգով ուղարկվում է Բռնակոթ` կարպետներ բերելու և դրանք շքախմբի ընթացքին ձևան վրա փռելու, ինչը կհեշտացներ ձյունառատ ճանապարհը: Ինչպես վկայում է Մ. Թաղիադյանը. «Այլ ևս գետոյն, ուր յետ գիշերային պաշտամանցն, պատուէր ետ իւրոցն զայր մի հետիոտս առաքել ի Բռնակոթ, զի հանցեն ի վաղուի կապերտս և սփռեսցեն զերեսօք զձեանն, ընդ որ հնար իցէ անցանել կարաւանին սրբութեան»[6]:

Դեռ չէր  լուսացել, երբ Բռնակոթի տղամարդիկ, լսելով կաթողիկոսի գալուստը, Սյունյաց հազարապետ Մելիք-Թանգի Բ-ի ղեկավարությամբ հավաքեցին գյուղում եղած կարպետները և շտապեցին օգնության: Տեղ հասնելով` նրանք կարպետները երկու շարքով փռեցին սառած ձյան վրա` մեկը հեծյալների, մյուսը` բեռնակիր անասունների համար, և սաստիկ ցրտի պայմաններում մեծ ոգևորությամբ կարպետներն արագորեն հետևից առաջ տեղափոխելով, անցանելի դարձրին ճանապարհը: «Նախքան զլոյս առաւօտեան` ծագեցան առ մեզ գթութիւնք Բռնակոթայ, զեղաւ անդանիր ամենայն արու, այլ թե ո՞րպիսի կամակար ջեռմեռանդութեամբ այր զարամբ ել համբուրել Հայրապետի իւրոյ, և շնորհաց օրհնութեանն լինել արժանի` անմարթ է ինձ ստորագրել ցուցումեալ մատամբք…»[7],- գրում է Մ. Թաղիադյանը: Բռնակոթցիները շքախմբին ուղեկցեցին մինչև գյուղի սահմանները: Հասնելով Սիսիան` կաթողիկոսն այդտեղից անցավ Տաթև, որտեղից շարունակեց ճանապարհը Շուշի:

Բռնակոթի պատմության փունջ կազմող հիշարժան այս դրվագը բուրում է խնկահոտով, իսկ նմանօրինակ արարքը խոսում է սյունեցիների` հնուց ի վեր աստվածահաճո գործունեության, հոգևոր այրերի հանդեպ ունեցած ջեռմեռանդ սիրո ու անհուն նվիրումի մասին:

[1] Տե՛ս Հակոբյան Պ., Խաչատուր Աբովյան: Կյանքը, գործերը և ժամանակը (1809-1836), Երևան, 1967, էջ 215:

[2] Տե՛ս Շահխաթունեանց Յովհ., Ստորագրութիւն կաթողիկէ Էջմիածնի և հինգ գաւառացն Արարատայ, հ. 1, Էջմիածին, 1842, էջ 233, տե՛ս նաև Մսերեանց Մ., Պատմութիւն կաթողիկոսաց Էջմիածնի ի Սիմէօնէ մինչև զՅովհաննէս Ը, Մոսկվա, 1876, էջ 84:

[3] Տե՛ս Հակոբյան Պ.,նշվ. աշխ., էջ 295:

[4] Տե՛ս Թաղիադեանց Մ., Ճանպարհորդութիւն ի Հայս, հ, Ա, Կալկ

աթա, 1847, էջ 274-275:

[5] Նույն տեղում, էջ 275:

[6] Նույն տեղում:

[7] Նույն տեղում:

 

 

About The Author

Related posts

Leave a Reply