Նոյեմբերի 18, 2017

Եվս մեկ խաչքարավայր

Սա Հայաստան է, և վերջ…

Լեոնիդ Ազգալդյան

  Զոհրաբ Ըռքոյան

 25 տարի առաջ այս օրը՝ հուլիսի 28-ին, Հոչանց սարի ստորոտում՝ համանուն գյուղի հարավարևմտյան բլրակի մոտ, հայ ազտամարտիկների մի խումբ ընկավ թշնամու ծուղակը, և նահատակվեցին մոտ 20-ը, այդ թվում մանկավարժ, բանաստեղծուհի Ալվարդ Վարդանյանը, ում անունով է այժմ կոչվում գյուղի հանրակրթական դպրոցը: Այդ օրերին, դրանից հետո հաճախ էինք լսում Հոչանց-Ղոչազ սարի ու գյուղի մասին, որոնց ազատագրումը շատ թանկ արժեցավ մեր ժաղովրդի համար և կայացավ 93-ի գարնանը: Զուր չէր հերոսների մարտիրոսը, պայքարն ու հերոսացումը Քաշաթաղի տարածքի ազատագրման համար:

  • DSCN5369
  • DSCN5360
  • DSCN5358
  • DSCN5353
  • DSCN5335
  • DSCN5310
  • DSCN5281
  • DSCN5203
  • DSCN5212

Սրա շնորհիվ վերստին հայացավ Հայոց ոստանը: Պատմական անցյալ ունի Հոչանց գյուղը, որի շրջակայքում շատ են հայոց դարավոր գոյությունն այս տարածքում վկայող հուշարձանները՝ եկեղեցիներ, խաչքարեր, ամրոցներ, բնակելի քարայրներ և այլն: Հոչանց սարի հարավարևմտյան կողմի սարալանջերից մեկի վրա պահպանվել է վաղնջական շրջանի ամրացված բնակատեղի՝ դամբարաններով, պատմական փարախներով, այլ շինությունների հետքերով: Հնավայրն ուսումնասիրելու նպատակով հնագետներ Գագիկ Սարգսյանի, Արտակ Գնունու, գրող Բակուր Կարապետյանի հետ եղանք տեղում՝ Հոչանցի գյուղական համայնքի ղեկավար Հունան Զեյնալյանի ուղեկցությամբ: Բնակատեղիի հարավային կողմում պահպանվել է մոտ 60մ երկարությամբ պատ-պարսպի հետքը, որը ներքևից ձգվում է վեր՝ հասնելով բլրի գագաթ, որտեղ կան 2 դամբարաններ: Արևմտյան կողմում ժայռեր են, որոնք բնական ամրություն են դարձել: Բլուրը հարուստ է սպիտակ կրաքարով, որն էլ դարձել է կառույցների շինաքար: Զգացվում է՝ ժամանակին այս քարերը կտրել են հատուկ միջոցներով. տարբեր մասերում կան մեծ քարաբեկորներ, որոնց վրա կան գործիքների հետքեր: Դեպի հյուսիս կան մի քանի շինությունների հիմքեր: Ուղղանկյուն մի շինություն, որն ունեցել է  նաև նախամուտք, կառուցվել է մոտ 2,5մ հաստության պատերով: Այստեղից քիչ հեռու 30մ տրամագծով մեկ այլ կառույցի հետքեր կան. հնարավոր է՝ փարախի տեղ է: Բլրի հյուսիսային կողմում մեկ այլ պարսպի հետքեր կան: Այն ձգվում է արևելքից- արևմուտք և իջնում դեպի ձորը: Այս մասում մեծ-մեծ քարերով պարսպաշար կա, պահպանվել է նաև մուտքը: Ներքևում մոտ 10մ շառավղով դամբարան կա՝ ծածկված թփերով: Բլրի դիրքից ողջ տարածքը գտնվում է տեսադաշտում: Եվ պատահական չէ, որ Արցախյան գոյամարտի տարիներին այս դիրքն իր ձեռքում պահելու համար թշնամին մեծ ուժեր էր բերել: Պահպանվել են թշնամու հրետանու, զրահամեքենաների դիրքերը, որտեղից թուրքը ռմբակոծում էր Սյունիքի տարածքը, Լաչինի միջանցք-կյանքի ճանապարհը: Մոտակայքում դեռևս մնում են պայթած արկերի բեկորները: Տարածքում նկարահանումներ, չափագրումներ անելուց հետո իջանք ցած: Հոչանցի գյուղական համայնքի ղեկավար Հ. Զեյնալյանը տեղեկացրեց, որ  գյուղից մոտ 3կմ հարավարևմուտք կա հայկական հնադարյան գերեզմանատեղի՝ խաչքարերով ու տապանաքարերով: Նրա և Բերձորի երկրագիտական թանգարանի տնօրեն Մուշեղ Ալավերդյանի հետ անտառապատ սարալանջով բարձրացանք վեր՝ դեպի հնավայր: Դարավոր անտառն ամբողջությամբ կուլ է տվել մոտ հազարամյա գերեզմանոցը, սակայն պահպանվել են մի քանի շիրմաքարեր: Ծովի մակերևույթից 1050 մ բարձրության վրա է հնավայրը, որից ներքև է եղել բնակատեղին: Մինչ հանգստարան հասնելը սարալանջին հանդիպեցին պատերի հետքեր: Գերեզմանները հիմնականում քանդված են. Շիրմաքարերը՝ փոսերում: 3 սպիտակավուն խաչքար գտնվում էին մի փոսում: Մուշեղն ու Հունանը դժվարությամբ հանեցին երկուսը: Քարերից մեկի կենտրոնում մեծ զարդանախշ խաչ է քանդակված: Վերևում՝ աջ ու ձախ անկյուններում, հավերժության նշաններ են. չափերն են. 73,5×52,5×20սմ: Մյուսը քիչ մեծ է՝ 115x118x23սմ չափերով: Քարի վրա ընդամենը մի մեծ խաչ է քանդակված: Երրորդը հողի մեջ էր. չկարողացանք հանել: Գույնն ավելի բաց է, 2 խաչաքանդակներից մեկը կենտրոնում է և մյուսից մեծ է: Այս երեքի հարևանությամբ կա ավելի մեծ չափերով մեկ այլ խաչքար, որի մոտ մի մեծ կաղնի է աճել և խանգարեց լուսանկարել: Քիչ վերևում տապանաքար է՝ հարթ երեսով՝ 153x108x32սմ չափերով: Մեկ այլ տապանաքար բազալտից է՝ վրան մարդկային դիմաքանդակ է՝ կենտրոնական մասում հավերժության 2 նշանով: Չափերն են՝ 155×67,2×31սմ: Գրեթե նույն չափերի սպիտակ քարով մեկ այլ տապանաքար՝ առանց քանդակների, ընկած էր քիչ հեռու: 86,8×50,4×23սմ չափերի մեկ այլ խաչքարի վրա կենտրոնական մասում մեծ խաչ է քանդակված, ներքևում՝ աջ ու ձախ կողմերում մեկական փոքր խաչեր են: Մոտակայքում ավելի գեղաքանդակ խաչքարի բեկորներ կան: Դրանցից մեկի միայն ներքևի մասն է պահպանվել՝ շատ գեղեցիկ խաչաքանդակով: Մեկ տասնյակից ավելի շիրմաքարեր առանց քանդակների են: Որոշների վրա պահպանվել են խաչերի հետքեր. դարերի ընթացքում համեմատաբար փափուկ քարերը քայքայվել են: Մի քանի տապանաքար ու խաչքար երեսի վրա են ընկած, և ծանրության պատճառով չկարողացանք շրջել: Առատ խոտը, ծառ ու թփերը ծածկել են տարածքը, և հնարավոր է տարածքն ամբողջական ուսումնասիրել: Ցանկալի է՝ տեղում կատարվեն բարեկարգման աշխատանքներ, այլապես քարերը հողի տակ կմնան: Ըստ քանդակների՝ շիրմաքարերը 10-14-րդ դարերի են: Պատմական մեծ Հայքի Սյունիք աշխարհի Աղահեճք-Քաշաթաղ գավառի մասին հիշատակվում են դեռևս Աշխարհացույց-ում և այլ մատենագրական աղբյուրներում: 13-րդ դարի պատմիչ Ստեփանոս Օրբելյանն է առաջինը հիշատակում Հոչանցի մասին Սյունիքի պատմություն գրքում: Ըստ պատմիչի՝ Հոչանց-Հունչանք-Հոչեսը գավառի հայտնի ու հայաշատ գյուղերից է եղել՝ 12 միավոր հարկաչափով: Տաթևի վանքին մուծել է 3450 հարկաչափ պտղահարկ: Հավանաբար մեծ գյուղի հարևանությամբ եղել են փոքր գյուղակներ, որոնց մասին չի հիշատակվել կամ մինչև օրս տեղորոշված չեն: Առհասարակ՝ Քաշաթաղի շրջանի հատկապես հյուսիսային մասում շատ են նման հուշարձանները՝ հիմնականում անտառներում, և տարեցտարի հայտնաբերվում են ու հաստատում հայի՝ դարեր շարունակ այստեղի տեր լինելու մասին և Լեոնիդ Ազգալդյանի հայտնի խոսքը:

 

 

About The Author

Related posts

Leave a Reply