Սեպտեմբերի 17, 2019

Բաց նամակ ՌԴ պրեզիդենտ Վ.Վ. Պուտինին /պատճենը ՌԴ Դումայի պատգամավոր Վ.Վ.Ժիրինովսկուն/

Բաց  նամակ ՌԴ պրեզիդենտ Վ.Վ. Պուտինին /պատճենը ՌԴ Դումայի պատգամավոր Վ.Վ.Ժիրինովսկուն/

/Հրապարակումը՝ առանց խմբագրման/

Վերջերս  հայկական  հեռուստատեսությամբ  հաղորդեցին  Հայաստանի  հասցեին  ասված  պարոն  Ժիրինովսկու  «սիրալիր»  խոսքերը.  «Թքած  Հայաստանի  վրա…»  ևն,  ևն: Եթե  նա  իրոք  նման,  մանավանդ  իրավագետին  ոչ  վայել,  անհավասարակշիռ  արտահայտություններ  է  թույլ  տվել,  ապա  հարկ  է  նրան  բացատրել,  որ  հայ-ռուսական  բարեկամական  կապերը  հարյուրամյակների  պատմություն  ունեն  և  հոգեկան  անհավասարակշիռ  անձանց  արտահայտություններով  չէ  դա  չափվում… Ոչ  միայն  Հայաստանի  ստրատեգիական  դիրքը,  այլև,  ամենից  առաջ,  հայ  ժողովրդի  անսահման  սերը  ռուս  ժողովրդի  նկատմամբ  հազար  անգամ  ավելի  մեծ  նշանակություն  ունեն  Ռուսաստանի  ազգային  շահերի  համար,  քան  նրա՝  հայերի,  այսօրվա  փոքր  տարածքն  ու  փոքրաթիվ  հայ  ժողովուրդը… Դա  ՀՀ-ում  Ռուսաստանի  բազայով  չի  պայմանավորված,  այն  կարող  է  փոխարինվել  մեկ  ուրիշով… շատերը  կուզենային  ռուսականի  փոխարեն  իրենցը  տեղադրել  Հայաստանում՝  պաշտպանելով  թե՛  իրենց  և  թե՛  Հայաստանի  շահերը˟,  գուցե  ռուսներից  էլ  ավելի  լավ… Ինչ  վերաբերվում  է  Թուրքիային  և  Ադրբեջանին,  ապա  նրանք,  անկախ  «սիլի-բիլիներից»,  երբեք  ռուսամետ  չեն  լինի. կսպասեն  հարմար  պահի  կա՛մ  կործանելու  Ռուսաստանը  կա՛մ  օգտվելու  նրա  կործանումից… Ի  դեպ  Թուրքիան  էլ  թե՛  ներքին  և  թե՛  արտաքին  առումով  հոխորտալու  մեծ  հիմքեր  չունի.  բավական  է  մի  փոքր  կայծ  բռնկվի,  իսկ  դա  վաղ,  թե  ուշ  տեղի  կունենա,  Թուրքիան  «հազար  մասի»  կբաժանվի… Այնպես  որ,  եթե  նույնիսկ  այս  անգամ  էլ  Ղարաբաղն  ու  Հայաստանը  զոհաբերվի  հանուն  «ռուս-թուրքական  բարեկամության»,  ապա  մեկ  է  դրանով  Ռուսաստանի  կյանքը  շատ  չի  երկարի… Դրա  համար՝  առավել  կամ  պակաս  չափով  հուսալի  ներկայի  և  ապագայի  ապահովման  համար,  բոլորովին  ուրիշ  քայլեր  են  պետք:

Ոչ  ոք  չի  կարող  արգելել  Ռուսաստանին  Թուրքիայի  կամ  մեկ  ուրիշի  հետ  «եղբայրություն»  անելու,  բայց  անբարոյականություն  կլինի  դա  անել  փոքրիկ  Հայաստանի  շահերի  հաշվին… Այս  վերջինը  լրջորեն  կխարխլի  (ուզես  թե  չուզես)  ոչ  միայն  սոսկ  հայ-ռուսական  հարաբերություններն,  այլև  կփոխի  իրադրությունը  տարածաշրջանում՝  աննախադեպ  ծանր  հետևանքներով…

Պ-ն  Ժիրինովսկին  չպետք  է  մոռանա  նաև  թե  ինչպիսի  հզոր  պետություններ  են  վերացել  պատմության  ասպարեզից՝  օրինակ  Բյուզանդիան,  որի  «ժառանգորդն  է»  Ռուսաստանը… Թուրքերի,  ադրբեջանցիների  հետ  «սիլի-բիլիները» (шуры-муры) հասկանալի  են,  բայց  չպետք  է  մոռանալ,  որ  Հայաստանը  կորցնելով`  հատկապես  այսօրվա  միջազգային  իրողությունների  պայմաններում,  Ռուսաստանը  հենց  իր  ազգային  անվտանգությանը  մահացու  հարված  կհասցնի*… Փոխանակ  Ձեր  փոքրիկ,  բայց  ամենահուսալի  (իսկ  գուցե  և  միակ  հուսալի)  դաշնակցին  հզորացնելուն  ուղղված  արմատական  քայլեր  կատարելու  պ-ն Ժիրինովսկին   «ուրախանում»  է,  որ  Հայաստանն  այնքան  թույլ  է,  որ  մի  ժամում  Ադրբեջանն  ու  Թուրքիան  նրան  կուլ  կտան… Բյուզանդիան  էլ  այդպես  վարվեց՝  թուլացրեց  Հայաստանը՝  իր  թիկունքը,  վերջում  էլ  ինքը  կործանվեց…

Հարավային  Օսեթիայի,  Աբխազիայի  անկախությունը  ճանաչում  եք,  իսկ  ԼՂՀ-ի  անկախությունը կամ  ՀՀ  հետ  նրա միավորումը  չեք  ճանաչում  կամ  Ղրիմը  համարում  եք  ապօրինի  Ուկրաինային  տրված,  որն  անշուշտ  ճիշտ  է*,  իսկ  Ղարաբաղն  ակնհայտ  ապօրինաբար,  պատմությանն  անհայտ՝  բոլշևիկների  հնարած,  «Ադրբեջան  պետությանը»  բռնակցելու  փաստն  ու  Արցախի՝ ԼՂՀ-ի,  անկախությունը  չեք  ճանաչում.  տարօրինակ  մոտեցում,  առավել  տարօրինակ  «բարեկամություն»…

Ավելին՝  ինչպես  որ  1921թ.  Մոսկվայի  և  Կարսի  պայմանագրերը  փաթաթեցիք    ծանր  վիճակում  գտնվող  Հայաստանի  վզին,  հիմա  էլ  նույն  ձևով, այսպես  կոչված  «Մադրիդյան  սկզբունքները»  կամ  համաձայնագրերն  եք  փորձում  փաթաթել  Ձեզնից  հայտնի  չափով  կախման  մեջ գտնվող, մեր կարծիքով,  ՀՀ  անձեռնահաս˟ (некомпетентный)   ղեկավարության և  հիմնականում նաև  նրա  մեղքով բավական  ծանր  պայմաններում հայտնված  ՀՀ-ի,  նրա  ժողովրդի  վզին. այդ  «սկզբունքներն»  ու  «համաձայնությունները»  անառարկելիորեն  հակասում  են  ամբողջ  հայ  ժողովրդի,  հատկապես  արյան  գնով  իր  ինքնորոշման  միջազգային-իրավական  ճանաչում  ստացած  իրավունքը  նվաճած  Ղարաբաղի  հայության  ազգային-պատմական  շահերին.  ընդսմին դրանք  իրականացնելու  դեպքում անմիջականորեն  վտանգելով  նաև  ԼՂՀ-ի  հետագա  անվտանգ  գոյատևումը… Այո՛  մի  փոքրիկ  կտոր  Հայաստանից պահպանվել  է  (իհարկե  հատկապես  նաև Ռուսաստանի  շահերի  համար),  որի  համար  մենք  հավերժ  շնորհակալ  ենք (հիշենք  թեկուզ Խաչատուր  Աբովյանի  խոսքերը…).  բայց  դա  չի  նշանակում,  թե  Հայաստանի  տարածքները՝  մինչև  Քուռ  գետը, սրան-նրան  տալու  և  այսօր էլ  աջ  ու  ձախ  թուք  շաղ  տալու,  սպառնալիքների  համար  էլ  պետք  է  երախտապարտ  լինենք… Պետք  է  լրջորեն  վերաիմաստավորել  Հայաստանի  նկատմամբ  քաղաքականությունը,  մանավանդ բացառել «երկկենցաղ»  (земноводный),  երկդիմի  (двуликий)   խաղերն  ու  վարել  մեր  իրոք  հարյուրամյակների  բարեկամությունից,  հայ  ժողովրդի  Ռուսաստանի,  ռուս  ժողովրդի,  նկատմամբ  աննախադեպ  մեծ  սիրուց  բխող  պրակտիկ  քաղաքականություն: Հարկ  է  նաև  նկատի  ունենալ,  որ  մեր  երկրի  ներքին  ու  արտաքին,  այդ  թվում  ազգային-պատմական  խնդիրների  (նաև,  բնականաբար,  Ղարաբաղի  հարցում),  ինչպես  նաև  Ռուսաստանի  նկատմամբ  վերաբերմունքի  հարցերը  գնահատելիս  պետք  է  հենվել  մեր  ժողովրդի  կարծիքի  վրա  և  ոչ  թե  «ղեկավարության»,  որ  սկսած  նախկին  և  ներկա  նախագահներից  և  մյուս  «կառավարողներից», փաստորեն,  անկախ  զանազան  «ընտրությունների  արդյունքներից»,  «Սահմանադրություններից»,  մեր  կարծիքով   վաղուց  արդեն իրականում ժողովրդին՝ համենայնդեպս  նրա  զգալի  մասին,  վստահություն  չի  ներշնչում… Ուստի  պետք  է  խուսափել  նաև  այդպիսի  վիճակում իշխանություններին  պաշտպանելուց, նրանց  կարծիքն  անվերապահ  ընդունելու մտայնությունից, թեկուզ  հենց  նրա  համար,  որ  շատերի  մոտ՝  ուզես  թե  չուզես,  այն  տպավորությունն  է  ստեղծվում,  որ  այս  աղետալի  վիճակը  մեր  կառավարողների  նկատմամբ  Ռուսաստանի  հովանավորչական  քաղաքականության  արդյունքն  է…

Ես  բոլորովին  էլ  այն  կարծիքին  չեմ,  որ  Ռուսաստանը  Հայաստանի  խնամակալը  կամ  հոգաբարձուն  է,  և  ամեն  մի,  կամ  պատեհ  առիթով հայերն  իրավունք  ունեն  «խռովելու»  Ռուսաստանից,  կամ  ամեն  ինչում  նրան  մեղադրելու.  ՀՀ  ղեկավարությունն  ինքը  պետք  է  խելացի  կառավարմամբ  լուծի  իր  երկրի,  իր  պետության  հիմնախնդիրները… դրա  համար  «փոքրիկ»  Հայաստանն  «իր  չափով»  բավարար  նյութական  և  հոգևոր  ներուժ  ունի.  իսկ  բարեկամը՝  օր.  Ռուսաստանը,  պարզապես  կարող  է  նպաստել  դրան: Ես  նաև  հեռու  եմ  որևէ  մեկին  սովորեցնելու,  «դաս  տալու»  հավակնությունից.  պարզապես  իմ  որոշ  խորհրդածություններ  ներկայացրի  այս  նամակում  շոշափվող  հարցերով՝  քանզի  ռուս-հայկական  հարաբերություններին,  Ռուսաստանի  և  Հայաստանի  պատմական  բախտին  առնչվող  հիմնախնդիրները  չափազանց  կենսական են,  ու անտարբեր  չի  կարելի  անցնել  հայ-ռուսական  հարաբերություններին  կամա  թե  ակամա  վնաս  պատճառող մեծ  թե  փոքր երևույթների  կողքով  և,  եթե  իմ  խորհրդածություններում  ինչ-որ  բան  էլ  այն  չէր,  ապա  դրա  համար  Ձեր  ներողամտությունն  եմ  հայցում:

Ավարտելով  իմ  այս  նամակ-խորհրդածությունները,  որպես  հայ  մտավորական,  որպես  ռուս-հայկական  բարեկամության  համոզված  երկրպագու  (поклонник)  ու  ջատագով  (поборник)  համոզված  եմ,  որ հայ-ռուսական  բարեկամությունն  ավելի  ու  ավելի  կխորանա՝  ձեռք  բերելով  նոր  որակներ  ի  շահ  երկու  պետությունների  հզորացման,  երկու  ժողովուրդների  բարեկեցության  ու  անվտանգության: Իսկ  պ-ն  Ժիրինովսկին  ևս,  կարծում  եմ,  որ  անկախ  ամեն  ինչից  սիրով  կծանոթանա իմ.  «Россия  и  армянское  освободительное  движение…»  աշխատությանը  (այն  Ձեզ  ուղարկել  եմ  ավելի  վաղ` որի համար նախագահական ապարատից պաշտոնական ծանուցում-նամակներ ստացել եմ. այդ  աշխատությունը  և  մեր  մի  շարք  այլ  աշխատություններ, կան  նաև  Մոսկվայի  և  Ս.Պետերբուրգի  (ՌԴ-ի) կենտրոնական  գրադարաններում): Այն՝ նշված աշխատությունը,  որն ի  դեպ  միակը  չէ,  նաև ռուս-հայկական  բարեկամությանը  նվիրված,  նաև  Ռուսաստանին,  ռուս  ժողովրդին  սիրող,  Ռուսաստանի  ապագայով  մտահոգ  հայ  մտավորականի  միտումներն  է  բովանդակում*:

˟ Թեպետ,  անշուշտ,  փաստորեն  սուվերեն  չէ  այն  երկիրը,  պետությունը,  որն  ինքն  իրեն  չի  կարողանում  պաշտպանել… Խոսքն,  իհարկե,  դաշնակցի  մասին  չէ…

* Պ-ն  Ժիրինովսկու  որոշ  արտահայտություններից այն տպավորությունն է  ստեղծվում,  որ  նա  ցանկանում  է  Ռուսաստանի  մասնակցությամբ պանթուրքիզմի,  պանիսլամիզմի  ծրագրերն  իրականացնել.  պարզ  է,  որ  եթե  նույնիսկ  խաղաղ ձևով  նման  միավորումներ՝ Ռուսաստանի  մասնակցությամբ,  ստեղծվեն,  ապա մեկ է, Ռուսաստանն երկար  գոյատևել  չի  կարող  (Բյուզանդական կայսրությունը  ևս  թուրքերին  հրավիրեց իր սահմանները պաշտպանելու,  վերջում  հենց  նրանք  էլ  կործանեցին  Բյուզանդիան…)  և  հայերն  էլ  ստիպված  կլինեն  ուրիշ՝  ավելի  հուսալի  դաշնակիցներ  որոնել… Անշուշտ  հիասթափությունը  մեծ  կլինի  նաև  այն  դեպքում,  եթե  Ռուսաստանը  շարունակի  Հայաստանի  կենսական  շահերը  զոհաբերել  Թուրքիային  և  Ադրբեջանին,  ինչպես  որ  Ղարաբաղը,  Նախիջևանը  և  հայկական  մյուս  հողերն  է  զոհաբերել՝  փոքրացնելով  Հայաստանը…

Կարծում  ենք  նաև,  որ  պ-ն  Ժիրինովսկուն`  որպես  Պետ. Դումայի  պատգամավորի  և  քաղաքական  գործչի,  պետք  է  նախազգուշացնել  նման  անհավասարակշիռ,  մեր  երկու  ժողովուրդների  դարավոր  բարեկամությանը  լրջորեն  վնասող  արտահայտությունների,  վարքագծի  համար… Ո՞վ  է  նրան  իրավունք  տվել  թքելու  Հայաստանի  վրա,  միթե՞  նա  չգիտի,  որ  հայերը  երկու  միլիոն  (հայ  ժողովրդի  կեսից  ավելին) մարդ են կորցրել,  զրկվել  իրենց  պատմական  հայրենիքից նաև ռուս  ժողովրդի,  Ռուսաստանի  նկատմամբ  ունեցած  սիրո  և  հավատարմության  համար,  իսկ  Հայաստանի,  հայ  ժողովրդի  վրա  թքողները  Էնվերի  և  Թալեաթի  ճակատագրին  են  արժանացել… Հայաստանն,  իհարկե,  անհամեմատ  փոքր  է  Ռուսաստանից,  բայց  մենք  էլ  թքելու  շատ  բան  ունենք.  այն  ժամանակ,  երբ  Հայաստանը  երկուհազարամյա  պետություն  էր,  ավելի  մեծ  տարածքով,  ժողովրդով  ու  զարգացած  մշակույթով,  սլավոնների,  եվրոպական  ժամանակակից  ժողովուրդների  նախնիները  դեռևս  նախնադարյան  կարգերում  էին  ապրում,  քիչ  չէին  նաև  ծառերի  վրա  թռչկոտողները…

Իսկ  որ  Հայաստանի,  հայ  ժողովրդի  վիճակը  վատ  է,  մարդիկ  գնում  են  երկրից,  դրա  համար  էլ  ոչ  մի  ողջամիտ  հայ  մարդ,  առավել  ևս  հայ  ժողովուրդն  ամբողջությամբ  վերցրած,  Ռուսաստանին  չի  մեղադրում,  այլ  մեղադրում  է  մեր  անհաջող  կառավարողներին… Հենց  նրանց  մեղքով  է  նաև,  որ  պ-ն  Ժիրինովսկին  և  մյուս.  «իրավունք  են  ստացել»  թքելու  Հայաստանի  ու  հայ  ժողովրդի  վրա…

Ինչ-որ  է՝  ես  հավատում  եմ,  ինչպես  անկասկած  իմ  ժողովրդի  բացարձակ  մեծամասնությունը,  ոչ  միայն  հայ-ռուսական  բարեկամության  անխախտելիությանը, այլև  նաև  այդ  բարեկամության  ավելի  խորացմանն  ու  զարգացմանը: Ավելին՝  աշխարհաքաղաքական  առկա  իրողությունների  պայմաններում  ես  ավելի  շատ  մտահոգ  եմ  Ռուսաստանի  ճակատագրով,  քան  Հայաստանի՝  և  ոչ  միայն  ռուս  ժողովրդի  նկատմամբ  իմ  և  իմ  ժողովրդի  իրոք  մեծ  սիրո  պատճառով, այլև  նրա  համար,  որ  Աստված  մի  արասցե՝  Ռուսաստանի  անկմամբ  աշխարհաքաղաքական  լուրջ  ցնցումներ  կլինեն,  ինչպես  1453-ին  Բյուզանդիայի  անկմամբ,  քաղաքակրթությանն  անդառնալի  վնաս  կհասցվի.  եթե  ինչպես  պ-ն  Ժիրինովսկին  է  ասում,  Հայաստանը  շրջապատած  Թուրքիան  և  Ադրբեջանը «մի  վայրկյանում  կուլ  կտան  Հայաստանը»,  ապա  նախ  կուլ  կտան,  որ  հասնեն  Ռուսաստանին… միանան  Ռուսաստանի  15-20  միլիոնանոց  իրենց  մուսուլման  եղբայրներին,  մոտենան  իրենց  պատմական  հայրենիքին՝  Ժիրինովսկու  նշած  Ալթային,  իսկ  արևելքից  էլ  Ռուսաստանն  ունի  1,5 միլիարդանոց  առայժմ  «բարեկամ»  Չինաստան,  ատամները  կրճտացնող,  համարյա  Ռուսաստանի  չափ  բնակչություն  ունեցող  Ճապոնիա,  դե՛  նույնիսկ  քրիստոնյա  Ամերիկան  ու  Եվրոպան  են  ատամները  կրճտացնում  Ռուսաստանի  վրա. այլացեղ,  այլակրոն բազմաթիվ ազգերով  բնակեցված  մի  քանի  տասնյակ  ինքնավար՝ մեծամասնությամբ  այլազգի, միավորների  առկայությունը  ևս  Ռուսաստանի  հուսալի  գոյատևման  գրավական  չէ…, ևն,  այնպես  որ,  մտահոգվելու  շատ  բան  կա,  և  Հայաստանի  վրա  թքելն  էլ  անպատեհ  է  ու  անժամանակ… Ռուսաստանի  համար  ամենահուսալի  միջոցը  կլիներ,  ինչպես  իմ  հիշատակված՝ երկու տարի առաջ Ձեզ  ուղարկված  աշխատությունում  եմ  նշել,  նախկին  ԽՍՀՄ  հանրապետությունների  հետ  միավորվելն  ու  նոր  ֆեդերատիվ  պետություն՝  ССР – Союз  Суверенных  Республик, ստեղծելը՝  համոզված  ենք,  որ  այսօր  դա  ժողովուրդներն  էլ  կցանկանան: Ըստ  որում,  դա  Ռուսաստանին  ավելի  անհրաժեշտ  է,  քան  նախկին  ԽՍՀՄ մեկ  այլ ժողովրդի… Իհարկե  նոր  միության  մեջ  սոցիալ-տնտեսական,  պետաիրավական  կարգերը  պետք  է  լինեն  հնարավորինս  բանական  և  ոչ  թե  այնպիսին,  ինչպիսին  հետխորհրդային  երկրներում  է,  նաև,  բնականաբար,  ՀՀ-ում…

Պ-ն  Ժիրինովսկին  մի  անգամ  էլ  կարծեմ  ասաց,  որ  թուրքերին  պետք  է  քշել  իրենց  նախահայրենիքը  (прародина).  եթե  այսպես  շարունակվի,  նրանք  խաղաղ  ձևով՝  Ռուսաստանով  իրենք  կհասնեն  Ալթայ,  մանավանդ,  որ  պ-ն  Ժիրինովսկին  ուզում  էր  ստեղծել՝  ռուս-թուրքական,  ռուս-իրաքյան, ռուս-իրանյան (ի դեպ, թուրքերը  եթե  իրենց թշնամական զգացմունքները չեն կարողանում թաքցնել, պարսիկ-ադրբեջանցիները բավական հաջող  դրանք թաքցնում  են…)  և  այլն,  ռուս-մուսուլմանական  միություն  (հիմա  երևի  վերը  նշված  նպատակներով  Թուրքիան  էլ  կուզի  մտնել  ՌԴ-ի  կազմի  մեջ…):

Ռուսաստանը  ԽՍՀՄ-ից  հզոր  չէ.  բայց  ո՞ւր  է  ԽՍՀՄ-ը…Նախկին  սխալները  չպետք  է  կրկնել,  այդ  թվում,  բնականաբար,  Հայաստանի  ու  հայ  ժողովրդի  նկատմամբ.  պատմության  դասերը  չպետք  է  մոռանալ.  «Historia  est  magistra  vitae», — говорили древние римляне…

 

* Թեպետ պատմական անցյալում Ղրիմը ոչ մի կապ չի ունեցել ոչ ռուսների և ոչ ուկրաինացիների և ոչ էլ թաթարների կամ թուրքերի հետ. եթե, իհարկե, սկյութներին (скифов) չհամարենք հիշատակված ժողովուրդների նախնիներ… Ի դեպ Վլադիմիր Սվյատոսլավիչը կնքվել, քրիստոնեություն է ընդունել 988 թվականին բյուզանդական (հունական) Կորսուն (Корсунь-Херсон, Херсонес) քաղաքում ամուսնանալով հայկական ծագմամաբ բյուզանդական արքայադստեր` Աննայի հետ… Իսկ Ղարաբաղի, որը երբեք ոչ հայկական չի եղել, ինքնորոշման իրավունքն ու անկախությունը կարելի է ճանաչել թե պատմական և թե ժամանակակից միջազգային իրավական առումով` միջազգային իրավունքին լիովին համապատասխան:

***

Ձեր պատճառով, թե թուրքերի կամ մեր ապաշնորհ ղեկավարության պատճառով մեր երկիրն այսօր կանգնել է նաև իր հայրենիքի արևելյան մասը կորցնելու վտանգի առջև (գուցե և սա այսօր ձեզ ծիծաղելի թվա…). Ռուսաստանն առայժմ մեծ երկիր է (տա Աստված ավելի մեծանա ու հզոր լինի). սակայն Աստված մի արասցե չի իմացվի թե ինչ կլինի վաղը` թուրքերը և ուրիշ այլազգիներ, չինացիներ ևն, կլցվեն այդ տարածքը, իսկ հայեը երբեք վտանգ չեն սպառնա ռուսին, ռուս ժողովուրդին. ժամանակին Պետրոս առաջինը տարբեր պատճառներով չկարողանալով Հայաստանն ազատագրել թուրքերից ու պարսիկներից հայերին հրավիրեց ռուսական զորքերի ազատագրած կասպիական մարզերը` բնակության… Այսօր դուք կարող եք մի քանի անգամ մեծ ու հնարավորինս հարմար տարածք հատկացնել մեր ժողովրդին Ռուսաստանում` ստեղծելով` Ռուսաստանի կազմում, 23-րդ` հայկական հանրապետությունը, որն օգտակար կլինի թե¢ ներկայի թե¢ ապագայի առումով, թե¢ Ռուսաստանին և թե¢ հայ ժողովրդին… Պաշտոնապես ռուսները պետք է հայտարարեն, որ հայ ժողովրդի նկատմամբ նման պատրաստակամություն, բարյացակամություն ունեն մնացածը թող ժողովուրդը որոշի… Այլապես  Աստված մի արասցե հետագայում կարող է ուշ լինել թե մեզ համար, և թե ձեզ… Ժամանակին Պետրոս առաջինին չլսեցինք և չտեղափոխվեցինք Կասպիականի ափերը. եթե լսեինք հիմա այսօր Ադրբեջան անունով արհեստածին պետություն չէր լինի… Թող ներկայիս Հայաստանի Հանրապետությունը մնա` պահպանի իր անունը, իսկ ովքեր ցանկանում են թող ապրեն այնտեղ. համոզված եմ որ այն դուք թուրքին, պարսիկին «ադրբեջանցուն» կամ մեկ ուրիշի չեք հանձնի… Արևելյան Հայաստանը թող պահպանվի ռուսների կողմից` նրանք ավելի լավ կպահպանեն այն, քան մեր այսօրվա անձեռնահաս` խելքները փողին տված  «ղեկավարները»… Հավանաբար հիմա Ռուսաստանում ավելի շատ հայ կա, քան «անկախ» Հայաստանի Հանրապետությունում` թող նրանք, ինչպես նաև այսօր Ռուսաստան արտագաղթող հայերը գան կոմպակտ բնակվեն հարթավայրային Ռուսաստանում. շինարար, ստեծագործ, ռուսներին հավատարիմ ժողովուրդ, ևն, Ռուսաստանին միայն օգուտ կբերեն, իրենք էլ կմնան մինչև որ Ռուսաստանն ավելի լավ օրեր ապրի. այլապես հայ ժողովուրդը կկորցնի իր վերջին հանգրվանը, իսկ Ռուսաստանն իր կարևորագույն առաջադիրքը (форпост)… Ես չեմ կարծում, թե լավագույն տարբերակն այն է, որ հայերը կամ հրաժարվեն ռուսական կողմնորոշումից (ինչ-որ ապաշնորհի պատճառով…) կամ այդ կողմնորոշմանը հավատարիմ վերանան… Հայերի վերանալը հո չի փրկի ձեզ չինացիներից, մուսուլմաներից (Մոսկվան ու Պետերբուրգը, մյուսները դեռ չհաշված, մուսուլմանական սրբավայրերի` Մեքքայի նման, են վերածվում…):

˟ Իմ  կարծիքով եթե ձեռնահաս  լինեին  «Մադրիդյան լուծմանը»  հավանություն  չէին  տա…

* Կարծում եմ, որ պ-ն Ժիրինովսկին սոսկ առիթ տվեց՝ հայ-ռուսական հարաբերություններին,  մասնավորապես՝  նրա  արդի  վիճակին,  անդրադառնալու  կարիքը  վաղուց  կար..

Հարգանքով՝

Մալիկ  Միրաքի  Թելունց

Իրավագետ,  պատմաբան՝  պատմական  գիտությունների  թեկնածու,

Հայաստանի  Հանրապետություն,  Սյունիքի  մարզ,  ք. Գորիս, Նարեկացի փողոց 4/9:

About The Author

Related posts

Leave a Reply