Մեր երկիրը շատ հարուստ է պատմահնագիտական հուշարձաններով․ ցանկացած վայրում հնարավոր է գտնել, տեսնել խաչքար, տապանաքար ու հնադարյան պատաշար ու դամբարան, ամրոց ու նման այլ կառույցներ։ Եվ ինչ-որ տեղ նաև այս է պատճառը, որ հաճախ անտարբեր ենք մեր պատմության վկաների հանդեպ. ժողովրդական խոսքով ասած՝ աչքը սովոր է։ Իսկ խորհրդային տարիներին, դարանից առաջ, նաև այսօր կատարված քանդիչ վերաբերմունքը մեծ վնասներ է հասցրել Հայոց պատմությանը։
Վերջերս աշխատանքային խմբով Հին Խնձորեսկում էինք՝ ճարտարապետության դոկտոր, նկարիչ, քարանձավագետ, խաչքարագետ, ժայռապատկերներ ուսումնասիրող Սամվել Շահինյանի և ճարտարապետ դստերս՝ Գայանե Ըռքոյանի հետ՝ չափագրումներ ու լուսանկարահանումներ կատարելու նպատակով։ Հանդիպեցինք գործարար Ժորա Ալեքսանյանին, ով շարունակում է այժմ ՌԴ Սուրգութ քաղաքում բնակվող խնձորեսկցի Ռազմիկ Ղալդունցի՝ Հին Խնձորեսկը բարեկարգելու գործը։ Ժ․ Ալեքսանյանը ծնվել է Հին Խնձորեսկում, այժմ բնակվում է Գորիս քաղաքում։ Հին Խնձորեսկում՝ ճոճվող կամրջի սկզբնամասում է գործում թանգարանը, որտեղ ցուցադրված են միջնադարում և մինչ վերջերս այս պատմական բնակավայրին վերաբերող ազգագրական ու հնագիտական իրեր։ Ճոճվող կամուրջն ունի 160 մ երկարություն, 63 մ բարձրություն, 14 տ․ քաշ։ Կառուցվել է 2012 թ․ Ժորա Ալեքսանյանի նախաձեռնությամբ ու հովանավորությամբ՝ նվիրված իր ծնողների՝ Հայկ և Թամարա Ալեքսանյանների հիշատակին։ Ժ․ Ալեքսանյանի և տեղի զբոսավար Սևադա Շահնազարյանի ուղեկցությամբ ծանոթացանք թանգարանային նմուշներին։ Քարանձավ-թանգարանը, որ ժամանակին եղել է 4 սենյականոց բնակարան, պատկանել է մեծ ընտանիքի։ Տարբեր ցուցանմուշների շարքում է Հրաչյա Դայու թախտը նաև։ Այստեղ Ժ․ Ալեքսանյանը տրամադրեց կարևոր տեղեկություններ պատմական Խնձորեսկի մասին, որը կազմել է Ռուբեն Բեգլարյանը։ Աշխատանքից հետո Ժ․ Ալեքսանյանն իր մեքենայով մեզ տարավ Խնձորեսկ-Տեղ դաշտամիջյան ճանապարհով, որտեղ N 38 31 655 և E 046 26 692 կոորդինատներում՝ ծովի մակերևույթից մոտ 1340 մ բարձրության վրա, թեք լանջի ստորին մասում կա հնավայր։ Այս հատվածում են գտնվում Խնձորեսկի և Տեղի վարելահողերը, խոտհարքերը, արոտավայրերը։ Խորհրդային տարիներին, ինչպես ընդունված էր, շատ տարածքներ էին ազատում քարակույտերից, ավերակներից, բլրակները հարթեցնում՝ տարբեր մշակաբույսեր ցանելու նպատակով։ Ցավոք, այդ առաջին հայացքից կարևոր միջոցառումը նաև մեծ վնաս է հասցրել մեր պատմությանը՝ քանդվել, հողին են հավասարվել պատմական հուշարձաններ՝ եկեղեցիներ, մատուռներ, գերեզմանատներ, այդ թվում դամբարանադաշտեր, ամրոցներ և այլն։ Նույն ճակատագրին է արժանացել նաև այս հնավայրը, որը, ըստ տեղացիների, եղել է այսպես կոչված Կուրաթ թագավորի նստավայրը, որտեղից ժամանակին գյուղաշխատանքների ժամանակ կենցաղային իրեր են հայտնաբերվել։ Ստեփանոս Օրբելյանն իր «Սյունիքի պատմություն» գրքում հիշատակում է Սյունիք աշխարհի Հաբանդ գավառի Վերին և Ներքին Կարբինք բնակավայրերի մասին, որոնք 8 միավոր հարկ են վճարել Տաթևի վանքին։ Այսինքն՝ եղել են ոչ մեծ բնակավայրեր։ Կա կարծիք, որ այս մասում է եղել նշված բնակավայրերից մեկը, որ սկսում է Կարփուն (< Կարբինք) լատօկից (մինչ Գորիսի Խնձորեսկ հասնելը)։ Նույն կարծիքին է նաև Գորիսի պետական համալսարանի դասախոս, բ․ գ․ թ․ Մհեր Քումունցը, ով զբաղվում է նաև հայրենի երկրամասի բանահյուսությամբ, կատարում է տեղանունների ստուգաբանություն, զբաղվել է նաև այս հատվածի ուսումնասիրմամբ։ Ասաց՝ այստեղ նաև կուրգանային թաղումներ են եղել, և գտնվել է հսկա մարդու գերեզման։ Նա և Մ․ Հախվերդյանը համահեղինակել են «Ստ․ Օրբելյանի հիշատակած մի քանի տեղանունների ստուգաբանության և տեղադրման հարցեր» հոդված, որի «Վերին և Ներքին Կարբինք» հատվածում նշում են․ «Ստ․ Օրբելյանի հիշատակած Հաբանդ գավառի գյուղացուցակից հայտնի են դառնում նաև Վերին և Ներքին Կարբինք գյուղատեղիները՝ ներկայիս Խնձորեսկ գյուղի հողատարածքում․․․»։ Հնագիտական տարածքը բավականին մեծ է և հասնում է մինչև Զրնգանա ձորը։ Մելորացիայի ենթարկված տարածքում այժմ պահպանվել է մի սյան մաս՝ մոտ 4 մ երկարությամբ, 1 մ տրամամագծով 6 անկյուն ունեցոց բազալտե քար։ Պարզ է՝ շինության սյան հատված է, այսինքն՝ տարածքում հավանաբար նաև եկեղեցի է եղել։ Քարը հիմքերին ունի մոտ 10 սմ տրամագծով փոսորակներ։ Մոտ 1 մ լայնությամբ ու կեսից ավելին հողի տակ գտնվող խաչքարը գրեթե կպել է սյան քարին։ Իսկ մոտակայքում 10-ից ավելի խաչքարեր, դրանց բեկորներ ու տապանաքարեր կան։ Մոտ 170 սմ երկարությամբ մի խաչքար պահպանվել է ամբողջությամբ, սակայն ընկած է կողքի վրա՝ հենված երեսին պառկած մեկ այլ ավելի երկար խաչքարի։ Երեսին 3 խաչ են քանդակված՝ շրջափակված «ասեղնագործ» գեղեցիկ քանդակով։ Ներքին մասում անցք կա (հավանաբար պարանի համար)։ Մի խաչքարի կեսն է մնացել` երկարությունը մոտ 150 սմ, լայնությունը՝ 73 սմ։ Մի քանի խաչեր կան երեսին քանդակված։ Հարևանությամբ գտնվող խաչքարի չափերն են՝ երկարությունը՝ 123 սմ, լայնությունը՝ 80 սմ։ Պահպանվել է ամբողջությամբ, ընկած է հողի վրա․ անմշակ քարի երեսին մեծ խաչ է քանդակված։ Մեկ այլ խաչքարի փոքր մասն է երևում, կեսից ավելին հողի տակն է, ունի 1 մ լայնություն։ Նույն վիճակում է նաև հարևանությամբ գտնվող գեղաքանդակ խաչքարը, որի լայնությունը 110 սմ է, վերին հատվածը աղեղնաձև է։ Զգացվում է՝ երեսին մեծ խաչ է քանդակված՝ ներփակված դարձյալ «ասեղնագործ» քանդակով։ Վերին 2 անկյունում հավերժության խորհրդանիշն է քանդակված։ Մոտ 120 սմ լայնություն ունի երեսին 2 խաչով խաչքարը, որի մեծ մասը դարձյալ հողի տակ է։ Խաչերի ներքին հատվածը չի երևում, իսկ վերին և կողային թևերը եզրափակված են 2 կլորավուն քանդակով։ Իրար նման 2 խաչքար էլ ընկած են կողք կողքի՝ մեծ մասը՝ դարձյալ հողի մեջ։ Էլի կան խաչքարեր՝ հողի տակից հազիվ նշմարվող։ Ցավոք որևէ մեկի վրա արձանագրություն չկա, սակայն քանդակների ոճից պարզվում է՝ 12-13-րդ դարերի շիրմաքարեր են։ Մոտակայքով է անցնում դաշտամիջյան ճանապարհը, որի հարևանությամբ կան կառույցների հիմքեր, պատաշարեր։ Ժ․ Ալեքսանյանն ասաց՝ երբ տարածքն հարթեցրել են, նաև կարասներ են հայտնաբերվել։ Ունեցել են մեծ չափեր։ Աշխատողներից մեկը, որ ունեցել է մոտ 190 սմ հասակ, մտել է ջարդված կարասի մեջ ու չի երևացել։ Այսինքն՝ կարասները մոտ 3 մ խորություն են ունեցել։ Ինչպես ասում են, եղածը եղել է, մնում է տեր կանգնենք մնացած հուշարձաններին։ Կարևորը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության համապատասխան կառույցները պարապ չնստեն, գոնե տեղում ցուցանակ տեղադրեն՝ գիտական ճանաչելի հոդվածով։ Ինչ խոսք, կարևոր է նաև՝ կատարվեն հնագիտական ուսումնասիրություններ ու պեղումներ։