Սյունյաց լեռնաշխարհի բնական  ու մարդկային գեղեցկությունների մեծ երգիչը

2025թ. հունիսի 6-ին «Գուսան Աշոտը՝ Սայաթ-Նովայի ժառանգորդը» խորագրով Գորիսում կայացած գիտաժողովում  Սյունյաց Գողթանի ոգին կենդանացրած մեծ բանաստեղծ ու երգահան Գուսան Աշոտի երգարվեստի ու ստեղծագործական գործունեությանը նվիրված  հիմնարար ու լայանածավալ զեկուցումով հանդես եկավ ՀՀ գիտության վաստակավոր գործիչ և վաստակավոր մանկավարժ, Երևանի պետական ​​համալսարանի՝ ակադեմիկոս Հ. Թամրազյանի անվան  հայ գրականության պատմության և գրականության տեսության ամբիոնի պատվավոր վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի գրողների միության անդամ,   «Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթե (Johann Wolfgang von Goethe)» պատվավոր մրցանակի դափնեկիր Սամվել Պարգևի ՄՈՒՐԱԴՅԱՆԸ։

Գիտաժողովի մասնակիցներն ու հյուրերը որոշեցին Գուսանական երգի փառատոնը դարձնել ամենամյա։

Տնտեսագիտության գծով 2020-2023թթ․ Նոբելյան մրցանակի հավակնորդ, Մշակութային ժառանգության, արվեստի, գրականության, երաժշտության, թատրոնի կվալինետրոլոգիայի հեղինակ, ակադեմիկոս Մարտիկ Յուրիկի Գասպարյան


Ներկայացնում ենք Ս․ Մուրադյանի զեկույցը՝ առանց խմբագրման

Այսօր մենք Սյունյաց աշխարհում ենք, Ստեփանոս և Սահակ-դուխտ Սյունեցիների, Գրիգոր Տաթևացու, Դավիթ-Բեկի, Ակսել Բակունցի, Համո Սահյանի, Սուրեն Այվազյանի, Սերո Խանզադյանի, Գուսան Աշոտի ու էլի շատ երևելիների պատմական հայրենիքում, Գարեգին Նժդեհի և սյունեցի հին ու նոր քաջամարտիկների՝ ադրբեջանականացումից փրկած մե՛ր հայրենիքում։

Մեծարանքի արժանի հիշյալ մեծերից առանձնացնում ենք Գուսան Աշոտին և փորձելու ենք արժևորել մշակութային այդ երևույթը։ Բնականաբար, մեկ ելույթի շրջանակում մեր խոսքը ամբողջական ու սպառիչ չի լինելու, այլ ընդհանուր բնութագիր։

Գուսանն էլ, աշուղն էլ գնահատելի են իրենց տաղանդի մեծությամբ․ Սայաթ-Նովայի, Ջիվանու, Շերամի, Շահենի նման հզոր երգիչ աշուղներ ունենք, որոնց նախանձել են մեծ բանաստեղծները, ինչպես Չարենցը, որ խոստովանում էր՝ Աշուղ Սայաթ-Նովի նման ձեզ երգ ու տաղ պիտի ասեմ, ինչպես Իսահակյանը, որ երազում էր՝ «Ամբողջ ստեղծագործությունս կտայի՝ միայն «Ձախորդ օրերը» ե՛ս գրած լինեի»։

Այսպիսի բանաստեղծ-երգիչ է և հայ ժողովրդական երգարվեստի լավագույն ավանդները յուրացրած ու դրանք իր անմահ երգերով հարստացրած մեծատաղանդ Աշոտը, որի երգվող քնարական քերթվածներին կնախանձեին շատ բանաստեղծներ։

Փորձենք հասկանալ՝ ո՛վ է իրականում Աշոտը․ աշո՞ւղ է, թե՞ գուսան։

1907 թ․ Գորիսում ծնված Աշոտ Դադայանը 20-րդ դարի երևույթ է, և կարելի է ասել՝ իր ստեղծագործական ամբողջ ճանապարհն անցել է խորհրդային դարաշրջանում: Նա թեև երաժշտական մասնագիտական կրթություն չէր ստացել, բայց բնատուր բացառիկ օժտվածությամբ հզոր անհատականությանը վիճակված էր հայությանը և մարդկությանը երգարվեստով ծառայելու դժվարին ուղին։ Ընդամենը սովորել էր Բաքվի բաներիտ դպրոցում և այստեղ էր զանգեզուրյան հովվական սրինգը փոխարինել քամանչայով։ Բնատուր ձիրքերով օժտված այս բացառիկ երաժիշտ–բանաստեղծը, որ Հովհ․ Թումանյանի նման «մուսայի պարկեշտ որդեգիր» էր, մնաց իր «սեգ լեռների սրնգահար» Աշոտը, 1928 թվից վերադարձավ Զանգեզուր՝ իր արվեստով ծառայելու հարազատ ժողովրդին։ Եվ ակնհայտ է՝ այս երկու երևույթները՝ աշուղը և գուսանը, գոյակցել են Աշոտ անհատականության մեջ: Ի դեպ, այդպես է և Շահենը։ Իրեն «աշուղ Շահեն» է անվանել մի շարք երգերում, որոնք զետեղված են նրա «Գուսան Հայաստանի» գրքի 1964, 1973, 2006 թթ․ հրատարակություններում և բարեբախտաբար պահպանվել է իր կատարմամբ ձայնագրությունը՝ «Աշուղ դառա աշխարհիս մեջ», այլ երգիչների կատարմամբ՝ «Աշուղ Շահենին բանտել ես ու թողել ես ճամփի կեսին» և այլն։

Աշոտը բնաբուխ ստեղծագործող էր․ նույնիսկ չենք կարող ասել՝ նախ բանաստեղծությունն է նա հորինում հետո՝ մեղեդի՞ն, թե՞ հակառակը․ հնարավոր է՝ որոշ մեղեդիներ ու բանաստեղծություններ էլ միասին է հյուսել ու ընդելուզել: Այնքան են միաձույլ աշուղն ու գուսանը նրա ստեղծագործության մեջ, որ նույնիսկ հեղինակն ինքը չգիտեր այդ հարցի ստույգ պատասխանը, որովհետև աշուղական անվանված երգերում էլ ինքը դարձյալ գուսան է։

Արմատական մի հարց․ գուսա՞ն էր Աշոտը 1946 թ․, երբ հրատարակեց իր երգերի անդրանիկ գիրքը «Աշուղական երգեր» խորագրով, աշո՞ւղ էր նա 1950-ականներին, երբ տպագրեց «Գուսանի սերը» վերնագրով գիրքը։ Սակայն մի իրողություն որոշակի է․ նա մինչև երկրային կյանքի ավարտը մնաց հայ երգարվեստի նվիրյալ։

Աշոտի «Գուսանի սերը» և Շահենի «Գուսան Հայաստանի» գրքերի վերնագրերը գուսան լինելու ինքնախոստովանությո՞ւն են և հրաժարում աշուղությու՞նից․․․ Չկա այդպիսի հրաժարում․ ո՛չ աշուղությունից, ո՛չ էլ պատանության տարիների իրենց այն երգերից, որոնցում իրենք իրենց աշուղ են կոչել։

Նախապատերազմյան խորհրդային երկրում խրախուսվում էր աշուղությունը որպես ժողովրդական արվեստի տեսակ, 1930-ական թթ․ վերջերին նույնիսկ գերագնահատվում էին Ստալին փառաբանող կիսագրագետ աշուղները այն մտայնությամբ, թե նրանք փոխարինում են «ժողովրդի թշնամի» հորջորջումով ոչնչացված ու աքսորված Չարենցին, Բակունցին, Մահարուն և մյուսներին։ Մի որոշ շրջան կենսագործվող պետական քաղաքականություն էր դա, որ նպաստավոր էր մեծ ախորժակ ունեցող փոքրիկ շնորհքների, բայց ոչ՝ տաղանդավորների համար։ Այդ շրջանում անգամ բանաստեղծներն էին իրենց աշուղ անվանում, էլ ուր մնաց Աշոտի նման տաղանդները։ Պարզապես նրանք իրենց տարբեր ժամանակներում թե՛ աշուղ են կոչել, թե՛ գուսան։ Նույն «Գուսանի սերը» գրքում զետեղված որոշ երգ-բանաստեղծություններում ինքն իրեն անվանել է Աշուղ Աշոտ. «Քո մորը մատաղ, որ նա քեզ ծնեց, //Աշխարհիս սիրուն մի փերի հանձնեց, // Աշուղ Աշոտիս նա երգիչ դարձրեց»։ Շատ երգերում էլ ընդգծվում է Գուսան Աշոտը, ինչպես, օրինակ՝ «Ո՞ւր է» ստեղծագործության «Ո՜վ դու գուսան, չես իմանում էն քո սիրած յարը ո՞ւր է» կամ «Գուսա°ն Աշոտ, սիրտդ յարիդ // Միշտ կանչում է օր ու գիշեր»։

«Մոր սերը» երգում ինքնադիմում – կոչականը հենց գուսան մակդիրն է…

Գուսա°ն Աշոտ, որբ մնացիր դու մորից,
Սիրտդ վառվեց, մթագնեց այն օրից,
Անցավ գնաց, էլ չի դառնա նա նորից,
Անուշ ձայնով երգի՛ր, հարգի՛ր մոր սերը, –
և «Հայրիկ» երգում էլ հստակ ընդգծել է․
Գուսա՛ն Աշոտ, հայրը փառքն է օջախի․․․

Բոլոր երգերի խոսքի և մեղեդու հեղինակն ինքը՝ Աշոտն է։ Այսինքն՝ նա դասական աշուղներ Սայաթ-Նովայի, Ջիվանու և ուրիշների նման այս կամ այն հանրահայտ մեղեդիական պատրաստի կառույցին չի հարմարեցրել – համապատասխանեցրել իր բանաստեղծական խոսքը։ Նրա բոլոր երգերը պարզապես կարելի է գովազդել ու ծանուցել «Խոսք և երաժշտություն՝ Գուսան Աշոտի» բնութագրական արտահայտությամբ։ Օրինակ՝ «Ո՞ւր է» երգի թե՛ բանաստեղծությունն է իրենը, թե՛ մեղեդին: Նա չի ստեղծել դաստան, սեմայի, ղոշմա, մուխամմազ, գալանտերի, դուբեյթ և այլ կառույցներ, որ երգվեն նրանց համապատասխան մեղեդիներով, բայց օգտագործել է իր իսկ ստեղծած տաղաչափական ձևերը, որոնց էլ հարմարեցրել է սեփական մեղեդիները: Եթե Աշոտի ստեղծագործությունը բնութագրելու լինենք բանաստեղծական տեքստի և մեղեդու համապատասխանության տեսանկյունով, ապա այս դեպքում կշահի Գուսան Աշոտը, որովհետև նա հնադարի կամ վաղ միջնադարի գուսանների նման ազատ ստեղծագործող է և ոչ թե աշուղական բանաստեղծական ու մեղեդիական այս կամ այն կաղապարային կառույցի կրկնողը, այն բացառիկ արվեստագետներից է, որի ստեղծագործություններում իսկապես կա բանաստեղծության և մեղեդու համադրված կատարյալ ներդաշնակություն: Ինչպես Թումանյանն է իր «Անուշ» պոեմի վեց գլուխները երգ վերնագրել՝ Առաջին երգ ․․․ Վեցերորդ երգ, որովհետև հյուսված են Լոռվա բնաշխարհի ձայներից, այդպես էլ Աշոտի երգերի մեղեդին է շաղախված Սյունյաց բնաշխարհի ձայներով ու բույրերով և արտահայտում է խոսքի էությունը, այսինքն՝ խոսքը համապատասխանում է մեղեդու բովանդակությանը մեղեդին՝ խոսքի։ Ա՛յս է Գուսան Աշոտի և մեր գուսաններից մի քանիսի արվեստի կարևոր առանձնահատկությունը:

Երկար կարելի է խոսել Գուսանի երգերի բանաստեղծական տեքստերի գեղարվեստականության մասին, քանի որ մեր առջև է բանաստեղծ Աշոտը, ում երգերի տեքստերից յուրաքանչյուրն իրոք մի կատարյալ բանաստեղծություն է:

Որպես օրինակ՝ հիշենք հանրահայտ «Պախրան», որն, ի դեպ, շատերիս սիրելի երգերից է: Երգամտածողությամբ սա գրեթե հայկական օպերային մոտեցող և հենց «Անուշ» օպերան հիշեցնող մի շատ հետաքրքիր ու հարուստ երաժշտական աշխարհ է, որ ներառում է Սյունյաց աշխարհի՝ Զանգեզուրի անտառների, գետերի, քչքչան աղբյուրների ու առվակների ձայնային ելևէջները, Սյունյաց սարերի վեհությունն ու մթնանդունդ ձորերի խորությունը, պատկերում զանգեզուրյան բնության ողջ գեղեցկությունն ու հմայքը, մանավանդ մարդ – բնություն, մարդ – կենդանական աշխարհ փոխհարաբերությունները:

«Պախրան» բնության այդ գեղեցիկ զավակը, ինչպե՜ս է դարձել երգի քնարական հերոս, մարդկայնացել, կամ ինչպես գրականագետներն են ասում՝ դիմառնությամբ անձնավորվել․

Մեր մով սարերում, ամռան առավոտ,
Մի պախրա տեսա կաթնաղբյուրի մոտ.
Իջել էր ձորը մթին անտառից
Ու ջուր էր խմում զուլալ աղբյուրից:
Իրեն տեսել էր ջրի հայելում,
Սարե՜րի անուշ բույրն էր վայելում.
Արդյոք խմու՞մ էր, թե՞ համբուրում էր,
Իր տեսքով տարված՝ գուցե հարբում էր:

Ասի` Աշոտն եմ, աղաչում եմ քեզ,
Իմ կորած յարից թե խաբար բերես.
Ոչ մի որսկանի գնդակ չի առնի՝
Ո՛չ քո ձագերին, ո՛չ քո սիրածին:
Իրեն տեսել էր ջրի հայելում,
Սարերի անուշ բույրն էր վայելում.
Արդյոք խմո՞ւմ էր, թե՞ համբուրում էր,
Իր տեսքով տարված՝ գուցե հարբում էր:

Այսպիսի պատկերավոր չափածո խոսք, այն էլ երաժշտական ինքնատիպ չափերի ու տաղաչափական ձևերի մեջ դրված, մեր մեծերից շատերը կուզենային ստեղծել: Մթին անտառից ձորն իջած ու զուլալ աղբյուրց ջուր խմող, այդ ջրի հայելում իրեն տեսած ու իր գեղեցկությամբ արբած պախրայի հետ հանդիպումն ու «զրույցը», պատկերավոր խոսքն ավարտվում է, բայց նրան ընդելուզված մեղեդին ունկնդրի ներաշխարհում շարունակում է մարդկային դրաման, տագնապը՝ թե՛ իր մարդկային ճակատագրի և թե՛ կենդանու բախտի համար…

Գուսանի արվեստի հաջորդ կարևոր առանձնահատկություններից մեկն էլ նրա երգերում ժողովրդական առողջ կենսափիլիսոփայության անհատականացված դրսևորումն է, որ անպայման ավելի բարձր է առօրյա ողջախոհությունից: Մարդկային հարաբերությունները, սիրո դրսևորումները Գուսանը մեզ ներկայացնում է բարձր արվեստով, որ շատ բնորոշ է այս հող ու ջրի զավակ, այս բնությանը սիրահարված մեր մյուս արվեստագետներին։ Անկախ նրանից Ակսել Բակունցն է, Համո Սահյանը, թե Գուսան Աշոտը՝ յուրաքանչյուրն անհատականություն է՝ հայրենի բնաշխարհի գեղեցկություններով իր անկրկնելի գեղարվեստական աշխարհը կերտած։ Նույն բնաշխարհի տաղանդավոր զավակներն են, սակայն Բակունցն իր և իր պատմվածքների, նորավեպերի հերոսների համար բոլորովին ուրիշ գեղարվեստական միջավայր է ստեղծել՝ իր գունե-երանգներով, գեղագիտական հարցադրումներով ու նպատակներով, Սահյանը՝ այլ։ Նրանցից յուրաքանչյուրի անհատականությունն ընդգծվում է նույն բնաշխարհի գեղեցկությունների ուրույն ընկալումներով ու պատկերավոր մտածողության յուրատիպ դրսևորում-ներով։

Գուսանի հատկապես սիրո երգերով, որոնք մարդկային բարձր ու վեհ զգացմունքների և բնության նկատմամբ վերաբերմունքի ներդաշնակ արտահայտություն են, մեր առջև այլ աշխարհ է բացվում: Սիրած գեղեցկուհուն նա դրախտի փերի է անվանում, իսկ այդ դրախտը Սյունյաց լեռնաշխարհն է.

Դու դրախտի փերի, սիրովդ եմ ապրում,
Քեզանից սեր առնել, միշտ եմ փափագում։
Անքուն-անդադար, ես քեզ եմ կանչում,
Ոտքիդ տեղերն են ծաղկում, կանաչում…

Ուշադիր ընթերցողը կամ ունկնդիրը չի կարող չնկատել Գուսանի մարդերգության անմիջական կապը միջնադարյան հոգևոր և աշխարհիկ տաղերգության և հատկապես Գրիգոր Նարեկացու արվեստի հետ: «Մեղեդի ծննդյան» տաղում Նարեկացին պատկերել է քայլող Տիրամորը, որի ոտքերից «շող կաթել առնոյր»:

Հիմա տեսեք, թե ի՛նչ է ասում Գուսան Աշոտը.
Ոտքիդ տեղերն են ծաղկում, կանաչում․․․
Արդյո՞ք գեղարվեստական կամ պատկերային մտածողության ազգակցություն, ընդհանրություն կամ նմանություն չի նկատվում: Եվ այդ պատկերի շարունակությունն էլ երկնային հրեշտակի հետ երկրային գեղեցկուհու համեմատությունն է․

Երկնային հրեշտակ, դու իմ երազն ես,
Քեզնով եմ ապրում, սրտիս մուրազն ես։
Ծառերը ծաղկում են տարին մեկ անգամ,
Բայց դու գարունն ես հավերժ անթառամ:

Աշոտի գեղեցկուհին կամ «ծաղիկների ծաղիկը» երևակայությամբ հորինված չէ, ինչպես կարծել են ոմանք, Քուչակի «խոշ յարի» կամ «երեսն երեսին հողողեն լուսնի», Հովնաթանի զանգեզուրցի աչքով անող «զալումի», Սայաթ-Նովայի «բեմուրվաթի» նման իրական է նա, իր «մայր Հայաստանի մայր հողից» ծնված ու սնված, փայփայված է «հայրենիքի զով հովերով»։ Այդ շորորացող նազելի իրական գեղեցկուհու սպասումն է իրական երջանկությունը․ նա՛ է հայրենի հյուրընկալ օջախի ջերմացնողն ու տխրության փարատողը, նրա՛ գեղեցկությունն ու հմայքն են համալրված Գուսանի երևակայությամբ։

Թե՛ Ջիվանու, թե՛ Շահենի, թե՛ Հավասու և մյուս դասականների երգերից, սիրո բույրի հետ, տարածվում է նաև հայրենասիրության շունչը։ Հայրենիքը գերագույն արժեք է նրանց երգերում։ Աշոտի ստեղծագործություններում նույնպես արժևորվում և իմաստավորված փառաբանվում է հայրենիքը՝ իր օրորանը՝ բնական անձեռակերտ կոթողներով ու հերոսներին հավերժացնող հուշարձաններով․

Սիրող սրտի հուրն անշեջ է՝ միշտ կվառվի, իմ օրորան
Իմ սերը քո ծաղկանց մեջ է՝ միշտ կվառվի իմ օրորան․․․

Աշոտն ինքը հավերժորեն ձուլված է հայրենի բնությանը, որ, Զանգեզուրից սկսվելով, տարածվում, ընդգրկում է ողջ Հայաստանը՝ ներկա և մեզնից խլված հեռաստանները, ինչպես Համո Սահյանի քարափներն են՝ մեկի գլխին Որոտնավանք, մյուսի գլխին՝ Ծիծեռնավանք։ Բանաստեղծ-գուսանը համոզված է՝ «Հազար հողմեր ձեզ չեն մաշի, Սյունյաց սարեր», ասես մեծ Նաղաշի վրձնով քաշած այդ լեռների մեջ «Չարի սերմը բույն չի դնի, անարմատ է»։

Աշոտի այս և մյուս հրաշալի երգերը ժողովուրդը կատարում է բուռն ոգևորությամբ: Առհասարակ նա այն բացառիկ հեղինակներից է, ում լսել չեն պարտադրում, մարդիկ ինքնաբուխ երգում են և հաճելիորեն լսում Գուսան Աշոտի երգերը ցանկացած երգչի կատարմամբ, եթե կոպտորեն չեն աղավաղում։

Երգի հեղինակին ճիշտ ներկայացնելու գործում անչափ կարևոր է կատարողի դերը, որի մեկնաբանությունից է կախված երգի հաջողությունը: Մեծ տարբերություն կա երգողի և կատարողի միջև․ մեկը զգում, ըմբռնում, մարսում, հասկանալով է իր ձայնային հմուտ ելևէջավորումով երգի էությունը ներկայացնում ունկնդրին՝ չխախտելով խոսքի և մեղեդու համադաշնությունը, մյուսը՝ կատարողը, երբեմն չըմբռնելով երգի էությունը, արտաբերում է չհասկացված բառեր ու աններդաշնակ ձայներ։ Լավագույն կատարողներն են այն արվեստագետները, որոնք նաև երգի մեկնիչներ են՝ մեղեդու և խոսքի բովանդակային էության մեջ թափանցած։

Օրինակ՝ համեմատենք «Սերս վանքում Տաթևի» երգը Օֆելյա Համբարձումյանի և Նորայր Մնացականյանի կատարումներով: Երկուսն էլ հրաշալի են մատուցում երգը, բայց յուրաքանչյուրի կատարման մեջ կա մի կարևոր նրբերանգ, ինչով էլ պայմանավորվում է երգի մեկնաբանությունը․ դրանով էլ միմյանցից տարբերվում են նրանք: Այդ առումով պարտական ենք մեր երգիչ-երգչուհիներին, ու մանավանդ Հովհ․ Բադալյանին («Պախրա»), Րաֆֆի Հովհաննիսյանին («Հուշարձաններ»), ովքեր ժամանակին բարձր մակարդակով «մեկնաբանել» են Գուսանի նաև մյուս երգերը և դարձել օրինակելի կատարման սկզբնաղբյուր։

Գուսան Աշոտի արվեստի հետաքրքիր առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ նրա ժամանակի բոլոր կարևոր իրադարձությունները կարծես թե արձագանքվել են նրա երգերում: Այս իմաստով իրավունք ունենք Գուսանին դիտելու թե՝ իր ժամանակի մեջ, թե՝ իր ժամանակից դուրս: Ժամանակի մեջ դիտարկվում են այն երգերը, որոնք ստեղծվել են նույն այդ ժամանակի պահանջով, բայց հենց այդ երգերի շարքում էլ կան այնպիսիք, որոնք ճեղքել են ժամանակի պատնեշները և հորդում են այսօր։ Անցյալ դարի կեսերին Հայրենական մեծ պատերազմի տարիներին գրված երգերից «Մարտիկի երգը» (խոսք՝ Գեղամ Սարյանի, երաժշտություն՝ Աշոտ Սաթյանի) մինչև օրս էլ պահպանում է իր արդիականությունը, հուզականությունը և բնորոշ տխրության հետ միասին հաճելի զգացումներ արթնացնում: Գուսանի «Արի մեկ տեսնեմ» երգը, որ Մուշեղ Հարությունյանն էր հրաշալի կատարում, վերջին ժամանակներս կարծեք չի հնչում․ բայց իմ մանկության տարիներին ամենից սիրված երգերից էր, և Հայրենական մեծ պատերազմից հաղթանակով վերադարձած սերունդը, այդ թվում և հայրս, հաճույքով էին լսում ու երգում այդ երգերը.

Իմ մայր Հայաստանի մայր հողից ծնված
Աննման գեղեցիկ, արի մեկ տեսնեմ,
Հայրենիքիս զով հովերով փայփայված
Ծաղիկների՜ ծաղիկ, արի մեկ տեսնեմ.
Արի մեկ տեսնեմ,կարոտս առնեմ,
Համբույրս, անուշ յար, համբույրիդ խառնեմ։

Այս երգում շատ կարևոր է հաջորդ տունը.

Քո սիրուդ թևերով շատ սարեր անցա,
Շատ սիրուններ տեսա, բայց քեզ չմոռացա,
Էլի ջերմ կարոտով քո գիրկը դարձա,
Աշխարհիս անուշիկ, արի մեկ տեսնեմ,

Աննման է Գուսան Աշոտի մեղեդիական աշխարհը, ինչը նրա արվեստի ամենամեծ առավելությունն է. նախ՝ ո՛չ մի մեղեդի նրա ստեղծագործության մեջ, բացի երգամտածողության ընդհանրությունից ու սեփական անհատական ոճից, նման չէ մյուսին և երկրորդ՝ ընդհանրապես աշուղագուսանական արվեստի մեջ և ոչ մեկին նման չէ:

Գուսանը մեր ժողովրդի այն գերազնիվ զավակներից է, ով ստեղծել է բազում ապրող ու ապրեցնող երգեր, այն էլ՝ սրտալի երգեր: Եղիշե Չարենցը, ժամանակին դժգոհելով պրոլետ բանաստեղծներից, ասում էր.

Հիմի շատ են երգիչները, սրտի ուզած խաղը չկա․․․

Բայց ահա Գուսանի երգերը հենց «սրտի ուզած խաղեր» են։ Տխուր է մարդ թե ուրախ, կարոտում է անձկությամբ թե ուզում է առանձնանալ կամ բնության գեղեցկությամբ հիանալ՝ լսում է նրա բուժիչ, դարմանիչ երգերը…

Մոտավորապես այս սկզբունքով եթե մոտենանք Գուսանի արվեստին, կարող ենք ասել, որ նա այն բացառիկ անհատականություններից է, ում պատշաճում է Չարենցի՝ 1937 թ. նոյեմբերին բանտից ներքնաշոր – շապիկի ներսի կողմից քիմիական մատիտով գրած, որ հսկիչները չնկատեն, Ավ․ Իսահակյանին ձոնած վերջին բանաստեղծության դիպուկ բանաձևը՝

Երգ ես տվել ժողովրդին,
Որ իր երգով անմահանա

Գուսան Աշոտն էլ հայ իրականության մեջ այն արվեստագետներից է, ով իր երգերով անմահացրել է մեր ժողովրդին և ինքն էլ անմահացել նրա հետ։


Գուսան Աշոտ անվան երկու բաղադրիչն էլ մեծատառով ենք գրում, որովհետև այս բառակապակցության  մեջ գուսան-ը սովորական մակդիր չէ, այլ մեկ ընդհա­նուր հասկացության մեջ միավորված բաղադրյալ հատկանվան առաջին բա­ղադրիչ՝ մականուն։ Շատերն են Սյունիքում գուսան ասելով՝ Աշոտ հասկանում։– Հեղ․։

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի

Аксель БАКУНЦ молодой современный беллетрист Армении

Гаспарян Мартик Юрикович, член Научного совета РАН, Президиума и академик-секретарь Отделения Эконометрики, квалиметрии и проблем…

Գորիսի պետական համալսարանի բանասիրության և պատմաիրավագիտության ամբիոնի և 25RG-6B137 «Գորիսի տարածաշրջանի բանահյուսությունը, բարբառը, տեղանունները, տոհմանունները»…

Ա. Ստեփանյան “Ճերմակ ճախրանք” (գրախոսություն)

Արմեն Ստեփանյան-”Ճերմակ ճախրանք”.  Գրական-գեղարվեստական հրատարակություն. Բանաստեղծություններ, խմբագիրներ՝ Սուսան Կարլենի Ալիխանյան, Արտակ Ոսկանյան (“Կապույտ Էսքիզներ” շարք),…

Լեռներից այն կողմ․ Անի Ղազարյան

Սույն թվականի ապրիլի 1֊ին տեղի ունեցավ Գորիսի պետական համալսարանի Հայոց լեզու և գրականություն բաժնի 2-րդ…