Արևելյան լեզուներից անցած փոխառությունները Գորիսի բարբառում

Մարգարյան Մարի

Հայաստան, Գորիսի պետական համալսարան, ուսանող

Ղեկավար և համահեղինակ՝ Մհեր Քումունց


Մուտք

«Իսկ խոջաները՝ խոջա Մակիչը, Միրումով Կյուքին, Ֆրանգուլով Բադալ ապերը, մինչև անգամ Ջամբա Ծատուրը, որ խոջա չէր, այլ վաշխառու էր, նրանք բոլորը խոսում էին թուրքա և պարսկախառն մի լեզվով, որ պրոգրեսիստ վաճառականների լեզվից տարբերվում էր այնքան, որքան Իրանի և Մոսկովի կտավը…։ Այնքան էր զանազան նրանց լեզուն, որոնց Աթա ապերն անվանում էր շան լեզու»[1]։ Նախաբանն արդեն իսկ հուշում է, որ սույն հոդվածում անդրադառնալու ենք պարսկական, թուրքական և արաբական ծագում ունեցող այն բառերի քննությանը, որոնք այժմ դարձել են գորիսյան բարբառի անքակտելի մասը և տեղ են գտել գրական տարբեր ստեղծագործություններում։

Բանալի բառեր. Արևելյան լեզուներ, փոխառություններ, Գորիսի բարբառ, Սերո Խանզադյան, «Մատյան եղելությանց»։

Մեթոդաբանություն

Աշխատանքի նպատակն է եղել ուսումնասիրել արաբական, պարսկական և թյուրքական ծագման փոխառությունները Սերո Խանզադյանի «Մատյան եղելությանց» վիպակում՝ պարզելու դրանց առկայությունն ու գործառույթները, որակական ու քանակական բնութագիրը։ Ուսումնասիրությունը կատարվել է հետևյալ մեթոդների կիրառմամբ։ Ա. Տեքստաբանական վերլուծություն։ Նախևառաջ կատարվել է փոխառությունների ընտրություն բնագրից՝ «Մատյան եղելությանց» վիպակի մանրակրկիտ ընթերցման միջոցով։ Ընտրված են միայն այն բառերը, որոնք ունեն արաբական, պարսկական կամ թյուրքական ծագում, իսկ դրանց բացատրությունները տրվել են ըստ բնագրի և Գորիսի բարբառի՝ հաշվի առնելով դրանց գործածության առանձնահատկությունները և իմաստային երանգները։ Բ. Փոխառությունների դասակարգում։ Հավաքված փոխառությունները խմբավորվել են ըստ ծագման՝ արաբական, պարսկական և թյուրքական։ Յուրաքանչյուր փոխառության համար նշվել է լեզվական առանձնահատկությունը և գործառութային բնութագրումը՝ այն համեմատելով և հակադրելով բնագրում հանդիպող այլ բառերի։ Օրինակ՝ փորձել ենք փոխառությունները փոխարինել հայերեն բառերով՝ պատկերացնելու գեղարվեստական խոսքի արժեքը առանց փոխառությունների։

Ուսումնասիրության արդիականությունը

Համացանցում, տեղեկատվական տարբեր հարթակներում հաճախ ենք նկատում առաջարկություններ, հորդորներ, որ վերաբերում են հայերենի՝ օտար բառերից ազատվելու խնդրին։ Իսկապես, գրական հայերենը հնարավորինս պետք է լինի պարզ, մաքուր՝ զերծ գռեհկաբանություններից, օտարաբանություններից։ 271 Սակայն փոխառություններից որևէ լեզու հեռու պահելը գրեթե անհնար է, և որքան աշխարհը յուրացնում է հաղորդակցման զանազան միջոցները, այնքան շատանում են փոխառությունները լեզվում։ Եվ իսկապես. ի՞նչ դեր ունեն փոխառությունները լեզվի գործածության տարբեր ոլորտներում, և արդյո՞ք դրանցից ազատվելը մեծ օգուտ կբերի ազգային լեզվին։ Այս հարցերի մասնակի պատասխաններ գտնելու համար ուսումնասիրել ենք հայ գրականության հրաշալի ստեղծագործություններից մեկը՝ Ս. Խանզադյանի «Մատյան եղելությանց» վեպը, որը բազմիցս գնահատանքի է արժանացել լեզվաոճական հարցերի տեսանկյունից։

Հարցի պատմությունից

Հայերենի բարբառային բնույթի փոխառություններին առհասարակ քիչ ուշադրություն է դարձվում։ Սակայն դրանք էլ կազմում են խոսակցական, կենդանի լեզվի անկապտելի մասը, որ առաջ է եկել պատմական տարբեր շրջաններում ունեցած տարաբնույթ ազդեցությունից, շփումներից։ Նախապես նշենք նաև, որ հեղինակները օտար բառերը ուսումնասիրելիս քիչ ուշադրություն են դարձնում նաև դրանց որակական հատկանիշներին, այսինքն՝ փոխառությունների[2] և օտարաբանությունների[3] սահմանազատման հարցին։

Նոր ժամանակներում հայերենի բարբառային բնույթի փոխառություններին անդրադարձել են Լ. Հովհաննիսյանը[4], Մ. Քումունցը[5], Վ. Կատվալյանը[6], Գ. Մելիքյանը[7], Ա. Վարդանյանը[8] և ուրիշներ։ Ս. Խանզադյանի լեզվի և ոճի հարցերին հայ լեզվաբաններից անդրադարձել է Ի. Մարգարյանը[9]։

Փոխառությունը և բարբառային բառապաշարը Տարբեր ժամանակներում գտնվելով պարսկական, արաբական, թյուրքական լծի տակ՝ պատմաքաղաքական, կենցաղային և մշակութային բազմազան շփումների արդյունքում Գորիսի տարածաշրջան են անցել և տեղայնացվել հարյուրավոր օտար բառեր. «Քեզանից չեմ նեղանում, ա՛չքի լույս, մեր բախտիցը ժամանակն էնպես ծռվել էր մինչև հիմա, որ մարդ իր գլուխը չէ՛ր կարում պահիլ, ո՞ւր մնա՝ լեզվի դարդը քաշիլ։ Էս ա պատճառը, որ մեր նոր լեզվի կեսը թուրքի ու պարսից բառ ա»[10]։ Փոխառությունների՝ բարբառային բառապաշարում «հանգրվանելը» հաճախ պայմանավորված է եղել այդ փոխառությունների՝ կազմությամբ և իմաստով ավելի կարճ ու հստակ լինելով, քան դրանց հայերենի համարժեքները։ Արդյունքում դրանք լայն տարածում են գտել առօրյա խոսքում. «Խնդրեմ ասեք. եթե մեր լեզվից հանենք ձեր հալածած «ջանը», որ չինական է, թե մոնղոլական-թաթարական, ինչո՞վ կփոխարինեք։ Մի քիչ մտածեցեք, կտեսնեք մի բառ եք վտարում, որի տեղը համազոր ու համահունչ մի այլ բառ դնել չեք կարող։ Դրա նման և շատ ուրիշ բառեր, որ մաքուր հայերն չեն։ Եթե էդ օտարամուտ բառերի փոխարենը դուք ունեք-ինչ խոսք»[11]։ Փոխառությունները մի լեզվից մյուս լեզվին անցած, յուրացված բառերն են։ Այս երևույթը լեզվի համար բնականոն, անխուսափելի և միևնույն ժամանակ հրամայական մի գործընթաց է, որի արդյունքում հարստանում ու ճոխանում է լեզուն, բայց և պահպանում իր ինքնատիպությունը, ազգային պատկանելությունը, ժողովրդայնությունը։ Գորիսի բարբառի բառապաշարում նույնպես կան շատ փոխառություններ, որոնց գոյությունից ո՛չ ամաչել է պետք, ո՛չ էլ խուսափել, որովհետև նախ՝ դրանցից շատերը այնպես են ձուլվել բարբառի խոսքին, որ հաճախ դժվարություն է լինում բնիկ հայերեն բառերից բաժանելու առումով, ապա՝ դրանք չեն վնասել բարբառի բնիկ շերտին, հիմնական կազմին, այլ, ընդհակառակը, հարստացրել են արտահայտչամիջոցներով, ոճական, արտահայտչական ձևերով։ Այդ փոխառությունների մեծ մասը այսօր Գորիսի բարբառի բառապաշարի հիմնական կազմում են և, կարծում ենք, պետք չէ նրանցից ազատվելու գնով աղքատացնենք բարբառային բառապաշարը, զրկենք բարբառը տեղային դիմագծից։

Քննարկում

Բարբառային բնույթի փոխառությունների՝ գեղարվեստական ստեղծագործություններում գործածելու մասին մշտապես արդիական է Հ. Թումանյանի խոսքը. «Ո՛չ. թե՛ ժողովրդական, թե՛ գրական լեզվի մեջ լեզվական փոփոխությունները եղել են միշտ, կլինեն միշտ, և շատ է գեղեցիկ, որ էդպես է. միայն թե պետք է իմանալ շնորհքով, խելացի առնել ու տեղը գործածել, ահա խնդիրը։ Իսկ ինչ վերաբերում է ժողովրդական բարբառներից օգտվելուն, դա ոչ թե դատապարտելի է, այլ հենց դա է բնական ճանապարհը կայտառ ու կենդանի լեզու ստեղծելու»[12]։ Ինչպես Ս. Խանզադյանի, այնպես էլ հայ գրականության մյուս մեծությունների շքեղ լեզվի գաղտնիքը հենց բարբառների առկայությունն ու գործածությունն է։ Ս. Խանզադյանի «Մատյան եղելությանց» երկը դրա վառ օրինակն է։ Խանզադյանը, վեպի մեջ տուրք չտալով ժամանակի պատվերներին և մեծ տեղ տալով բարբառային, այդ թվում փոխառյալ բառերին, կարողացել է մշուշել դրանց օտարոտի ու խորթ լինելը և տալ ազգայնություն։

Պարսկական փոխառություններ-Պարսկական փոխառությունները թվով շատ են հայերենում (շուրջ 1405 բառ)[13], քանի որ իրանական ժողովրդի և հայերի շփումը գալիս է հազարամյակների խորքից (սկսած Ք. ա. 7-րդ դարից կամ ավելի վաղ), որոնց համար հիմք են ծառայել հազարամյա պատմական, առևտրական, վարչական, տնտեսական, մշակութային և այլ գործոններ[14]։ Հայերը, տարիներ շարունակ լինելով պարսիկների ազդեցության ներքո, հագնվում ու պճնվում էին նրանց ձևով, այստեղից էլ՝ «Հագուստ ու զարդեր» թեմատիկայով բառերը՝ կոշիկ, թագ, ապարանջան, պատմուճան…: Կրում էին նաև պարսկական ոճով ստեղծված զենքեր, այստեղից էլ՝ «Զենք ու զրահ» բառիմաստային միավորումը` նիզակ, զրահ, տեգ, վահան…: Այսպես` եթե առանձնացնելու լինենք պարսկական փոխառություններն ըստ իրենց արտահայտած իմաստի և հետևենք դրանում Հրաչյա Աճառյանին, ապա կստանանք 22 խմբաբաժանում` բնություն, կրոն, մարդ, հիվանդություն, կենդանի, ընտանիք, երկրագործություն, գյուղատնտեսություն, գիտություն, գույներ, վաճառականություն, շինություն, հագուստ, ուտելիք, ամանեղեն, թիվ, մետաղ, ճանապարհ, ժամանակ, երկիր, կյանքի սովորական իրողություններ և մակբայներ թեմատիկայով բառեր[15]։ Ըստ Ն. Ադոնցի՝ Ք.ա 7-րդ դարում՝ 680թ., հնագույն Սյունիք տարածքում հայտնվել են ոչ հայկական ցեղեր, ինչպես, օրինակ՝ սկյութ-սակերը կամ մարական-իրանական ցեղերը:

Նրանք անշուշտ որոշակի հետքեր թողել Սյունիքի բնակիչների լեզվի ձևավորման վրա[16]: Իրանական լեզուներից խոսակցական բնույթի փոխառությունները Սյունիք-Արցախի բարբառներին առավելապես անցել են 9-րդ դարից (նոր պարսկերենի շրջանից), ապա այն ժամանակից (14-րդ դարից հետո), երբ թյուրքական ցեղերը իրենց հետ բերեցին նաև պարսկական բառեր։ Այդ է պատճառը, որ հաճախ դժվարություն է առաջանում թյուրքական և պարսկական բառերի ծագումը որոշելու հարցում։ Գորիսի բարբառում թյուրքերենի միջոցով անցած պարսկական փոխառությունները չափազանց քիչ են, քանի որ Գորիսը համարյա միակ տարածաշրջանն էր, որտեղ թյուրքերը բնակություն չեն հաստատել կամ էլ եզրային բնակավայրերում, բարձրադիր ալպյան սարերում ժամանակավորապես կացարաններ-վրաններ են հիմնել։ Այսպես քննենք պարսկական փոխառությունները՝ ըստ Ս. Խանզադյանի «Մատյան եղելությանց» վիպակի։

Մուրտառ «1. կեղտոտ, 2. նախանձ»[17], այստեղից էլØ հնչյունափոխված ձևով առաջ է եկել բարբառի մըխտըռէլ «կեղտոտել» բառը, ահա բնագրային մի օրինակ՝ «Անունդ մուրտառ է, ուզում ես քաղաքիս պատկերքն էլ մուրտառե՞ս…»[18]:

Հաճախականությամբ աչքի է ընկնում քո¨ւչա¨Ø «փողոց, նրբանցք» [էջ 543] բառը: Գորիսի բարբառում գործածվում է նաև ածականական իմաստով՝ կապված հին և նոր քաղաքների յուրահատուկ ճարտարապետական ոճի հետ, ինչպես՝ «Հռչակավոր է այն տունը, որը հոսող ջրի վրա տնկած արտաքնոց ունի և քուչիբալկոն»[19] [էջ 475]: Բարբառն ունի նաև նույն բառի «բակ» իմաստը՝ «Քուչան մի շու¨տ տօն յէկէք»:

Փա¨լթա¨նգ բառն ունի «թլվատ, կակազ» իմաստները [էջ 539], որը բնագրի մեջ գործածվել է որպես փոթ անուն՝ մականուն. «Կինը Փալթանգ Լևոնի միջոցով նրա համար փռից մի բոքոն տաք-տաք հաց է ուղարկում» [էջ 482]։

Ուստա նշանակում է «վարպետ» [էջ 538], որից էլØ առաջ է եկել ուստաքյար բառը, որն ունի «արհեստավոր» իմաստը[20]. «Հենց որ փողոցի ծայրին երևում է ուստան, Ճել Ավան բիձան ավելը պահում է, որ փոշի չանի» [էջ 484]։

Լըղար նշանակում է «նիհար, վտիտ» [էջ 518], որըØ բնագրային հերոսի՝ Սերոժի մականունն է դարձել. «Շատ շնորհակալ է և’ Փօկի Մուխանից, և’ մթերման գրասենյակի պահակ Լըղար Սերոժից [էջ 487], լղար բառը Գորիսի բարբառում ունի իր հոմանիշները՝ չոփ, մաշված։

Թիմա¨րէլ  նշանակում է «քերիչով մաքրել» [էջ 515],Ø բնագրում չի կորցրել բուն իմաստը. «Ավան բիձան այժմ կես կոտի տեղ լրիվ կոտ գարի էր տալիս իր էշին, օրը երկու անգամ թիմարում» [էջ 493], թիմարել բառը դարձվածաբանորեն գործածվելով ձեռք է բերում նոր իմաստը՝ գլուխը թիմարել «քաղցր խոսքերով խաբել»[21]։

Թազի նշանակում է «1. շուն, բարակ, փ.խ.բ. շատ նիհար» [էջ 513], հաճախ թազի բառը հանդես է գալիս շուն բառի հետ. բարբառային օրինակ՝ «Ձենդ կտրի ա թազի շոն», հետաքրքիր մի օրինակ ևս «Թազին էլ շուն է, շունն էլ թազի»[22]։ Գա¨դա¨ նշանակում է «1. թուրքի տղա, 2. մուրացող» [էջ 507]։ Թազի և գյադա փոխառությունների օրինակը տրված է բնագրային մեկ ամբողջական նախադասության մեջ՝ «Ես պատրաստ եմ Հայրապետ Մինայիչի համար գյադա չէ, շուն էլ լինել, թազի էլ» [էջ 497]։

Քավթառ նշանակում է «մեծացած, տարիքը անցած [էջ 541]՝ «-Քավթառ է» [էջ 507], օգտագործվում է նաև ինչ-որ մեկին վիրավորելու նպատակով, ունի նաև բորենի իմաստը, հատկանշական է այն, որ բորենու մի տեսակն էլ կոչվում է քավթառքոսի[23]։

Խամ  բառն ունի հետևյալ իմաստները՝ «1. անփորձ,Ø անվարժ, 2. չբանեցրած, 3. չմշակած տեղ» [էջ 518], բնագրային օրինակում հանդես է գալիս «նոր» իմաստով. «Վրան խամ տեղ չկար» [էջ 515]։

Բաղ բառն ունի «այգի, պարտեզ» իմաստները [էջØ 505], բնագրում բաղ բառը հանդես է եկել հենց այդ իմաստով. «- Կեսօրին հարսին ուղարկի բաղը ջրի» [էջ 523]։ Պետք է նկատի ունենալ նաև, որ բաղ ասելով նկատի է առնվում հատկապես խաղողի այգին[24]։

Քօռ նշանակում է «1. կույր, 2. բութ» [էջ 543], սակայնØ բնագրում քոռ կոպեկը համարժեք է ծակ կոպեկ արտահայտությանը. «Մի քոռ կոպեկ էլ չտվեց Ներսեսին» [էջ 535]։

Խանչալբառն ունի «դաշույն» իմաստը [էջ 518]. «ԷսØ շան որդուս կույսը փեշի տակից խանչալ հանեց, քշեց վրաս» [էջ 552]։

Շալվար «տաբատ» [էջ 530], այստեղից՝ շալվարացու բառը։ «Ացու» վերջածանցը միանալով շալվար բառին՝ ավելի է ընդգծում բառի խոսակցական իմաստը, օր.՝ «Ուրեմն անձրև կլինի և շալվարացուն» [էջ 556]։

Չարխ «իր առանցքի վրա պտտվող անիվ», չարխելØ «1.չարխով սրել, 2.ձգել» [էջ 532], սակայն բնագրային օրինակում գործ ունենք «հղկված, կոկված» իմաստների հետ`[25] «Այնպես լավ էին չարխված, կոկած…» [էջ 567]։

Թա¨սա¨կ բառը նշանակում է «թասի ձևով փոքրիկØ գլխարկ» [էջ 514], բառն ավելի տպավորիչ է դարձնում հերոսի արտաքինն ու բնութագիրը. «Եկավ՝ հագին փայլփլացող սապոգներ, գլխին՝ զոլավոր թասակ» [էջ 570]։

Թուրքական փոխառություններ-Թուրքական ազդեցությունը հայերենի վրա ունի շուրջ 900 տարվա պատմություն (սկսած 11րդ դարերից)[26]։ Թուրքական փոխառությունները հիմնականում իրենց ուրույն տեղն են գտել բարբառներում և ոչ թե գրական լեզվում։ Հայերը փորձել են հնարավորինս թույլ չտալ թուրքական փոխառությունների մուտքը գրական լեզու, սակայն ամբողջապես զերծ մնալ այդ երևույթից հնարավոր չէր։ Ելակ, բեղ, երշիկ և նմանատիպ շատ բառեր թափանցել են գրական լեզու»[27]։ Թուրքերենը հանդիսացել է և՛ փոխատու, և՛ փոխառու լեզու։ Թուրքերը փոխառություններ հիմնականում կատարել են պարսկերենից, արաբերենից և ֆրանսերենից։ Ինչպես թուրքերն են փոխ առել հայերեն բառեր, այնպես և հայերը՝ թուրքերենը։

Փափաղ նշանակում է «մորթե գլխարկ» [էջ 539], որը նույնպես ծառայում է նկարագրական, տպավորիչ կերպար ստեղծելու միջոց. «Հին մասունք են նաև Ճել Ավան բիձայի փափախը՝ կտուրին դրած խոտի դեզ…» [էջ 476], այստեղից՝ փափախավոր և փըփըղավեր բառերը, որոնք արտահայտում են «տղամարդ» իմաստը[28]։

Չօփ բառն ունի «շյուղ, փայտի փոքր կտոր» իմաստները, Գորիսի բարբառում ունի նիհար իմաստը, այստեղից՝ չոփØ տառնալ «խիստ նիհարել» [էջ 533], բնագրում նույնպես գործածված է նիհար իմաստով. «Բարակ չոփ երեխա էր Ճել Ավան բիձան…» [էջ 476]։

Ղաչաղ նշանակում է «1. գող, 2.մաքսանենգ» [էջ 522].Ø «Երեսուն թվականի ղաչաղի տարին էր» [էջ 478]:  «Քառասուն կնիկ-մարդ մի յորղանի տակ։Ø Շնությու՜ն…» [էջ 478], այստեղ գործածված յորղան բառն ունի «վերմակ» իմաստը, ունենք նաև այդ բառի գործածությամբ Գորիսի բարբառում հաճախակի գործածվող դարձվածք՝ վենդերդ յորղանիդ գորա մեկնի, որ, արտահայտում է «կարողություններիդ չափով շարժվիր» իմաստը [էջ 528]։

«-Շա՜տ ղոչաղն են մեր քաղաքի տղերքը» [էջ 479],Ø այստեղ ղօչաղ, ղօչճախ բառն ունի «քաջ, արիասիրտ» [էջ 525] իմաստները, բառն ունի նաև «ճարպիկ, աչքաբաց» իմաստները[29]։

«Քաղսովետի նորընտիր նախագահ Դիք ԱլբերտըØ Անտոն ուսուցչին հեռախոսով կանչում, հանում է դասից ու կացնի կոթ կուլ տվածի պես իր տեղը դիք նստած՝ հարցնում…» [էջ 480], առաջին դեպքում գործածվել է «կոպիտ և կոշտ» իմաստներով կամ համառ, կամակոր, իր ասածի իմաստներով[30]։ Իսկ երկրորդում՝ «ուղիղ, գագաթնահայաց դիրքով» նստած իմաստով [էջ 510]։

«Լըղար Սերոժի դրած «մազանդան» այլևս չփոխվեց [էջ 492], մա¨զա¨նդա բառն ունի «ընթացիկ արժեք, սակագին» իմաստները, այսինքն մազանդան այն արժեքն է, որը փոփոխման այլևս ենթակա չէ [էջ 525]:

«Կուլակ հռչակված Բալա Հարությունն իր յոթ օթախØ տունը ծախեց…» [էջ 499], բնագրային այս հատվածում փոխառություններից հանդիպում ենք օթախ(ղ) բառին , որը նշանակում է «սենյակ» [էջ 544], սակայն բնագրում ձեռք է բերել «մեծ» իմաստը։

Փոխառության մի օրինակ էլ հանդիպում ենք «Դե,Ø մենակ մարդ է, ռոճիկը փափուկ, բողազը՝ չոր» [էջ 500] նախադասության մեջ բօղազ բառն ունի «կոկորդ» բառի նշանակությունը [էջ 507]։

«-Գարեջրի գործարանը քաղաքս մի զավզակիցØ ազատեց» [էջ 510], այստեղ զա¨վզա¨կ նշանակում է «շատախոս, թեթևամիտ» [էջ 511], որտեղից էլ առաջ է եկել բարբառային մեկ այլ բառ՝ զավզակախոսը, որն էլ նշանակում է «դատարկախոս»[31]:

«Եթե այս քաղաքում որևէ կնոջ բաջի են ասում,Ø ուրեմն նա աղքատ, չունևոր է» [էջ 516], բաջի բառը բնագրում կորցրել է հիմնական իմաստը՝ «քույր, մորաքույր, հորաքույր» [էջ 505] և ձեռք բերել նոր իմաստ՝ «աղքատ, չունևոր կին»:

Դայի բառն ունի «մորեղբայր, քեռի» իմաստները [էջØ 508]. «Դառնանում, բարկանում է Սամվել դային» [էջ 530]:

Յօլլան «ճանապարհ, միջոց» է [էջ 528], գործ է ածվումØ հիմնականում կապակցությունների մեջ՝ յոլա գնալ, յոլա էրթալ, յոլա տանել32, այդ կերպ է հանդես եկել նաև բնագրի մեջ «Յոլա գնացին միայն հարկադիրով» [էջ 534]:

Թա¨մբա¨լ բառն ունի «ծույլ, դանդաղաշարժ» [էջ 514] իմաստները, որտեղից էլ առաջ է եկել թա¨մբա¨լխանա բառը, որը նշանակում է «ծույլ մարդկանց կացարան». «-Ինչի շինեցին այս թամբալխանան» [էջ 536]։

Արաբական փոխառություններ-Ասենք՝ նոր ապրանք շատ ես առել, հինը պետք է դե՞ն ածած։ Էն վայրենի ազգերն էլ իրանց սոպռ լեզուն աշխարքի հետ չե՛ն փոխիլ33։ Արաբների հետ հայերի շփումն սկսում է 7-րդ դարից (շուրջ 702 բառ)34։ Փոխառությունները կարելի է դիտարկել լեզվամշակութային փոխազդեցությունն ընդգծող մի երևույթ։ Եվ այդ երևույթն ավելի լավ պատկերացնելու համար արաբների և հայերի միջև՝ դիտարկենք արաբերենից անցած փոխառությունները։

Մո¨ւշտարի նշանակում է «հաճախորդ» [էջ 527], նաևØ որևէ բանի ձգտող, ձեռք բերել կամեցող մարդուն են այդպես դիմում35, սակայն բնագրում հանդես է եկել առաջին իմաստով. «- Բարի լույս, Ավա’ն,-դղրդում է փայտ վաճառողի ձայնը։ -Փայտիս մուշտարի կճարվի՞» [էջ 476]։

Մըզմըզ նշանակում է «1. ծանրաշարժ, 2. խիստ բծախնդիր» [էջ 526], բնագրային հատվածում մըզմըզ բառը Խանզադյանը գործածել է որպես մականուն. «Իր օգնական Մըզմըզ Վլադիկը լվանում է մեքենան» [էջ 477], գործածական է նաև մուզմուզ բառը։

Ախմախ բառը նշանակում է «տխմար» [էջ 503], որից էլ առաջ է եկել ախմախավարի «հիմարաբար» բառը. «-Գնա բանիդ, ախմա’խ» [էջ 477]։

Շառ նշանակում է «չարիք, չարագուշակ» [էջ 530],Ø բնագրային հատվածում ունի «փորձանք» իմաստը՝ «…որ հարսը խոնարհ է ու պարկեշտ, փեսան էլ շառ ու շիլթաղ չի» [էջ 484]։

Բնագրում Խանզադյանը ստեղծել է նոր կրկնավորØ բարդություն՝ զիբիլ-փսոր, նկատի ունենալով աղբի կտորտանքների ամբողջությունը, քանի որ զիբիլ բառը նշանակում է «մանր թափթփուկ, աղբ» [էջ 512], իսկ փսորը՝ «փշրանք». «Հավաքում էին Պադոշ Ածատի արտելի առջև թափած կաշվի կտորտանքը, դատախազ Հռաքել դայի-Տասը տարիի կնոջ դեն ածած վարունգի կճեպը, միլպետի ձիու թրիքն ու նման զիբիլ-փսոր» [էջ 485]։

Բախկալ նշանակում է «մրգավաճառ, նպարավաճառ» [էջ 504-505], բնագրի մեջ մականուն է. «Քո շեն կենա՜ցը,Ø Բախկալ Ծատու’ր» [էջ 490], այս բառի գործածությամբ Խանզադյանը ստեղծել է նաև մտերմիկ մթնոլորտ, քանի որ բախկալը լավ ծանոթ էր իր հաճախորդներին։ Բախկալ բառը դուրս է Գորիսի բարբառից։

Բալա բառն ունի «փորձանք» իմաստը, եթե դիտարկենք արաբական ծագման բառ, իսկ թուրքական ծագմանØ դիտարկելու դեպքում ունի «1. որդի, 2. տղա, մանուկ» իմաստները [էջ 504]. «Կուլակ հռչակված Բալա Հարությունն իր յոթ օթախ տունը ծախեց…» [էջ 499]։

Ամմա բառն ունի «բայց, սակայն» իմաստները [էջ 503]. «Ամա կվառես, հա՜…» [էջ 520]։

Մասխարա նշանակում է «1. ծաղր, 2. ծաղրի առարկա» [էջ 526], բնագրում կարող է գործածված լինել նաև «խաբեբա» նշանակությամբ «Վրիպակ Միքայելին չեն հավատում, ասում են՝ «մասխարա» է» [էջ 548]։

Խուրջինը «երկաչքանի պայուսակ» է [էջ 519], այնØ հիմնականում օգտագործվել է գյուղական կամ լեռնային շրջաններում՝ ծանր իրեր, հացահատիկ կամ այլ անհրաժեշտ իրերը տեղափոխելու նպատակով։ Խուրջին բառի գործածությամբ հեղինակն ընդգծել է տարածաշրջանին բնորշ ոճն ու կարելի է ասել նաև՝ ժամանակի պատկերը. «Կեսը թողնեիր խուրջինի մի աչքում, կեսն ածեիր մյուսը, որ հավասարակշռություն պահեր» [էջ 551]։

Քէփ բառն ունի «1.խնջույք, 2.տրամադրություն,Ø կամք» նշանակությունները [էջ 541], սակայն բնագրային հատվածում ունի «ուզածով» նշանակությունը. «Էս հարսանիքը քեփովս չի» [էջ 558], եթե, փոխարինելու լինենք գրական համարժեքով, կտեսնենք՝ «Այս հարսանիքն իմ ուզածով չէ» ։

Թա¨սա¨կ նշանակում է «թասի ձևով փոքրիկØ գլխարկ» [էջ 514], կրկին օգտագործվել է արտաքին նկարագրությունն ավելի պատկերավոր դարձնելու համար. «Եկավ՝ հագին փայլփլացող սապոգներ, գլխին՝ զոլավոր թասակ» [էջ 570]։

Ս. Խանզադյանի «Մարտյան եղելությանց» վեպը լավագույն օրինակն է բարբառային բառապաշարի գեղարվեստականացման առումով։ Այդ բառապաշարի հարազատ մասն են կազմում փոխառությունները, որոնք նույնպես մասնակցել են խոսքի սեղմության ձևավորմանը, պատկերավորման և ընդհանրապես ոճավորման համակարգի ստեղծմանը։

Եզրակացություն։ Փոխառությունների միջոցով Ս. Խանզադյանը կարողացել է ստեղծել յուրահատուկ ոճ, իր ստեղծագործությունները դարձրել բարբառախոսների համար բավականին հետաքրքիր և հարազատ, իսկ բարբառագետների համար՝ քննության առարկա։ Համացանցում հաճախ նկատում ենք, որ շատ լեզվաբաններ ասում են՝ պետք է բարբառից դուրս մղենք օտար բառերը և դրանց փոխարեն օգտագործենք գրական հայերեն համարժեքները։ կարծում ենք՝ այս դեպքում բարբառը կդադարի բարբառ լինելուց։ Ավելի լավ պատկերացնելու համար կազմենք փոխառությունների և գրական համարժեքների համեմատական աղյուսակ.

“Մատյան եղելությանց” վիպակից հատված

Ինագդա Սրեդի Ազիում էն տեսակ բարխան է լինում, բուտուրու աշխարքիս վերջն է։

Եկավ՝ հագին փայլփլացող սապոգներ, գլխին՝ զոլավոր թասակ:

Փոխադրում

Երբեմն Միջին Ասիայում այնպիսի տեսակի ավազաթմբեր են գոյանում, կարծես ամբողջ աշխարհի վերջն է։

Եկավ՝ հագին փայլփլացող երկարաճիտ կոշիկներ, գլխին՝ զոլավոր ափսեաձև գլխարկ։

 Պարսկական փոխառություններԳրական համարժեքներ
1.բաղայգի
2.գյադա1. ծառա, 2. ստոր, 3. նվաստ
3.թազի1.բարակ, որսի շուն, 2. նիհար, 3. անտեսված
4.թաս-սրանից` «թասակ»1. ափսե, աման. 2.«թասաձև գլխարկ»
5.թիմար /թիմարել/1. խնամք, 2. քոր, 3. քերիչով ձիուն մաքրելը
6.լղարնիհար, վտիտ
7.խամ1.անփորձ, անվարժ,2. չբանեցրած, 3. չմշակած տեղ
8.խանչալսուր
9.մուրտառ1. ած. կեղտոտ, 2. նախանձ
10.շալվար, շալվարացուտաբատ
11.չարխ1. ճախարակ, 2. անիվ, 3. բախտ
12.ուստա/քյար1. վարպետ, 2. արվեստագետ, 3. հմուտ
13.փալթանգթլվատ, կակազ
14.քավթառ1. բորենի, վայրի, մարդակեր գազան, 2. պառավ, չար տարեց
15քոռկույր
16.քուչափողոց
 Թուրքական փոխառություններԳրական համարժեքներ
1.բալաորդի
2.բաջիքույր
3.բողազկոկորդ, բուկ
4.դայիմորեղբայր, քեռի
5.դիքզառիվեր
6.զավզակշատախոս, թեթևամիտ
7.թամբալ-Ա․Մարգարյանը ընդգրկել է թուրքական ծագման փոխառությունների մեջ, բայց թամբալ բառն ունի պարսկական ծագում։ծույլ
8.ղաչաղ1.գող, 2.մաքսանենգ
9.ղոչաղքաջ, արի, կտրիճ
10.մազանդաընթացիկ արժեք
11.յոլայոլ — ճանապարհ. այստեղից` յոլա տանել, յոլա գնալ
12.յորղանդոշակ — վերմակ-ներքնակ
13.չոփծեղ, ճյուղ. չոփի — «չորացած մացառ», չոփ դառնալ — «նիհարել»
14.փափաղմորթե գլխարկ
15.օթախսենյակ. — «վրան», «կացարան»
 Արաբական փոխառություններԳրական համարժեքներ
1.ախմախտխմար
2.ամմաբայց, սակայն
3.բալապատիժ, փորձանք
4.բախկալնպարավաճառ
5.զիբիլաղբ
6.խուրջին-Ա. Մարգարյանը ընդգրկել է որպես արաբական փոխառություն, բայց խուրջին բառը պարսկական ծագման է։բրդից գործած պայուսակ
7.մասխարածաղրածու, կատակասեր, խեղկատակ. հանաքմասխարություն, մասխարություն
8.մըզմըզ1. ծանրաշարժ, 2.բծախնդիր
9.մուշտարիհաճախորդ
10.շառ-Ա. Մարգարյանը շառ բառը ընդգրկել է որպես արաբական ծագման բառ, բայց այն ունի պարսկական ծագում։Փորձանք, շառըշուռ — «փորձանք», «պատուհաս», «չարիք»
11.քեփ1.խնջույք, 2.տրամադրություն, կամք

Փոխառությունների խոսքիմասային պատկերը՝

ԳոյականԱծականԲայՇաղկապ
բալաախմախթիմարելամմա
բախկալամմա  
բաղգյադա  
բաջիդիք  
դայիզավզակ  
դիքթազի  
զիբիլթամբալ  
թասակլղար  
խանչալխամ  
խուրջինղոչաղ  
ղաչաղմըզմըզ  
մազանդամուրտառ  
մասխարափալթանգ  
մուշտարիքավթառ  
յոլաքոռ  
յորղան   
շալվարացու   
շառ   
չարխ   
չոփ   
փափախ   
քավթառ   
քեփ   
քուչա   
օթախ   

Qumunc Mher, Margaryan M.-Loanwords from Eastern languages in the Goris dialect (according to Sero Khanzadyan’s novel “Log of existence”). -Sero Khanzadyan’s novel “Log of existence” is rich in borrowings from Eastern languages, which have found a unique place in the Goris dialect. As a result of historical influences, these words have become an inseparable part of the dialect. The study focuses exclusively on words of Arabic, Persian, and Turkic origin, with explanations provided based on the original text and the Goris dialect, considering their usage features and semantic nuances.

Keywords: Eastern languages, borrowings, Goris dialect, Sero Khanzadyan, “Log of existence”.

Кумунц Мгер, Маргарян М.-Заимствования из восточных языков в горисском диалекте. (по повести Серо Ханзадяна “Летопись былого”).- Роман Серо Ханзадяна “Летопись былого” богат восточными заимствованиями, которые нашли свое место в горийском диалекте. В результате исторических влияний эти слова стали неотъемлемой частью диалекта. Объектом исследования являются исключительно слова арабского, персидского и тюркского происхождения, значения которых были даны на основе оригинала и горийского диалекта, с учетом их употребления и смысловых оттенков.

Ключевые слова: Восточные языки, заимствования, горийский диалект, Серо Ханзадян, “Летопись былого”.

[1] Բակունց Ա., «Երկեր», «Սովետական գրող» հրատ., Ե., 1986, էջ 421-422։

[2] Փոխառությունները փոխատու լեզվից փոխառու լեզվին անցած օտար բառեր են, դրանք իրենց համարժեքները չունեն փոխառու լեզվում, բացատրվում են այդ լեզվով մեր դեպքում՝ հայերենով (տե՛ս Ավետիսյան Յ., Փոխառությունները որպես հայոց լեզվի բառային կազմի հարստացման միջոց, «ՎԷմ» համահայկական հանդես, 2021, թիվ 1, էջ 184-203։

[3] Օտարաբանությունները օտար այն բառերն են, որոնք փոխառու լեզվում ունեն համարժեքներ, անհարկի փոխառություններ են, ինչպես՝ ռեյտինգ-վարկանիշ (Նույն տեղում, էջ 185)։

[4] Ղարաբաղի բարբառում իրանական մի քանի փոխառությունների մասին, «Լրաբեր հասարակական գիտությունների», 1990, թիվ 11, էջ 65-70։

[5] «Արևելյան լեզուներից անցած փոխառությունների Խ. Աբովյանի գեղարվեստական արձակում», (Թեկնածուական ատենախոսություն), Ե., 2004, Խաչատուր Աբովյանի պատմվածքների շարահյուսական առանձնահատկությունները, «Մանկավարժական միտք», թիվ 2, 2002, 118-121, Փոխառյալ բաղադրիչներով բայական հարադրությունները Խաչատուր Աբովյանի արձակում, «Նոր-դար», թիվ 4, 2003, 304-312, Արևելյան լեզուներից անցած փոխառությունները Խ.Աբովյանի գեղարվեստական արձակում, «Կանթեղ», թիվ 4 /17/, 2003, 73-84, Փոխառյալ բաղադրիչներով հարադրությունները Խ.Աբովյանի արձակում, «Գիտությունը և կրթությունը Արցախում», թիվ 5/6, 2003, 74-81, Բաղաձայնական առանձնահատկությունները փոխառություններում, «Գիտություն և տեխնիկա», թիվ 9, 2003, 20-24, Խ.Աբովյանի փոխառությունների հնչյունական առանձնահատկությունները, «Հայոց լեզու և գրականություն», թիվ 5-6, 2004, 91-99, Գրական աշխարհաբարը և Խ.Աբովյանի լեզվագիտական հայացքները /դասախոսությունների տեքստ/, ՀՊՃՀ, Գորիսի մասնաճյուղ, 2004, 32 էջ, Փոխառությունների ոճական առանձնահատկությունները, «Նորք», թիվ 3, 2005, 46-52, Ռուսերենից անցած փոխառությունների բառաիմաստային զարգացումները Սյունիք-Արցախ բարբառախմբի բառապաշարում, Русистика в XXI веке: тенденции и направления развития. Международная научная конференция. Сборник статей. Изд.-во ЕГУ, 2019, 234-240, Արաբական ծագմամբ փոխառյալ բաղադրիչներով բայերի տեսական և կիրառական որոշ հարցերի շուրջ (ըստ Խ. Աբովյանի գեղարվեստական արձակի), «Գիտական տեղեկագիր» Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի, 2023, թիվ 2 (45)։

[6]  Բայազետի բարբառը և նրա լեզվական առնչությունները շրջակա բարբառների հետ, Ե., հրատ, 2016, էջ 205-216։

[7] «Արևելագիտության հարցեր», «Փիյաթաթախ փիլը ղանդաղում» Արցախի բարբառում մի քանի պարսկական փոխառությունների շուրջ», Ե., ԵՊՀ, հրատ, 2016, թիվ 12, էջ 236

[8]  «Արևելագիտության հարցեր», «Ղարաբաղի բարբառում նոր իրանական որոշ փոխառությունների շուրջ», Ե., ԵՊՀ, հրատ, 2016, թիվ 12, էջ 273-279

[9] «Ձևաբանական իրողությունների լեզվաոճական դերը Ս. Խանզադյանի արձակում», «Գիտական նյութերի ժողովածու», Ե., 2016, «Հարադրությունների բարբառային-խոսակցական դրսևորումները Ս. Խանզադյանի «Մատյան եղելությանց» վիպակում» «Հանրապետական գիտաժողովի նյութերի ժողովածու՝ նվիրված Վ. Քոսյանի ծննդյան 90 ամյակին», Ե., 2017։

[10] Աբովյան Խ., «Վերք Հայաստանի», «Երևանի համալս.» հրատ., Ե., 1981, էջ 127-128։

[11]  Հովհաննես Թ., «Հատոր չորրորդ», «Հայաստան» հրատ., Ե., 1969, էջ 98։

[12] Նույն գրքում, էջ 98։

[13] Հ. Աճառյան, «Հայոց լեզվի պատմություն», 1-ին մաս, Ե., ԵՊՀ, հրատ, 2013, էջ 333։

[14] Մարգարյան Ա., «Ժամանակակից հայոց լեզու», «Երևանի համալս.» հրատ., Ե., 1993, էջ 152։

[15] Հ. Աճառյան, «Հայոց լեզվի պատմություն», 1-ին մաս, Ե., ԵՊՀ, հրատ, 2013, էջ 304։

[16] Հախվերդյան Ս., «Գորիսի ամփոփ պատմություն», «Զանգակ-97» հրատ., Ե., 2005, էջ 62;

[17] Մարգարյան Ա., «Գորիսի բարբառ», «Երևանի համալս.» հրատ., Ե., 1975, էջ 527

[18] Խանզադյան Ս., «Մատյան եղելությանց» վիպակ, «Հայաստան» հրատ., Ե., 1966, էջ 475։

[19] Բոլոր բնագրային հատվածները բերված են Ս․ Խանզադյանի «Մատյան եղելությանց» վիպակից։

[20] Հայոց լեզվի բարբառային բառարան, Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ (գլխ. խմբ.՝ Ա. Սարգսյան, 7 հատորով, 2001-2012), ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., Երևան, 2008, հատ. Ա, 451 էջ, Բ, 451 էջ, Գ, 425 էջ, Դ, 451 էջ, Ե, 420 էջ, Զ, 407 էջ. Է, 407 էջ (այսուհետև՝ ՀԼԲԲ):

[21] ՀԼԲԲ էջ 111։

[22] ՀԼԲԲ էջ 59։

[23] ՀԼԲԲ էջ 118

[24] ՀԼԲԲ էջ 153։

[25] ՀԼԲԲ էջ 389։

[26] Մարգարյան Ա., «Ժամանակակից հայոց լեզու», «Երևանի համալս.» հրատ., Ե., 1993, էջ 162 (այսուհետև՝ Մարգարյան 1993)։

[27] Մարգարյան 1993, էջ 162։

[28] ՀԼԲԲ էջ 358։

[29] ՀԼԲԲ էջ 356։

[30] ՀԼԲԲ էջ 337։

[31] ՀԼԲԲ էջ 400

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի

Ածանցումը Գորիսի բարբառում

Արինե Արմանի Բաբայան Հայաստան, Գորիսի պետական համալսարան, ուսանող Ղեկավար և համահեղինակ՝ Մհեր Քումունց Մեր ուսումնասիրությունը նվիրված է…

Կապի հնչյունական, բառային և քերականական դրսևորումները Գորիսի բարբառում

Մանանա Բաղդասարյան Ուսանող Հայաստան, Գորիսի պետական համալսարան Ղեկավար և համահեղինակ՝ Մհեր Քումունց Սույն հոդվածում ուսումնասիրել ենք Գորիսի…

Դարձվածքները Ա. Բակունցի «Կյորես» վիպակում

 (Համեմատական քննություն) Բակունց Ալլա Հայաստան, Գորիսի պետական համալսարան, ուսանող Ղեկավար և համահեղինակ՝ Մհեր Քումունց Դարձվածքներին վերաբերող աշխատանքները…

Չբառարանագրված դարձվածքներ Գորիսի բարբառում

Ուսումնասիրվող բարբառային դարձվածքները Գորիսի բարբառախոս միջավայրում տարածված, բարբառային բառարաններում չվկայված հետաքրքրական կառույցներ են։ Դրանցից անվանական…