Լավ է ուշ, քան երբեք․․․ կամ՝ իմ մի մոլորության հետքերով․ Գրիշա Սմբատյան

Spread the love

Նամակ Սյունիքի հայագիտական հետազոտությունների կենտրոնին

Մեր նորագույն պատմության ամենահայտնի դեմքերից մեկը՝ Ղարաքիլիսայի հերոս հրետանավոր, Առաջին Հայկական հրաձգային բրիգադի 4-րդ լեռնային մարտկոցի հրամանատար, շտաբս կապիտան Գուրգեն Տեր-Մովսիսյանը (այսուհետ ՝ Մովսիսյան), վաղուց հետաքրքրել է ինձ։ Կապիտանի ծննդավայրի, ծագման, մամուլում նրա մասին պատմող հրապարակումները ժլատ էին, կրկնություն, քիչ բան ասող, ընդհատված: Ծննդավայրի մասին որևէ համոզիչ ակնարկի չեմ հանդիպել։ Հայաստանի ազգային արխիվում նույնպես նյութեր չգտա: Փոխարենը հրետանավորի մասին գտա հուշագրություն, բանավոր պատմություններ, գեղարվեստական գրականության էջեր, ռազմաճակատային հանդիպումների մասին զրույցներ: Այն, ինչ մի քանի տողով կներկայացնեմ, հանգամանորեն տեղ է գտել վերջերս հրատարակված իմ գրքում (Գ․ Սմբատյան, Պատմություն և հիշողություն, Երևան, «Անտարես», 2019)։

Դժվար է կոմնորոշվել․ Կապանի Ծավ գյուղից Առաջին աշխարհամարտի զինվորը, Ղարաքիլիսայի ճակատամարտի մասնակիցը՝ Բագրատ Հարությունյանը, գրում և պատմում է, որ ինքը բազմիցս հանդիպել է իր համաերկրացի, Տրդատի եղբայր Գուրգենին, նկարագրում է նրա նահատակությունը (նրան նաև հանդիպել եմ, լսել)։ Ինչպես վարվել, երբ Միքայել Ամիրբեկյանը խոսում է Գուրգենի հորեղբոր տղայի մասին, որը հոգևոր գործիչ Մեսրոպ Մագիստրոս Տեր-Մովսիսյանն է եղել: Ինչպե՞ս վարվել, երբ լուսանկարներից մեկի շրջերեսին ինչ-որ մեկը գրել է՝ Գուրգեն: Ի՞նչ մտածել, երբ զեկուցագրերը և նրա կապիտանի մասին խոսողների զգալի մասը (Մ. Եգանյան, Ն. Կորգանով, Հովհ. Բաղրամյան, Մուշեղ Ղազարյան, Սիմոն Վրացյան, Հայկական առանձին կորպուսի շտաբի սպա Կուլեբյագին, բժիշկ Իսահակ Տերտերյան, գրող Միք․ Ամիրբեկյան, Վահե Արծրունի, Զինվոր Երվանդ, Գուրգեն Գրիգորյան և ուրիշներ) Գուրգենի ազգանունը հնչեցնում են ՏԵՐ-ՄՈՎՍԻՍՅԱՆ։ Սրանք ինձ գրեթե համոզեցին, որ հրետանավորը Շիկահող գյուղի հանրահայտ Տեր-Մովսիսյան Մելիք-Նուբարյան տոհմի մկրտության անունով Ամովսն է։ Մտածել եմ՝ ոչ ոք չի գրում ծննդավայրի մասին, իսկ պատերազմներում ամեն ինչ կարող է լինել։ Հակափաստարկներ էի որոնում, դրանք էլ չկային։ Թյուրիմացաբար հավատ չեմ ընծայել «Հորիզոն»-ի հաղորդագրություններին, կրկին մտածել եմ՝ պատերազմ է․․ Նույնիսկ եղել եմ Դիլիջանում, բայց ո՛չ հերոսի գերեզմանը կար, ո՛չ եկեղեցին, ո՛չ էլ որևէ հիշողություն հրետանավորի մասին։ Այսպես է․․․ Կարծում եմ՝ ռազմաճակատից չվերադարձած Տեր-Մովսիսյանը նույն Ամովսն է։ Երբ Ղարաքիլիսայում Մովսիսյան ազգանունով մարտիկի զոհվելու մասին իմացվեց, մտածեցին, թե Գուրգենը հենց շիկահողցին է, մանավանդ դժվար էր չհավատալ Ծավ գյուղի գրագետ, իմաստուն և ճանաչված զինվոր, «կավալերիստ» Բագոյին։ Համոզմունքը, կարծում եմ, դարձավ մոլորություն։

Այդուհաներձ, հանգիստ չեմ եղել, և առկա աղբյուրները, «փաստերը» ինձ չեն բավարարել։ Տարբեր ուղիներով ու միջոցներով փնտրտուքի արդյունքում վերջերս հայտնաբերել եմ եզակի վավերագրեր և բացառիկ մի լուսանկար։ Եվ դրանք պիտի ձեռք բերեի Մոսկովյան ու Պետերբուրգյան արխիվներից։ Գուրգենի լուսանկարն է ու վավերագրեր։ Բայց, ինչպես երևում է, վերջը չէ․ անելիքներ կան։ Շարունակում եմ որոնումները, ինձ խոստացել են նոր նյութեր։ Ասեմ, որ հետո, երբ դիմում էի այս ժամանակի պատմությունն ուսումնասիրողներին, կամ անտեղյակ էին, կամ, կարծում եմ, զգույշ էին և խուսանավող։ Առաջին անգամ թե՛ Գուրգենի և թե՛ Ամովսի մասին ստույգ վավերագրեր և աղբյուրներ հրապարակվեցին Ամատունի Վիրաբյանի և Սոնյա Միրզոյանի «Առաջին աշխարհամարտի հայ սպաները։ Հայաստանի Հանրապետության սպաները 1914-1920» գրքում (Երևան, 2022): Վավերագրերում հիշատակվում է Մելիք-Փարսադանով ազգանունը։ Մտածում եմ՝ թեմայից դուրս չէ։ Գնացել եմ նաև նրա հետքերով՝ համարելով, որ Մելիք-Փարսադանյանները միայն Կապանի Բեխ (Պեխ) գյուղից են։ Դրսի արխիվներից հայտնաբերել եմ արժեքավոր վավերագրեր ու լուսանկարներ։ Դա 5-րդ լեռնային մարտկոցի ենթասպա Արտավազդ Սողոմոնի Մելիք- Փարսադանյանն է, որ գերվել է Թուրք-հայկական պատերազմում, անհայտ է ճակատագրով: Այս հոդվածում հրապարակում եմ նաև նրա մեկ լուսանկարը։ ԱՄՈՎՍԻ ԱՆՈՒՆՆ ԷԼ ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՏՆԵԼ Չի ԿԱՐԵԼԻ։ Լազարյան ճեմարանի երբեմնի ուսանողը, ինչպես նկատելի է, լուրջ կենսագրություն ունի։ 1918թ․ հոկտեմբերին նա կար, գուցե և մասնակցել է Մայիսյան հերոսամարտերին։ Այս մասին կասեն ռազմական բնագավառի պատմաբանները։ Իսկ ի՞նչ եղավ Ամովս Տեր-Մովսիսյանը՝ դա էլ մնում է անհայտ։ Ամեն դեպքում կարելի է նաև նրանով հետաքրքրվել։ Շիկահողի Տեր-Մովսիսյաններից Առաջին աշխարհամարտի զոհ է Ամասյա Տեր-Մովսիսյանը՝ Մեսրոպ Մագիստրոսի եղբոր՝ Կարապետի որդին (Տեր-Մովսիսյանները գրեթե ամբողջությամբ հեռացել էին Գորիս, Երևան, Թիֆլիս։ Գորիսում Գերդաստանին նվիրված թանգարան է ստեղծում Մագիստրոսի քրոջ՝ Սանամի թոռ Գագիկ Գրիգորյանը։ Մայիսի 28-ի պատմական օրվա առթիվ լինում են հրապարակումներ։ Նրանք, ովքեր կգրեն Ղարաքիլիսայի հրետանավորի մասին, խնդրում եմ այսուհետ հրապարակել արդեն Ձեզ ներկայացվող այս վառ երիտասարդի նորահայտ լուսանկարը, որի վրա կտեսնեք մակագրություն՝ առանց ՏԵՐ բաղադրիչի։ Կարծում եմ՝ լուսանկարն առաջին հերթին կհետաքրքրի դասագիրք գրողներին, և այն մի օր տեղ կգտնի դպրոցական դասագրքերում։ Երբեք նեղմտություն չէ պարզել անվանիների ծննդավայրը, իմանալ երկրամասի արժանավոր զավակներին։ Միշտ էլ կարելի է ընդհանուր պատմության դրվագներն ուսումնասիրել ու կրկնել ծանոթ ճշմարտություններ, բայց եզերքի պատմությունը ազգայինի ակունքն է, անկրկնելի է, եզակի է ու նվիրական։ Հետևաբար կլինեն վրիպումներ։

ՀԳ․ Շուրջ երկու տարի է՝ հավաքում եմ վավեագրեր և լուսանկարներ Սյունիքի, Արցախի, Վայոց Ձորի և Գողթնի ռուսական ու եվրոպական ուսումնական հաստատություններում սովորած ուսանողների վերաբերյալ։ Նպատակ ունեմ հրատարակել «Թաքուն աշխարհից՝ լույսի աղբյուրներ» գիրքը։ Կատարվող աշխատանքի համար շնորհակալ եմ  աջակիցներին, մասնավորապես երիտասարդ պատմաբան, իմ բարեկամ Մայքլ Բաբայանին։

Ծանոթագրություն

Մովսեսյան (Տեր-Մովսեսյան) Գուրգեն Հովաննեսի (Իվանովիչ) (1894, գ. Շիկահող, Զանգեզուրի շրջան, 25.05.1918), կապիտան։ (Հասկանալի է, որ Շիկահողը ծննդավայրը չէ՝ Գ․Ս․): Ավարտել է Բաքվի 2-րդ գիմնազիան։ 1912թ․ օգոստոսի 31-ից հրետանային ուսումնարանում շարքային յունկեր (ռազմական ուսումնարանների սան) կոչումով։  1913թ. հուլիսի 4-ից յունկեր ենթասպայական կոչում: 1914թ. օգոստոսի 24-ին ավարտել է Միխայելովսկի հրետանային ուսումնարանը 1-ին կարգով, ստացել դաշտային թեթև հրետանու պոդպորուչիկի (ցարական բանկի սպայական կոչում և աստիճան)  կոչում։ 1-ին համաշխարհային պատերազմի մասնակից։ 1915 թվականի դեկտեմբերի կեսերին ռազմաճակատից բուժման նպատակով Պետրոգրադ բերված վիրավոր սպաների շարքում նշվում էր կոչումով պոդպորուչիկ։ 1916թ․ Փետրվարի 15-ի դրությամբ ծառայել է 1-ին հետևակային հրաձգային-հրետանային դիվիզիոնում և ստացել պորուչիկի կոչում։ 1916թ․ հոկտեմբերի 26-ի դրությամբ պոդպորուչիկ կոչումով ծառայել է Հյուսիսային ճակատի 3-րդ կովկասյան հրաձգային հրետանային բրիգադում և հիվանդության պատճառով բուժվել Դվինսկի դաշտային հոսպիտալում։ 1916 թվականի դեկտեմբերի 21-ին  ստացել է շտաբս կապիտանի կոչում։ 1918թ․ Հայկական 1-ին հրաձգային հրետանային բրիգադի 4-րդ լեռնային մարտկոցի հրամանատար։ 1918 թվականի մայիսի դրությամբ Հայկական ռազմական խորհրդի անդամ։ Ապրիլի 6-9-ը Սարիղամիշի մոտ թուրքական բանակի հետ թիկունքային մարտերում աչքի է ընկել։ 1918թ. մայիսի 25-ին Ղարաքիլիսայի Դարբաս գյուղի մոտ մահացել է քաջի մահով։ Ղարաքիլիսայի ճակատամարտի հերոս է։

Պարգևներ

Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշան՝թրով և ժապավենով (28,06․1915); Սուրբ Աննա 4-րդ աստճան «Քաջության համար» (01/2/1916); Սուրբ Աննա 3-րդ՝  թրով և ժապավենով (03/12/1916); Սուրբ Ստանիսլավ 2-րդ աստիճան՝ թրով (11/2/1916); Սուրբ Վլադիմիր 4-րդ աստիճան՝ թրով և ժապավենով (02/12/1917); Սուրբ Աննա 2-րդ աստիճան սրերով (02/14/1917); Սուրբ Գեորգի 4-րդ աստիճան («Կովկասյան ռազմաճակատում» 1918 թ. սեպտեմբերի 18-ի թիվ 166 հրաման):

Աղբյուրներ՝ https://www.ria1914.info/index.php/; https://gwar.mil.ru/heroes/chelovek_gospital2189644/; NAA, F.204, op.1, d.40, pp.75,76; դ.41, հ.103; f.1267, op.2, d.97, pp.1-30; դ.172, լ.27; Շաբաթ. «Հայերը Առաջին համաշխարհային պատերազմում (1914-1918)», 2014, Մ.ս.ս. 478-479 թթ. գազ. «Ռուսական խոսք», 1915 թվականի դեկտեմբերի 18, N 290; գազ. «Հորիզոն», Թիֆլիս, թիվ 105, 2 հունիսի 1918 թ. գազ. «Մշակ», Թիֆլիս, թիւ 1022 Յունիս 1918; Յու.Ասադով, հատոր 2, էջ 80 (ըստ Ա․ Վիրաբյանի և Ս․ Միրզոյանի գրքի)։

Ամոս Դանիելի Տեր-Մովսեսյան (? -?), պոդպորուչիկ

1-ին համաշխարհային պատերազմի մասնակից։ 1915թ․ ավարտել է Չուգուևի  ռազմական ուսումնարանը։ 1915թ-ի հուլիսի 17-ի դրությամբ պրապորշչիկի աստիճանով ծառայել է Արևմտյան ռազմաճակատի 272-րդ Գդովսկի հետևակային գնդում և վիրավորվել մարտում։ 4.11.1915թ․ արժանացել է պոդպորուչիկի կոչման։  02․8․1917թ․ տեղափոխվել է Կովկասյան ռազմական օկրուգի շտաբի ռեզերվ։ 1918թ․ մարտի 22-ի դրությամբ Խնուսի հայկական հետևակային գնդի լեյտենանտը Իգդիրի բեմի ընդունման կետից ուղարկվել է Երևանի ռազմական հոսպիտալ հետագա բուժման համար։ 1918թ․ ապրիլի 5-ին Հիվանդանոցից ապաքինվելուց հետո նա ուղարկվել է Երևանի ազգային խորհրդի տրամադրության տակ։ Ծառայել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում։   1918թհոկտեմբերի 10-ի դրությամբ պոդպորուչիկի աստիճանով ծառայել է հայկական 2-րդ հետևակային գնդում։

Պարգևներ՝ Սուրբ Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշան՝ թրով ու ժապավենով (25.10.1916).

Աղբյուրներ՝ https://gwar.mil.ru/heroes/chelovek_donesenie15609090/; ՀԱԱ, f.204, op.1, d.40, l.63; f.222, op.1, d.62, l.81, 224-v.; Վոլկով Ս.Վ., քարտադարան (ըստ Ա․ Վիրաբյանի և Ս․ Միրզոյանի գրքի).

Վկայական

Տրված է արևեյլան լեզուների Լազարյան ինստիտուտից:

Ներկայացվում է որպես առաջին կուրսի ուսանող.

Անուն Ամովս

Հայրանուն-Դանիել

Ազգանուն-Տեր-Մովսիսյան

Հավատը-Հայ-Գրիգորյանական

Ծնվել է 1893 թվականին մայիսիսի 4-ին:

Ստորագրություն

Վկայականը տրվել է 1914 թվականի սեպտեմբերի 1-ին ազատ ապրելու համար Թիֆլիսում, Բաքվում, Գորիսում, Շիկահողում

Տպագրության հայտը տրված է

1914թ. մայիսի 31-ին

More From Author

1 comment

This webpage is unbelievable. The brilliant data reveals the distributer’s interest. I’m awestruck and expect further such astonishing entries.

Comments are closed.

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի