Զաքար Տեր-Ղազարյան (1882-1920), Սիսիանի Ղարաքիլիսա (Ներկայիս Սիսիան քաղաքը) գյուղացի, 38 տարեկան: Եղել է գյուղական ուսուցիչ: 1918 թվականից մինչև 1920թ. հուլիս ամիսը վարել է նախ՝ Զանգեզուրի Շրջանային Խորհրդի և ապա՝ Հայաստանի հանրապետության իշխանությունների օրով՝ գավառակային կոմիսարի պաշտոն: Հանգուցյալը քաջ և խիզախ ռազմիկի համբավ էր վայելում ժողովրդի կողմից: Իր կոմիսարության ժամանակաշրջանում բազում անգամ, նա իր եռանդուն գործունեությամբ սանձահարել է հասարակական ու պետական չարամիտ, ոճրագործ տարրերին, որով և փրկել է ժողովուրդը անիշխանության կործանարար հետևանքներից…
Հանգուցյալ Զաքար Տեր-Ղազարյանը մեկն էր Զանգեզուրի հաղթական հերոսամարտի այն հերոսներից, որոնք իրենց կյանքի գնով պահպանեցին Զանգեզուրը որպես մայր Հայաստանի անբաժան մաս՝ հաջորդ սերունդներին թողնելով սրբազան ավանդ՝ շարունակելու հայրենիքի ազատագրության կիսակատար գործը:
Հանգուցյալն իր հեծելազորքով բազմիցս՝ թե՛ Զաբուղի ու Քաչալ Դաղի բարձունքներում՝ Ադրբեջանի զորքերի դեմ վարած կռիվներում, և թե՛ Նախիջևանի խաների ուժերի դեմ ունեցած օրհասական ճակատամարտերում կատարել է հերոսական սխրագործություններ: Թշնամու դեմ իր անողոք գործելակերպով նա վաստակել էր բոլշևիկների թշնամությունը, որոնք Զանգեզուրը ռուսական սվիններով բռնագրավվելուց հետո, ձերբակալեցին նրան ու 1920թ. հուլիսի 7-ին, Գորիսի բանտում գազանաբար սպանեցին: