Արցախյան մշակույթի ձեռագիր վկաները նույնպես հերքում են

Spread the love

Շուտով 5 լեզուներով՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն և գերմաներեն, գրքի ձևով լույս կտեսնի ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս,հայ խորհրդային բանասեր, հայագետ-արևելագետ, թարգմանիչ Կարապետ Մելիք-Օհանջանյանի /ծնվել է 1893 թվականի փետրվարի 20-ին (նոր տոմարով՝ մարտի 4-ին) Մեղրու շրջանի Կալեր մելիքանիստ գյուղում, Աղաբեկ Մելիք-Օհանջանյանի տոհմիկ բազմանդամ իշխանական տոհմում։ Նախնիները գաղթել են Ղարադաղից և հաստատվել Կալերում։ Վախճանվել է Երևանում, 1970 թվականի փետրվարի 22-ին/ հոդվածը՝ «Զիա Բունիաթովի գրական-պատմական հայեցակարգը»՝ հրապարակված 1968 թվականին, որում հեղինակը հերքում և հիմնավորում է ադրբեջանցի կեղծարար գիտնակա Զ.  Բունիաթովի կողմից 1965 թ. գրված «Ադրբեջանը 7-9-րդ դարերում» հոդվածում նշված հայ ազգի մշակույթի և պատմության խեղաթյուրված փաստերը։  Գիրքը տպագրվելու է ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանի և Արևելագիտության ինստիտուտի Քրիստոնյա արևելքի բաժնի վարիչ Ալեքսան Հակոբյանի ծավալուն առաջաբաններով։ Գրքում տպագրվելու են նաև բազում լուսանկարներվ որոնք լուսաբանելու են արցախյան պատմամշակութային կոթողները, Երևանի Մ. Մաշտոցի անվան Մատենադարանի կողմից տրամադրվծ արցախյան ձեռագրերի լուսանկարներ։ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի թույլտվությամբ՝ ակադենիկոս Կարապետ Մելիք-Օհանջանյանի եղբոր թոռ Վահան Մելիք-Օհանջանյանի հետ դեկտեմբերի 16-ին այցելեցի Մատենադարան և ծանոթացա Արցախյան ձեռագրերի ցուցանմուշներին, որոշները լուսանկարեցի՝ գրքում տպագրելու նպատակով։ Տեղեկացնեմ՝ Վահան Մելիք-Օհանջանյանի նախաձեռնությամբ է ծավալուն գիրքը լուսընծայվելու։ Արցախյան պատմամշակութային հուշարձանների լուսանկարների մի մասն իմ հեղինակածներն են, հատկապես՝ Քաշաթաղի շրջանինը։ Գրքում լինելու է անդրադարձ նաև Արցախյան արխիվային փաստաթղթերին։ Կհիշատակվեն նաև Արցախցի նշանավոր անձերը, հատկապես նրանք, ովքեր բնակվել են Արցախից դուրս, սակայն իրենց գործունեությամբ աջակցել են հայրենի երկրին։ Արցախյան վերջին՝ 44-օրյա պատերազմի ընթացքում Արցախում գործող մի քանի թանգարան ու դրանցում եղած ցուցանմուշները մնացին թշնամու տիրապետության տակ, և անհայտ է դրանց ճակատագիրը։ Մարտակերտի շրջանում գտնվող Վանք գյուղի տարածքում է հայոց վանական Գանձասար վանական համալիրը, որտեղ առանձին նորակառույց շենքում/ճարտարապետ՝ Արթուր Մեսչյան/2015թ. նոյեմբերին բացվեց Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոն»-ը։ Մինչ 2020թ. սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմը, այստեղ տեղի էին ունենում գիտակրթական-մշակութային բազում միջոցառումներ։ Ցուցասրահներում ներկայացված էին Արցախում ստեղծված ձեռագիր-մատյաններ, հնամյա արխիվային փաստաթղթեր, տպագիր գրքեր, լուսանկարներ, այլ արժեքներ։ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ժամանակ մատենադարանի ձեռագրերը տեղափոխեցին Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, որտեղ էլ 2021թ. մարտի 2-ին բացվեց «Արցախի ձեռագրական արվեստը» խորագիրը կրող ցուցահանդեսը։ «Այս ցուցադրությունն անշուշտ ժամանակավոր է, առաջին իսկ հնարավորության դեպքում, երբ Արցախում կստեղծվեն ավելի կայուն, ավելի հաստատուն պայմաններ, մենք ցուցանմուշները կտեղափոխենք Արցախ և Գանձասարի հոյակերտ վանքի հարևանությամբ կրկին կբացենք Գանձասարի մատենադարանը», -մարտի 2-ին ասել էր Երևանի Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը: Նույն օրը «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնի տնօրեն Արամ Թորոսյանը ասել է. «Երբ սկսվեցին ռազմական գործողությունները, մենք ձեռնամուխ եղանք գիտամշակութային կենտրոնի ցուցադրությունն առավել ապահով վայր տեղափոխելուն: Հատկապես, երբ հակառակորդը գերճշգրիտ հարվածներով թիրախավորում էր Արցախի հոգևոր մշակութային կենտրոնները: Ուստի որոշում կայացրինք ռազմական գործողությունների հատվածից անմիջապես տարհանել բոլոր ձեռագրերն ու տեխնիկական միջոցները: Կամավորների աջակցությամբ մեզ հաջողվեց ցուցանմուշները տեղափոխել Երևան։ Մաշտոցյան Մատենադարանում արցախյան ձեռագրերի ցուցահանդեսը ժամանակավոր է՝ համապատասխան պայմանների առկայության դեպքում դրանք կրկին տեղափոխելու են Գանձասար»։ Այսօր էլ Գանձասարի մատենադարանի ողջ հավաքածուն՝ ավելի քան 100 ցուցանմուշ, հիմնականում ձեռագրեր,  ցուցադրվում են Երևանի Մատենադարանում և պատմում Հայոց Արցախ աշխարհի մասին։   Մատենադարանի ցուցասրահների վարիչ  Աիդա Չարխչյանը, ով արդեն 55 տարի է՝ աշխատում է մատենադարանում և 35 տարուց ավելի ցուցասրահների վարիչն է, մեծ սիրով ներկայացրեց ցուցանմուշները։ Տեղեկացրեց՝ ցուցադրված ձեռագրերն ստեղծվել են Արցախի գրչության կենտրոններ Ամարասում, Գանձասարում, Եղիշե Առաքյալի վանքում, Գտչավանքում, Մեծառանաց Սբ. Հակոբավանքում, Խադավանքում, Դադիվանքում, Երիցմանկանց վանքում և այլուր։ Ցուցադրությունում ներկայացվում են նաև տպագիր գրքերի նմուշներ  Շուշիից: Ցուցադրվող ամենահին նմուշը՝ Գանձասարի՝ Հասան Ջալալյաններին պատկանած ձեռագիր ավետարանն է, որը թվագրվում է 13-րդ դարով: «Ասեմ որ Արցախում գրված ձեռագրերը իրենց բովանդակությամբ, ոչ իրենց ձևավորմամբ առանձնապես չեն տարբերվում հայոց մնացած վայրերում ստեղծված նմանատիպ մատյաններից։ Սա ուղղակի հայկական մանրանկարչության հատուկ դպրոց է, ինչպիսին են Վասպուրականի, Կիլիկիայի, Սյունիքի և այլ մանրանկարչական հայկական միջնադարյան դպրոցներ։ Թեմաները, ոճական առանձնահատկությունները մեկն են, բայց կան հետաքրքիր մանրանկարներ, որոնք տարբերվում են ոչ միայն հայկական, այլև համաշխարհային արվեստից։ Այստեղ ներկայացված է Հիսուսի վերջին ընթրիքն իր աշակերտների հետ»։ Այս ԺԴ/14-րդ/ դարի «Ավետարան»-ում աջ էջին շրջանակի մեջ ներկայացված է «Խորհրդավոր ընթրիք»-ը Վերնատանը։ Հիսուսը նստած է աթոռին, առաքյալների միայն գլուխներն են պատկերված կլոր սեղանի շուրջը։ Շրջանակի ներքևի ձախ անկյունում Հուդան է՝ «յուդա առեալ զպատառն ևել» մակագրությամբ։ Ձախ էջում ներկայացված է Հիսուսի դատավարությունը։ Շրջանակի վերին աջ անկյունում գրված է. «Մատնումն», ներքևում հրեա ժողովուրդն է՝ պատրաստ հոշոտելու Փրկչին, աթոռին նստած է «պիղատոս դատաւոր»-ը՝ առջևում կանգնած է Հիսուսը, ում մատնում է Հուդան։  Ըստ Ա. Չարխչյանի համաշխարհային մանրանկարչությունում նման աշխատանք չկա։ Նշեց նաև՝ Մատենադարանի թանգարանը բացառապես նվիրված է ձեռագիր ու հնատիպ գրքերին և արխիվային փաստաթղթերին։ Հավելեց՝ կենտրոնական դահլիճում ցուցադրված է հայ մշակույթի զարգացումը՝ սկսած 5-րդ դարից, մինչև 18-րդ դար։ Առանձին դահլիճում հնատիպ գրքերն են ցուցադրված, մյուսում՝ արխիվային փաստաթղթերը։ Կա առանձին դահլիճ, որտեղ ցուցադրված են այլալեզու գրքեր։ Այժմ Մատենադարանում պահպանվում են 14500 հայերեն ձեռագրեր և մոտ 4000 տարբեր լեզուներով գրված ձեռագրեր՝ պարսկերեն, արաբերեն, ռուսերեն…, ինչպես նաև մեռած լեզուներով։ 1567թ. գրիչ Հայրապետի Ավետարանը  գրվել է Գետուզ գյուղում, որը հնարավոր է՝ գտնվել է Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Աղահեճք-Քաշաթաղ գավառում։ Հակարի գետի միջին վտակ Հոչանցի ափին է գտնվում հայոց միջնադարյան վանական համալիրներից Կատոսավանքը։ Այս սրբավայրից վերև՝ ձորապռնկին է Կատոս գյուղը։ Ըստ հուշարձանագետ, երջանկահիշատակ Սամվել Կարապետյանի՝ Կատոսը Գետուզի հնչյունափոխված տարբերակն է։/Հակարու երկրի Գետուզում գրված մի ձեռագիր «Ավետարան»-«Ցուցակ Ձեռագրաց» հատոր Ա, Երևան 1965թ. ձեռագիր՝ թիվ 4932/։  Այս ձեռագիրն ունի նաև հրաշալի մանրանկարներ։ Քաջբերունիքում 1498թ. Գրիչ Բարսեղի ստեղծված Ավետարանն ունի շքեղ արծաթյա կազմ՝ զարդարված քարերով։ «Աւետարան Ղուկասու» ձեռագիր մատյանը գրվել է 1297 թվականին Սիսական գավառում գրիչ Հովհաննեսի ձեռամբ։ Մատյանի ծաղկողն է Գրիգոր Տաթևացին։ «ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱԹԷՈՍԻ» գրվել է Հռոմկլայում 1166 թվականին, բայց պահվել է Արցախում։ Գրիչ Մելիքսեթի ստեղծած «Ավետարան»-ում հարևան էջերից մեկին պատկերված է Հիսուսի մուտքը Երուսաղեմ՝ նստած ավանակին։ Նրան դիմավորում են բնակիչները։ Մյուս էջին Մարիամի և Հովսեփի փախուստն է Եդեսիա։ Մարիամը գրկել է մանուկ Հիսուսին։ «Աւետարան ըստ Յովհաննու»  մատյանը գրվել և նկարազարդվել է Խորանաշատի վանքում 1224 թվականին։ 2 էջերից մեկի վրա պատկերված է գրիչը՝ ոգեշնչված Աստծո շնորհքով, իսկ մյուս էջին գեղեցիկ զարդանկար է՝ հայոց տառերով գրված «ԻՍԱ» բառը։ Ցուցափեղկերից մեկում Դատաստանագիրք ժողովածու է՝ գրված 1335 թվականին. գրիչ՝ Գրիգոր։ ԺԷ/17-րդ/ դարում դատաստանագիրքը լրացվել է Հովհաննես Ծարեցու կողմից Դադիվանքում։ Մեկ այլ Դատաստանագիրք գրվել է Հովհաննես կաթողիկոսի ձեռամբ Գանձասարի վանքում 1778 թվականին։ Ցուցադրությունում ներկայացված է նաև Առաքել Կոստանյանի «Արցախի պատմությունը 1870-1880թթ.» գրքի ձեռագիրը. գրիչ՝ հեղինակ։ Շուշի քաղաքի՝ հայոց մշակույթի և գրատպության կենտրոն լինելու մասին են վկայում այստեղ 19-րդ դարակեսից և 20-րդ դարասկզբին տպագրված գրքերը։ Ֆիրդուսու «Ռոստամ և Սոհրաբ» ամբողջական վեպ և զանազան հատուածներ Շահ-Նամեից» գիրքը տպագրվել է 1893 թ. Միրզաջան Մահտեսի Յակոբեանցի տպարանում։ Պարսկերենից թարգմանել է Սամուէլ Գուլզադեանցը։  «Հայոց եկեղեցական իրաւունքը» Ա գիրքը Ն. Վ. Մելիք-Թանգեանի աշխատութեամբ տպագրվել է 1903 թվականին, Եղիսաբեթ Մ. Մահտեսի-Յակոբեանցի տպարանում։ Ցուցափեղկերում ներկայացված փաստաթղթերից մեկը Ֆրանսիայի վարչական խորհրդի անդամների բնութագիրն է Հովհաննես Պետրոսյանի անբասիր ծառայության մասին՝ տրված 1813թ. հուլիսի 18-ին։ Մյուսում 1814 թ. տրված Պաշտոնական թույլատվություն է Հովհաննես Պետրոսյանին «Շուշանաձև շքանշան» կրելու մասին։ Մատենադարանի առաջին հարկում ցուցադրված է նաև շքանշանը։ Վահան Մելիք-Օհանջանյանը տեղեկացրեց Հովհ. Պետրոսյանը ծառայել է Նապալեոն Բոնապարտի մոտ և իր անբասիր ծառայության համար արժանացել է պարգևների։ Ներկայացված ձեռագրերը, արխիվային փաստաթղթերը, տպագիր գրքերը Արցախը մշտապես հայոց ոստան լինելու մասին պատմող վկաներն են, և հուսանք՝ կգա օրը, և դրանք մշտապես կհանգրվանեն գանձասարում և կլինեն անվտանգ, ինչպես հավաստել է «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնի տնօրեն Արամ Թորոսյանը։ Շնորհակալություն Մատենադարանի տնօրենին և տիկին Աիդային՝ մեզ ընձեռած հնարավորության համար։

More From Author

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի