Մոգք- Մողես

Spread the love

 (անվանումը, հիմնադրման ժամանակաշրջանը, հիշատակումները)

 Մողես գյուղը (պարսկ. Նովրուզ, (Նովրուզլու)[1], 29.04.1949թ.-ից՝ Կաղնուտ[2]) գտնվում է Սյունյաց աշխարհի պատմական Մյուս Բաղք (որ անվանվում է նաև Քաշունիք) գավառում: Գյուղը սփռված է Բարգուշատի լեռնաշղթայի արևելյան լեռնաբազուկներից մեկի հարավահայաց լանջի վրա՝ Կապան մարզկենտրոնից ուղիղ գծով մոտ 10 կմ դեպի հյուսիս-արևելք:

Գյուղի հիմնադրման տարեթիվը հայտնի չէ, սակայն կարելի է ենթադրել, որ այն բավական հին է՝ հաշվի առնելով գյուղի շրջակայքում առկա մարդու կենսագործունեության հնագույն հետքերը՝ դամբարանադաշտ-գերեզմանոցները (Խութում, Հոնապատում), միջնադարյան եկեղեցիները (ներկայիս գերեզմանոցի տարածքում՝ ներկայումս ավերված, Հոնապատ վանական համալիր), հայտնաբերված կավե ջրատար խողովակները (գյուղից հարավ-արևելք գտնվող Ղարաքյոթուկ կոչվող վայրից), XV-XVI դդ. խաչքարերը (Ղարաքյոթուկ, Հոնապատ), բնակատեղիները (Ղարաքյոթուկ, Հոնապատից հյուսիս) և, որ կարևոր է, բավական նպաստավոր բնակլիմայական և աշխարհագրական պայմանների առկայությունը:

Ըստ Սյունիքի և մասնավորապես Կապանի տարածաշրջանի պատմության գիտակ Ռոբերտ (Էջանանցի) Գրիգորյանի՝ Մողեսը նույնացվում է XIII դարի Սյունյաց պատմիչ Ստեփանոս Օրբելյանի հիշատակած Տաթևի հարկացուցակի Մյուս Բաղք կամ Քաշունիք գավառի Մոգք գյուղին, որը Տաթևի եպիսկոպոսարանին էր վճարում 6 դահեկան հարկ[3] (այսինքն՝ համարվում էր փոքր գյուղ): Սակայն անվանի մանկավարժը չի ներկայացրել նշված վարկածի հիմնավորում կամ ստուգաբանություն:

Ստուգաբանական վարկած

Հնարավոր է անվանման-բառի ստուգաբանության մեջ է թաքնված Ռ. Գրիգորյանի պնդման հիմնավորումը և գյուղի հիմնադրման ժամանակաշրջանը:

Փորձենք ստուգաբանել Մոգք (այլ կերպ՝ Մոգս կամ Մոգեր՝ վայր, որտեղ բնակվում են մոգեր) անվանումը: Տեղանվանման հիմքում [մոգ] բառարմատն է, որը,ըստ Հ. Աճառյանի, փոխառյալ է պահլավերեն  mογ (mog), որից փոխառվել են նաև հուներեն μαγος(magos), լատիներեն magus, արաբերեն majus նույնիմաստ բառերը, ևորը նշանակում է«զրադաշտական դավանանքի կրոնավոր, կախարդ, աստղագետ», ըստ Աստվածաշնչի, Եզնիկ Կողբացու, Եղիշեի, Մովսես Խորենացու՝ «զրադաշտական կրոնին հետևող»[4]:Հայոց լեզվի հոմանիշների բառարանում որպես [մոգ] հոմանիշ նշվում է նաև՝ «գուշակ, աստղագուշակ, (հնացած բառ)՝ կախարդասար, հրաշադետ, նշանադիտող»[5]: Ըստ Հերոդատոսի՝ մոգերը հանդիսանում են մարական ցեղեր և միևնույն ժամանակ մարական գուշակներ և քրմեր[6]: Հենց զրադաշտականության և զրադաշտական[7] ծեսերի մեջ կարծես թե պետք է որոնենք գյուղի անվան ծագման գաղտնիքը և հիմնադրման ժամանակաշրջանը: Ի դեպ՝ Մեծ Հայքի Մոկք աշխարհի անվանման ծագումը  կապում ենհենց զրադաշտական մոգերի հետ[8]: Այս առումով կան նաև ավանդազրույցներ[9]:

Այս ամենը խորը ազդեցություն է ունեցել նաև հայոց կյանքում: 560-ական թվականներին Պարսից Խոսրով I Անուշիրվան արքան համատարած կրոնական հալածանքներ է սկսում մարզպանական Հայաստանում և մոգերի դրդմամբ հրամայում է զրադաշտական կրոնափոխման ենթարկել հայերին: Ողջ Հայաստանով սկսում են ավերել եկեղեցիները ու կառուցել ատրուշաններ[10]: Պարսկական արքունիքի ճնշումները բորբոքում են հայերի դժգոհությունը և նպաստում ապստամբության ծավալմանը: 571-572թթ. Պարսկահայաստանում ընթացող ապստամբական շարժմանը չմասնակցելու համար Սյունյաց իշխան Վահանը դիմեց Խոսրով Անուշիրվան թագավորին՝ Սյունիքը մարզպանական Հայաստանից անջատելու խնդրանքով: Խոսրովը ընդառաջեց նրան, և Սյունիքը դարձավ առանձին վարչական միավոր՝ «Սյունիք» կամ «Սիսական» անունով: Մինչև 650-ական թվականների երկրորդ կեսը Սյունիքը անջատ մնաց մարզպանական Հայաստանից[11]: Սասանյան արքունիքում Սյունիքի քաղաքական կշիռը սկսում է բարձրանալ: Նրա իշխանի հսկողության ներքո են դրվում Ճորա պահակը և Դարբանդի ամրությունները, իսկ Սյունյաց զորամասերը՝ «սիսականցիները», մեծ հեղինակություն ու դիրք են ձեռք բերում պարսից արքունիքում[12]: Հենց 570-650թթ. ընկած ժամանակաշրջանում Սյունիքում նպաստավոր պայմաններ են ստեղծվում զրադաշտական կրոնի տարածման և մոգերի հաստատման համար՝ չնայած այն հանգամանքին, որ զրադաշտություն դավանող Սյունյաց իշխաններ եղել են նաև նախքան Սյունիքի անջատումը Հայաստանից՝ Վասակ (413-452), Վարազվաղան (452-477), Գդիհոն Սյունի (477-484)[13]:

Գյուղի անվանման ստուգաբանության և ծագման առեղծվածը վերջնականապես լուծել մեզ օգնում է շրջակա թյուրքալեզու և քուրդ բնակիչների կողմից գյուղի այլ կոչելաձևը՝ Նովրուզ կամ Նովրուզլու: Նովրուզը (պարսկերեն՝ نوروز‎, թարգմանաբար նշանակում է «նոր օր»` արևային ասղագիտական օրացույցով Նոր տարի) աշխարհի ամենահին տոներից մեկն է[14], որի մասին հիշատակություններ կան թե՛ հին իրանցիների Զրադաշտական հավատքի սուրբ գիրք Ավեստայում, և թե՛ անտիկ հեղինակների երկերում: Այն նշում էին դեռ Ք.ա. VII դարում: Համարվում է, որ տոնն ունի հին իրանական ծագում՝ կապված Արևի պաշտանմունքի և Զարատուշտրա մարգարեի անվան հետ: Պարսկաստանում Աքեմենյանների և Սասանյանների դինաստիանների կառավարման ժամանակ Նովրուզը համարվել է գլխավոր տոնը[15] և հենց տոնակատարության կենտրոնական դերակատարությունը վերապահվում էր մոգերին:

Ամբողջականացնելով վերոնշյալ վերլուծությունը՝ կարելի է ենթադրել, որ Մոգք-Մողեսը հիմնադրվել է Սյունիքի առանձին մարզպանության շրջանում (570-650), երբ Սյունիք-Սիսականում ակտիվորեն տարածվում էր զրադաշտականություն, հիմնվում էին ատրուշաններ, եղել է հայկական զրադաշտականության կենտրոն-սրբատեղի: Հետագայում,ենթարկվելով ժողովրդական ստուգաբանության, Մոգք-ը վեր է ածվել Մոգս-ի, ինչպես դա հաճախ հանդիպում է տեղանունների դեպքում՝ Եղեգիք > Եղեգիս, Վարդենիք > Վարդենիս, Փաշատիք > Փաշատիս, Գորայք > Գորիս:Մոգս-ն էլ իր հերթին (հնարավոր է նաև թյուրքական հնչեղություն ստանալու արդյունքում XVI դարից հետո՝ ինչպես օրինակ՝ Մոկք (Արմ. Հայաստան) – Մոկուս[16], Գուլան – Ղուլան, Կապան-Ղափան) վերածվել է Մողես-ի: Այսինքն՝ Մոգք > Մոգս > Մոգես > Մողես: Իսկ ծիսական Նովրուզ անվանումը պահպանվել է մինչև մեր օրերը (ավելի կոնկրետ՝ մինչև առաջին Արցախյան պատերազմը) և օգտագործվում էր շրջակա թյուրքալեզու ժողովուրդների կողմից, որոնց սովորություններում պահպանվել էր Նովրուզի տոնակատարությունները:

Մողեսի դիրքը բարձրադիր է՝ այն ծովի մակերևույթից բարձր է մոտ 1550մ, և առանձնանում է շրջապատից: Այդ առանձնահատկության շնորհիվ է, որ այստեղից անզեն աչքով բացվում է մոտ 5,2 հզ. կմ2 մակերես ընդգրկող տեսարան: Մասնավորապես՝ Մողեսից երևում են՝ Մեծ Իշխանասարը,  Բերձորը, Մեծ Քիրսը, Դիզափայտը, Խուդափերինի ջրամբարը (այդ թվում՝ ամբարտակը), Ղարադաղի Քեյվան, Մինջվան, Մեշափարա գավառակների հարավում գտնվող Հայկական լեռները՝ այդ թվում Հաշտասարն ու Քելեյբարի սարը: Բացվող երկնակամարի ընդարձակությամբ կամ ընդգրկվածությամբ այն չի զիջում նույնիսկ Բյուրականին: Կապանի տարածարշջանում արևածագի ամենավաղ շողերը հենց այստեղից կարելի է դիտարկել: Նման դիրքի պատճառով է, որ հնագույն ժամանակներից զրադաշտական կրոնավորներին՝ մոգերին, ձգել է այս վայրը: Վերջիններիս կրոնական արարողությունները հաճախակի կապվում էին արևի և աստղերի լույսի հետ:

Հնարավոր է՝ հնագույն ժամանակաշրջանի հետքերը պահպանվել են Մողես գյուղին անմիջապես հարակից հյուսիսարևելյան մասում (որը տեղացիները կոչում են Խութ) գտնվող հին գերեզմանում կամ դամբարանադաշտում, որի տարիքը գիտական ուսումնասիրությունների և պեղումների բացակայության պատճառով անհայտ է: Սակայն գյուղացիները տարբեր ժամանակներում պեղել-քանդել են դրանցից մի քանիսը, և ըստ ականատեսների՝ հանգուցյալները աչքի էին ընկնում գանգի արտասովոր (մեծ և երկարավուն) կառուցվածքով:

Ինչպես արդեն նշեցինք, XIII դարում Մոգքը հիշատակվել է որպես Տաթևի եպիսկոպոսարանին հարկատու գյուղ[17]: Հաջորդ հիշատակումը մենք արդեն հանդիպում ենք Տաթևի նոր հարկացուցակում: Մատենադարանում առկա Ստեփանոս Օրբելյանի «Պատմություն տանն Սիսական» ձեռագրերից մեկում հետագա գրիչների կողմից ավելացված Տաթևի հարկացուցակում (նոր հարկացուցակ կամ՝ Քեոթուկ) այն հիշատակվել է Բարգուշատ գավառի գյուղերի ցանկում՝ Մողես անվամբ՝ Փռօջանց (Փարաջանց) գյուղից առաջ[18]: Նոր հարկացուցակի ստեղծման ժամանակի վերաբելյալ կան տարբեր կարծիքներ[19], սակայն ընդհանրացնելով դրանք՝ կարելի է ասել, որ այն ստեղծվել է XVII դարի վերջերից մինչև  XVIII դարի վերջերը ընկած ժամանակահատվածում:

Փաստորեն՝ XVIII դարի վերջում (հավանաբար 1781թ. դրությամբ) Մոգս-Մողեսը շարունակում էր մնալ որպես հայաբնակ գյուղ և որպես Տաթևի վանքին հարկատու (այդ տարիներին դեռ հայաբնակ Փարաջանցի (ադրբ. Fərcan) հետ միասին):

Մողեսը հայաթափվել է Հագարու և Որոտանի հովիտների հարյուրավոր հայաբնակ գյուղերի, այդ թվում հարևան Փարաջանց (Ֆերջան), Հարթեք (Հարթիզ), Աթխույք (Աթկըզ), Սալքար (Սալդաշ[20]) գյուղերի հայազրկման ժամանակաշրջանում՝ XVIII դարի վերջին կամ XIX դարի սկզբին (1790-1810 թթ. ժամանակաշրջանում), Ղարաբաղի խանության, ավելի կոնկրետ՝ Իբրահիմ խանի (1763-1806) տիրապետության վերջին տարիներին[21]: Հայտնի չէ, թե ուր են գաղթել Մողեսի հայ բնակիչները: Հարևան հայաթափված գյուղերում հաստատվել են քոչվոր թյուրքալեզու և քուրդ ցեղեր, մասնավորապես՝ Փարաջանցում և Հարթեքում՝ սարալլի, Սալքարում՝ սուննի դավանանքի մի թյուրքալեզու ցեղ: Հայաթափված Մողեսը այդ ընթացքում չի բնակեցվել քոչվորների կողմից, այլ օգտագործվել է որպես անասունների ամառանոց:

Գիտական հրապարակումներում շրջանառվող տեղեկատվության և ընդունված կարծիքի համաձայն՝Մողես գյուղը հիմնվել է գաղթական ղարադաղցիների կողմից 1830 թվականին[22]՝ ինչը, ինչպես արդեն տեսնում ենք, այդպես չէ: 1830 թվականին, Մողեսը եղել է լքված գյուղատեղի և վերաբնակեցվել է Թուրքմենչայի պայմանագրով Իրանի Ղարադաղ գավառի Մինջվան գավառակի հայաբնակ Քարագլուխ (մոտ 10-11 ընտանիք), Վինա (մոտ 3-4 ընտանիք) գյուղերից և Ղարադաղի Քեյվան գավառակից (մեկ ընտանիք) գաղթած ընտանիքների կողմից: Այսինքն՝ երբ Մողեսը վերաբնակեցվել է գաղթական ղարադաղցիներով, այն եղել է 20-40 տարվա լքված գյուղատեղի՝ պահպանված անվամբ և միջնադարյան բազիլիկ միանավ եկեղեցիով (ներկայիս գերեզմանոցի տարածքում, որը քանդվել է 1930-ական թվականների սկզբներին գյուղի բոլշևիկյան ակտիվիստների կողմից): Թուրքմենչայի պայմանագրով իրականացվող ներգաղթով  նախատեսվում էր  Պարսկաստանի գաղթական հայերով վերաբնակեցնել Արևելյան Հայաստանի լքված բնակավայրերը. Պասկևիչը հորդորում էր առանձնահատուկ ուշադրություն դարձնել Օրդուբադի, Մեղրիի, Կապանի լքված բնակավայրերի վերաբնակեցման վրա[23]:

[1]Հարությունյան Ա., Ծերացել ենք գյուղ իմ, Ամարաս տպարան, Երևան, 2007, էջ 40:

[2]Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ս. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, Երևանի համալսարանի հրատարակչություն, Երևան, 1988, էջ 911:

[3]Ստեփանոս Օրբելյան, Սյունիքի Պատմություն, Սովետական գրող հրատ., Երևան 1986, էջ 401:

[4]Աճառյան Հ., Հայերեն արմատական բառարան, հ. III, ԵՊՀ հրատ., Երևան, 1977, էջ 337:

[5]Սուքիասյան Ա. Մ., Հայոց լեզվի հոմանիշների բառարան, ՀՍՍՀ ԳԱ հրատ., Երևան, 1967,  Էջ 465:

[6]Дьяконов И. М., История Мидии. От древнейших времен до конца IV века до н. э., II том, стр. 374-375.

[7]Զրադաշտությունը աշխարհի հին կրոններից մեկն է: Հավանաբար այն ծագել է Ք.ա. II հազարամյակում և սկսել է հիշատակվել Ք.ա. V դարից: Որպես պաշտամունքի առարկա՝ զրադաշտության մեջ հանդես է գալիս լույսը և որպես լույսի աղբյուր՝ առանձնահատուկ պաշտամունք էր դրսևորվում կրակի և արեգակի հանդեպ: Զրադաշտությունը բուռն տարածում է ունեցել Սասանյան տիրապետության ժամանակաշրջանը (226-652), երբ այն որպես հավատք առավել կանոնակարգվում և ակտիվ տարածում է ստանում՝ որպես կենտրոնացված պետական կրոն, և հենց Սասանյանների օրոք սկսում են կառուցվել պաշտամունքային կառույցներ՝ ատրուշաններ:  Դա տեղի է ունեցել հատկապես Պարսից արքա Խոսրով I Անուշիրվանի (531-579) գահակալման տարիներին: Արաբների կողմից Պարսկաստանը գրավելուց և իսլամացնելուց հետո՝ VII դարի կեսերից, զրադաշտությունը գրեթե վերանում է:

[8]Տեղանունների բառարան, հատ.3, էջ 863:

[9]Արևմտյան Հայաստանի Մոկք կամ Մոկս բնակավայրի ծագումը (Վանա լճից հարավ` Ոստանից մոտ 38կմ հեռավորությամբ, Արևելյան Տիգրիսի աջակողմյան վտակ Մոկս գետի եզերքի), որ, ինչպես նկատում ենք, նույնանուն է,  Արևելքի երեք մոգեր (մոկք), առնչակցում են մոգ բառի հետ և բերում հետևյալ ավանդազրույցը. «Արևելքի երեք մոգեր (մոկք), երբ այցելության են գնում նորածին Քրիստոսին, երեք ամիս մնում են այնտեղ: Նրանցից մեկը՝ Գասպար անունով, մեռնում ու թաղվում է նույն տեղում, ուր և ցույց են տալիս նրա գերեզմանը: Ի հիշատակ այդ մոգերի՝ գավառի անունը դնում են Մոկք, որը հետո բերանից բերան դառնում է Մոկս» (Մկրտչյան Ն., Սահակյան Վ., Տեղանունների համառոտ բացատրական բառարան, «Անտարես» հրատ., Երևան, 2011, Էջ 71):

Մի այլ ավանդազրույցի համաձայն՝ մի ժամանակ հայկական այս երկրամասի տերն էր Հայկ նահապետի ժառանագներից մեկը՝ Մոկը: Նա եղել է Հայաստանի ամենաարագագնաց մարդը: Հենց լուր էր ստանում, թե իր իշխանության սահմաններում թշնամի էր հայտնվել, անմիջապես վերցնում էր իր զենքերը և շտապում դեպի թշնամին: Շատ շուտ էր տեղ հասնում և թշնամուն վռնդում հայկական հողից: Ահա այդ քաջ նահապետ Մոկի անունով էլ նահանգը կոչվեց Մոկք կամ Մոկաց աշխարհ:

[10]Հայոց Պատմություն, Հատոր II, գիրք առաջին, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա, Պատմության ինստիտուտ, «Զանգակ» հրատ., Երևան, 2018, էջ 218, 219:

[11]Հայոց Պատմություն, 2018, էջ 222:

[12]Հայոց Պատմություն, 2018, էջ 223:

[13]Օրբելյան, 1986, էջ 95:

[14]Այդ տոնի ծագումը ունի բավական հին արմատներ: Պաշտոնապես այն ընդունվել է Աքեմենյան կայսրության օրոք` որպես զրադաշտական տոն: Շարունակում է համատեղ նշվել իսլամական զավթումներից հետո մինչև մեր օրերը: Ժամանակակից Նովրուզը տոնվում է գարնանային օրահավասարության օրը: Պետք է նշենք, որ մերձավոր արևելքում Նովրուզը նշվում է այն ժողովուրդների կողմից, որոնք ապրել են այնտեղ մինչև արաբների գալը, իսլամի տարածումը և արաբական էմիրույթունների ծագումը: Համապատասխանաբար այն չի տոնվում արաբների կողմից: Թուրքիայում 1925-1991թթ. Նովրուզը պաշտոնական արգելված էր: Սիկրիայում այն արգելված է մինչ օրս:

[15]www.religions.am.

[16]Տեղանունների բառարան, հ. 3, 1991, էջ 862:

[17]Օրբելյան, 1986, էջ 401:

[18]Մատենադարան, ձեռագիր N6271, էջ 678:

[19]Ըստ երևույթի այդ նոր հարկացուցակը ստեղծվել է 1781 թվականին:

[20]Սալդաշ – 1886 թվականին գյուղն ունեցել է ծուխ կամ 125 կովկասյան թաթար բնակիչ:

[21]Կարապետյան Ս., Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում, ՀՀ ԳԱԱ Գիտություն հրատ., Երևան, 1999, էջ 194:

[22]Հայկական Սովետական Հանրագիտարան, Հայ սովետական հանրագիտարան հրատարակչություն, հ. 5, Երևան, 1979, էջ 196:

[23]Мелик-Саркисян Р. А., Переселение армян из Персии в Босточную Армению, в 1828-1829 годах, Բանբեր Երևանի համալսարանի, 1979, N2, էջ 49:

More From Author

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի