Ավերակ մատուռն ու խրոխտ բազեն. Քաշաթաղ

Spread the love

Ամառվա կիզիչ արևից արդեն չորացած խոտերով, հսկայական ընկուզենիներով, մացառներով ու այլ ծառերով ծածկված բլրակների, ձորակների աշխարհում ենք՝ պատմական Մեծ Հայքի Արցախ աշխարհի երբեմնի Բերդաձոր գավառի գողտրիկ անկյուններից մեկում: Քաշաթաղի շրջանի Աղանոսի գյուղական համայնքի ղեկավար Արտակ Աբրահամյանի հետ բարձրանում ենք գյուղի արևելյան մասում գտնվող հանդամասերը, որտեղ դարեր շարունակ գոյություն են ունեցել հայոց բնակավայրեր, այնուհետև հայաթափ եղել 18-20-րդ դարերում: Մեր մեքենան ընթանում է խոտածածկ ճանապարհով, և դժվարությամբ ենք հասնում մեր նպատակակետին: Բլրակներից մեկի հարավային լանջին է գտնվում միջնադարյան մատուռ-եկեղեցու ավերակը: Հեռվից երևում է մատուռի քանդված պատը՝ տխուր ու միայնակ; Հասնում ենք սրբատեղի. մի բազե դուրս է թռչում ավերակի ներսում աճած ծառերի վրայից, սլսնում վեր, ապա իջնում քիչ հեռո գտնվող ընկուզենու վրա: Մինչ մատուռ հասնելը՝ մտնում ենք Հունանով կոչված գյուղատեղի, որտեղ կան քարանձավ-բնակարաններ: Գյուղատեղին գտնվում է Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի հարավ-արևմտյան մասում՝ Հին շեն գյուղի սահմանից 1կմ հեռու՝ մի ձորակի արևելյան լանջին: Ծովի մակերևույթից մոտ 1200մետր բարձրությամբ բնակավայրում Հունան անունով հայ վարպետը կամ բարերարը աղբյուր-նով է կառուցել, և հավանաբար այդ պատճառով գյուղը կոչվել է Հունանով/Հունանի աղբյուր/, հետագայուն Ունանով: Հունանովից հարավ-արևմուտք ձորի մեջ երևում է մի կանաչ տարածք:

-Սոնագյուլի այգին է, -ասում է Արտակը:

Որոշ լեգենդներ են պահպանվել այս այգու մասին, ըստ որոնց Սոնա անունով հայ աղջկա հետ է կապված այգու անունը: Ավելի հեռվում՝ խիտ անտառի մեջ Դեյխան կոչվող գյուղն է: Հիմնականում 20-րդ դարասկզբին ու 30-ական թվականներին հայաթափված ու թուրքերով վերաբնակված այս գյուղերը, ինչպես նաև Աղանուսը, որ գտնվում է Բերձոր շրջկենտրոնից 10կմ հարավ, Արցախյան գոյամարտի տարիներին մեծ վտանգ էին ներկայացնում Բերդաձորի Հին շեն, Մեծ շեն գյուղերի համար: Մատուռը Հունանով գյուղից մոտ 1կմ հեռու է: Սամվել Կարապետյանն իր ,,Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում,, գրքում նկարագրում է այս տարծքը՝ հավելելով, որ Բերդաձորի Հին Շենի բնակիչ Հայկ Ասրյանի վկայությամբ 1983թ. Հունանով գյուղից քիչ հեռու գտնվող հայոց մատուռը թուրքերը քանդել են և տներ կառուցել: Գյուղից հարավ ցակիներով ծածկված հարթության վրա պահպանվել է հնամենի գերեզմանտեղի. Տապանաքարերը հողի տակ են: Մի գուցե այդտեղ է եղել հիշյալ մատուռը, որ քանդել են թուրքերը, թե խոսքը նշված ավերված սրբատեղիի մասին է: Մոտ 10մ երկարություն, 5մ լայնություն ունեցող եկեղեցին/մատուռը/ բազիլիկ ոճի կառույց է: Հավանաբար եղել է թաղակապ: Այդ են վկայում պատերի մեջ պահպանված սյունները, որոնք պահել են կամարները: ՙՄիակ մուտքը, որի մոտ ընկած է մի տապանաքար՝ մարդու քանդակով, եղել է հարավից: Դուռը մոտ է եղել արևմտյան պատին, որից 2,5 մ հեռու կամարը պահող առաջին սյուներն են, որոնցից մոտ 2 մ հեռավորությամբ երկրորդ կամարի սյուներն են: Արևելյան պատը՝ Սուրբ Խորանը, ինչպես ընդունված է, կիսակլոր է, ավանդատներ չկան: Շինությունը կառուցված է կոպտատաշ քարերով ու կրաշաղախով: Սուրբ Խորանի ձախ կողմում Մկրտության ավազանի տեղն է, որտեղ մոմեր են վառվում, փոսորակում կային մի փայտե փոքր նկար և անձրևներից խունացած մի ,,Նոր կտակարան,,: Չնայած հեռու է սրբատեղին բնակելի վայրերից, բայ այցելուներ լինում են և մոմեր են վառում, նվերներ թողնում: Շինության ներսում մացառներ ու մի քանի ծառեր են աճել, որոնք էլ դժվարեցնում են ուսումնասիրությունը: Արտակի հետ որոշեցինք մոտակա ժամանակներում ձեռնարկել տարածքի մաքրման ու բարեկարգման աշխատանքներ: Մի գուցե արձանագիր քարեր, խաչքարեր կգտնվեն: Տարիներ առաջ նույն մատուռի մոտ եկանք դպրոցականների հետ, մաքրեցինք ներսը, բայս նորից պետք է աշխատանքներ կատարվեն: Պահպանված միակ տապանաքարը հուշում է, որ մոտակայքում նաև հանգստարան է եղել, բայց, ինչպես ընդունված է թրքաքրդերն այն հիմնովին ավերել են: Մատուռի հարևանությամբ ժամանակին նաև բնակավայր է եղել: Մոտակա բլրակների վրա պահպանվել են տների տեղերը, որոնց մեջ ծառեր են աճել: Մի քանի տասնյակի հասնող այս փոսորակներում պահպանվել են նաև պատեր, հիմքեր: Հավանաբար այս բնակավայրն ավերվել և հայաթափ է եղել ավելի վաղ, իսկ տների քարերը հետագայում թուրքերն օգտագործել են: Մատուռի տարածքում կան նաև քարանձավներ, որոնք ժամանակին նույնպես բնակելի են եղել: Չնայած շոգ ու երաշտ ամռանը՝ այս տարածքում գոյություն ունեցող մի քանի աղբյուրները դեռ գործում են: Հենց այս ջրերն են հիմք հանդիսացել, որ դարեր առաջ մեր պապերն աշխարհից հեռու այս վայրում բնակավայրեր են հիմնել, եկեղեցի կառուցել ու գոյատևել մինչև 20-րդ դարը: Վերադառնում ենք մատուռի մոտից և շարժվում Աղանուս համայնքի կազմում գտնվող Մեղվաձոր/նախկինում՝ Մեղի-Մըղըդարա/ գյուղ:

Արդեն 1 տարի է՝ հայաթափ են եղել Աղանուսը և հարակից տարածքները, կրկին վտանգված են Բերդաձորի բնակավայրերը։

 

More From Author

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի