Ինչի մասին Է Գ. Սմբատյանի «Կապան. հետապնդող հիշողություն» գիրքը. Հ. Խառատյան

Spread the love

Գրախոսություն

Գ. Սմբատյանի նոր՝ 2021թ. հրատարակվող «Կապան. հետապնդող հիշողություն» գիրքը որոշ իմաստով շարունակությունը կամ լրացնողն է հեղինակի վերջին տարիների հրատարակած գրքերի՝

Սմբատյան Գ., Հարյուրամյա պատերազմ: Օրեր և մարդիկ: Օրագիր, «Զանգակ-97», Երևան, 2003

Սմբատյան Գ., Երկաթե վարագույրից այս կողմ, «Զանգակ-97», Երևան, 2009

Սմբատյան Գ., Դարձ ի շրջանս յուր. Մինասյան-Ղուկասյան տոհմի հետքերով, «Զանգակ-97», Երևան, 2016

Սմբատյան Գ., Սյունիքը փորձության մեջ: Հայ-թաթարական բախումները, «Անտարես», Երևան, 2017

Սմբատյան Գ., Սյունիք. պատմություն և հիշողություն, «Անտարես», Երևան, 2019):

«Կապան. հետապնդող հիշողություն»-ը սկսվում է Զանգեզուրի խորհրդայնացման ժամանակաշրջանից՝ պարբերաբար «նահանջելով» Առաջին աշխարհամարտի տարիների հիշողություններ և ըստ էության ընդգրկելով Հայաստանի ողջ խորհրդային շրջանը՝ անդրադարձեր ունենալով նաև 1991-1992թթ. Կապանում և գյուղերում տեղի ունեցած ռազմական գործողություններին: Գրքի առանցքում հեղինակին չլքող մտահոգությունն է՝ ԽՍՀՄ քաղաքական բռնությունների դրվագները Սյունիքում, մասնավորապես Կապանում, դրա ազդեցությունը հանրային բարոյականության վրա, խորհրդային ստվերային, թաքնված դեմքը՝ խորհրդային քաղաքացու վտանգված կյանքն ու չլքող վտանգի զգացողությունը, խորհրդային ստվերային արժեքների ազդեցությունը մարդկանց վրա՝ որբացած մանկություն, մարդկանց աշխատանքի շահագործում, վախ, լրտեսություն, անզգամություն, սպառնալիք, անվստահություն, մարդու՝ որպես արժեքի անգիտություն Կապանի տարածաշրջանի օրինակով: Մասնավորապես՝ գյուղերի, գյուղական բնակչության օրինակով իր հայրենի, ջերմորեն սիրելի գյուղի մասին է գրում.

«Շիշկերտում կատարվեց սոսկալին. կոլխոզի նախագահ նշանակվեց 19 — ամյա Նավասարդ Հարությունյանը: Ինչո՞ւ շրջանի ղեկավարությունը նրան առաջ քաշեց: Ասում էին՝ դա տուրք էր Բաքվի կոմունայի զոհ նրա եղբոր հիշատակին: Արտոնյալ ու անսահման իշխանության տեր, միաժամանակ բավարար կրթություն չստացած (շատ մեղմ է ասված՝ Հ.Խ.) այս տղան չհասկացավ իր անելիքը և լսելով բոլշևիկ ավագ ընկերներին՝ հաշվեհարդար սկսեց գյուղի և գյուղացիների հանդեպ: …Ամբողջ մի գյուղ, որ հայտնի էր իր ազատատենչությամբ Դավիթ Բեկի ժամանակներից, որի դեմ խեղճացել էր մինչև ատամները զինված կարմիր բոլշևիկյան բանակը, հիմա նույն գյուղը սողում էր անգրագետ ղեկավարների ոտքերի առաջ: Բոլորը հպատակներ էին, բոլորին բռան մեջ էին հավաքել, սրանցից կարճ ժամանակում կամակատար, մատնիչ, դավաճան էին ձուլել: Նախագահի դիմաց անգրագետ, հոգնած, անորոշության մեջ հայտնված գյուղն էր, թիկունքում՝ ամենազոր խորհրդային օրենքը՝ չեկիստներով, էնկավեդեով, լրտեսական հզոր ցանցով»:

Սա Սմբատյանի կողմից բերված բազմաթիվ օրինակների ամփոփումներից մեկն է:

Սմբատյանին հանգիստ չի տալիս միտքը՝ ինչպե՞ս և ինչո՞ւ արժեք, սնունդ, հաց, միս ստեղծող մարդը մնաց սոված, խեղճ, ձայնազուրկ, ճնշված: Ինչո՞ւ և ինչպե՞ս նրա ձեռքից տասնամյակներ շարունակ խլվեց նրա աշխատանքի արդյունքը՝ երբեմն նույնիսկ ուտելու և հագնելու փշուր չթողնելով: Եթե դատենք գրքում բերված օրինակներով, ապա՝

1920-ականներին շատ դժվար էր:

Գրքի էջ 14-ում հեղինակը գրում է. «Ճիշտ է, Զանգեզուրը մնաց Հայաստանի կազմում, բայց սպասելիքները չէին արդարանում. երկրամասից հեռա-ցած թուրք քոչվորները հետ էին գալիս նախկին նկրտումներով. կրկին իրենցն էին համարում բարեբեր հողերն ու լեռնային ա-րոտները, շարունակում էին ճնշում գործադրել հողեր ստանալու, արտոնյալ լինելու համար, ինչպես որ բեկական ժամանակներում էր: Կատարված սահմանագծումը հարևանի հետ ի վնաս հայերի էր, բայց չէին դադարում թուրքերի բողոքները: Զանգեզուրն աղետալի ժամանակներ էր ապրում: Պատերազմի հետևանքով տնտեսական քայքայումը, վրա հասած բնական աղետները, մորեխը, 1921-ի անբերրիությունը երկրամասը կանգնեցրին սովի առջև»: Իհարկե 1921թ. բարդ իրավիճակում էր ոչ միայն Սյունիքը: Նոր խորհրդայնացած Հայաստանի նոր իշխանությունները փորձում էին նվազեցնել պատերազմը հաղթած քեմալական թուրքերի ախորժակը, երկրից որևէ կերպ դուրս մղել Շիրակը թալանող և ամայացնող թուրքական զորքերին, որևէ կերպ մարդկանց բացատրել Մոսկվայի մարտի 16-ի պայմանագիրը, պայքարել փետրվարյան ապստամբության ընթացքի և հետևանքների դեմ, նվազեցնել բոլշևիկյան տնտեսական քաղաքականությունն իրականացնող հարկահավաքների, փաստացի՝ չեկիստների ախորժակը, որոնք պարենմասնատրումն օգտագործում էին գյուղացու թաքցրած վերջին ձուն, ալյուրը, բուրդը, կաշին հայտնաբերելու և ձեռքից առնելու, ընդունել Կարսի նոր փախստականներին, կերակրել նրանց, որբերին և բանակը, սահմաններ ճշտել հարևանների հետ, ձերբակալել իրական և մտացածին հակասովետականներին, հակահեղափոխականներին… այս ամենը՝ փող, մթերք չունեցող երկրում: Թուրքերը վագոններով տանում էին Հայաստանի վերջին մթերքը, այդ թվում գարնանացանի սերմնացու: Պատերազմի պատճառով 1920թ. աշնանացան չէր եղել, 1921թ. գարնանացանի սերմնացու տարվում էր, ի՞նչ էին ուտելու մարդիկ 1921-22թթ., երբ Ռուսաստանի հետ երկաթգիծն էլ չէր աշխատում: Ձևավորվում էր Անդրֆեդերացիան, և նույն 1921թ. հուլիսին Ս. Օրջոնոկիձեն հրապարակում է Ռուսաստանի Կոմկուսի Կովկասյան Բյուրոյի որոշումն այն մասին, որ արոտավայրերը սահման չունեն, և անկախ հանրապետությունների սահմաններից, դրանք պետք է մատչելի լինեն քոչվորներին[1]: Սրա մասին, սակայն, չգիտեին Սյունիքում և չէին հասկանում, թե ինչո՞ւ քոչվորները, երկրագործ հայերի արտերը Հայաստանում տրորելով, շարունակում են բարձրանալ Հայաստանի լեռնային արոտավայրերը: Չգիտեին, որ անկախ սահմաններից դա շարունակվելու է: Չգիտեին, որ խորհրդային երկրների շարքում Խորհրդային Ադրբեջանը Խորհրդային Հայաստանից շատ ավելի արժեքավոր է, որ Խորհրդային Ռուսաստանի Կոմկուսը Խորհրդային Ադրբեջանի հարցում պարտավորություններ ունի քեմալական Թուրքիայի առջև:

1920-ականներին շատ դժվար էր նաև այն պատճառով, որ սկսվել էր կարմիր տեռորը. պայքար էր գնում «հակասովետական», «հակաբոլշևիկյան», «հակահեղափոխական», «անհարազատ» տարրերի դեմ: Այդպիսիք էին համարվում ոչ միայն քաղաքական այլախոհները, այլև բոլորը՝ ով իր տունը, իր գյուղը պաշտպանել էր թուրքերից, ով ուզում էր իր ունեցած սուղ միջոցներով նաև իր երեխային կերակրել, ոչ թե միայն հին կամ նոր իշխանություններին: Եվ ձևավորվում էին պայքարի նորանոր թիրախներ՝ մի ձու, մի շրջանակ մեղր, մի փութ ցորեն թաքցնող գյուղացին: Այդ գյուղացին դառնում էր դասակարգային թշնամի և քաղաքական հալածյալ:

Մոսկվայում հասկանում էին, որ գյուղացիությունն իր զանգվածով կարող է դառնալ հակախորհրդային, որ պետք է ամեն ինչ անել, որ գյուղացին պրոլետարիատի դասակարգային թշնամին չդառնա: Սոցիալիզմի իշխանությունը հեղափոխության առաջնորդների մեկնաբանություններում պրոլետարիատի դիկտատուրան էր, ոչ թե առհասարակ աշխատավորության: «Մենք պիտի ջանանք այնպիսի երկիր կառուցել, որտեղ պրոլետարիատը կպահպանի իր ղեկավարությունը գյուղացիության նկատմամբ»,- գրում է Լենինը 1922թ.: Հեղափոխություն անողները դեռևս հստակ չէին որոշել դասակարգերը կամ, առնվազն, նրանց պատկերացումներում գյուղացիությունը և պրոլետարիատը տարբեր դասակարգեր էին, որոնցից մեկը՝ գյուղացիությունը, պիտի ծառայեր պրոլետարիատին: Այդպիսին էր դասակարգային պայքարի խորհրդային տրամաբանությունը: Այդ տրամաբանությունը փորձում էին հասկանալի դարձնել տեղական չինովնիկներին, համոզել, որ չնայած խորհրդային երկրում հայտարարված է պրոլետարիատի դիկտատուրա, բայց առայժմ այն չի կարող ամուր լինել առանց գյուղացիության հետ միավորման, քանի դեռ գյուղացիությունն ավելի բազմաքանակ է: «Մենք դրան կհասնենք, իսկ առայժմ մեր գլխավոր խնդիրը իշխանությունը պահելն է, և այս փուլում առայժմ մենք ստիպված ենք ճկունություն հանդես բերել և հաշվի նստել բազմամիլիոն գյու-ղացիության հետ»,- համոզում էր Մոսկվայից Վրաստան ուղարկված հեղափոխության տեսաբան Լև Կամնենևը Վրաստանի կոմունիստներին[2]: Բայց տեսությունը գործնականի վերածելը միայն տեսաբանների ձեռքին չէր, գործնականում այն «երեկ բոլշևիկ դարձած» և դասակարգային պայքարի տեսությունից հաճախ ոչինչ չհասկացող չինովնիկների ձեռքին էր, իսկ սրանց կամայականությունները XX դարի 20-ականներին ծնեցին կեղեքվող գյուղացիության բազմաթիվ ապստամբություններ: Սրանք էլ իրենց հերթին դարձան «հակահեղափոխության դեմ պայքարի» նորանոր առիթներ: Դրանք Գ. Սմբատյանը դիտարկում է Մազրա, Շիշկերտ գյուղերի դեպքերով՝ ի դեմս Պատվական Տեր-Գրիգորյանի, Անանիա Խաչատրյանի, Ալեքսան Կոստանդյանի, այլոց դեմ սկսված և տրամաբանական ավարտին՝ գնդակահարությունների հասցված գործերի օրի-նակներով:

1930-ականներին շատ դժվար էր:

Կոլխոզն էր կայացվում, կուլակը՝ «դասակարգային և հակահեղափոխական թշնամին» էր վերացվում, «հակատրոցկիստական, հակադաշնակցական» ճակատն էր ստեղծվում: Մորթվում էին անասունները, նույնիսկ դաշտը վարող եզները: Գյուղացին ինքն իրեն պաշտպանում էր՝ իր ապրուստի հեռանկարը վերացնելով: Բոլոր կողմերը «ճիշտ էին», բայց արդյունքում սովը դառնում էր լուրջ չարիք, մարդը՝ անարժեք: Հասունանում էր 1936-1937թթ. քաղաքական տեռորը խորհրդային քաղաքացու դեմ:

Հավատարիմ մնալով իր ոճին՝ Գ. Սմբատյանը գիրքը կառուցել է վավե-րական փաստաթղթերի, գրավոր հուշագրությունների և բանավոր հիշողությունների համակցության վրա: Այս նոր գրքում հուշագրություններից երկուսը շատ ուշագրավ են՝ «Վոլոդյա Հախյան. Ինձ տարավ 37-ի փոթորիկը» և «Արամայիս Դանիելյան. ես եղա այնտեղ, որտեղ աշխարհի վերջն էր…»: 1937 թվականին դատապարտված երկու աքսորականներ, թվում է՝ նույն «գործով», նույն մարմինների քննությամբ, նույն կամ համարյա նույն մեղադրանքով, նույն տարածքից, նույն պատժաչափով՝ 10 տարվա աքսոր, բայց որքան տարբեր հայացքներ թե՛ «գործի» ընկալման, թե՛ բանտային ու պատժի իրականացման պայմանների, թե՛ դրանց հետևանքների տեսանկյուններից: Թվում է՝ այստեղ դեր ունեն ոչ միայն նրանց վերագրվող մեղադրանքների ծանրության մակարդակները, այլև, նույնիսկ ավելի՝ նրանց մարդկային խառնվածքները: Վոլոդյա Հախյանին «բաժին էր ընկել» մինչև վերջ խմել դառնությունը, Արամայիս Դանիելյանը այն «խմում էր կում-կում»: Տիրապետելով նկարչության գաղտնիքներին՝ Ա. Դանիելյանը կարողանում էր այն գործի դնել զանազան աքսորավայրերի կարիքների համար և ոչ միայն խուսափել առավել ծանր աշխատանքներից, այլ նույնիսկ դրամ վաստակել և համեմատաբար նորմալ սնվել: Վոլոդյա Հախյանը հանրային բարոյականության հիմնական կրողն էր՝ պարտքի կատարում, ազնվություն, համառորեն իր դիրքորոշման ներկայացում: Արամայիս Դանիելյանը կարծեք թե հարմարվում էր իրավիճակներին, ճկուն էր, կարող էր անհրաժեշտ դեպքերում լռել, զոհաբերել իր համոզմունքները, բայց ոչ այլոց կյանքերի և ճակատագրերի հաշվին:

1937թ. ՆԳԺԿ-ն համարել է, որ խանդավառ և ոգևորված կոմերիտական, կոմերիտական սկզբնական կազմակերպության քարտուղար Վոլոդյա Հախյանը ստեղծել և գլխավորել է հակասովետական, հակահեղափոխական, տրոցկիստական, ֆաշիստական «Փոհրա» կազմակերպություն, հարցաքննությունների են ենթարկվել Կապանի Եղվարդ, Ուժանիս, Ագարակ գյուղերի ավելի քան 100 մարդիկ, ձերբակալվել են 16-ը, դատվել են 8-ը, գնդակահարվել է 1-ը, ևս 1-ը չի դիմացել կտտանքներին և մահացել է բանտում, 6-ը աքսորվել են ԽՍՀՄ-ի բազմաթիվ ճամբարներ: Նրանց մեջ՝ հիշյալ երկու հուշագրությունների հեղինակ-ներին:

Երկուսն էլ, ի թիվս այլոց, մեղադրվում էին նաև Խանջյանի ինքնասպանության մասին պաշտոնական վարկածին չհավատալու և Խանջյանի մահը Բերիայի կողմից սպանություն համարելու մեջ: Խանջյանի ինքնասպանության վարկածին կասկածելն առհասարակ սովետական իշխանություններին վար-կաբեկող հակասովետական, հակահեղափոխական արարք էր (այն տարիներին սա համարվում էր տրոցկիզմ) և Հայաստանում ընդհուպ մինչև 1940-ականների վերջը հարյուրավոր մարդիկ են պատժվել «Խանջյանի մահվան մասին սադրիչ, հակահեղափոխական լուրեր տարածելու», «Ա. Խանջյանի մահվան կապակ-ցությամբ կուսակցության և կառավարության ղեկավարության հասցեին հակա-հեղափոխական արտահայտություններ թույլ տալու», «Խանջյանի ինքնասպանությունից հետո հակահեղափոխական, դաշնակցական արտահայտություններ թույլ տալու», «Բերիային սպանության մեջ մեղադրելով՝ հակահեղափոխական նացիոնալիստական ագիտացիա անելու», «Խանջյանի մահվան կապակ-ցությամբ վրաց ժողովրդի հասցեին նացիոնալիստական, հակասովետական ագիտացիայի», «Խանջյանի գործունեությունը գովելու», «ժողովրդի թշնամի Խանջյանին գովելու և վրաց ժողովրդի հասցեին հակահեղափոխական նացիոնալիստական հարձակումների» մեղադրանքներով: 1915թ. փետրվարի 5-ին Եղվարդ գյուղում ծնված Վոլոդյա Հախյանն իր հուշագրությունում հաստատում է. «Վերևից պնդում էին, որ Խանջյանը քննադատության չի դիմացել և ինքնասպանություն է գործել: Դա կոմսոմոլներիս մեջ կասկած առաջ բերեց, չէինք հավատում»: Հարցաքննության ժամանակ այդպես էլ ասել է: Հարցին՝ «Ի՞նչ կասեք Խանջյանի մասին, որ ինքնասպանություն է կատարել Վրաստանում», պատասխանել է՝ «Մենք կոմսոմոլի ժողովում քննարկման ժամանակ կասկածանք ենք հայտնել, որ եթե Խանջյանը ինքնասպանություն կատարեր, դա կաներ Հայաստանում, այլ ոչ թե Վրաստանում»: 1937թ. 22-ամյա երիտասարդ կոմերիտականը դեռ չգիտեր, որ ԽՍՀՄ-ում «վերևներին» չհավատալը, նրանց ասածներին կասկածելը տրոցկիզմ է և պետական հանցագործություն:

Նույն «խոստովանությունն» է արել նաև մյուս հուշագիրը՝ Արամայիս Դանիելյանը. «Ընկ. Խանջյանի սպանության կապակցությամբ ես էլ ելույթ ունեցա ժողովում: Հաջորդ օրը էնկվեդեից կանչեց Ուստյանը (ՆԳԺԿ Կապանի բաժանմունքի ղեկավարը), հարցուփորձ արեց և էնպես ապտակեց, որ ուշաթափ ընկա: Հետո սապոգների տակ տվեց ու գոռաց՝ վերցրեք էս լակոտին»:

Կալանավորվելուց հետո մյուս «փոհրայականների» հետ միասին երկուսին էլ ուղարկել են Երևանի բանտ: Այստեղ Հախյանը հայտնվել է Պողոս Մակինցյանի, Արմենակ Թոքմաջյանի, Վաղարշակ Նորենցի, Վաղինակ Թամազյանի[3], Մանվել Մարությանի հետ նույն բանտասենյակում, Արամայիս Դանիելյանը՝ գրողներ Ակսել Բակունցի, Վահրամ Ալազանի, Գուրգեն Մահարու, Եղիշե Չարենցի[4] բանտասենյակում:

Երկուսն էլ բանտի «ստաժավորների» միջոցով ծանոթացել և հասկացել են՝ ի՞նչ է բանտը քաղաքական բանտարկյալի համար: Հախյանն է պատմում. «19-րդ կամերան մոտ 15 քառակուսի մետր էր, որտեղ տեղավորեցին մեզ: Ամենուր փայտոջիլ և լու էր, հնար չկար, կծում, ծծում էին տառապյալներիս վերջին կապլի (կաթիլ) արյունը: Մակինցյանը չէր դիմանում, իր բաժին 10 գրամ շաքարը բաժանում էր 4 մասի, և ովքեր 20 սպանված լու էին ներկայացնում, տալիս էր մի կտոր շաքար: Նա առանց անդրավարտիքի էր, պառկում էր թե՛ ցերեկը, թե՛ գիշերը: Հիվանդ էր, մեզը չէր պահում: Կամերայում դրված էր մեկ 30 լիտրանոց պարաշա (ջրի տարա), որը կամերականները (խցակիցներ) իրենց բնական պահանջներին էին ծառայեցնում: Շատ ժամանակ լցվում էր մինչև բերանը, ապա թափվում հատակին:

Պատուհանները փակ էին, դռները բացվում էին օրական 2 անգամ: 450 գրամ հաց և 500 գրամ բալանդա էին տալիս սնվելու համար»: Մակինցյանը հիվանդացել էր շատ բարբարոս ծեծերից: Նրա այլ խցակիցներ հիշում են, թե ինչպես էին հարցաքննություններից բերում մաշկը պլոկված և արյունոտած Մակինցյանին ու նետում խուցը:

Արամայիս Դանիելյանի հուշագրությունում միայն Չարենցի խոշտանգման մասին է, չնայած մյուսները նույնպես անցել են նույն դժոխքով. «Մի գիշեր հանկարծ կանչում են Չարենցին` Չարե՛նց, դո՛ւրս արի: Գնաց: Անցնում է մի չորս ժամ, և լուսաբացին բերում են Չարենցին՝ նասիլկայի (պատգարակ) վրա ու շպրտում բետոնե հատակին: Հավաքվեցին, հարցեր տեղացին. «Ի՞նչ է պատահել, ո՞վ է քեզ այդ վիճակին հասցրել, ընկե՛ր Չարենց»: Չարենցին ծեծել էին 36 համարի մոսին հրացանի շամփուրով, որին հագցրել էին ռետինե խողովակ, որպեսզի ամեն հարվածից մաշկը վեր բարձրանար և ուռչեր: Մեր հարգելի Չարենցը ուռեց ամբողջ մարմնով և մահացավ: Դիակը վերցնելու համար շատ աղմուկ-աղաղակ հանեցինք: Դուռը բացվեց, երկու հոգի ներս մտան, բռնեցին ոտքերից և քարշ տվին միջանցքով մեկ: Հետո թե ինչ եղավ, չիմացանք»: Խոշտանգումների մասին Արամայիս Դանիելյանի հիշողությունը միայն Չարենցի մասին է, որովհետև Չարենցը և Դանիելյանը ձերբակալվել և բանտ էին նետվել 1937թ., իսկ մյուսները՝ 1936թ. օգոստոսին: Նրանց կտտանքներն ավարտվել էին մինչև 1937թ., և նրանք արդեն տվել էին ՆԳԺԿ-ին անհրաժեշտ «ինքնախոստովանական» ցուցմունքները: 1937թ. նրանց արդեն հարցաքննությունների չէին կանչում, և նրանք բանտասենյակում սպասում էին իրենց հանդեպ «դատական» կոչվող որոշմանը՝ իրենց պատժաձևին և պատժաչափին:

Չորս ամիս հետո «փոհրայականների» ողջ խմբին տարել են Թիֆլիս՝ Մետեխի բանտ, որտեղ մնացել են ամիսներով: Ինչո՞ւ Թիֆլիս՝ հարցի պատասխանը Արամայիս Դանիելյանի հուշագրության մեջ է. «Իբր խմբի ղեկավար Վոլոդյա Հախյանը ծառայում էր Լենինականի Զակավկազսկի թեթև հեծելազորում, իսկ կարմիրբանակայինին միայն «ռազմական» տրիբունալը պետք է դատի»: Վոլոդյա Հախյանն այստեղ 60 օր մնացել է մահապարտների խցում, ծանր հիվանդացել, «հանդիպել մահվանը» և վերադարձել կյանք: Անդրֆեդերացիան լուծարվել էր 1936թ. դեկտեմբերին, բայց 1937թ. Թիֆլիսը գործնականում շարունակում էր մնալ Այսրկովկասյան կառույցների կենտրոն: Թիֆլիսյան բանտային պայմանները ոչնչով չէին «զիջում» Երևանին: Ի վերջո կարդացել են դատավճիռը՝ աքսոր, կրկին Երևան են բերել և ուղարկել:

Վոլոդյա Հախյանի հիշողություններով՝ իր հետ միասին նույն օրը աքսորավայրեր են ուղարկվել 800 մարդ՝ մի ամբողջ գնացքակազմ: «Փոհրա» անունը առաջին անգամ ձերբակալվելուց հետո լսած Հախյանի ծանրագույն դեգերումները Միջին Ասիայից մինչև Վորկուտայի տարբեր գաղութներ ներկայացված են տառապանքների մանրամասնություններով և ողջ մերկությամբ: Նրանց խմբին՝ 600 հոգու, տարել էին Ուզբեկիստան՝ բամբակահավաքի. «Սա իսկական լագեր (ճամբար) էր՝ չորս կողմում վիշկաների (աշտարակ, վերնակ) վրա՝ պահակներ: Լագերը բոլոր կողմերից փակված էր փշալարերով: Ռեժիմն ահավոր խիստ էր: Պիտի աշխատեինք բամբակի դաշտերում: Աշխատանքի էին տանում հինգ-հինգ կանգնեցրած շարքով և զգուշացնում՝ ով մի քայլ անգամ շարքից թեքվի, կգնդակահարվի տեղում: 50 հոգուց բաղկացած բրիգադներին ուղեկցում էր չորս հոգի՝ երկու հրացանավոր, մեկը շան հետ, մյուսը ձիու վրա: Աշխատանքի ժամանակ փոքր դրոշակներով սահման էր գծվում, որպեսզի ոչ ոք չանցնի դրոշակներն ու դաշտից դուրս չգա: Դրոշակների գծին մոտենալուն պես առանց զգուշացնելու վիշկայից կրակում էին: Եղած խմելու ջուրը բանի պետք չէր, բայց այն էլ չէին տալիս (օրական մի անգամ 14-ժամյա աշխատանքի ընթացքում): Ջուր բերում էին ձիասայլով, փայտե տակառի մեջ` այն էլ պղտոր և տաք վիճակում: Բամբակը փխրեցնում էինք ձեռքով՝ ուզբեկական մեծ ու ծանր չապաներով (բրիչ): Աշխատանքից լագեր վերադառնալիս եթե հանկարծ փչում էր ուժեղ քամի, հրամայում էին բոլորիս պառկել այնքան ժամանակ, քանի դեռ քամին չէր դադարել: Պիտի պառկեինք, լիներ փոշի, ցեխ կամ ջուր: Հրամանը պիտի կատարեինք, այլապես կրակում էին մեզ վրա:…Մեզ կերակրում էին համաձայն մեր օրվա աշխատածի: 100 տոկոս նորմա կատարողը ստանում էր 700 գրամ հաց, իսկ 70, 60, 50 տոկոս կատարողները՝ավելի քիչ` 600-500 գրամ: Աշխատանքի նորման ուժից վեր էր, դժվար էր կատարել: Մենք կանանց երես չէինք տեսնում: Բայց կային կանանց առանձին լագերներ՝ 2 կիլոմետր մեզնից հեռու` դեպի հարավ: Դա 3-րդ լագերն էր, որտեղ կար մոտավորապես 3000 կին կալանավոր: Ասում էին, որ մարշալ Տուխաչևսկու կինն էլ այնտեղ է»: Հետո նրանց պիտի տանեն հյուսիս՝ անտառահատման, աքսորականների ամենածանր աշխատանքներից մեկը. «Հավաքեցին մեզ ու նստեցրին ապրանքատար վագոններ: 35-37 հոգի փակված էր ամեն վագոնում: Գնացքը ուղղություն վերցրեց դեպի հյուսիս: Խավար էր, փակ էին լուսամուտները, կողպված էին դռները, և միայն շոգեքարշի սուլոցն էր և անիվների միալար թխկթխկոցը, որ մեզ տանում էին օտարությունից օտարություն: Գնացքը ընթանում էր օրերով, օրերով էլ խցկվումմնում տուպիկներում (անել փողոց) և անշարժանում: Ծարավ էինք: Գոռում էինք: Ոռնում էինք: Ոտքով հարվածում էինք գնացքի տախտակներին, խփում էինք բռունցքներով, ջու՜ր, ջու՜ր, ջու՜ր էինք խնդրում…Իսկ պատասխանը կրակոցներ էին: Ջուր չկար: Ցամաքել էին աշխարհի բոլոր աղբյուրները, չորացել էին գետերն ու առուները, ամպերը հեռացել էին երկնքից, անձրևի կաթիլ չէր ընկնում ցամաքի վրա: Ամեն օր ստուգում էին վագոնների ներսը՝ արդյոք չե՞նք ջարդել պատերը փախչելու համար: Ծարավից բերաններս չորացած՝ անկարող էինք իրար հետ խոսել: Բայց և այնպես կասկածում էին, որ կարող է փախուստ լինել»:

Ես ներողություն եմ խնդրում այս երկար մեջբերումների համար, բայց սրանք խորհրդային երկրի կյանքի մյուս՝ անտեսանելի դեմքի նկարագրություններ են: Այս մասին չէին խոսում, չէին գրում, սա ԽՍՀՄ գաղտնի երեսն էր: Խորհրդային երջանիկ կյանքը ցուցադրելիս ԽՍՀՄ-ը հակադրում էին ամենից ավելի հաճախ ԱՄՆ-ին, դպրոցներում կարդալ էին տալիս ամերիկյան ստրուկների՝ XIX դարի վիճակի մասին Հարրիետ Բիչեր-Սթոուի «Քեռի Թոմասի խրճիթը» (անգլերեն՝ Uncle Tom’s Cabin) գիրքը և պատմում ստրկատերերի կողմից շահագործվող ստրուկների անմարդկային կյանքի մասին: Խորհրդային մանուկները խորհրդային միլիոնավոր ստրուկների մասին ոչինչ չգիտեին և դառն արցունքներ էին թափում քեռի Թոմասի համար՝ չմտածելով, որ գուցե իրենց բռնադատված հայրը, մայրը, հորեղբայրը, ուսուցիչը քեռի Թոմասից ավելի վատ վիճակում է: Խորհրդային երկրում սոցիալիզմ էին կառուցում նաև այս մարդկանց կյանքերի հաշվին:

Դժոխքը, սակայն, միայն պատժավայրերում չէր: Կարդանք Հախյանի հուշերը աքսորից վերադառնալուց հետո. «Մեր ընտանիքը համարվում էր հակահեղափոխական, ժողովրդի թշնամի: Մերոնց վտարեցին կոլխոզից: Ուղիղ երեք ամիս հայրս մնաց Ադրբեջանի Ղեյսալու գյուղում` իր նախկին քիրվաների՝ Կուբալայի, ավագ միլիցիոներ Թոփուշի և նրա եղբայր Քարամի տներում: Գիշերները հայրս թաքուն բրինձ ու հացահատիկ էր բերում, թողնում տանը և վերադառնում քիրվաների մոտ: Փոքր եղբայրներս և քույրս խոզ էին պահում բինայում` գյուղից 4 կիլոմետր հեռու: 1937 թվականը ոչ միայն ինձ զրկեց պատվի ու փառքի արժանանալուց, այլ բառացիորեն տանջեց մեր ընտանիքի բոլոր անդամներին, թողեց բոլորիս անգրագետ: Հայրս չդիմացավ այդ ցավերին, և 1883-ին ծնված մարդը 41-ին մահացավ… Մահացավ՝ ինձնից կարոտ: Այդպես էլ չկարողացավ հասկանալ, թե ինչի համար են որդուն թշնամի համարել: Մայրս մնաց մենակ: Մորեղբայրս՝ կուսակցական Պապիկը, մոտիկ էր մեր տանը: Նա չէր խոսում մեր ընտանիքի անդամների հետ: Ինքն էլ թույլ չէր տալիս, որ մեր երեխաները գնան իրենց տուն: Իսկ հորաքրոջս տղան՝ Մարգար Դավթյանը, որ նմանապես կուսակցական էր, սատար էր կանգնում մեր ընտանիքին, իր ուժերով հորս հանձնեց հողին, նրանից հետո էլ օգնում էր մեր ընտանիքին: Մայրս սկսեց տան եղած-չեղածը փոխանակել հացով, ալյուրով, գարիով, կորեկով, ցորենով, բրնձով, և մնաց դատարկ տունը: Կրակը վառում էին տան կենտրոնում, հողե հատակին: Գտնվեցին բարի հարևաններ, որոնք ծածուկ օգնում էին մորս: Մայրս սկսեց գաղտնի շատ չնչին վարձով հաց թխել ուրիշների համար: Երեք-չորս հաց էին տալիս ամեն տեսակի չարչարանքի դիմաց… Երեխաս տասը տարեկան էր, սակայն ինձ չէր տեսել, դպրոց չէր հաճախում: Եվ ոչ մի երեխա մեր տնից դպրոց չէր հաճախում: Գոյության կռիվ էր, սովը և մերկությունը չէին թողնում դպրոցի մասին մտածել»:

Վոլոդյա Հախյանի ընտանիքը բացառություն չէր, նույնն էր կատարվում հանիրավի դատապարտված միլիոնավոր խորհրդային ստրուկների ընտանիքների, երեխաների հետ: Գ. Սմբատյանը մեզ է փոխանցում շիշկերտցի Սամվելի պատմությունը 30-ականների մանկության մասին. «Հայրիկիս աքսորելը ինձ շատ խեղճացրեց: Ինձ թվում էր՝ բոլորն ատում են մեզ, չեն ուզում, որ մենք ապրենք, ինձ անվանում էին ժողովրդի թշնամու տղա, դաշնակ, աքսորականի երեխա և այլ հոգեցունց բառեր էին շպրտում երեսիս: Ես տասը տարեկան էի, ես ի՞նչ էի հասկանում, թե ինչո՞ւ են աքսորել հորս… 1931թ. Շիշկերտում մանկապարտեզ բացվեց: Մի փոքրիկ, միահարկ շենք էին կառուցել՝ կից խոհանոցով: Այստեղ երեխաներին օրական երկու անգամ կերակրում էին: Առավոտյան նախաճաշից հետո երեխաներին տանում էին զբոսանքի: Անհարազատների երեխաներին արգելված էր մանկապարտեզը: Նրանք կարոտով էին նայում ճաշող ու խմբով խաղացող երեխաներին: …Մեր հարևան, բարեկամ երեխաները հաճախում էին մանկապարտեզ, իսկ ինձ թույլատրված չէր մոտենալ մանկապարտեզի շենքին: Մանկապարտեզի կանայք երեխաներին լարում էին իմ դեմ, ասում էին՝ սատկեցրեք ժողովրդի թշնամու լակոտին, որ այս կողմերում չերևա: Իսկ ես ուզում էի երեխաների հետ լինել, խաղալ նրանց հետ, դաշտ գնալ, երգել, պարել, արտասանել: Ավաղ, կանայք ատելություն էին բորբոքել ինձ ու ինձ նմանների հանդեպ: Եվ փոքր հասակից եղան ինձ ատողներ: Ես քայլում էի երեխաների հետևից, բայց նրանք հետապնդում էին ինձ, և դա արվում էր դաստիարակչուհու հրահանգով: Ես համառորեն մոտենում էի մանկապարտեզին, անցնում շենքի հետևը, թաքնվում, սպասում, թե երբ են դուրս գալու Խուրշուդը, Արշավիրը, Բաբգենը, Փայլակը: Ես մանկություն չունեցա, չտեսա հոր և մոր գուրգուրանքը, կարոտ էի սիրո ու փաղաքշանքի: Մի անգամ փորձեցի մոտենալ երեխաներին: Մոտեցա, բայց այդ պահին երեխաներին տարան ճաշի: Ես կառչեցի լուսամուտից ու ներս էի նայում: Դաստիարակչուհին նկատեց ու երեխաներին կոչ արեց. «Բռնեցեք ու ծեծեցեք այդ լակոտին»: Ասաց ու ցույց տվեց ինձ: Երեխաները աղմուկով դուրս նետվեցին, որը քարով, որը փայտով ընկան իմ հետևից: Բայց ես հասցրի փախչել ու պրծնել դրանց ձեռքից: …Ես փախա, բայց հաջորդ օրը կրկին մանկապարտեզի պատերի տակ էի: Այս անգամ ինձ տեսնելով՝«ուսուցչուհին» ձայնը գլուխը գցեց այնպես, որ լսելի լինի գյուղում՝ դաշնակցականի տղա, անհարազատ….: Ուսուցչուհին «ձայնը գլուխն էր գցել», որ տեղական կառավարման մարմինները տեսնեն իր նվիրվածությունը, հավատարմությունը և ենթակայությունը խորհրդային կյանքի սկզբունքներին: Վախենում էր «քաղաքական անբարեհուսությունից»: Իսկ Սամվելն անբարեհույս ընտանիքից էր՝ աքսորվել էին մայրական պապը, հայրը, քեռին՝ «կռվել էին թուրքերի դեմ»: Մինչդեռ Շիշկերտ գյուղը սովորական, նորմալ, նույնիսկ հերոսական մարդկանցով գյուղ էր: Շիշկերտը 1918-20թթ. Զանգեզուրի հենասյուներից մեկն էր, պատվով պահել էր թե՛ իր բնակչության, թե՛ հարևանների կյանքն ու պատիվը հայ-թուրքական, հայռուսական կռիվների ժամանակ: Ի՞նչ էր փոխվել: «Ժամանակնե՞րը»: Նոր ժամանակը նոր բարոյականությունն էր բերել՝ «օրվա իշխանությունները» պահանջում էին ենթարկվել կուսակցությանը, անհատույց աշխատել, բարիք արարել և տալ կառավարությանը: Խորհրդային գյուղացու պարտականությունն էր խորհրդային պրոլետարիատին կերակրելը: «Օրվա հերոսները» տարբեր էին. 20-ականներից հետո հերոսները չեկիստներն էին, զոհերը՝ մինչև 20-ականների հերոսները: Նախկին հերոսները աքսորավայրում, բանտերում կամ գնդակահարված էին, գյուղացիները՝ զինաթափված, օրվա հերոսները՝ զենքով, և մեծ մասը՝ տգետ: Խորհրդային երկիրը սոցիալիզմ էր կառուցում այս երեխաների կյանքերի և նրանց խեղելու հաշվին: Գ. Սմբատյանի ձերբակալված հերոսներից մեկի որդին հիշում է. «Ո՛չ հարևան, ո՛չ ազգական ու բարեկամ մեր տանը չերևացին: Եվ ի՞նչ աներ մայրս հեռավոր գյուղում, ուր իշխանությունը մի քանի մարդակերի էր պատկանում: Մեկ ամիս անց եկան նույն մարդակերները, հավաքեցին բոլոր անասունները, ջորին, հացն անգամ տարան: …Մեկ գրամ էլ չթողին վեց երեխայի համար, մորս համար: Իսկ տանողները նրանք էին, որ 1921թ. երկու բոլշևիկ էին սպանել, հիմա բոլշևիկ էին դարձել»: Այն տարիների համար սովորական պատմություն: Այս ընտանիքի հետ արտառոց դեպք էր եղել՝ «քաջքեր» էին եկել գիշերը վախեցնելու. «Ընտանիքը օրեցօր հայտնվում էր մեկուսացման մեջ, քանի որ հարազատների գնալ-գալ չկար, էլ չենք խոսում հարևանների ու համագյուղացիների մասին: Մի օր էլ, երբ մութն ընկել էր, և երեխաները տանը խաղում էին, հանկարծ ծեծեցին լուսամուտները, և լուսամուտի առաջ հայտնվեց երկու ուրվական: Նրանք ծիկրակում էին, ճանկռտում էին լուսամուտները, հաչում, ոռնում, ինչ տեսակ ձայն ասես արձակում էին: Վեցամյա Պայծառը վախից կուչ եկավ, ուժգին հեծկլտաց և ուշագնաց ընկավ հատակին: Օրեր անց երեխան մահացավ»: «Իմացա՞ն արդյոք Շիշկերտում, թե ովքեր էին քաջքերի դերում,- հռետորական հարց է տալիս Գ. Սմբատյանը և ինքն էլ պատասխանում,— իմացած կլինեն, բայց թաքցրին, լռեցին ու այդ մասին չխոսեցին…»: Այն տարիներին լռությունը ոսկի էր:

Բռնադատումների երեսնական թվականներից «ժողովրդի թշնամիների» կանանց թույլ չէին տալիս կոլխոզում աշխատել, արտերի հնձից կամ կարտոֆիլը դաշտից հավաքելուց հետո կանայք գիշերները գաղտնի գնում էին մնացորդները հավաքելու: Գյուղական իշխանությունների որոշ ներկայացուցիչներ «աչք էին փակում» այս երևույթի վրա, ուրիշները խանդոտ արգելում էին՝ «պետության ունեցվածքը չեն կարող ժողովրդի թշնամու լակոտներն ուտել»: «Գողությանը» իրենց մայրերի հետ, երբեմն էլ իրենց նախաձեռնությամբ միայնակ կամ խմբերով մասնակցում էին նաև երեխաները: 1932թ. Ստալինի պահանջով օրենք ընդունվեց այս կարգի «գողերի»՝ որպես սոցիալիստական ունեցվածքի նկատմամբ ոտնձգություն անողներին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին: Այն հայտնի է «հինգ հասկերի մասին» օրենք անունով: Օրենքը ծանր պատիժներ էր նախատեսում՝ տաս տարվա բանտարկությունից մինչև գնդակահարություն՝ առանց ներման իրավունքի: Այս օրենքը գործել է մինչև 1935թ. հուլիսի 26-ը: Օրենքը պաշտոնապես կոչվում էր «Об охране имущества государственных предприятий, колхозов и кооперации и укреплении общественной (социалистической) собственности» (պետական ձեռնարկությունների, կոլխոզների և կոոպերացիաների ունեցվածքի պաշտպանության և հասարակական (սոցիալիստական) սեփականության մասին): Լրացուցիչ օրենքով հաստատվեց, որ այս օրենքը տարածվում է նաև 12 տարեկանից բարձր անչափահասների վրա, ընդհուպ մինչև գնդակահարություն: Հանրապետությունների դատախազությունները շրջաբերական ստացան, որ «Անչափահասների շրջանում հանցագործությունների դեմ պայքարելու միջոցառումներից է նաև քրեական պատժի բարձրագույն ձևի՝ գնդակահարության կիրառումը»:

Կապանի Ծավ գյուղում ապրող Հրանուշ Խաչատրյանը հիշում է. «Մեր գյուղի նախագահը, որ հարևան գյուղից էր, Շիկահողից եկել էր էդ մարդը մեր գյուղում նախագահ, չորս կին էր նստեցրել իբր գողության համարԳողություն անողներ գուցե շատ կային, բայց դրանց ամուսիններին բոլորին բռնել էին (բանտարկել) որպես անհարազատ մարդիկ, որը փախել էր Իրան, որին դատել էին կամ աքսորել… Ասենք կին կամ երեխա մի բան էր մի տեղից վերցնում, նրանց դիտողություն էր անում, ծեծում էր, աշխօրը կտրում էր, բայց չէր նստեցնում, միայն էդ չորս կանանց նստեցրին երեք տարի: Մեկի անունը Բալախանում էր, մեկի անունը Բարուշկա էր, մեկի անունը Փառանձեմ էր, մեկի անունը Սաթենիկ էրԺողովուրդը չէր մեղադրում, օրինակ` կին էր լինում, ասում էր «ինչա էսա, Փառանձեմի ձեռին ի՞նչ կար է, որ բռնեցին, նստեցրին, մեր նման տկլոր, մեր նման կին էր էլի, զոռով պահում էր իրա երեխեքը… Դե դաշնակցականի կին էր, եթե դաշնակցական չի` դաշնակցականի կին էրէն ժամանակ դա վատ բան էր: Նրանց կինը չպիտի գյուղումը մնա, երեխաները չպիտի լինեն, որովհետև դաշնակցականի ընտանիք ա»:

1940-ականներին շատ դժվար էր. պատերազմ էր:

Գյուղերի տղամարդիկ ճակատում էին, թիկունքը կանայք ու երեխաներն էին պահում: Կոլխոզն ամեն ինչ խնայում էր կոլխոզնիկից՝ պլան էր տալիս մարդկային կյանքերի հաշվին: Գ. Սմբատյանը «բողոքում է». «Պատերազմ էր… Ուր ասես ընկնում, շունչները փչում էին դաշտում, ցորենի արտերի եզրերին, սարում, անտառում, քերծերի վրա, ծխախոտի չորանոցում, տանը… Մի քանի բուռ ցորենի համար Սամսոնին բռնեցին, տարան, միլիցիայում ծեծեցին, հետ բերին գյուղ, գյուղում մեռավ: Հետո կինը մեռավ, հետո՝ անտեր-անտիրական մնացած երեխաները: Էդպես էր: Հաց էինք աշխատում, բայց՝ սոված: Կալերում, պահեստներում ցորենը եփվում-թափվում էր, բայց երեխաները՝ սոված»:

«Էդպիսին էր մեր կյանքը, որքան ասես պրիստավներ կային մեր գլխին: Արտերում էլ էին դրանցից ու հսկում էին, չլինի՞ սոված- ծարավ կանայք ու երեխաները կպճղեն, կհղաղեն հասկը և կուտեն ցորենի հատիկները: Նախագահը հացը թափում էր կովերի առաջ, իսկ մենք՝ սոված»,- ասում է Արշալույսը Շիկահող գյուղի տանջալի անցյալի մասին: Իսկ թե ինչո՞ւ կոլխոզի նախագահը հացը կովերին, բայց ոչ կանանց, ոչ էլ երեխաներին էր տալիս, հենց ինքը՝ նախագահ Լևոնն էր «բացատրել». «Կովը կաթ ու միս է տալիս, հորթ է ծնում, պլան ենք կատարում: Ասեք տեսնեմ, դուք ինչացո՞ւ եք, ի՞նչ եք տալիս, հը՞, դե ասե՛ք»:

Չէին պատասխանել, դառնացած հեռացել էին: Չէին ասել, որ 7 տարեկանից սկսած երեխաները աշխատում են՝ ցանում են, հնձում, կալսում, խոտհունձ անում, սարերում գայլերի դեմ կռվելով՝ անասուն պահում, տղամարդիկ ճակատում են, իսկ կանայք, ամիսներով ընտանիքից ու երեխաներից կտրված, Զանգելանում գտնվող ֆերմաներում են ապրում և աշխատում: Այն տարիների 13-ամյա պատանին հիշում է. «Մայրս Զանգելանում էր՝ ոչխարի մոտ: Ինձ նոր գործ հանձնարարեցին՝ բեռներ տեղափոխել Շիշկերտից Ղափան և Մինջևան կայարան: Մի օր գնում, հաջորդ օրը վերադառնում էինք: Երբ գյուղ էինք գալիս, գնում էինք անտառ՝ փայտ կտրելու: Չոր փայտ պիտի գտնեինք ու կտրեինք: Բարձրանում էինք վեր, կտրում, գլորում, քարշ տալիս, բերում գյուղ, բաժանում զոհվածների ընտանիքներին, ծերերին: Այսպես ամբողջ ձմեռը: …Մենք երեխաներով մեծերի աշխատանք էինք կատարում: Հետո խոտհունձ սկսվեց: Ինձ ուղարկեցին գրաստները պահողների օգնական: …Մենք խոտ էինք կրում դաշտից: Խոտն ավարտեցինք, հերթը հասավ հացահատիկին: …Օրական 200 խուրձ էին կալսում: Սա էլ պրծանք, հիմա պիտի կարտոֆիլի բերքահավաքը սկսեինք»: Այս տղայի հայրն աքսորված էր, մայրն ամիսներով Զանգելանի ֆերմայում էր, տանը՝ իրենից փոքր երեխաները: Ծանր աշխատանքից հետո տուն գնալը նրա համար նոր տառապանք էր:

***

Չափահասների պակասը «աշխատանքային ճակատում» լրացնող երեխաների թիվն ավելացվում էր «հասկ գողացած» մայրերին պատժելով: Պատժում էին Գորիսի բանտ ուղարկելով: Մեկ այլ պատմություն է այդ կարգի ձերբակալվածներին ընդունող «Գորիսի բանտ» կոչվածը: Դա Գորիսի «Թանգունց ձոր» կոչվող ձորում քարանձավի հարմարեցված քարե խոռոչների մի համակարգ է, որի մեծ անձավներից երկուսում պահվում էին հարյուրավոր բանտարկյալները, մեկում՝ կանայք, մյուսում՝ տղամարդիկ:

Գորիսում Թանգունց ձորի քարանձավ-բանտի հարևանությամբ ապրած, պատերազմի ժամանակ մանկական տարիքում սպասարկած Հրանտ Թանգյանը 2016 թ. պատմում էր. «Էնպիսի հանցագործներ չէին, որոնց գնդակահարում են, այլ` որ երեք, չորս տարի նստում են: Իրականում դրանք հանցագործ էլ չէին: Ես հիշում եմ, Բաբա անունով մեկը կար Խնձորեսկ գյուղից, երեք կիլոգրամ խնձորի համար նստեցրել են: Թեթև հանցագործներին էին բերում այստեղ, երեք կիլո ցորենի համար, կամ ասենք մի ոչխարա գողացել, այ ըտենց: Ամբողջ Հայաստանից բերում էին, միայն զանգեզուրցիներ չէին: Էլ ադրբեջանցիներ, էլ հայեր, ով ա իմանումպատերազմի տարիներին, մինչև 1946 թվականը մինչև երկու հարյուր մարդ եմ ես այստեղ պահել: Կանանց շատ էին բերում այստեղ, մինչև ութսուն կին կար: Պատերազմը վերջացավ, համաներում եղավ, էդ համաներման ժամանակ համարյա մարդ չմնաց այստեղ, բոլորին ազատեցին:

Ամունիստիայից հետո Ապկար անունով մի հատ թուրք էր մնացել միայն: Բանտապետը` Հայկը, մի հինգվեց ոչխար ուներ, ասում էր դրանք պահի: Էդ թուրքին, պատկերացրու, մենք էրկու ամիս պահեցինք: Ամունիստիան եղել էր, բայց էդ մարդուն բաց չէր թողնում: Մի օր մեզ խնդրեց, երեխա էինք, թե` ոչխարը նայի, գնամ տեսնեմ մերոնցԿարար փախչեր, բայց չէր փախչում, վախենում էր երևի: Վերջը մի քանի օրից հետո ոչխարները տարան, բաց թողեցին էդ մարդին, դատարկվեց այստեղ:

Տեսնու՞մ եք, էս հատվածը որ կա, աստիճաններով, էստեղից ա դուռ եղել, էն մի հատվածը փլվել է, հսկա մեծ քարանձավ է, էստեղ տղամարդկանց բանտն է եղելԷս վերևի մասում գրասենյակմրասենյակ, էս ձևի բաներ են եղել:

Գորիսի Թանգունց ձորի քարանձավ-բանտը

 

Կալանավորներն իրենք էին իրենց մթերքը մատակարարում, այստեղ մի տարածք ծառայել է որպես բանջարանոց, մարդիկ աշխատել են, կաղամբ են ցանել, կարտոֆիլ, լոբի, ամենքը իրանց սնունդը ստեղծում էին, աշխատեցնում էին: Բանտի անձնակազմն էլ, մեր ընտանիքն էլ այդ նույն մթերքից օգտվում էին: …Մեկմեկ պատահում էր էդ պատերազմի տարիներին, լցնում էին վեդրոյով բորշ, ուղարկում էին, անհա՜մ, անհամ, սովածությունից գլորվում էինիսկ էս կեռասի ծառի տակ, էն ճանապարհի հենց տակը մի հատ պոստավոյ [դիտապահ] էր կանգում, վինտովկեն [հրացանը] ձեռքին, էդ կողմերիցը էլ հնարավոր չէր փախչիլըհետո պատահել ա մի քանի հոգի հիվանդացել են, ժամանակին չի եղել բուժվեն, բժիշկ չի եղել, մահացել են, տարել են ընդեղ տեղ կա, նրա տակը տեղավորել: Մինչև հիմա ես հիշում եմ, ճրագ էր էլի, լամպով բանով տանում էին ընդեղ, մի տաս հոգի տարել են ընդեղ թաղել:…Մի քանի տարի առաջ, պատերազմը որ վերջացել էր, մնացել են ծերերը, մի քանի սիսիանցի եկան, իրենց հարազատի դիակն էին փնտրում: Կարծում էին, թե սպանել են այդ մարդուն: Բայց չէին սպանել, հիվանդությունից մահացել էր: Տարել ենք ցույց տանք, որ քանդեն ոսկորները նայեն: Հավաքել տարել են

Ինձ այնպես է թվում, որ այդ մարդկանց առանց որևէ հանցանքի էին բանտարկել, ու հետո էլ պահում էին, քանի որ աշխատեցնում էին, և բանտի անձնակազմն էլ օգտվումէր»[5]: Իսկապես, ինչպես չասել, որ քարանձավում փակված այս բանտարկյալները խորհրդային համակարգի ստրուկներ էին:

1950-ականներին կյանքը շարունակում էր շատ ծանր մնալ:

Սրաշենցի ուսուցչուհին գրում է. «Ա՜խ… մեկը կար՝ բրիգադիր էին նշանակել, նստում էր ձին, քշում աջ ու ձախ, հասնում արտերը, ծխախոտի դաշտերը, հունձ անողների, կթվորների մոտ… Վախեցնում էր, սպառնում էր: Իբր ջահել էր: Հոր տիպն էր: Ի՞նչ ջահել, մի կատաղի շուն, մի պրիստավ մեր գլխին: Տանել չէր կարող էն աղջիկներին, ում հայրերը աքսորվել էին: Շարունակ գոռում էր՝ դաշնակցականի աղջիկներ: Մենք սրաշենցիներ էինք, ինքը հարևան գյուղից եկել, հսկում էր մեզ, մերոնց շան տեղ չէր դնում, արհամարհում էր, մերոնց ձեռ էր առնում, վախեցնում, նսեմացնում… Ջահել էր, ձին ցորենի ու ծխախոտի ցանքսերի միջով քշում էր, երբ կարող էր ճանապարհով հանգիստ անցնել: Իսկ աղջիկներն ընկճվում ու լաց էին լինում՝ հայրերն աքսորված ու գնդակահարված, եղբայրները պատերազմից չվերադարձած: Մեր փոքրիկ, մի բուռ գյուղը տասնյակ աքսորական ու վտարանդի ուներ, 37 տղաներ էլ պատերազմում էին մնացել: Իբր ջահել էր: Չգիտենք՝ ո՞ւմ վրա էր չարացել, ինչո՞ւ է չարացել: Աչքերը չռում, ոլորում, նայում էր՝ չլինի՞ հանկարծ կանայք ու աղջիկները հասկերը հղաղեն (տրորեն) և ուտեն: Բայց բոլորի աչքի առաջ ձին արածեցնում էր արտերի եզրի հասկերը: Իսկ դու փորձիր մի հասկ պոկել, երբ դաշտերն անծայր ու անծայր էին, հասնում էին մինչև Բասուտա գետ: Սա էլ էն դեպքում, որ ինքն ու իր հայրը ցորենը, հացը թափում էին կովերի առաջ…Իսկ մենք՝ կիսաքաղց ու սոված»:

Հիրավի՝ սովետական գյուղացին սովետական կովից, ոչխարից ցածր արժեք ուներ: «Կովը կաթ ու միս է տալիս, հորթ է ծնում, պլան ենք կատարում: Ասեք տեսնեմ դուք ինչացո՞ւ եք, ի՞նչ եք տալիս, հը՞, դե ասե՛ք»:

Շատ ավելի ուշ Կապանի Առաջաձոր գյուղի ուսուցչուհի Վրաժիկ Բաղդասարյանը պիտի գրի.«Մեր հաղթանակին անուրանալի նպաստ բերեց թիկունքայինը՝ սկսած յոթ տարեկանից մինչև տասնհինգ տարեկանը, առանց սեռի տարբերակման: Նրանք իրենց ծնողների, քույր ու եղբայրների հետ հոտաղ էին, հնձվոր, կթվոր, հովիվ, ջրկիր, ծխախոտագործ, կալվոր, հորթապահ, հասկահավաք… Զարմանում եմ, թե ինչու մեր անունը չէր գրանցվում մեծահասակ կանանց հետ մի ցուցակում: Մեզ աշխօր չէին տալիս: Մենք բարեգործներ էինք» (ընդգծումը իմն է՝ Հ. Խ.): Բայց ոչ, իրավացի չէ տիկին Վրաժիկ Բաղդասարյանը, անչափահասները միայն ծնողների, քույր-եղբայրների հետ չէ որ աշխատում էին, նրանց մեջ կային սոցիալական որբեր՝ աքսորվածների, բանտարկվածների զավակներ, որոնք նաև ինքնուրույն և շահագործվող աշխատուժ էին: Նրանց զգալի մասը դպրոց չգնաց, մանկություն չունեցավ, ձմեռները նրանց սառած ոտքերը տաքացնող չեղավ, գիշերները նրանց վերմակով ծածկող չեղավ, արցունքները սրբող չեղավ, տրեխները կարկատող չեղավ, նրանք հաճախ նույնիսկ ընկերներ չունեցան, բայց նրանց հետապնդողներ շատ եղան, որովհետև… «քաղաքականների զավակներ էին», «դաշնակցականի, ժողովրդի թշնամու լակոտ էին»: Նրանց մեծ մասի հայրերը կռվել էին թուրքերի դեմ՝ հայկական գյուղերի բնակչությանը փրկելով: Թուրքերը գտնում էին, որ հայերից «կոմունիստ դուրս չի գա», և ԽՍՀՄ քաղաքական ղեկավարությունը թուրքերին սիրաշահում էր նրանց հետապնդելով: Այսրկովկասի կոմունիստական կազմակերպությունների 1922թ. նոյեմբերի 11-12-ին տեղի ունեցած համագումարում Ս. Օրջոնոկիձեն ասում է. «Մենք չենք թաքցնում մեր համակրանքը «Թուրքիայի նկատմամբ»… բայց չնայած այդ համակրանքին… պետք է ասել, որ Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունները գրող ու ցավ են (никчертунегодятся): Թուրքերն ասում են. «Ո՞ր հայը կարող է կոմունիստ լինել: Նրանց պետք է կոտորել, մեզ իրավունք տվեք նրանց մի քիչ կոտորել, մեկ է՝ նրանցից ոչինչ չի կարելի սպասել»: Եվ դա ասում են ընկ. Նարիմանովի և Հուսեյնովի (Խորհրդային Ադրբեջանի Արտգործ ժողկոմ Մ.Դ. Հուսեյինով՝ Հ.Խ.) դեմքին: Նրանք ուզում են մուսուլմաններին հայերի դեմ տրամադրել»[6]: Իրականում ոչ միայն մուսուլմաններին: Հանուն Թուրքիայի հետ բարեկամության՝ ԽՍՀՄ-ում պատժվում էին «հայ-թուրքական կռիվների» մասնակիցները, տարհանում էին Թուրքիայի հետ Հայաստանի սահմանին բնակավորված արևմտահայ գաղթականներին: Բայց այդ մասին խոսել չէր կարելի: Այդ մասին նույնիսկ իմանալ չէր կարելի: Չէր կարելի խոսել նաև զոհերի մասին՝ չգնահատված մարդկանց չգնահատված կյանքերի, չգնահատված հերոսության, տրորված ինքնասիրության, նրանց զավակների նվաստացած մանկության:

Ո՞ւր փախչեին այս գյուղացիները նվաստացումներից, ստրկական, համարյա չվճարվող աշխատանքային շահագործումից, եթե նույնիսկ այս ստրկացված մարդկանց ապրելու վայրի ընտրությունը անուղղակիորեն իշխանությունն էր որոշում: Այդ տարիներին խորհրդային քաղաքացիները անձնագիր չունեին, իսկ առանց անձնագրի կամ ինքնության վկայականի մարդիկ ճամփորդել չէին կարող: Գյուղացին փաստացի պարտավոր էր գյուղում ապրել և մթերք արտադրել քաղաքի բնակչության՝ պրոլետարիատի և վարչարարների, մտավորականության, բայց նաև երկրի արտաքին առևտրի համար: Կոլեկտիվացման ընթացքում և ավարտից հետո գյուղացիների զգալի մասը փորձում էր փախչել գյուղերից և թաքնվել մեծ քաղաքներում: Դա իր ետևից բերում էր գյուղմթերքների նվազում և սոցիալապես վտանգավոր մարդկանց կուտակումներ քաղաքներում: Քաղաքները փախստական գյուղացիներից մաքրելու և գյուղական բնակչությանը տեղում պահելու համար 1933թ. անհրաժեշտ դիտվեց քաղաքներում անձնագրավորման և գրանցման համակարգ մտցնել: Անձնագիրը սկզբնապես տրվում էր հատուկ արտոնյալ քաղաքների՝ Մոսկվայի, Լենինգրադի, Խարկովի բնակչությանը: Անձնագրեր չէին տրվում ձայնազուրկներին, սոցիալապես վնասակար պիտակավորված մարդկանց, կրկնակի հանցագործներին, աշխատանք չունեցողներին և այլն: Անձնագիր չստացող մարդիկ պարտավոր էին հեռանալ քաղաքներից: Անձնագրավորման դանդաղ և դժվար ընթացող երևույթին զուգահեռ մարդիկ ջանում էին կեղծ տեղեկանքներ ձեռք բերել, տեղավորվում էին դեռևս չանձնագրավորված քաղաքներում: Քաղաքային բնակչության թիվը շարունակում էր աճել, նույն արագությամբ նվազում էր գյուղական բնակչությունը: 1935թ. ՆԳԺԿ որոշում կայացրեց հատուկ «անձնագրային եռյակներ» ստեղծել անձնագրային ռեժիմը խախտող «չարամիտներին» պատժելու նպատակով:

Շատ երկար ժամանակ գյուղական բնակչությանը անձնագիր չէր տրվում, և գյուղացիները որևէ տեղ մեկնելու դեպքում պետք է տեղեկանք վերցնեին գյուղական վարչությունից իրենց ինքնության և ապրելու վայրի մասին: Գյուղից տեղափոխվելու գլխավոր հնարավորությունը ծանր աշխատանքների համաձայնելն էր՝ հանքահանություն, անտառահատում և այլն, կամ՝ բանակում երկրատև ծառայությունը: ԽՍՀՄ բոլոր չափահաս քաղաքացիները անձնագիր կրելու իրավունք ստացան միայն 1978թ.: Բայց քանի որ երկրում գործում էր պարտադիր գրանցման համակարգը, իսկ բոլոր գլխավոր քաղաքներում գրանցման իրավունքը խիստ սահմանափակ էր, ԽՍՀՄ քաղաքացիների վերաբնակեցման հնարավորությունները խիստ սուղ էին:

Շատ հարցեր է բարձրացնում Գ. Սմբատյանի «Կապան. հետապնդող հիշողություն» գիրքը:

Դրանց մեծ մասին ժամանակակից սերունդը ծանոթ չէ: Անցյալի այդ «հիշողությունը» դասագրքերում չկա, գեղարվեստական գրականության մեջ չկա: Այդ «անցյալի» գրողներն իրավունք չունեին գրել «դժվարությունների» մասին, նրանք պիտի գրեին երջանիկ ներկայի և լուսավոր ապագային տանող մեծ ծրագրերի, կոլխոզային կյանքի երջանկության, անհոգ մանկության մասին: Հանրային հիշողությունը սրբագրվում էր՝ խորհրդային իշխանություններն էին որոշում հիշողության թույլատրելի ձևը, չափը և բովանդակությունը: Պլանային էր ոչ միայն սովետական տնտեսությունը, պլանային էր գիտելիքը, ասելիքը, հիշելիքը, հասարակության ներքին հարաբերությունները:

Գրքի հեղինակին մտահոգողը՝ «հետապնդողը», միայն այս ամենի հիշողությունը չէ. հեղինակին հետապնդողը նաև այս հիշողության կորուստը, հիշողության բացակայության հնարավորությունն է, այն հիշողության, որի բացակայության դեպքում ամեն ինչ կարող էր և կարող է կրկնվել:

Հեղինակին «հետապնդող հիշողությունը» նաև հանրային բարոյական արժեքներն են: Նրան շարունակում է զարմացնել՝ որտեղի՞ց բուսնեցին աշխատող մարդկանց ոտնահարող, նվաստացնող, պատժող, շահագործող, չեկիստական վարքով կոլխոզների նախագահները, ինչպե՞ս կարողացան հանիրավի պատժված մարդկանց ազգականները, հարևանները ոչ միայն հանդուրժել ահագնացող անարդարությունները, այլև լուռ, զուսպ կամ ակտիվ միանալ դրանց՝ իրենց կյանքից օտարել, մեկուսացնել պատժվածներին, երեբեմն էլ միանալ պատժողներին: Ուստի իր վրա է վերցնում հիշեցնողի, սթափեցնողի դերը հիշեցնելով, պատմելով:

Այս գիրքը, կարելի է ասել, Հայաստանում խորհրդային կյանքի տասնամյակների սև էջերի տարեգրությունն է:

Այո՛, ԽՍՀՄ-ը հզոր երկիր է կառուցել, պատերազմներ է հաղթել, տարածքներ է գրավել, հզոր արդյունաբերություն է ստեղծել, կրթություն և առողջապահություն կայացրել… Թվեր և տոկոսներ են բերվում, հնգամյակների ձեռքբերումներ հաշվվում, այդ մասին գրքեր են գրվել և շարունակում են գրվել: Բայց այդ թվերի և ձեռքբերումների հետևում հաճախ դժբախտ մարդկանց կյանքեր էին, դրանք նաև այդ մարդկանց կյանքերի հաշվին էին:

Այս գիրքը երջանիկ Խորհրդային Հայաստանի վարագույրի հետևում գտնված դժբախտ մարդկանց և դժբախտ հասարակության մասին է: Հենց սա է «Կապան. հետապնդող հիշողություն» գրքի հեղինակին հետապնդող հիշողությունը: Պատմության ոչ երկրորդական մաս, որ դուրս է մնացել պատմության շարադրանքից և մեր հասարակության արժեքները կարգավորող հիշողությունից: Այս գրքում հաճախ կարելի է հանդիպել «ամաչել» բառին:

Մենք մեր անցյալից ամաչելիք ունենք, ինչը հետապնդում է հեղինակին:

[1]     РГАСПИ. Ф. 85. Оп. 18. Д. 58. Л. 7// Баберовски Й., Враг есть везде. Сталинизм на Кавказе / Й. Баберовски ; [пер. с нем. В. Т. Алтухова]. — М. : Российская политическая энциклопедия (РОССПЭН) : Фонд “Президентский центр Б. Н. Ельцина”, 2010, с. 242.

[2]     Каменев Л., Очередные задачи Компартии Грузии. Доклад на первом заседании Второгосъезда Компартии Грузии 14 марта 1923г. Тифлис, 1923, с. 6:

[3]     Պողոս Մակինցյանը, Արմենակ Թոքմաջյանը, Վաղարշակ Նորենցը դատապարտվել են Ստալինյան ցուցակներով՝ 19.04.1938 թվականին, առաջին երկուսը՝ գնդակահարության, Նորենցը՝ 10 տարվա տաժանակիր աշխատանքային աքսորի, ուսուցիչ Վաղինակ Թամազյանը հինգ տարվա ուղղիչ աշխատանքային գաղութի է դտապարտվել 21.07.1937 թվականին:

[4]     Ակսել Բակունցը գնդակահարության է դատապարտվել ստալինյան ցուցակներով 25.06.1937թ., Վահրամ Ալազանը և Գուրգեն Մահարին նույն ցուցակներով դատապարտվել են 10 տարվա աքսորի 19.04.1938թ., Չարենցը մահացել է բանտում կտտանքներից 1937թ., ինչը վկայում է նաև Արամայիս Դանիելյանը:

[5]     Տե՛ս՝ http://armeniatotalitaris.am/?p=2101:

[6]     Неполный стенографический отчет Закавказской партийной конференции, ноябрь,1922, ААМВДГ, Партархив, Ֆ.13, Ց.1, Գ.10, Տուփ 2, Թ.29:

More From Author

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի