Ձաւար|| հաճար || կորկոտ բառերի հնդեվրոպական աղերսները՝ ըստ բարբառային տվյալների

Spread the love

Մ. Քումունց

  1. Վկայակոչումներ

Ձավար բառը վկայվում է ՆՀԲ-ում «խոշոր աղացած, խաշած ցորեն, հաճար կամ գարի»[1]: ԱԲ-ն միասին է դնում ձաւար և բլղուր բառերը[2]:

«Գիրք վաստակոց»-ում, որին հղում է ՆՀԲ-ն, նշվում է «ձաւար արա»՝ ձավար անել. «…եւ զգարին ձաւար արա,  եւ կարագով մնշեա, եւ լօշ ած ի ներք, եւ տուր…», «Յաղագս զմատղաշն սնուցանելոյ»՝ ձաւար (գարի)՝ աղացած գարի. «… յետ վեցաւուր ձաւար գարի տուր»[3] (ընդգծումները մերն են՝ Մ.Ք.):

Մատենագրական այլ տվյալներ չեն հանդիպում[4], բնագրերից վկայություններ չկան նաև գրաբարին վերաբերող բառարաններում[5]:

Բառի բացատրության թերևս առաջին փորձը հանդիպում է Ա. Բագրատունու՝ Վերգիլիոսի («Մշակականք») թարգմանության մեջ. «…արդ առ ի ցանել ցորեան և աշտիպ, որ է ձաւար…»[6]՝ «աշտիպ» (հմմտ. աշտուճ «ցամաք հաց»), որ Հ. Աճառյանը համարում է «անգոյ բառ»[7]: Թարգմանական բնույթի աշխատություններում նույնպես հանդիպում է ձավար || ձաւար, որ համապատասխանեցվում է անգլ. groat (հմմտ. groats «ձավար») «1. ծանրության չափ, որ հավասար է մեկ կամ կես գարեհատի, 2. երեմուկ, ձավար»[8]: Ֆրանս. թարգմանության մեջ gruau («1. ձավար, 2. բարձր որակի ալյուր») նշվում է «փեճեկնին հանուած ու խոշոր աղացած վարսակ՝ ցորեն, գարի»[9]: Ռուս. Обрушать – ը թարգմանվել է «թեփը հանել, ձաւար անել»[10]: «Էրկանք» բառի բացատրություններից մեկում հանդիպում ենք. «կարծրաքարէ զոյգ մը տափակ ու բոլորչի քարեր ձաւար, վիկ մանտրցնելու ծառայող»[11]:

2.    Բարբառային և օտար տվյալներ

Հայերենի բարբառներում տարածված է ձավար-ը՝ «1. թեփահան արած ցորեն, 2. կովերի համար աղացած գարի»[12] իմաստներով: ՀԱԲ-ի «Գավառական» բաժնում կարևոր տեղեկություններ կան. «Սրանից են ձաւար անել «շատախոսել, դատարկաբանել», ձաւար հաւաքել «բամբասել», ձաւար ձաւար դուրս տալ «ցնդաբանել», ձաւրել «ցնորիլ», ձավրտել «մեծ մեծ խօսիլ»»[13]: Այս վերջին ձևերը տրված են նաև «Հայերէն գաւառական բառարանում», որոնց գործածությունը դրվում է Երևանի խոսվածքում: Նույն տեղում ձավ[ւ]րտել «մեծաբանել»  տրված է հարցականով՝ [?]: Նշվում է նաև «ձավարի ցորեն»՝ «տեսակ մը բարակ ու նիհար ցորեն», որ գործածվում է Արցախում[14]: Արարատյան բարբառում «ծեծած ցորեն» բառի փոխաբերական գործածություններն են ձաւար անել «վայրախոսել», իրար երախից ձավար հավաքել «իրար հետ անտեղի վիճաբանել»[15]: Բարբառային բառի բացատրությանը հանդիպում ենք դեռևս 19-րդ դարի վերջերին. «Եփած ձաւարը (պարսկահայերը անուանում են նրան եփուն ձաւար) պատրաստում են նոյնպէս ցորենից»[16]: Գորիսում ծա̈վա̈ր ասում են ցորենի մի տեսակին, այստեղից՝ ծա̈վա̈ր>ծիվա̈րէլ՝ «Հի՞նչ էս ծիվա̈րո̈ւմ անում», «Տո̈ւ արթէն ծիվա̈րո̈ւմ էս անում», գործածվում է «շատախոսել, խոսքը անօգուտ երկարացնել» իմաստներով: Համանուն է կազմում ծըվարել բառի հետ. «Ապարոշիդ մեջ կանանչ,/ Իբրև իժի ծըվարում./ Ալփասլանի հոգին ըզքեզ կը պսակե…» (Դ. Վարուժան, «Ջարդը», Դ.):

Ձավար բառին հոմանիշ են կորկոտ, աշտիպ[17], բլղուր: Այս վերջինը լայն տարածում ունի Մերձավոր Արևելքում[18], այլև հայերենում, որ, հնարավոր է, պրսկ. փոխառություն է[19]՝ bālğur /بلغور/, արաբ. bārğul /برغل/, թուրք. bulgur || bulğur, վրաց. burghuli /ბურღული/ և այլն: Սյունիք-Արցախ բարբառախմբում այն նոր բառ է: Այսօրվա կենցաղում ձավար անվանում են «եփած և թեփահան արված» ցորենը, բլղուր՝ «եփած, կոտրած կամ աղացած ցորեն»: Հ. Աճառյանի՝ Արցախում վկայած «*պլղորտել»[20] բառը՝ «ամպերի կույտ-կույտ հավաքվելը անձրև տեղալու համար», կարծում ենք, ձևավորվել է ոչ թե բլղուր բառի՝ «խաղողի և թթի հասունացած խյուսը» իմաստից, այլ պիրտօ̈ղ || պըլտօ̈ղ || պո̈ւլտօ̈ղ || պո̈ւրտօ̈ղ=պղտոր արմատի զորացական իմաստով բաղադրությունից:

Հայերենի ոչ վաղ վկայությունները և պարսկերենի հետ ունեցած աղերսները ենթադրել են տալիս, որ ձավար բառը հին շրջանի բարբառային փոխառություն է, որ պահպանել է ոչ մասնավոր իմաստը՝ «հատիկ, հացահատիկ»: Բայց ավելի հավանական է, որ այն ընդհանուր բառ է տարածաշրջանի ժողովուրդների համար, հմմտ. քրդ. savar «ձավար[21], բլղուր», թուրք. çavdar[22], կամ «բլղուր», վրաց. čvavi(s) /ჭვავის/ «տարեկան», Գորիսում ծա̈վա̈ր «հաճար»: Վերջինս կապակցության  մեջ նույնպես գործածվում է «շատախոսել, խոսքը երկարացնել» իմաստներով՝ հըճարին անէլ, Արցախում սրան զուգահեռ՝ հըճարէն ածել/անէլ, իմաստն արտահայտվում է նաև կարկուտ բառի բաղադրությամբ՝ լըվըկարկուտ անէլ «արագ-արագ խոսել»[23]: Պետք է նկատել, որ հատիկ բառը Գորիսում առավելապես ընկալվում է «հացահատիկ, ցորեն»[24], այլև հատ, հատիկ՝ առանձին գործածությամբ և տարբեր կազմություններում: Հատիկ բառի «ցորեն» իմաստին համանիշ է կօտ բառը՝ «կոտրատված հացահատիկ, կենդանիներին տրվող հատիկ»[25]: Հին աղօթք, երկրպագության խոսք է պահպանվել. «Ծըէթա, նօթա, հատիկը չօր, կյա̈րին կէճ, թօռ կյա̈ տափէրը նըմանա, հատիկը, կյա̈րին բուլանա, խօխան օտի մըծանա»: Գարի, ցորեն և հացահատիկային այլ բույսեր ձավար անվանմամբ չեն գործածվում:

  1. Ծագումնաբանական հարցեր

Գալով բառի ծագման հարցին՝ նկատենք, որ, այնուամենայնիվ, ստուգաբանական, բառաքննական աշխատանքներում հաստակեցված չեն արմատի արտաքին կազմի և իմաստի հարցերը: Յ. Պոկոռնին նշում է «հացահատիկ», մասնավորապես «գարի»[26]` առանց հայերեն տարբերակի վայության: Հ. Աճառյանը բառի ծագումը ըստ էության թողնում է առկախ, ներկայացնում է այլոց մեկնությունները, որոնցում արմատի ծագումը աղերսվում է ցորեն բառի հետ՝ սանսկ. yava, պրսկ. ĵav «գարի», հուն. ζειά «ցորեն» և այլն[27]: Գ. Ջահուկյանը «Հայոց լեզվի պատմության» մեջ չի անդրադառնում ձավար բառին, բայց ՀՍԲ-ում այն համարում է թերևս հ.-ե. ծագման՝ «*iuo-՝ *ieuo-«հացահատիկ, գարի, կորեկ, լիտվ. javai «հացահատիկ»» հիմքից՝ նախադիր *i>*j>ձ անցմամբ[28]:

  1. Եզրակացություններ

Նկատի առնելով հայերենի բարբառներում հանդիպող գյուղատնտեսության բնագավառի բառերի ընդհանրությունները հնդեվրոպական ցեղակից լեզուների հետ՝ առավել հավանական է, որ նաև Սյունիք-Արցախ բարբառային տարածքում պահպանված լինեն խիստ հաճախական գործածություն ունեցող անունները՝ «խոփ, ունդ, ցորեն, աղորիք, ակոս, գարի, կորեկ»[29]: Կարծում ենք, այդ բառերից է նաև ձավար բառին հոմանիշ կորկոտ-ը[30]՝ «ծեծած և թեփը հանած ցորեն կամ գարի», Սյունիք-Արցախում՝ կուրկուտ. Հ. Աճառյանը հավանական է համարում բառի հնդեվրոպական ծագումը. «g2rod- արմատից, որ կրկնությամբ տվել է նախ *կոկրոտ և տեղափոխութեամբ՝ կորկոտ, ինչպէս կարկուտ<*կակրուտ<հնխ. g2ag2rōdo-»[31]: Գ. Ջահուկյանը կորկոտ-ը նույնպես համարում է հ.-ե. ծագմամբ՝ *gogrod-` *gred- «քորել, քերել» արմատից[32]: Հ. Աճառյանը մանրամասն ներկայացրել է ցեղակից լեզուներում կորկոտ բառի ձևիմաստային աղերսները՝ «հատիկ, կորկոտ» և այլ իմաստներով[33]:

Անդրադառնալով ձավար|| ձաւար բառի՝ գրավոր և բարբառային աղբյուրներում եղած տվյալներին, նկատում ենք, որ նրա երկրորդային իմաստը՝ ձավար անել, ձավարել «մանրացնել, հատիկ դարձնել», Սյունիքում՝ ծիվա̈րէլ, ծա̈վա̈ր անէլ, «խոսքը մանրացնել, երկարացնել», եղել է առաջնային, որից էլ ձևավորվել է «աղացած հատիկ» իմաստը, որ հետագայում հիմնական իմաստն է դարձել: Ընդ որում՝ այդ նույն կիրառությունն ունի կորկոտ անել || կըրկօտէլ «շատախոսել», այլև՝ «հատիկը կեղևահան անել, ձավար անել»: Կարծում ենք՝ ձավար բառերի  քննության համար ելակետ պետք է վերցնել «հատիկ, ցորենի մի տեսակ» իմաստները, որոնցից թերևս  Սյունիքում պահպանվել է ցորենի բարակ և կարմրավուն մի տեսակը՝ ծա̈վա̈րը: Նույնը թերևս կորկոտ բառի համար՝ կորկոտ կամ կուրկուտ<կօտ-կոտ «հատիկ-հատիկ», ապա դրափոխությամբ՝ կօրկօտ || կուրկուտ:

Իմաստային քննությունը թույլ է տալիս հակվելու այն կարծիքներին, որ ձավար և կորկոտ, համապատասխանաբար՝ ծա̈վա̈ր, կուրկուտ, բառերն ունեն հնդեվրոպական աղերսներ: Դրանցից ձավար բառը հայերենի տարբերակներում տարածվել է «առհասարակ մանրացրած բուսահատիկ» իմաստով, Գորիսում պահպանվել է նեղ իմաստը՝ «հացազգիների ցեղի մի տեսակի անուն»՝ (հ)աճար, որն էլ ձևիմաստային զուգահեռներն ունի կովկասյան լեզուներում, հմմտ.՝ ճուարի, ճվավի, դզվարի, աճա, աճարաձհաճար[34]: Ս. Գրքում հանդիպող հաճար (-ոյ հոլ.) բառի իմաստները նույնպես նշում են կոնկրետ ցորենի մի տեսակ՝ «Եւ ցորեանն եւ հաճար ոչ հարան, զի անագան էին» (Ելք 932), «եւ ահա ի սնարից նորա նկանակ հաճարոյ եւ կուժ ջրոյ» (Գ Թգ 196), «կորեակ եւ հաճար ի սահմանս իւր» (Ես 2825), «ոսպն եւ ոլոռն եւ կորեակ եւ հաճար» (Եզկ 49), որ Գ. Ջահուկյանը համարում է «թերևս հնդեվրոպական՝ *ades/ados- «հաճար», նախաձևի *ad- արմատից՝ *-io- ածանցով»[35], որ անցել է կովկասյան ձևերին:

(Հ<յ)աճ-ար՝ *ad-io-, և ձաւ-ար՝ *iuo- (*ieuo- || *i̯eu̯o-) ձևերը զուգահեռելիս խնդիր է առաջանում Գ. Ջահուկյանի առաջարկած *i»*ĵ>ձ[36] անցման շուրջ:

Առաջարկում ենք հարցին նայել *ad- արմատի դրափոխված ձևով՝ *da-`աձ>ձա, որոնք հետագայում ինքնուրույնաբար զարգացել են՝ բառային տարբերակներից վերածվելով առանձին իմաստներով աղերսակից բառերի: Հետագայում ձաւար-ը ենթարկվել է -ի-ա հոլովման, որի հնարավոր ազդեցությամբ ոչ վանկարար[37] ւ ձայնակապն է առաջացել՝ ձա-ւար>*ad-io-/*aud-io (հմմտ.՝ լատ. ador «հաճար»[38]) = բրբ. ծըվարի || ծիվա̈րի || ծա̈վա̈րի:   Կարելի է լուծված համարել նաև հ.-ե. *dh (>ճ)>*gh (ձ>ծ) անցման հարցը. հմմտ.՝ աղանձ, խինդ, (խնծիղ || խնձիղ) և այլն[39]:

Այսպիսով՝ (հ)աճար՝ «ցորենի մի մանր տեսակ», բառի ձևիմաստից առաջ է եկել ձավար՝ «մանրացրած ցորեն կամ գարի[40]»`կորկոտ, իսկ Սյունիք-Արցախի բարբառային տարածքում պահպանվել է բուն իմաստը՝ (հ)աճար «ցորենի մի տեսակ»:

[1] Աւետիքեան Գ., Սիւրմէլեան Խ., Աւգերեան Մ., Նոր բառգիրք հայկազեան լեզուի, Տպարան ի Սրբոյն Ղազարու, հատ I, Վենետիկ, 1836, էջ 148 /այսուհետև՝  ՆՀԲ/:

[2] Աւգերեան Մ., Ճէլալեան Գ., Առձեռն բառարան հայկազեան լեզուի, Սուրբ Ղազար, Վենետիկ, 1865, էջ 516 /այսուհետև՝  ԱԲ/:

[3] Գիրք վաստակոց, Վանք Մխիթարա ի Ս. Ղազար, Վենետիկ,1877, էջ 207, 211:

[4] Կան որոշ բառեր, որ հնչյունական կազմով և իմաստով աղերսներ ունեն քննվող բառի հետ: Օրինակ՝ Ն. Հովհաննիսյանը XII-XVII դդ. վկայված ձեռագիր բառարաններից առանձնացրել է ծիւրեալ բառը. «Ծիւրեալ. ծմրեալ. ծնգ/կեալ. ճնշեալ. մաշեալ. հիւծեալ. հաշեալ. քամեալ. նուաւղ/զ (ել)», որ չենք կարող նախապես ընդհանրացնել քննվող բառի հետ (Հայերենի հոմանշային շարքերի համադրական քննության փորձ, Լրաբեր հասարակական գիտությունների,  թիվ 1, Եր., 2005, էջ  36): Իսկ ահա XVIII դ. նույնանիշների ձեռագիր բարառանում հանդիպում է ծիւ ծիւ առնել՝ «Ղարաբաղի բարբառում՝ «պատառոտել» իմաստով» (հղում է կատարում Հ. Աճառյանին): Հոդվածում առաջադրված հարցը, թե «ծիւ ծիւ անել և ծիլ ծիլ անել՝ «պատառոտել, մաս-մաս անել», իմաստները ո՛ր բարբառում են գործածվում» (Հովհաննիսյան Ն., Բարբառային իրողություններ XVIII դ.՝  նույնանիշների ձեռագիր բառարաններում, Բանբեր Երևանի համալ­սա­րանի, թիվ 2 (20), ԵՊՀ հրատ.,  Եր., 2016, էջ 34-35) կարելի է լուծված համարել Գորիսի բարբառի տվյալների առկայությամբ. ծիվ[ւ]-ծիվ[ւ] անէլ  (Շին. և այլուր)|| ծիլ-ծիլ անէլ, այլև՝ ծէվ-ծէվ անել «պատառոտել, մաս-մաս անել» իմաստներով հարադրական տարբերակները գործածական են: Թերևս սրանց ձևով և իմաստով աղերսակից է ծէղ-ծէղ անէլ բառը, որ գործածվում է «փայտը, քարը մաս-մաս անել, ճղել» իմաստներով, որ նշված է նաև Ա. Մարգարյանի կազմած բառացանկում՝   ծըղան «կացնով շերտ-շերտ կտրած փայտ՝ ճղոն» (Արց. նաև՝ «խոտի չորուկ, հարդ»), ծըղանէլ «փայտը ճեղքել, ճղոն անել» (Մարգարյան Ա., Գորիսի բարբառը, Երևանի համալսարանի հրատ., Եր., 1975, էջ 406): Բարբառումս ճղէլ և ծղել բառերը գրեթե նույն իմաստով են գործածում, հմմտ.՝ Ճղած կամ Ծղած քար՝ Տաթևի ջրանցի հայտնի արձանագրությունը   (այս մասին կարելի է տեսնել՝ Քումունց Մ., Պետրոսյան Հ., Տաթևի ջրանցքի և նրա հետ կապված մի քանի հարցերի շուրջ, Հայագիտություն Սյունիք, Գիտական նյութերի ժողովածու, թիվ 1, 2016, Նոր տպագրիչ, Եր., 2016, էջ 227):

[5] Միջին հայերենի բառարանը վկայում է «Գիրք վաստակոց»-ի օրինակը (Ղազարյան Ռ.Ս., Ավետիսյան Հ. Մ., Միջին հայերենի բառարան, ԵՊՀ հրատ., Եր., 2009, էջ 444):

[6] Վիրգիոս Պոբլիոս, Մշակականք, Թարգմ.՝ Ա.-Կ. Բագրատունու, Ս. Ղազար, Վենետիկ, 1847, էջ 15:

[7] Աճառյան Հր., Հայերեն արմատական բառարան, Երևանի համալսարանի հրատ., հատ. Ա, Եր., 926, էջ 222 /այսուհետև՝ ՀԱԲ/:

[8] Յակոբյան Վ. Յ., Նոր բառարան անգլիերէնէ հայերէն, Տպ. Յ. Մատթէոսեան, Կոստանդնուպոլիս, 1907, էջ 321:

[9] Բառարան ֆրանսերէնէ հայերէն, Մատենաշար «Ազդակ», Բեյրութ, 1955, Էջ 494:

[10] Дагбашяномъ А. С., Полный русско-армянскiй словарь, Скоропеч. Мнацакана Мартиросянца, Тифлисъ, 1906, с. 624.

[11] Պարսամյան Կ. Ա., Արմաղան, Տպ. Վզայիմնոսթ, Վառնա, 1909, Էջ 120:

[12] Հայոց լեզվի բարբառային բառարան (ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ), «Գիտություն», հատ. 3, Եր., 2010, Էջ 320 /այսուհետև՝ Հլբբ/:

[13] ՀԱԲ, 3, Էջ 147:

[14] Աճառեան Հ.,  Հայերէն գաւառական բառարան, Լազարեան ճեմարան, Թիֆլիս, 1913, Էջ 681 /այսուհետև՝ Աճառյան, Հգբ, 1913/:

[15] Նաւասարդեանց Տ., Բառգիրք Արարատեան բարբառի, Տպարան Մովսէս Վարդանեանցի, Տփխիս, 1903, էջ 69:

[16] Զեմլինսկի Ս., Բոյսերի գործածութիւնը Երեւանի նահանգում,  Տպ. Մարկիանոս Դ. Ռոտինյանցի, Թիֆլիս, 1899, էջ 200:

[17] Սուքիասյան Ա. Մ., Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան, ԵՊՀ հրատ.,  Եր., 2009, էջ 677:

[18] Ավելի մանրամասն կարելի է տեսնել՝ Abdalla M., Bulgur — An Important Wheat Product in the Cuisine of Contemporary Assyrians in the Middle East, Oxford symposium on food & cookery, Prospect books 1990, p. 27-37: Պրսկ. ĵou /جو/ բառի հետ ունեցած ընդհանրությունները չեն որոշակիացնում լեզվական պատանելությունը:

[19] Նշվում է թյուրք. փոխառությունների շարքում՝ չնշելով փոխատու և միջնորդ լեզուները (Фасмер М.,  Этимологический словарь русского языка, том I (перевод с немецкого О.Н. Трубачева, с дополнениями. Под ред. и с предисловием проф. Б. А. Ларина), “Прогресс”, Москва, 1986, с. 238):

[20] Աճառյան, Հգբ, 1913, էջ 912:

[21] Նաև` ինչ-որ ճաշատեսակ (Քրդերեն-հայերեն, Հայերենի-քրդերեն գործնական բառարան, Կազմ.՝ Կատվալյաան Վ. Լ., Աբրահամյան Ա. Ա., Մխիթարյան Գ. Մ., «Ասողիկ», Եր., 2016, էջ 531):

[22] Ընդ որում՝  թուրք. çavdar նշանակում է «աշորա, տարեկան», բայց Հ. Աճառյանը մամուլից առանձնացնում է նաև թուրք. բարբառային ձևերը՝ Կես. Տ. և այլն՝ zavar «ձաւար» (ՀԱԲ, 3, Էջ 148):

[23] Սարգսյան Ա. Յ.,  Ղարաբաղի բարբառի բառարան, Արցախի պետական համալսարան, Եր., 2013,  էջ 245 /այսուհետև՝ Սարգսյան ՂԲԲ/:

[24] Արցախում առավելապես գործածական է ցորեն (Դավթյան Կ. Ս., Լեռնային Ղարաբաղի բարբառային քարտեզ, ԳԱ հրատ., Եր., 1966, էջ 488):

[25] Արցախում  գործածվում է նաև դա̈ն || դա̈նա̈՝ «հատիկ, կուտ» (< danā / دانه / «1.հատիկ, հատ, 2. սերմ, 3. կորիզ, 4. կաթիլ, 5. փաթիլ, 6. հատիկ»): Սյունիք-Արցախ բարբառախմբի դընըկալէլ ||դընըկալիլ «լոբու, այլև՝ ցո­րենի, գարու պատիճը հատիկավորվելը, հատիկների հասունա­նալ»բառը, կարծում ենք, հենց այդ արմատից է:

[26] Pokorny J., Indogermanisches etymologisches Wörterbuch, II. band, “A. Francke”, Bern, 1959, p. 512.

[27] ՀԱԲ, 1, էջ 147:

[28] Ջահուկյան Գ., Հայերեն ստուգաբանական բառարան, «Ասողիկ», Եր., 2010, էջ 474 /այսուհետև՝ Ջահուկյան, ՀՍԲ, 2010/:

[29] Mallory J. P., In Search Of The Indo Europeans (Language, Archaeology and Myth), Thames and Hudson, London, 1989, p. 119.

[30] Սյունիքում առավելապես հանդիպում է Կապանում, Մեղրիում:

[31] ՀԱԲ, 2, էջ 650:

[32] Ջահուկյան, ՀՍԲ, 2010, էջ 424:

[33] ՀԱԲ, 2, էջ 650:

[34] ՀԱԲ, 3, էջ 15, հմմտ.՝ պրսկ.՝ çavdar /چاودار/ «աշորա, տարեկան»:

[35] Ջահուկյան, ՀՍԲ, 2010, էջ 440:

[36] Ջահուկյան, ՀՍԲ, 2010, էջ 474:

[37] Այս մասին կարելի է տեսնել՝ Պետրոսյան Վ. Զ., Հայկական և հնդեվրոպական երկբարբառային համակարգերը,  «Վէմ»  համահայկական հանդես, թիվ  3(51), Եր., 2015 , էջ 117:

[38] Լատինական զուգահեռը օրինակը քաղել ենք Գ. Ջահուկյանից (Ջահուկյան, ՀՍԲ, 2010, էջ 440):

[39] Այս մասին կարելի է տեսնել՝ Աճառյան Հ., Լիակատար քերականություն հայոց լեզվի (Համեմատությամբ 562 լեզուների), հատ. VI, ԳԱ հրատ., Եր.,  1971, էջ 538:

[40] Գարի բառի ծագման վերաբերյալ տարբեր կարծիքներ կան: Մ. Ֆասմերը և ուրիշներ «*аŋk-» «թեքել, ծռել» իմաստի ներքո են դնում (Фасмер М.,  Этимологический словарь русского языка, том IV (перевод с немецкого О.Н. Трубачева), “Прогресс”, Москва, 1986, с. 571-572):

Հոդվածը տպագրված է ՇԻՐԱԿԻ Մ. ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ «ԳԻՏԱԿԱՆ ՏԵՂԵԿԱԳԻՐՈՒՄ», 2019, թիվ 2, էջ 114-123:

 

More From Author

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի