«Կա ու չկա». Գորիսի թատրոնը իր բարձունքին է…

Spread the love
Նոյեմբերի 5-ին և 8-ին Գորիսի Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնը ներկայացրեց ՀՀ վաստակավոր արտիստ Շանթ Հովհաննիսյանի «Կա ու չկա» ներկայացման առաջնախաղը: Այն նվիրված էր Գորիսի թատրոնի հիմնադրման 85-ամյա հոբելյանին: Ներկայացումը վերապրումն է թատրոնի անցած ճանապարհի: Այո՛, կյանքը, որը մենք ապրում ենք, լի է բազմաթիվ անցուդարձերով. դրանք տխուր են, ուրախ, հոգսաշատ… Երբ մենք ենք ապրում այդ ամենը, չենք զգում և դրական կամ բացասական գնահատականները թողնում ենք այն ժամանակներին, որտեղ այլևս չկանք…  Թատրոնը պիտի վերծանի այդ ամենն այնպես, որպեսզի մենք կարողանանք վերլուծել երևույթներն ու դեպքերը, որի մեջ եղել ենք, բայց չենք գնահատել…  Մեր շրջապատի մարդկանց, մեզ հետ առչվող իրադարձությունները մենք արժևորում ենք այնքանով, որքանով ապրում ենք… Թատրոնը հենց այդ արժևորման խտացումն ու ցուցադրում է: «Կա ու չկա»-ն հենց այդ միտումն ունի. ողջ ընթացքում դերասանական խաղի և երկխոսության հետ ակամայից ապրում ու վերապրում ես դեպքերում պատահած քոնը, քեզ վերաբերողը, քո ապրածը… Երկխոսության կաղապարով 4 դերասաններից կազմված խումբը 4 արարով  ներկայացրեց այն միջադեպը, որ յուրաքանչյուրս ապրում ենք որպես կյանք, այնինչ նույնը դիտելիս անվանում ենք «թատրոն»: Միջավայրը մի բնակարան է, որ վաճառվել էր չորս հոգու՝ տարբեր ընկալումների ու հայացքների մարդկանց… Առաջին գնորդը (ի դեպ ամենադիպուկն էր դերակրի առումով) վերացարկում է անգույն պատի մեղավորությունը, երկրորդը՝ ցուցադրությունն էր եսերի ու դուքերի, որ երկրորդ անգամ դատարկվել էր անզորությունից, երրորդը բախտի հետ խաղացողն էր, որի բախտը նորից էր բերել, չորրորդը  մշտապես փնտրտուքների մեջ էր ու, բնակարան ունենալը նրա նպատակը չէր… Այս համատեքստով փոքր տարածքում մեծ աշխարհի դարձույթներն են շրջանառվում՝ «ազգը պախկվոցի է խաղում», «մամուլը մեզ ներկայանալի կդարձնի»… Ներկայացման մեջ առավել ընդգծված էին խորհդավոր պատկերներն ու ենթատեքստը՝ «անգույն ու մեղավոր պատ», «հատվող էներգիա», «մարդու մեջ եղած «Դուք»-երը»…
Ցավով պիտի նշեմ, որ նման ներկայացումները առհասարակ պահանջում են բարձր ինտելեկտի թատերասեր հասարակությունը, որից արդեն քանի տարի է զրկված են մեր քաղաքը, մարզը… Երբեմն էլ զարմանում ես այն մարդկանց վրա, որ հասարակության մեջ ներկայանում են որպես առաջադեմ, քաղաքացիական պատրաստակամությամբ ու արժանին լինելու և արժանավայել գնահատվելու մեծադղորդ պահանջով, այնինչ դատարկ ու փուչ է այն պետությունը, որտեղ թատրոնը այլևս դիտում են որպես շինություն…
Ինչևէ…
Փառք ու պատիվ մեր թատրոնի բոլոր աշխատակիցներին, որ այս դժվարին օրերին անգամ հնարավորություն են ընձեռում օգտվելու բարձր աշխարհի ամենաթանկ արժեքներից մեկից՝ թատերական բարձրաճաշակ ներկայացումից…
Սիրելինե՛րս, դուք եք աշխարքիս հետաքրքրությունը պահում ձեր ուսերին… «Կա ու չկա»-ի խորհրդավոր 4-ի դերով քառապատկում եք գեղեցիկն ու բարին գտնելու, տեսնելու մարդկային պարզ ցանկությունը…
Մ. Քումունց

More From Author

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի