Սյունյաց Մաղանջուղ գավառի Մազրա գյուղը. կորսված պատառներ

Spread the love

Մ. Քումունց, Զ. Ըռքոյան

Ընդհանուր նկարագրություն

Որոտանի աջափնյա լանջերին է Մազրա[1] գյուղը: Այն հավանաբար ավերվել է 18-րդ դարում, այդ պատճառով գյուղատեղին և այլ շինություններ գրեթե պահպանված չեն: Լավ վիճակում պահպանվել է 17-րդ դարի բազիլիկ հայոց եկեղեցին: Գյուղն ու եկեղեցին երևում են Գորիս-Կապան ձգվող ճանապարհի Քարահունջ-Որոտան հատվածում: Դա ուղիղ այն ճանապարահատվածն է, որ այսօր տրվել է թյուրքերին: Ուղիղ ճանապարհով Քարահունջի ծակերից-Մազրա մոտ 2-3 կմ ճանապարհ է:  Մազրա գյուղն ու նրա շրջակա ողջ տարածքը մշտապես եղել է Սյունիքի Մաղանջուղ գավառի մասը: Այն հետո տարանջատվել է բուն Մաղանջուղից (Գորիսի շրջան, Հարթաշեն և նրա հարակից տարածքներ) քրդական քոչվորների կողմից Որոտանի երկայնքով հիմնված յուրդերով, որոնք հետագայում մանր՝ 7-15 տուն ունեցող փոքրիկ գյուղակներ դարձան, ապա կազմեցին Կարմիր Քյուրդիստանի մաս, իսկ հետագայում՝ համաթյուրքական ծրագրով՝ Ադրբեջանի ԽՍՀ տարածք:

Մազրա գյուղն ու նրա եկեղեցին հիմա երևում են Սիրիջի բերդից, որը հիմա անհասանելի է, քանի որ բերդի մոտ 30%-ը ճանապարհի հետ տրվել է ադրբեջանցիներին: Մազրա գյուղը գտնվում է ծովի մակերևույթից մոտ 1300 մ բարձրության վրա՝ Որոտանի աջափնյա սարալանջին: Ժամանակին բնակելի և օժանդակ շինությունների մի մասը եղել են քարանձավային կամ քարանձավներին կից: Մաղանջուղ նշանակում է «քարայրների երկիր»[2]:

Մազրայի սարալանջին՝ դեպի արևելք, գտնվում է դամբարանադաշտ, որը վկայում է այն մասին, որ դեռ վաղնջական շրջանից այստեղ բնակություն է եղել:

Մազրա. տեղանվան բառաքննություն

Հայաստանի և պատմական Հայաստանի տարածքում կան բազմաթիվ տեղանուններ, որ կրում են Մազրա անունը: Սյունիք-Արցախ բարբառում Մազրա տեղանունը գործածվում է նաև Մացրա: Սյունիք-Արցախ բարբառային տարածքում մազրա նշանակում է «1. մշակովի հող, դաշտավայր, հանդամաս, 2. փարախ, գոմ, մակատեղի, որ գտնվում է բնակավայրերից հեռու»: Միջին հայերենին ծանոթ բառ է «արտ, շրջակա մշակելի հող» իմաստով[3]: Հ. Աճառյանը բառի վայությունը բերում է 1243թ. մի արձանագրությունից՝ որպես արաբ. փոխառություն հայերենում[4]՝ mazraa (مزرعة) «ցանքի վայր, դաշտ» < zaraa (زرع) «ցանել, սերմ ցանել»: Այս բառը ծանոթ է արևելյան մի շարք լեզուների՝ թյուրք. պրսկ. քրդ.: Մազրա գյուղանունը, հավանական է, այլ անուն է ունեցել. ըստ Ս. Օրբելյանի նշած գյուղանունների՝ չի տեղորոշվում, բայց աշխարհագրական դիրքից պարզ է դառնում, որ այն հարակից է եղել Որոտանի ձախ ափին՝ Այվազի ((Էյվազլար) այգիների դիմաց՝ մինչև Դողարի սահմանները:

Մազրայի եկեղեցին

Գյուղի եկեղեցին կառուցվել է 1694 թվականին: Եկեղեցու մուտքի բարավորի արձանագրությունը, որ պահպանվում էր մինչև 2020թ. և մասամբ քերվել էր իսլամ դավանող ցեղերի կողմից, ունի հետևյալ բովանդակությունը՝

…ԽՈՃՈՅ/ՊԵՏՐՈՍԻՆ ԵՒ ԻՒՐ ԿՈՂԱԿԻՑՆ, ՈՐԴՈՑՆ՝ ՅՈՎԱՆէՍԻՆ, / ԾՆՈՂԱՑՆ ՄԱԼԻՔՍԷԹԻՆ, ՄԱՐՈՒՆ, ԵՂԲԱ(Ր)ՑՆ ԱՌԱՔԷԼԻՆ,ՄԱՐԳԱՐԻՆ… ԱԹԻ Ռ(Ա)ՋՆՈՐԴՆ ՅՈՀԱՆԷՍ ԵՒ Տ(ԷՐ)Ն ԴԵՂ(ԻՍ)… ՄԱԼԻՔ ԿԱԼՈՒՍՏ, / ՎԵՐԱԿԱՑՈՒՆ՝ Տ(Է)Ր ՍԱՐԳԻՍՆ…, /ԹՎԻՆ ՌՃ Գ(1694):

Միակ մուտքը հարավային կողմից է՝ կամարակապ[5]: Դեպի աջ՝ պատի մեջտեղում պատուհան կա: Մուտքի աջ կողմում ագուցված է եղել 14-15-րդ դարերի մի խաչքար (115x70x20 սմ): Այն դարձյալ պատերազմի տարիներին տեղահանվել է: Խաչքարի և արևելյան կողմում գտնվող կենտրոնական պատուհանի վրա նկատվում են հրազենի գնդակների հետքեր: Գերության տարիներին եկեղեցին օտարների կողմից օգտագործվել է որպես խոտի պահեստ: Ընդհանրապես Քաշաթաղի տարածքում գտնվող շատ եկեղեցիներ, որոնք օգտագործվել են որպես մարագ, պահեստ, հացի փուռ, գոմ և այլ նպատակներով, համեմատաբար լավ են պահպանվել:

Սուրբ խորանի 2 կողմերում կան ավանդատներ, որոնք ունեն փոքր պատուհաններ: Կառուցված է բազալտ քարով: Պատերի, պատուհանների ու մուտքի անկյունաքարերը, կամարները սրբատաշ են: Եկեղեցու դիմացի անտառապատ լանջին պահպանվել է հայոց հանգստարանի տեղը, որտեղով ադրբեջանցիները ճանապարհ են բացել՝ խաչքարերն ու տապանաքարերն օգտագործելով որպես սալարկ: Բազում շիրմաքարեր էլ մնացել են անտառի տակ: Այնուամենայնիվ միջնադարյան մի քանի տասնյակ շիրմաքարեր դեռ երևում են, մի քանիսն ընկած են երեսնիվայր:

Գերեզմանատունը

Այն գտնվում է մոտ 1330 մետր բարձրության վրա, զբաղեցնում է կես հեկտարի չափ տարածք: Մի տապանաքար (183x92x12սմ) ընկած է ճանապարհի մեջտեղում, երեսի վրա ունի 3 խաչաքանդակ: Սրանից քիչ հեռու՝ փոքր բացատում, մի տապանաքարի կեսն է՝ երեսի և պահպանված կողմի վրա խաչերով: Մեկ այլ խաչքար (132x67x25սմ) ընկած է ճանապարհի աջակողմյան եզրին, մի մասը չկա, ունի մեկ խաչաքանդակ: Սրա դիմաց կանգուն է սպիտակավուն մի խաչքար (65x60x12սմ): Այստեղ եղել է նաև մի մեծ դամբարան, ցավոք ավերված է: Պահպանվել են վրայի մեծ քարերը: Շիրմաքարերի հիմնական մասը ուսումնասիրված չէ և այսուհետև առկախ է նրանց ապագան: Ամենայն հավանականությամբ, տարածքում նաև մատուռ է եղել, որը հիմնահատակ քանդվել է, իսկ սրբատաշ քարերը մուտքի հենասյուններն ու բարավորն են:

 

[1] Այն չպետք է շփոթել ապանի շրջանի Մեծ և Փոքր Մազրաների հետ (այս մասին կարելի է տեսնել՝ Սմբատյան Գ., Կապան. Հետապնդող հիշողություն, էջ 9 (անտիպ)):

[2] Այս մասին տե՛ս՝ Քումունց Մ., Մի քանի տեղանունների  ստուգաբանություն՝

պատմաազգագրական  հենքով, Հայոց լեզվի պատմական ուսումնասիրության արդի խնդիրները, Գիտական հոդվածների ժողովածու, Երևան, «Գիտություն» հրատ., 2019, էջ 210-214:

[3] Ղազարյան Ռ. Ս., Ավետիսյան Հ. Մ., Միջին հայերենի բառարան,  Երեւան, ԵՊՀ հրատ., 2009, էջ 483:

[4] Աճառյան Հր., Հայերեն արմատական բառարան, հատ. 3, Երևան, 1926, Երևանի համալսարանի հրատ., էջ 223:

[5] Այս մասին կարելի է տեսնել՝ Ըռքոյան Զ., Մաղանջուղ գավառի Մազրա գյուղը, «Հայ զինվոր» թերթ, 27.11.2013:

More From Author

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի