Լաստի սուրբը Ուրղունիշենում (Ազատաշեն-Արեգունի)

Spread the love

Բարձր վայրում է այդ սուրբը, որի շուրջ հետագայում գերեզմաններ են կառուցել: Ասում են՝ այդտեղ է թաղված նաև Աշուղ Պապը: Այդտեղ հսկա ծառերը ունեն 1000-ից ավելի տարիք: Դրանք չեն կտրել, որովհետև սուրբ են համարվել:

Սուրբը կառուցվել է մի կնոջ հիշատակի համար: Շատ տարիներ առաջ թուրքերը դաշտում սպանում են մի երիտասարդի: Այս երիտասարդի եղբայրները վրեժխնդիր են լինում՝ գիշերով այրելով թուրքերի տները: Թուրքերը գալիս են գյուղ ու պահանջում են եղբայրներին: Սրանք թաքնված են լինում և դուրս չեն գալիս: Թուրքերը, տեսնելով, որ ոչ մի կերպ չեն կարողանում իմանալ եղբայրների տեղը, գյուղից վերցնում են մի գեղեցկատես հարսնացուի ու տանում իրենց հետ՝ ասելով, որ այդ կնոջը չեն տա, մինչև եղբայրները իրենց կամքով չգան ու չհանձնվեն: Ճանապարհին ձորի մոտով անցնելիս երիտասարդ կինը իրեն ձորն է գցում, որպեսզի փրկի և՛ իր պատիվը, և՛ եղբայրների կյանքը: Ձորից ընկնելիս հագուստի փեշերը ընկնում են ձորապռնկին աճած մի ծառի վրա, ու կինը կախված է մնում: Թուրքերը չեն կարողանում իրենց ձեռքը գցել կնոջը: Կինն էլ չի կարողանում իրեն ազատել. այդպես մնում է մի քանի օր ու մահանում: Հետո գյուղացիները իմանում են այդ մասին, գնում և պարաններով ձորափեշից վերև են քաշում մահացած կնոջը, բերում թաղում Լաստի լանջին ու ծառեր տնկում:

Այդպիսով մարվում է գյուղացիների և թուրքերի վրեժը, բայց չի հանգչում ուրղունուշենցիների հավատամքը կնոջ սրբագործության հանդեպ: Այնքան զորավոր է դառնում սուրբը, որ նրա հովանությանն են հանձնում գյուղի մյուս բնակիչների հանդերձյալ կյանքը՝ շրջակայքում ստեղծելով գերեզմաններ: Իբր այդ զորավոր կնոջ պահպանությանն են հանձնում հանդերձյալ կյանք գնացող հարազատների հոգիները: Աշուղը Պապը շատ երգեր է հյուսել այդ կնոջ մասին, որի հիշատակին կառուցված սրբավայրում նա առաջինն է թաղվել:

Ասացող՝  Դավթյան Արամայիս, 70 տարեկան (Հարթաշեն), բանահավաք՝ Մ. Քումունց

More From Author

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի