Մխիթար Սպարապետի տապանաքարը Հին Խնձորեսկ գյուղում

Spread the love

Մ. Մ. Թելունց

Պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ

18-րդ դարի  20-ական թվականների  սկզբին Հայաստանի  արևելյան մասը,  այդ թվում Սյունիքը  և Արցախը,  գտնվում էին  Իրանի  (Պարսկաստանի)  լծի տակ: Պարսկաստանը  1722թ.  հոկտեմբերից   նվաճվեց   աֆղանների  կողմից:  Անդրկովկասում,  այդ թվում Հայաստանում  ստեղծվեց   անիշխանական վիճակ. օսմանյան   թուրքերը   պատրաստվեցին  զավթել Անդրկովկասը:  Իր հերթին Ռուսաստանի   սահմաններին  թուրքերի   մոտենալը  կանխելու  համար Պետրոս  I-ը սկսեց  իր  պարսկական  արշավանքը`  1722-23թթ.՝ խոստանալով  նաև աջակցել հայերին  ու վրացիներին՝  ազատագրվելու  պարսկական լծից: Դա  խրախուսեց նաև այդ ժողովուրդներին,  և հայերը   ավելի  վստահ  զինված պայքար սկսեցին  պարսիկ  և  տեղական  մյուս  մահմեդական  զավթիչների  դեմ` ազատագրելով  Արցախի  և Սյունիքի  տարածքների  զգալի  մասը: Սակայն չնայած հերոսական  պայքարին՝ նրանք   չկարողացան երկար դիմադրել 1725-1726թթ.  Սյունիք  և Արցախ ներխուժած, պարսիկներից  անհամեմատ  հզոր օսմանյան թուրքերի  մեծաքանակ բանակներին,  և ապստամբությունը`  ազգային-ազատագրական պայքարը, 30-ական թվականների սկզբներին  պարտություն  կրեց: Տարբեր  պատճառներով  չստացվեց նաև Պետրոս 1-ի խոստացած ռուսական օգնությունը: Հայ ազատագրական պայքարը  գլխավորում  էր զորավար Դավիթ  Բեկը,  իսկ նրա մահից  (1728) հետո՝  մինչ  և 1730թ., Մխիթար Սպարապետը: Խնձորեսկը՝ որպես  Սյունիքի ամուր վայրերից մեկը, իր քաջարի բնակիչներով,  հանդիսանում էր ազատագրական պայքարի կենտրոններից, ուստի Մխիթար Սպարապետը թուրքերի դեմ հաղթական ճակատամարտից հետո կարճ ժամանակով հանգրվանեց  Խնձորեսկում և որտեղ էլ սպանվեց   թուրքական   գործակալների  հրահրմամբ:

       Մխիթար Սպարապետի տապանաքարի վրա հին հայերեն  լեզվով գրված է, որ այն դրված է ի հիշատակ իշխանությամբ  օժտված, Գանձակեցի Մեծ Մխիթարի, որ նահատակվեց   երիտասարդ  տարիքում:  Տապանաքարի երկարությունը` 1.53 սմ, բարձրությունը` 60 սմ, լայնությունը` 40 սմ: Տապանաքարի  հյուսիսային կողքին քանդակված են երեք հեծյալներ, առաջինը  ձեռքին ունի կեռ սուր, երկրորդը` հրացան` դեպի ետ  դարձրած, երրորդը, որ գնում է դրանց առաջից, սպարապետն  է, ձեռքին ունի նիզակ, որով սպանում է գալարվող վիշապին: Սպարապետին դիմավորում են երկու հետիոտն մարդիկ,  առաջինի մի ձեռքին հրացան է, մյուսին` ծաղիկ, երկրորդը  հոգևորականի զգեստով է՝ ձեռքին դրոշակ, որ պսակվում է  խաչով:

More From Author

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի