Հայկական իշխանությունները կարող են համարձակորեն և վստահաբար բարձրաձայնել, որ զավթված բնակավայրերը հայկական են՝ թեկուզ վկայաբերելով Ս. Օրբելյանի ձեռագրի բնօրինակները՝ բնիկ և հայկական անվանումներով: Այլապես ոչ միայն կհաստատվեն տարածաշրջանին վերաբերող թյուրքական կեղծիքն ու ցնորաբանությունը, այլև մեր ժողովրդի, նոր սերնդի մեջ կամրապնդվի այն թյուրիմացությունը, որ, ասենք, Կատարին, Սեթանցը, Շուռնուխ, Որոտանը, Դողարն (նոր՝ էյվազլար) ու Քաշունին (նոր՝ Չայզամի) թյուրքական են: Խաղաղության հարցը չի կարող լուծվել հայկականության ուրացությամբ, արմատների մոռացությամբ, հակառակ դեպքում, իսկապես, մենք չենք կարող պահպանել պետականությունը. լավագույն դեպքում Հայաստանը կդառնա հայկական գաղթօջախ:
Ստեփանոս Օրբելյանի Պատմության հնագույն ձեռագիրը (թիվ 6271) ընդօրինակվել է 1513թ.: Այդ ձեռագրում նշված են Տաթևի վանքին հարկատու հայկական բնակավայրերի անվանումները: Հիմա երբ հայկական բնակավայրերը օտարացվում են՝ մոռանալով անգամ նրանց իսկական անվանումները, արդյոք կարող են բերել այդ ձեռագրից ավելի հին փաստեր, որոնցում Սյունիքի և պատմական Սյունիքի բնակավայրերից գեթ մեկը լինի թյուրքական անվանումով: Ավելին, չկա ակադեմիապես ազնիվ մի հեղինակ, որ, զբաղված լինելով այդ բնակավայրերի տեղադրության և ստուգաբանության հարցերով, ընդհանուր եզրահանգում չունենա. տարածաշրջանի հայկականությունը գալիս է դեռևս հնդեվրոպական լեզվաընտանիքի ճեղքման ժամանակաշրջանից (Ք.ա. IV-III հզրմ.) մինչև մեր դարերը (XX-XXI):
Աշոտ Աբրահամյանը Ս. Օրբելյանի աշխատությոնը թարգմանելիս հիմք է ընդունել նաև այդ ձեռագիրը (այլև՝ մոսկովյան և փարիզյան հրատարակությունները): Այդ առիթով հայագետը գրել է. «Դժվար էր դրանցից որևէ մեկին առաջնություն տալ, քանի որ մեկը մյուսի նկատմամբ ունի և՛ առավելություններ, և՛ թերություններ: Աշխատել ենք օգտագործել երկուսի առավելություններն ու թերություններն էլ՝ փոխադարձաբար թերությունները հարթելով: Իսկ երբ այդ դեպքերում չի հաջողվել դրական արդյունքի հասնել, հատկապես կասկածելի տեղերի համար դիմել ենք Մաշտոցյան Մատենադարանի հմր. 6271 ձեռագրին, որը ինստիտուտի տնօրինությունը սիրահոժարությամբ տրամադրել է մեզ»:
Ընթերցողին ենք ներկայացնում ձեռագիր մատյանից քաղված Տաթևին հարկատու բնակավայրերի ցուցակը՝ գրված 1513թ., ապա մասնակի լրացված ԺԴ, ԺԷ դարերում, 1730թ., 1867թ., 1901թ.: Այսինքն՝ սկսած 9-րդ դարից մինչև XX դար այդ բնակավայրերը հիշատակվել են որպես հայկական:
Այդ բնակավայրերը եղել են հայաբնակ և ընդգրկում են աշխարհագրական մեծ տարածք: Բացարձակ ճշտությամբ հնարավոր չէ տեղորոշել բոլոր բնակավայրերը, քանի որ դրանք և դրանց անվանումները փոփոխվել են ժամանակի ընթացքում (հատկապես քոչվոր ցեղերի պարբերաբար հարձակումներից): Եթե հետևենք նշված բնակավայրերի տեղադրությանը (մինչև 80% ճշտությամբ), ապա հետևյալ պատկերն է ստացվում՝
Ձեռագրի թերթերը մեզ տրամադրեց Ս. Ջհանգիրյանը:
Քարտեզը՝ http://hayrenaser.org/-ից