Զանգեզուր գավառի և Գորիս գավառակենտրոնի ստեղծման պատմությունը (XIX դար)

Spread the love

Պատմում են, որ իբր գավառապետ Կարաևը շքախմբով շրջելէ ողջ Զանգեզուրը և լուսնյակ գիշերով ընտրել Գորիս գյուղի դիմացի տափարակը, ուր սովորաբար տեղի էին ունենում տոնավաճառներ և աշխույժ առևտուր. «Գավառապետը և նրան ուղեկցող ձիավորները հիացած կանգ են առնում այս հրապարակի առջև, որտեղ արդեն հատ-հատ սկսել էին կառուցել առանձին տներ, խանութներ, արհեստանոցներ: Տեղնուտեղը միաձայն որոշվում է քաղաքը այստեղ հիմնել»:  Այսպիսով, տեսնում ենք, որ դեռ մինչև քաղաքի հինադրման վերջնական պաշտոնական որոշում ընդունելը, տափարակում արդեն կառուցված են եղել արհեսատանոցներ, խանութներ և նույնիսկ բնակելի տներ: Ուրեմն, Գորիս քաղաքի տարածքում բնակավայրի հիմնադրումը, թեկուզ տարերայնորեն, ավելի վաղ է սկսվել:

Գորիս տեղանունը պարունակող թերևս հնագույն գրավոր հուշարձանը ուրարտական Ռուսա I թագավորի (735-714թթ. Ք. ա.)՝ Սևանի լճափին Ծովինարի սեպագիր արձանագրությունն է (Գորիս տեղանվան ստուգաբանությունը տե՛ս՝ Մ. Քումունց, «Հնդեվրոպական *g´հou̯oro- արմատը Գորիս տեղանվան մեջ» )

Գորիս բնակավայրի (քաղաքի) տարիքի մասին՝ վկայակոչենք հայտնի սեպագրագետ Հ. Կարագյոզյանի խոսքերը.

«…Նուազագույն հաշւումներով 2740-ամեայ գրաւոր յիշատակութեամբ վկայուած մի քաղաք, որի շուրջը տարածուած էր հնագույն Գուրիա երկիրը»:[2]

Գորիս գյուղը իր անհարմար տեղանքով չէր կարող լիովին բավարարել գավառակենտրոնի պահանջները, որտեղ պետք է լինեին մի շարք պետական հիմնարկներ՝ գավառային վարչություն, դատարան, գանձարան, ոստիկանական, բժշկական և այլ ծառայություններ:

Գորիս քաղաքը հիմնադրվեց ու զարգացավ ի հաշիվ հնագույն Գորայք-Գորես-Կյորես բնակավայրի: Գյուղը կամ շենը ինչքան էլ ցավալի տարավ իր մայրամուտը, այնուամենայնիվ նրան տվեց իր կենսահյութը և նվիրական Գորիս-Կյորես անունը: Լեոն վկայում է, որ նոր հիմնադրված քաղաքի հայրերը քաղաքի համար նոր անուն էին պատրաստել, բայց բնական է, որ հաղթել է Գորիս-Կյորեսը: «Պալտոնավորների» օտարաբան միտքը թերևս իր հետքն է թողել միայն ռուսական պաշտոնական գրություններում նշվող Գերյուսի կեղծահունչ անվան մեջ: Հին ու նոր կյորեսների, ծնվող քաղաքի և մեռնող գյուղի պայքարը խորությամբ և մեծ գեղարվեստական շնչով նկարագրել է Ակ. Բակունցը: Այդ հակադրության մասին խոսում է նաև Լեոն:

Հնաբնակ գորիսեցիները մեկ առ մեկ կարող են թվարկել գորիսյան շինարար վարպետների անունները, նրանց տոհմերը: Այդ տոհմերից մի քանիսի ժառանգներն արդեն 100-150 տարի՝ չորրորդ, հինգերորդ, նույնիսկ վեցերորդ սերունդով շարունակում են որմնադիրի, քարագործի, քանդակագործի պապենական մենաշնորհ արհեստը: Իրավացի է Նուբար Պապուխյանը, երբ գրում է. «Քաղաքի ճարտարապետության մեջ Զանգեզուրի ժողովրդական ավանդական գծերն այնքան ակնբախ են ներկայացնում, որ անհնար է անջատել այն ժողովրդի ստեղծագործական ժառանգությունից»:[3] Այնպես որ Գորիսի հմայքը և ճարտարապետական արժեքը ոչ այնքան քաղաքի հատակագծման մեջ է (որն հանիրավի վերագրվում է ինչ-որ մի գերմանացու), այլ նրա կառույցների, շենք-շինությունների, դրանց արտաքին դիտարկելի լուծումների, ասել կուզի գորիսեցի շինարար-վարպետների տաղանդի դրսևորման մեջ է: Իսկ ինչ վերաբերում է քաղաքի հատակագծմանը, ապա երևի թե կատեգորիկ-արմատական նշանակություն ունի քաղաքի մեծանուն զավակի՝ Ակսել Բակունցի հաղորդումը: Իսկ նա գրում է. «Այսպես՝ մի փողոցը կոչվում էր Մանուչար Բեյի փողոց, մյուսը՝ թագավորական, երրորդը՝ նահանգապետ Կավալյովի անվան, չորրորդն այն առաջին գավառապետի, որ ռազմական աչքաչափով նկարահանել էր գետահովիտը, ապա քանոնով բաժանել հավասար վանդակների, յուրաքանչյուրը չորս հարյուր քառակուսի սաժեն»: [4] Գորիս քաղաքի հիմնադիրները եղել են Մանուչար Բեկ Մելիք-Հյուսեինյանը և Ակսել Բակունցի հիշատակած Զանգեզուրի առաջին գավառապետը՝ Ն. Ստարացկին:

Գորիս քաղաքի հիմնադիրներից Մանուչար բեկ Մելիք-Հյուսեինյան, Գորիսի նշանավոր մելիքական տոհմի ներկայացուցիչը: Այս բացառիկ նկարը տպվել է «Ազգագրական հանդես»-ի 1898 թ. թիվ 2-ում:
Գորիս քաղաքի հիմնադիրներից Մանուչար բեկ Մելիք-Հյուսեինյան, Գորիսի նշանավոր մելիքական տոհմի ներկայացուցիչը: Այս բացառիկ նկարը տպվել է «Ազգագրական հանդես»-ի 1898 թ. թիվ 2-ում:

Հ. Միրզոյանի «Հայրենի եզերք» գրքում գրված է, որ կիևցի ճարտարապետ Գալինա Պոլյակովան որպես զբոսաշրջիկ լինելով Գորիսում և լսելով Ստարացկու մասին, վերադառնալով Կիև ու հետաքրքրվելով Ստարացկու ով լինելով, նամակով գրել է. «Ն. Պ. Ստարացկին (Ստարիցկի) ուկրաինացի գրող և թատերագետ Միխայիլ Ստարիցկու տոհմաճյուղն է, լեհական ծագումով, ծնված Պոլտավայի նահանգում, մոտավորապես 1822-1825 թվականներին: Ըստ պատմածների, ուներ գեներալի աստիճան և ծառայել է Անդրկովկասում»: [5]

Գորիս քաղաքի կառուցումը ղեկավարել և նշահարման աշխատանքները կատարել են ինժեներներ Ջանուշյանը, Խարչենկոն, Կոշլովը: Ջանուշյանը եղել է նաև ընդհանուր շինարարական աշխատանքների ղեկավարը: [6]

Գորիսի տափարակի առաջին շինությունները հավանաբար եղել են ռուսական բանակի զորանոցները, որոնք կառուցված են եղել թերևս այն ժամանակվանից, երբ Գորիսը դարձել է ռուսական սահմանամերձ ռազմական հենակետ: Այդ մասին պարզորոշ վկայություն է տալիս Ակ. Բակունցը. «Գետի կամրջով գյուղից հեռացավ նա, որ ոսկի ուներ, և, երբ բարձրացան մելիքների ջրաղացի գլուխը, մի անգամ էլ նայեցին հսկումի կանգնած ժայռերին, քոչը վայր դրին սպիտակ զորանոցի մոտ և տափարակի վրա փորեցին նոր տների հիմքերը: Այսպես առաջացան քաղաքի տները»: Գորիս քաղաքի կառուցապատման աշխատանքները հիմնավոր բնույթ ստացան 1870 թվականից: Հետազոտողների մեծ մասն էլ այդ թվականը համարում է Զանգեզուր գավառի կենտրոն Գորիս քաղաքի հիմնադրման տարեթիվ: Հայ քաղաքաշինության և ճարտարապետական արվեստի մասնագետները գտնում են, որ Գորիսում առկա է քաղաքի կառուցման ժողովրդական ստեղծագործությունը:

Թեկուզ փոքր տարածքի վրա, բայց հարթ տեղանքը թույլ է տվել կատարելու Գորիս քաղաքի կանոնավոր հատակագծման նախագիծ: Հինգ երկայնակի և հինգ լայնակի փողոցներ ուղիղ անկյան տակ հատել են միմյանց և ստեղծել կանոնավոր թաղամասեր: Այդ թաղամասերը քաղաքի կենտրոնում ունեցել են ավելի փոքր չափսեր՝ 106×106 մմ, իսկ կենտրոնից հեռու ավելի մեծ չափսեր՝ 106×212 մմ: Փոքր կենտրոնական թաղամասերը բաժանված են եղել 6 տնատեղ-հողամասերի՝ յուրաքանչյուրը 400 սաժեն (1800 մ2) տարածքով, իսկ ոչ կենտրոնական թաղամասերն ունեցել են նույն տարածքով 12 հողամասեր: Հետագայում այդ չափսերը՝ կապված սեփականատերերի ժառանգների կողմից նոր տների կառուցման հետ՝ խախտվել են: Մեկ լայնական (ներկայիս Կոմիտաս) և մեկ երկայնական (Անկախության) փողոցներ ունեն 21 մ լայնություն, իսկ մնացածները՝ 17 մ լայնություն: Նշահարողները ենթարկվել են Ռուսաստանում 1742 թ. գոյություն ունեցող հրամանին, որով Մոսկվայի փողոցների լայնությունը սահմանված է եղել 8 սաժեն: 1752 թ. այդ չափսերը փոխվել են մինչև 10 սաժեն, որը կազմում է մոտ 21 մ:

Քաղաքի հատակագծման ժամանակ նախ և առաջ հաշվի է առնվել շուկայի գոյությունը: Քաղաքի կառուցապատման միջուկում պահպանվեց առևտրական կենտրոնը՝ ընդարձակ հրապարակով և քաղաքային զբոսայգով: Սակայն անհիմն չէ և այն ավանդական զրույցը, ըստ որի քաղաքի հատակագծման հիմքում ընկած է եղել քրիստոնեական խաչի պատկերի գաղափարը: Մեկ կենտրոնական լայնակի և մեկ կենտրոնական երկայնակի մյուսներից ավելի լայն փողոցները հատվել են քաղաքի հարթության ուղիղ կենտրոնում և կազմել մի հսկայական խաչի պատկեր: Այդ վարկածի օգտին է խոսում և այն, որ հսկայական խաչի թևերի հատման կետում կառուցվել է քաղաքի ամենաբարձր շենքը՝ ոսկե փայլփլուն գմբեթներով ռուսական ժամը: Եկեղեցու կառուցումն ավարտվել է 1897 թ.: Սպիտակ բազալտ քարից կառուցված այդ եկեղեցին քանդվել է 1926 թ:

Գորիսում քաղաքի կառուցապատման հենց սկզբից ուշադրություն է դարձվել նաև քաղաքի արտաքին հարդարանքին ու կոմունիկացիաներին: Փողոցներն անխտիր ունեցել են հետիոտն երթևեկելի մայթեր, առուներ և այգին ջրելու համար օգտվել են այդ առուներից, առանց խախտելու քաղաքի սանիտարական կարգ ու կանոնը: Քաղաքի փողոցներում սկզբից ևեթ արգելվեց խոտ ու հունձ կրողների երթևեկը, անասունների նախիրների անցուդարձը: Այդ պատճառով Գորիս գյուղի անասնատերերը, քաղաքի հասցեին հայհոյանք տեղալով, օգտվում էին Վարարակնի ուղղությամբ ձգվող հին ճանապարհից:

Այսպիսով, XIX դարի երկրորդ կեսին Սյունյաց հինավուրց լեռների գրկում ձևավորվում է մի քաղաքային բնակավայր:

Ընդհանրապես Սյունիքում և մասնավորապես Գորիսի շրջանի տարածքում երբևէ խոշոր քաղաքներ չեն եղել: Հայտնի է, որ Սյունիքի հնագույն մայրաքաղաքը՝ Շաղատը և կամ միջնադարյան Կապանը, եղել են պարզապես խոշոր ավաններ: Գորիսի տարածքում ևս եղել են խոշոր ավաններ՝ ինչպես Շինուհայրը կամ Տեղը: Բայց դրանք հին կամ միջնադարյան Հայաստանի քաղաքների հետ համեմատվել չեն կարող: Հիմնադրվող Գորիսը միանգամից քաղաք չդարձավ՝ այն պարզապես հիմնվեց որպես վարչաառևտրական կենտրոն, որի ընդարձակման տեմպերը պայմանավորված էին լեռնային պայմանների ընձեռած սուղ հնարավորություններով և երկաթուղու բացակայությամբ:

[1] Հին հայկական Գանձակ քաղաքն է, ներկայումս՝ Գյանջա: Քաղաքը Ելիզավետպոլ է անվանվել ի պատիվ Ալեքսանդր 1-ին կայսեր կնոջ:

[2] Յովհաննէս Կարագեոզեան, Հայկական լեռնաշխարհը սեպագիր աղբյուրներում, հատոր I, Գիրք 1, Երևան, 1998, էջ 135:

[3] Պապուխյան Ն., Սյունիքի ժողովրդական ճարտարապետությունը, Երևան, 1972, էջ 36:

[4] Բակունց Ա., Երկեր, 3-րդ հատոր, Երևան, 1982, էջ 465:

[5] Միրզոյան Հ., Հայրենի եզերք, Երևան, «Հրազդան» 2000, էջ 23:

[6] Հախվերդյան Ս., նշվ. աշխ., Երևան 2005, էջ 180:

More From Author

1 comment

Comments are closed.

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի