Նկարները տե՛ս՝ «Տավերս» մշակութային հասարակական կազմակերպություն
1906-ի օգոստոսի այս օրերին,բռնկվել էին հայ-թուրքական կռիվները և Ղափանում կյանքի ու մահվան սահմանագծին էր դրված այն ամենը ինչ հայկական էր :
Օգոստոսի 10-ին արևելյան կողմերից Ղափան ներխուժած թուրքերը հարձակվեցին Կավարտի վրա, բայց պարտվելով՝ փախան: Օգոստոսի 11-ին ջանբեզարները, հավաքվելով Ղաթար գյուղում, պատրաստվում էին հողին հավասարեցնել Կավարտը: Թուրքերի ծրագիրը հայտնի դարձավ Ղափանում գտնվող ՍԵԲԱՍՏԱՑԻ ՄՈՒՐԱԴԻՆ, ՈՐՆ ԻՐ 20 հերոս զինակիցներով եկավ Կավարտ, իր շուրջը համախմբեց ՂԱՓԱՆՑԻ մարտունակ ուժերին և պատրաստվեց պաժիչ արշավանքի: Մուրադի 20 զինակիցների անունները ՊԱՏՄՈՒԹՅԱՆԸ հայտնի են շնորհիվ Ջանունի- Սահակ Տեր Աստվածատրյանի ձեռագրերի խունացած էջերի. « Մուրադը իր 21 ընկերներով՝ Մուրադը, Կայծակը(Առաքել աղան), Պրն. Ավետիսը, Մկրտիչը, Գևորգը, Վահանը (Ամատունի), Ոսկանը, Գրիգորը, Գալոն, Բաղդասարը, Հարութը, Սրգեն, Սագոն, Խաչոն, Սմբատը, Ալեքսանը, Դրոն, Քյուրտ Խաչոն, Ստեփանը, Մյուս Վահանը, Եղիան: Վախճանվել է կռվի դեպքից Գալոն, վիրավորվել են ծանր՝ Առաքել Աղան՝ Կայծակ, Քյուրտ Խաչոն և Եղիան և թեթև Վահան և Հարութ»:
Հայդուկների հետ միասին Ղաթարի վրա գրոհեց Ղափանի ուժերի ընտրանին: Նրանց այստեղ էր բերել ազգային արժանապատվության զգացումը: Օգոստոսի 12-ի գիշերը, երբ ընթանում էր ջանբեզարների հավաքը, եղավ գրոհը: Կեսօրին մոտ գյուղի դիմաց հայտնվեց Սեբաստացին և կոչ արեց հանել խաղաղ, անմեղ բնակչությանը: Խաղաղ բակչությունը հավաքվում են եկեղեցում և մզկիթում, որոնց Մուրադի հրամանով ապահով կերպով հանում են գյուղից և ուղեկցում մոտակա թուրք գյուղերը: Այդպես է եղել, դա է ճշմարտությունը: Կռիվը տևեց 15 ժամ, զոհվեցին քաջեր, որոնց մեջ էին Կալոն (Գալո) և Շիկահողցի Քաջ Պապին: Նրանք թաղվեցին Կավարտի Սբ Գևորգ եկեղեցու բակում, նրանց վերջին հրաժեշտը տվեց Մուրադը: Ղափանում կռիվները շարունակվեցին մինչև սեպտեմբեր… և ապշելու բան՝ կյանքի և մահվան սահմանագծում հայտնված գյուղերում դպրոցներ էին բացվում, երեխաներին կրթում էին քահանաները և ուսուցիչները: Եվ դա շնորհիվ Գասպար Տեր Մարգարյանցի ու Աստվածատուր Վաչյանի: Իսկ Կավարտի եկեղեցին, Սրբազան գերեզմանները, մասունքները, մի քանի բուռ պղնձի համար քերվեցին հողի երեսից ու գլորվեցին անհատակ ձորը: Այդպես էր և Է:
ՍԱ Է ԴԱՌԸ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱՆՑՅԱԼԻ ԷՋԵՐԸ ՍՐԲԱԳՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՉԵՆ
******
ՀՈԳԵՎՈՐ ԿՅԱՆՔԸ ԱՅՍ ՕՐԵՐԻՆ
Արտակ եպիսկոպոսի հայտարարությունը Սյունիքի թեմում տիրող վիճակի մասին:
16 օգոստոսի 1923թ. Գորիս
( Հիմք՝ Սանդրո Բեհբության, Վավերագրեր հայ եկեղեցու պատմության)
ՆՈՐԻՆ ՍՈՒՐԲ ՕԾՈՒԹԵԱՆ
ՎԵՀԱՓԱՌ ՀԱՅՐԱՊԵՏԻ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ
Տ.Տ. ԳԷՈՐԳԱՅ Ե
ՍԻՒՆԵԱՑ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴԻՑ
ԱՄԵՆԱԽՈՆԱՐՀ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ
Թեմի վիճակը եկեղեցիների, քահանաների կողմից նոյնն է: Երկու քահանայ վախճանուել են : Իսկ կրօնական տեսակէտից թեմի վիճակը ծանր է կուսակցականների և գիւղական գործկոմների ճնշումների տակ: Ուրիշ փոփոխութիւն չկայ:
Մատչելով ի համբոյր Օծեալ Աջոյն
Ձերդ Վեհափառութեան ամենախոնարհ որդի՝
ԱՐՏԱԿ ԵՊԻՍԿՈՊՈՍ
ՀՀ ՊՊԿԱ, ֆ. 57, ց. 3, գ. 542, թ. 13, ձեռագիր, բնագիր:
N 131
Արտակ եպիսկոպոսի նամակը Գարեգին եպ. Հովսեփյանին՝ իր Էջմիածին վերադառնալու ցանկության, Լուկաշինի՝ հոգևորականության հասցեին արած քննադատության և այլ հարցերի մասին:
17 օգոստոսի 1923 թ.
Գորիս
Գերապատիւ Գարեգին սրբազան
…մի րոպէ կարծելով թէ պէտք է գամ, ստացածս սպիտակ կտորը շապկացու թողեցի Էջմիածին, չուզեցի բեռ դարձնել: Այժմ բոլորովին առանց սպիտակեղէնի եմ մնացել: Կալուածների խնդիրը դեռ չի վերջացել: Շատ եմ չաչարուել: Միջոցներից զուրկ լինելով, երկու անգամ ոտքով Տաթևից Գորիս եմ գնացել և վերադարձել, որովհետև վանքը ոչինչ չունի քրէհ տալու: Իսկ մեր գիւղացիք էլ է՛ն գլխիցն են ուզում: Վերջապէս մի շաբաթ առաջ վանքի համար մէկ ձի եմ առել, երեք հատ խալիչա տալով , և ազատուեցի քրէհ տալուց: Այստեղ որոշումն են կայացրել իմ խնդրիս համաձայն վերադարձնել մի քանի կտոր կալուածները վանքին (գոնէ այդպէս են հաւատացնում) և ուղարկել են Երևան յուլիսի 14-ին, բայց մինչև այժմ պատասխան չունեմ…
…Չգիտեմ ինչպէս է այդտեղ, բայց այստեղ ժողովուրդը խիստ ճնշուած է: Մարդ չի երևում:
Եթէ կալուածների խնդիրը յաջող ելք ունենայ, վանքի նորոգութիւնը կսկսեմ: Երկու արտ ունեմ, հնձել եմ տուել և վանք քաշել: Վանքի բակում էլ կալ եմ պատրաստում կալսելու համար: Գարնան ցանքսերս փչացել են: Առհասարակ այս տարի ոչ մի տեղ գարնան ցանքս չկայ: Հացսպակաս կլինի, իսկ աթոռահաս ոչ մի արդիւնք չկայ:
Երկու շաբաթ է անընդհատ անձրև է գալիս: Արտերը ոտքի վերայ ծլել են: Կալերի մէջ ցորենները ծլել են, սարերը ձնել է: Գորիսի մօտի սարերը, Տաթևի շրջակայ սարերը ձիւնով է ծածկուած: Այսպիսի բան չեն յիշում ծերերը:
Ձեզ առողջութիւն և յաջողութիւն ու ողջոյններ՝
Ձեր ԱՐՏԱԿ ԵՊԻՍԿՈՊՈՍ
ՄԱՄ, Գարեգին արքեպ. Հովսեփյանի արխիվ, թղթ. 96, վավ. 892:
ԻՆՉ ՈՐ ԵՂԵԼ, ԵՂԵԼ Է
1909թ. օգոստոսի 12- Վաչագանում ծնվել է Սոս Նուրիջանյանը:
1916 թ. օգոստոսի 18-ին Գրոզնիում ծնվել է Նորաշենիկի Մելիք- Աղամիրյան անվանի տոհմի զավակ Գոգա Գրիգորի Աղամիրյանը (Աղամիրով): Օդաչու էր, կատարել է մի շարք ֆանտաստիկ թռիչքներ, կատարել հերոսական գործողություններ: Արժանացել Խորհրդային Միության հերոսի կոչման: Մահացել է 1996-ին, Վորոնեժում: Նրա մասին՝ Կ. Հարությունյանի «Սյունիքի զավակները Մեծ Հայրենականում» և Մուրազ Սարգսյանի «Զանգեզուրի անմահ արծիվներ» գրքերում: Ի դեպ, Մելիք- Աղամիրյանները հայրենիքին պարգևել են աննման զավակներ:
1937 օգոստոսի11 — Ղափանի բանվորական ակումբում տեղի ունեցավ շրջանային ակտիվի ժողովը, որին մասնակցում էր շուրջ 150 կուս․ քարտուղարներ և գյուղխորհրդի նախագահներ: Ծանր ժամանակներ էին՝տարեթիվն է հուշում. Ամեն մեկն իր կաշին էր փրկում, ավելորդ մի խոսք, մի արտահայտություն, նույնիսկ մի հայացք, կարող էր ճակատագրական լինել: Էլ չենք խոսում դանոսչիկների ու մտերիալ թխողների մասին, որոնք անպակաս էին այն ժամանակ և անկեղծ ասած ծլեցին նաև մեր օրերում՝
անիրավասու և կիսագրագետ, վախկոտ չինովնիկության պայմաններում: Այն տարիների չարիքների բույնը նաև կիսագրագետներն էին: Կարո՞ղ էին արդյոք նրանք հանդուրժել հայտնի լեռնագործ Աղասի Կնդեղցյանի գոյությունը, ահա թե ինչու ժողովը հենց նրա հարցն էր քննում: Ժողովականների լուռ համաձայնության պայմաններում Լեռնագործը որակվեց ժողովրդի թշնամի, սրիկա, վնասարար,հակահեղափոխական և այլն և այլն:
1937 օգոստոսի 12- Կայացավ Ղափանի շրջկոմի պլենումը, որտեղ բոցաշունչ ելույներ ունեցան վնասարարներ Կնդեղցյանի, Բարսուկովի և Մարտիրոս Մովսիսյանի դեմ: Երեքն էլ հեռացվեցին շրջկոմի կազմից: Իսկ նրանց դեմ ելույթ ունեցածների մի մասը հետո մեղադրվեց վնասարարության մեջ ու աքսորվեց:
1937 օգոստոսյան այս օրերին Ղափանում և Քաջարանում համերգներ էր տալիս Սայաթ- Նովայի անվ. համույթը երգիչ Վաղարշակ Սահակյանի գլխավորությամբ: Բանվորների և գյուղացիների ջերմ ծափահարություններին երգիչն արժանանում էր հատկապես այն ժամանակ, երբ հնչում էր «Ջան Ստալին, ջան Ստալին» երգը:Այպիսին էր երկդեմ երկրի մեր փոքրիկանկյունը տասնամյակներ առաջ:
1938թ. օգոստոսի 17-ին Լենհանքերի հիվանդանոցում մահացավ ճանաչված հանքափոր, ստախանովական , ՀԽՍՀ գերագույն խորհրդի պատգամավոր Վահան Անդրեասյանը: Նա ընդամենը 34 տարեկան էր, կոմբինատի առաջին ստախանովականը: Կարիքը, ոգևորությունը, աշխատանքային ծանր պայմանները ջահելներին հանք էին տանում, որտեղ էլ վաստակում էին հայտնի հիվանդությունը, որի դեմ այն տարիներին անզոր էր բժշկությունը: Հանքը խժռում էր նվիրյալներին:
Հանքափորը թաղված է հայրենի Արծվանիկում:
1965թ. օգոստոսի 19-ին Կապանում ծնվել է ազատամարտիկ Սենիկ Հրանտի Մարտիրոսյանը, զոհվել է Հորադիզում:
Օգոստոսի 13-ին Արա Ջիվանշիրի Կոստանդյանի ծննդյան օրն է: Ծնվել է Կապանում, 1966-ին:
1972թ. օգոստոսի 18-ին «ՅԱԿ 40» ինքնաթիռը վայրէջք կատարեց Կապանի օդակայանում: Սա մեծ իրադարձություն էր, որին երկար էին սպասել: այս առթիվ օդակայանում տեղի ունեցավ հանրահավաք, ողջույնի խոսք ասաց շրջկոմի առաջին քարտուղար Ռաֆիկ Մինասյանը, որի դերը այս և նման գործերում անուրանալի է: Խոսեց նաև քաղավիացիայի վարչության պետ Դ. Ատբաշյանը:
1977թ. օգոստոսի16-ին Բեխ գյուղում բացվեց Երկրորդ աշխարհամարտում 40 զոհված համագյուղացիների հուշարձանը: Հուշարձանի հեղինակը և կառուցողն է Ռազմիկ Հայրապետյանը: Ժապավենը կտրեց երկու զավակ կորցրած Դիլբար մայրիկը:
1992թ օգոստոսի 14-ին զոհվել է ազատամարտիկ Սոս Խաչատուրի Բաբայանը: