Սյունիքի վարչաքաղաքական իրավիճակը 19-րդ դարի առաջին քառորդում

Spread the love

Խմբագրական, համառոտություն

Թուրք-պարսկական պատերազմն ավարտվեց 1639թ. Ամիդում (Դիարբեքիր) կնքված պայմանագրով: Այն գրեթե կրկնությունն էր 1555թ. Ամասիայի պայմանագրի, որով պատերազմի թատերաբեմի վերածված Հայաստանը բաժանվեց երկու բռնապետությունների միջև: Սահմանը ձգվում էր Ախուրյան գետով՝ մինչև նրա ստորին հոսանքի մոտ գտնվող պատմական Երվանդաշատ քաղաքի մոտակայքը, ապա թեքվում էր դեպի արևմուտք, կտրում Արաքսը, Կողբից հարավ-արևմուտք հասնում Հայկական պար լեռնաշղթային,այնուհետև ձգվում դեպի արևելք՝ մինչև Մեծ ու Փոքր Մասիսների թամքոցը,այնտեղից հարավ-արևելք՝ մինչև Մասիսը Կոտուր լեռնաշղթայի հյուսիսային վերջավորության հետ կապող բլրաշարքերը, հասնում Կոտուր և Զագրոշ լեռնաշղթայի ջրբաժան գծերին:
Այսպիսով, Թուրքիային անցան Այրարատ նահանգի հարավային գավառները, Տուրուբերանը (Տարոնը), Վասպուրականի մեծ մասը, Վան քաղաքը, Աղձնիքը, Ծոփքը, Բարձր Հայքը, Կորճայքը, Մոկքը: Հայաստանի մնացած շրջաններն անցան պարսկական տիրապետության տակ:
Արևելյան Հայաստանում ստեղծվեց երեք խանություն՝ Երևանի, Նախիջևանի և Ղարաբաղի, որոնք իրենց մեջ էին ներառում Պարսկաստանին անցած տարածքների մեծ մասը: Ամենամեծը Երևանի խանությունն էր, որն ուներ 15 մահալ (գավառ): Մահալներն իրենց հերթին բաժանվում էին նայիբների (գյուղական համայնքների):
Հալածանքների և հարստահարությունների ասպարեզի վերածված Հայաստանի երկու հատվածներում էլ, բնական է, վերացվում էին քաղաքական ազատությունների հետքերը՝ իրենց տեղը զիջելով իրավական ու կրոնական ճնշումներին:
Նկատի ունենալով այս անտանելի կացությունը՝ իր զեկուցագրերից մեկում 1819թ. Ա. Գրիբոյեդովը գրում էր. «Հուզված եմ այն բանից, ինչ տեսա ու ճաշակեցի, ես փոխադրվել եմ 200 տարի սրանից առաջ եղած մեր հայրենիքը»:
Տնտեսական, ազգային, կրոնական հալածանքները գնալով խորանում էին՝ վտանգավոր կացություն ստողծելով հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար:
XIX դարի սկզբներին լարվեցին Պարսկաստանի, Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունները: Ասիական բռնատիրությունները, օգտվելով Անգլիայի ու Ֆրանսիայի աջակցությունից, իրենց ջանքերն ուղղում էին Ռուսաստանի նպատակները վիժեցնելու խնդրին: Պայքարը ավելի քան սուր բնույթ էր կրում, որովհետև ռուսական հաջողությունների դեպքում վտանգի տակ էր դրվում Անգլիայի և Ֆրանսիայի մերձավորարևելյան քաղաքականությունը, սպառնալիք էր ստեղծվում Հնդկաստան տանող ցամաքային ուղիների նկատմամբ: Դեպի նոր շուկաներ Ռուսաստանի ձգտումները հանգում էին նախ Սև և Կասպից ծովերին տիրանալուն, ապա՝ նաև նեղուցներով դեպի Միջերկրական ծով ազատ ելք ձեռք բերելուն:
Գաղտնի ու բացահայտ հանգուցալուծումներն առավել թեժացան, երբ 1801թ. Արևելյան Վրաստանը միացավ Ռուսաստանին: Ալեքսանդր 1-ինի հրովարտակը Սիոնի եկեղեցում կարդաց Հովսեփ Արղության կաթողիկոսը: Համաձայն հրովարտակի՝ ռուսական տիրապետության տակ անցան նաև Լոռի-Փամբակի, Շամշադինի, Ղազախի շրջանները: Թուրքիան ու Պարսկաստանը՝ ստանալով Ֆրանսիայի ու Անգլիայի հովանավորությունն ու օժանդակությունը,ծրագրում էին ոչ միայն պատնեշ ստեղծել Ռուսաստանի առաջխաղացման ճանապարհին, այլև ետ մղել նրան ու վերականգնել իրենց կորցրած դիրքերը:
Ահա այսպիսին էր իրավիճակը, երբ 1804թ. բռնկվեց ռուս-պարսկական առաջին պատերազմը: Չնայած թվական գերազանցությանը՝ պարսկական զորքերը պարտություն կրեցին, ինչն էլ ստիպեց Ֆաթ-Ալի շահին հաշտություն խնդրել:
Սյունիքի հայ մելիքները գերադասում են ընդունել Շուշիի Փանահ խանի գերիշխանությունը: Տեղ գյուղի մելիքական ամարաթի գմբեթավոր դահլիճի դռան բարավորին կարդում ենք. «Թվ: ՌՄԼԲ: (1783թ.) ի վաելումն Մէլիք Բարխուդարի որթի Դավիթ Պէկս շինեցի այս ամարաթս Իբրայիմ խանի ժամանակօվն»:
Կարճ ժամանակամիջոցում ջիվանշիր խաշնարած ցեղի ներկայացուցիչ Փանահը կարողանում է հաստատվել Արցախ-Ղարաբաղում, Մելիք Շահնազարի օգնությամբ 1752-54թթ. կառուցում Շուշիի անառիկ ամրոցը, պառակտում Ղարաբաղի հայ մելիքներին, ստեղծում Ղարաբաղի ընդարձակ խանությունը և նույնիսկ դրամ կտրում: Նա համարյա առանց պայքարի իր գերիշխանության տակ է առնում նաև Սյունիքի մեծ մասը՝ մինչև Նախիջևանի սահմանները: Սկսվում են Սյունիքի պատմության ամենածանր ու տագնապներով լի ժամանակները: Լեռնաշխարհում ազատորեն սկսում են տեղաշարժվել ու տիրություն անել մահմեդական քրդական ու թուրքական ցեղերը, որոնք վայելում էին Ղարաբաղի իրենց կրոնակից խանի աջակցությունը: Հաճախակի են դառնում հայերի դավանափոխության դեպքերը, որի պատճառով բախտախնդիր, թուլամորթ կամ պարզապես դավաճան մարդիկ Ղարաբաղի խանի մոտ կարողանում են ձեռք բերել հողատիրական իրավունքներ, տեր դառնալ կալվածքների, առանձին գյուղերի: Այդ ժամանակներից է, որ լեռնաշխարհի գետերի, լճերի, աղբյուրների, արոտավայրերի, լեռների ու սարերի, անտառների, ճանապարհների և աշխարհագրական այլ տեղանունների հայերեն անվանումները փոխարինվում են կամ պարզապես թարգմանվում են թուրքերեն՝ Ղարաբաղի խանության պաշտոնական լեզվով: Դա մեծ հարված էր հայ ազգային ինքնությանը, որի հետքերը թերևս մինչև այսօր նկատելի են:
XVIII դարավերջը լեռնաշխարհի բնիկների՝ հայ ազգաբնակչության համար ակնկալիքների ժամանակաշրջան էր: Սյունիքը մտնում էր Ղարաբաղի խանության մեջ, իսկ վերջինս էլ մաս էր կազմում պարսկական պետության: 1762թ. Ղարաբաղի խան դարձած Իբրահիմը հորից հետ չէր մնում ո՛չ զորությամբ, ո՛չ էլ դիվանագիտական խորամանկությամբ: Նա կարողացավ վերջնականապես ջլատել Արցախի հայ մելիքների ուժերը: Իսկ լեռնաշխարհում նստակյաց մահմեդական բնակչություն ստեղծելու և իր իշխանության հենարանն ամրապնդելու համար նա կազմակերպեց մի քանի քոչվոր ցեղերի ներգաղթ: Այդպես Զանգեզուրի հյուսիսային սահմաններում՝ նախկին Աղահեճք և Ծար գավառներում հայտնվում են քուրդ քոլանիները:
Բուն Սյունիքում Իբրահիմը գլխացավանք քիչ ուներ: Զորեղ, անկախության ձգտող և դիմադրության ընդունակ մելիքություններն անկում էին ապրել ու թուլացել: Մելիքները վեր էին ածվել գյուղական տանուտերերի: Այդ ընթացքում Զանգեզուրի տարածքի հատկապես հարթավայրային մասերում վերակենդանացան մահմեդական բնակչություն ունեցող գյուղերն ու ձմեռանոցները: Եվ, սակայն, ընդհանուր առմամբ, Սյունիքի ներքին խաղաղ կյանքն ապահովված էր: Եվ դա նորից շնորհիվ գոյատևող մելիքների: Տաթևի վանքում գրված մի ձեռագրից, որ ներկայումս պահվում է Վենետիկի Մխիթարյան միաբանության դիվանում, որոշակի պատկերացում ենք կազմում այդ ժամանակաշրջանում Գորիսի տարածքում տիրող քաղաքական իրադրության մասին: Փաստաթուղթը հոգևորական առաջնորդների ձեռքով գրված մի ուղերձ է Տաթևի վիճակում ապրող հայ իշխաններին: Այնտեղ նախ և առաջ շեշտվում է այն միտքը, որ բարեբախտաբար, ի տարբերություն Ղարաբաղի, Սյունիքը ներքաշված չէ ռուսական քաղաքական-դիվանագիտական խաղերի ոլորտը: Սյունիքը կառավարողները ընդհանուր լեզու էին գտել Ղարաբաղի խանի հետ և գոհ էին իրենց վիճակից: Ահա թե ինչպես է փաստաթղթում գովաբանվում գերագույն կառավարիչը՝ Իբրահիմ խանը. «Ի ժամանակ սույն օգոստոսափառ Իբրահիմ խանին որք (մելիքները) են ամենեքյան ընդ հրամանու նորա, իբրեւ զամպ գոռնոյր եւ խրոխտայր ի վերայ ավազակաց…, վասն որոյ գայլ եւ գառնինք ի միասին ճարակեին»: Եվ դա գրվում է այն հողի վրա, ուր ընդամենը 60-70 տարի առաջ որոտընդոստ թնդում էր ինքնիշխան Դավիթ Բեկի անունը: Ջիվանշիր քոչվոր ցեղից աննշան ծագում ունեցող Փանահ անունով թուրքը կարճ ժամանակում կարողացավ ստեղծել ուժեղ, ընդարձակ դինաստիական խանություն: Նրա որդի Իբրահիմին Տաթևի հոգևորականներն արդեն հռչակում էին օգոստոսափառ և ամենակարող:
Ղարաբաղի խանությունը վարչականորեն բաժանված էր մահալների: Վարչական բաժանման այս ձևը մնաց ընդհուպ մինչև ռուսական տիրապետությունը: Մահալի կառավարիներն էին միրբոլուքները: Հայ ազգաբնակչություն ունեցող մահալներում իշխում էին հայ մելիքներ, որոնց տրվում էին միրբոլուքի իրավունքներ: Միրբոլուքը հետևում էր հարկերի և տուրքերի հավաքմանը, լուծում մահալի մասշտաբով ծագող վեճերը, ի կատար ածում խանական կառավարչության որոշումներն ու վճիռները: XIX դարի սկզբին Տաթևի մահալի կառավարիչն էր Մելիք Պողոսը: Նա կրում էր նաև մինբաշի-հազարապետ զինվորական տիտղոսը:
19-րդ դարը Անդրկովկասի համար նշանավորվում է նրանով, որ Ռուսաստանը վերջնականապես ոտք է դնում այստեղ: 1801թ. Ռուսաստանին է միացվում Վրաստանը: Հարց բարձրացվեց՝ կայսրության սահմանը հասցնել մինչև Արաքս գետը: Այդ ծրագիրը մասամբ իրականացվեց ռուս-պարսկական առաջին (1804-1813թթ) պատերազմի ժամանակ: Պատերազմը սկսվելուց մեկ տարի անց Ղարաբաղի խորամանկ խան Իբրահիմը, կանխելով իր հպատակ բնակչության գերակշիռ տարրի՝ հայերի ակնկալիքները, ընդառաջ է գնում ռուսների պահանջներին: Նա քաջ գիտակցում էր, որ խանության սահմաններում ինքը չի կարող դիմադրել ռուսներին, հայերին չի կարող ստիպել՝ կռվելու նրանց դեմ: 1805թ. մայիսի 14-ին՝ Քյուրակչայ գետի ափին խփած վրանում, ռուս գեներալ Ցիցիանովը և Ղարաբաղի Իբրահիմ խանը պայմանագիր ստորագրեցին, որով խանությունն ընդունում էր ռուսական հպատակություն: Ալեքսանդր 1-ին ցարն ըստ արժանվույն գնահատեց Իբրահիմի «կամավոր» հպատակությունը՝ ծերունուն շնորհեց գեներալ-լեյտենանտի կոչում, տրվեց երկգլխանի արծվի պատկերով դրոշ և անվանական սուր:
Այդ պայմանագրով ռուսական տիրապետության տակ անցան նաև Գորիսի,Կապանի և Սիսիանի շրջանների տարածքները:

Գեներալ Պ. Դ. Ցիցիանով
Գեներալ Պ. Դ. Ցիցիանով

1811-1812թթ. Զանգեզուրում կազմակերպվում են աշխարհազորային ջոկատներ, որոնք ոչ միայն պարսկական զորախմբերի հարձակումներից արիաբար պաշտպանում էին իրենց գյուղերը, այլև հաճախ մասնակցում ռուսական զորքերի գործողություններին: Այսպես, գեներալ Տորմասովը 1811թ. մարտի 3-ին ռազմական մինիստրին ուղարկած զեկուցագրով հաղորդում է, որ Մեղրիի մոտ տեղացի հայ աշխարհազորայինները Եգերական 17-րդ գնդի վաշտերից մեկի ու 27 հեծյալ կազակների հետ համատեղ մարտեր մղեցին գյուղը ներխուժելու փորձ կատարող պարսկական զորախմբի դեմ: Կռվի ժամանակ ռուսներից սպանվում է 25, իսկ հայերից՝ 8 մարդ, բայց թշնամին հարկադրված է լինում դիմել փախուստի: 1812 թ. հունիսին Զանգեզուրում՝ Խնձորեսկ գյուղի մոտ, հայերից կազմված աշխարհազորային ջոկատը,միանալով ռուսական զորագնդին, հաղթական ճակատամարտ մղեց երկու հազար պարսիկ զինվորների դեմ: Գեներալ Ռտիշչևը 1812թ. հուլիսի 27-ին իշխան Գորչակովին ուղարկած զեկուցագրում հաղորդում էր, որ հուլիսի 12-ին Եգերական 17-րդ գնդի ջոկատին միանալով՝ 65 զինված հայեր Խնձորեսկ գյուղի մոտ մարտ մղեցին գյուղը կողոպտելու փորձ կատարող սարբազների դեմ՝ հարկադրելով նրանց դիմել փախուստի: Կան բազմաթիվ ուրիշ փաստեր ևս, որոնք վկայում են այդ տարիներին Զանգեզուրում պարսկական զորքերի դեմ հայ աշխարհազորայինների և ռուսական զորամասերի համատեղ ռազմական գործողությունների մասին:
Բազում փաստեր կան, որ Սյունիքի բնակչությունը ռուսական բանակին օգնել է ինչպես ռուս-պարսկական առաջին, այնպես էլ երկրորդ պատերազմի ժամանակ: Հայերը Ռուսաստանի համար վստահելի հպատակներ էին, մինչդեռ նույնը չի կարելի ասել մահմեդական բնակչության մասին: Սակայն դա հայերի համար որևէ լավ բան չէր խոստանում: Ղարաբաղի խանության մեջ պահպանվեց խանական կառավարչաձևը: Խորտակվեցին Արցախի և Սյունիքի հայ մելիքների այն հույսերը, որ իբր ռուսական իշխանությունները կվերականգնեն իրենց իրավունքները, իրենք տեր կկանգնեն հայրենական վաղեմի տիրույթներին: Ղարաբաղի մահմեդական խաները պահպանեցին իրենց ժառանգական իրավունքները և գործում էին առանց էական իրավական սահմանափակումների: 1806թ. դավաճանության մեջ կասկածվում և Շուշիում հրացանազարկ է արվում Իբրահիմ խանը: Նրան փոխարինում է Մեհտի անունով որդին՝ ոգելից խմիչքների նկատմամբ հակում ունեցող Ղարաբաղի վերջին խանը: Նրա օրոք սկիզբ առան շատ անօրինականություններ: Սկսվում է հողատիրական իրավունքների ձեռք բերման մի աննախադեպ մրցություն, որի ժամանակ երևան են գալիս նորաթուխ հողատերեր, որոնք իրենց իրավունքները ստանում էին մութ և հանցավոր ճանապարհներով: Եվ ցավալի է, որ դա կատարվում էր ռուսական տիրապետության օրոք, իսկ նորաթուխ հողատերերը հիմնականում մահմեդականներ էին, որոնք հեշտությամբ կաշառում էին ռուսներին: Այդ ճանապարհով Գորիսի գյուղերի մի մասին տեր են դառնում Ռուստամբեկովները: Սրանք հավատափոխ հայեր էին, որոնց դեմ Տեղ գյուղում գյուղացիական ապստամբություն է սկսվում:
Զանգեզուրի տարածքում արմատավորվում են նորաթուխ կալվածատերեր, որոնք լինելով հավատափոխ հայեր, սերտ կապերի մեջ էին ռուս բարձրաստիճան զինվորականության հետ և իրենց հեղինակությամբ ու զորությամբ նույնիսկ ստվերում էին մահալի մելիքին, հաշվի նստում ուղղակի խանի հետ:
Ռուսների բարյացակամ վերաբերմունքը մահմեդականների նկատմամբ բացատրելի է: Սահմանակից լինելով մուսուլմանական երկրների՝ նրանք ամեն կերպ փորձում էին շահել մահմեդական հպատակների համակրանքը, հայերի նկատմամբ նման վերաբերմունքի կարիք չկար: Քրիստոնյա ռուսների նման վարմունքը անհասկանալի էր հասարակ հայ քրիստոնյա մարդկանց: Սակայն քաղաքականությունը մնում է քաղաքականություն՝ դա էր պահանջում ռուսական կայսերապաշտ շահը: Այսպիսով, տեսնում ենք, որ զանազան փաստաթղթերից արվող այն հետևությունը, թե Գորիսի շրջանի տարածքում որոշ հայկական բնակավայրեր XIX դարի սկզբին պատկանել են մահմեդականների, դեռևս չի նշանակում, որ դրանք պատկանել են քրդերի կամ թաթարների (ադրբեջանցիների): Ռուս-պարսկական առաջին պատերազմն ավարտվում է 1813թ. հոկտեմբերին կնքված հյուսիսային Արցախի Գյուլիստան բնակավայրում կնքված պայմանագրով: Դրանով իսկ Ռուսական կայսրության մեջ մտան Գորիսի, Կապանի և Սիսիանի շրջանները: Այդ պայմանագրով ռուս-պարսկական սահման ճանաչվեց Ողջի գետը, որի աջ ափից մինչև Արաքս հասնող տարածքը (Չավնդուր, Մեղրի) մնաց Պարսկաստանին:
Սյունիքի հայ մելիքները հնուց եկող սովորության համաձայն շարունակում էին իրականացնել պետական ֆունկցիաներ, սակայն դրանց բնույթն աստիճանաբար փոխվում էր: Նրանց իշխանությունը ստանում էր զուտ քաղաքացիական բնույթ, բայց նրանք թուլանում էին նաև տնտեսապես:
Չնայած ռուսների բարյացակամ վերաբերմունքին, մահմեդական տարրը նոր իշխանության համար եղել է անհուսալի:
Ռուսական տիրապետության օրոք Գորիսը դառնում է սահմանային ռազմական հենակետ: Այստեղ էր տեղավորված 42-րդ Եգերական գնդի 3 վաշտ՝ 2 թնդանոթով: Զորաջոկատի հրամանատարն էր փոխգնդապետ Նազիմկան: Երբ սկսվեց 1826-1828 թթ. ռուս-պարսկական երկրորդ պատերազմը, պարսիկները տեղյակ լինելով, առաջին հարվածներից մեկն ուղղեցին Գորիսի վրա: Զորաջոկատին հրամայվեց չդիմադրել և ետ քաշվել Ղարաբաղ: Ճանապարհը Տեղ գյուղի վրայով անցնում էր դեպի Զաբուղի ձորը: Պատմաբան Պոտտոյի վկայությամբ՝ հայերը ռուսներին խորհուրդ տվեցին թնդանոթները հողի մեջ թաղել և լեռնային կածաններով անվտանգ անցնել Ղարաբաղ: Բայց Նազիմկան չլսեց և ջոկատը տարավ կործանման: Զաբուղի ձորում բնակվում էին մահմեդականներ, որոնք անսալով պարսկական բանակի հետ եկող Մեհտիի հրահանգին՝ արդեն ապստամբել էին: Պարսկական դարանակալ ջոկատները ևս սպասում էին ռուսներին: Ռուսները կռվով հասան մինչև Աղավնո գետը: Եվ քանի որ զինվորները շոգից ու երթից սաստիկ ծարավել էին, մի պահ չենթարկվեցին հրամանին և հրմշտոցով վրա տվեցին ջուր խմելու համար: Այդտեղ էլ կատարվում է ողբերգությունը: Չորս կողմից տեղացին թշնամական գնդակները՝ ջոկատն ընկել էր շրջափակման մեջ: Դիմադրելն անօգուտ և անիմաստ էր: Եվ ջոկատը հրամանատարի հետ գերի է հանձնվում: Միայն մի քանի զինվորներ են փրկվում, այն էլ ետ դառնալով հայերի մոտ և նրանց օգնությամբ անցնելով Ղարաբաղ: Այս դեպքն էլ բավական է պատկերացում կազմելու համար, թե ինչ ընդհանուր վերաբերմունք ունեին մահմեդականները ռուսների նկատմամբ: Իսկ հայերը ողջ պատերազմի ընթացքում շարունակում էին օգնել ռուսներին: Գնդապետ Աբխազովը 1827 թ. հունիսի 29-ին պաշտոնական զեկուցագրով հայտնում է, որ բանակի կարիքների համար Գորիսում ամբարվել է պարենի մեծ պաշար՝ ընդամենը 9300 չետվերտ և շուրջ 1000 գլուխ անասուն: Գորիսեցիներն այդ պատերազմում ռուսական զորքերին օգնել են նաև զինական ուժերով: Հայտնի է, որ Տաթևի մելիք Մանուչարի եղբայր Ռուստամ բեկ Օրբելյանն իր հավաքած կամավորներով մասնակցել է ռուսական արշավանքներին: Ռուսական բանակին օգն

Սիսիանի Մելիք-Թանգի Բ կամ Մեծ (մոտավորապես՝ 1780-1865թթ.): Նստավայրը՝ Բռնակոթ: Լուսանկարը պահվում է Սիսիանի թանգարանում:
Սիսիանի Մելիք-Թանգի Բ կամ Մեծ (մոտավորապես՝ 1780-1865թթ.): Նստավայրը՝ Բռնակոթ: Լուսանկարը պահվում է Սիսիանի թանգարանում:

ել են նաև ուրիշ գորիսեցիներ, մասնավորապես մելիք Հարությունը: Պատերազմին ակտիվ մասնակցություն է ունեցել նաև Սիսիանի Բռնակոթ գյուղի Մելիք-Թանգի Բ-ն, որը նույնպես հազարապետ էր,մասնակցում էր ռուս-պարսկական պատերազմներին: Մելիքը 1828թ. օգնում է իշխանություններին պարսկահայերին Սիսիանի Ուզ, Սալվարդ, Մազրա, Թազագյուղ, Շաղատ, Անգեղակոթ, Բալաք գյուղերում բնակեցնելու գործում:

1828թ. փետրվարի 10-ին Ռուսաստանի և Պարսկաստանի միջև Թուրքմենչայ գյուղում կնքված պայմանագրի 15-րդ կետի համաձայն՝ հազարավոր պարսկահայեր ներգաղթեցին Սյունիք: Թուրքմենչայի պայմանագիրը ռուսական կողմից ստորագրեցին գեներալ Պասկևիչը և պետական խորհրդական Ա. Օբրեզկովը, իսկ Պարսկաստանի կողմից՝ գահաժառանգ Աբաս-Միրզան: Պարսկահայերի ներգաղթից հետո Սյունիքում կտրուկ, ի օգուտ հայերի, փոխվում է ժողովրդագրական իրավիճակը:
Թուրքմենչայի պայմանագրի կնքման գործում մեծ դեր խաղաց Ա. Ս. Գրիբոյեդովը: Նա մեծ դեր է խաղացել նաև պարսկահայերի ներգաղթը կազմակերպելու գործընթացում:

Ա. Ս. Գրիբոյեդով
Ա. Ս. Գրիբոյեդով

Ողջ հայության հետ միասին Պարսկաստանում ապրող հայերը նույնպես խանդավառությամբ ընդունեցին Թուրքմենչայի պայմանագիրը: Եվ դա հասկանալի է: Հայ ժողովրդի համար պատմական մեծ նշանակություն ունեցող այդ ակտով ոչ միայն Արևելյան Հայաստանն ազատվեց պարսիկ խաների լծից, այլև նրա 15-րդ հոդվածով պարսկահայերին իրավունք էր վերապահվում գաղթելու Ռուսաստանին միացված իրենց հայրենի երկիրը: Թուրքմենչայի պայմանագրով գաղթի համար սահմանվեց մի տարի ժամանակ: Գաղթողներին իրավունք էր տրվում առանց մաքսի և որևէ այլ հարկ վճարելու, տանել իրենց շարժական կայքը, իսկ անշարժ կայքը վաճառելու և առհասարակ իրենց հայեցողությամբ տնօրինելու համար տրվեց հինգ տարի ժամանակ:
Պարսկաստանից ներգաղթի կազմակերպումը հանձնարարվում է գնդապետ Լազար Լազարևին (Լազարյան), որը 1827 թ.աշնանից ծառայության մեջ էր Կովկասյան կորպուսում, իսկ Թավրիզը գրավելուց հետո նշանակվեց նրա պարետ: Լ. Լազարևի օգնականներն էին գնդապետ Մովսես Արղությանը, մայորներ Իվանե Մելիքյանը, Իսահակ Ղամազյանը, Դավիթ և Ալեքսանդր Ղորղանյանները և այլ զինվորական քաղաքացիական պաշտոնյաներ: Գնդապետ Լ. Լազարևին տրամադրվեց մի չնչին գումար՝ 25 հազար ռուբլի արծաթ դրամ (որը հավասար էր 100 հազար ռուբլի թղթադրամի)՝ ներգաղթի հետ կապված ծախքերը հոգալու, ինչպես և խիստ կարիքավոր ներգաղթողներին նպաստ տալու համար:

Վ. Մաշկով, «1828 թ. Իրանից 40.000 հայերի գաղթը ռուսական տարածք՝ գնդապետ Լազար Լազարևի ղեկավարությամբ», 1832 թ. Պահվում է Երևանում, ՀՊՊԹ-ում
Վ. Մաշկով, «1828 թ. Իրանից 40.000 հայերի գաղթը ռուսական տարածք՝ գնդապետ Լազար Լազարևի ղեկավարությամբ», 1832 թ. Պահվում է Երևանում, ՀՊՊԹ-ում

Հայերին գաղթից ետ պահելու նպատակով պարսիկ խաները ստեղծում էին նաև զանազան արհեստական խոչընդոտներ, հատկապես մեծ դժվարություններ էին հարուցում՝ խանգարելու նրանց անշարժ գույքի վաճառքը: Սակայն դա նույնպես հայերին ետ չպահեց գաղթելու իրենց հաստատ որոշումից: Այն, ինչ չէին կարողանում վաճառել, նրանք թողնում էին իրենց ծանոթներին կամ բարեկամներին՝ հետագայում վաճառելու հույսով, շատերը նույնիսկ հրաժարվում էին իրենց անշարժ գույքից, միայն թե օր առաջ հասնեին հայրենիք: Հայերի ներգաղթի նկատմամբ պարսիկ խաների վարած թշնամական քաղաքականությունը պաշտպանում էին անգլիական դիվանագետները: Չնայած հարուցվող բոլոր դժվարություններին ու արգելակումներին, ոչ պարսիկ խաները, ոչ էլ նրանց գործակից անգլիական դիվանագետները չկարողացան խափանել հայերի Հայաստան վերադառնալու գործը: Պարսկաստանից հեռանալու հայերի ցանկությունը այնքան մեծ էր, որ շատերը, չսպասելով անգամ իրենց հերթին, ժամանակից շուտ սկսում էին շարժվել դեպի ռուսական սահմանը:
Գաղթականների առաջին քարավանը դեպի ռուսական սահմանը շարժվեց 1828 թ. մարտին: Նրանք մեծ մասամբ կազմված էին թավրիզաբնակ հայերից: Սրանց շուտով հետևեցին նաև մյուս գավառների հայերը: Ներգաղթի ընթացքում գաղթողներին մեծ օգնություն էին ցույց տալիս Պարսկաստանում գտնվող ռուսական զորամասերը: Զինվորներն ուղեկցում էին ներգաղթողների քարավաններին, նրանց կյանքը և ունեցվածքը ապահովում ավազակային հարձակումներից,անվտանգ կերպով հասցնում էին ռուսական սահմանն ու հանձնում ներգաղթի կազմակերպման կոմիտեին և Հայկական մարզի իշխանությունների իրավասությանը:
1828-1829 թթ. Ատրպատականում ապրող 60-65 հազար հայերից Արևելյան Հայաստան ներգաղթեցին 8249 ընտանիք՝ շուրջ 45 հազար հայ: Նրանք մեծ մասամբ բնակեցվեցին Երևան, Նախիջևան, Օրդուբադ քաղաքներում, Զանգիբասարի, Կարբիբասարի, Սարդարապատի, Վեդիբասարի, Կրխբուլաղի, Դարաչիչակի, Ապարանի, Սուրմալուի, ինչպես նաև Նախիջևանի ու Օրդուբադի մահալներում և Վայոց ձորում: Մի քանի հարյուր ընտանիք բնակություն հաստատեց Ղարաբաղում և այլ վայրերում:
Հայկական մարզում գաղթականները բազում դժվարություններ կրեցին: Նախապես հոգ չէր տարվել բնակարանային ամենատարրական հարմարություններ ստեղծելու մասին, ուստի շատերը հարկադրված էին ապրել վրաններում կամ բոլորովին բաց երկնքի տակ: Միջոցներ չէին ձեռնարկվել գաղթականներին ապահովելու պարենով, նույնիսկ անհրաժեշտ քանակությամբ հացով: Գաղթականներից շատերը, հնարավորություն չունենալով իրենց ունեցվածքը փոխադրել կամ վաճառել, ծայրաստիճան կարիքի մեջ ընկան: Եվ վերջապես, Երևանի մարզային վարչությանը կից գործող ներգաղթի կոմիտեի, նրա տեղական բաժանմունքների ու ցարական բյուրոկրատիայի ապաշնորհության հետևանքով մեծ դժվարություններ ծագեցին նաև գաղթականների ընդունման, բնակատեղերի բաշխման և գաղթի հետ կապված այլևայլ հարցերում:
Որոշակի զրկանքներ կրեցին Սյունիքում հիմնավորված հայերը:
Չնայած այս դժվարություններին ու գաղթականների կրած զրկանքներին, ներգաղթի հետևանքով իրականություն դարձավ տասնյակ հազարավոր հայերի իղձը՝ ազատագրվել պարսիկ խաների տիրապետությունից, վերադառնալ հայրենիք՝ իրենց մասնակցությունը բերելու հարազատ ժողովրդի տնտեսական, մշակութային և քաղաքական կյանքին:
Սյունիքի նոր բնակիչները՝ պարսկահայերը եկել են Թավրիզի մոտակայքից, Սալմաստից, Խոյից, Մարաղայից: Սիսիանում նրանք տեղավորվեցին Անգեղակոթ, Ուզ, Շաղաթ, Բալաք, Մազրա, Թազագյուղ, Սիսիան (Ղարաքիլիսա), Կալաջըղ, Լծեն, իսկ նրանց հետ եկած Նախիջևանի հայերը՝ Տոլորս, Գետաթաղ գյուղերում:
Ղարադաղից գաղթողները Կապանում զետեղվել են Շիկահողում, Ծավում, Եղվարդում և Բասուտի ու Ողջի գետի գետահովիտների գյուղերում, որտեղից մասնակի հեռացել էին թուրքերը՝ օգտվելով նույն Թուրքմենչայի դաշնագրության այն հոդվածից, որով նաև թույլ էր տրվում ռուսական կառավարության ձեռքի տակ ապրել չցանկացող բնակիչներին հեռանալ ռուսական սահմաններից:
Ներգաղթվածների մի խումբ էլ տեղավորվեց Գորիսի շրջանի գյուղերում: Գորիսում նրանք հիմնականում բնակություն են հաստատել Քարաշեն, Կորնիձոր, Խնձորեսկ գյուղերում: Գորիսում քարաշենցիներին կոչում են նաև խոյլու՝ խոյեցի, իսկ Խնձորեսկ գյուղում պահպանվել է Խոյլունց ազգանունը: Քարաշեն գյուղն ամբողջովին վերակենդանացել է Խոյից գաղթած հայ ընտանիքների շնորհիվ: Բայց մի հետաքրքրական մանրամասնություն կա: Եթե Սիսիանում, ուր նրանց բնիկները կոչում են կլաններ, խոյեցիները պահպանել են իրենց խոսվածքը, ապա Գորիսում այդ բարբառի հետքն իսկ չի նկատվում:
Սյունիքում տեղավորված գաղթական ընտանիքների թիվը եղել է մոտ 150-160, իսկ բնակիչների թիվը՝ 7-8 հազար մարդ:
Ստ. Լիսիցյանը, 20-րդ դարի 20-30-ական թվականներին ուսումնասիրելով ու համեմատելով Սյունիք ներգաղթած պարսկահայերի ու Սյունիքի բնիկ բնակիչների նիստուկացը, կենցաղը, սովորույթները, թողել է հետաքրքիր հետևյալ գրառումը. «Ներգաղթածները չկարողացան այնուհետև նոր բնակավայրերում անաղարտ պահել իրենց հայրենիքից բերած սովորույթները, մանավանդ, որ եկել էին ոչ թե ամբողջական համայնքներով, այլ առանձին ընտանիքներով կամ ընտանիքների խմբերով, որոնք հաճախակի տարբեր գյուղերից լինելով՝ իրարից տարբերվում էին խիստ նիստ ու կացով և բարբառով: Շատ կարճ ժամանակ անցած սկսեց նկատվել տեղական շենքերի ձևերի, զգեստի, տնային իրերի ազդեցությունը նրանց վրա, մանավանդ այնպիսի վայրերում, ինչպես Սիսավան (Ղարաքիլիսա), Ուզ, որտեղ նրանք տեղավորվելէին բուն սյունական ծագում ունեցող բնակիչների բազմամարդ գյուղերի (Բռնակոթ, Ախլաթյան, Շենաթաղ (այժմ Լեռնաշեն)) կողքին, և որտեղ նրանց և այդ բնակիչների մեջ արագ հաստատվեցին հաճախակի խնամիական կապեր: Մերձեցմանն այստեղ էլ, ինչպես և այլ հայկական գավառներում նման դեպքերում, շատ էր նպաստում այն, որ նորեկները ներգրավվեցին տեղական սրբավայրերի պաշտամունքի մեջ՝ տեղական սուրբ ծառերը,աղբյուրները, այրերը, լեռնագագաթները, նահատակների գերեզմանները, եկեղեցական սրբությունները և այլն, դարձան և իրենց համար ուխտագնացության առարկաներ: Սակայն մինչև այսօր էլ թե՛ բարբառների, և թե՛ սովորությունների մեջ նկատվում է պարզորոշ տարբերություն: Դա օգնում է ազգագրագետին տեղում ձևավորված կենցաղային երևույթը դրսից մտածից զանազանելու: Վերաբնակվածների բերած մի քանի հատկանշական իրերն արդեն կարողացել են ներթափանցել տեղացի ընտանիքները»:

More From Author

1 comment

Զեմֆիրա says:

Հետաքրքիր էր։ ՇնորհակալությունՇ

Comments are closed.

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի