…կյանքը Թելունց ձորի ակնի պես թաց կմնա… 

Spread the love

Չհասցրի կրկին հանդիպել, բայց նրա հազար տարվա կյանքից վայրկյան չի պակասի…

Արկադի Ծատուրյանի հետ ունեցածս վերջին հանդիպումից տպավորություն էի թողել. « Իմաստնությունից ծանրացած այս կարգի գրողները ժողովրդի ու գրականության իսկական կամուրջներն են, բանավոր հյուսվածքի և ազգապատումի վավերագիրը փիլիսոփայության դասին ու այդ դասի դասամիջոցին: Մեր ժամանակների ամենաբեղմնավոր գրիչներից մեկն է Արկադի Ծատուրյանը, որ կարողանում է այնպես «գործել» երգն ու հեքիաթը, որ չես էլ պատկերացնում՝ հեթանոսական ծիսակատարությանը հնչող աղոթքի՞ ես ներկա, թե՞ ունկնդիր ես պատմության վկային, գուցե և՝ գյուղամիջում նստած ու իր շուրջը բազմությանը հավաքած իմաստունի: Բոլոր դեպքերում էլ գրող-բանաստեղծը ասելիքը թողնում է բարության համար ստեղծված մարդեղենացման աստիճանին, որտեղով անցնում է ՄԱՐԴԸ Շնորհակալ են այս ձորն ու լեռը, հողն ու ջուրը, որ ապրեցնող ունեն հուշումի թևով…Ապրիր հազա՛ր տարի….»:

Այսօր, ցավոք, մանկավարժի, գրողի, բանահավաք-բանասացի, հրաշալի որդիների ծնող Արկադի Ծատուրյանի երկրային կյանքի հրաժեշտի ու հազարամյա գոյության հուշ ենք թողնում:

Սև քարին օսի պես մեջքը չէր ճկվել, Խռուհատի խաչի պես հիշում էր իր կյանքի բոլոր այցելուներին…., միայն Բադուն նովի խաչաղբյուրի պես չորացել էր ակը. վատ էր տեսնում…

Որդիներն ու թոռները զարմանալի գուրգուրանք ու անբարբառ պաշտամունք ունեին տան մեծավոր Սրբի խորանին…

Արկադի Ծատուրյանի գրեթե բոլոր գրքերին ծանոթ եմ, բանավոր տեղեկություններ ունեմ Խնձորեսկի պատմությանը վերաբերող վերջին երկհատորանոց անտիպ աշխատության մասին (մենք խոսել էինք դրա շուրջ և նույնիսկ որոշ հարցեր քննարկել), բայց ես այդ ամենին չեմ անդրադառնա… Դա կթողնենք այն երախտավորին, ով կնախաձեռնի Արկադի Ծատուրյանի կյանքի և գործի դժվար, բայց պատվաբեր գործը…

Արկադի Ծատուրյանն է ընտանիքը, հայը, հայրենիքը, ժողովուրդը, գործն ու մտավորականը, այն օրինակելին, որ, ցավոք, օրեցօր պակասում է մեր շարքերից… Բայց և հուսով ենք, որ հազարամյակներին առաքվող նրա «Մարդախոսությունը» ամուր կպահի ոչ միայն սյունեցու, հայի, այլև մարդկային կենսակերպի արժեքները…

Արկադի Ծատուրյանը Քամու խաչի պես տարիք չուներ… կյանքը Թելունց ձորի ակնի պես թաց կմնա… 

More From Author

1 comment

Mane says:

Ցավակցում եմ ուսուցչիս

Comments are closed.

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի