Ռուսերենից անցած փոխառությունների բառաիմաստային զարգացումները Սյունիք-Արցախ բարբառախմբի բառապաշարում

Spread the love

Մ.Ս. ՔՈՒՄՈՒՆՑ

Աղբյուրը՝ РУСИСТИКА В XXI ВЕКЕ: ТЕНДЕНЦИИ И НАПРАВЛЕНИЯ РАЗВИТИЯ МЕЖДУНАРОДНАЯ НАУЧНАЯ КОНФЕРЕНЦИЯ

Սյունիք-Արցախ բարբառային բառապաշարի՝ ռուսական և ռուսերենի միջնորդությամբ անցած փոխառությունները լեզվական բազմաթիվ հատկանիշներով տարբերվում են մյուս փոխառություններից, որ կատարվել են արևելյան լեզուներից՝ պարսկերենից, արաբերենից, թյուրքերենից, այլև գրական և այլ տարբերակներից: Ռուսական փոխառությունների մուտքը բարբառային բառապաշար պայմանավորված է նաև արտալեզվական և լեզվական բազմաթիվ պատճառներով: Դրանցից բացի՝ հատկանշական են բարբառային միջավայրում արձանագրվող սոցիալական կյանքի փոփոխությունները:

Ռուսական փոխառություններին վերաբերող ուսումնասիրությունները հիմնականում ընդգրկում են գրական հայերենը: Բարբառագիտական բնույթի աշխատանքներում ռուսական փոխառությունների հարցը հիմնականում սահմանափակվում է բառարանային ցանկով:

Բարբառին անցած ռուսական փոխառությունների ուսումնասիրությունը բառակազմության և իմաստաբանության մակարդակներում կարող է պատկերացում ձևավորել այն մասին, թե որքանով են դրանք ամրակայված բարբառային բառապաշարում, ինչ նոր հասկացություններ են առաջ բերել, որոնք են բարբառին բնորոշ լեզվաբանական այն գործոնները, որոնցով տարբերակվում են Սյունիք-Արցախ բարբառախմբի ռուսական փոխառությունները:

Գրական լեզուն ռուսերենից փոխառել է գիտության, քաղաքականության, տնտեսության, մշակութի և  այլ բնագավառներում գործածվող բազմաթիվ բառեր, որոնք տեղակայվել են հայերենի բառապաշարում նախ՝ որպես պատճենված տերմիններ, ապա՝ բառային, իմաստային, մասամբ նաև ձևաբանական ամբողջությունը պահպանած փոխառություններ[1]: Հայերենին և Սյունիք-Արցախ բարբառախմբին անցած ռուսական և ռուսերեն ձև ու համապատասխան բովանդակություն ունեցող փոխառությունները մեծ մասամբ անցել են գրավոր ճանապարհով: Բարբառային բառապաշարի՝ ռուսական փոխառությունների կազմի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ քիչ չեն նաև բանավոր ճանապարհով անցած փոխառությունները.  որոշները տեղ են գտել միայն Սյունիք-Արցախ բարբառային բառապաշարում՝ обруч «տակառագոտի»՝ օբռուժ, вообще «ընդհանրապես»՝ վափշէ և այլն: Շատ բառեր էլ բարբառախմբում այնպիսի ձևեր են ստացել, ինչպիսիք չեն հանդիպում հայերենի մյուս տարբերակներում, օրինակ՝ кран «ծորակ»՝ կըռանդ, крючок «»կեռիկ, ճարմանդ»՝ կըռըճօկ || կուռուճօկ, градус «ջերմաչափ, աստիճան»՝ կըռանդուզ, тарелка «ափսե»՝  տալէրք և այլն:

Բարբառը գրավոր ճանապարհով այլ բառեր սովորաբար չի փոխառում, բայց ռուսերենի պարագայում չենք կարող այդ երևույթը բացառել: Գրական հայերենի միջնորդությամբ և մասամբ անմիջականորեն բարբառախմբին անցած ռուսերեն բառերի որոշակի խումբ կրել է բարբառային բառակազմական և ձևաբանական հատկանիշներ, որոնք չեն հանդիպում գրական լեզվում: Այդպիսիք լեզվաբանական գրականության մեջ հիմնականում չեն ընդգրկում փոխառությունների շարքում, բայց բառակազմական և իմաստաբանական վերլուծությամբ զատվող բաղադրիչներ կան, որ ընդգրկվում են բառապաշարի փոխառությունների կազմում:

Կարծում ենք, որ բառակազմական, իմաստաբանական, ձևաբանական փոփոխություններ կրած ռուսական փոխառությունները առավելապես անցել են խոսակցական շփման ճանապարհով՝ ռուսերեն > գրական հայերեն > ժողովրդախոսակցական լեզու > բարբառ, ռուսերեն > ժողովրդախոսակցական լեզու > բարբառ, ռուսերեն > բարբառ, քանի որ, ինչպես քննություն է ցույց տալիս, դրանք որոշակի մակարդակի վրա կատարված փոխառությունների համեմատ ինչ-որ չափով յուրացվել են բարբառախմբում և որոշակի տարածում ունեն արևելահայ լեզվի տարբերակներում:

Սյունիք-Արցախ բարբառախմբին անցած ռուսական փոխառությունները, ըստ գործառական և կառուցվածքային[2] հատկանիշների, հիմնականում բաժանվում են երկու խմբի՝

  1. Փոխառություններ, որ ունեն և՛ ինքնուրույն գործածություն, և՛ հանդես են գալիս կապակցությամբ:
  2. Փոխառություններ, որ զուրկ են ինքնուրույն գործածությունից և դրսևորվում են միայն բարբառախմբի բառակազմական միջոցներով, հիմնականում՝ գործողություն՝ եղելություն, շարժում արտահայտող բայերով:

Առաջին խմբի բառերը, որ կրում են բարբառիս հնչյունական, բառակազմական, քերականական հատկանիշներ, համեմատաբար քիչ են՝ фук «առնելը, վերցնելը (շաշկի խաղում)», այստեղից՝ փուկ > փուկ անէլ «դուրս թողնել, վերցնել, մասնակից չդառնալ», печать «կնիք»՝ փի/էչատ > փի/էչատէլ, փիչատը թըխել «1. կնքել, 2. հաստատել» և այլն: Այս խմբի բառերը չեն կարող դիտարկվել որպես բուն փոխառություններ, որովհետև մասամբ կրում են այսպես ասած «խառը փոխառություններին» բնորոշ վարք. դրսևորում են փոխառու լեզվին մերձենալու հատկանիշներ. նրանցով նոր բառեր են կազմվում: Տեսականորեն պետք է տարբերակել նման փոխառությունների գործածության ոլորտը:

Երկրորդ խմբի բառերը բարբառախմբում մասնակցում են նոր հասկացությունների ձևավորմանը, բայց նրանք ամբողջապես փոխառված չեն, այսինքն՝ գործածվում են կապակցություններում: Ռուսերենից անցած փոխառությունները բառ-հասկացության ձևավորմանը մասնակցում են տարբեր միջոցներով. փոխառություն+բայական հարադիր՝ տօշկա փըռնէլ «1. դիրքավորվել, 2. թիրախավորել», փոխառություն+ածանց՝ ղարավուլչօթուն «1. պահակություն, 2. հսկում», փոխառություն+ածանց+բայական հարադիր՝ բասյակօթուն անէլ «ցոփ ու շվայտ կյանք վարել», նոր իմաստ ստացած փոխառություն՝ ասմօշկա  «կտոր, պատառ, փշուր» (осьмушка «մի ութերորդ ֆունտ») և այլն: Սրանցից առավելապես տարածված է փոխառություն+բայական հարադիր կաղապարը:

Բառակազմության հարադրական միջոցը մեծապես բնորոշ է բարբառներին: Այս հիմունքով՝ Սյունիք-Արցախ բարբառախմբում ռուսական փոխառություններից անէլ բայի հարադրությամբ նոր հասկացություններ են առաջ եկել, ինչպես՝ բաստուրմա[3] անէլ «1. միսը ապախտել, 2. միսը կտրտել, համեմել աղով և սոխով՝ խորովելու համար», ուժին անէլ «ընթրել», ցէպ անէլ «1. շրջապատել, 2. արգելել», աբօրտ անէլ «արհեստական վի­ժում կատարել», ագիտացա անէլ «1. տեղեկություն տարածել, 2. համոզել» և այլն:

Բառային փոխառությունները հարադրական կազմության մեջ այլաբանական իմաստների հենքով  դարձել են  դարձվածքների բաղադրիչներ՝ ադրէսը կուրցընէլ «1. մոլոր­վել, 2. ինչ անելը չիմանալ», ազարտը ինգէլ, ազարտի մէջ ինգէլ «ինքնամոռացության մեջ ընկ­նել», ախ/կտը կապէլ «1. մահվան շեմին լինել, 2. վերջը գալ, 3. պաշտոնանկ արվելուն մոտ լինել», բաստուրմա կէրած կատու «ինքնագոհ, բարձր տրամադրությամբ անձ», բաստուրմա օտէլ «միսը, աղով, սոխով, պղպեղով համեմված լինելով, փափկել, պատրաստ լինել խորովածի համար», նօս տըէռնալ «1. տեղի տալ, պարտվել, 2. ստորանալ», մուզեյում տինիլի «հազվագյուտ, չտեսնված իր», չաշկալօշկա լինել/անէլ «սիրախաղ ունենալ, սիրաբանել, մտերմանալ», պուբլիկացի շինիլ « խայտառակել», պուբլիկացի տըէռնալ «հրապարակավ խայտառակվել», տուդիսուդի անել «1. մտամոլոր գնալ գալ, 2. այսկողմ-այնկողմ ընկնել, 3. կամուկացի մեջ լինել, 4. տարբեր միջոցներ ձեռնարկել»:

Ռուսական փոխառություններին բարբառախմբի ածանցներից կցվում են՝ օթուն՝  աբէշ/չ/իգ/կօթուն «անտառապահություն»,  ափէրիստօթուն «խարդախու­թյուն, խորամանկություն», բասյակօթուն «ցոփ ու շվայտ կյանք վարելը», խամօթուն, -ավօր || ավէր՝ պագօնավէր «1. ուսադիր­ներ կրող, 2. պաշտոնյա, 3.  զինվորական», գալստուկավէր «1. փողկապավոր, 2. պաշտոնյա» և այլն: Ռուսերենի  -ик ածանցը, որին համանիշ է հայերենի և բարբառախմբի -իկ-ը, հիմնականում մթագնել է փոխառության կազմում՝ բանթիկ[4] «ժապավեն», այլև՝ կոռժիկ, ժուլիկ, լիփչիկ, կար/ռտօժնիկ և այլն:

Ռուսական փոխառությունների մեծ մասը ինչպես գրականում, այնպես էլ բարբառախմբում մենիմաստ է, տերմինի արժեք ունի, որն էլ սահմանափակում է բառի կամ հասկացության բառակազմորեն և իմաստաբանորեն ծավալվելու հնարավորությունները: Այդպիսիք Սյունիք-Արցախ բարբառախմբում սովորաբար հանդես են գալիս կապակցության մեջ, կրում բարբառախմբին բնորոշ բառակազմական ու քերականական կանոնները հարադրության կազմում: Այդ միջոցով դրանք դառնում են սովորական բառեր՝ ենթարկվելով բառաբարդման, ածանցման, նոր իմաստ են ստանում կամ փոխառության իմաստից ածանցված նրբիմաստ են ստանում, որ հիմնականում բացակայում է փոխատու լեզվում կամ հայերենի գրական տարբերակում[5]: Այսպես՝ азиатский  «ասիական» ածականից է ազյաթսկի դօք/խթուր «հեքիմ», որ ասվում է բժշկից տարբերելու համար, болгарский «բուլղարական» ածականից կազմված է բալգարըսկի տախտէխ «փոքր ու շատ կծու տաքդեղ» և այլն:

Առանձին խումբ են կազմում ռուսերենից անցած բազմաթիվ բայեր՝ բայական լծորդիչներով, որ բարբառախմբում բայական անէլ, ինէլ, տա̈ռնալ և այլ բայերի հարադրությամբ արտահայտում են այն իմաստները, որ առկա են փոխատու լեզվում, ինչպես՝ отравить «թունավորել» բայով կազմվել են ատրավից/տ անէլ «թունա­վորել», ատրավից/տ ինէլ «թունավորվել», тяпать> тяпнуть «1. խթել, 2. բռնել, 3. կոպտել, 4. խմել, 5. գողանալ» բազմիմաստ բառից է ծապնուտ անէլ «կոնծել, գլխին քաշել» և այլն:  Ինչպես նկատում ենք, բայական հարադրության մեջ փոխառության քերականական իմաստը մթագնած է, և այդպիսիք բարբառախմբում հանդես են գալիս որպես հարադիր բայի անվանական բաղադրիչ՝ оформить «ձևակերպել»՝ ափօրմիտ անէլ «որևէ ձևակերպում անել», бомбить «ռմբակոծել»՝ բամբիտ անէլ «ռմբակոծել»,  блестеть «փայլել» ՝ բըլէստիտ անէլ  «1. փայլել, պսպղալ, 2. երևալ, աչքի զարնէլ»,  буянить «աղմկել»՝ բույանիտ անէլ «ընդվզել», այդպես և՝ դաբավիտ անէլ «ավելացնել, լրաց­նել», դակազատ անէլ «ապացուցել», զըվանիտ անէլ «զանգահարել», զուբրիտ[6] անէլ «1. անգիր սովորել, 2. հիշել», կատաց/ա/ անել/ինէլ «զբո­սեցնել մեքենայով, սլանալ տարբեր ուղղություններով», կօրմիտ անէլ «սնել, բտել», կօրմիտ ըրած «պա­րարտ», կըլէյիտ անէլ «1. սոսնձել, 2. մեկին համոզել՝ իր կողմը գրավել», կըլէյիտ ինիլ/տըէռնալ «1. սոսնձվել, 2. մեկին համոզել», մէշատ անէլ «խանգարել», մինավատ անէլ «ականապատել», նակազատ անէլ «պատժել, հախից գալ», յավից ինիլ «ներկայանալ, ներկայանալ ըստ կանչի», նէրվէ/իչիտ անել «ջղայնացնել», պադավատ անէլ «մա­տուցել, հյուրասիրել», պանիկավատ անել «խուճապ ստեղծել», պապըրավիտ անէլ «մազերը կտրել», ժարիտ անէլ/ ինել «տապակել, տապակվել», սուդիտ անել « դատել» և այլն:

Տարբեր խոսքի մասերից նույնպես ստեղծվել են բայական հարադրություններ, ինչպես՝ ռուսերենի խոսակցականում տարածված  абгон «առաջ անցնելը» բառից է ավգօն անէլ՝ «վազանց կատարել», այլև՝ бунт>(бунт/овать) «ապստամբություն»՝ բունտ պիցըրցընէլ, բունտ անէլ «ապստամբել» (նաև՝ բունտավատ անէլ «ընդվզել, ապստամբել, խռովություն բարձրացնել»), այդպես և՝  թըլըղրամ || տէլէգրամ անէլ/տալ  « հեռագրել», լօպէ/ին տալ «խփել, հարվածել», պըրավէրկա անէլ «ստուգել», պըրօբ անէլ «փորձել, համտեսել»,  «հրապարակել», չէստ տալ «1. պատ­վի կեցվածք ընդունել, 2. ներկայանալ, մեկին իր հնազանդությունը հայտնել», պաբէլկա անէլ «կրով սպիտակեցնել», պաչինկա անէլ « ճաքած տեղը նորոգել», буксир  «1. բուքսիր, 2. նավաքարշ շեգենավ, քարշակառք» բառի՝ ռուսերենում ունեցած իմաստի պատճենմամբ է (тянуть на буксире) բօքսիր անէլ || բուքսիր քաշէլ «բուքսիր անել»  և այլն:

Հաշվապահական բնագավառում գործածվող մի քանի բառեր՝ списать,   расчет,  расход, անցել են բարբառախմբին՝ հարադրության միջոցով պահպանելով իմաստները՝ ըսպիսատ անէլ  «1. դուրս գրել, ծախս գրել, 2. փոխ.՝ անպիտան համարել», ըրաշօտ անէլ « հաշիվ­ները վերջացնել», ըրասխօդ || ըռասխօդ  անէլ «սպա­ռել, հաշիվները մաքրել»: Սրանք գործածվում են նաև ինէլ, տա̈ռնալ հարադրությունների հետ:

Այսքանով չի սահմանափակվում ռուսերենից անցած փոխառությունների բառակազմական նկարագիրը Սյունիք-Արցախ բարբառախմբում: Հայերենի գրական տարբերակի միջոցով բարբառախմբին անցած այլ կազմություններ, փոխառություններով ձևավորված նոր հասկացություններ դրականորեն են ազդել բարբառային բառապաշարի զարգացմանը: Կարծում ենք՝ հայերենի ոչ մի բարբառ այս աննախադեպ տեղաշարժը չի կրել բարբառային բառապաշարում, ինչպես Սյունիք-Արցախ բարբառախումբը: Ռուսական փոխառությունները նպաստել են ոչ միայն բարբառախմբի բառային կազմի՝ նոր հասկացություններով ու բառերով համալրմանը, այլև հարստացրել են հոմանիշների, հականիշների և բառաիմաստաբանական այլ խմբերի շարքերը:

Գրական լեզվի ազդեցությունը մի կողմից, ռուսերենից անցած բազմաքանակ փոխառությունները մյուս կողմից, իսկապես, տեղաշարժեր են առաջացրել բարբառային բառապաշարի համակարգում: Ռուսերենի ազդեցությունը առավելապես մեծ է Արցախում: Ցանկացած լեզու, այդ թվում և բարբառներ, անհարկի փոխառություններից պետք է զերծ պահել: Իհարկե, ինչպես նշվեց,  փոխառությունները հարստացնում են լեզվի բառապաշարը, շատ բառեր թոթափվում են անհարկի բազմիմաստությունից, նպաստում են բազմաթիվ հասկացությունների ճշտմանը՝ համապատասխան ձևերի ընտրությանը և անվանումների մասնավորմանը, բայց և կարող են ազդել բարբառի բնական զարգացմանը, ազգային բարբառ-խոսվածքի հիմնաշերտին, որտեղ պաշարված են դարերի խորքից եկող և տարածաշրջանի լեզվամտածողությունը բովանդակող բառ-հասկացություններ, գաղափարներ: Օրինակ՝ խիստ ավելորդ է տօտա, դեդօ, շկօլ, և նման այլ բառեր բարբառախմբում պահելը, բայց և շատ փոխառություններ, որ գրավել են բարբառային բառերի տեղը, կարծում ենք, դեռ երկար կմնան բառապաշարի կազմում հարադրությունների և բարբառային ածանց-մասնիկների շնորհիվ, ինչպես՝ բագաժ տալ «մատնել» և այլն:

Շատ փոխառություններ էլ, որոնց փոխարկիչները առկա են եղել  բարբառախմբի բառապաշարում, դուրս են մնում գործածությունից կամ մնում են բառապաշարի ոչ գործուն բառերի շարքում: Այդպիսիք դուրս են մնում նաև բաղադրություններից՝ ստաքան պիրցիցնէլ- բաժակ պիրցըցնէլ, ստոլ պացէլ – սէղան պա̈նա̈լ, կաբուտը (как будто бы «կարծես թե») – կարծէս և այլն: Նոր հասկացություններ բովանդակող շատ կապակցություններ գործածության մեջ են գրականում ունեցած տարբերակին զուգահեռ՝ ազօտը պիցըրանալ «օրգանիզ­մում ազոտի պարունակությունն ավելա­նալ» և այլն: Իրերի, երևույթների փոփոխության կամ գործածությունից դուրս մնալու հետ մեկտեղ բարբառային բառապաշարի շատ բառեր-բաղադրություններ նույնպես մեկուսանում են, փոխարինվում նոր բառերով: Այս է բարբառի զարգացման ընթացքը, որ, ցավոք, քիչ հսկելի է և որպես լեզվական համակարգ՝ բացարձակապես բաց է:

Այսպիսով նկատում ենք, որ՝ 1. Սյունիք-Արցախ բարբառային տարածքի ռուսական փոխառությունները բարբառախմբի բառապաշար հիմնականում մուտք են գործել գրական և ժողովրդախոսակցական տարբերակների միջոցով: Այդ փոխառություններից շատերը առկա են նաև հայերենի խոսակցական մյուս տարբերակներում: 2. Ռուսական փոխառություններում  այնքանով են պահպանվել փոխատու լեզվի հնչյունական և իմաստային հատկանիշները, որ դրանք տարբերակվում են խոսքում: 3. Բարբառային բառապաշարին այդ փոխառությունները ամբողջությամբ չեն մերձեցել,[7] և տակավին նկատվում է նրանց օտալ լինելը, իսկ գրականում առկա հայերեն համարժեքները՝ որպես գրական երևույթներ, չեն անցնում կամ դանդաղ են անցնում բարբառային բառապաշար: 4. Ընդհանուր փոխառությունների շարքում ռուսական կամ ռուսերենի միջնորդությամբ անցած բառերը շատ են (մենք հավաքել ենք մոտ 1000-1500 բառ և հասկացություն), իսկ եթե այդ թվին էլ գումարենք այլ կազմություններ, ժարգոնային ձևեր, ապա թիվը կհասնի մոտ 2000-ի[8]:  5. որպես բառային փոխառություններ, իհարկե, լրացրել են գոյություն ունեցող իրի, երևույթի, գաղափարի, ապա նրանց անվան բացակայությունը, բայց ժամանակի ընթացքում քիչ գործուն են դարձել: Համեմատած հայերենին անցած տերմինների, փոխառությունների ընդհանուր քանակին՝ Սյունիք-Արցախ բարբառախմբում քիչ են այն բառերը, որոնք կապակցությամբ են հանդես գալիս: Ռուսական փոխառությունները նաև  քիչ են մասնակցել բառակազմական, բառակապակցական և դարձվածաբանական կաղապարավորումներին:

Այս ամենով հանդերձ, այնուամենայնիվ, Սյունիք-Արցախ բարբառային բառապաշարում ռուսական փոխառություններն ունեն իրենց որաքական և քանակական կայուն դերը, որով անցել են նաև գեղարվեստական գրականություն:

 

Գրականություն

  1. Ակնարկներ ժամանակակից հայոց լեզվի բառագիտության և տերմինաբանության, ԳԱ հրատ., Եր., 1982:
  2. Ղազարյան Ս.Ղ., Ժամանակակից հայոց լեզուն և ռուսերենի դերը նրա հարստացման ու զարգացման մեջ, ԳԱ հրատ., Եր., 1955:
  3. Ղուլյան Ա., Առօրյա խոսակցական լեզվում հաճախակի գործածվող բառերի բառարան, «Դիզակ պլյուս հրատ.», Ստեփանակերտ, 2014:
  4. Մարգարյան Ա., Գորիսի բարբառում, ԵՊՀ հրատ., Եր., 1975:
  5. Սրագսյանի Ա., Ղարաբաղի բարբառի բառարանում, Եր., 2013:
  6. Haugen E., The analysis of linguistic borrowing, “Language”, vol. 26, N. 2, Apr. — Jun., 1950.

 

КУМУНЦ М. С. — РЕЧЕВОЕ РАЗВИТИЕ ЗАИМСТВОВАНИЙ ИЗ РУССКОГО ЯЗЫКА В ЛЕКСИКЕ ДИАЛЕКТОВ СЮНИК-АРЦАХ

Ключевые слова: диалект Сюник-Арцах, русское заимствование, сложный глагол, идиома, аффикс, словообразование, лексика.

В лексике диалектов Сюник-Арцах есть много заимствований из русского языка. В диалектах заимствования из русского отличаются от заимствованных слов и терминов литиературного армянского языка.

Большинство этих заимствований в диалектах превратились в обычные слова, и с их помощью образовались сложные глаголы, идиомы и т.д.

Из всех диалектов армянского языка лексика диалекта Сюник-Арцах больше всех заимствовала слова из русского. Причина в том, что еще в 19-20 вв. Сюник и Арцах находились в составе Российской империи. Впоследствии, в годы советской власти, число этих заимствований увеличилось.

В диалектах Сюник-Арцах до нынешнего времени довольно много заимствований из русского языка, которые используются в разных областях социальной жизни.

 

M.S. KUMUNTS — VOCABULARY-MEANINGFUL DEVELOPMENTS OF BORROWINGS PASSED FROM RUSSIAN LANGUAGE IN SYUNIK-ARTSAKH DIALECTICAL VOCABULARY

Key-words: Syunik-Artsakh dialect, russian borrowing, compound verbs, idiom, affix, word formation, vocabulary.

There are many russian borrowings in Syunik-Artsakh dialectical vocabulary. In dialect russian borrowings are different from borrowings of literary Armenian language. Most of this borrowings have become usual words from which were formed compound verbs, idioms, etc.

Syunik-Artsakh dialectical group of Armenian dialects has the most russian borrowings. The reason is that in the 19-20th centuries Syunik and Artsakh were under the domination of the Russian Empire. Later, in the years of the Soviet Union, the number of these borrowings increased.

Till now there are many borrowings in Syunik-Artsakh dialectical group and they are used in different spheres of social life.

 

[1] Այս ամենի մասին կարելի է տեսնել՝ Ղազարյան Ս.Ղ., Ժամանակակից հայոց լեզուն և ռուսերենի դերը նրա հարստացման ու զարգացման մեջ, ԳԱ հրատ., Եր., 1955:

[2] Բարբառախմբին անցած ռուսական փոխառություններին վերաբերող այս բաժանումը հատկանշական է: Ըստ Է. Հաուգենի՝ փոխառությունները՝ որպես բառային միավոր-կառուցվածքներ, բաժանվում են երեք խմբի՝ փոխառություններ (loanwords), որ կրում են փոխատու լեզվի ձևն ու բովանդակությունը, խառը փոխառություններ (loanblends), որ մասամբ ունեն փոխառու լեզվի բառակազմական և քերականական հատկանիշները, և հասկացության փոխառություններ (loanshifts), այսինքն՝ փոխառվել են հասկացությունները (այս մասին կարելի է տեսնել՝ Haugen E., The analysis of linguistic borrowing, “Language”, vol. 26, N. 2, Apr. — Jun., 1950, p. 214-215, Ասլանյան Ս. Ա., Ժամանակակից հայոց լեզվի տերմինաբանության հարցեր, Ակնարկներ ժամանակակից հայոց լեզվի բառագիտության և տերմինաբանության, ԳԱ հրատ., Եր., 1982,  էջ 201-202):

[3] Бастурма “копчёное, вяленое мясо” ռուսերենին հավանաբար անցել է թուրքերենից՝ pastırma (bas>basmak) «ապխտած միս»: Բարբառախմբին անցել է ռուսերենի միջնորդությամբ: Առավելապես տարածված է բաստուրմա տինէլ:

[4] Բարբառախմբի բանդ «կապ» պարսկերենից անցած բառը չունի –իկ-ով ձև:

[5] Չնայած դրանք դարձել են կայուն կապակցություններ, բայց դժվար է ոճական որևէ խմբի մեջ տեղավորել: Նման կազմությունները հարադիր բայերի, դարձվածքների, շրջասույթների միջակայքում են:

[6] Ռուսերենի խոսակցական տարբերակից է, որի պատճենմամբ բարբառախումբն ունի գրականից անցած հնացած ձևերը՝ բերանացի ասել, բերան անել «սերտել, անգիր սովորել»:

[7] Հենց այս վերջին հատկանիշով է նաև պայմանավորված, որ այդ փոխառությունների մեծ մասը ժամանակի հետ դուրս է մնում բառապաշարից:

[8]  Ա. Մարգարյանը Գորիսի բարբառում նշում է «ավելի քան 500» (Մարգարյան Ա.,  Գորիսի բարբառում, ԵՊՀ հրատ., Եր., 1975), Ա. Սրագսյանի «Ղարաբաղի բարբառի բառարանում» կա շուրջ 1000 բառ (Սրագսյանի Ա., Ղարաբաղի բարբառի բառարանում, Եր., 2013), Ա. Ղուլյանի բառարանում, որտեղ ընդգրկված են նաև տերմիններ, գրական փոխառություններ, կան 3300 բառ և կազմություն (Ղուլյան Ա., Առօրյա խոսակցական լեզվում հաճախակի գործածվող բառերի բառարան, «Դիզակ պլյուս հրատ.», Ստեփանակերտ,  2014):

 

More From Author

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի