Գերմաստ-գիլիմաստրի-գետնախնձոր (բառաքննություն և ստուգաբանություն)

Spread the love

Գերմաստ, գերմաստի, գիլըմասրի, գիլիմաստրի, գիլըմըհասրի և բառային այլ տարբերակներով է կոչվում բարդածաղկավորների ընտանիքի բազմամյա այն բույսը, որ հայերենում հայտնի է գետնախնձոր, գետնատանձ, աստղատակ, Երուսաղեմի արտիճուկ և այլ անվանուններով[1]: Լատ. անվանումը՝ helianthus tuberosus «արևածաղկի պալար»: Օտար աղբյուրներում անվանը վերաբերող ստուգաբանական փորձերից մեկում նշվում է, որ այն Երուսաղեմ բառի հետ որևէ առնչություն չունի. իտալացիներն այն անվանել են girasole «արևածաղիկ» (<լատ. gyrus (curvus>curvor «կոր, թեք, թեքություն»[2])՝ իտ. girare «շրջան, շրջանաձև, կլոր» (հմմտ.՝ հ.-ե *wer «թեքում, կոր» > հայ. կոր «ծուռ, կոր», լիթ. gurnas «կոճ, ոսկոր»,  նորվ. kaure «գանգուր, խճճված մազ», այս ամենին հմմտ.՝ Սյունիք-Արցախում՝ կըէռ||կէռ, կըռակoռ) և sole «արև» բառերից, բառացի՝ «դեպի արևը պտտվող»), որ հետագայում կարող էր շփոթություն ստեղծել Երուսաղեմ բառի հետ: Ավելի մոտ է «հարավային իտալական բարբառի [d͡ʒiraˈzu:l]»  բառին[3]՝ girasole articiocco «արևածաղկի արտիճուկ», որ աղավաղվել է անգլիախոսների շրջանում՝ դառնալով Երուսաղեմի արտիճուկ[4]: Բառի մյուս անվանումը՝  topinambur (ֆրանս. topinambour, պորտ. topinambur)[5], ծագում է Բրազիլիայի հնդկացիական tupinamba (topy)  ցեղի անունից, որոնց հետ էլ 17-դարում բույսը ներմուծվել է Ֆրանսիա[6]:

ՆՀԲ-ն նշում է գերմաստ՝ «ընդեղեն ինչ»՝ առաջացած հուն. θέρμος բառից[7]: Հ. Աճառյանը արձանագրում է գերմաստի[8] կամ գերամաստի բառահոդվածը և տալիս նկարագրությունը. «Մի տեսակ անտառային ծառ է. մարդաչափ բարձրութեամբ, կարմրագոյն կեղևով՝ որ կարծես գործուած է. ամուր փայտ ունի. պատրաստում են մահակներ և ճիպոտներ. երկար ժամանակ այդ ճիպոտները դալար են մնում (հաղարջի նման սև բերք ունի՝ Մ.Ք.)»[9]: Ինչպես նկատում ենք ՆՀԲ-ի և ՀԱԲ-ի նկարագրությունները չեն համապատասխանում այն բույսին, որին Գորիսի շրջանում անվանում են գըլըմաստրի (գետնախնձոր): Հ. Աճառյանը այս բառին նմանություն ունեցող գերմաստ-ը ստուգաբանում է «գայլի մասրենի» կամ «կարմիր մասրի» և եզրահանգում, որ այն հնարավոր է հայերենից փոխառված լինի արևելյան լեզուներում[10]: Հայերենի բարբառներում առանձնապես տարածված չէ նաև այդ անունը՝ Երև. գերեմաստի, Ղրբ. գիլամասրի, Ղզխ.՝ գիրմասրի, գիլմասրի և այլն[11], «Հայոց լեզվի բարբառային բառարանը»  «գետնախնձոր» իմաստով նշում է գիլիմասրի, գիլիմասուր, գիլմըհասուր, գերմասրի և ավելացնում, որ բառը հանդիպում է միայն Զանգեզուրում[12]: Հ. Աճառյանը «Հայերէն գաւառական բառարանում» նշում է բառահոդվածը՝ գիլամասրի՝ առանց որևէ բացատրության[13]: Արցախում բառը տարածված չէ, համարժեքն է՝ տօմբալ(ան) և կանդազ[14]:

Նկատի ունենալով բառի ծագումնաբանական և բառակազմական-իմաստաբանական դժվարությունները, այլև նրան վերաբերող ստուգաբանական փորձի բացակայությունը՝ պետք է առաջարկենք տարբերակներ: Այսպես՝ բառի արտաքին կազմից ենթադրվում է, որ այն կազմված է գիլ և մասրի (մասուր) բառերից: Նախ քննենք գիլ արմատի առկայությունը բարբառախմբում: Ոչ միայն Սյունիքում, այլև Արցախում տարածված է գիլ բառը[15], որ անվանում են նաև «մեռած քար» (այն կլորավուն, ծակոտկեն քար է, որ օգտագործվում է հիմնականում ոտքի կրունկները մաքրելու համար)[16]: Այս բառը դժվար է նույնացնել Սյուն. գիլ||գիլա̈ «1. խաղողի կամ կեռասի կլոր հատը, 2. աչքի բիբ» բառի հետ: Գիլա̈գիլա̈ բառը Սյունիքում օգտագործվում է նաև «արցունքի, ջրի թափվելը» իմաստով՝ հավանաբար փոխաբերությամբ. «Ըշկերան գիլա̈-գիլա̈ կաթումա ա»[17]: Վերոնշյալ իմաստներով գիլա̈[18] բառն անցել է նաև թուրքերենի (Արդ. Վն. Կր. ևն՝ gile1 «խաղողի հատիկ», gile2 «աչքի բիբ»)[19] և Ատրպատականի շրջանի՝ Սյունիք-Արցախին մոտ բարբառներին[20]: Գիլ>գլան է ասվում նաև «այն փայտը, որով գլորելով քարեր են տեղափոխում», իսկ գըլգըլան (Վն. Ար. Խյ. Գոր.) անվանում են «փայտաշեն սայլակը, որով հանում են քարն ու գոմաղբը»: Գիլ արմատ պահպանված է նաև ազգանուններում և տեղանուններում՝ Գիլանց տախտը, Գիլավանց[21] և այլն: Հնարավոր է, որ ազգանվան մեջ պրսկ. gel /گل/ «ցեխ, կավ, տիղմ, քարակոշտ» իմաստով բառը լինի: Նկատում ենք, որ, այնուամենայնիվ, գիլ արմատը Սյունիք-Արցախում պահպանված է ոչ միայն «քար», այլև «կլոր» իմաստով, և անկախ ծագումնաբանական հնարավոր ընդհանրություններից՝ համանուն են: Գիլ արմատը վերոնշյալ իմաստներով առկա է նաև հայերենի մյուս բարբառներում՝ Վն. Թբ. Ար. Կր  և այլուր: Բարբառագիտական որոշ աշխատանքներում նշվում է գիլ և գիլա թյուրքական ծագումը՝ հավանաբար նկատի ունենալով, որ Սյունիք-Արցախը հայերենի գ ձայնեղի դիմաց, որպես կանոն, բառասկզբում ունի կ>կյ: Բայց բարբառախմբում գործածվող բազմաթիվ բառեր կան՝ գիտենալ>գիդա̈լ, գրաւ>գ/կ/իրավ, գուլպա>գյ/կ/ո̈ւլբա, գիրգ «գութանի ծայրի փակի մասը», գուլի «հնդկահավ»[22], գյո̈ւռ «հորդ» և այլն, որոնցում պահպանված է գ ձայնեղը: Ինչպես նկատվում է, այդ բառերը հայերենի բառապաշարի հիմնաշերտում են, որ բարբառախմբում մասնավորվում են բառասկզբի գ-ի պահպանման որոշակի կանոններով, ինչպես՝ բառի մեջ առկա ձայնեղի կամ ձայնեղացված հնչյունի ազդեցություն, համանունների կուտակումից խուսափում և այլն: Գիլ արմատը, փաստորեն, Սյունիք-Արցախ բարբառային բառապաշարում պահպանված հնաբանություններից է, որ հնդեվրոպական մայր լեզվից անցել է գրաբարին և բարբառներին՝ «1. քար, 2. կլոր, կլոր հատ» իմաստներով: Հ. Աճառյանը այդ բառի ծագման և նրա պատմական զարգացմանը վերաբերող հարցերը մանրամասն քննում է հենց գիլ բառահոդվածի ներքո՝ այն համարելով բնիկ հայերեն՝ ծագած *wel «գլորել» արմատից[23]: Եթե ընդունենք, որ ուսումնասիրվող բառում գիլ արմատն է, ապա այն պետք է տրամաբանորեն հանդիպադրվի մասուր բառին և մատնանշի որևէ հատկանիշ՝ «քարի մասուր, շրջված մասուր, կլոր հատ մասուր»: Ստուգաբանական այս տարբերակում ենթադրվում է, որ գիլիմասրի բառը պետք է առաջացած լինի գիրմաստի բառի ժողովրդական ստուգաբանությամբ:  Կարող է համեմատված լինել հասունացած և քարացած մասուրի բերքի հետ, որ արտաքինից գետնախնձորի պտղին շատ նման է: Այն փայտի պես պինդ է և Գորիսում ունի մի քանի անվանում՝ քըրըմասրի, շընըմասրի, պըռավի պորտ և այլն: Իսկ գիլիմաստրի  տարբերակի տ-ն կարող է աճական լինել, որ դրվում է սր կապակցության առկայությամբ, ինչպես որոշ բառերում՝ սորա>սրա>(ը)ստրա, այսր>(ը/ո̈ւ)ստո̈ւր, կամ մաստ||մաստի (գիրմաստ) բառի մնացուկ:

Պետք է նշել, որ մասուր>մասրի (բրբ.՝ մըհասուր>մըհասրի) բառի վերաբերյալ մեզ հանդիպած ստուգաբանական տեղեկությունները հստակ չեն: Հավանական ենք համարում, որ այն գրաբարի մաստ[24], այստեղից՝ «մաստնութիւն»՝ «հաստ, ամուր, պինդ» իմաստով բառն է, որ գործուն է նաև Սյունիք-Արցախում: Մաստ ասվում է «խիտ, թանձր,  դժվարամարս ուտելիքին»: Գուցե այստեղից ձևավորված լինի նաև նրա երկրորդ իմաստը՝ «տոկուն, դիմացկուն»: Հ. Աճառյանը մաստ բառահոդվածի տակ նշում է «բողբոջեալ և մաքրեալ գարի՝ գարեջուր պատրաստելու համար» իմաստը՝  կազմությունը և ծագումը անհայտ համարելով[25]: Մաստ բառի առկայությամբ գիրմաստի և գիլիմաս/տ/րի բառը հավանաբար պետք է նշանակի «կլոր և պինդ պտուղ», «քարի պես պինդ»:

Ստուգաբանական երկրորդ տարբերակն այն է, որ գրաբարում վկայված գեր արմատը բարբառախմբում կարող էր տալ գէլ կամ գիլ>կիր||կիլ:

Է. Աղայանը «կուտ» բառը, ապա «*ger-» արմատները քննելիս խոսում է նաև հայերենի «կոր, կեռ, կոռ»[26] բառերի ծագման մասին՝ դրանք համարելով հ.-ե. *wer- (ger-) արմատի ձայնադարձից և «դարձնել, գալարել, ոլորել»[27] իմաստներից առաջացած, որոնցից բազմաթիվ հասկացություններ են ձևավորվել նաև պարսկերենում[28]: Հնարավոր է՝ հայերենի և պարսկերենի այս արմատի և նրանից ածանցված բառերի ու իմաստների բազմազանությունն է հաճախ դժվարություններ ստեղծում, որի արդյունքում գրեթե անհնար է դառնում որոշելը, թե այդ հասկացություններից որն է բնիկ և որը փոխառյալ: Հստակեցում չկա նաև  *wer- արմատի հնդեվրոպական համանունների շարքում, որ տարբեր լեզուներում բազմաթիվ դրսևորումներով են առկայացել: Այնուամենայնիվ, հնարավոր է, որ գիլիմաստրի բառի գիլ արմատը գրաբարի նույն գեր բառից լինի՝ գեր-մաստ-ի, որ բարբառախմբում կրել է ր>լ փոփոխությունը, ինչը բնորոշ հատկանիշ է հնդեվրոպական նախալեզվի «արիական ընտանիքի» համար, որ «շատ անգամ շփոթում է r և l ձայները»[29]: Իհարկե, կարող է այդ հարտկանիշը փոխացված լինել հայերենի տարբերակներին: Չնայած բարբառախմբում ր>լ փոփոխությունը կանոնավոր չէ, սակայն առկա է հրեշտակ>հիլիշտրակ, սերկևիլ >սըլկէվիլ, տափարակ> տափլակ, քարաթոթոշ> քըլըքանթրուշ և այլ բառերում, որոնց շարքում կարող է ընդգրվել նաև գիլիմաստրի բառը: Բայց այս դեպքում առկախ է մնում բառասկզբի գ-ի հնարավոր փոփոխության հարցը: Եթե գիլ տարբերակով բառային մնացուկներ են ավանդվել բարբառախմբին, ապա գեր>գիլ||գիր ձևով այստեղ նշված կամ մոտ իմաստներով, նաև այլ բառ չի հանդիպում, և ստուգաբանական այս տարբերակն էլ այսքանով սահմանափակում ենք:

Մյուս տարբերակն այն է, որ գիլմասրի բառը կարող է առաջացած լինել գրբ. գերմաստի՝ ստուգաբանորեն անհայտ  մի բառից, որ նույնպես գործածվում է Սյունիք-Արցախում: Ինչպես նշեցինք վերևում, այն «գետնախնձորի թփերի երկարությամբ ծառաթուփ է, որի փայտից ցախավել և բուրդ ծեծելու ձող են պատրաստում, քանի որ պինդ և ճկուն է»: Հնարավոր է գերմաստի բառի ժողովրդական ստուգաբանությունն է, որ անցել է նաև թյուրքերենին[30]:

Եվ վերջապես եթե ընդունենք, որ բարբառախմբի գերմաստ և գիլիմասրի բառերը տարբեր ծագում ունեն, և երկրորդում գիլ արմատը չէ, ապա պետք է շրջակա լեզուներից մի փոխառություն լինի, որ հետագայում բարբառային տեսք և բովանդակություն է ստացել: Հնդեվրոպական *gʷher- «տաք, ջերմ» բառը իրանական լեզուներում[31] տվել է *ghar-, *gwhormo- >*ghar-ma[32]: Հավանական է, որ պրսկ. gārmsir /گرمسیر/ «արևադարձային կլիմա ունեցող երկիր, տաք երկիր» բառը անցած լինի բարբառախմբի տարբերակին՝ «արևադարձային մի բույս», որ հետո ժողովրդական ստուգաբանության հետևանքով դարձել է գիլմասրի: Նշենք, որ *ghar- արմատից բարբառախումբն ունի ջերմ||ճերմ տարբերակները: Գարմ||գէրմ տարբերակով և «տաք, ջերմ» իմաստով այլ բառ հայտնի չէ:

Այսպիսով՝ Գորիսի բարբառի գիլմասրի  բառի ծագման հետ կապված դժվարությունները ակնհայտ են: Մի կողմից որպես բուսանուն՝ այն նմանություններ ունի գրաբարի գիրմաստ[33] բառի հետ, և ստուգաբանելիս փորձ արվեց հետևել գրաբարի տարբերակին՝ որպես բարբառին անցած նախնական ձևի, որի մասին առաջին վկայությունը տալիս է հենց Հ. Աճառյանը, ապա՝ Ա. Մարգարյանը[34]: Մյուս կողմից, ինչպես նկատում ենք, Գորիսի բարբառում պահպանված երկու անունները մատնանշում են տարբեր բուսանուններ: Եվ եթե գիրմաստի բառի տարբերակը մասամբ հայտնի է որպես գրաբարից փոխառված բառ, ապա առկախ է մնում գիլիմասրին, որ հնարավոր է շրջակա օտար լեզուների ազդեցությամբ ստեղծված բառ լինի, որի արդյունքում ունենք բարբառային տարբերակներ՝ գիլմաստի, գիլիմասրի, գիլմըհասրի, գիլըմասրի, գըլըմասրի, գըլըմաստրի: Հետաքրքրականն այն է նաև, որ եթե այն մի օտար բառի տարբերակ է, ապա Արցախում նույնպես պիտի արձանագրված լիներ:

Գրաբարից Սյունիք-Արցախ բարբառախմբին անցած գերմաստ||գերմաստի բառի քննությունից պարզ է դառնում, որ այն կազմված է *ger-՝«ճկուն, կոր», և մաստ՝ «հաստ, ամուր, պինդ» բառերից: Գիլմաստրի բառին վերաբերող տեսակետներից թերևս հակված են առաջինին՝ որպես գերմաստ բառից ծագած բարբառային համանուն:


[1] Ղազարյան Ս., Բուսանունների հայերեն-լատիներեն-ռուսերեն-անգլերեն-ֆրանսերեն-գերմաներեն բառարան, Երեւանի համալսարանի հրատարակչություն, Ե., 1981, էջ 21:

[2] de Vaan M., Etymological dictionary of Latin and the other Italic languages, Brill, vol. 7, Leiden-Boston, , 2008, p. 158.

[3] Տե՛ս Smith J., An introduction to physiological and systematical botany, London, 1807, p. 108.

[4] Տե՛ս Wedgwood H., On False Etymologies, Transactions of the philological society, N 6, London, 1855, p. 67.

[5] Տե՛ս БиологияСовременная иллюстрированная энциклопедия, М., 2006, (глредА Горкин) ТОПИНА́МБУР (земляная груша) բառահոդվածի ներքո:

[6] Գետնախնձոր կամ գետնատանձ, https://blognews.am/arm/news/51850/getnakhndzor-kam-getnatandz.html. (վերջին այցելությունը՝ 3. 30. 2019):

[7] Աւետիքեան Գ., Սիւրմէլեան Խ., Աւգերեան Մ.,  Նոր բառգիրք հայկազեան լեզուի, Հատ. I, Վենետիկ, 1836-1837, Էջ 549 /այսուհետև՝ ՆՀԲ/:

[8] Գերմաստի համարվում է այծատերևազգիների ընտանիքին պատկանող թուփը՝ կարմրավուն կեղևով և ճկուն ամուր փայտով, բռնչիի մի տեսակը, որի ոստերից կողովներ ու քթոցներ են հյուսում:

[9]Աճառեան Հ., Հայերէն արմատական բառարան, Հատ. 1, Ե., 1926, Էջ 546 /այսուհետև՝ ՀԱԲ/:

[10] ՀԱԲ, Էջ 546:

[11] ՀԱԲ, էջ 546:

[12] Հայոց լեզվի բարբառային բառարան, ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ, Հատ. 1, Ե., Էջ 243:

[13] Աճառեան Հ.,  Հայերէն գաւառական բառարան, Թիֆլիս, 1913, Էջ 228:

[14] Սարգսյան Ա., Ղարաբաղի բարբառի բառարան, Ե., 2013, էջ 742, 330: Նշվում է, որ բառն անցել է թուրքերենից՝ dombalan:

[15] Հմմտ. «…և զբազումս յանձաւին վերայ ելեալք մեծամեծ վիմօք գլաջարդ առնէին». տե՛ս Լաստիվերտցի Ա., Մատենագրոթիւնք նախնեաց, Վենետիկ, 1844, էջ 50:

[16] Գորիսի տարածաշրջանում այդ քարանյութի բազմաթիվ հանքեր կան:

[17] Գեղարվեստական գրականության մեջ հանդիպում ենք. «Խաղողը գիլագիլա, / Առները հատիկ, հատիկ, / Նարճեսը բախտի գնա» (Գյուլնազարյան Խ., Պատմվածքներ, 1966), «…էն սև սև, խաղողի գիլա աչքերը քեզնից չէր կտրում» (Բալայան Վ., Լույս և ստվեր), «… քո բառերով գիլագիլա, կերակրիր քաղցր շիրա…» (Գրիգորյան Վ., Հարեմի վարդ, 2005), «Նիրհէ, ճան իմ, նիրհէ, / Արեւ ծիծղուն / Գիլա գիլա ձագիկներով…» (Կոմիտաս). (բոլոր օրինակները բերված են «Արևելահայերենի ազգային կորպուսի» (ԱՐԵՎԱԿ) պաշարներից՝ http://eanc.net):

[18] Համեմատել՝ գիլասկեռաս՝ պրսկ.՝ gilas /گیلاس/:

[19] Türkiye’de halk ağzından. Derleme sözlüğü, Cilt VI, Ankara, 1972, y. 2076

[20] Azərbaycanca-rusca lüğət, Cilddə 4, (E-K), Bakı, 2006, y. 257.

[21] Գիլավանց ազգանունը, կարծում ենք, քարագործ կամ բրուտագործ նշանակությունն ունի: Խնձորեսկի Գիլավյանները պնդում են, որ իրենց նախապապերը քարագործներ են եղել, որտեղից էլ առաջացել է տոհմի անունը:

[22] Տե՛ս Մարգարյան Ա., Ստուգաբանություններ, Ե., 2015, էջ 101:

[23] ՀԱԲ, Էջ 555:

[24] Համեմատել՝ անգլ. mast «ծառեր», գերմ. mästen «պարարտացնել» և այլն (այս մասին տե՛ս Weekley E., Etymological dictionary of Modern English, Dover publications, New York, 1967, p. 904):

[25] ՀԱԲ, 265:

[26] Աղայան Է., Բառաքննական և ստուգաբանական հետազոտություններ, Ե., 1974, էջ 89, 105-108:

[27] Այս մասին կարելի է տեսնել՝ Pokomy J., Indogermanisches etymologisches Wörterbuch, Vol. I, Bern, 1959, p. 385-390.

[28] Расторгуева В., Эделыиан Д., Этимологический словарь иранских языков, Том 1. Москва, 2000, с. 184-185 /այսուհետև՝ Р.Э., Э.с.и.я./.

[29] Աճառյան Հ., Լիակատար քերականություն հայոց լեզվի, Հատ. VI, Ե., 1971, էջ 494:

[30] Տե՛ս ՀԱԲ, էջ 546:

[31] Հմմտ.՝ անգ. warm (հին անգլ. wearm), լատ. formus «տաք», սանսկ. gharma «տաք», պրսկ. garm «տաք», հուն. thermos (θερμός) «տաք», ռուս. յarko (жара, жарко) «տոթ»):

[32] Martirosyan H., Etymological dictionary of the Armenian inherited lexicon, Leiden, Boston, 2010, p.  556–557,  The place of Armenian in the Indo-European language family: the relationship with Greek and Indo-Iranian, Вестник РГГУ, N 16 (117), Серия «Филологические науки. Языкознание», Москва, 2013, с. 95, Расторгуева В., Р.Э., Э.с.и.я. Том 1, с. 160-163.

[33] Լատ. viburnum «թափառող ծառ» (այս մասին տե՛ս Quattrocchi U., CRC World dictionary of plant names: Common names, scientific names, eponyms. synonyms, and etymology, Vol. 4, CRC Press, 1999, p. 2793):

[34] Մարգարյան Ա., Գորիսի բարբառը, Ե., 1975, էջ 319:

 


Гермаст-гилимастри-земляное яблок (Семантика и этимология)- В Горисском диалекте слово гилмасри или глымастри означает земляное яблоко. До сих пор изучение этого слово не проведено. Как название растения, оно имеет сходство со словом гирмаст из грабара, которое распространено в диалектах Сник-Арцах. Сохранившиеся в диалекте Гориса две названия указывают на две разные растения. Изучение выявляет, что слово гермаст||гермасти, вошедшее в территориальный диалект Сюник-Арцах из грабара, состоит из слов *ger- “гибкий, кривой” и mast-(մաստ) “толстый, крепкий, твёрдый”. Из нескольких вариантов, относительно этимологии слова гилмастри самым вероятным является тот, по которому это диалектная форма грабарного гермаст.


Germast-gilimastri-topinambour (Word test and etymology)” -In dialect of Goris word gilmasri or gylymastri means topinambour. Till now have not been studies about this word. As a plant name it is like dialectical word girmas which is spread in Syunik-Artsakh dialects. Two names saved in dialects of Goris show different plant names. Study shows that word germast/germasti, passed from Old Armenian to Syunik-Artsakh dialectical group, is made of words *ger- ”flexible, curved’’ and mast-(մաստ) ”thick, solid, firm”. From etymologies of word gilimastri the most possible is that plant name is a dialectical form of Old Armenian word germast.

More From Author

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի