Կոռնիձոր-Խորեա առնչությունները (տեղագրական և բառաքննական փորձ)

Spread the love

Բ.գ.թ., դոցենտ՝ Մ. Քումունց

Բ.գ.թ., դոցենտ՝ Լ. Ներսիսյան

 Ներկայիս Կոռնիձոր գյուղում և նրա ամբողջ շրջակայքում տարբեր ժամանակներում՝ սկսած Ք.ա.  2-րդ հազարամյակից, եղել են բնակավայրեր, մինչև օրս պահպանված են հին գերեզմանոցներ, նախաքրիստոնեական շրջանի հուշարձաններ, մատուռներ և այլն[1]: Տարածքը՝ ներառյալ Կոռնիձորը երեք կողմից շրջապատող ձորերը, որ իջնում են դեպի Հակարի գետ, հրվանդանի տեսք ունի, բնակլիմայական պայմանների շնորհիվ բարենպաստ է բնակության համար: Այս տարածքով են անցնում հիմնական ճանապարհները դեպի Արցախ: Պատմությունից հատկապես հայտնի է Կոռնիձոր-Հարար առևտրային ուղին:

Գյուղի մասին պատմական տեղեկությունները շատ չեն: Պատճառներից հիմնավորն այն է, որ Կոռնիձորը, ինչպես շրջանի շատ բնակավայրեր, անընդհատ տեղափոխվել է, բնակչության տեղաշարժեր նույնպես շատ են եղել. այդ են վկայում արմատներով Արցախի, Պարսկաստանի, Գորիսի տարբեր բնակավայրերից այստեղ ապրող կոռնիձորցիների սերունդները: Հիմա դժվար են տարբերվում բնիկներն ու եկվորները:

Նոր գյուղում պատմամշակութային հին արժեքներ առանձնապես չեն արձանագրվել, իսկ տարածաշրջանը առանձնապես ուսումնասիրված չէ՝ չնայած հնագիտական նշանակությամբ բազմաթիվ հուշարձանների գոյությանը:

Վաղ և միջին շրջանների պատմական սակավ տեղեկությունները, ըստ էության, անվստահելի են դարձնում գյուղի անվան, տեղի և այլ հարցերի վերաբերող եզրակացությունները:

Առայժմ մեր ունեցած առաջին տեղեկությունները, որոնցում հիշատակվում է Կոռնիձորը, սկսվում են 18-19-րդ դարերից: Եվ սա այն դեպքում, երբ գյուղը բավականին մեծ է եղել[2]: Փաստորեն այն եղել է նաև մելիքանիստ. «Մելիք-Բարխուդարեանների նախահայր Մելիք-Բարխուդար Ա. գաղթել է Լոռուց Զանգեզուրի նախ Կոռնձոր և ապա Տեղ գիւղը[3]», որ ենթադրել է տալիս Կոռնիձորի՝ շրջակայքում ունեցած գերակա դիրքի մասին:  Արևելքից Զանգեզուրի համար եղել է դարպաս, երկրին սպառնացող առաջին հարվածները կրել է Կոռնիձորը. հավանաբար նաև այդ է պատճառը, որ գյուղը անընդհատ տեղահանություններ է կրել:

Այսպես, օրինակ, Ներսեսով Միրզա Յուսուֆը[4], նկարագրելով պարսկական բանակի մուտքը Արցախ, նշում է նաև Կոռնիձոր կամ Քուրունզուր անվամբ բնակավայր. «Աբաս Միրզան լսելով այս ուրախալի լուրը՝ բանակը իր ճամբարում է թողնում և հաջորդ օրը մոտենում Կոռնիձոր (Քուրունզուր) գյուղին»[5]:

Պատմության շարունակությունից հասկանում ենք, որ Կոռնիձորը հիշյալ ժամանակաշրջանում՝ 18-րդ դարից սկսած, արդեն կրում էր օտար ազդեցություն. «[Աբաս Միրզան գերիներին] վերցրած գնում է Կոռնիձոր գյուղը, ուր հյուրընկալվում է Հաջի Աղալարի կողմից: Այնտեղ նրան են ներկայանում Ամիր խան սարդարն ու Մեհդի Ղուլի խանը, ողջունում, հետո շնորհավորում են նրան»[6], իսկ շրջակայքում տարածված էին քրդական ու թյուրք-թաթարական տարբեր ցեղեր՝ «…դելաղորդե, զարգյար ու ջևանշիր…»[7]: Եվ այդ ամենով հանդերձ, այնուամենայնիվ, նաև այս բնակավայրի շնորհիվ է, որ Գորիսի շրջանը պահպանել է ավանդույթները, բարբառը: Փաստորեն այստեղ են բեկվել նաև ազգային նկարագրին սպառնացող օտարամուտ երևույթները լեզվի և մշակույթի առումով: Մենք այն կարծիքին ենք, որ Կոռնիձորը որևէ ժամանակաշրջանում  առանց հայի չի եղել, այստեղ վերաբնակեցվածներն էլ արագ մերվել են տեղական սովորույթներին, շարունակել կիրառել տեղական բառն ու բանը:

Գյուղանվանը վերաբերող բոլոր հիշատակություններում պահպանված է հիմքը, որ, բնականաբար, կրել է հնչյունական որոշակի փոփոխություններ: Մինչև օրս էլ Կոռնիձոր անունը տարբերակներ ունի:

Կոռնիձոր կամ Կռնաձոր է հիշատակում Ղ. Ալիշանը մի այլ աշխատանքում այս տարածքի բնակավայրերի մասին խոսելիս[8]. «եւ Կոռնիձոր կամ Կռնաձոր ‘ի հիւսիսոյ նորա 75 տամբք եւ սաքաշէն եկեղեցեաւ մեծաւ»[9]:

Կոռնիձոր տեղանվան տարբերակները, հավանաբար, ավելի են շատացել, երբ արդեն 15-րդ դարից սկսած Հակարի գետի երկու ափերը սկսել են հայաթափվել  ու մահմեդականներով բնակեցվել[10]: Ըստ էության հանդիպակաց Հարար և Կոռնիձոր գյուղերն են «թերակղզիացված» եղել՝ երեք կողմից շրջապատված օտար բնակիչներով: Օտարի նկատմամբ հակազդեցությունը, բնականաբար, բացարձակ չի եղել. կարծում ենք` այս տարածքի տեղանուններն էլ են փոփոխվել՝ տարբեր բնույթի շփումների հետևանքով: Այդ անուններից շատերը, այնուամենայնիվ, պահպանել են բարբառային արտասանությունը, այդ թվում հին բնակատեղիներ՝ Խուրխուփ (Խoրխուփ, Խoրխօփ), որ գտնվում է ներկայիս Կոռնիձորից արևմուտք՝ դեպի Խնձորեսկ և Տեղ գյուղեր, Սըռըյէղցի (Սըռէխծի, Սիըռնըյէխծի) սրբավայրի բնակատեղին՝ Կիրա̈ծöրը կամ Գիրածöրը,  այլև՝ Սիմնածöր, Միքէլ դա̈րա̈, Մուգումաց բաղ, Պիծի ծöր, Մըէծ ծöր, Կըքէվանց ծöր, Կըռին տափ, Ճըքարին պա̈շ (ճըքքարին) և այլն: Կան նաև օտար կամ օտար բաղադրիչով անուններ՝ Միրզի շէն, Ահմադ աղա, Յազուն գո̈ւնէյ և այլն:

Կոռնիձոր անվան հիմքով երկու հիմնական բնակավայր-տեղանուն ենք արձանագրում այս տարածքում՝ Կիրա̈ծöրը կամ Գիրածöրը, որ գտնվում է նոր գյուղի հարավարևելյան ձորահովտում՝ Սըռըյէղցու մոտակայքում, և Խօրխօր կամ Խօռխօռ: Կոռնիձորը «չորս անգամ տեղափոխվել է: Ամենահին գյուղը կոչվել է Խորեա (Խորանա)…»[11]:

Հարցի քննության համատեքստում, կարծում ենք, այդքան էլ էական չէ, թե որ ժամանակ գյուղը որ մասում է եղել, բայց և պարզ է, որ Ս. Օրբելյանի շրջանում Աղահեճք և Հաբանդ գավառի գյուղերի անվանացանկում բացակայում է Կոռնիձոր անունը, որ, ամենայն հավանականությամբ, հետագայում է փոխվել:

Միջնադարյան Սյունիքի հայկական բնակավայրերը, սովորաբար, ունենում են եկեղեցիներ, մատուռներ կամ ժամատներ՝ շրջակայքում գերեզմաններ: Դրանք կարևոր դեր ունեն բնակավայրերի տեղադրության և տարբեր հարցերի որոշակիացման համար:

Կոռնիձորի տարածքի սրբավայրերից ամենահայտնին Սըռըյէղցին[12] է, որ երկու ձորերի արանքում է՝ ձորի նկատմամբ բարձրադիր վայրում: Շրջակա գյուղերի բնակիչների ավանդազրույցներից մեկի համաձայն՝  Սըռըյէղցու ձորում ապրել ու ստեղծագործել է Մովսես Խորենացին, և հենց ինքը՝ Պատմահայրն է կառուցել Սըռըեղցին՝ իբրև ճգնարան՝ շրջապատված պարսպով: Որպես իրականություն՝ նշում են, որ այդ ձորը հետագայում կոչվել է Կիրաձոր (Կիրա̈ծöր)՝ «գրողի կամ գրչության ձոր», քանի որ այստեղ եղել է նաև դպրատուն: Շրջակայքի մյուս եկեղեցիների, բնակատեղիների, մասնավորապես  Կոռնիձոր, Խորեա և մի քանի այլ տեղանունների մասին կխոսենք ստորև:

Կոռնիձոր գյուղն ունեցել է տարբեր անուններ՝ Գերինձոր, Գենիձոր, Գերինզուր, Գերինզոր, Գորունզուր (Gorunzur), Կանաձոր, Կերենզուր, Կոռիձոր, Կոռինձոր, Կոռնաձոր, Կոռնձոր, Կորնիձոր, Կռնաձոր, Կոռնիձոր[13]: Բանավոր զրույցներում հիշատակվում են նաև մի շարք անուններ, որոնք իբրև տրված են եղել գյուղին՝ Կըրընկածöր, Խօռնիծöր, Խօրումծöր, Խօրյածöր, Կէռածöր և այլն: Կոռնիձոր անվամբ գյուղ առաջին անգամ հիշատակվում է Տաթևի Վանքի նոր հարկացուցակում՝ 1781:

Որևէ վկայություն չկա, թե մինչև Կոռնիձոր կոչվելը որ անուն է կրել բնակավայրը և որտեղ է գտնվել մինչև սարահարթ բարձրանալը: Հարցն ավելի է դժվարանում որևէ կոնկրետ անուն պահպանված չլինելու պատճառով. վերոնշյալները բոլորն էլ ձևով մոտ են Կոռնիձոր անվանը, բայց նշանակության առումով կարող են տարակարծություններ առաջ բերել՝ գեր-ի-, գեն-ի-, գոր-ու-, կան-ա-, կերեն-, կոռ-ի-, կոռ-նի- խոր-նի և այլն: Սրանք արմատներ են, որ ունեն տարբեր նշանակություններ: Նկատի ունենալով Սռի եղցիից հարավ՝ Կոռնիձորի տարածքի հին բնակավայր լինելու հանգամանքը[14], այլև գյուղի ռազմավարական նշանակությամբ դիրքը՝ գրեթե համոզված ենք, որ գոնե Ս. Օրբելյանի «Պատմության» մեջ Տեղ, Խնածախ, Խնձորեսկ, Շուռնուխ գյուղերի կողքին պետք է որ նշված լիներ մի բնակավայր, որ գտնվել է Կոռնիձոր գյուղի տարածքում (ավելի հավանական ենք համարում դեպի Աղավնո գետ իջնող ձորահովտում, այլ ոչ թե ժամանակակից տեղում):

Կոռնիձորին վերաբերող տարբեր ուսումնասիրություններում, այլև ստուգաբանական աշխատանքներում այս հարցը գրեթե բացակայում է՝ մատենագիտական և այլ բնույթի աղբյուրների սղության պատճառով: Ս. Օրբելյանից հետո այլևս չի հիշատակվում Խորեա գյուղանունը, այն նույն բառի հնչյունական տարբերակներով պահպանված է տեղացիների շրջանում, որ տրվում է հնամյա մի բնակավայրի,  որ «իրենից ներկայացնում է  մի կիրճ, որտեղ ձորից 80-100 մետր բարձրության վրա՝ ուղիղ լեռների ճակատներից, փռված են ժայռակերտ քարանձավներ մոտ 40 հատ»[15]՝  Խօրյա, Խօրխօփ, Խօրխօր, Խըրխօփ, Խօռխօռ և այլ անուններով: Հիմա տեղացիներից շատերը այն ճանաչում են Խըրխօփ կամ Խօրխօփ ձևով: Ղ. Ալիշանը նշում է, որ պատմական շրջանում, այլև Տաթևի վանքին տրվող հին հարկացուցակում Կոռնիձորը չի հիշատակվում[16]: Բայց արդեն 18-րդ դարի վերջերին, ինչպես նշում է Ղ. Ալիշանը, «Կուռնի ձոր կամ Կոռնի ձոր» գյուղն ունեցել է 250 տուն[17]:

Ա. Մարգարյանը տեղանվան ստուգաբանության մեջ[18] տեղորոշում է նույնանուն՝ Կոռնիձոր հին գյուղատեղին, որ տեղափոխվել է սարահարթ 20-րդ դարում:

Հեղինակներից ոմանք էլ կարծում են, որ Կոռնիձորը նույն Խորեա անունով բնակավայրն է, որտեղ ապրել է Պատմահայրը[19]:  Ս. Խանզադյանն իր «Հայրենապատում» աշխատության մեջ հղում է ժողովրդական պատումը[20], համաձայն որի՝ Խորեա||Խրով հին բնակավայրում, որ ժամանակ անց կոչվել է Կիրաձոր կամ Գիրաձոր, թաղված է Պատմահայր  Մովսես Խորենացին՝  Սըռըեղցի կոչված սրբավայր-դամբարանում: Այս տեսակետը հիմնավորված է Մ. Խորենացու երկի թարգմանության առաջաբանում Ս. Մալխասյանցի կողմից. «Ավելի հավանական է կարծել, թե նա (խոսքը Մ. Խորենացու մասին է՝ Մ.Ք., Լ.Ն.) ծնված է Սյունիքում, Հաբանդ գավառի Խորեա անունով փոքր գյուղում, որը հիշում է Ստ. Օրբելյանը»[21]:

Տարբեր են ժողովրդական ստուգաբանությունները Կոռնիձորի վերաբերյալ. կօռ>կէռ ձորեր ունեցող վայր, կէռ>կէռիք «ատամ» + ձոր՝ հին գյուղի՝ ատամնաձև  ժայռերի նմանությունից առաջացած անվանում է, կըէռ||կըռ||կօռ «կապ», բարբառախմբում՝ /քըշ/կօռ + ձոր և այլն: Այս վերջինը նույնպես հատկանշական է տեղանվան համար, քանի որ, ինչպես նկարագրության մեջ նշեցինք, գյուղի ձորամասը Սյունիք-Արցախ կապող մասում է: Նշվում է նաև, որ գյուղի Կոռնիձոր անունը կապվում է այս ձորում խաների մոտ տեղացիների կատարած կոռային աշխատանքի հետ[22]։

Կան նաև հակառակ պնդումներ լեզվաբանական տեսանկյունից. օրինակ՝ Խորեայ գյուղանունը չի կարող վերագրվել Մ. Խորենացուն՝ հնչյունական անհամապատասխանության պատճառով[23]: Այնուամենայնիվ, առկախ է մնում գրավոր աղբյուրներից Խորեայի չվկայվելու և դրանից հետո Կոռնիձորի հիշատակվելու հարցը, որ շատերին է հետաքրքրել:

Միաժամանակ դժվար է որոշել, թե նշվածներից ո՞րն է վերագրվում Կոռնիձորին, որովհետև գրեթե բոլորն էլ, ինչպես նկատում ենք, ձևով և իմաստով կարող են լինել տեղանվան հիմքը: Մեր կարծիքով դիպուկ է Ա. Մարգարյանի տեսակետը, ըստ որի՝ կօռնը արմատից է գյուղը ստացել Կոռնիձոր տեղանունը: Մենք այս տեսակետին հավելում ենք, այլև փոքրիկ ճշտում կատարում, որ  ոչ թե «բազուկ, ձեռք», այլ նրանից լծորդված «հաջորդ, մյուս» իմաստով բառն է կցվել տեղանվանը: Բարբառախմբում, ինչպես նաև գրական տարբերակներում, կօռնը բառը նշանակել է նաև «կողք, կողմ, թև»: Այն համանիշ է անգյուն, արաբ. փոխառյալ թարափ բառերին, այսինքն՝ Կոռնիձոր՝ «այն մի կողմի ձոր, այն մի թևի ձորը»:

Սա հարցի մի կողմն է. տակավին առկախ են մնում այլ հարցեր. ո՞ր բնակավայրի անունից է ստացվել Կոռնիձոր անունը, կամ գուցե նախապես եղել է տեղանուն, հետո կցվել է գյուղանվանը, իսկ գուցե դա մի հին գյուղանուն է, որ իրենց հետ տարել են բնակիչները:

Հագարի գետի ձախ ափին նշմարվում է հին բնակատեղի՝ Կիրինծöր կամ Կիրիծöր (Գիրինզուր) անվամբ: Նրանից փոքր-ինչ հարավ՝ Եղեգնու ձոր (Ղամիշ դարա) անվամբ ձորակում, վերջերս հայտնաբերվել են արհեստական քարայրներ, որոնցից մեկը համարվում է ժայռափոր եկեղեցի[24]: Իսկ գուցի մի ժամանակ հենց այստեղ է եղել գյուղը: Այս և նման հարցեր լիարժեք պատասխան ունենալ չեն կարող:

Այսպես կարող ենք հիշատակել այս տարածքի մի քանի հին բնակավայրերի անուններ, որոնք, սակայն, չեն հանդիպում մատենագիտական աղբյուրներում: Հակված ենք այն սկզբունքին, որ որևէ տեղանվան մեջ պետք է գտնել եթե ոչ հին, ապա գոնե Ս. Օրբելյանի՝ Հաբանդն գավառում նշած գյուղանուններից, որովհետև համոզված ենք՝ այս տարածքում Ս. Օրբելյանի շրջանում և դրանից առաջ էլ բնակչություն է եղել, կան նյութական մշակույթի աղբյուրներ, և հետագա հիշատակումներից էլ պարզ է դառնում, որ այն բնակչությամբ և տարածքով չի զիջել շրջակա գյուղերին:

Հետաքրքիր ավանդազրույցներ են պահպանված այս ձոր-բնակավայրերի շուրջ[25]: Հին Կոռնիձորը, ինչպես նշում են, գտնվել է Խորեայի տարածքում՝ Աղավնոյից սկիզբ առնող երկու խոր ձորերից մեկի թևի՝ ներքևինի հյուսիսային մասում, իսկ մյուս բնակավայրը՝ Կիրածորը, Կոռնիձոր գյուղից արևելք է՝ դեպի Տեղի հարավային մասը՝ Կոռնիձորից մոտ 2կմ հեռավորության վրա: Հին բնակավայր է նաև ավելի հարավում գտնվող ԱՀ Քաշաթաղի շրջանի Վանոցա գյուղը, որ, կարծում են, Ս. Օրբելյանի նշած 20 միավոր հարկով նույնանուն բնակավայրն է: Եվ փաստորեն՝ Կոռնիձորի շրջակայքում այսօր երևում են հին բնակավայրեր, իսկ այդ տարածքներում պահպանվել են տեղանուններ, որոնք, փաստորեն, նշվում են նաև Ս. Օրբելյանի «Պատմության» մեջ: Մենք դրանցից հատկանշում ենք երկուսը՝ Շոռնոխո և Խորեա[26]:

Քիչ հավանական չէ, որ Ս. Օրբելյանի նշած Շոռնոխո գյուղը իր անունը ստացած լինի Կոռնիձորից մոտ 2.5 կմ հարավ-արևմուտք Շուռնուխի խաչեր[27] կոչված բնակավայրի անունից, որտեղ պահպանված են ոչ միայն հին գերեզմաններ, բնակավայրի հետքեր, այլև Ք.ա. մոտ 2-րդ հազարամյակով թվագրվող դամբարան: Այս հարցը վիճահարույց է մնում, անհայտ է նաև գյուղանվան ծագումը: Թե ինչ հիմունքով է Ս. Օրբելյանը Հաբանդն գավառի գյուղերը դասավորել Տաթևին հարկցանկում, նույնպես անհայտ է: Սա հարցի մի կողմն է, և, այնուամենայնիվ, կարծում ենք, որ կարող են լինել համընկնումներ, կրկնություններ, վերանվանումներ և այլն:

Կարծում ենք՝ Ս. Օրբելյանի՝ հին ցուցակում նշված այս երկու, այլև Վանոցա բնակավայրերի շրջակայքում, կամ այս գյուղերից հենց մեկում է եղել հին Կոռնիձորը[28]: Ավելի հավանական ենք համարում Խորեա գյուղի անվան փոխադրումը (գուցե փոխանցումը) Կոռնիձորի տեսակետը, հետևաբար՝ այստեղից գյուղի փոխադրումը ձորի մյուս թևը, ապա սարալանջ, և վերջապես սարավանդի վրա: Այս տարածքի որոշ անուններ ժամանակի ընթացքում փոխվել են: Հենց այդ հիմունքով, կարելի է ենթադրել, Կոռնիձոր անվանումը առաջ է եկել այն ժամանակ, երբ Աղավնոյի ձորահովտում բավաանին երկար ամանակ հաստատվել էին այլադավան ցեղեր, և աղավաղումով[29] Խորեա[30] դարձել է կօռնի[31]:

Հետևությամբ գալով հարցի որոշակիացմանը, պետք է կարծել, որ Կոռնիձորը առաջ է եկել Խորեա գյուղից հետո, կրել այդ անունը, ապա տարբերակներով հասել մեր օրերը, և միայն տեղանունն է պահպանվել աղավաղումներով՝ Խորխորաձոր, Խորխոփ, ինչպես՝ Քոչգեղ>Քօչիղ, Թողթուն>Դավուտտու[32] և այլն: Սովորաբար եթե գյուղանունները նույն խոսվածքում ունենում են մի քանի տարբերակներ, ապա ենթադրելի է, որ դրանք աղավաղումների են ենթարկվել տեղահանության, բնակչության ներգաղթի, լեզվի փոփոխության և նման երևույթների, այդ թվում օտար ազդեցության հետևանքով: Կոնկրետ պարագայում, օրինակ, Կոռնիձոր բառի ի-ն ոչ թե գրաբարի նախդրային նշանակություն ունի, այլ –եայ ածանցի է>ի մնացուկ է (Կոռնիձոր անվան վկայության շրջանում՝ 18-րդ դար, և դրանից էլ առաջ գրաբարյան նախդիրները բարբառախմբի տեղանուններում և ընդհանրապես բառերում այլևս մթագնել են իմաստը), ուստի՝ Կոռնիձոր-ը նախապես պիտի որ եղած լինի Կօռէ(>ի)ծօր՝ առաջացած՝ գրբ. Խոր(-եայ) արմատից, որի աղավաղումից հետո առաջ է եկել ժողովրդական ստուգաբանությունը՝ Կոռնիձոր:

Փաստորեն՝ Կոռնիձոր բառը Ս. Օրբելյանի հիշատակած Խորեայ գյուղանվան աղավաղված տարբերակն է, որ տեղացիների խոսվածքում փոխվել և բարբառային տեսք է ստացել: Իսկ ինչո՞ւ ենք նշում, որ այն աղավաղումի հետևանք է: Բարբառախմբում առկա է խ>կ անցումը՝ խէճեպ>կըճէպ, բայց օրենք չէ, և ինչպես նկատում ենք, տարածքում երկար ժամանակ ապրող իրանական լեզվի կեղծ պատճենում է՝ խոր>կօր: Վերջինիս հաջորդել է արդեն բարբառախմբում տարածված հնչյունական տեղաշարժերը՝ պայմանավորված ժողովրդական ստուգաբանությամբ՝ ր-ն դարձել է ռ, հմմտ.՝ կոր>կօռ, ոսկր>վըէսկէռ, փետոր>թէփուռ, փթուր>փըթըռ-օկ և այլն: Այս ամենից էլ գծագրվում է հետևյալը՝ խօրեայ>խօրին>կօռին>կօռնի:

Կարելի է եզրակացնել, որ, իսկապես, Խորեա գյուղի անունն անցել է Կոռնիձորին, որը, փաստորեն, մոտ մի երեք անգամ փոխել է իր տեղը, որի ընթացքում կարող էին շատանալ նաև անվան տարբերակները: Այդպես պատահել է նաև այլ վայրերում՝ Կյորես, Խնձորեսկ, Քարաշեն և այլն, և հետաքրքրականն այն է, որ նրանցից շատերը տեղափոխությունից հետո էլ պահպանել են բնակավայրի անունը: Բնակավայրի տեղադրության կանխավարկածն այս է՝ Հին Կոռնիձորը գտնվել է Խորեա||խորյա վայրում, հետո տեղափոխվել է Սըռնըեղցի սրբավայրի մոտակայքը, ապա մինչև Կոռնիձոր հասնող ձորակի լանջը, ուր փորվել են այրեր, ապա վերև՝ սարահարթ:

Լեզվաբանական այն հետևությանը, ըստ որի՝ Ս. Օրբելյանի հիշատակած Խորեա տեղանունը հետագայում հիմք է եղել Կոռնիձոր գյուղանվան համար, տրամաբանորեն պետք է հաջորդի կարևոր հարցերից մեկը. պատմահայր Մովսես Խորենացու անվան հիմքում կարո՞ղ է լինել Խորեա տեղանունը[33]: Լեզվաբանական տեսանկյունից կարող ենք վստահեցնել, ինպես ժամանակին նկատել են, որ, այո՛, Խորեա[34] տեղանունը կարող է լինել Խորենացի անվան հիմքում: Այս և նման հարցեր, այնուամենայնիվ, գիտության հարաշարժության պարագայում միշտ էլ համակողմանի ուսումնասիրության կարիք են ունենում: Վերոնշյալ տեսակետները հաստատող կամ ժխտող կարծիքներ եղել և կլինեն, բայց կան փաստեր, որ դարերով անջնջելի են մնացել պատմական անցյալ ունեցող Սյունիքում՝ տեղանուններ, բարբառ, նյութական մշակույթի աղբյուրներ և այլն, ու դրանք շրջանցել հնարավոր չէ:


The Khornitsor-Khorea relationships

(The topographic and the word test experience)

 In Kornidzor /Կոռնիձոր/ village and around it there were residences in different times, till now thereare preserved old cemeteries, pre-Christian period monuments, chapels, etc. There is not much historical information about village. Our first information, where ismentioningKornidzor, starts from 18-19th centuries. With the basis of name Kornidzorwe record 2 basic residence-place name in this area: Kiracor /Կիրիծöր/ or Giracor /Գիրածöր/ and Khorkhor /Խօրխօր/. Kornidzor was moved 4 times. The oldest village was called Khorea /Խորեա/. This item is absent in etymological studies about name of Kornidzor. Word Kornidzoris adistorted versionof nameKhorea mentioned by S. Orbelyan, which was changed in locals’ speeches and got a dialect look. Some authors think, that Kornizor is the same Khorea, where lived M. Khorenatsi.

 


Корнидзор-Хореа взаимосвязи

(топографические и лексикологический)

Нынешняя деревня Корнидзор /Կոռնիձոր/ и её окрестности в разные времена были местожительством(поселениями), где до сих пор сохранились древние(старые) кладбища,дохристианские памятники,часовни. Сведений о деревне не много. Первые записи,где упоминаетвся о Корнидзоре,относятся к 18-19 векам. В основу названия  деревни вошли два основных названия этой местности- Кирицор /Կիրիծöր/ или Гирацор /Գիրածöր/ и Хорхор /Խօրխօր/. Корнидзор четыре раза менялa местоположение. Самое старое название деревни-Хореа /Խորեա/. В исследовательских работах вокруг названия Корнидзор этот вопрос отстутсвует. В упоминаниях С.Орбеляна слово Корнидзор является искажённым вариантом названия деревни Хореай,которое в разговорной речи местных жителей изменилось и превратилось в диалект. По мнению некоторых авторов Корнидзор-это поселение Хореай,где жил отец армянской     историографии-Мовсес Хоренаци.


[1] Կոռնիձորի պատմամշակութային անշարժ հուշարձանների ցանկում բնակելի երկու հնավայր է նշվում՝ վերագրված 17-20-րդ դդ.:

[2] Օրինակ՝ ըստ Զ. Կորկոտյանի «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»-ի տվյալների՝ 1831 թվականին Կոռնիձորն ունեցել է 491 բնակիչորից 486-ը՝ հայ, 5-ը՝ իսլամ:

[3] Լալայեան Ե., Հանդէս, երրորդ տարի, գիրք Դ, թիվ 2, Շուշի, 1898, էջ 11:

[4] Ներսեսով Մ., Ճշմարտացի պատմություն, թարգմանություն` բնագրից, ներածությունը և ծանոթագրությունները Ք.Պ.Կոստիկյանի, Ե., 2000, էջ 40 /այսուհետև՝ Միրզա Յուսուֆ Ներսեսով, 2000/:

[5] Միրզա Յուսուֆ Ներսեսով, 2000, էջ 40:

[6] Նույն տեղում:

[7] Նույն տեղում:

[8] «Գլխաւոր տեղի գաւառիս է աւանն ԳՈՐԷՍ` Կիւրիւս կոչեցեալ այժմիկ, ի հարաւակողմն առվտակի միում Պարկուշատայ ի խորահովտի 3900՛ բարձու, 200 տամբք եւ ամրոցաւ. յելից նորակայ Խնձորէսք անուանի ի պատերազմունս Ղափանեցոց ի սկիզբն անցելոյ դարու քաջութեամբ բնակչացն արանց եւ կանանց…Քարահունջ ի հարաւոյ Խնձորէսքայ, ի գոգ ժայռից, յորոց բարձանց իջանեն ջուրք. ի հիւսիսոյ եւ ի մտից Տեղ, Խազախ, Խզնավար, Խոտ, եւ այլն» /տե՛ս Ալիշան Ղ., Տեղագիր հայոց մեծաց, Վենետիկ, 1855, էջ 169 /այսուհետև՝ Ալիշան, 1855//: Հետաքրքրական է այս հատվածը տեղագրական առումով, բայց մեզ հայտնի է, որ նշված գյուղերի միջակայքում ևս այլ բնակավայրեր են եղել, որոնք, հնարավոր է, աչքի չեն ընկել կամ ուղղակի բաց են թողնվել:

[9] Ալիշան, 1855, էջ 169:

[10] Այս մասին տե՛ս Бабаян Д.,  Красный Курдистан: Геополитические аспекты создания и упразднения, «21-й век», № 2, 2005.

[11] Սիմոնյան Ս., Կոռնիձոր, Ե., 2006,  էջ 22 /ասյուհետև՝ Սիմոնյան, 2006/:

[12] Սռի եղցիի կամ Սըռըյէղցու դամբարանում հայտնաբերվել են վաղերկաթեդարյան իրեր՝ զենքեր, լանջապանակ, զարդեր, անոթներ: Դամբարանի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ բնակավայրը թվագրվել է Ք.ա. III-I հազարամյակով /այս մասին մենք տեղեկացանք Օ. Խնկիկյանի «Սյունիքը բրոնզի և երկաթի դարաշրջանում» անտիպ աշխատանքից/:

[13] Այս մասին տե՛ս Հակոբյան Թ., Մելիք-Բախշյան Ստ., Բարսեղյան Հ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, Ե., 1991, հ. 3, Էջ 219 /այսուհետև՝ Տեղանունների բառարան/:

[14] Հնաբանական շերտը սկսվում է Ք. ա. 2-րդ հազարամյակից: Տարբեր դարաշրջանների գտածո իրերը վկայում են, որ այս տարածքում մշտապես բնակչություն է եղել:

[15] Սիմոնյան, 2006,  էջ 22:

[16] Ալիշան Ղ.  Սիսական, Տեղագրութիւն Սիւնեաց աշխարհի, Վենետիկ, 189З,  էջ 263 /ասյուհետև՝ Ալիշան, 1893/:

[17] Ալիշան, 1893, էջ 263:

[18] Ըստ հեղինակի ստուգաբանության՝  Կոռնիձոր-ը բաղկացած է  բարբառախմբում առկա կուռն>կոռնն (>կօռնք) «բազուկ, ձեռք, թև, ուսից մինչև դաստակը կամ արմունկից մինչև դաստակը»  բառի սեռական ձևից (հմմտ. Կուռն-կուռնի||կոռնը-կոռնի՝ ձորեզրի՝ բազկի նման լինելն է արտահայտվում) և ձոր բաղադրիչներից  (հմմտ. Խաշի ձոր, Նեղ ձոր, Պիծի ձոր և այլն)՝ նկատի ունենալով տեղանքը /այս մասին տե՛ս Մարգարյան Ա., Ստուգաբանություններ, Ե., 2015, էջ 186-187/:

[19] Այս մասին տե՛ս Խորենացի Մ., Պատմություն հայոց, խմբ. ներած. և ծանոթություն Ս. Մալխասյանցի, Ե., 1981, էջ 7-8 /այսուհետև՝ Ս. Մալխասյանց, ծանոթ./:

[20] Խանզադյան Ս., Հայրենապատում, գիրք Ա, Երևան, 1980, էջ 400:

[21] Ս. Մալխասյանց, ծանոթ., էջ 7-8:

[22] Տեղանունների բառարան, Էջ 219:

[23] Հայրենիք օրաթերթ, թիվ 9903, 1944, էջ 1, 3:

[24] Այն փորված է ձորի հարավահայաց լանջի հրաբխային բռեկչայի /հատակապատում/ տակ նստած մանրահատիկ կավահողի հաստ շերտի մեջ և ամբողջովին ձեռակերտ է: Հուշարձանի կոորդինատներն են՝ 39 32 08,5 N.  46 33 10,2 E.  Alt.1000 մ.: Եկեղեցու դիմաց բացվում է մոտ 3 մ լայնությամբ փոքր հրապարակ, որից հետո գալիս է կտրուկ զառիթափը: Եկեղեցու արևմտյան և արևելյան կողմերի բռեկչայի  ուղղահայաց մերկացումների և նրա կրնկի շփման գծի մեջ բացված են բնական ու ձեռակերտ ոչ խորը անձավներ ու ժայռածածկեր: Շրջակայքում բնակավայրի, գյուղատեղիի հետքերը մաշվել են: Այսօր ձորում նաև աղբյուր և առվակ չկա: Եկեղեցին հորինվածքում միանավ բազիլիկա է՝ ուղղանկյուն խորանով: Հարավային ճակատից բացված միակ մուտքի եզրագծերը փլուզված են: Ուղղանկյուն սրահը պսակված է երկկենտրոն թաղ հիշեցնող, մինչև 3,28 մ բարձրությամբ առաստաղով: Ուղղանկյունուն մոտեցող սեղանաձև խարանը առանձնանում է սրահից նեղ, ելուստավոր, ժամանակին կամարակիր մույթերով:  Խորանն ունի բարձր (0.8 մ) բեմ և այնտեղ տանող մեկ աստիճան՝ հյուսիսային մույթի տակ: Այն, ի տարբերություն սրահի, պսակվում է կտրած կիսագնդի նմանվող ցածր գմբեթարդով: Խորանի բեմի ճակատային գիծը քայքայված է և այսօր ներկայացնում է կոր բացվածք: Խորանի հյուսիսային պատին պահպանվել է նեղ, կամարակապ որմնախորշ: Սրահի ու խորանի հատակները հողածածկ են: Եկեղեցու պատերն ու առաստաղը ներքուստ սվաղված է եղել հունցած կավի սևացած սվաղով, որը հիմնականում պահպանվել է (այս մասին տե՛ս՝ www.sarc.am): Այս ծավալուն նկարագրությունը մենք ներկայացնում ենք, որովհետև լուրջ հիմքեր են ձևավորվում կարծելու, որ այն եղել է վաղ միջնադարյան անապատ-դպրոց: Այս տիպի քարանձավներ առանձնապես շատ չեն և հիմնականում հանդիպում է Սյունիքում: Հնարավոր է, որ այն հիշյալ շրջանի Սյունյաց դպրոցի նախատիպն է, որտեղ սովորած գիտուն, հռչակ վայելող աշակերտները հետագայում կոչվել են քերթողներ, ինչպես պատահել է հայոց մյուս դպրոցներում՝  իմաստասեր, շնորհալի և այլն:

[25] Այս ամենի մասին կարելի է տեսնել` Սիմոնյան, 2006, էջ 28-32:

[26] Վանոցայի մասին մեր ուսումնասիրությունները շարունակվում են: Նախնական կարծիք ունենք, որ այն քրդերով է բնակեցվել: Ադրբեջանական այղբյուրներն ուսումնասիրելիս գտանք, որ այս տարածքում դեռևս խորհրդային շրջանում գրանցված են եղել այլ հուշարձաններ, որոնք ուշ միջնադարյան կոթողներ են և բնույթով ոչ թյուրքական՝ գերեզմանաքարեր՝ արևի պատկերներով, թռչունը ձեռքին մարդու քանդակ, քարակառույց ուղղանկյուն մզկիթ՝  1790-1791 թթ.  կառուցված (սա հավանաբար հայկական ժամ-եկեղեցու վերափոխում է, քանի որ պատերին կան հայկական գրով ու նախշերով քարեր), Մելիք Աժդարի դամբարանը (նշվում է XVդ.), խոյի, ձիու քարաքանդակ: Նույն վայրում առկա մյուս հուշարձանները արդեն հայկական են՝ նախաքրիստոնեական շրջանի դամբարանադաշտ, կնոջ քարաքանդակ մարմին, հին գերեզմանոց, Հովվի քար (հիմա տեղում չէ) /http://anl.az/el/emb/QARABAQ/lachin/abideler.htm/:

[27] Մինչև օրս էլ Կոռնիձորում և Խնձորեսկում ավանդազրույց է պահպանված Շուռնուխ անվամբ հնավայրի դիմացի լեռան մասին: Կոռնիձորի 17 աղջիկներ (Խնձորեսկում ավանդազրույցը այլ բովանդակություն ունի) այդ լեռան վրա կռվել են Լենկթեմուրի զինվորների  դեմ՝ փորձելով կասեցնել առաջխաղացումը դեպի գյուղ, բայց տեսնելով, որ անզոր են, իրենց ցած են նետել ժայռից, ու բոլորն էլ զոհվել են, որի համար էլ այդ բնական ամրոցը անվանել են Ղըզղալա՝ Աղջկա բերդ: Բացի այդ՝ այս բնակատեղիում հայտնաբերվել են կուռքեր, հնագույն, հին և միջին շրջանների իրեր և այլն:

[28] Սիւնեաց Ս. Եպիս., Պատմութիւն տանն Սիսական, Մոսկվա, 1861, էջ 375:

[29] Այս տարածքում արդեն Ղ. Ալիշանի հիշատակում է օտար անուններ, որոնցից որոշները մինչև օրս էլ պահպանվում են:

[30] Հ. Հյուբշմանը Նորավանքի Խորաձոր անապատի անվան Խոր արմատի հիմքում դնում է  «խորունկ կամ խորդուբորդ» իմաստը /Հիւբշման Հ., Հին հայոց տեղւոյ անունները, Վիեննա, 1907, էջ 355/: Կասկածից վեր է, որ Խորեայ բառի արմատի հիմքում ընկալվել է «խոր» իմաստը /այս մասին կարելի է տեսնել՝ Աճառեան Հ., Հայերէն արմատական բառարան, հ. 2, Ե., 1926, Էջ 404/:

[31] Քրդ. «խոր, խորք»՝ kûr>kûrâni||kûrâyi||kurî, պրսկ. «ձոր, խոր»՝ kûr||gûr և տարբեր ձևափոխումների ազդեցությամբ մեզ հասել է Կօ/ու/ռնիծöր (կօռնըծո̈ւրացի||կո̈ւռնըծո̈ւրա̈ցի, Գուրինզուր, Գիրինզոր) ձևով, որն էլ ժողովրդական ստուգաբանությամբ աղերսվել է կօռնը բառին: Սա կարևոր կռվաններից մեկն է Խորեա>Կոռնիձոր անունների համար, որ չի նկատվել մինչև այժմ եղած ուսումնասիրություններում: Սյունիք-Արցախ բարբառային տարածքում ևս արձանագրվում է կօրի||կօրէ՝ «փոս, փոքր ակոս» իմաստներով բառը, որ գործածվում է նաև գրբ.՝ «արտերում բացված առու» իմաստով: Այս և բարբառային այլ տարբերակներ քննության նյութից դուրս են:  Օտար ազդեցությունների հետևանքով հնարավոր մյուս ձևերը հիմքեր չունենալու պատճառով նույնպես չենք քննում (օրինակ՝ արաբերենից միջին թյուրք., պրսկ. անցած՝ urā /قُرَ/ (հավանաբար >ḳarya(t) قَرْية), որ ունի «գյուղ» իմաստը, կամ քրդ.՝ kor  «1. դաշտ, մարգագետին, 2. ազատ տարածություն»)

[32] Քոչգեղ>Քօչիղ, Թողթուն>Դավուտտու անունների աղավաղված ձևերը պայմանական ենք նշում՝ որպես կանխավարկած: Մենք չենք հանդիպել այդ տեղանուններին վերաբերող որևէ ուսումնասիրության:

[33] Մ. Խորենացուն վերաբերող ուսումնասիրություններում երբեմն ուշադրություն չի արժանացել կամ հարկ չի համարվել նշելու Հաբանդն գավառի Խորեա գյուղանունը: Օրինակ՝ Ն. Ակինյանը գրում է, որ ««Խորենացի» յորջորջանքը պիտի ենթադրէր (ընդգծումը մերն է՝ Մ.Ք., Լ.Ն.) Խորեան կամ Խորեն գաւառ մը կամ քաղաք մը. այսպիսի վայր ծանօթ չէ մեզ Հայաստանի սահմաններու մէջ» / Ակինեան Ն.,, Մատենագրական հետազօտութիւններ, հ. Գ (8. Ղեւոնդ երէց պատմագիր։ 9. Ղեւոնդ երէց եւ Մովսէս Խորենացի։ 10. Հայ Բագրատունեաց տոհմածառը), Վիեննա, 1930, էջ 290 /: Փաստորեն՝ եթե Ն. Ակինյանին ծանոթ լիներ Հաբանդն գավառի Խորեա գյուղը, ապա շատ հավանական է, որ պատմահոր անունը այստեղից կբխեցներ:

[34] Ս. Մալխասյանցը նույնպես այն կարծիքին է, որ Սյունիքի Խորեա տեղանունը քերթողահոր անվան հիմքում է և այնուամենայնիվ նշում է, որ «այս փոփոխությունը (խոսքը վերաբերում է  5-րդ դարի «Խորեան» ձևի՝ 13-րդ դարում «Խորեայ» դառնալուն՝ Մ.Ք., Լ.Ն.) որքան էլ լեզվաբանորեն ընդունելի լինի, այնուամենայնիվ բավական չէ Խորեայ-Խորեան գյուղը Մովսես Խորենացու ծննդավայրը համարելու, քանի որ կարող է պատահական զուգադիպություն համարվեր» /Մալխասյան Ս., Խորենացու առեղծվածի շուրջ, Ե., 1940, էջ 145/:

More From Author

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի