Կապանի շրջանի Տօրթնի (Անտառաշատ) գյուղի անունը

Spread the love

Ս. Օրբելյանի «Սյունիքի պատմություն» աշխատության մեջ նշվում է Տորթնի բնակավայրը, որը եղել է Բաղք գավառի ամենամեծ գյուղը (Տաթևի վանքին վճարում էր 26 միավոր հարկ): 1949թ., ցավոք, գյուղի բազմադարյան անունը փոխվել և կոչվել Անտառաշատ: Գյուղի հին անվան տարբերակներից հիմնականում նշվում են Դորդնի, Դորթնի, Տորթնի, Տորթին, Տորթն, կապանցիների շրջանում տարածված է Տօրթնի, այստեղից՝ տօրթնէցի, տօրթնըցէ, տըրթնէցի, տըրթնըցի:

[images_grid auto_slide=”no” auto_duration=”1″ cols=”four” lightbox=”yes” source=”media: 9817,9816,9815,9814,9813,9812,9811,9810,9809,9808,9807,9806″][/images_grid]Ժողովրդական ստուգաբանությամբ՝ Տօրթնի գյուղանունն ունի հետաքրքիր տարբերակներ, ըստ այդմ՝ գյուղի անունն առաջացել է «տեր օրհնի (տէր աւրհնի)» կամ «տե՛ր, աղոթի՛ր», «տուն օրհնէ» կապակցություններց որևէ մեկից: Կան այլ տարբերակներ.  Տորթնին՝ որպես բնակավայր, եղել է անհիշելի ժամանակներից, և նրա անունը կապված է Տորք կամ Տիր աստվածությունների հետ: Նշվում է նաև դիրտ «գինու նստվածք, մրուր»  բառի տարթ տարբերակը գյուղի անվան համար:

Գյուղի հին անունը կարևոր է ոչ միայն պատմական, այլև լեզվաբանական առումներով:

Տեղանվան մեջ պահպանվել է բարբառային մի հին փոխառություն, որ, հավանաբար, հետագա շրջանում  դուրս է մնացել սովորական բառերի շարքից: Կարծում ենք, որ Տորթնի անունը առաջացել է պարսկերենի درود /dorud/ «փայտ, անտառանյութ, ատաղձ» բառից, այստեղից՝ درودگر /dorudgār/ «ատաղձագործ»: Բարբառախմբում այս բառի իմաստից մնացել է դուրգար||դուլգար «հյուսն»՝ դորուդգար ձևից: Սյունիք-Արցախ բարբառային տարածքի Կապանի խոսվածքում բառասկզբի դ-ն հիմնականում դառնում է տ, ինչպես՝ դանակ>տէնակ, դառնալ>տէռնալ, դեղնել>տըղնէլ և այլն, իսկ ր ձայնորդից հետո դ-ն փոխվում է թ-ի, օրինակ՝ վարդ>վարթ, բուրդ>պուրթ և այլն: Այսպես՝ դօրուդ բառը դարձել է տօրութ, որի ու-ն շեշտակորույս դիրքում ընկել է, երբ բառին ավելացել է բարբառախմբում տարածված -նի (-նէ) (հին հայերենի -նեար) հոգնակերտը, որ սովորաբար դրվում է բազմավանկ բառերի վրա, ինչպես՝ բուստըննի||բուստըննէ, տըխտըկնի||տըխտըկնէ և այլն: Այսպիսով՝ Տորթնի բառը կրել է հետևյալ փոփոխությունները՝ դօրուդ>տօրո՛ւթ>տօրթնի՛ «փայտանյութեր, փայտեր»: Նոր անուն էլ հուշում է, որ Տօրթնի տրվել է մի գեղեցիկ բնակավայրի, որ անտառաշատ և փայտաշատ է:

More From Author

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի