Եկեղեցի, որի կառուցումը տևել է 100 տարի

Spread the love

Գորիսը հիմնադրվել է 1870 թվականին և համարվել է Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուր գավառի կենտրոն: 1885 թվականին Ռուսական կայսրության կողմից ստացել է քաղաքի կոչում: Ըստ պատմաբան Լեոյի՝ դեռևս 1888 թվականին Գորիսում կային ընդամենը մի քանի տասնյակ տներ, և այն դեռևս քաղաքի նման չէր, չնայած ուներ փողոցների գեղեցիկ դասավորություն:
Գորիս քաղաքի առաջին եկեղեցին Ս. Գրիգոր Լուսավորիչն է, որի կառուցումը տևել է մոտ հարյուր տարի:
Եկեղեցին հիմնադրվել է 1897-1898թթ. Մելիք Հյուսեինյանների գերդաստանի նախաձեռնությամբ: Ասում են, որ եկեղեցու որոշ քարեր Կոռնիձորի մոտերքում գտնվող մի հնավայրից` Քյումբազից են բերել: Թե ինչու են հատկապես քարերը բերել Կոռնիձորից, հայտնի չէ: Կարծիք կա, որ նման մի տաճար է եղել Կոռնիձորում, որի պատերի շարվածքը նման է եղել այսօրվա Ս. Գր. Լուսավորիչ եկեղեցու պատերին: Այդպիսի շարվածքով եկեղեցի գոյություն չունի որևէ այլ բնակավայրում: 1903թ. դեռևս կիսատ եկեղեցին օծվել է Խրիմյան Հայրիկ կաթողիկոսի ձեռամբ: 1904թ. ցարական կառավարության հրամանով դադարեցվել է եկեղեցու շինարարությունը: Մի այլ կարծիքի համաձայն՝ եկեղեցու ճարտարապետը՝ Իտալիայից հրավիրված Տիգրան անունով մեկը՝ եվրոպական մորուքով, մեկ ձեռքից հաշմանդամ, նեղացել ու հեռացել է: Եկեղեցու շինարարությանը մասնակցել են այն ժամանակվա Գորիսում հայտնի շինարարներ Հայրապետը, Ալեքսանը, Մելիք-Օհանյան եղբայրները, Հայրապետ Խուրշուդյանը, Աթուն ամին, Գրիգոր Տոռոզյանը: Կիսատ է մնացել եկեղեցու գմբեթի և զանգակատան շինարարությունը: Ըստ վկաների՝ եկեղեցին չի ունեցել խորան, գմբեթը եղել է մետաղյա ու փայլուն, իսկ զանգակատունը՝ փայտյա:
1897թ. հիմնադրված եկեղեցու շինարարությունը, ըստ էության, ավարտվեց 1997թ.-ին: Ճարտարապետ Սևադա Զաքարյանի նախագծով 1984-1997թթ. կառուցվեցին եկեղեցու գմբեթն ու սուրբ խորանը, որոնք օծվեցին եկեղեցու բացման օրը` 1997թ. դեկտեմբերի 20-ին, Արարատյան թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանի կողմից:
Առանց գմբեթի եկեղեցին ունեցել է 12մ բարձրություն, իսկ գմբեթը կառուցելուց հետո մինչև նրա գագաթը 25 մ 70 սմ է, խաչի հետ` 28 մ: Բրոնզապատ մետաղյա խաչը գծագրել է Ս. Զաքարյանը, պատրաստել՝ մետաղագործ Ռազմիկ Դոլունցը, օծել՝ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Առաջինը: Եկեղեցու սուրբ սեղանը, թմբուկը, վեղարը կառուցվել են վարպետներ Վլադիմիր Սարգսյանի, Արամայիս Ճատունցի, Միհրան Թևոսյանի, Արշակ Առաքելյանի, Սուրիկ Թելունցի, Ալբերտ Սահակյանի, Գարուն Իսախանյանի և Գարուն Քաթանյանի կողմից:
Ասացողները պատմում են, որ Ս. Գր. Լուսավորիչ եկեղեցին գործել է մինչև 1923-1924թթ.: 1920 թ. այս եկեղեցում է երկրորդ անգամ ամուսնացել Գարեգին Նժդեհը: Նրա կինը եղել է դեռատի օրիորդ Արուսյակ Ալեքսանի Մինասյանը: Այս տեղեկությունը առանձնապես ուսումնասիրված կամ ճշտված չէ: Նշվում է, որ Նա երկրորդ անգամ ամուսնացել է Բուլղարիայում (այս մասին տե՛ս՝ Թե ինչպես Գարեգին Նժդեհի աճյունը գաղտնի կերպով Վլադիմիրից տեղափոխվեց Երեւան): Ըստ որոշ ասացողների՝ Գ. Նժդեհը 1921թ. փետրվարին Ս.Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում է օծվել որպես սպարապետ:
Նախկին մանկավարժ Հայկ Տատինցյանը ասում է, որ դեռևս 1923թ., երբ տատի հետ գնացել էր եկեղեցի՝ խաչի օծման արարողությանը, արդեն գմբեթ, խաչ չեն եղել:
Գմբեթի գոյություն ունենալը, ամեն դեպքում, տեսած-լսածի կարգավիճակով փաստում են ուրիշ տարեցներ և Է. Տատինցյանը: Վերջինս ասում է, որ Տիկրան (Սինվենի են կոչել Միջին Ասիայում եղած ժամանակ) անունով մարդ է եղել` Լենինի հետ չայ խմած, մաուզերով խփել ու վայր է գցել խաչը: Ու չանցած երկու տարի՝ մեծ դժբախտություններ են եղել նրա ընտանիքի հետ:
Պատմում են նաև, որ բժիշկ Վիտալիկի պապը և Հաբուդ ամին (Հարություն բեյ) Ֆրանսիայից արժեքավոր ջահ են բերել տվել եկեղեցու համար, որի գտնվելու տեղը ցայսօր անհայտ է. վերջին հանգրվանը եղել է Լուկաշինի` նախկին թատրոնի շենքը:
Մինչև 1939-40-ական թվականները եկեղեցուն տիրություն է արել տեր Խորենը` Մելիք-Դադայանը, որ ազդեցիկ մարդ էր ու ժամանակին դպրոցում կրոն էր դասավանդել: Նա Կապանից էր եկել. ասում են, թե նրա սիրունատես կինը եղել է Գ. Նժդեհի քույրը, որ ծնել էր երկու չեկիստ տղա: Իհարկե, դա իրականությանը չի համապատասխանում. հավանաբար տեր Խորենի`Մելիք-Դադայանի քույրն է եղել Գոհար Մելիք-Դադայանը, որը Նժդեհից ունեցել է մի աղջիկ` Լիլյա անունով:
Եկեղեցին փակվել է և մինչև 1960-ական թվականներն օգտագործվել որպես հացամթերման պահեստ, հետո՝ երկրագիտական թանգարան մինչև 1988թ.: Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Ա-ի կոնդակով Զանգեզուրի տարածաշրջանում ստեղծվեց Սյունյաց թեմ: Առաջին առաջնորդն էր Ասողիկ արքեպիսկոպոս Արիստակեսյանը (1988-1993): 1996-ի մայիսին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Ա-ի կոնդակով Սյունյաց թեմը վերակազմավորվել է, և աթոռանիստ է դարձել Գորիսի Ս.Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, որը ընդգրկում է ՀՀ Սյունիքի և Վայոց ձորի մարզերը: Սյունյաց թեմը հայ եկեղեցու հնագույն և ամենանշանավոր եպիսկոպոսական աթոռներից է (ըստ Ս. Օրբելյանի՝ հիմնել է Գրիգոր Լուսավորիչը): Սյունիքը Հայաստանի ներկա եպիսկոպոսական աթոռների թվում միակն է, որ միջնադարում մետրոպոլիտության կարգավիճակ է ունեցել: 1993թ.-ից մինչ այսօր Սյունյաց թեմի առաջնորդն է Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյանը: 2005թ. մայիսին Գարեգին Բ-ի կոնդակով Սյունյաց թեմում ստեղծվել են Սյունիքի փոխառաջնորդարաններ: 2005-2009 թթ.-ին փոխառաջնորդ էր Աբգար աբեղա Հովակիմյանը, իսկ 2009թ.-ի դեկտեմբերին նրան փոխարինեց Տ. Զավեն աբեղա Յազիչյանը: Այսօր եկեղեցին գործում է և մեծ նշանակություն ունի գորիսեցու կյանքում:

More From Author

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի