Արցախի պատմություն. Առաքել Կոստանդյանց. «Գանձակ քաղաքում…»

Spread the love

Սկիզբը այս էջում

ԳԱՆՁԱԿ ՔԱՂԱՔՈՒՄ ՄԵՐ ԶՈՐԱՊԵՏ ՄԱԴԱԹՅԱՆԻ ՀԵՏ ՊԱՐՍԻՑ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍԻՆ ԵՎ ԱՂՎԱՆԻՑ ԵՐԿՐԻՆ՝ ՊԱՐՍԻԿՆԵՐԻ ՀԱՍՑՐԱԾ ԱՆՉԱՓ ՎՆԱՍԸ՝ ԹԵ՛ ՄԱՐԴԿԱՆՑ ԵՎ ԹԵ՛ ԿՈՏՈՐՈՒՄԸ ԿԱՄ ԱՅԼ ՎՆԱՍՆԵՐ

Փրկչական թվականի 1826-ին պարսից թագավորությունից սկսվեց անախորժ լուր [տարածվել]. գուժկանները հետզհետե շարունակում են շարժվել դեպի մեր Աղվան երկիրը՝ ասելով, թե պարսից արքան անթիվ և անհամար զորք է հավաքել և ուզում է գալ: Եվ Աղվանից երկրում այս լուրը տարածվելու առիթով մահմեդականները կրկին ցնծության և խնդության հոգի առան, խրոխտացան մեր այս ողորմելի ազգի նկատմամբ և ասես թե նույն վայրկյանին կամենում են վերացնել մեր ազգը:

Այս լուրը եկավ բարեկենդանի օրը՝ այլակերպյալ պահոցքին, ժամանակն էլ խիստ տոթ էր հուլիս ամսին: Արդարև պարսից զորքը շարժվեց, եկավ Երասխ գետի այնկողմը և այնտեղ՝ հարթածավալ դաշտում, զորաբանակը խփեցին լայնարձակ և երկայնագույն տեղում, զորքի բազմությունից, վրանների և այլ ամենայն բեռնակիր կենդանիների լայնաձիգ հեռավորությունից հետին ծայրը բազմության մեջ չէր երևում: Այնտեղ՝ զորքի բազմության մեջ, խիստ խրոխտացած պարծենում էր և կատաղած բերանից փրփուր ցրում մեծ զորագլուխը, որի անունը Ամիրխան էր: Նա ասում էր, թե լուրը անտեղի է իրեն հասել, և ռուսաց սակավ զորքն արդեն բնակվել է Շուշի բերդում և միաբանել է հայոց ու վրաց հետ և կամենում է իրենց ազգը Աղվանից երկրից վերացնել:

«Եվ ահա՛ ես անցնում եմ Երասխ գետը,- ասում է Ամիրխանը,- Աղվան երկիրը և նրանց ամեն ինչը սմբակակոխ կանեմ, նաև ռուսաց, վրաց և աղվանից զորքերը լիզաջինջ կանեմ՝ լիզելով լափելով կջնջեմ, հայոց բնակությունը կրակի մատնելով, ամբողջ երկիրը քանդելով՝ ավերակ կդարձնեմ»: Այս ասելով՝ հանգրվանում մի փոքր քնում-հանգչում է և առավոտյան իր մոտ կանչում հմուտ մարտավարների, հրամայում փողեր հնչեցնել գեղեցկազարդ վրանի առջև և նկարել:

Երբ հնչեցին, այնտեղ հավաքվեցին հարյուրապետներով ու հազարապետներով զորագնդերը՝ պատերազմին պատրաստ կանգնելով: Իսկ ինքը փքված, սիգաճեմ և նազաքայլ գնում-գալիս էր զորագնդերի ամբողջ բազմության առջև. սաստկացնում էր պատվերն ու խրատը, խրախուսում՝ պատիվ, մեծություն, պարգևներ խոստանալով և ասելով, թե. «Մինչև այսօր մեր ամբողջ ազգը բազում քաջություններ է արել: Ահա անցնում ենք Աղվանքի սահմանները, հրամայում եմ բոլորին հարձակվել հայոց և պատահած այլ ազգերի բնակիչների վրա, առյուծաբար սրի ու սուսերի քաշել մեր թշնամիներին»:

Այս խոսքի վրա բոլորը միահամուռ ձայն բարձրացրին, թե ո՞վ է ամբողջ զորքի և իրենց պարծանքը, ամենի գլխավորը, իրենք բոլորը պատրաստ են կռվի ասպարեզ ելնելու, ըստ իրենց քաջ նախարարների՝ անվեհեր ճակատելու և աշխարհում բարի անուն թողնելու, և ինչ որ ասվում է, կտեսնվի մարտի հանդեսում, պատրաստ են նաև իրենց արյունը հեղել ի սեր իրենց թագավորի: Այս ասելով՝ սկսեցին բանակը շարժել մեծ Երասխ գետի և տասներկու ակնանի կամուրջի մոտ, որի անունը Խուդափիրին է: Երբ անցան այսկողմը՝ մեր երկիրը, զորքի բազմությունից մեծ վնաս եղավ, խիստ տոթագին օրեր էին, որի պատճառով այնտեղ զորքը բաժանեցին երեք խմբի, թվակազմի մեջ էին անցկացրել ամբողջ պարսից զորքը, արդարև հաշիվը հասնում էր մինչև հարյուր հազար պատերազմողի և սպառազինվածի, մնացածը թողած, թե չէ թիվը կլրանար բյուրերով:

Մի մասը տվեց Աղալարխանի ձեռքը և ուղարկեց դեպի Տաթևի վիճակը՝ թեմը, մի մասը՝ Արարատ երկիրը՝ մեծ Հայաստանը, և մեծ մասը գալիս է Շուշի բերդաքաղաքի վրա:

Նույն օրերը,- պատմում է Առաքելը,- իրենք ամրացել են Տողի բնակիչների լեռան ամենաբարձր գագաթին, որ գտնվում է Դիզափայտ լեռան արևելյան կողմում, իսկ նրանից մի քանի ասպարեզ հեռու Գտիչ սուրբ վանքն է, որտեղ հավաքվել էր ամբողջ Դիզակի գավառը. արդարև հնարավոր չէր, որ մարդ շարժվեր այնտեղ՝ մարդկանց և կանանց, մանկանց և երիտասրդների (պատանիների) բազմության կողմից: Բայց աստծո ողորմությունն այն էր, որ ամբողջ լեռան և նրա բոլոր կողմերում խիստ թավաթուփ անտառներ էին՝ խիտ առ խիտ ամրացած, և հնարավոր չէր, որ անծանոթները գտնեին նրա ելքի և մուտքի անցքերը: Մնալով այնտեղ՝ իրենք անվնաս էին՝ գերեվարությունից, այլև մարդասպանությունից փրկված: այնտեղ մնացին մինչև աշնան եղանակը:

Բայց շատ տեղերից հափշտակեցին, տարան մանուկներին և աղջիկներին պարսից երկիրը. նախ հավատափոխ էին անում, թլպատում, մահմեդականի աղանդին դարձնում: Անօրենների այսպիսի արարքները պարսից տերությունից չէր, այլ օրինազանց անօրեններից՝ այս երկրի մահմեդականների ազգից: Այնուհետև ճանապարհների, այգիների և անտառների բոլոր անցքերում դարաններ էին սարքում, տավարածներին, հովիվներին և այլ անցավ մարդկանց որտեղ գտնում էին, գայլաբարո պատառմամբ բռնում էին անմեղ գառներին՝ դեռաբույս հասակով մանուկներին եմ ասում մեր այս ողորմելի ազգի: Իսկույն անց էին կացնում Երասխ գետը և տանում-հասցնում Թավրիզ քաղաքը և եթե խիստ գեղեցիկ դեմքով էին, տանում էին արքունիք, իբրև ընծա՝ մատուցում իրենց գլխավորին:

Սրանից հետո պարսից զորքը եկավ,սփռվեց համայն բնակություններում և դատարկություն տեսան, որովհետև բոլորը ամրացել էին նույն Գտիչ վանքում: Մեր երկրի անօրենների առաջնորդությամբ սկսեցին ամեն տեսակ չարագործություններ անել, մանավանդ մարդկանցից և կանանցից որտեղ գտնվում էին, իբրև անասուններ՝ կապում ձեռքերն ու ոտքերը, գագաթները՝ գլուխները հատում, պատանիներին, փոքր-ինչ հասակավոր մանուկներին և գեղեցկագույններին՝ իբրև ազնվագին պարգևներ, ուղարկում էին պարսից քաղաքները: Առանց խնայելու Աղվանից այս երկրից տարան ոչխարների և ամեն տեսակ անասունների խմբեր ու հոտեր:

Ի՞նչ ասեմ գողերի և ավազակների մասին, հափշտակողների տները միմյանցից կողոպտում էին: Լինում է և այսպես. ձեռքներն ընկած անասունը մորթում, ուտում էին: Նույն ժամանակ չկա դատավոր՝ իշխան, վերակացու, գյուղական ժողովրդի կառավարիչ. բոլորը՝ ինքնագլուխ և անձնիշխան, ըստ իրենց ցանկությունների՝ ինչ կամենում էին, անխնա գործում, անում էին: Այսպիսի խառնակությունների և շփոթմունքի մեջ մեր այս երկիրը երերման մեջ էր:

Դառնանք մեր բուն պատմությանը:

Ամիրխանը՝ Թավրիզ քաղաքի փոխարքան, առանց զորահրամանատարների վերցրեց պարսից զորքի մի մասը, անցավ գնաց ամրակառույց Շուշվա բերդի դիմացը՝ բարձր դարևանդի վրա՝ հարթահարմար և լայնածավալ տեղերը, բլուրների գագաթները և լեռնային հարթագույն վայրերը: Բոլոր տեղերը զորաբանակ էր խփել, անթիվ, անհամար վրաններ տարածել, զորքը բռնել էր լեռների գագաթներն ու ձորերը, բլուրների գլուխները:

Մեծ զորագլուխ Ամիրխանը այն բանակներից հեռագույն վայրում բազմանկար ու գեղազարդ վրաններ է զարկել, և զորախմբերը արդարև ոսկեփայլ զենքերով, գունդ առ գունդ այստեղ-այնտեղ շրջում էին: Բայց նույն ժամանակ հայոց ազգից շատերը անցել էին անօրենների կողմը, մահմեդականները՝ ամբողջությամբ: Զորագլուխը թունաբեր խորհուրդ արեց խորհրդակիցների հետ. երկրակործան և համայնաջինջ հրաման հանեց, թե որ մեկը հավատացյալների կտրած գլուխ բերի, բացի վարձից մեծամեծ պարգևներ կստանա իրենցից և արքունիքից: Այս անտեղի խորհուրդն անելով՝ առավոտյան կանչեց մունետիկներին՝ արքունիքի պաշտոնյաներին, հրամայեց զորաբանակի մեջ բարձր ձայնով գոչել, թե արքունիքից և գերագույն զորապետից հրաման կա, թե ով իրենց թագավորի առջև քաջություն անի. հավատացյալներից ձեռն ընկածների գլուխը անխնա կտրի, իսկությամբ մեծամեծ պարգևներ կստանա թե՛ այստեղ իրենցից և թե՛ արքունական ատյանից: Երբ մունետիկները լսեցին, ելան այնտեղից, մտան բանակի մեջ, բոթալի լուրը տարածեցին ամբողջ սփռված զորքի մեջ, և գունդ-գունդ սկսեցին ցրվել: Բայց նրանց առաջնորդում էին առաջներում անձնատուր լինողները:

Զինվորյալ հայերը՝ հրացան ձեռքներին, անցան և խառնվեցին պարսից զորքին: Հայերն այս անգամ խիստ կատաղել ու չափազանց վնասներ էին գործում իրենց համահավատ այս ազգի նկատմամբ, անցել էին քյնքան չարիքների, որ մինչև անգամ տեսնելով հավատացյալներին ճանապարհի անցքերում կամ ջրաղացներում, կամ անտառում՝ ծառերի ճյուղ տանելիս, կամ խոտ՝ տան և անասունների պետքերի համար, խաբեությամբ նրան մոտենալու ժամին, առանց որևէ բան խոսելու, պատյանից մերկացնում էին սուրը, իսկույն նրանից թռցնում գլուխը:

Երբ մոտենում էր պարսից զորագլխի վրանին, իրեն պարծանք համարելով՝ ներկայանում էր որպես հավատարիմ. ատամներով՝ գլուխը կտրած սուրը կծած և այնպիսի գազանական կերպարանքով տանում էր պարսից զորապետի առաջ: Այս անպատեհ արարքը տեսնելով՝ զորապետը մեծ ուրախությամբ ուրախացավ, իսկ նա ընդունեց իր պարգևներն ու վարձքը՝ ոչ ավել, քան հինգ ոսկի. պարսիկները գովում էին այնպիսի անպիտան ու գազանամիտներին, որոնք առավել ևս հիմարացած, վնասներ էին գործում:

Բոլոր օրերին բերդից հարյուրավոր անձինք ելնում էին և ծառերի ճյուղեր, փայտ և այլ կարևոր պետքական բաներ դուրս տանում: Հայերը, միաբանելով պարսիկներին, ծանուցին, որ բերդում բնակվող հայերը ելնեն, քաղաքից դուրս հայթայթեն իրենց ապրուստը, անասունների կերը: Ողորմելիները՝ բոլորը, աղքատ, օրական հացի կարոտ էին:

Դրա համար [պարսիկները] ծածուկ բռնում էին ճանապարհների անցքերը, պահում՝ դարաններ մտած, և այսպիսի ելնողներից բռնում, տանում էին իրենց մեծ զորապետի մոտ, և նա հարցնում էր, թե քաղաքում բազում տարիների ամբարած ցորեն ունե՞ն, կարո՞ղ են պահպանել իրենց և քաղաքը, կարո՞ղ են շարունակ կռիվ անել: Երկար քննությունից հետո գլուխը կտրում էին: Թե ինչպես էին կտրում գլուխը, կասեմ [դրա] եղանակը:

Մարդաչափ երկու փայտեր խոր ցցում էին գետնի մեջ, վերին ծայրերը սրում, մի լծակ փայտ գլխովն անցկացնում՝ երկու ծայրերը ծակած, և պինդ ամրացնում: Ում բռնում էին, գլխի մազերը փնջած կապում էին բարակ սամետով (թոկ, պարան): Նախ փողեր էին հնչում մեծ զորապետի վրանի առաջ, ապա խաղացնում [մահապարտին]: Բայց այնտեղ եղածներից մեկը ձեռքի ափում ունենում էր մանրափոշի հող և, երբ մոտեցնում էր մահաբեր փայտին, նա հանկարծ փոշին փչում էր նրա աչքերին, և աչքերը մնում էին փակված, որ չկարողանա բացել, իսկույն գլուխն անցկացնում էր փայտով և լարը քաշում ներքև, խռչափողը պինդ կապում փայտին: Եվ երբ դահիճը խփում էր սրով, գլուխն իսկույն ընկնում էր գետնին, թավալվում և աննշան բարբառում:

Այս ձևով շատերին կոտորեցին: Գանձակ քաղաք չվելուց հետո բոլոր կողմերից եկան, հավաքվեցին այնտեղ՝ զորաբանակի տեղը, տեսան ընկած հայի դիակներ, անհամար դիակներ քարշ տվին հեռու վայրեր և կուտակեցին ձորակում: Բայց նրանց գլուխը չերևաց. թե ուր գնաց, հարկ ենք համարում կարգով ևս պատմել կտրած գլուխների մասին:

Սաստիկ կոտորելու ժամանակ այնտեղ եկան հասան Գանձասարի եպիսկոպոս Սարգիսը և Մելիք Եգանի ազգից մելիք Ասլանը: Եկան ողջունեցին մեծ զորագլխին և խոսեցին խաղաղությամբ: Եպիսկոպոսը գիտեր պարսկերեն և հնդկերեն լեզուները, սկսեց խոսել և ասել, թե ի սկզբանե անտի մինչև այժմ ապրել են պարսից տիրապետության տակ և ծառայել հնազանդությամբ, ըստ կարողության նաև օգնություն են հասցնում արյաց տերությանը, ինչպես մեր նախահայրերն ու պապերը:

Սրբազան հոր խոսքերից զարմացել էին պարսից մեծամեծ զորավարները. լեզուն արշավում էր առակաբանությամբ, նրանց այլ զանազան գրքերից տեղեկություն ուներ: [Միաժամանակ] նա՝ սրբազան հայրը, ցույց տվեց նրանց նախկին թագավորների ուղարկած հրովարտակները և նզովեց նզովքով արված կապանքները, որ այլևս չվստահվի վնաս տալ Գանձասարի սուրբ Աթոռին: Այս բոլոր հրովարտակները ընթերցելով և իրենց նախկին թագավորների կնիքները տեսնելով՝ ամենքը համաձայնեցին ճշմարտության խոսքերին:

Զորքի մեծ սպարապետը կամեցավ ծանրագին ընծաներ պարգևել սրբազան հորը, և նա չկամեցավ ստանալ այնպիսի ընծաներ, որովհետև չստանալու պատճառներ ուներ՝ ասելով, թե աղաչանքի խոսք ունի հայտնելու նրանց մեծությանը և եթե նրանց առջև ունի մի փոքր շնորհ, ապա նրանք կատարելով իրենց մեծության անունը կթողնեն մեր այս աշխարհում: Ընդունեցին եպիսկոպոսի խոսքը, թե կարող է ըստ իր կամքի ծանոթանալ իրենց իշխանությանը, և անխափան կկատարեն նրա խոսքերը: Շարունակելով իր խոսքը՝ նա ասում է, թե այդքան անձանց, որոնց տեսնում է կապված, գիտե՝ ոմանց գերեվարելու են և շատերի գլուխներն են կտրելու, դրանք ի՞նչ վնաս կարող են անել նրանց իշխանությանը, ամենքը տնանկ են, աղքատ, օրվա հացին կարոտ: Եթե արձակի, ըստ իր մաղթանքի՝ դրանց աչքերից կսրբի ըմտանիքի արտասուքները, կկատարի նաև տիրոջ կամքը, «և նա կլինի քո ամեն նեղության մեջ, օգնական»:

Նույն ժամին հրամայեց հազարապետներին և հարյուրապետներին, որ արձակեն բոլոր կապվածներին և ներսում պահվածներին, որ գնան իրենց բնակության տեղերը: Սաստկացնում էր նաև հրամանը, որ այսուհետև անպատեհ բաներ չգործեն. «որ բերում է քրիստոնյաների գլուխ, իր գլուխը նրա փոխարեն իր վրայից կթռցնեմ»:

ԻՆՁ ՄՆՈՒՄ Է ՄԱՍՆԱՎՈՐ ՊԱՏՄԱԲԱՆՈՒԹՅԱՄԲ ԱՍԵԼ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԻ ԳԼԽԻ ՄԱՍԻՆ, ԹԵ Ո՞ՒՐ ԳՆԱՑ ԵՎ Ի՞ՆՉ ԵՂԱՎ

Դիզակի նահանգի մեծամեծ և փոքր իշխանները հավաքվեցին և խորհուրդ արին հաշտության և անձնատուր լինելու մասին, որ տարեկան արդյունքներից զրկվել էին: Դաշտերի, արտերի արդյունքները հավաքելու ժամանակն էր, այսինքն՝ ցորեն, գարի և այլն: Հնարավոր չէր, որ մարդիկ ամուր տեղերից ելնեին. իսկույն բռնում, տանում էին:

Այդ պատճառով Մելիք Եգանի ազգից և Ղուկաս վարդապետի զարմից ամենաբարի նախարար մելիք Ասլանը մի քանի մեծամեծ իշխաններով և պայազատներով գնաց պարսից մեծ սպարապետի մոտ՝ ընդունելով խաղաղության հրապարակումը, որ ոչ ոք չվստահվի վնաս տալ քրիստոնյաներին՝ կամ նեղություն և չարչարանք, և եթե մեկը համարձակվի հավատացյալներին վտանգ հասցնել, սրախողխող կանի նրան և նրա ընտանիքը կաքսորի անջան երկիր: Սաստիկ հրամանագրությամբ հրովարտակ գրեց, արքունի կնիքով կնքեց, տվեց [հայ] մեծամեծ իշխանների ձեռքը, որոնք եկան, Դիզակի ողջ հասարակությանը ցույց տվին: Դրանից հետո առանց կասկածանքների լեռից իջան և բոլոր գավառային բնակիչները եկան Տող բնակությունը: Դրա համար իրենց վրա մի զորապետ դրին զինվորական գնդով իրենց պահպանելու համար: Եվ գործունյա մարդիկ գնացին՝ զբաղվելու հնձով և կալ կալսելով, բերք հավաքելով:

Սրանից հետո մելիք Ասլանը թուղթ է գրում մեր հասարակությանը՝ առաքել հաց և այլ ապրուստ կերակրվողների համար: Նրա այս խնդիրը կատարեցին. մեծ հարգանքով [ամենը] պատրաստեցին կերակրվողների համար, բարձեցին մի քանի բեռնակիր գրաստների վրա և մի քանի ընտիր մարդկանցով ուղարկեցին նրա մոտ: Զորաբանակը դեռևս նստել էր իր տեղում՝ Շուշվա բերդի դիմաց: Մերոնք, հասնելով նրա մոտ, երեկոյան մնացին այնտեղ, առավոտյան կամեցան վերադառնալ իրենց բնակատեղը, հազարապետը արգելեց նրանց և քրձեր՝ մազեղեն գործված չուվալներ, տարավ, բոլորը լցրեց մարդկանց կտրված գլուխներով, բարձեց գրաստների վրա, և բերին Տող գյուղաքաղաքը:

«Մենք իսկ ականատես եղանք եղած իրողություններին»,- ասում է Առաքել վարդապետը:

Երբ քրձերը՝ չուվալները, թափ տվին, գլուխները թափեցին գետնին, կուտակեցին որպես քարակույտեր, Դիզակի ամբողջ քրիստոնյա բնակչությունը եկել տեսնում էր: Այնտեղ եկած, հավաքված քաջասիրտ մարդկանցից կանչեցին, եկան, նստեցին և գլուխների մորթիները քերծելով, հանեցին՝ ձևացնելով, թե իբր գինու տիկ է ամբողջությամբ, գլուխ-գագաթները թողին այնտեղ կուտակված, աղ բերին և սրսկեցին մորթիների քերծված տեղերը, որովհետև սաստիկ հոտ էր փչում,ապա հարդ բերին և լցրին մորթիները, խճողեցին՝ կռեցին, ամրացրին և, կրկին բարձելով գրաստների վրա, առաքեցին Թավրիզ քաղաքը, որ այնտեղից ուղարկեն շահանիստ Թեհրան քաղաքը՝ ի տեսություն իրենց թագավորի:

ՇԱՐԱԴՐՈՒՄ ԵՄ ՍՅՈՒՆՅԱՑ ԱՇԽԱՐՀԻ ԵՎ ՏԱԹԵՎԻ ՆԱՀԱՆԳԻ ԴԻՊՎԱԾՆԵՐԸ ՆՈՒՅՆ 1826 ԹՎԱԿԱՆԻՆ

Նույն զորքի մի մասը եկավ դեպի Զանկազորու գավառը՝ տասը հազար քաջ և սուսերավոր այրեր, ըստ ստացված համբավի՝ ուղղակի եկան Կորիս գյուղաքաղաքը: Նույն ժամանակ այնտեղ ռուսաց ազգից բնակված էին ութ հարյուր անձինք՝ զինվորական կարգում, շատերը՝ առնակին, ունեին ուստրեր և դ(ու)ստրեր: Բայց ամբողջ գավառում վատ լուրեր էին հռչակվել, թե անխտիր մերձենում են հայերի կանանց, ամենքին ապականում, խառնված են իրար: Ունեին նաև հիսնապետեր և հարյուրապետեր, բոլորը՝ կրթված՝ վարժված պատերազմական գործում, բայց նրանց բոլորի գլխավորը տաճիկներից էր, և նրան կոչում էին Աղալարխան: Տեղի բնակությունն ուներ քարերի ամուր դարաններ և վիմածերպեր՝ թշնամիների համար անմատչելի: Պարսից զորքը տակավին անտեղյակ էր ամուր վայրերին, կարծում էին, թե առանց խոչընդոտի հասնելուն պես մտնելու են ներս: Մեր ժամանակում,- ասում է հեղինակը,- պարսից ազգից ականատես անձինք մեր միջում ճշմարտությամբ պատմում էին եղածները, թե գնդերով շարժվելով՝ դիմեցին դեպի բնակությունը՝ կարծելով, թե հաղթել են նրանց, տեսան, որ ռուսաց զորքի հրացանները անընդմիջահատ արձակումով կրակ են թափում իրենց վրա, կարելի է ասել՝ հրացանների ռումբերը՝ իբրև ցորենի հրդեհված ցողուններ, ճարճատում էին երկու կողմերից, հրացանների և թնդանոցի ծուխը, միմյանց խառնված, մրրիկի պես բռնել էր ձորակը. արդարև այնտեղ չէին կարող տեսնել միմյանց: Այսպես քանիցս կրկնել են պատերազմը, բայց պարսիկները կորագլուխ հետ էին դառնում:

Սույն գոռ մարտում ռուսաց ամբողջ զորքի գլուխ էր այն հիշյալ Աղալարխանը՝ մահմեդական ազգից: Ինքը՝ չարագույն բանսարկուն, գաղտնածածուկ գնաց պարսից զորքի սևագունդ լեգեոնախումբ կաճառի՝ հանդիսավոր ատյանի մոտ և այնտեղ նրանց զորապետերի հետ պայման դրեց, թե առավոտյան պահին մոտ՝ մինչև արշալույս, ինքը կհանի ամբողջ զորքը, նրանց կանանց,  տղաներին և աղջիկներին՝ խաբեությամբ ասելով, թե կամենում է իրենց գաղտնի հասցնել Շուշվա բերդը: Նրանք իրենց զորապետին ցմահ հնազանդ են, հաստատ գիտե, որ ելնելու են: Բայց թուլյ տան իրեն մինչ երկու ժամ ճանապարհ գնալ, ապա սկսեն մարտնչել, որովհետև նրանք պատերազմի համար վառված կրակ են և անհնար է հաղթել, ու աներկյուղ բնավ գնում են մահվան:

Այս նենգությունը նյութեց պարսից զորապետերի հետ և վերադարձավ [Կորիսում] ամրացված զորքի մոտ: Եկավ, խոսեց ռուսաց և հայոց զորապետերի հետ, թե. «Ինչ ունեք վերցնելու, պատրաստեցե՛ք, որքան թեթև լինի, որովհետև այս գիշեր հավախոսին, պատրաստ եղե՛ք և արթուն, վերցրե՛ք նաև ձեր կանանց, ուստրերին և դ(ու)ստրերին և ովքեր կարող են հետիոտն գնալ: Նայելով գործի վախճանին՝ բարի չէ, որովհետև ամեն կողմից պարսից զորքը պատել և պաշարել է, կարծում եմ՝ չենք կարողանա այստեղից ողջ ելնել, միայն կատարելու գործն այն է՝ թերևս կարողանանք պարսից զորքից գաղտնի մեզ հասցնել Շուշվա բերդը»:

Երբ ռուսաց զորքը լսեց, ուրախացավ՝ ըստ իրենց կենդանի հավատի արդար համարելով նրա ասածը: Նույն ժամին նախ պատրաստեցին մարտի պարագաները, վառոթ(ներ)ը, ունեին մի թնդանոց (այսինքն՝ թօփ), պետքեր, ընտանիք, ճանապարհի մասնավոր հաց մինչև բերդ հասնելը: Ըստ իրենց սովորության՝ ելան անձայն, լռությամբ, այնքան մարդկանց ոտնաձայնն անգամ անլսելի էր: Արագընթաց արշավանքով, հապճեպ ու տագնապով, համախմբված շարժվեցին, գնացին մի քանի ասպարեզ [ոչ շատ տարածություն] և ապա արևելյան կողմը՝ կամաց-կամաց, փորանկյալ, արդեն արեգակի կարմրացած շառավիղից տարածված լույսի ներքո և արևի ցայտելու պահին դուրս եկան քարերի գլուխը:

Պարսից զորքը եկավ, հասավ նրանց՝ փախստականներին:

Այնտեղ պետք էր տեսնել գոռ պատերազմը, քանզի պարսից զորքը տասը հազար էր՝ քաջ մարդկանց [կազմ] և հավատացյալների զորքը՝ ութ հարյուր միայն, նրանց հետ՝ կանայք և մանուկներ: Բայց հայերը նրանց հետ չելան, միայն ռուսներն էին. հայերը չհամաձայնեցին նրանց խոսքերին: Երկու կողմերից սաստկանում էին հրացանների ձայները: Ամառ էր, օրերը՝ այլակերպ ու շոգ, երիվարների սմբակների փոշին, մարտի վառոդի ծուխը, կեղտոտված օդը խառնակ վիճակում էին, որից թնդում էին երկիրը և այն վայրը, որի կայծակումները տեղում էին, թափվում իրերի վրա:

Բայց ռուսաց զորքը՝ իբրև բորբոքված կրակ, առաջ էր շարժվում մարտնչելով, թերևս գտներ խմելու ջուր: Հարավային տաք հոսանքից գունատվել, չորացել էին ամենայն մարմնական կարողությունները, որովհետև տոթից, արեգակի ջերմությունից, մարտի վառոդի հրկիզումից և փոշեխառն դառն ծխից վտանգվում և տագնապում էին, մանավանդ սաստիկ սովից նեղվում, թեև ջանում էին սաստկագույն մարտնչել, որովհետև անհնար էր ազատվել անագորույն գազաններից, քանի որ իրենց գլխավորը անցել էր պարսիկների կողմը և ամեն կողմից պատել-պաշարել էր, նեղում էին մահաբեր կարգով, թույլ չէին տալիս շունչ քաշել կամ մի փոքր հանգիստ առնել պատերազմից: Բայց պարսից զորքը այնքան բազմությամբ չէր կարողանում մուտք գործել, ապշած էին պատերազմի նրանց վարժ լինելուց՝ իմացությունից:

Բայց պարսից զորապետը և նրանց մարտի կարգադրիչն ու հաստատողը անգլիացի էր. հավատով մերձ էր, որի համար ուղղակի չէր կամենում թնդանոցն արձակել: Եվ տեսնում էր՝ ռուսաց զորքը անզերծանելի վտանգի մեջ էր, անոթի, առանց հացի և ջրի չորացել, ճապաղել և գունատվել էին: Գործի եղանակից իսկապես հայտնի էր, որ մատնվելու էին անգութ և արյան ծարավի գազաններից: Ռուսաց զորքը ջանում էր թերևս ընկնել Հագարի գետը, որ ջուր խմեն, ապա տեսնեն իրենց մահը: Դրա համար նրանք շտապելով առաջ շարժվեցին, որ սաստկագին մարտնչելով, թերևս հասնեն գետի ջրին: Բայց թիկունքի կողմից պարսից զորքի հրացանների ռումբերը կարկուտի նման հասնում-թափվում էին: Նույն ժամին իմացան իսկապես անգլիացու կողմնապահությունը, թե արդարև հավատակից է և պահպանում է նրանց, ուստի պարսից զորապետը հրաման տվեց վերացնել նրա գլուխը, թե ինչո՞ւ է խնայում, չի կամենում վնասել նրանց զորքին: Եվ նա երդմամբ խոստացավ չխնայել, թե՝ այժմ տեսե՛ք և նկատեցե՛ք իմ կողմնապահությունը:

Այնտեղ բազմաթիվ հայեր կային, աղաչում էին նրան չվնասել ռուսաց զորքին,այլևայլ իրերի: Եվ նա ասաց. «Նայեցե՛ք կառքի անիվներին, որոնց վրա թնդանոց է դրված»: Մինչ այն վայրը ուղղակի չէր արձակել, բայց լավ էր, որ զորքի կեսն այժմ ջնջված լիներ, քան այն աղետալի վիշտը բերեր նրանց վրա. արձակելը դժվար էր, որովհետև երկյուղը մեծ էր պարսից զորապետի կողմից, և անճարացած թնդանոթն ուղղեց կառքին, իսկույն կպած անիվը և լծակը փշրվեցին, թափվեցին. խորտակեց ռուսաց զորքի մեջքը և ողերը: Այնուհետև մնացին իբրև անթև մորեխներ և գետնատարած թշնամու առջև:

Ավելի քան հարյուր ռուս զինվորներ հասել էին Հագարի գետը, կանայք և մանուկները ավելի շուտ էին հասել այդտեղ, որովհետև տեսել և տեղյակ էին ճանապարհին: Մինչ կամենում էին այն ջրերից իրենց ծարավը հագեցնել և երեսները ողողել, ոմանք էլ ընկել էին ջրի վրա, կամենում էին ըմպել, մինչ տևական հոգնածությունից հետո ցանկանում էին շունչ առնել, տեսան ահա ընկերների գլուխներ իրենց թիկունքից և այն դարից՝ զառիվայր գլորվելով անընդհատ, միմյանց հետևից՝ բազմաթիվ քարերի պես, եկել, կուտակվել էին հարթագույն տեղում և երևում էին այնտեղ իբրև քարերի բերդուկներ՝ կույտեր:

Բայց որպես թե խնայեցին հարյուրապետերին, կանանց և մանկանց. ավելի բարվոք համարված կլիներ մեռնել զորքի հետ, քան թե մնալ կենդանի այնպիսի թշվառ կյանքով և չարչարանքով տանջված: Եվ ովքեր մնացին կենդանի, անասնաբար ոտաբոբիկ լցրին երիվարների առաջ, հապճեպ, տագնապով հետիոտն բերին իրենց մեծ զորաբանակը, որ կար և մնում էր Շուշվա բերդի դիմաց:

(Առաջ որ հիշատակեցի, թե բեռներ տեղափոխող մարդիկ բեռնակիր գրաստների վրա բարձած այնքան գլուխներ են բերել, շատերը այս զորքի կողմից կոտորածներն էին.- նշում է հեղինակը):

Եվ այժմ [ահա թե] ի՞նչ պիտի գրեմ գերված անձանց մասին, որ բերին այստեղ:

Հրաման արձակեց այն մեծ սպարապետ Ամիրխանը, որ բոլորի գլխավորն էր, թե. «Այդպես ոտնաբոկ և վշտակրությամբ ձեր առաջն առած՝ պարտավոր եք տանել պարսից տերությունը և այնտեղից ուղարկել շահաստան քաղաք, այսինքն՝ Թեհրան»: Երբ լսեցին բոթալի պատգամները, կրկին բերելով՝ հավաքեցին ճանապարհին, տագնապի ու նեղության մեջ դրեցին նրանց, մանավանդ ջերմությունից՝ արեգակի սաստիկ տոթից, քրտնաթոր վառվում էին, այնքան ստիպելով էին բերում, մինչև անգամ իրենց ոտքերի մեջ խրված փշերը չէին թողնում հանել: Իսկ երբ ողորմելիները պատահում էին աղբյուրների կամ առուների և կամենում էին մի ափ առնել և ըմպել, արդարև թույլ չէին տալիս, զարմանալի էր նրանց գազանաբարո [վարքը]:

Երբ բերին Տող գյուղի բնակատեղը, հեղինակը և ուրիշներ ականատես եղան ամեն ինչին. ոտաբոբիկ ողորմելիներին, առաջներն առած այնպես ստիպելով, բերին, մինչև անգամ թույլ չտվին շունչ առնել խնամքով պահված երիվարների առջև և սուր ձեռքին շողշողացնելով:

Եկան մեծ նախարար Մելիք Եգանի բնակությունը, և գյուղական ողջ հասարակությունը գնաց՝ տեսնելու նրանց և եղած իրողությունները: Իրոք, ամենքը գունատված, մարդկային պատկերից ու կերպարանքից զրկված էին, կանանց, ուստերց և դստերց ոտքերից հեղած արյունը կարմրացրել էր նրանց ոտքերը, տակավին ևս հոսում էր: Նրանք սնվել էին հայերի մեջ:

Տեսան հայ մանուկներին, կանանց և մարդկանց. այնտեղ պետք էր տեսնել սրտերի աղեկտուր ցավը, հեծության լացն ու կականը, նրանց աչքերի հորդ արտասուքը, նրանց հառաչանքի և ողբի ձայնը, նրանց աղիողորմ լալումը: Ահից և երկյուղից պարսից վերակացուների միջոցով ծանուցում էին մեր այս ազգի մեծերին և փոքրերին, որ խմելու ջուր հասցնեն նրանց. իսկությամբ չորացել էին նրանց շրթունքները, սաստիկ ծարավից նաև շատերից պատառել, արյուն էր հեղում: Երբ հայերը լսեցին նրանց ողորմելի աղաչանքները, յուրաքանչյուր ոք տնից կամ ուրիշներից ձեռք բերին սափոր և այլ խեցեղեն ու պղնձեղեն անոթներ, փութանակի դիմեցին ջրի աղբյուրներին, նույն ժամին այնտեղ բերեցին հազարավոր սափոր ջուր, խմեցին, հագեցան, լավ զովացան և մի քիչ իրենց հոգնած մարմնի հանգիստն առան: Հայերը իրենց տներից և բնակությունից պատրաստեցին կերակուրներ, ուտելու հաց, բերին, լիուլի կերան, կերակրվեցին, հագուրդ առան ու հանգստացան: Իսկ մեր մեծ նախարար Մելիք Եգանի ազգականները նրանց նեղություններին միջնորդ և բարեխոս եղան և նույն ժամանակ անխափան ընդունեցին նրանց խոսքերը: Այսպես ծանոթանալով՝ [տեսան], որ մեղք են այդ դրությամբ տանել, [խնդրեցին] թույլ տալ, որ հայերը դրանց ոտքերին կոշիկներ և մերկությունը ծածկող այլ կարևոր պետքեր տան: Այս խնդրով մեր այս տան և ազգի կառավարիչ մելիք Ասլանին վերակացուները տեղյակ պահեցին և բարեհաճությամբ թույլ տվեցին, թե ըստ նրանց կամքին թող լինի:

Նույն ժամին յուրաքանչյուր ոք իր ոտքերից կոշիկները հանեց, և նրանք բերին հագցրին նրանց: Բոլոր պակասությունները լրացնելուց հետո կրկին վերկացան ընկան գերեվարողների առջև, նույն օրը հետիոտն գնացին իշխանների հարցաքննության, թե՝ ո՞ւր են կամենում տանել: Նրանք ասում են.

  • Քաղաք Թավրիզ և այնտեղից՝ շահանիստ քաղաղ Թեհրան…

ԴԱՌՆԱՆՔ ՇԱՐԱԴՐԱՆՔԻՆ ԱՅՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ, ՈՐ [ԵՂԱՎ] ՇՈՒՇԻ ԲԵՐԴԱՔԱՂԱՔԻ ՎՐԱ

Այն օրերին, մինչ պարսից զորաբանակները հանգրվանել էին Շուշվա բերդի հանդեպ, նույն ժամանակում բերդում ռուսաց սակավ զորք կար՝ ոչ ավելի, քան երեք հարյուր պատերազմող մարդիկ: Բայց պարսից զորքի ահից գավառներից [այնքան] էին եկել, հավաքվել, արդարև մի մարդու տեղ չկար, որ կարողանար ազատ շարժվել. բոլորը հայեր էին, որոնց թիվը անհնար է անցկացնել հաշվի մեջ: Բայց երիտասարդները և բոլորը մեծամեծերը զինվորյալներ էին, բոլորն էլ եռում էին մարտի հանդեսին. մտնել ըստ իրենց ցանկության: Մի մասը բռնկված էր հավատի նախանձով, մանավանդ լսելով անօրենների խոսքերը, թե խորհուրդ են արել գերել մեր ազգի գեղեցկագույն ուստրերին և դ(ու)ստրերին, մնացած բոլորին սրի քաշել: Այս ամենը լսելով՝ հայերը երդումով պնդեցին, որ մինչև վերջին շունչը, մինչև մեկի մնալը, անձնատուր չլինեն անօրեններին և տեսնեն իրենց ազգի և ընտանիքի կանգուն լինելը:

Որպես հաստատուն խորհուրդ՝ միմյանցից ընդունեցին, գնացին և հայտնեցին ռուսաց զորապետին: Ռուսաց ազգը նոր էր եկել, տակավին հազիվհազ տեսնում էին քաղաքներում և հայաստանցիների տիրույթում, ուստի մեծ ապավեն և օգնական ճանաչելով նրան՝ գնացին և ծանուցին նրան ցմահ հաստատուն մնալը իրենց ուխտին, նաև բերդաբնակ անօրեն իշխանների և իշխանազունների նենգությունը: Խոսքը ճշմարտությամբ էր ասվում, որովհետև պարսից զորքի գալը Շուշվա բերդաբնակ մահմեդական իշխանների սադրանքի՝ դրդման և գրգռման [գործն] էր: Ասում էին՝ հարմար ժամանակ գտնեն հանդիպելու և նրանց գալստյան ժամանակը [որոշելու] ու երկուսի առաջնորդությամբ գիշերը գաղտնի ամբողջ զորքը մուծանեն՝ ներս տանեն բերդը, և ոչ մեկին վնաս չլինի:

Երբ ռուսաց զորապետը այն հավատարիմներից լսեց այս ամենայն բոթալից լուրը և տեսավ, որ ճշմարիտ է բանը, նրանում ստություն՝ խաբեություն չկա, սկսեց խորհուրդ տեսնել հայոց իշխանների հետ, որովհետև իսկությամբ իմացավ, որ հայերն են միայն իրենց օգնականը և իրենք՝ հայերի: Թե ի՞նչ պիտի անեն. վերջնական վճիռն այն եղավ, որ բոլոր մեծամեծերին, երիտասարդներին և իշխաններին այն բերդից արտաքսեն՝ դուրս հանեն, ներսում թողնեն միայն նրանց կանանց և մանուկներին: Եվ ինչպես խորհեցին, նույնը կատարեցին, առան նաև բոլոր սրերն ու հրացանները և նրանց լոկ՝ դատարկ արձակեցին: Նրանք գնացին և խառնվեցին պարսից զորքին

Երբ պարսից զորքը եկավ և բերդի  հանդեպ հարեց խորանին, հայոց զորքը հավաքվեց, խմբվեց՝ արդարև անթիվ և անհամար: Զորապետը սկսեց խրախուսել և սիրահորդոր խոսքերով մխիթարել բոլորին, որ մահվան չափ կարողությամբ դիմակաց լինեն իրենց թշնամիներին, քանի որ թուլանալու ժամանակ չէ, ամեն վայրկյան իրենց մտքում [վճիռ] ունեն՝ հուր բարկությամբ բորբոքված՝ լիզաջինջ անել, լիզելով-լափելով ոչնչացնել:

Զորապետի այս խոսքերի համար բոլորը խոնարհվեցին, երկրպագեցին նրան: Այնուհետև զորապետն ուրախացավ, սկսեց ըստ իրենց սովորության կարգավորել հայոց զորքը՝ հարյուրավոր քաջ մարդկանց մեջ դնել մի ռուսաց զինվոր, գունդ-գունդ բաաժանել և որոշել քաջերին ու քաջասիրտներին, նրանց դնել բերդի ներքին կասկածելի կողմը, ուր քաղաքի մեծամեծ դռներն են կամ կասկածոտ տեղեր և կամ թշնամիների անցնելու վայրեր, նաև այնտեղից պարսից զորքը կարող էր աճապարել անցնել բերդի վրա:

Այսպես դասավորելով՝ հարյուրապետեր և հիսնապետեր դրեց նրանց վրա և իր կատաղությամբ առանձին դասեր ու գնդեր կազմեց, յուրաքնչյուր գունդ տարավ իր տեղը, կարգավորեց, մի աշտարակի վրա դրեց հարյուր զինվոր՝ նրանց սաստկապես պատվիրելով արթուն լինել, ասելով նաև, թե բերդաբնակ տաճիկները, ելք և անցքեր գտնելով գիշերը գաղտնի, իրենց առաջնորդությամբ պարսից զորք կբերեն այս քաղաքը, և կլինեն մեծ կոտորած ու խայտառակություն:

«Իսկությամբ գիտեք նաև՝ մեզ՝ ամենքիս, կամենում են, աչք չթոթափած, բնաջինջ անել: Դարձյալ՝ երբ կամենաք հանգստանալ քնից, բոլոր աշտարակների և պարիսպների վրա երկու կամ ավելի քաջարթուն անձանց դրե՛ք, որ գիշերապահ արթնությամբ տքնեն, նաև՝ շտապով փոփոխել նրանց, որպեսզի նրանք քնահար եղած չննջեն, այնուհետև ձեր թշնամիների առջև լինեք առակ խայտառակության»: Այսպիսի խոսքերով խրատում էր բոլորին և յուրաքանչյուր տեղում տեղավորում նրանց: Այնուհետև սուրբ ուխտի՝ հավատի համար համայն երկիրը հավաքել էր այնտեղ, մանավանդ տեսնելով անհամար բազմություն, ծաղկահասակ մանուկներ, պատանիներ և զարդարված ուստրեր ու դստրեր:

Այս ամենը մտաբերելով՝ երդումով դաշնադրությունը հաստատեցին սուրբ Ավետարանին, որ իրենցից ոչ մեկը նենգություն չունենա մտքում առաջվա նենգահոտ Վասակի նման: Հայերը, այս ևս տեսնելով իրենց մեջ, հաստատեցին գործի վախճանը՝ ավարտը. մինչ մարտի մեջ մնալը իրենցից ոչ մի մարդ երես չդարձնի պատերազմի մահվանից: Այնուհետև սուրբ խաչի նշանը դրոշմելով իրենց երեսներին՝ մտան մարտի նահատակության հանդեսը: Նայեցին և տեսան, որ պարսիկները իրենց զորքը բաժանեցին առաջնային երեք մասի: Մեծ մասը շարժվեց, եկավ բերդի ներքևի կողմը՝ բարձրաբերձ բլրի գագաթը, որի անունը հասարակության բերանում հնչում-կոչվում է Տութալապ: Բանակ զարկեցին այնտեղ, անհամար վրաններ դրին, այնուհետև գործ ձեռնարկելով՝ սկսեցին պատերազմի պատրաստվել: Նախ՝ պատերազմի սկիզբը առավոտյան եղավ՝ հուլիս ամսին:

Պարսից զորքը ամբողջությամբ զինված էր և գունդ առ գունդ խմբվեցին այստեղ-այնտեղ՝ բյուրավորներ և հազարավորներ, խիստ բազմաթիվ էին, անհաշիվ: Շտապելով շարժվեցին ներքևի հարթագույն կողմերը, մորեխների պես տարածվեցին, սփռվեցին, և գետնի երեսը չէր երևում: Այդ ժամանակ վտանգավոր էր բերդի պարիսպը. մի քանի տեղեր՝ մասնավորապես վերևից վար, [թափվել էին], և նրանք, ուշադրություն դարձնելով այդ տեղերին, շտապում էին հասնել: Բայց հազարավոր հայեր, աներկյուղ զինված, խմբվել էին նույն տեղում: Պարսիկները բարձր ձայնով սկսեցին աղաղակել և դիմել ի վեր:

Ո՞վ կարող է պատմել երկու կողմերի աղաղակը, իսկ հրացանները ճարճատում էին իբրև հրդեհված արտերի ցողուններ, ծուխը բռնեց բոլորի աչքերը: Հայերը շատ էին ջանում տեսնել, թե նշմարված տեղերը հասնելուն մո՞տ են և ձայն տվեցին պարսպապահ ընկերներին հասնել այնտեղ, որովհետև նրանց հետևից ծածուկ փայտյա մեքենաներ էին բերել, որ նրանցով թերևս կարողանան անցնել բերդի մեջ: Սաստկագույն կռվեցին, արդարև մերձ էին մտնելուն: Հայոց զորքը այստեղից-այնտեղից շտապ այնտեղ հավաքվեց, ուստի կրկին մարտի սաստիկ և ահեղ ճայթում և որոտում եղան. հրացանների և թնդանոցի ձայները խլացնում էին լսողների ականջները: Այլ տեղերից ևս խմբվել էին գունդ-գունդ հարձակվելու համար, բացի դրանից կամեցել էին նրանց շփոթմունքի մեջ գցել, թերևս կարողանան մտնելու անցքեր գտնել: Դրա համար նրանց պատերազմը սաստիկ էր, քան նույն տեղում խմբված մարտը:

Այսպես նույն օրը բազմիցս վերադարձ արշավանքով սաստկացրին կռիվը, թերևս այս անգամ կարողանան մտնել բերդը: Բայց ընդդիմանալով այս պատերազմում՝ հայերը բազում քաջություններ արին: Իսկ դրանից հետո պարսից զորքը շարունակ սկսեց մարտնչել, մանավանդ որ կարողանան գաղտնաբար մտնել բերդը: Սակայն հայոց զորքը մշտարթուն տքնությամբ պահպանում էր, թույլ չէին տալիս մուտք գործել: Այսքան հետաքրքրությամբ և հետևողականությամբ էին [վարում] բերդի առման [խնդրում], այնինչ բերդաբնակ մահմեդականները հրաժարվել էին տալիս, երբեք դադար չունեին. մահմեդական ազգից քաղաքի  մեծամեծ իշխանները բերդից արտաքսումներ էին անում: Ուստի ամեն գիշեր անդադար, իրենց կարողության չափ, մահը հանձն առած, չէին կարողանում այնպիսի չարագործություններից հրաժարվել: Տանջալից կյանքի վերջնական նպատակն այն էր. վրեժխնդրությամբ մտնել քաղաքը, վեր ի վայր կործանել և բոլորին սրի քաշել:

Բայց մեր տիրոջ աներևույթ պահպանողական աջը մեր թշնամիներին թույլ չտվեց գտնել ելք ու հնար իրենց կարոտությունը բավարարելու, և նրանց անվայել արարքները ծանուցված կլինեն մեր ազգին, թե նրանց մտադրությունն է մեր սուրբ ուխտի եկեղեցիները պղծել և նրա ամենայն գործիքները, ամանները կրակի մատնել ու նրա պաշտոնյաներին անասնաբար սրի քաշել եկեղեցու դարանից՝ որպես մատուցված զոհեր ի պատիվ եկեղեցու, ըստ հայոց կրոնի: Նաև սենյակներից ելք չունեցած գեղեցկահասակ մանուկների, ուստերց և դստերց, առագաստների հասած նորապսակ հարսանց, ըստ իրենց աչքերի հաճույքի, ամենայն հավանական(ներ)ին՝ յուրաքանչյուրին ընդունել իրենց բնակությունում և մնացածներին հավատափոխ անել, եթե կամենան դառնալ մահմեդական դենի, եթե չկամենան, բոլորին բնաջինջ անեն, և նրանց տեղերը իրենք ժառանգեն:

Երբ պարսից զորքը տեսավ, որ բնավ բերդն առնելու հնար չկա, հայտնեցին իրենց սպարապետին, թե այս տեղը անառիկ է, և եթե այլ հնար գիտե, թող կատարի: Դրա համար խորհուրդ արեց մեծամեծ ներքին խորհրդակից իշխանների և Աղվանից տան սեպուհների հետ, թե գործի վախճանն այնպես է երևում, որ այստեղից պետք է չվել և գնալ Գանձակ և այնտեղից՝ Տփխիս և գուգարացիների երկիրը, այսինքն՝ Շաքի, և նրանց բոլորին նվաճել ի ներքո պարսից թագավորության և իշխանության. սրանք բոլորը ինքնահոժարությամբ պետք է հնազանդվեն թագավորի հրամանին:

Այս բանը նկատի ունենալով՝ բանակը չվեց, և զորքն ու իրենց ողջ ծանրությունը շարժեցին դեպի Գանձակ՝ իրենց հետ ունենալով բոլոր իշխաններին, նախարարներին, նաև Գանձասար սուրբ վանքի Ջալալյանց ազգից արքեպիսկոպոս Սարգսին ու Վան քաղաքի ոմն գաղթական սարկավագին, «ով պատերազմի բոլոր դեպքերը պատմել է մեզ»,- ասում է հեղինակը:

Այսպես է ասել [սարկավագը], թե երբ զորաբանակը հասել է Գանձակ, սպարապետ և բոլորի գլխավոր Ամիրխան կոչված սարդարը սաստիկ հրաման տվեց Գանձակ քաղաքի վրա՝ տեսության գալ իրեն, և բոլոր իշխաններին և մեծամեծ վաճառականներին՝ թե՛ հայեր և թե՛ մահմեդականներ, բոլորին հավաքեց այնտեղ, մանավանդ հարստագույն անձանց, ովքեր մեծամեծ գանձեր ունեին, սաստկապես ստիպեց նրանց այնտեղ բերել իրենց ոսկիներն ու արծաթը:

Նրանք ըստ մարդկային ագահ թուլության և ըստ արծաթասիրական ախորժակի՝ հապաղեցին: Անօրենները, տեսնելով, որ տկարանում են բերելու խնդրում, իրենց զորապետի հրամանով բոլորին ըստ կարգի՝ մեծերի և փոքրերի, իսկույն սկսեցին մերկացնել և այնտեղ բերելով ահագին փայտ, կուտակեցին և հրով վառեցին, բոցը դիզանում էր բարձր, քան տասը կանգուն: Եվ երկաթե խարաններ բերելով, կրակի մեջ կարմրացնելով ու բորբոքելով՝ հրակայծերը նրանցից թափում էին մերկացած մարմինների վրա, խարաններ դնում և շանթահարելով վառում էին նրանց մարմինները, և վառված մարմիններից ծիրանի ծուխը ծառանում էր երկինք: Արդարև  դրանք տեսնողը աչքերը փակում, փախչում էր: Այնտեղ պետք էր տեսնել նրանց տանջանքներն ու չարչարանքները, նրանց սրտերի անբուժելի ցավերի դառն կսկիծն ու աղետը, նրանց հորդաբուխ արտասուքների հոսքը, նրանց ընտանիքների և սիրելիների լացն ու կականը: Ուստի անճարացած ողորմելիները ըստ իրենց կարիքների բերում էին, ինչ գտնում էին: Այնտեղ հավաքեցին ոսկու և արծաթի տոպրակները, որքան հաջողվեց: Բայց չգիտեր՝ ո՞ւմ ժողովեր, որովհետև արծաթը կրկին նրանց վերադարձնելը մոտ էր: Նաև մերձիմահ կատաղի գազանը յուր ատամները կրճտացնում էր, որովհետև գիտեր սատակման օրը: Դրա պատճառով մերձավորներին պատառում է:

Շարունակելի

More From Author

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի