Հին ժամանակներում սյունեցիների մեծ մասը Նոր տարին սկսում էր նշել ոչ թե քաղաքացիական Նոր տարվա հետ` հունվարի մեկին, այլ Նավասարդի տոնով, որը սովորաբար նշվում էր նոյեմբերի երկրորդ տասնօրյակի կիրակի օրը` ՆԱԽՐԱԹՕՂԻՆ: Այս տոնի հետ էր կապված սյունեցիների այն ավանդույթը, ըստ որի նախրապանը և, առհասարակ, տան ծառայողները վարձվում էին մինչև այդ օրը: Ընդունված էր, որ այդ օրը նախրապանը պիտի անպայման տանը մնար և հագներ իր ամենամաքուր« տոնական շորերը, մինչդեռ մյուս տոներին նախրապանի տանը լինելը բոլորովին էլ պարտադիր չէր. նա կարող էր նույնիսկ դաշտում մնալ: Նոր տարվա օրը նախրապանների տանը մնալը խորհրդանշում էր նրանց աշխատանքի մի շրջանի ավարտը: Կար նաև մի գեղեցիկ ավանդույթ ևս. մինչև Նոր տարին սկսելը վերջ էր դրվում բոլոր գժտություններին, անձնական խռովություններին, և տարին բոլորի համար պետք է սկսվեր հաշտությամբ և հին հաշիվների մոռացությամբ, որը խորհրդանշում էր խաղաղություն ամբողջ տարվա համար: Լեզվաբանների բնորոշմամբ Նավասարդը իրանական ծագում ունի, որ կազմված է nava-նոր և sard-տարի արմատներից, որը նշանակում է ոչ միայն տարվա վերսկսում, այլև բոլոր հարաբերությունների վերանայում, հին ու վատ երևույթների ավարտ, նորի հաստատում: Շատերն էի սպասում այդ օրվան, որովհետև գալու էր թշնամանքի վերջը, բարեկամության ու խաղաղության հաստատումը, չարի ավարտը, բարության մուտքը աշխարհք:
Նոր տարին սկսելուց մի շաբաթ առաջ սյունեցիները պաս էին պահում, որն ավարտվում էր կիրակնամուտին, բայց տոնական խնջույքը սկսվում էր կեսգիշերից հետո` լուսաբացից առաջ:
Որպես տոնական սեղանի պարտադիր ուտեստ` ամեն տան մեջ եփվում էր մսով կերակուր-կճըճախաշ, կրճախաշ կամ կուրկուտավ ճաշ՝ կճուճում եփված ճաշ: Այս ճաշի առանձնահատկությունն այն էր, որ եփելիս այն չպիտի խառնեին, շերեփ չպիտի կպչեր` ի նշան այն բանի, որ նոր գալիք տարին էլ խառնաշփոթ չանցնի: Տանտիկինները, հարսներն ու աղջիկները մաքրում էին լոբին, սիսեռը, ոսպը, բրինձը, ձավարեղենը, որոնք տարբեր կերակրատեսակների ձեւով պիտի զարդարեին տոնական սեղանը: Զանգեզուրում, Սյունիքում պատրաստում էին մսով դոլմա
Նոր տարուն ընդեղեն եփելը պարտադիր էր՝ լոբին, սիսեռը, ոսպը, բրինձը, ձավարեղենը: Պարտադիր էր նաև տեղական չրեղենի օգտագործումը. ամենուր եփում էին ծեծած ցորենով, չամիչով, չոր ծիրանով, դոշաբով անուշապուր (Մայրամապուր) եւ հարիսա, որպեսզի նոր տարում հանդն ու դաշտը, տունն ու աշխատանքը բերեբեր լինեին: Ըստ սովորության Սյունիքում Նավասարդի օրը մինչև լույսը բացվելը մարդիկ այցելում էին իրենց այն բարեկամների տները, որոնց տանն այդ տարի ննջեցյալ է եղել և տանտերերի հետ վօղօրմաթաս էին խմում: Մինչ օրս էլ սա գորիսեցիների մոտ ընդունված երևույթ է:
Նոր տարվա առավոտյան մարդիկ միմյանց տները լուսեր էին ուղարկում-մէժմահու վրա ջուռա-ջուռա ¥զանազան¤, խօշկաբար, եփած հավ, միրգ, կորկոտ գեղեցիկ շարած և մեջտեղն ու ափերին մոմեր վառած, որը հետո միասին էինք ուտում: Յուրաքանչյուր ընտանիք իր քավորի համար առանձնահատուկ լույս էր պատրաստում, եթե այդ տարի իրենց օջախում քավորը երեխա էր խտտել: Ի պատասխան սրան՝ քավորն էլ մէժմահին վերադարձնում էր որևէ նվերով` ինչպես գորիսեցին կասեր` խալաթով-յայլուխ, Շամախու շալ, կուլա և այլն: Բացի այդ, քավօրը՝ որպես ամուսնական կապեր հաստատող և մանկածնությունը խրախուսող կախարդական ուժ ունեցող անձնավորություն, իր կողմից իր այդ տարվա ամուսնացրած նորապսակներին խօնչա էր ուղարկում որևէ մեկի միջոցով, որն էլ իր հերթին խօնչայի հասցեատերերից նվեր էր ստանում:
Նավասարդի օրը տան մեծերը, մի-մի խնձոր` մեջը մանր դրամ խրած, մի շիշ օղի և այլ նվերներ նվիրաբերելով, շնորհավորում են իրենց քօխվային:
Հնում, թերևս այսօր էլ, Նոր տարին բոլորը աշխատում էին դիմավորել նոր հագուստով: Սա պարտադիր պայման էր հատկապես երեխաների և երիտասարդների համար: Դեռ ավելին, նույնիսկ անասունների համար տոնական տրամադրություն էին ստեղծում` գոմերը լավ մաքրում էին, հարդի վրա գարի ցանում, իսկ պոչերին կարմիր ժապավեն էին կապում: Եվ այս ամենն արվում էր` ի նշան սկսվելիք տարվա հաջողության, առատության և ուրախության:
Հունվարի 4-ը Սյունիքում տոնական օր էր համարվում, և սյունեցիները այն կոչում էին Կրկենու կամ Դօվլաթ կրկենու օր: Ասում են` այդ օրը արևի մայր մտնելուց հետո ձեթով կամ ճղօպուրի` ընկույզի հէղէպով խմոր էին հունցում` նախապես խմորի մեջ դնելով հոնի կորիզ, մետաղադրամ կամ լոբու հատիկ: Այնուհետև խմորին բաղարջի ձև տալով` օջախի կրակի վրա` մեծ մասամբ մոխրի մեջ, թխում էին, որից հետո հաշվում էին տան անդամներին, նաև կովերից կամ ձիերից մեկին, և ըստ ստացված թվի, բաղարջը մասերի էին բաժանում: Օրվա խորհուրդը հետևյալն էր. ով իր բաժնի մեջ գտներ իրը, ուրեմն դովլաթն իրենն էր, և այն ամենը, ինչ այդ տարի սպասվում էր այդ ընտանիքին, նախ և առաջ կկատարվեր դօվլաթի տիրոջ հետ: Իսկ եթե բաղարջը կտրելիս դանակը հանդիպում էր դօվլաթին` կորիզին, նախանշում էր այդ տարի տան ծերերից մեկի մահը: Այդ պատճառով բաղարջը կիսվում էր ձեռքով, ձեռքով էր կտրվում նաև օջախի հացը, որ Նոր տարվա ուտելիքը «չնեղանա»: