Զինանշանների առաջացման առաջին նախադրյալները նկարների ու պատկերների գծանշումն էր տարաբնույթ ռազմական զենք ու զրահի, դրոշակների, մատանիների և անձնական այլ իրերի վրա, որոնք պատկերացում տային այն կրողի մասին: Հերալդիկան (նիշագիտություն)՝ որպես գիտություն զինանշանի մասին, անբաժանելի է տվյալ իշխանական տոհմի, ընդհանրապես երկրի պատմությունից, նրա մշակույթից [6,էջ 60]: Չնայած ընդունված տեսակետին, որ զինանշանը՝ որպես պետության, արքայատոհմի կամ տոհմի տարբերակիչ խորհրդանշան, առաջին անգամ հանդես է գալիս և մասսայական տարածում է գտնում միայն միջնադարում [15, էջ 5], շատ ուսումնասիրողներ գտնում են, որ այդպիսի տարբերակիչ խորհրդանիշերը հանդես են եկել դեռևս խոր հնադարում: Դրա ապացույցն են Հին Միջագետքի, Եգիպտոսի, Խեթական, Վանի և Աքեմենյան թագավորությունների խորհրդանիշերի վերաբերյալ եղած բազմաթիվ վկայություններն ու պահպանված քանդակները:
Սյունի իշխանական տան զինանշանի մասին մենք ուղղակի վկայություններ կամ տեղեկություններ չունենք: Մինչ այժմ չեն հայտնաբերել նաև Սյունյաց իշխանների որևէ նիշագիտական քանդակ կամ պատկեր: Ճիշտ է, Սիսիանում կատարված հնագիտական պեղումների շնորհիվ հայտնաբերվել են մ.թ. I դարով թվագրվող երկու արծաթե մեդալիոն, որտեղ պատկերված է արծիվ` ճանկերում մեծ չափերի կենդանի [12. табл. XVIII, 6, էջ 61], սակայն, կարծում ենք, որ այդ մեդալիոնները, չնայած գտնվել են Սյունիքում, ունեն հելլենիստական կամ հռոմեական ծագում և Սյունիքի իշխանական տան զինանշանի հետ որևէ կապ չունեն:
Տիգրան Պետրոսյանցը Սյունի իշխանների և թագավորների զինանշաններից մեկը համարում է Վայոց ձորի Եղեգիս ավանի Ցախաց քարի Ս. Կարապետ եկեղեցու հյուսիսարևելյան կողմի շքամուտքի վերնամասում բացված թևերով, պոչի վրա հենված և մագիլներով գառ ճանկած արծվի քանդակը [9, էջ 29]: Լիովին չբացառելով այդ տեսակետը՝ այնուամենայնիվ, գտնում ենք, որ ճանկող արծվի այդ հորինվածքը Օրբելյանների զինանշանն էր, որոնք Սյունիքում հաստատվել են 13-րդ դարի սկզբում:
Իրենց հերթին Օրբելյանները, լինելով Մամիկոնյանների հետնորդներ [16, էջ 128-129], նույնությամբ վերցրել էին նրանց հերալդիկական թեմատիկան: Ցախաց քարի վանական համալիրը կառուցվել է 10-րդ դարում՝ Աբաս Բագրատունու (953-977 թթ) օրոք [18]: Ցախաց քարի արծվի այս քանդակը Ռ. Մաթևոսյանը համարում է Մամիկոնյան-Խաղբակյան տոհմի զինանշանը [6, էջ 57]: Գտնում ենք, որ այդ քանդակը եկեղեցու պատին տեղադրվել է հետագայում՝ Օրբելյանների օրոք եկեղեցու վերանորոգումներից մեկի ժամանակ, և հանդիսանում է նրանց զինանշանը:
Օրբելյանների զինանշանները պատկերող քանդակներ են պահպանվել Վայոց ձորի Նորավանքի և Թանահատի (Գլաձորի) եկեղեցիների պատերին: Օրբելյանների զինանշանի մի հորինվածքը գտնվում է Գորիսի Վերիշեն համայնքի Ս. Հռիփսիմե եկեղեցու բակում: Այստեղ նույնպես պատկերված է թևատարած արծիվ` մագիլներով ճանկած կենդանի`հավանաբար եղնիկ կամ քարայծ:
Կարծում ենք, Սյունի իշխանների զինանշանը չի հանդիսանում նաև նույն Ցախաց քարի Ս. Կարապետ եկեղեցու հյուսիսային ճակատին պատկերված ցուլին հոշոտող առյուծի քանդակը:
Այս պատկերը Ռ. Մաթևոսյանը համարում է քանդակ-խորհրդանիշ կամ զինանշան` առանց նշելու դրա տոհմական պատկանելիությունը [6, 62]: Նմանատիպ հերալդիական քանդակ կա նաև Տավուշի մարզի Աչաջուր գյուղի մոտ գտնվող Մակարավանքի վանական համալիրի քանդակներում, որոնք Տ. Պետրոսյանցը համարում է Զաքարյանների զինանշաններից մեկը [9, էջ 29]:
Այսպիսով, գտնում ենք, որ Ցախաց քարի առյուծի պատկերը նույնպես չի կարող Սյունիքի իշխանների զինանշանը լինել: Ինչ վերաբերում է Սյունյաց իշխանների սկզբնական հերալդիկ սիմվոլներին, ապա պետք է հաշվի առնել մատենագրային սակավ տվյալները:
Համաձայն «Զորանամակի»` Սյունյաց իշխանները ունեին 19.400 հեծյալ զինվոր, իսկ «Գահնամակում» զբաղեցնում էին պատվավոր առաջին բարձը [5, էջ 292-294]:
Ինչպես գիտենք, Սյունյաց իշխանները մշտապես հավատարմորեն ծառայել են հայոց թագավորներին և արժանիորեն բարձր դիրքի ու պատվի արժանացել նրանց կողմից: Դրա մասին է վկայում Սյունյաց պատմիչը. «Բազմաթիվ ու մեծամեծ քաջագործություններ ցույց տվեցին հայոց թագավորների պատերազմներին և բազում ու մեծամեծ պարգևներով և գահերով մեծարվեցին պարսից, հայոց, այլև հունաց իսկ թագավորների կողմից: Եվ այնքան անվանի եղան, որ մինչև անգամ արտոնվեց նրանց արծաթե գահույք ունենալ և մարգարտե վարսակալ օգտագործել ու վարազագիր մատանի դնել, նաև կարմիր կոշիկ [հագնել] ու բռնել ոսկե գավազան` վրան նշված տոհմի անունը և պատվաստիճանը» [11, էջ 72]:
Հայտնի է, որ կարմիր կոշիկ կրելու իրավունք ունեին միայն թագավորները: Ավելի հավանական է, որ այստեղ խոսք կարող է լինել թագավորության մեջ երկրորդ գահը ունենալու կամ փոխարքա-կուսակալի պաշտոնի մասին և ոչ թե երկու ոտքին, այլ մեկ ոտքին կարմիր, մյուսին կանաչ կոշիկ հագնելու իրավունքի մասին, ինչպիսին ունեին կողմնակալ բդեշխները: Այս հանգամանքը մեզ հիմք է տալիս եզրակացնելու, որ Երվանդունիների և Արտաշեսյանների ժամանակ Սյունիները զբաղեցնում էին երկրորդ գահը և Հայքի արևելյան շրջանների փոխարքա-կուսակալի պաշտոնը: Նրանց բարձր դիրքը պահպանվեց նաև Արշակունիների օրոք: Ինչպես վկայում է Օրբելյանը, Վաղարշակը «հրաման է տալիս Սիսակյաններին` լինել հրամանատար արքունի բոլոր զորքերին ու իր թագավորության երկրորդը և պատերազմով շարունակ դեմ կանգնել Հոնաց դռանը» [11, էջ 73]:
Վարազագիր մատանու մասին հիշատակությունը մեզ թույլ է տալիս ենթադրելու, որ իշխանական տան զինանշանի վրա պատկերված է եղել վարազը, որին հետագայում փոխարինել է արծիվը: Սկզբնական շրջանում Հայքում խորհրդանշանների դեր են կատարել տոհմական տոտեմները, որոնք աստիճանաբար վեր են ածվել նշանակների [17]: Մեր տեղեկություններով 2010/2011թ. վարազի պատկերով մատանի կամ գեմմա (թանկարժեք քարի վրա փորագրված պատկեր) է հայտնաբերվել Սիսիանի Ծղուկ բնակավայրի մոտակայքում ոսկեխույզների կողմից: Դժբախտաբար մեզ չի հաջողվել տեսնել այդ մատանին, բայց տեսնողները հստակորեն նկարագրել են դրա վրա եղած վարազի պատկերը:
Ենթադրում ենք, որ մատանին հավանաբար ունեցել է նաև արամեատառ կամ պահլավերեն գրություն: Կարծում ենք, որ Սյունի իշխանների կնիք-մատանիները պետք է ունենային այս տեսքը, չնայած այս նկարը որևէ կապ չունի Սյունիքի կամ Հայքի հետ: Վարազագիր մատանի էին կրում նաև Սասանյան արքաները: Փ. Բուզանդի հավաստմամբ՝ Շապուհ II-ը (309-379 թթ.) «Պարսից թագավորության հավատարիմ երդման օրինակով` բերել տվեց աղ, կնքեց վարազագիր մատանիով և ուղարկեց (Արշակին, ասելով), որ եթե այդ երդումից հետո էլ չգա, ապա թող պատրաստվի պատերազմի» [2, էջ 255]: Ըստ Ստ. Մալխասյանցի՝ վարազագիր մատանին հանդիսանում էր պարսից թագավորների գերբը [2, էջ 436-437], ինչի հետ չի կարելի չհամաձայնել:
Ինչպես հայտնի է, Խոսրով I Արշակունու սպանությունից հետո 3-րդ դարի կեսերին Հայաստանը հայտնվեց Սասանյանների գերիշխանության ներքո: Սասանյան արքայազներ Որմիզդ-Արտաշիրը (261-272 թթ.), Որմիզդակը (272-276 թթ.) և Ներսեհը (276-293 թթ.) պարսից թագավորների կողմից ճանաչվեցին Հայոց թագավորներ և կրում էին «թագավոր Հայոց Մեծաց» տիտղոսը[3, էջ 69]: Ղ. Ալիշանի և Հ. Մանանդյանի տեսակետի համաձայն՝ 6-րդ դարի հռոմական պատմիչ Պետրոս Պատրիկիոսի աշխատության մեջ պարսից արքա Ներսեհի (276-302 թթ.) շքախմբում հիշատակվող Վարսավորս մեծատոհմիկը հնարավոր է լինի Սյունիքի այդ ժամանակաշրջանի իշխանը և կրեր Վարազշապուհ անունը [1, էջ 523, 7, էջ 124]: Համամիտ լինելով այս տեսակետի հետ՝ գտնում ենք, որ այդ ժամանակաշրջանի Սյունի իշխանները Հայքի Սասանյան թագավորների արքունիքում կարևոր դիրք և պաշտոններ էին զբաղեցնում և, հնարավոր է, որ նույնիսկ դինաստիական ամուսնությամբ կապված լինեին նրանց հետ, քանի որ Սասանյանները մշտապես նաև այս եղանակով ձգտում էին ամրապնդել իրենց դիրքերը հարևան և հպատակ իշխանություններում: Սասանյաների և Սյունի իշխանների սերտ կապերի մասին կարող է վկայել արձանագրություններից մեկում Պապակ Սասանյանի (208-223 թթ.) օրոք Ստահրի թագուհի հիշատակված Խվարանձեմ-Խորանձեմի մասին հիշատակությունը, ում անունը գրված է պատվավոր հինգերորդ տեղում` Սասանից, Պապակից և նրա որդիներ Շապուհից ու Արտաշիրից հետո [14, էջ 33]: Վ. Լուկոնինը նշում է, որ, ըստ Սասանյանների այդ ժամանակվա աստիճանների ցուցակի, Խվարանձեմը պետք է լիներ Պապակի կամ Շապուհի ավագ կանանցից մեկը, չնայած մերժում է նման հնարավորությունը և Խորանձեմին համարում է Պարսքի թագավորական նախկին դինաստիայի ներկայացուցիչ [14, էջ 33]: Ս. Երեմյանի կարծիքով, Խորանձեմը նույն Փառանձեմ անունն է [4, էջ 61]: Ինչպես հայտնի է, Փառանձեմ անուն էր կրում Անդոկ Սյունու դուստրը, ուստի գտնում ենք, որ Խորանձեմ-Փառանձեմը ամենայն հավանականությամբ Սյունի իշխանական տան ներկայացուցիչ էր` ամուսնացած Պապակի ավագ որդու` Ստահրի թագավոր Շապուհի (208-223 թթ.) հետ: Խորանձեմի դստեր անունը Վարազդուխտ էր [14, էջ 34], ինչը նույնպես վկայում է վարազի տոտեմի լայն տարածման մասին:
Կարծում ենք, որ հենց այս ժամանակաշրջանում էլ տեղական ավանդական, տոտեմական հենքի և Սասանյանների ազդեցությամբ վարազը դառնում է Սյունիքի իշխանների հերալդիկ նշանը:
Հնդեվրոպական մի շարք երկրներում` Պարսկաստանում, Հնդկաստանում, Հունաստանում, Քերմանում, Հունաստանում, Հռոմում, Սկանդինավյան երկրներում և այլ հնդեվրոպական ազգերի մոտ վարազը բավականին հարգված տոտեմ-պահպանակ էր և խորհրդանշում էր ուժ, դիմացկունություն, հզորություն, նպատակասլացություն, անվեհերություն, հյուրընկալություն և այլն: Սասանյան Պարսկաստանի նշանավոր տոհմերի թվում հիշատակվում է նաև Վարազների տոհմը [14, էջ 38]: Հնդկական դիցաբանության մեջ վարազը (varaha) հանդիսանում էր Վիշնու աստծո ավատարներից մեկը: Վարազը նաև հանդիսանում էր պարսիկների ռազմի աստված Վերետրագնային խորհրդանշող և մարմնավորող կենդանիներից մեկը [13, էջ 34]: Վրետրագան կամ Վերետրագնան հայոց իրականության մեջ ռազմի դից Վահագն էր, և հավանական է, որ Հայքում ևս բավականին ուժեղ էին տոտեմիզմի մնացուկները: Իսկ սյունեցիները, լինելով քաջարի և ռազմատենչ, բնականաբար, մեծ պատվով էին վերաբերվում ռազմի աստվածությանը, և վարազը՝ որպես նրա խորհրդանիշ, պետք է պաշտվեր նաև նրանց մոտ: Ավելացնենք նաև, որ հայոց մեջ վարազի տոտեմի հետքերը տեսանելի են նաև «Գահնամակում» և «Զորանամակում» երեք Վարազնունի տոհմերի առկայությամբ Այրարատում, Տարոնում և Վասպուրականում:
Դրա ապացույցն է նաև այն հանգամանքը, որ Սյունյաց իշխանական տան բազմաթիվ ներկայացուցիչներ կրում էին Վարազ անունը կամ պատվանունը, օրինակ՝ Վարազվաղան [11, էջ 95, 100-101, 109], Վարազ-Տիրոց [11, էջ 199], Վարազ-Շապուհ [7, էջ 124], Վարազ-Պերոզ [8, էջ 208] և այլն:
Վարազը նիշագիտության մեջ վերաբերվում է բնական, ոչ հերալդիկական ֆիգուրներին, Հռոմեական կայսրության մեջ առնվազն 3 լեգեոն մարտի էր գնում վարազի դրոշներով, իսկ 17-րդ դարում այն սկսվել է կիրառվել նաև գերմանական պետությունների հերալդիկաներում [19]:
Այսպիսով, մեր կարծիքով, Սյունի իշխանական տան տոհմանիշը պետք է, որ կազմված լիներ Սյունիների տոհմական պահպանակ-տոտեմից` վարազից և կարող էր պարունակել Հայկազունի նահապետական տոհմի հետ Սյունիների արյունակցական-տոհմական կապը արտահայտող խորհրդանիշ` հռչակավոր Հայկյան նետը[20, 21]:
Սույն հիմնավորումները մենք ներկայացրինք Հայոց Նիշագիտական Խորհրդին` հայցելով Խորհրդի մասնագետների աջակցությունը Սյունի իշխանական տան տոհմանիշի վերականգնման հարցում[1]:
Ընդունելով մեր կողմից ներկայացված փաստերն ու փաստարկները` Նիշագիտական Խորհուրդը կատարեց էական ավելացում: Համաձայն մի շարք պատմաբանների, ազգագրագետների, դիցագետների և հնալեզվաբանների (պալեոլինգվիստների)` [10] Սյունի տոհմանունը ուղղակիորեն կապված է և ծագում է Արարատյան թագավորության Շիվինի արևի (Shivini) դիցից. ուրարտերեն «shiuini»–ին գրաբարյան տարբերակով ընթերցվել-արտասանվել է «Սիւինի», որից էլ ի ձայնավորի սղմամբ` Սիւնի «Սյունի»:
Ըստ այդմ` Հայոց Նիշագիտական Խորհուրդը, որպես լրացում, որոշեց Շիվինի դիցի խորհրդանիշը` արեգակի թևավոր սկավառակը և դրանից իջնող սյունակերպ շողերը ևս պատկերել Սյունի իշխանական տան տոհմանիշի վրա:
Արդյունքում, Սյունիների տոհմանիշը ստացավ որոշակի տեսք, որը ներկայացնում ենք հետևյալ նիշագրությամբ (հերալդիկ նկարագրությամբ)[2]:
Սրածայր վահանը բաժանված է երկու դաշտի. վերին` որդան (կարմիր) դաշտում հարձակվող ոսկե վարազ, որի հիմքում Հայկյան ոսկե նետն է, իսկ ներքին` կապույտ դաշտում Շիվինի դիցի թևավոր արեգակնային ոսկե սկավառակն է` դրանից իջնող երեք սյունակերպ շողերով, որոնցից եզրերինը ավարտվում են խոյակներով, իսկ կենտրոնականը` թրաձև սրությամբ:
Գտնում ենք, որ հերալդիկ այս հորինվածքը Սյունիքի իշխանների զինանշանն էր առնվազն 2-րդ դարի կեսերից: Սույն տոհմանիշը ունի հետևյալ խորհրդավոր իմաստները.
- Վարազը Սյունի տոհմի ավանդական պահպանակ-տոտեմն էր:
- Ոսկե նետը` Հայկազունիների հետ Սյունիների կապի խորհրդանիշն էր:
- Շիվինի դիցի թևավոր սկավառակը Սյունիների հնագույն տոհմական-առասպելական կապն էր Արարատյան թագավորության արեգակնային դիցի հետ, իսկ սյունակերպ խոյակավոր շողքերը տոհմանիշը դարձնում են ընթեռնելի:
- որդան (կարմիր) գույնը խորհրդանշում էր ռազմականությունը, Սյունիների ռազմական ավանդույթները, իսկ կապույտը վկայում էր այն հանգամանքը, որ Սյունիներին էր պատկանում Մեծ Հայքի ամենամեծ լճերից մեկը` Գեղամա ծովը:
Հայոց Նիշագիտական Խորհուրդի հետ համատեղ, մենք նաև վերականգնեցինք Սյունի իշխանական տան հնարավոր դրոշը: Համաձայն դրոշագիտության (vexillologia) կանոնների` այն պետք է բաղկացած լիներ տոհմի հիմնական խորհրդանիշից: Սյունիների պարագայում այն ոսկե վարազն է որդան դաշտում, հետևաբար տոհմի դրոշը պետք է ունենար հետևյալ տեսքը.
Ամփոփելով նյութը` պատիվ ունենք երախտագիտական խոսք հայտնելու Հայոց Նիշագիտական խորհրդին` սույն աշխատանքի նախապատրաստման հարցերում նիշագիտության վերաբերյալ մասնագիտական աջակցության համար: Մենք խորապես համոզված ենք, որ տոհմաբանական և նիշագիտական ուսումնասիրությունները հայոց պատմագիտության կարևորագույն մասն են կազմում, և, ըստ պահանջարկի, պետք է ներդաշնակորեն լրացնեն պատմական հետազոտական աշխատանքը: Հուսանք, որ սույն ուսումնասիրության մեջ ներկայացվող և առաջին անգամ հիմնավորված Սյունի իշխանական խորհրդանիշերը` տոհմանիշն ու դրոշը, աստիճանաբար տարածում կստանան մեր իրականության մեջ ոչ միայն գիտականորեն, այլև կիրառական առումներով:
- Ալիշան Ղ., Սիսական, Վենետիկ, 1898, յաւելուածք:
- Բուզանդ Փ., Հայոց Պատմություն, թարգմանությունը և ծանոթագրությունները Ստ. Մալխասյանցի, «Երևանի համալսարանի» հրատ., Երևան, 1987:
- Երեմյան Ս., Նախշ-ի-Ռուստեմի «Քաաբա ի Զարդուշտ» հուշարձանի արձանագրության վկայությունները Հայաստանի մասին, ՊԲՀ, Երևան, 1966, №2:
- Երեմյան Ս., Հայաստանը և վերջին պարթև Արշակունիների պայքարը Հռոմի դեմ, ՊԲՀ, Երևան, 1977, №4:
- Խորենացի Մ., Հայոց Պատմություն, աշխարհաբար թարգմանությունը Ստ. Մալխասյանի, Ե., 1990:
- Մաթևոսյան Ռ., Հայկական զինանշաններ, Երևան, 2002, «Երևանի առաջին տպարան» հրատ.:
- Մանանդյան Հ., Երկեր, Բ, «Հայկական ՍՍՀ Գա հրատարակչություն», Երևան, 1978:
- Միրումյան Ժ., Սյունիքի իշխանական տունը մինչև 5-րդ դարի վերջը, Գիտական նյութերի ժողովածու, Հայագիտություն, Սյունիք, թիվ 1, Երևան, 2016:
- Պետրոսյանց Տ., Հայկական իշխանական զինանշանները, Երևան, 2005:
- Տերյան Ա., Հայաստանը Արարչագործության և Քաղաքակրթության Բնօրրան, Երևան, 2002թ.:
- Օրբելյան Ստ., Սյունիքի պատմություն, թարգմանությունը Ա.Ա. Աբրահամյանի, Ե., 1986:
- Аракелян Б., Очерки по истории искусства древней Армении, Ереван, 1976, табл. XVIII.
- Борисов А., Луконин В., Сасанидские геммы, изд. “Государственого Ермитажа”, Ленинград, 1963.
- Луконин В., Культура Сасанидского Ирана, М., 1969.
- Нежинский К., Герби Мира, изд. “Эксмо”, Москва, 2008, стр 5.
- Tumanoff, The Mamikonids and the Liparitids, “Armeniaca”, Venise, 1969,
- http://aspetutyun.blogspot.am/p/blog-page_8.html
- https://hy.wikipedia.org/wiki/Ցախաց_քար
- http://f-gl.ru/геральдический-глоссарий/кабан-вепрь,-свинья-в-геральдике
- https://web.facebook.com/Նիշագիտություն-Հայոց-Նիշագիտական-Խորհուրդ-269573199897009/
- https://web.facebook.com/Haykazuni.house/
[1]Հայոց նիշագիտական Խորհուրդը (ՀՆԽ) առաջին հայկական հերալդիկ մասնագիտական կազմակերպությունն է, որը միավորում է նիշագետների (հերալդների) և նպատակ ունի փնտրել, ուսումնասիրել, վերծանել և վերականգնել հայկական զինանշանները, տոհմանիշերը և դրոշները:
[2] Սյունի իշխանական տան տոհմանիշի և դրոշի մասնագիտական նկարագիրը ներկայացնում ենք Վրեժ Աթաբեկյանի հիմնավորմամբ: