Բերձորում՝ Քաշաթաղի երկրագիտական թանգարանում, այս օրերին ցուցադրվում են Արցախյան գոյամարտի տարիներին մեր նվիրյալ զավակների ձեռքով պատրաստված ինքնաշեն զենքեր ու այդ օրերի մասին պատմող այլ իրեր: Թանգարանի փառքի սրահն ամբողջությամբ տրամադրվել է այս կարևոր ցուցադրությանը: Թանգարանի տնօրեն Մուշեղ Ալավերդյանն ասաց՝ այս հարցում իրենց օգնել է Ստեփանակերտի Զոհված ազատամարտկներին նվիրրված հուշ-թանգարանը՝ որոշակի ժամանակով տրամադրելով իրերը: Հուշ-թանգարանը հիմնադրվել է 2002 թվականին Ստեփանակերտում՝ «Զոհված ազատամարտիկների հարազատների միություն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ՝ ՀԿ նախագահ և թանգարանի առաջին տնօրեն, երջանկահիշատակ Գալյա Առուստամյանի կողմից: Ցուցասրահի պատերից այցելուներին են ներկայանում 3300-ից ավելի ազատամարտիկների դիմանկարներ: Ցուցափեղկերում նրանց անձնական իրերն են՝ փաստաթղթեր, նամակներ, ինքնաշեն զենքեր, համազգեստներ և այլն, պատերազմի լուսանկարներ, Արցախյան պատերազմի ժամանակ Արցախի Պաշտպանության Բանակի ստորաբաժանումների և զորաշարժերի քարտեզներ, սխեմաներ և այլն։ Թանգարանի առջև տեղադրված է խաչքար-հուշաղբյուր՝ «Օրհնյալ ես դու, հայ նահատակ» մակագրությամբ, ինչպես նաև պատերազմի բովով անցած ինքնաշեն 3 թնդանոթ և 1 «Գրադ» կայան։
Գալյա Առուստամյանի որդիները 1990-ականներին մասնակցել են արցախյան հերոսամարտին: Կրտսեր որդին` Գրիգորի Առուստամյանը, 1992-ի նոյեմբերի 19-ին զոհվել է: Այժմ թանգարանը տնօրինում է Տիկին Գալյայի մյուս որդին՝ Արթուր Առուստամյանը, ով մեծ սիրով տրամադրել է նշված ցուցանմուշները, որպեսզի դրանց ծանոթանան նաև քաշաթաղցիներն ու Բերձոր եկած հյուրերը: Այս օրերին ավելացել է այցելուների քանակը, հատկապես ցուցադրությանը ծանոթանում են աշակերտները: Մի քանի օրից եզակի այս ցուցանմուշները՝ Արցախի առաջին Եռագույնը՝ Անդրանիկի դիմանկարով, այն շեփորը, որը հնչում էր այժմյան Վերածննդի հրապարակում և միտինգի կանչում բնակչությանը, Մոնթեի գլխաշորն ու հեռադիտակը, այլ հերոսների անձնական իրեր, ինչպես նաև՝ ինքնաշեն գնդացիրներ, հրացաններ, ատրճանակներ, նռնակներ և այլն, կտեղափոխվեն իրենց հիմնական վայրը: Կարևոր են մեր հանրապետությունում գոյություն ունեցող թանգարանների, պատկերասրահների համագործակցությունը, որպեսզի Արցախի ազգաբնակչությունը, մայրաքաղաք ու շրջաններ եկած հյուրերը հնարավորություն ունենան նման շատ ցուցանմուշների հետ ծանոթանալ, իմանալ Արցախյան Գոյամարտի մարտիրոս-հերոսների, նրանց մարտական ընկերների մասին: