Բանախոսություն. Քաշաթաղի տեղանունները

Spread the love

 Արցախի Քաշաթաղի շրջանն իր մեջ է ընդգրկում Մեծ Հայքի Սյունիք և Արցախ աշխարհների մի քանի գավառներ, որոնցում դարեր ու դարեր առաջ գոյություն ունեցող բազում բնակավայրերը ժամանակին եղել են շեն ու հայաշատ, ունեցել են հայկական անուններ, սակայն հետագայում, երբ մեր երկրով բազում ասպատակողներ են անցել, ավերել ու անվանափողել են բնակավայրերի անունները: Սկսած 16-րդ դարակեսից՝ այժմյան Քաշաթաղի շրջանը, հարևան Քարվաճառը /այժմ՝ Շահումյանի շրջան/, Հադրութի հարավային մասը, Ակնան և այլ տարածքներ կամ հիմնովին հայաթափ եղան, կամ նույն բնակավայրում հայի հարևանությամբ ապրում էին օտարազգի մահմեդականները: Այս շրջանում հատկապես գրեթե ամբողջությամբ են օտարահունչ դարձել մեր հայրենիքի տեղանունները: Օտարները երբեմն թարգմանել են բնակավայրի անունը, անվանափոխել ինչ-որ մեկի պատվին կամ հնչյունափոխել են: Այսպես Քաշաթաղի շրջանում դեռևս Ստեփանոս Օրբելյանի «Սյունիքի պատմություն» գրքում կամ Գտչավանքի արձանագրությունում հիշատակվող տեղանունների մի մասը, որոշակի հնչյունափոխված, օգտագործվել նաև խորհրդային տարիներին: Մշենի՝ Միշնի, Հունչանք/Հոչանց/՝ Ղոչազ, Արքո՝ Արիքլու, Վաղազին՝ Վաղազին և այլն: Որոշ տեղանուններ պարզապես թարգմանել են. Սպիտակաջուրը փոխել են Աղբուլաղ և այլն: Նման օրինակներ շատ կան: Այսօր արդեն եկել է ժամանակը, որպեսզի ճանապարհորդություն կատարենք պատմության խորքերը, ուսումնասիրենք պահպանված պատմամշակութային հուշարձանները, հայ և օտարազգի մատենագիրների գործերը, որպեսզի հնարավորինս ճշտենք մեր բնակավայրերի պատմական անուններն ու տեղը: Կարևոր է նաև տեղանունների ստուգաբանությունը: Այս հարցում կարևոր աշխատանք է կատարում Սյունիքի հայագիտական հետազոտությունների կայքը՝ հիմնադիր, Գորիսի պետական համալսարանի հայոց լեզվի և գրականության ամբիոնի դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Մհեր Քումունցի գլխավորությամբ:


Հոկտեմբերի 14-ին Քաշաթաղի երկրագիտական թանգարանում հյուր էր Մհեր Քումունցը, ով հանդես եկավ «Քաշաթաղի տեղանունների ստուգաբանություն» թեմայով դասախոսություն-քննարկումով: Ներկա էին շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Հարութ Ավանեսյանը, թանգարանի աշխատակիցներ, ուսուցիչներ, աշակերտներ, այլ բնագավառների ներկայացուցիչներ: Մ. Քումունցը նախ ներկայացրեց՝ ինչ է նշանակում տեղանունների ստուգաբանություն, որն է դրա կարևորությունը: Խոսելով Քաշաթաղի շրջանի տեղանունների մասին՝ անդրադարձավ հատկապես Ծիծեռնավանքին և Քրոնքին: Ծիծեռնավանք վանական համալիրի և համանուն գյուղի մասին մի քանի անգամ հիշատակվում է Ստեփանոս Օրբելյանը «Սյունիքի պատմություն» գրքում: Վանքի անվանման հետ կապված՝ կան մի քանի ավանդապատումներ: Առաջինը՝ որ այն կապված է ծիծեռնակ թռչունի կամ ագռավի հետ, ով իրեն զոհաբերում է՝ փրկելով եկեղեցին կառուցող շինարարների կյանքը: Մեկ այլ ավանդույթ պատմում է, որ վանքի Սուրբ Գևորգ եկեղեցում է պահվել Պետրոս Առաքյալի ճկույթը: «Հռչաս գյուղի մելիք Թումանը շարունակ նեղացնում է գյուղի քահանային։ Մելիքից ազատվելու համար՝ սա մի անեծքաթուղթ է գրում, գցում նրա սենյակն ու ինքը փախչում։ Այդ թղթի ուժով մելիքը կորցնում է կնոջը, որդիներին և ողջ հարստությունը։ Հասկանալով, որ բոլոր դժբախտությունների պատճառը քահանայի անեծքն է, մելիքը գնում է նրանից թողություն խնդրելու։ Անցնելով շատ քաղաքներ, հասնում է Հռոմ և իմանում, որ քահանան արդեն վախճանվել է։ Հուսահատված մնում է Հռոմի վանքերից մեկում իբրև լուսարար և միշտ աղոթում էր իր հոգու փրկության համար։ Ժամանակ անց, մելիքը կծելով Պետրոս առաքյալի ճկույթը՝ ծիծեռնը, պահում է բերանում։ Դրանից վանքի սրբապատկերները գետին են թափվում։ Քահանաները ուզում են հանել մելիքի բերանից մասունքը և իրեն էլ սպանել։ Սեղանից մի ձայն ասում է՝ «Մի մերձենաք մելիքին»։ Մելիքը անվտանգ գալիս է հայրենի երկիրը։ Պաշտամունքի առարկա մի շլորի ծառի տեղում մելիքը վանք է կառուցում, ուր և ամփոփում է Պետրոս առաքյալի ճկույթը՝ ծիծեռնը։ Դրա համար էլ վանքը կոչվում է Ծիծեռնավանք»: Քրոնից վանքը, որն անվանվում է նաև Քրվանք, Քրօնից վանք, գտնվում է Հակարի գետի աջափնյա ձորակներից մեկում: Բանախոսը տեղեկացրեց, որ ժամանակին նույն անունով գյուղ է եղել Սյունիք աշխարհի հաբանդ գավառում, որը, ըստ Ստ. Օրբելյանի հիշատակության, 20 միավոր հարկ է վճարել Տաթևի վանքին: Սա խոսում է այն մասին, որ Քրոնքը եղել է մեծ ու շեն բնակավայր, որտեղ և եղել է եկեղեցին: Այժմ պահպանվել է միայն ժայռափոր եկեղեցին՝ կիսաքանդ վիճակում: Անվանումը, ըստ բանախոսի, կապված է Կրոն-կրել բառի հետ: Տեղանվան ստուգաբանությանը նվիրված հոդված է ներկայացվել Սյունիքի հայագիտական հետազոտությունների կայքում՝ Մ. Քումունցի հեղինակությամբ: Անդրադարձ եղավ նաև շրջանի Քաշաթաղ, Արավուծ, Դից Մայրի, աղու արմատով՝ Աղաձոր, Աղանուս, Աղավնատուն, Աղավնո և այլ տեղանունների ստուգաբանությանը: Վերջում ներկաները հարցեր ուղղեցին բանախոսին, կայացավ քննարկում, բանավեճ: Բերձորի երկրագիտական թանգարանի կողմից Մ. Քումունցն արժանացավ շնորհակալագրի, որը հանձնեց տնօրեն Մուշեղ Ալավերդյանը: Մ. Քումունցը թանգարանին հանձնեց «ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ. ՍՅՈՒՆԻՔ գիտական նյութերի ժողովածու»-ի առաջին հատորը, որտեղ իմ հեղինակած հոդվածներից կա մեր շրջանի պատմական հուշարձանների մասին: Վերջին 2 տարիներին Սյունիքի հայագիտական հետազոտությունների կայքում մի քանի տասնյակ հոդվածներ ու տեղեկատվական նյութեր եմ հրատարակել՝ նվիրված մեր՝ Քաշաթաղի շրջանի պատմամշակութային և հնագիտական հուշարձաններին, վերաբնակեցմանը, կրթության և մշակույթի բնագավառներին: Մ. Քումունցը հայտնեց շնորհակալություն հրավերի համար, կարևորեց նման հանդիպումները՝ հայտնելով, որ պատրաստ է և ուրախությամբ կհամագործակցի թանգարանի հետ:

More From Author

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի