Հայաստան ասելիս

Spread the love

Արցախի Քաշաթաղի շրջանի մի շարք համայնքներում, հատկապես դպրոցներում, սեպտեմբերի 21-ին տոնեցին Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 26 ամյակը: Քաշաթաղի շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Հարութ Ավանեսյանի հետ ներկա եղանք Քարեգահի միջնակարգ դպրոցի աշակերտների կազմակերպած ցերեկույթին, որն իրականացավ գյուղի Սմբատ Թաթոսյանի անվան մշակույթի կենտրոնում: Միջոցառումը, որին ներկա էին համայնքի ղեկավար Մարինե Պետոյանը, դպրոցի ուսուցիչներ, բնակիչներ, նախաձեռնել էր ակումբավար Արմենուհի Աղաբեկյանը: Ցերեկույթի սկզբում հնչեց ՀՀ Օրհներգը: Այնուհետև իրենց ելույթներով ներկաներին շնորհավորեցին ու ողջունեցին դպրոցի միջին ու բարձր դասարանների աշակերտները: Հնչեցին ռազմահայրենասիրական, ազգագրական երգեր, բանաստեղծություններ:  Բնական է՝ բոլոր բանաստեղծությունները նվիրված էին մեր Մայր հայրենիքին՝ հայոց երկրին: «Իմ Հայաստան ջան» երգը հուզեց ներկաներին: Աշակերտներն արտասանեցին Հովհաննես Շիրազի «Ղարաբաղին» բանաստեղծությունը, որը տարեցներին տեղափոխեցին անցած դար: Խորհրդային տարիներին արգելված այս բանաստեղծությունը մեծ պոետի ցավն էր կորուսյալ հայրենիքի հանդեպ: Եվ եկավ օրը, ու հայոց միասնության շնորհիվ ազատագրվեց, անկախացավ Արցախը: 

Հնչեցին Համո Սահյանի «Հայաստան ասելիս» բանաստեղծությունը,  ոգեշնչող երգեր ու բանաստեղծություններ: Աշակերտների ելույթից հետո ակումբավար Ա. Աղաբեկյանը շնորհավորեց ներկաներին, շնորհակալություն հայտնեց դպրոցականներին, որ աջակցեցին իր առաջարկին, ու կայացավ գեղեցիկ ցերեկույթ: Մշակույթի և երիտասարդության բաժնի վարիչ Հ. Ավանեսյանը, շնորհավորելով Մայր հայրենիքի անկախության հռչակման օրվա առթիվ, նշեց, որ Քարեգահի գյուղական համայնքը միշտ էլ աչքի է ընկել համազգային տոներին նվիրված միջոցառումներ կազմակերպելով, մշակութային տարբեր ծրագրերով: Կարևորեց համայնքի ղեկավարի, դպրոցի և ակումբավարի դերն այս հարցում: 26 տարի առաջ, երբ համոզվեցինք, որ Խորհրդային Միությունը, նրա ղեկավարներն անտարբեր են մեր ազգային իղձերի իրականացմանը, բռնեցինք անկախության ուղին: Այսօր ունենք 2 անկախ պետություն, որոնց պահապանը հայոց բանակն է՝ մեր ամենամեծ ձեռքբերումը: Մաղթեցինք՝ մեր զինվորները, որոնց շարքերում նաև քարեգահցիներ կան, իրենց արիությամբ, զգոնությամբ, մարտականությամբ տեր մնան Հայոց երկրին ու տուն վերադառնան առողջ ու անփորձանք:

 

 

More From Author

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի