Խաչվերաց տոնը Քաշաթաղում

Spread the love

 Հայ Առաքելական եկեղեցին այս տարի սեպտեմբերի 17-ին  նշեց Խաչվերաց տոնը՝  Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինը: Այն նվիրված է գերությունից Քրիստոսի Խաչի վերադարձին: Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցում Խաչվերացի տոնին մատուցվեց Սուրբ Պատարագ՝ շրջանի հոգևոր հովիվ Աթանաս Վարդապետ Մովսիսյանի ձեռամբ: Առավոտյան եկեղեցի էին եկել բերձորցիներ, այլ համայնքների բնակիչներ, հյուրեր: Հնչեցին եկեղեցու զանգերը, և ներկաները ունկնդիր եղան Սուրբ Պատարագին, որն ուղեկցվում էր եկեղեցու երգչախմբի կողմից հնչեցրած շարականներով, տաղերով: Սուրբ պատարագն սկսվեց Տերունական աղոթքով: Հոգևոր հայրը ներկայացրեց Խաչվերաց տոնի խորհուրդը, պատմությունը: 614թ. Պարսկաստանի Խոսրով թագավորը հարձակվում է Երուսաղեմի վրա, ավերում այն, սրի քաշում ժողովրդին, մեծ թվով գերիներ տանում: Որպես անարգանք քրիստոնյաներին` Սուրբ Հարության տաճարից գերևարվում և Պարսկաստան է տարվում նաև Տիրոջ խաչափայտը: Այն, որ Տիրոջ Խաչափայտն ունեցել է մեծ զորություն և ազդել այլադավան պարսիկների վրա, վկայում է Պարսկաստանում Խաչափայտի զորությամբ շատերի դարձի գալը, մկրտվելը և քրիստոնյա դառնալը: Պարսից թագավորի հրամանով 14 տարի Տիրոջ Խաչափայտը պահվել է հատուկ տեղում: 628 թ. Բյուզանդիայի Հերակլ կայսրը քրիստոնեական մի հսկա բանակով հարձակվում է պարսիկների վրա, ազատագրում Սուրբ Խաչը, այն վերադարձնում նախկին վայրը՝ Երուսաղեմ, և կանգնեցնում Գողգոթայում: Այստեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց: Հայ ժողովուրդն անմասն չէ Խաչի ազատագրման գործից: Կայսրին ռազմական օժանդակություն է ցույց տվել նաև հունական մասի հայոց զորքը` Մժեժ Գնունու գլխավորությամբ: Աթանաս վարդապետը տեղեկացրեց նաև, որ Խաչը Երուսաղեմ վերադարձել է Հայաստանով: Կարնո լեռների ստորոտներից մեկում, որտեղ դրվել է Խաչը, վճիտ աղբյուր է բխել, և այստեղ հետագայում կառուցվել է Խաչավանքի եկեղեցին: Անդրադառնալով Խաչի խորհրդին՝ Սուրբ հայրն ասաց.

 -Խաչը, ինչպես հայտնի է, հնում եղել է չարչարանքի գործիք: Երբ Հիսուս խաչվեց, այդ նույն խաչափայտը դադարեց չարչարանքի գործիք լինելուց: Խաչն այսօր դարձել է փրկության միջոց, հարության խորհուրդ, բժկության աղբյուր:

 Ընդհանուր առմամբ` Խաչվերացը կամ «Սըրբխեչը» աշնան սկիզբը խորհրդանշող ուրախ տոն է: Սուրբ պատարագից հետո Հայր Աթանասը դիմեց ներկաներին, մաղթեց, որ Սուրբ Խաչը զորավիգ լինի բոլորին, հայոց սահմանը պահող զինվորին: Հորդորեց լինել միասնական, սիրով միմյանց նկատմամբ: Տոնը եզրափակվեց եկեղեցու բակում ծխական խորհրդի կողմից մատուցված մատաղի և կարմիր գինու վայելումով: Տոնի կապակցությամբ սեպտեմբերի 18-ին մեռելոց է: Առավոտյան հայր Աթանասի կողմից Սուրբ Համբարձման եկեղեցում կայացավ հոգեհանդստի արարողություն:  

 

 

More From Author

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի