Սուրբ Համբարձման եկեղեցում

Spread the love

Տիրամոր Վերափոխման տոնի առթիվ Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցում մատուցվեց Սուրբ պատարագ, և  կայացավ խաղողօրհնեքի արարողություն, որին ներկա էին բերձորցիներ, հարևան համայնքների բնակիչներ, հյուրեր, զբոսաշրջիկներ: Ուրախալի է, որ շատ էին երեխաներն ու երիտասարդները: Հայ առաքելական եկեղեցու չորրորդ տաղավար տոնը ամենահինն է՝ նվիրված Սուրբ Աստվածածնին, կոչվում է նաև Խաղողօրհնեք և նշվում է օգոստոս ամսի երկրորդ կիրակի օրը: Առավոտյան հնչեցին եկեղեցու զանգերը, և ներկաներն ունկնդիր եղան շրջանի հոգևոր հովիվ Աթանաս վարդապետի մատուցած Սուրբ Պատարագին: Հոգևոր հայրը սարկավագի, օգնականների ու եկեղեցու երգչախմբի հետ Տերունական աղոթքով սկսեց Պատարագը: Ներկայացրեց տոնի խորհուրդը: Ըստ ավանդության՝ Մարիամ Աստվածածինը որդու՝ Հիսուս Քրիստոսի խաչելությունից հետո ապրել է Երուսաղեմում Հովհաննես Ավետարանչի խնամատարության ներքո։ Շուրջ 12 տարի պահքով այցելել է Որդու գերեզմանն ու աղոթել։ Այդ այցելություններից մեկի ժամանակ էլ նրան է հայտնվել Գաբրիել հրեշտակապետն ու ավետել Տիրամոր՝ երկրային աշխարհից երկնային թագավորություն վերափոխվելու լուրը։ Սրանից 26 օր անց նույն հրեշտակապետը Տիրամորն է բերել բրաբիոնի մի պսակ, որը հյուսել էր Ադամի դրախտից: Այն դնում է Սուրբ Աստվածածնի գլխին, որպեսզի առաքյալները և իմաստուն սուրբ կույսերը օրհնեն Աստծուն։ Սուրբ Մարիամը մատնանշում է իր հանգստյան տեղը՝ Գեթսեմանիի պարտեզում։ Սբ.Կույսը նաև պատվիրել է Հովհաննես առաքյալին, որ նա Սբ. պատարագ մատուցի, որպեսզի ինքը վերջին անգամ Սուրբ Հաղորդություն ընդունի: Այստեղ է ամփոփվում Տիրամոր մարմինը: Բարթուղիմեոս առաքյալը ներկա չի եղել Տիրամոր հուղարկավորությանը: Գալով Երուսաղեմ՝ ցանկանում է վերջին անգամ տեսնել Աստվածամորը: Առաքյալները նրա խնդրանքով բացում են գերեզմանը, սակայն այն դատարկ է լինում: Սա նշանակում էր, որ Հիսուսը, իր խոստման համաձայն, երկինք էր փոխադրել Մորը: Հայր Աթանասը նշեց, որ Հայ եկեղեցին դարեր շարունակ խորին հարգանք և երկյուղածություն է տածում Աստվածամոր հանդեպ՝ շեշտելով Աստծո մայր լինելու հանգամանքը, մաքրակենցաղությունը, անօրինակ խոնարհության ոգին, առաքինի վարքն ու նվիրվածությունը, հավատավոր մոր, ընտանեկան սրբության պահապանի մարմնացումը: Սուրբ պատարագից հետո Աթանաս վարդապետը դիմեց ներկաներին՝ հորդորելով լինել միասնական, կատարել Աստծո պատվիրանները: Աղոթքավ դիմեց առ Աստված, որ Արարիչը զորություն, հաջողություն տա մեր ժաղովրդին, ուժ ու զգոնություն Հայոց բանակի զինվորներին, որ խաղաղությունը թևածի աշխարհով մեկ: Այնուհետև Սուրբ խաչի նշանով օրհնեց եկեղեցի բերված խաղողը, որը ներկաները տուն տարան:

Այդպիսով օրհնվում է տարվա ողջ բերքն ու բարիքը։ Նույն օրհնված խաղողից օրհնված գինի են պատրաստում, որը պահվում է մինչև հաջորդ տարվա խաղողօրհնեքը՝ որպես առատության ապահովման նշան։ Խաղողօրհնեքի արարողությունը կապված է մի քանի հանգամանքների հետ: Քրիստոսն իրեն համեմատում էր խաղողի վազի՝ որթատունկի հետ։ Խաղողից է պատրաստվում նաև գինին։ Խորհրդավոր ընթրիքի ժամանակ գինին տալով աշակերտներին՝ ասաց. “Այս է իմ արյունը”։ Նախաքրիստոնեական Հայաստանում Նավասարդյան տոներից հետո կատարվում էր խաղողի օրհնման ծես: Ինչպես ընդունված էր, այն կատարվում էր Հայոց արքայի կամ քրմապետի կողմից: Հայ առաքելական եկեղեդին շարունակել է ազգային այս գեղեցիկ արարողությունը և Տրամոր վեորափոխման տոնի ժամանակ կատարում է արդեն հասունացող խաղողի օրհնում, որից հետո նոր կարելի է ճաշակել այդ պտուղը: Խաղողօրհնեքի արարողությունը կապված է նաև Նոյ Նահապետի՝ Արարատից իջնելու և խաղողի այգի տնկելու, նրա բերքից ստացված գինով արբենալու հետ:   Ինչպես յուրաքանչյուր տաղավար տոն, այս տոնին նույնպես հաջորդում է մեռելոց հիշատակման օրը:

More From Author

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի