Վաղ ամուսնությունը Վայոց Ձորում

Spread the love

Տիգրան Մկրտչյան

Ընդհանրապես այս երևույթը ունեցել է սոցիալական արմատներ։ Տարբեր ժամանակներում տիրող մահմեդականները, շրջելով տները, փնտրում ու հավաքում էին գեղեցիկ, մատաղ հասակի աղջիկների ու տանում ամիրայի, սարդարի կամ փաշայի հարեմի համար։ Եվ որպեսզի աղջիկ երեխան չմատնվեր հավերժական մահմեդական գերության, ծնողները գիտակցաբար գնում էին այդ քայլին՝ այսպիսով իրենց մանուկ աղջնակին փրկելով չար բախտից։ Վաղ ամուսնությունները տարածված էին հատկապես Արարատյան դաշտի ու Նախիջևանի բնակչության մոտ։ Վայոց Ձորում այս երևույթը լայն տարածում չի ունեցել, քանի որ նախ՝ երկիրը լեռնային է, և երեխաները ուշ են հասունանում, բացի այդ՝ մահմեդականները այս տեղերից աղջիկ երեխաներ չեն հավաքել՝ հեռու լինելու պատճառով։ Սակայն նման ամուսնություններ եղել են։ Դրա համար գոյություն ուներ ընտանեկան ներքին խիստ կարգ։ Նախ՝ գերդաստանի ավագի ընտրությամբ հարսներից մեկը, իսկ հաճախ՝ հենց տղայի մայրը, դառնում էր այս մանկան համար պատասխանատու՝ նրա նոր մայրիկը։ Ավագն ավելացնում էր․ “Ասսու էամըրը վկա, հանգարց ու հանգարց լսեմ ոչ, տենամ ոչ, որ էդ րէխին մին պան պըդահի, ոդով կըլխով պադասխանատու ես․ թէ չէ՝ օխտը աշխարքովը մին խայտառագ էնք ըլիլո, տէսեք հաաա․․․”։ Փեսան իր հարսին “մադով կըբնիլի” իրավունք չուներ՝ մինչև նրա չափահաս դառնալը։ Տղայի մայրը շրջապատում էր իր “հարսնիգին” հոգատարությամբ ու ջերմ սիրով։ Հաճախ իրենց երեխաներից առավել էին սիրում։ Նոր մայրիկը անընդհատ նրա հետ էր անցկացնում իր Ժամանակը՝ ուսուցանելով տան հարսի հմտություններին (այդ թվում՝ գորգագործություն, կարպետագործություն, ասեղնագործություն, կար ու ձև և այլն), և այս բոլորը արվում էր մեծ սիրով ու հիմնականում՝ խաղերի ձևով։ Բացի այդ հասարակությունը նույնպես խիստ և ուշադիր հետևում էր։ Ու հանկարծ, եթե նկատեին որևէ սխալ քայլ, այս ընտանիքը կարող էր ունենալ մեծ անախորժություններ։ Այնպես որ, վաղ ամուսնությունը նաև շատ մեծ պատասխանատվություն էր տղայի և նրա ընտանիքի համար։

More From Author

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի