Սուսաննա Գրիգորյան
Գորիսի պետական համալսարանի հայոց լեզվի և գրականության ամբիոնի դասախոս
Հ. Մաթևոսյան ” Խանզադյանը քաղաքական գործիչ” «…նա պետք է փրկվեր և պայքարեր իր և մեր բոլորիս նախնու տանուլ տված հաղթանակները ետ բերելու և պետք է կռվեր իր և մեր նախնու չապրած կյանքերը ապրելու համար»
Բակունցից հետո Գորիսում ծնվեցին գրական գործը շարունակող արժանի հետնորդներ՝ Գարեգին Սևունց, Սուրեն Այվազյան, Սերո Խանզադյան: Խանզադյանն իր ստեղծագործական գործունեությանը զուգընթաց մշտապես հետևում էր հայրենիքում տեղի ունեցող իրադարձություններին և դառնում նրա ակտիվ մասնակիցը: Կարող ենք վստահ նշել, որ նրա անվան հետ էլ կարելի է կապել Ղարաբաղյան շարժման պատմությունը:
Ստեղծվել էր մի այնպիսի իրավիճակ, երբ հայ ժողովուրդն ապրում էր պայքարի, ազգային ինքնագիտակցության զարթոնքի, հոգևոր վերածննդի հուզախռով օրեր և ազգովի կանգնած էինք պատմական հարցի լուծման առջև:
1966թ. Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի հայ բնակչությունը, որ 80 տոկոսն էր կազմում/1921-ին եղել է 90,3 տոկոս/[1], 45 հազար ստորագրություն հավաքեց, ուղարկեց Մոսկվա՝ Կենտկոմ, որ ցանկություն ունեն վերամիավորվելու մայր հայրենիքին՝ Հայաստանին: Մերժեցին կամավոր սկզբունքի այս դրսևորումը:
Խանզադյանը մի քանի մտավորականների հետ՝ Մարտիրոս Սարյան, Գևորգ Էմին, Աշոտ Հովհաննիսյան, որոշեցին նամակով դիմել նույն թվականին բացված կոմկուսի 23-րդ համագումարին՝ ԼՂԻ մարզը Հայաստանին վերամիավորելու, մի ամբողջ ժողովրդի գոյությունը ապահովելու: Սակայն արդար այս պահանջը ուշադրության չարժանացավ և երկար ժամանակ լռության մատնվեց:
1975թ. մարտին Լեռնային Ղարաբաղի կուսակցական մարզկոմի պլենումում հանդես է գալիս առաջին քարտուղար Կևորկովը, որի զեկուցումը հակահայկական, հակամարդկային, պանթուրքիստական բնույթ էր կրում: Նույն թվականի մայիսի 13-ին այդ զեկուցման դեմ Խանզադյանը նամակ է գրում Բրեժնևին: Իհարկե նամակի պատասխանը չի ստանում: Փորձում է այդ նամակը տպագրել մամուլում. թե´ միութենական, թե´ Հայաստանի թերթերը մերժում են:
1977 թվականին հայտնի է դառնում, որ Բաքվի կուսակցական առաջնորդն իր ուղիներով համառորեն առաջարկում է Արցախի մասին նյութ նախապատրաստել «Проблема мира и социализма» ամսագրում տպագրելու համար: Այդ ամսագիրը մոլորակի կոմունիստական, բանվորական կուսակցությունների տեսական և տեղեկատվական հրատարակությունն էր, որ լույս էր տեսնում 32 լեզուներով, 145 երկրներում, ԽՄԿԿ-ի փողերով: Ալիևը լավ էր հաշվարկել. բավական է այնտեղ տպագրվեր իրեն անհրաժեշտ նյութը «Ղարաբաղի տեղի» մասին, որպեսզի հասարակական կարծիքում երկար ժամանակով ամրագրվեր ինքնավար մարզի Ադրբեջանի կազմում ընդգրկվելու «տրամաբանությունը»: Գլխավորն այն էր, գտնում էր Ալիևը, որ նյութը նախապատրաստեին տարբեր երկրների անկախ լրագրողներ: Հարցազրույցը, իհարկե, կտա ոչ այլ ոք, քան հայ Կևորկովը: Շուտով ամսագրի վեցերորդ գրքույկում տպագրվում է Հնդկաստանի կոմկուսի Ազգային խորհրդի անդամ Սարադա Միտրի և Իրաքի կոմկուսի Կենտկոմի անդամ Ադել Խաբի զրույցը կուսակցության Ղարաբաղի մարզկոմի առաջին քարտուղարի հետ: Այն հարցին, թե «Ինչո՞ւ է Լեռնային Ղարաբաղը գտնվում Ադրբեջանի կազմում և ոչ թե Հայաստանի, որից բաժանված է ընդամենը հողի մի բարակ շերտով, ըստ էության պատասխանեց Ալիևը՝ Կևորկովի շուրթերով. «Մարզը Հայաստանից բաժանված է բարձր սարերով: Ղարաբաղը ծաղկեց Ադրբեջանում, և միայն ազգայնամոլները կարող են ասել՝ թող ես վատ ապրեմ, բայց կապված լինեմ Հայաստանի հետ»: Եվ առանձնակի ընդգծեց պատվիրված նախադասությունը. «Լեռնային Ղարաբաղի հայ ժողովուրդը պետականություն ձեռք բերեց Ադրբեջանի կազմում և այդ ճակատագիրն ընտրեց կամովին»[2]: Նյութում խցկված էին անհեթեթ օրինակներ, որոնք իբր հաստատում էին հայերի և ադրբեջանցիների եղբայրությունը: Եվ զրույցի վերնագիրը նույնպես մտածված էր այն ժամանակների ոգով՝ «Մենք տեսանք ազգերի եղբայրությունը»[3]: Հենց որ ամսագիրը հայտնվեց հայ մտավորականների ձեռքում, որոշվեց շատ արագ կերպով արձագանքել, ընդ որում՝ հնարավորինս բարձր: Գտան ավանդական ձևը. բաց նամակ Բրեժնևին, որն արդեն զբաղեցրել էր ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության նախագահի աթոռը, մնալով, բնականաբար, ԽՄԿԿ Կենտկոմի գլխավոր քարտուղար: Բրեժնևի անունը այն ժամանակ մի տեսակ մարմնավորում էր արդեն բուն ԽՍՀՄ տերությունը: Նամակի վրա աշխատում էին Սերո Խանզադյանի տանը: Նամակի տեքստին կցված էր վերլուծական մեկնաբանություն: Ամբողջ հանրապետությունը տարակուսել էր ամսագրում տպագրված հոդվածի առնչությամբ։
Խանզադյանը և իր գործընկերները երկու նամակ են գրում հնդիկ և արաբ հեղինակներին և հանձնում Սփյուռքի կոմիտեին, որպեսզի հասցնի հասցեատերերին: Իհարկե չեն ուղարկում: Նամակում գրում է.«Դուք գրելով այդ հոդվածը և տպագրելով «Проблема мира и социализма» հանդեսում ընկել եք մոլորության մեջ՝ Լեռնային Ղարաբաղի այսօրվա դրության առնչությամբ: Մի՞թե պարզ չէ այն անհեթեթությունը, որ հայկական ինքնավար մարզը գտնվում է այլ հանրապետության կազմում, այն էլ այն դեպքում, երբ մարզի կողքին է Հայկական հանրապետությունը: Գիտե՞ք, որ Ղարաբաղի հայ բնակչությունը զրկված է նույնիսկ դիտելու Հայաստանի հեռուստահաղորդումները: Գիտե՞ք, որ Ղարաբաղի հայկական դպրոցները Երևանում հրատարակված գրքերը ստանում են անպայման Բաքվի միջոցով, որով ստեղծվում են բազմաթիվ խոչընդոտներ: Իսկ չէ՞ որ Ղարաբաղում գործում են մոտ 200 հայկական դպրոցներ, այն դեպքում, երբ ադրբեջանական դպրոցները մարզում տասնն են: Ինչպե՞ս կարելի է այս ու նման վիճակը տեսնելով, գրել, թե Լեռնային Ղարաբաղը իր ուղին ընտրել է կամովին»[4]: Բայց հեղինակին հանգիստ չի տալիս այն փաստը, որ աշխարհում պատկերացում չունեն, թե ինչ է նշանակում լինել հայ և անարդարացիորեն գտնվել ուրիշի տիրապետության տակ: Եվ նա որոշում է նորից նամակ գրել Բրեժնևին:
Այսօր երևի քչերը կհիշեն, թե Խանզադյանը ինչպիսի սրամտորեն էր օգտագործում նման բնույթի վայրի «արգումենտները» և Բրեժնևին հասցեագրված նամակում գրում է. «Թանկագին Լեոնիդ Իլյիչ, պատկերացրեք, եթե Ճապոնիան ու Չինաստանը հավակնեին Սիբիրի ու Հեռավոր Արևելքի բուն ռուսական հողերին միայն այն պատճառով, որ այդ տարածքները Ռուսաստանի կենտրոնական մասից բաժանված են Ուրալյան բարձր լեռնաշղթայով…»։ Մի այլ պարբերության մեջ էլ գրում է.«Թանկագին Լեոնիդ Իլյիչ, քսանական թվականներին «Պրավդան» և «Իզվեստիան» նույնպես գրում էին, թե Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում «տեսել են ազգերի եղբայրությունը»։ Այսօր այնտեղ այլևս հայ եղբայրներ չկան…»[5]։ Նմանատիպ մի նամակ էլ ուղարկում է Կենտկոմի բաժնի վարիչ Տյաժելնիկովին: «Լեռնային Ղարաբաղի պրոբլեմը գոյություն ունի 1921-23թթ. այսինքն՝ այն ժամանակից , երբ հայկական մարզը ապօրինի մտցրին Ադրբեջանի կազմի մեջ: Նույն անարդարությունը կատարվել է նաև Նախիջևանի նկատմամբ: Ինչպես երևում է ղեկավար անձինք այդ հարցը համարում են փակված, քանի որ այնտեղ այլևս հայ չկա: Կգա ժամանակ, որ մեղավորները պատասխան կտան պատմության առջև: Ղարաբաղի Ինքնավար Մարզը Հայաստանից բաժանելու ժամանակ բնակչության 94 տոկոսը հայեր էին: 1970 թ. մարդահամարի տվյալներով հայերը 80 տոկոս են: Ինչպես կարելի է թույլ տալ, որ ստեղծվեն այնպիսի պայմաններ, երբ տեղաբնակները հեռանան իրենց պապենական հողերից: Կարծում եմ ժամանակն է, որ Լեռնային Ղարաբաղի Մարզը վերադարձվի Հայկ, ԽՍՀ-ին»[6]: Այս նամակը ևս անպատասխան է մնում: Նա ստիպված է լինում նամակով դիմել Չեխոսլովակիայի կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Հուսակ Գուստավին: Ինչու նրան, որովհետև վերևում նշված ամսագիրը հրատարակվում էր Պրագայում: /Խանզադյանը Բրեժնևին հղած նամակի մի օրինակն էլ է ուղարկում/: «Մեծարգո Հուսակ Գուստավ. Հոդվածի մեջ շատ բաների հետ ասվում է, թե հայկական մարզը կամավոր է հանձն առել միավորվել Ադրբեջանի հետ, ինչպես կարող էր հայկական մարզի հայ բնակչությունը ընտրել իր բախտի ճանապարհը մի ձևով, որ իրեն կտրեր իր հայրենիքից: Նախիջևանի ճակատագիրը սպասվում է նաև Լեռնային Ղարաբաղին»[7]: (Նշենք, որ այդ ժամանակահավածում Բրեժնևը մեկնել էր Ղրիմ հանգստանալու: Հրավիրել էր նաև Գ. Հուսակին, ով էլ նամակը ցույց էր տվել Բրեժնևին:) Ինչպես հեղինակն է նշում, Հուսակին ուղարկած նամակից հետո սառույցը փշրվում է: Բնականաբար նրան կանչում են ՀԿԿ Կենտկոմ և ասում, որ պատասխան պետք է տաք քաղաքական վտանգ պարունակող ձեր նամակի համար: Դեմիրճյանին հետաքրքրիր էր, թե ինչու նամակի մասին իրենց տեղյակ չեն պահել: Սակայն Խանզադյանը պատասխանում է, որ նամակի պատճենը ուղարկվել է իրեն: Իհարկե նա զարմանում է և պահանջում, որ գտնեն այն: Գտնում են: Մեկ ամսվա ընթացքում ութ անգամ կանչում են Կենտկոմ և մեղադրում, իսկ նա պաշտպանվում էր: Այս նամակը մեծ արձագանք է ստանում աշխարհում: Ինտերնացիոնալ երկրում ապրող մարդը ԻՆՉՊԵՍ ԿԱՐՈՂ ԷՐ ՆՄԱՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՄԲ ՆԱՄԱԿ ՈՒՂԱՐԿԵԼ Կենտկոմի քարտուղարին: Ինչպիսի համարձակություն: Խանզադյանի նամակը վայրկենապես տարածվում է Սփյուռքում՝ 5 մայրցամաքով մեկ: Խորհրդային մամուլի արգելքների պատճառով Սփյուռքի նոր սերունդը քիչ բան գիտեր Լեռնային Ղարաբաղի ողբերգության մասին: Այն դարձավ յուրօրինակ մեկնարկային կրակոց, որն ազդանշանեց Ղարաբաղյան շարժման սկիզբը: Եվ շուտով Բեյրութի «Զարթօնք» օրաթերթում (ՌԱԿ կենտրոնական պաշտոնաթերթ) 1977թ. հոկտեմբերի 20-ին տպագրվում է Սերո Խանզադյանի բաց նամակը ուղղված ԽՄԿԿ ԿԿ-ի գլխավոր քարտուղարին։ Նամակի արձագանքները և մեկնաբանությունները կես տարի շարունակ հայ ժողովրդին էին հասնում ոչ միայն լրագրերի, այլև գրեթե ամեն օր «Ամերիկայի ձայն» և «Ազատություն» ռադիոկայանների միջոցով։
Ահա այսպես: Միջազգային մասշտաբով Հայի Դատը առաջ էր մղվում տարիներ շարունակ: Բայց ամեն ինչ արվում էր, որ տառապած ազգի արդար բռնկումը հանգցվի: Նշենք, որ ժամանակի ընթացքում կաշառատու մեղսագործ Ալիևը ոսկե-ադամանդակուռ սուր է նվիրել Բրեժնևին և ճամարտակել.«Դուք կենդանի Լենին եք»[8]: Հետագայում այդ սուրն ուղղվեց հայ ժողովրդի դեմ, հատկապես՝ Լեռնային Ղարաբաղի:
Յոթանասուն տարի շարունակ թաղվող ճշմարտությունը կամաց-կամաց կենդանանում էր: Լեռնային Ղարաբաղի և Նախիջևանի հարցերով 1985թ. մարտի 18-ին Խանզադյանը նամակ է ուղարկում Գորբաչովին: Նամակում գրում է, որ վերջին տասնամյակների ընթացքում Ադրբեջանի ղեկավարներն անընդհատ նշում են, թե Լեռնային Ղարաբաղն իրենց տարածքի անբաժանելի մասն է: Ինչու է այդպես ասվում: Երբևէ չենք լսել, որ Ռուսաստանի որևէ ղեկավար հայտարարած լինի, թե Էստոնիան կամ Լատվիան Ռուսաստանի անբաժանելի մասն են: Իհարկե այն անպատասխան է մնում:
Նշենք, որ ԽՄԿԿ քաղբյուրոն Ղարաբաղը ողբերգական վիճակի հասցնելը համարում էր անմարդկային: Բայց ոչինչ չէր ձեռնարկում այդ անմարդկային վերաբերմունքին վերջ դնելու: Այդ ոճրագործները ժամանակի ընթացքում Լեռնային Ղարաբաղում ոչնչացրել են եկեղեցիներ, վանական համալիրներ, հայկական միջնադարյան բնակավայրեր, ավերել պատմահնագիտական հուշարձաններ, անհամար խաչքարեր: Հասել էր պատմական արդարությունը վերականգնելու պահը՝ կամ կործանում, կամ հաղթանակ: Ողջ հայ ժողովուրդը միահամուռ ոտքի էր ելել պաշտպանելու իր կորցրած իրավունքները: 1988թ. փետրվարի կեսերից Երևանում ամեն օր հանրահավաքներ էին անցկացվում: Ազատության հրապարակում հավաքված հազարավոր ցուցարարներ հանդես էին գալիս ի պաշտպանություն ՀԽՍՀ-ի և ԼՂՄԻ-ի վերամիավորման: Փետրվարի 25-26-ին ցուցարարների թիվն անցնում էր 100 հազարից: Դա ԽՍՀՄ պատմության մեջ աննախադեպ իրադարձություն էր: «Միության փլուզումն աստիճանաբար սկսվեց, երբ կենտրոնը չցանկացավ կամ, այնուամենայնիվ, չկարողացավ լսել Ղարաբաղյան «զանգը»[9]:
Բռնկված զանգվածային ելույթներն անհանգստացրին երկրի ղեկավարությանը, և հայության արդարացի շարժումը որակվեց «ծայրահեղական»: Իր բազմաթիվ գործընկերների հետ Սերո Խանզադյանը ակտիվորեն ու կրքոտությամբ հասարակական կարծիք էր ստեղծում ղարաբաղյան շարժում սկսելու անհրաժեշտության մասին։ Խանզադյանին «ԷՔՍՏՐԵՄԻՍՏ» են հռչակում միութենական կառավարական օրգաններ «Իզվեստիան» և «Տրուդը », քանի որ նա ասել էր մինչև Ղարաբաղի հարցը դրական լուծում չստանա, Հայաստանը երբեք վերակառուցման պլանին իր համաձայնությունը չի տա: Հեղինակը գրում է, որ այդ պիտակի համար շատ չտխրեց, քանզի իրեն էլ Խանջյանին հավասարեցրին, չէ որ նա էլ է Ղարաբաղի համար զոհվել: (1936թ. <Պրավդա> թերթում տպագրված հոդված կար Բերյայի հեղինակությամբ, որտեղ Խանջյանին հռչակում է նացիոնալիստ, պատճառաբանելով, որ նա համարձակվել է Լեռնային Ղարաբաղը Հայկ. ԽՍՀ-ին միավորելու առաջարկ անել): Նա այդ ժամանակ Հայկ. ԽՍՀ-ի դեպուտատ էր և հենց դեպուտատի ուժերով էլ շարունակում էր հնարավորինս պայքարել պատմական արդարությունը վերականգնելու համար: Հարկ ենք համարում նշել, որ տվյալ շրջանում մտավորականներն էին ուղղորդում միտինգների դուրս եկած ժողովրդին՝ Սիլվա Կապուտիկյան, Զորի Բալայան, Իգոր Մուրադյան, Սոս Սարգսյան, Վարդգես Պետրոսյան, Հրանտ Մաթևոսյան, Բագրատ Ուլուբաբյան և այլք: Եղավ շատ ողբերգություններ՝ Սումգայիթ, Կիրովաբադ, Բաքու:
1988թ. հուլիսի 18-ին Ղարաբաղի խնդրի շուրջ Մոսկվայում հրավիրվում է ԽՍՀՄ Գերագույն նախագահության նիստ, որին մասնակցում էին նաև Հայաստանի և ԼՂՄԻ -ի պատգամավոր ներկայացուցիչներ: Հայ ժողովրդի ներկայացուցիչները՝ ակադեմիկոսներ Վ. Համբարձումյանը, Ս.Համբարձումյանը, գրողներ Ս.Խանզադյանը, Վ.Պետրոսյանը, իրենց ելույթներում դատապարտեցին սումգայիթյան ոճրագործությունները և ընդգծեցին Ղարաբաղյան շարժման օրինականությունն ու Արցախը Հայաստանին միավորելու անհրաժեշտությունը:
Այս նիստում Գորբաչովն ասում է. «Դուք՝ հայերդ, ասում եք, թե Ղարաբաղը հայկական հող է, իսկ ադրբեջանցիները ոչ պակաս համոզչությամբ ասում են՝ ադրբեջանական է»[10]:
Այս արտահայտությունները պատմությունից անտեղյակ մարդու խոսքեր են: Նրա ողջ ստեղծագործությունները կոչ էին հանուն հայրենիքի ազատության ու անկախության:
Խանզադյանը հաճախակի է եղել Հյուսիսային Արցախի Շահումյանի շրջանում, հանդիպել ժողովրդի հետ, ծանոթացել նրանց հոգսերին, հուսադրել, որ ամեն ինչ լավ կլինի:
Խորհրդային տարիներին նա եղել է այնտեղ, իր «Հայրենապատում» գրքի համար նյութեր հավաքելու:
1990թ. հունվարին Մարտունաշեն-Գետաշենի մոտակայքում ազերիների կողմից գերի էին վերցվել 18 հայեր: Նրանք գնացել էին թաղման արարողության: Միայն պատասխան քայլով՝ ազերիներին ևս պատանդ վերցնելուց հետո, նրանց փոխանակեցին: Խանզադյանն այս պատմությունը լսել էր և երբ հերթական անգամ այցելել էր Շահումյան՝ հանդիպելու տեղի ղեկավարների և ժողովրդի հետ ասել է. «Սիրելի բարեկամներ, թե ինչպիսի տառապանք ապրեց մեր ազգը թուրք ադրբեջանցի բարբարոսների կատարածը դուք լավ գիտեք:
Մարդիկ վեր կենան գնան, հարազատ թաղեն, որից հետո դուք ճանապարհին գաք, տեղում բռնեք ու նրանց գերի տանեք: Սա միայն կարող է թուրքը անել: Չեմ սիրում Կարլ Մարքսին, բայց ասույթներ ունի, որոնք սքանչելի են: Դա ձեզ էլ երևի հայտնի է: Նա ասում է`«Աշխարհի կոնտինենտի ամենաընտիր մասը Փոքր Ասիան է: Գրավեցին բարբարոս թուրքերը և մարդկության քաղաքակրթությունը 1000 տարով հետ գցեցին: Իմացեք, որ մեր ժողովուրդը երբեք չի հուսահատվել և մշտապես պայքարել է իր անկախության ու ազատության համար»[11]:
Զորի Բալայանը գրում է, որ մահացող վարպետին ինքը հաճախ էր այցելում. մի անգամ էլ հազիվ շարժելով դողացող շրթունքները` խնդրում է իր մոտ տանել Հայաստանի և Արցախի քարտեզները: «Ուզում եմ քարտեզի վրա ցույց տալ, որ եթե մենք ազատագրված հողերից թեկուզ մի թիզ էլ զիջենք, հետո այլևս չենք կարող պահել ո´չ Արցախը, ո´չ Զանգեզուրը: Դա չի´ կարելի անել: Դա իմ կտակն է»:
Հայրենասեր գրողը վախճանի նախօրեին անգամ համառորեն պնդում էր, որ ինքը երջանիկ մարդ է, քանզի ապրեց մինչև Շուշիի ազատագրումը:
Իհարկե, վերը նշվածով չեն սահմանափակվում հայրենիքին մատուցած նրա ծառայությունները: Կարող ենք ասել, որ Խանզադյանի գործունեությունը հայրենիքին, ժողովրդին ծառայելու յուրովի օրինակ է եղել և´ իր ժամանակակիցների, և´ հետագա սերունդների համար: Նա երևան է եկել որպես ժողովրդական կյանքի բազմապիսի երևույթների տաղանդավոր տարեգիր, ժամանակակից թեմաների, պրոբլեմների իրական մարմնավորող:
[1] Нагорный Карабах. Историческая справка, Е. 1988, с. 45-46:
[2] «Ազգ» օրաթերթ, 2003, 06 -26, 120:
[3] Նույն տեղում:
[4] Խանզադյան Ս., Ղարաբաղը կրակների մեջ, Երևան, 2006, էջ 39:
[5] Նշվ. աշխ., էջ 42:
[6]Նշվ. աշխ., էջ 43:
[7] Նշվ., աշխ., էջ 45:
[8] Նույն տեղում, էջ 50:
[9] Рыжков Н., Перестройка. История предательств, М. 1992, с. 208:
[10] Նշված աշխ., էջ 205:
[11] Ղազարյան Արթուր, անձնական արխիվ, տեսանյութ: