ՈՐՈՏԱՆԻ ՀՈՎԻՏ

Spread the love

13900630_1135767083163601_1549057696_nԽոր-խոր կիրճերով է անցնում Որոտանը և հասնելով հարթավայր՝ մխրճվում է շամբուտների մեջ և վերջապես միանում Հակարիին: Պատմական Մեծ Հայքի Սյունիք աշխարհի 12-րդ գավառը, ըստ 7-րդ դարի գիտնական Անանիա Շիրակացու «Աշխարհացույց»-ի, կոչվել է Բաղք: Արաքսի ձախափնյա այս գավառը միջնադարում տրոհվել է 2 մասի արևելյան և արևմտյան: Ինչպես տեղեկացնում է 13-րդ դարի պատմիչ Ստեփանոս Օրբելյանն իր «Սյունիքի պատմություն» գրքի «Սյունյաց աշխարհի սահմանների ցուցագրումը, նաև թե մարդկանց պետքերի համար ինչ հարստություն ունի, որքան են գավառներն ու անառիկ բերդերը» գլխում(Գ) գրում է. «Ունի տասներկու գավառ, որի մեջ հենց Սյունյաց իշխանների և հայրապետների գահն է, … Հինգերորդը՝ Աղահեճ գավառը, որ այժմ կոչվում է Քաշաթաղ և Խոժոռաբերդ, Վեցերորդը՝ Հաբանդ գավառը, Յոթերորդը՝ Բաղք գավառը, որ այժմ կոչվում է Աճեն, դա Բաղակի անունից այդպես անվանվեց, Ութերորդը՝ Կովսական գավառը, որն այժմ Գրհամ են կոչում…»: Իսկ գրքի Ի գլխում (ՏերԵրիցակի սքանչելի օծման մասին) գրում է. «…Երբ նրանք հասան Երիցավանքի դուռը, որը գտնվում է Բաղք, այսինքն՝ Քաշունիք, իսկ այժմ Բարկուշատ կոչվող գավառում…»: Այստեղից պարզ է, որ պատմիչի օրոք գավառը կոչվել է նաև Բարկուշատ: Այս մասում Բարկուշատ է կոչվում նաև Որոտանը, իսկ նրա աջափնյա վտակը պահպանել է գավառի Քաշունի անվանումը, հետագայում թուրքերն այն կոչել են Չայ-Զամի: Նույն Ստեփանոս Օրբելյանը տեղեկացնում է, որ գավառում Բարկուշատ անունով բերդ ու բնակավայր է եղել: Եվ ելնելով այն հանգամանքից, որ Բարկուշատ բնակավայրը մեծ հարկաբաժին է վճարել, ուրեմն եղել է մեծ բնակավայր:

18-րդ դարի երկրորդ կեսերից սկսած Արաքսից մինչև Օմար Հակարիի ու Թարթառի հովիտները հայաթափ եղան, և հայոց երբեմնի շեն ու մարդաշատ բնակավայրերը դատարկվեցին, ապա կամաց-կամաց բնակեցվեցին մուսուլմանական տարբեր ցեղերով, հատկապես՝ քրդերով: Իսկ խորհրդային տարիներին Բաղքի արևելյան հատվածը՝ Քաշունիքը, բռնակցվեց Ադրբեջան հորջորջված հանրապետությանը՝ հետագայում անվանվելով Ղուբաթլուիի շրջան՝ համանուն կենտրոնով, որը փռված էր Որոտանի 2 ափերին: 1993 թվականի աշնանն ազատագրվեց նաև Ղուբաթլուիի շրջանը և վերստին հայացավ: Տարածքում հայկական պատմաճարտարապետական հուշարձաններ պահպանվել են հիմնականում Որոտանի աջ ու ահյակ ափամերձ բլրակների վրա: 

Դավուդլու գյուղատեղից 2,5 կմ արևելք՝ Որոտան գետի վրա, կանգուն է երկթռիչք, քարաշեն, ամրակուռ մի կամուրջ: Կամարները սրբատաշ են` քարատեսակը` գորշ բազալտ: Ձախակողմյան թռիչքի երկարությունը 12,37 մ է, իսկ աջակողմյանը` փոքր-ինչ ավելի: Եզրապատնեշներ ունեցող անցուղին ունի 4,05 մ լայնություն: Կամրջի ձախափնյա խելի արևելահայաց պատին ագուցված է մի շրջանաձև քար, որի հեղկված երեսին 10-ը տողով փորագրված է եղել շինարարական արձանագրությունը: Ըստ այդմ իր չափերով բավականին մեծ այս կամուրջը 1867թ. կառուցել է խնձորեսկցի Հովակիմ Լալազարյանցը: «Լալազարի» կամրջի հիմնադրման մասին մերձակա գյուղերի հայեի շրջանում առ այսօր պահպանվել է մի գեղեցիկ և ուշագրավ պատմություն: 1900-1902թթ. ընթացքում կամուրջը հիմնավորապես նորոգել է Հովակիմ Լալազարյանցի որդին` Սիմոն Լալազարյանցը: Ժամանակի մամուլն այդ մասին գրեել է «Խնձորեսկ գյուղացի Հովակիմ Լալազարենցի 1860-ական թվականների Բարգուշատ գետի վրա կառուցված քարե կամուրջը քայաքյված էր, ամպետքացած: Այժմ այն վերանորոգված է և արդէն համարեա պատրաստ է: Վերանորոգողը հանգուցեալի որդի Սիէմօնն է. նրա ծախսով ճիշտ տարի ու կէս է, ինչ աշխատանքներ էին կատարվում կամուրջի վերանորոգութեան վրա: Ինքը` Սիմէօն Լալազարեանցը անձամբ հսկում էր այդ գործի վրա»: Ցավոք, կամրջի շինարարական 10-ը տողանոց արձանագրությունը տեղի թրքացած քրդերի կողմից վերջին տարիներին միտումնավոր կերպով քերվել է և այժմ գրեթե չի ընթերցվում: Կամուրջն այժմ էլ ծառայում է բնակչությանը, սակայն կամարները ճաք      են տվել, և մեծ մեքենաների անցումից կարող է քանդվեն: Այս կամրջից մոտ 1 կմ ցած պատերազմի ժամանակ կառուցված երկաթե կամուրջ, սակայն չգիտես ինչու շատ վարորդներ նույնիսկ բարձած բեռնատարով անցնում են հուշարձան-կամրջով: Կամրջի մոտակայքում՝ ճանապարհի եզրին մի խաչքարի բեկոր կա, իսկ մոտ 1 կմ վերևում պահպանվել են միջնադարյան ամրոցի ավերակները:

 «ԱՄՐՈՑ ՔՈՒՐԴԻԿ»

Գտնվում է Դավիդաշեն գյուղից 1,6  կմ արևելք՝ Որոտան գետի հանդիպակաց` աջ ափի բարձր ժայռոտ լեռնաբազկի վրա: Հյուսիս-հարավ մոտ 400 մ ձգվածությամբ բլուրը միջնամասում ունի թամբաձև տափարակ և կտրուկ  բարձրացող ցից գագաք: Վերջինիս վրա պահպանվել են երկու փոքրկլոր ջրավազաններ և, հավանաբար, եղել է դիտակետ /այստեղից հայտնաբերվել է կղմինդր/: Այս գագաթը բարձր է բլրի ստորոտից մոտ 1900 մ: Բլրի միջնամասի համեմատաբար հարթ տափարակը ամրոցի միջնաբերդն է: Այն հյուսիսից ու արևելքից եզերվում է ուղղահայաց գահավիժող անմատչելի ժայռածերպերով, իսկ արևմուտքից փակված է կրաշաղախով շարված 100-120 մ երկարությամբ պարսպագծով: Պարիսպի հյուսիսային եզրին պահպանվել է ամրոցի մոտ 2.0 մ բացվածքով գլխավոր մուտքը: Այն տանում է դեպի միջնաբերդի եկեղեցին, որից պահպանվել է արևմտյան ճակատի մի կրաշաղախով շարված մի պատառիկ և փլատակերով պատված հիմքերը: Վերջինիս շրջակայքը  խիտ կառուցապատված է, ուր նկատվում է նաև վաղ, անտիկ շրջանի առանց կրաշաղախի պատեր և մեծ ջրամբարի հետքեր: Ամրոցանիստ լեռնաբազկի արևելյան ճակատից իջնում է խորը բնական ճեղքվածք, որի միջով անցել է ամրոցի գաղտուղին: Ճեղքվածքի ստորոտում արհեստական ջրամբարն է, իսկ մի փոքր վեր պահպանվել է պատաշարով փակված գաղտնուղու նեղ մուտքը, որից քարե աստիճանավանդակը տանում է դեպի վեր: Ամրոցում հայտնաբերված վերգետնյա խեցեղենը ներկայացված է անտիկ և միջնադարյան օրինակներ:

 

More From Author

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի