Categories: Գուսան Աշոտ

ԳՈԻՍԱՆ ԱՇՈՏ. « Գուսանի սերը»

Spread the love

ՀՐԱՆՏ ԹԱՄՐԱԶՅԱՆ. « Գուսանի սերը» բանաստեղծությունների ժողովածուի առաջաբանը /1955 թ./

Գուսան Աշոտի ստեղծագործությունը վաղուց արդեն մտել է ժողովրդի կենցաղի ու աշխատանքի մեջ։ Նրան երգում են բանվորն ու գյուղացին, ջահել հնձվորն ու տարեց այգեպանը, հովիվն ու գութանավորը, ուսանողն ու ինտելիգենտը: Նրա երգերը դուրս են եկել ռեսպուբլիկայի սահմաններից։
Գուսան Աշոտի հանրածանոթ երգերը մտել են միության պրոֆեսիոնալ անսամբլների ռեպերտուարը, կատարվում են բազմաթիվ լեզուներով։
Աշոտի ստեղծագործությունն ուրույն տեղ է գրավում հայ գուսանական արվեստի պատմության մեջ։ Նրա երգերին հատուկ են մեր գուսանական կլասիկայի բնորոշ գծերը՝ երաժշտության ու խոսքի խոր ներդաշնակությունը, խոսքի բանաստեղծական ուժն ու թովիչ մելոդիան:
Եթե դրան ավելացնենք նաև կատարման վարպետությունը, ապա լիովին հասկանալի կդառնա գուսան Աշոտի երգի հմայքի ու ժողովրդայնության գաղտնիքը:
Ուսումնասիրելով հայ կլասիկ գուսանների, հատկապես Սայաթ-Նովայի և Ջիվանու խոշոր ժառանգությունը, օգտագործելով խոսքի և երաժշտության բնագավառում կուտակված՝ նախորդների փորձը, գուսան Աշոտը ինքնատիպ ձևերով երգել է սովետական նոր կյանքը։ Անմիջական կապ ունենալով մեր ժողովրդական բազմադարյան երգի ակունքների հետ, նա կարողացել է հմտորեն օգտագործել ժողովրդական երաժշտության պայծառ երանգները` պարզությունը, անկեղծությունը և մտերիմ ջերմությունը:
Գուսան Աշոտը ծնվել է 1907 թվականին, Գորիսում: Լինելով խաշնարածի որդի, վաղ հասակից նա հովվություն է արել Զանգեզուրի սարերում:
Այստեղ, բնության գրկում, հովիվների շրջանում նա ստանում է իր երաժշտական առաջին կրթությունը, նվագում է սրինգ։

«Ես հիշում եմ մեր սարերի լանջերը,
Աղբյուրների սաջ ջրերի կանչերը,

………………………………………..
Ես հիշում եմ մորս ձայնը սարերում,
Ոչխարների մակաղելը քարերում,
Հովիվների սրինգների ձայնն անուշ,
Սարին նստած թուխ ամպերի հովերում…»:

Պատանի տարիներից Աշոտը հրապուրվում է Զանգեզուրի գուսանների երգերով: Նրան առանձնապես հմայել է ժամանակի հայտնի աշուղ Աթան, որից առաջին անգամ լսել է հայ գուսանական հնագույն երգեր, ծանոթացել գուսանական երգի կառուցման առանձնահատկություններին և տեխնիկային։
Տասնհինգ տարեկան հասակում նա թողնում է հայրենի եզերքը ու մեկնում Բաքու, որտեղ հայ ու ադրբեջանցի լավագույն կատա-րողներից սովորում է նվագել սազ և քյամանչա: Երիտասարդ գուսանը բռնում է կյանքի մեծ ճանապարհը ու իր անբաժան քյամանչայի հետ շրջում Անդրկովկասի գրեթե բոլոր քաղաքներն ու գյուղերը։
Մոտիկից տեսնելով ռևոլյուցիայի ուժով վերածնված ժողովուրդների նոր կյանքը, նա սկսում է հորինել ուրախության ու սիրո, եղ-բայրության ու խաղաղ աշխատանքի իր երգերը։
Գուսան Աշոտի անունը լայնորեն հայտնի է դառնում երեսնական թվականներից։ Մասնակցելով ժողովրդի ստեղծագործական ուժերի օլիմպիադային, նա արժանանում է առաջին մրցանակի և գրավում հասարակության ուշադրաթյանը։
Այնուհետև շուրթից-շուրթ են անցնում նրա «Զանգեզուրյան շարքի» հմայիչ երգերը։
Հայրենական պատերազմի շրջանում գուսան Աշոտի երգը ստանում է նոր ուժ: Նրա խոր հայրենասիրական երգերը «զեփյուռի թևերով» հասնում են ռազմադաշտ, նրան երգում են զինվորները.

«Զեփյուռը փչեց իմ Հայաստանի,
Մոր համբույրի պես դիպավ երեսիս… »

Այս ու նման երգերի մեջ գուսան Աշոտը ստեղծագործական ոգևորությամբ ներբողում է հայրենի երկրի չքնաղ գեղեցկությունը, երգի ուժով ոգևորում զինվորներին` պաշտպանել հայրենի հողն ու տունը, հայրենի բնաշխարհը, հայրենի օջախը:
Այնուհետև, ամփոփելով իր պատերազմական շրջանի ստեղծագործությունը` նա հորինեց «Աղբյուր հուշարձանը», որը իրավամբ երգի մի սքանչելի կոթող է:

«Նրանց արդար հոգիներից
Բխում է պաղ, զուլալ աղբյուր,
Ամեն անգամ ջուր խմելիս,
Շրթունքներով կտանք համբույր…»:

Մյուս կողմից գուսան Աշոտը ստեղծում է սիրո, աշխատանքի նոր երգեր, հասնելով բարձր վարպետության: Այդ երգերում («Ուր է», «Ոչ մի խորշակ», «Սայաթ-Նովային» և այլն) արտահայտված են սովետական ժողովրդի հոգու ուժն ու ամրությունը, հումանիզմն ու հայրենասիրությունը:

«Ոչ մի խորշակ բուրաստանս չի մտնի,
Ոչ մի քամի վարդիս թուփը չի պոկի,
Ոչ մի ծաղիկ չի թառամի, չի թոշնի,
Քանի որ այն իմ մայր հողումն է բացված,
Իմ հայրենի բարդիներով պարսպված»:

Գուսան Աշոտի ստեղծագործության էական գիծը պայծառ լավատեսությունն է կյանքի,մարդու ապագայի, երկրի այսօրվա ու գալիքի նկատմամբ: Նրա երգերի մեջ արտահայտված է անսահման սեր դեպի մարդն ու հայրենիքը, դեպի եղբայրական ժողովուրդներ, քնքշություն՝ դեպի մերձավորն ու հարազատը, անկեղծ սքանչացում բնության ու աշխարհի գեղեցկությունների նկատմամբ: Երբեմն նրա երգերի մեջ զգացվում են նաև թախծի շեշտեր, բայց այդ թախծի թեթև երանգները ծնվում են իր հայրենի աշխարհի նկատմամբ տածած բացառիկ սիրուց: Գուսանն ուզում է հավերժ ապրել իր գեղեցիկ երկրի ու «ծնող մեծ ժողովրդի հետ»:
Լավ է ասել Գուսան Աշոտը երգի մասին։

«Կյանքի հովտում թե մի ծաղիկ ցանես դու,
Երգի ծովին թե մի աղբյուր տանես դու,
Ո՛վ իմ գուսան, անունդ անմահ կանես դու…»:

 

More From Author

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի