«Ղարաբաղյան կոնֆլիկտը»

Spread the love

Ղարաբաղյան կոնֆլիկտի լուծման ուղիներն   ու նախադրյալներն անկախության   25-ամյա հոբելյանի նախաշեմին   և ազգային միասնության   ստեղծման հիմնախնդիրն` ապրիլյան իրողությունների կտրվածքով

Աշխարհի ոչ մի քարտեզում անդրկովկասյան Ադրբեջան երկրամաս, առավել ևս պետություն, պատմությանը հայտնի չի եղել` մինչև անդրկովկասյան արհեստածին՝ մերօրյա Ադրբեջանի ստեղծումը: Ժամանակակից «ադրբեջանցիների նախահայրերը»` կովկասյան թաթարները, որոնք իրավամբ, ոչ մի անուն, անվանում չունեին և այդ մարդիկ չգիտեին, թե իրենք ի±նչ ազգի ներկայացուցիչներ են, վերջապես ովքե±ր են, ու±մ են ներկայացնում, 1918թվականի մայիսի 27-ին դուրս գալով Սեյմից (Անդրկովկասյան-Մ.Թ.), կազմակերպում և հռչակում են Արևելյան Կովկասյան իսլամական Հանրապետությունը (ընդգծումը մերն է-Մ.Թ.): 1920թ. ապրիլին խորհրդային Կարմիր բանակը մտնում է այդ տարածք: Մուսաֆաթական ազգայնամոլ կառավարությունը տեղը զիջում է խորհրդայինին: Եվ խորհրդային Մոսկվան, քանի որ ձգտում էր համաշխարհային հեղափոխության, համաշխարհային խորհրդային երկների թիվն ավելացնել, ուստի Թուրքիայի ջանասիրությամբ այդ տարածքին տրվեց Իրանի հյուսիսային նահանգ` Ադրբեջան-Ատրպատականի անվանումը: Այսպես 1920թ. ապրիլի 28-ին հռչակվեց Ադրբեջանի Խորհրդային Հանրապետությունը և թաթարները դարձան ադրբեջանցիներ[1]: Ակադեմիկոս Բարտոլդը (և ոչ միայն նա) հաստատում է, որ «նոր պետության» համար անուն ընտրելու փնտրտուքում հարմար համարվեց Ադրբեջան անունը՝ ըստ որում նաև հեռավոր նպատակ ունենալով իսկական ու միակ Ադրբեջանի` իրանական, հետ դրանց ապագա միավորման, անշուշտ խորհրդային դրոշով, հնարավորությունը[2]: Բազմաթիվ սկզբնաղբյուրներ, այդ թվում օտար, նաև մուսուլմանական, հաստատում են կովկասյան թաթարների 13-րդ դարից` թուրք- մոնղոլական արշավանքներից սկսած և հետագայում, Անդրկովկաս և այլ վայրեր մուտք գործելու` Անդրկովկասում եկվոր լինելու, տարբեր եղանակներով բնիկներին դուրս մղելու` ուծացում, կոտորած ևն, մասին. այդ պայմաններում նրանք փոխանակ ամոթ զգան, որ իրենց գազանություններից հետո դեռ որոշ բնիկներ իրենց պատմական հողերի վրա մնացել են ու գոնե «մեծահոգաբար» ճանաչեն նրանց ինքնորոշման իրավունքը, ընդհակառակը, տարածաշրջանում Թուրքիայից բացի մնացած հողերը համարում են իրենցը… Հատկապես անհեթեթ ու զավեշտալի է Քուռ գետի ձախափնյա   տարածքը զբաղեցրած՝ պատմական անցյալում Աղվանք, Ալբանիա երկրի, և այն էլ քրիստոնյա, ժառանգորդը հայտարարելու «ադրբեջանական» «գիտնականների» և քաղաքական շրջանակների (նրանք   հայերին նույնիսկ «մեղադրում են» աղվանական վանքերն ու եկեղեցիներն իրենցը՝ հայկական   համարելու մեջ. մի պահ   ընդունենք, որ դա այդպես   է, թեպետ դա   ևս աղաղակող սուտ   է, բայց ինքը` թուրքալեզու այլակրոն այդ ցեղն ինչ կապ ունի այդ   վանքերի, եկեղեցիների հետ… Առավել ևս բանականության լիակատար կորուստ կամ անամոթության գագաթնակետ էր հիշեցնում Հայաստանի արևելյան մասը` ներառյալ ներկայիս ՀՀ տարածքը «Արևմտյան Ադրբեջան» համարելը…) փորձերը: Եվ,   այնուամենայնիվ, փաստ է, որ այսօր էլ իրար հետ` կողք-կողքի, շարունակում   են ապրել, և պետք է ապրեն, երկու ժողովուրդները` «թուրք-ադրբեջանցիները» կամ «կովկասյան թաթարները» ուրիշի (ուրիշների` ոչ միայն հայերի…) հողերի   վրա և հայերն   իրենց վաղնջական հողերի վրա: Փաստ   է նաև Ղարաբաղի շուրջը   ստեղծված կոնֆլիկտը[3]:

Ակնհայտ է, որ անցյալ դարի 80-90-ական թվականներին իրականացնելով ինքնորոշման իր   իրավունքը հայկական պատմական   Արցախ նահանգի (պատմական Փոքր Սյունիք) մի մասի վրա գոյատևող, ըստ որում հայ   ազգային մեծամասնություն կազմող, Ղարաբաղի ժողովուրդն ազատագրական պայքարի շնորհիվ հասել է փաստական   անկախության՝ այն պահպանելով   մինչև   այսօր:

Ինչպե±ս են   ցանկանում լուծել «Ղարաբաղյան կոնֆլիկտը» «տոտալիտար ԽՍՀՄ-ին հակադրվող» «դեմոկրատական Եվրոպան», «դեմոկրատական միջազգային հանրությունը» և այսպես կոչված «Մեծ տերությունները», բնականաբար նաև այսպես կոչված Մինսկի խումբն ու իր «երկկենցաղ» գործելակերպով համառորեն Բյուզանդիայի ճակատագրին ընդառաջ գնացող Ռուսաստանը և մյուս. (այդ թվում, որքան էլ զարմանալի լինի, գուցե նաև մեր «անկախ» պետության ղեկավարները…): Փորձենք այդ հարցին պատասխանել համացանցում տեղադրված, մեզ հասանելի մի շարք միջազգային   փաստաթղթերից, սկսելով այսպես   կոչված «Մադրիդյան սկզբունքներից» (ընդունված 29 նոյեմբերի 2007թ.) որոնց իրենց «հավատարմությունն են հայտնել» և մինչև այսօր հայտնում թե՛ ադրբեջանական, թե՛, որքան էլ զարմանալի է, հայկական կողմը…(իհարկե «ղեկավարները» և ոչ թե ժողովուրդը…): Այն նախատեսում է (թարգմանաբար   ռուսերենից).

  1. Լեռնային Ղարաբաղի շուրջ գտնվող տերիտորիաների՝ տարածքների   (հայկական ուժերի կողմից   ազատագրված՝ հայոց   ազգային-պատմական տարածքները. ըստ   ադրբեջանցիների՝ օկուպացված…) վերադարձ   Ադրբեջանի վերահսկողության տակ. որից հետո.
  2. Լեռնային Ղարաբաղին   ժամանակավոր ստատուսի տրամադրում՝   որը կապահովի նրա   անվտանգությունն ու ինքնակառավարումը. (Իսկ ինչու   անմիջապես` մինչ այդ` որպես առավել կամ պակաս չափով իրական երաշխիք, չեն ճանաչում Ղարաբաղի   անկախությունը գոնե շրջակա տարածքները   վերադարձնելու հետ միաժամանակ   կամ գոնե անմիջապես   հետո, մեղմ ասած   անհասկանալի   է…).
  3. Հայաստանի (ՀՀ-ի)   և Լեռնային Ղարաբաղի միջև   միջանցքի բացում.
  4. Ապագայում ԼՂ-ի   իրավական վիճակի վերջնական   որոշում՝ իրավաբանորեն պարտադիր   կամահայտնության   (բնակչության) հիման վրա.
  5. Փախստականների (հավանաբար   հայ, թե՛ օտար` ոչ բնիկ` «ադրբեջանցի») վերադարձ իրենց   նախկին բնակության վայրեր.
  6. Անվտանգության միջազգային երաշխիքների ստեղծում, «Ներառյալ   խաղաղությունը պահպանելուն ուղղված   օպերացիան»: Այս   սկզբունքներին համաձայնվել, կամ   ընդհանուր առմամբ համաձայնվել են երկու կողմերն էլ (եթե իհարկե համացանցային տեղեկությունները ճիշտ են) իրենց հետագա հայտարարություններով և ստորագրություններով՝ 2 նոյեմբեր 2008թ.՝ Մայնդորֆյան հռչակագրում՝ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի առաջին   դեմքերի`պրեզիդենտների ստորագրությամբ, 17 հունիսի 2010թ.՝ Սանկտ-Պետերբուրգյան հանդիպումներում՝ նախագահների և արտգործնախարարների մասնակցությամբ, Կանադական Մուսկոկ քաղաքում` 26 հունիսի 2010թ., և մինչև այսօր, ևն: (Մերոնք այնքան են ճարտարացել սուտ խոսելու մեջ, որ կարող են ասել` դե թուղթ է էլի ստորագրել ենք, բան է էլի, ասել ենք` ոչ մի թիզ հող չենք տա` ևն, ևն… Բայց չէ որ այդ «թղթի» կամ «թղթերի» պատճառով պատերազմը` կոնֆլիկտը հավերժական բնույթ է ստանում` համարյա թե ամենօրյա զոհերով…):

Բնականաբար հարցի նման լուծման դեպքում ԼՂՀ-ի ապագայի, նրա գոյատևման հարցը մեղմ ասած կասկածելի է թվում և պատահական չեն նախագահ Ի. Ալիևի խոսքերը (համացանցում տեղադրված): «Можно сказать, что в принципе основная часть переговоров по армяно-азербайджанскому нагорно-карабахскому конфликту завершена» և ապա: «Могу сказать, что внесенные предложения (Мадридские принципы или придложения -англ. Madrid proposals – M.T.) в целом, за определенными небольшими исключениями, обеспечивают интересы Азербайджана, его территориальную целостность, возвращение всех оккупированных районов под контроль Азербайджана».

Նման պայմաններում, երբ   երկու կողմերն էլ   համաձայնվել են Ադրբեջանի   համար ակնհայտորեն ձեռնատու   այդ համաձայնագրերին, դրան հավանություն տվող հետագա հայտարարություններին (կրկնում ենք՝   եթե իհարկե համացանցային   տեղեկությունները ճիշտ են.   իսկ դրանք պաշտոնական   են…), ապա հարց   է ծագում, թե   ինչո±ւ դրանք   չեն իրացվում ու…* ինչու են երբեմն-երբեմն նորից   արյունոտ՝ այդ թվում   առավել կամ պակաս   չափով զանգվածային կոնֆլիկտներ   լինում (օր.՝ ս/թ. ապրիլի   սկզբներին) որոնք երկու կողմից   էլ բազմաթիվ զոհեր   են տանում… Ո՞վ է   իրականում հրահրում նման   կոնֆլիկտներ, ու՞մ է   դա ձեռնտու… Ապրիլյան իրադարձությունները ցույց տվեցին «մեր» և նրանց ղեկավարությանն, որ «էքսպերիմենտը» («փորձարարությունը») չհաջողվեց. դեռ էլի պետք է սպասել…

Ինչպես արդեն ասացինք, Ադրբեջանը չէր կարող չհամաձայնվել   այդ` «Մադրիդյան» (և մյուս.) տարբերակին՝ նախկինում հայերից խլված`   բնիկ հայկական-ազգային   պատմական տարածքները վերադարձվում   են Ադրբեջանի հսկողության   տակ՝ Ղարաբաղը որպես մի փոքրիկ   կղզի՝ «միջանցքով» մնում է (եթե մնա…) «հսկայական» Ադրբեջանի կազմի մեջ մինչև ԼՂ-ի   ինքնորոշման հարցի լուծումը… կմնա՞ արդյոք մինչև այդ Ղարաբաղը, թե՞ ոչ   Աստված գիտի… Կամ նման վիճակով   «ինքնորոշում» արդյոք պետք է՞… Եվ   կամ ԼՂՀ ժողովուրդն արդեն   իր ինքնորոշման հարցը լուծել   է, ի՞նչ լրացուցիչ անկախության հանրաքվե…

Հիշատակված համաձայնագրերն առանց   ԼՂ-ի մասնակցության, նրա ժողովրդի   կամքը հաշվի առնելու,   առոչինչ են և   ԼՂՀ-ն պետք է,   իմ կարծիքով, պաշտոնական   հայտարարություն անի այն   մասին, որ ինքը   չի ճանաչում ՀՀ-ի,   Ադրբեջանի և մյուս. այդ   համաձայնագրերն ու հայտարարությունները՝ որպես   իր օրինական իրավունքներն   ու շահերը ոտնահարող   և ԼՂՀ-ի՝ որպես   կոնֆլիկտի միակ   և հիմնական կողմի   մասնակցությամբ պետք է սկիզբ դրվեն նոր լիարժեք ու իրավաչափ   բանակցությունների… (Ի դեպ ՀՀ-ը, նրա ղեկավարությունը, Ս. Սարգսյանը և մյուս. հասկացանք. իսկ արդյո±ք լուրջ ուսումնասիրման ու գնահատման կարիք չունի ԼՂՀ ղեկավարության իրական դիրքորոշումը. չէ որ այնտեղ էլ տևական ժամանակ է (մասնավորապես «զինադադարի տարիներին») ինչ բավական չափով արմատավորվել է հարստացման գերակայող գայթակղությունը…): Ըստ որում,   գոնե ՀՀ-ը պետք   է ճանաչի` առկա   պայմաններում, ԼՂՀ անկախությունն ու   նրան դիտի որպես   կոնֆլիկտի կողմ՝ հենց նրան էլ «հանձնելով» հարցի լուծումը: Անհրաժեշտ է նաև նկատի ունենալ, որ տերիտորիալ   անձեռնմխելիության և ազգերի   ինքնորոշման   միջազգային-իրավական   սկզբունքները միաժամանակ ներդաշնակ   (ավելի ճիշտ խաղաղ)   կարող են իրականացվել   միայն այն դեպքում` եթե   պետությունը, որից անջատվում   է ինքնորոշվող միավորը,   չի բռնանում այդ   իրավունքի իրականացմանը, իսկ   եթե բռնանում է,   ապա գերակայում է   ինքնորոշման իրավունքը (միջազգային   իրավունքի ոչ մի պրոֆեսոր   սրան հակառակը չի   ասի՝ անաչառ լինելու   դեպքում), քանզի հակառակ դեպքում այդ իրավունքը վերածվում է ոչինչ չասող, ոչ մի նշանակություն   չունեցող մի դատարկ   ֆրազի… Տերիտորիալ   անձեռնմխելիության՝ ամբողջականության սկզբունքը որպես կանոն գործում է այն   դեպքում, երբ օր.` պետության դեմ   ագրեսիա է իրականացվում, մյուս   դեպքերում դա ինքնորոշման   սկզբունքին հակադրվող, կամ զուգահեռ   գործող կամ հավասարակշռող չէ… Այս տարրական բանը շատ լավ գիտեն ոչ միայն միջազգայնագետները, այլև, առավել ևս «Ղարաբաղյան կոնֆլիկտի» բոլոր մասնակիցները… Այդ մասին   ևս բավական հստակ   ներկայացրել եմ նաև   պ-ն Ի.Ալիևին ուղղված   իմ նամակում (ռուսերեն), որը   տպագրվել է 2014թ.[4]: Տարրական բան` եթե ղեկավարվենք տերիտորիալ անձեռնմխելիության` գերակայության սկզբունքով,     ապա թե՛ Ալեքսանդր Մակեդոնացու լայնածավալ   պետության, թե Չինգիզ խանի   պետության, Օսմանյան և ռուսական   կայսրությունների, առավել ևս   միջազգայնորեն ճանաչված ԽՍՀՄ-ի փլուզումն ու անկախ պետությունների ձևավորումը հակաօրինական է,   միջազգային իրավունքին հակասող. սա արդեն զավեշտ է… Կամ հայկական   Նախիջևանի բնակչությունն այսօր բացարձակապես ադրբեջանցիներ են՝   անշուշտ նրանք էլ ունեն ինքնորոշման   իրավունք, որքան էլ որ տարօրինակ լինի Ադրբեջանի կազմում ադրբեջանցիների ինքնավարությունը՝ ի դեմս   Նախիջևանի Հանրապետության…, ինչպես   Ղարաբաղի հայերը, նրանց՝ ադրբեջանցիներին, հո չենք կարող քշել այնտեղից.   կամ ասել, քանի որ   դա`Նախիջևանը, հայկական պատմական   տարածք է, պետք է անպայման ՀՀ կազմում   լինեք… Այսօր սա է   իրողությունը (վաղը եթե ՀՀ-ում պարսիկները և մյուս. ևս մեծամասնություն կազմեն, եթե երկիրը շարունակվի այսպես դատարկվել…, նրանք էլ են ինքնորոշման իրավունք ձեռք բերելու. ինչ մի զարմանալի բան է…):

Ժողովուրդներին պետք է անաչառ ձևով ներկայացնել իրականությունը,   հնարավորություն տալ շփվելու,   հաղորդակցվելու միմյանց հետ,   ձեռնպահ մնալ նման   հարցերն իրենց՝ կառավարող   ուժերի կամ խմբավորումների շահերին   ծառայեցնելուց՝ նրանց մենաշնորհը   համարելուց. ի վերջո նաև   պետք է հասկանալ,   որ երկու ժողովուրդներն էլ   «անկախ պատմությունից» «դատապարտված են» կողք-կողքի ապրելու. հակառակ մոտեցումներն (մանավանդ արհեստականորեն թշնամություն հրահրող ադրբեջանական կեղծ պատմահայրենասիրական քարոզչությունն ու ծավալապաշտական նկրտումները), ակնհայտ թշնամություն են սեփական ժողովուրդների նկատմամբ՝   հղի անկանխատեսելի ծանր   հետևանքներով. այդ թվում   կարող են ժողովուրդներին ոտքի   հանել հենց սեփական   կառավարողների դեմ, դրանից   բխող բոլոր ողբերգական   հետևանքներով   հանդերձ…

Եթե ամփոփ ձևով ներկայացնենք մեր   կարծիքը «Ղարաբաղյան կոնֆլիկտի» լուծման՝   առկա ներքին և   արտաքին իրողությունների պայմաններում, հարցում   ապա պետք է   նշենք՝

Նախ ակնհայտ է, որ անկախ մեր իշխանությունների ամպագորգոռ հայտարարություններից, ադրբեջանցիները «ապրիլյան պատերազմում» որոշ հաջողությունների հասան՝   հաղթեցին` թեկուզ և մեկ-երկու   «պոստ գրավելով»… Այն, որ   նրանք շատ չկարողացան խորանալ,   դա իրոք մեր   ժողովրդի ոգու պոռթկման   արդյունքն էր.* իսկ   այսպես անվերջ շարունակվել   չի կարող. մանավանդ   երկրի ներսոցիալական մեղմ   ասած ոչ այնքան բարենպաստ վիճակը   հաշվի առնելով… (թեպետ չեմ   կարծում, թե այդ   առումով Ադրբեջանում իրավիճակն   իդեալական է… որն, անշուշտ, մեզ համար բնավ էլ մխիթարություն չէ…):

Երբ մայիսի 16-ի «հանդիպման» առիթով մի   մտավորականի հարցրի թե Ղարաբաղյան հարցով նոր հանդիպմամբ` ապրիլյան դեպքերից հետո, ինչ են պայմանավորվել ասաց. «պայմանավորվել են,   որ հանդիպեն»- «Հանդիպել են պայմանավորվել, որ հանդիպեն». համարյա ծաղր   է:  

Մադրիդյան, Մայնդորֆյան, Կազանի ևն, սկզբունքները, համաձայնագրերը պատերազմի իմիտացիաներով, «դիվանագիտական գաղտնիքներով» չես քողարկի՝ գոնե հիմա… Մարդիկ շարունակում   են գնալ, զոհվել չիմանալով թե իրենց թիկունքում ինչ է կատարվում… Հիմնախնդրի լուծման   ուղիներն առկա իրավիճակում   մենք համարում ենք   հետևյալը.

  1. Ինչպես ակնարկեցի արդեն, ԼՂՀ-ը հանդես է գալիս հայտարարությամբ, որ ինքը չի ճանաչում մեր հիշատակած, իր ինքնորոշման իրավունքին ակնհայտորեն անհարիր համաձայնագրերը, որոնք արվել կամ ստորագրվել են առանց իր մասնակցության: Լավ կլիներ, անշուշտ, որ դրան նախորդեր ՀՀ-ի հայտարարությունը ԼՂՀ-ի անկախությունն ճանաչելուն ուղղված (ըստ որում,   ներառյալ՝ ազատագրված   տարածքներում): Դա պետք   է սկիզբ դնի   բանակցությունների որակապես նոր   փուլի (եթե, անշուշտ, ԼՂՀ ղեկավարությունը դրան համաձայն է. իհարկե մենք իզուր չենք մեր ուշադրությունը կենտրոնացրել ՀՀ «ղեկավարության» վրա, բայց ԼՂՀ-ի «ղեկավարությանը» ևս աչքաթող անել չի կարելի…):
  2. Կամ եթե   ԼՂՀ-ն որոշ տարածքներ   պետք է զիջի,   ապա դրան պետք   է նախորդի   Ադրբեջանի կողմից ԼՂՀ-ի   անկախության ճանաչումը, թեկուզ   միայն որպես երաշխիք   այն բանի, որ   Ադրբեջանի հետագա հնարավոր   ոտնձգությունները կդիտվեն որպես   ագրեսիա միջազգային-իրավական ճանաչում   ստացած պետության` ԼՂՀ-ի դեմ… Ի դեպ   տարբերակ է   նաև ԼՂՀ-ն` ազատագրված   բոլոր տարածքներով իրավաբանորեն   և փաստորեն ՀՀ-ին   միանալը, մանավանդ դրանց՝   ազատագրված տարածքներից զգալի   մասը՝ Սյունիքի տարածքներն   են՝ օր.573կմ2 Գորիսի՝   պատմական Հաբանդի մասն   են ևն: (Երևի սյունեցիք` գորիսեցիք, մտածում են դրանք` ազատագրված տարածքները, «Փարիզի հաշտության կոնֆերանսում ստանալ…»): Ինչու ենք «ամաչում». քանի դեռ դրանք չենք միացրել   ՀՀ-ին՝ վիճակը մնալու   է պայթունավտանգ… Մենք ունենք   նաև ՀՀ-ի որոշումը՝   Հայաստանի և ԼՂՀ-ի միավորման   մասին. ինչու դա չենք իրականացնում՝ չէ որ այդ հողերի ազատագրում, արդեն փաստացի միացում՝   միավորում է տեղի   ունեցել և մնում   է միայն   նոր իրավական ակտով   դա ճանաչել` արձանագրել: Իհարկե այս դեպքում, ինչպես, բնականաբար, ԼՂՀ ճանաչման դեպքում, մեր ղեկավարությունը (գուցե նաև ԼՂՀ` Աստված մի արասցե…) բավական ծանր վիճակի մեջ կընկնի` քանզի «Մինսկի խումբն» ու «Մեծ տերությունները» կասեն. «Այս ի±նչ եք անում` ստորագրում եք «հողերը հանձնելու», (ինչպես ժողովուրդն է ասում – Մ.Թ.) մասին, հետո ուրիշ բան եք անում… Գուցե նաև մի շարք այլ տհաճ վիճակներ ստեղծվեն…»: Բայց սա այն դեպքն է, երբ իրոք նպատակն արդարացնում է միջոցները… Ինչ որ է. այս 25 տարիների ընթացքում առաջընթաց չի եղել, բացառությամբ մի քանի «պոստեր հանձնելը…». մինչև երբ պետք է «խունջիկ-մունջիկ անենք» (Ռոբերտ Սիմոնյանի խոսքերով` կապիկություններ…)
  3. Կամ մեկ   այլ տարբերակ՝ Ադրբեջանը ճանաչում   է ԼՂՀ-ի անկախությունը և   նույն ակտով ԼՂՀ-ն ֆեդերատիվ հիմունքներով մտնում է Ադրբեջանի կազմի մեջ՝ ազատագրված բոլոր   տարածքներով, նաև Շահումյանի շրջանով   և ֆեդերացիայի սուբյեկտի իրավական   վիճակով կարգավորում է մյուս   հարցերը կամ վիճելի   թվացող հարցերը: Սա իհարկե   Ղարաբաղի համար հայտնի չափով   ծանր տարբերակ   կլինի,   կամ կարող է   այդպիսին թվալ, բայց դա ավելի լավ է, քան այս հեղհեղուկ վիճակը, կամ «մեր ղեկավարության գաղտնի համաձայնագրերը», անպտուղ հանդիպումներն ու պատերազմի մշտական   վտանգը, ինչպես և անընդհատ զոհեր խլող պատերազմների հնարավոր   իմիտացիաները…

Անշուշտ այս՝ երրորդ տարբերակի դեպքում   երկկողմ երաշխիքների՝ թե՛ Ղարաբաղի   և թե՛ Ադրբեջանի համար, ստեղծման նպատակով ճիշտ կլիներ նույն հիմունքներով Նախիջևանի ՀՀ կազմի մեջ մտնելը (եթե մեծամասնություն կազմող հայ բնակչությամբ Ղարաբաղը թողնում ես Ադրբեջանի կազմում, ապա ինչ մի տարօրինակ բան կա Նախիջևանը՝ ադրբեջանական բնակչությամբ և Ադրբեջանի հետ ոչ մի սահման չունեցող ֆեդերատիվ հիմունքներով ՀՀ կազմ մտնելը):

Հայ ժողովուրդն անշուշտ կլինի Ղարաբաղի՝ Արցախի հայության հետ` անկախ պ-ն Ս.Սարգսյանից և մյուսններից…, բայց հիմնախնդրի լուծումն այսօր արդեն պետք է հանձնել Ղարաբաղին և ոչ թե ՀՀ-ին`եթե իհարկե ԼՂՀ ղեկավարությունը չի առարկում…

Հիմնախնդրի լուծումն այսպիսի վիճակով թողնելը, կամ «Մադրիդյան սկզբունքներով»˟ այնպես, ինչպես դրանք այսօր կան, «լուծումը», մեր խորին համոզմամբ հղի են առավել լայնածավալ կոնֆլիկտներով ու անկանխատեսելի՝ աննախադեպ ծանր հետևանքներով` այդ թվում հավերժական պատերազմական վիճակով…

Անշուշտ իրավացի է «Գործընթաց» թերթը, որն իր 2016թ. մայիսի 17-ի համարում գրում է. «Քանի դեռ ԼՂՀ-ն չի մասնակցում բուն բանակցություններին, խաղաղության հաստատման ջանքերը զուտ ձևական ժամանակ են ձգում, սահմանին շարունակվում են զոհվել զինվորներ, որի պատասխանատվությունը կրում են այն սուբյեկտները, ովքեր խորշում են իրականությունը գնահատել համարժեք»:

ԼՂՀ-ին անկախ ու կողմ չճանաչելը, մեծ հաշվով նշանակում է միջազգային փաստաթղթերում ամրագրված նրա ինքնորոշման իրավունքի չճանաչումը… Ահա թե ինչու գոնե այսօր, գոնե ՀՀ-ը պետք է ճանաչի այդ իրավունքը, որպեսզի`

  1. նախ` նա` Հայաստանի Հանրապետությունը, լիարժեք` օրինական միջազգային-իրավական և ներպետական կապերի, հարաբերությունների մեջ մտնի ԼՂՀ-ի հետ.
  2. երկրորդ՝ իրավաբանորեն հնարավորություն տա ԼՂՀ-ին ազատվելու իր վզին փաթաթված Մադրիդից, Մայնդորֆից ևն.

ՀՀն չի ճանաչում ԼՂՀի անկախությունը, որովհետև «Մեծ տերությունների» և իմ կարծիքով Ադրբեջանի հետ ուրիշ բան է պայմանավորվել և ճանաչելու դեպքում կխախտվեն այդ պայմանավորվածությունները Իսկ ինչո՞ւ է այդպես պայմանավորվել. մեր «առաջնորդներից» բոլորս ենք պատասխան ուզում…

Անշուշտ թե՛ ՀՀ-ն և թե՛ Ադրբեջանն ուժեղ պետություններ չեն՝ թե՛ արտաքին -քաղաքական և թե՛ առկա ներսոցիալական վիճակի առումով. բայց դա չի նշանակում, թե նրանք խաղալիք պետք է դարձնեն իրենց պետությունների ու ժողովուրդների շահերը «Մեծ տերությունների» ձեռքին: Չի կարելի մոռանալ նաև, որ այսպես կոչված «Մեծ տերությունները» ևս հայտնի չափով կախված են «փոքրերից». և, ինչպես այդ կախվածությունը խելացի օգտագործելով, այնպես էլ հատկապես ներպետական իմաստավորված խելացի կառավարում ու կարգեր ստեղծելով, բնականաբար նաև ներսոցիալական միասնություն ստեղծելով, միանգամայն հնարավոր է   լուրջ գործոն դառնալ նաև մեծ տերությունների հետ հարաբերություններում և առավել կամ պակաս չափով հաջող կերպով լուծել ծագած հիմնախնդիրները: Մենք, ավելի ճիշտ իշխանության անցած, անկասկած նաև հարստացած, մեր ղեկավարությունը (նաև, մեր կարծիքով ԼՂՀ), մի տեսակ վախկոտ է դարձել 1988-ի համեմատ… Մինչդեռ այդպես հարց չի լուծվի: Մի քանի օր առաջ Գերմանիան համարձակորեն իր վրա վերցրեց «ուրիշի դարդը»` ճանաչեց օսմանյան թուրքերի կողմից իրականացրած հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանությունը. լարված են և հակասական նաև ռուս-թուրքական և ռուս-ամերիկյան հարաբերությունները` չնայած որոշ «սիլի-բիլիների». իր հերթին Եվրոպան ևս կարծես թե ուզում է ճանաչել թուրքերին… Կարծում ենք, որ այդ (և մի շարք այլ) միջազգային-քաղաքական գործոնները` պայմանները բավական նպաստավոր են մեզ համար. մասնավորապես նաև հիշեցնելու, որ Ղարաբաղն ու Նախիջևանը ևս (մասնավորապես դրանք Ադրբեջանին միացնելը) վերջին հաշվով Օսմանյան թուրքերի` նաև Արևելյան Հայաստանում իր «Կովկասյան դաշնակից»` «փոքր եղբայր» ադրբեջանցիների հետ իրականացրած հայերի ցեղասպանության կամ պանթուրքիզմի ընդհանուր ծրագրի հետևանքն են[5]: Հիմնախնդիրը պետք է առաջադրել նաև այդ տեսանկյունից: Ըստ որում, ոչ ոքի համար, գոնե մեզ համար, գաղտնիք չեն այն անառարկելի պատմական փաստերը, որոնք ապացուցում են թուրքերի և «ադրբեջանցիների» կողմից Անդրկովկասում իր ազգային-պատմական հողերի վրա (այդ թվում բնականաբար Նախիջևանում և Արցախ-Ղարաբաղում) բնակվող բնիկներին` հայերին կոտորելու, ուծացնելու, նրանց տարածքները բաժան-բաժան անելու, վերաբաժանումների և այլ միջոցներով դուրս մղելու պանթյուրքիստական ծրագրերը…

Ի դեպ ապրիլյան «պատերազմը» ևս բավարար հիմք էր ՀՀ-ի և ԼՂՀ-ի համար վճռական քայլեր` գոնե իրավաքաղաքական բնույթի, ձեռնարկելու. հավանաբար այստեղ ևս նորից խանգարեցին «միջազգային համաձայնությունները…»: Ապրիլյան իրադարձությունները հավանաբար ի հեճուկս Ադրբեջանի ղեկավարության սպասելիքների, իսկ գուցե և ի զարմանս մեր ղեկավարության…, ցույց տվեցին, որ մեր ժողովուրդը «պատրաստ չէ հողեր հանձնելու…»: Եվ այս առումով` զինադադարը խաբուսիկ է. այն «օգտակար է» սոսկ ժամանակ շահելու համար, որ մեր ժողովուրդը պատրաստվի զիջումների ու նրա ոգին վերջնականապես ջլատվի… Իսկ ինչպես պետք է պատրաստվի` երբեմն-երբեմն բռնկվող ու զոհեր խլող զինված ընդհարումներով, ներսոցիալական ծանր վիճակներով, շարունակվող արտագաղթով, «զզվեցնող», հուսահատեցնող այլ պայմաններով… Ամենից վտանգավորն հենց այն է, որ մեր ժողովուրդն այսօր` ապրիլյան իրադարձություններից հետո անգամ, լռում է… Հիմա պետք է սթափվել ու վճռական քայլերի դիմել. 1915թ.-ից հետո Թալեաթին, Էնվերին և մյուս. խփեցին` և հետո` ի±նչ շահեցինք. ենթադրենք Ղարաբաղն ու ազատագրված մյուս տարածքները կորցնելուց հետո դրա համար նորից նման վրիժառության ակտեր եղան, դրանից ինչ օգուտ… (Գուցե և Մադրիդյան և մյուս փաստաթղթերը սոսկ մեր դիվանագիտական քայլերն են, շատ կուզենայի հավատալ…, բայց մինչև երբ` մանավանդ այսօր, երկրի այս վիճակում…):

x x x

 

   Անշուշտ երկրի (ցանկացած) ներսոցիալական, ազգային միասնությունը,   միասնականությունը երկրի, պետության հուսալի գոյատևման, հզորության ամենամեծ   գրավականն է: Բայց այդ միասնությունը չի կարող   ապահովվել կարգախոսներով, նույնիսկ արտաքուստ շատ հնչեղ. անցյալի հերոսական էջերը հիշելով կամ թմբկահարելով՝ այն պայմաններում, երբ այդ միասնականությունը խախտվել է տիրապետող՝ Սահմանադրությամբ և մյուս օրենքներով պաշտպանվող այնպիսի կարգերով, որոնք հանգեցրել և ավելի են խորացնում ներսոցիալական, մասնավորապես գույքային, աննորմալ բևեռացումները, բերելով զանգվածային աղքատություն, գործազրկություն, մարդկանց մղում սեփական   անկախ երկրից փախչելուն. ևն, ևն: Չի   կարող միասնություն լինել ավազակի և ավազակային հարձակման՝ կողոպուտի ենթարկվածի միջև…իսկ նման պայմաններում, անգամ հազարամյակներով բյուրեղացած   հայրենասիրական ոգին էլ   վաղ թե ուշ սպառվում է…

   Միասնականության ապահովումը   նրա համար չէ, որ ինչ-որ մեկի դեմ կռիվ   սկսենք. դա ընդհանրապես ժողովրդի, երկրի ու պետության ներքին և արտաքին վիճակի առումով առավել կամ պակաս   չափով հուսալի գոյատևման   գրավականն է՝   դա նրանց գոյատևման՝ կյանքի անխախտելի   հիմքն է, նախադրյալը: Այդ պայմանի չապահովումը ոչ   միայն սոցիալական ավերիչ ցնցումների   պատճառ կարող է դառնալ, այլև երկիրը, պետությունը դարձնում է հնարավոր   աղետներին դիմակայելուն անընդունակ…

Ձևական ժողովրդաիշխանության հռչակումն (ՀՀ Սահմանադրության 2-րդ հոդված) ու իրականում իրավաբանորեն ու հատկապես փաստորեն ժողովրդի հեռացումն իշխանության կազմակերպմանն ու դրա` իշխանության իրականացման նկատմամբ ժողովրդի գործուն հսկողությունից. ազգային, ներսոցիալական միասնությունը խարխլող ամենավտանգավոր գործոններից է, եթե ոչ ամենավտանգավորը… ՀՀ-ում օր.՝ այս 25   տարիների անկախության գործընթացը, որի «պսակը» 6.XII.2015թ. ընդունված   Սահմանադրությունը հանդիսացավ, ընթացել   է և շարունակվում   է ընթանալ հենց   այդ վտանգավոր ճանապարհով՝ որպես կանոն ի շահ   կառավարող՝ տնտեսապես և քաղաքականապես իշխող   խմբավորման կամ խմբավորումների. հենց   դրանում պետք է փնտրել երկրի այսօրվա և վաղվա ավելի աղետալի վիճակի գաղտնիքը…[6] Մեր դժբախտությունը, մեր ծանր   վիճակը, հիմնախնդիրներն ու   անհաջողություններն իրավաբանորեն   և փաստորեն գոյություն ունեցող վատ կարգերի ու հարաբերությունների մեջ   է՝ դրանց պատճառները դրա, մեր մեջ պետք է փնտրել և ոչ թե իրենց ազգային-պետական շահերը պաշտպանող մեր «խնամակալների», «հոգաբարձուների» (Ռուսաստան և ուրիշ.) մեր նկատմամբ   պակաս հոգատար լինելու… Սա նույնիսկ   անպատվաբեր է, անարժանապատիվ…

Երկիրը կարիք   ունի, վաղուց արդեն   դրա կարիքն ու   հրատապությունը կար և   կա, արմատական սոցիալ-տնտեսական, պետաիրավական՝ իրական   ժողովրդաիշխանական   փոփոխությունների՝ սկսած բազմակացութաձևության հիմքի վրա սեփական   արդյունաբերության, առաջին   հերթին ծանր, այդ թվում   պետական, ստեղծումից, մինչև   գյուղատնտեսության վերափոխումները՝ դարձյալ բազմակացութաձև սեփականության հիմքի   վրա, պետական համակարգի լուրջ   վերափոխումներից՝ ընտրովի դատական   համակարգի ստեղծում, ժողովրդական ներկայացուցիչների թվի ընդլայնում՝ նրանց ընտրությունն անմիջապես ժողովրդի   կողմից և ոչ   թե կուսակցությունների միջոցով.   լուրջ փոփոխություններ մյուս   բնագավառներում, ևն:

ԽՍՀՄ փլուզման արդյունքում այդքան հեշտ ստացված «անկախությունը», որը   թմբկահարվում է իբրև   թե որպես մեր ջանքերի   արդյունք, իրականում   պետք է ստեղծվի.   ցավոք այն երկրի   ամրության, հզորության առումով   այս 25 տարիներին չի ստեղծվել…

Երկիրը, պետությունն ուժեղ է իր հարուստ և   ներսոցիալապես միաձույլ ժողովուրդով, իսկ   մենք այսօր ունենք   ինքնատարագրվող ժողովուրդ, զանգվածային   գործազրկության, աղքատության պայմաններում առասպելական կարճ ժամկետում միլիոնատերեր, միլիարդատերեր դարձած օլիգարխներ, հարուստ՝ ուռճացած քրեածին բոռեր. ևն, ևն: Արտաքին   հայտնի անբարենպաստ միջավայրում   գտնվող, դրա հետ մեկտեղ խարխլված ու   խարխլվող ներսոցիալական վիճակով երկիրը, ժողովուրդն ու պետությունը ոչ   հեռավոր ապագայում լիովին   անզոր կլինեն դիմակայելու   հնարավոր աղետներին, իրենց   նետված   մարտահրավերներին:

Սա՝ երկրում հրատապ արմատական փոփոխությունների իրականացման   անհրաժեշտությունն էլ պետք   է լինի այս   25 տարիների («հոբելյանական» տարեթվի), նաև մեր պատմական   զարգացման փորձից բխող, միակ   կամ հիմնական հետևությունը. այլապես   համատարած աղետն անխուսափելի   է…

Երկիրը փաստորեն ու իրավաբանորեն ընթանում է սխալ, անհեռանկար, անհուսալի   ու աղետաբեր ճանապարհով՝ իրեն չարդարացրած սոցիալ-տնտեսական, պետաիրավական   կարգերով. դրանք պետք   է որակապես փոխեն՝   երկիրը, ժողովրդին ու պետությունը շուտափույթ   այս վիճակից հանելու՝   աղետը կանխելու համար. վաղուց դա   հասկանալ էր պետք…* Իսկ   ի՞նչ են մտածում   և ինչի՞ են   սպասում նավաբեկության ենթարկված, մահաբեր փոթորիկների վրա անհույս   տարուբերվող մեր տարաբախտ   ժողովրդի կիսակործան վիճակի հասցված նավի   ղեկին կանգնած մեր «առաջնորդները». 25-ամյա «հոբելյանի» նախաշեմին   մնում է անբացատրելի… Աստված մեզ   օգնական…


[1] Տես օր.`Սերգեյ Ավագյան, Ցեղասպանությունն Արևելյան Հայաստանում, «ՎՄՎ -ՊՐԻՆՏ» հրատ., Երևան, 2014, էջ 328, և ուրիշ.:

[2] Տես Академик В.В. Бартольд, Сочинения, т 2, ч. 1. Общие работы по истории Средней Азии. Работы по истории Кавказа и Восточной Европы. Изд. Восточной литературы, Москва 1963 сс. 656, 669-670, 703, 773, 775-783 և հտ.:

[3] Ավելի մանրամասն տե՛ս Академик Бартольд В. В., Сочинения, т 2, ч 1. Общие работы по истории Средней Азии. Работы по истории Кавказа и Восточной Европы. Изд. Восточной литературы, Москва 1963, Мирза Джамал Джеваншир Карабакский, История Карабаха. Изд. АН Азербайджанской ССР. Баку 1959, Էնաէթոլլահ Ռէզա, Ազարբայջան եւ Առան (Կովկասեան Ալբանիա), Երևան, 1994թ`թարգմանություն պարսկերենից և ուրիշ., նաև` Մ.Մ. Թելունց, Հայ իրավաքաղաքական, պետաիրավական միտքը   Հայաստանի ազատագրման ծրագրերում: Արցախի և Սյունիքի ազատագրական պայքարը 1722-1730թթ. և հայկական պետականության վերականգնման ջանքերը, «Հրազդան» հրատ., Երևան, 2003, Телунц М.М., Из истории   освободительный борьбы Сюника   и Арцаха. Некоторые аспекты самоопределения НКР. Изд. «Эдит Принт», Е., 2006, Телунц М.М., Россия и освободительное движение Сюника и Арцаха в   первом тридцатилетии XVIII века. Некоторые вопросы самоопределения НКР. Изд. ,,Эдит Принт”, Ереван, 2014, նաև` Գարդմանի և   Շիրվանի հայության պատմա-մշակութային ավանդները`29-30 ապրիլ 2016թ. Հանրապետական գիտաժողովի նյութերը, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., Երևան 2016 և ուրիշ.:

* «Չար լեզուներն» ասում են (ի դեպ համացանցում ևս արդեն բողոքի   բազմաթիվ ձայներ են   հնչում՝ անգամ ազգային-պետական դավաճանության մեղադրանքով…)˟, որ նույնիսկ ապրիլյան   իրադարձությունները՝   ադրբեջանական հարձակումը, պատերազմի իմիտացիա էր՝   փոխհամաձայնություն՝ ԱՄՆ-ում գտնվող   երկու երկրների նախագահների և «մեծ տերությունների» միջև, դրա  իրացում՝ քանզի «հողերը» հենց   այնպես հանձնելն այլ   արձագանք կարող էր գտնել   հայ հասարակության մեջ, և այն   ուղղված էր հենց   հիշատակված համաձայնագրերի, հռչակագրերի   իրացմանը. ես իհարկե դժվարանում   եմ հավատալ դրան. բայց որ մեր առաջին դեմքերը՝ նախագահ, պաշտպ. նախարար և այլք, բավարար հստակություն չեն մտցնում հիմնախնդիրը ժողովրդին՝ լայն հասարակայնությանը, ազնիվ ու անաչառ ներկայացնելու ձևով. շատ իրողությունների, այդ թվում վերը նշված համաձայնագրերի պարզաբանման   հարցում. փաստորեն բավարարվելով սոսկ ամպագորգոռ ու սնապարծ հայտարարություններով, մեղմ ասած փոքր-ինչ   տարօրինակ է թվում… Այնուամենայնիվ, անվստահությունն   իշխանության նկատմամբ, եթե այն իրական հիմքեր   ունի (Աստված մի արասցե) լուրջ վտանգ է երկրի ազգային   անվտանգության համար… Մանավանդ, որ մեր   նախագահի «ելույթներից», անգամ «ապրիլյան   պատերազմից» հետո, ոչ   մի բան չես   հասկանում… Ինչ մի դժվար բան է ասել՝ նախ` Ղարաբաղի վերաբերյալ հիշյալ   փաստաթղթերը ինչո՞ւ ես ստորագրել, կամ հավանություն տվել, երկրորդը՝ հիմա ինչպիսի±ն է, ինչպե±ս է նախատեսված   Ղարաբաղյան հարցի վերջնական   լուծումը ևն… Մարդիկ կարծում   են թե ազատագրված հողերը հետ   չեն տալու (տա   Աստված այդպես էլ   լինի), գնում և   զոհվում են, իսկ մեր   ղեկավարներն ու դիվանագետները կուլիսային համաձայնագրեր են կնքում ճարտար ձևով քողարկելով դրանք   (այսինքն խաբում ժողովրդին)… Այն, որ   Ղարաբաղը պետք է անկախ   լինի, դա նախատեսված է նաև   Մադրիդյան սկզբունքներով. բայց   այդպիսի «անկախության» դեպքում Ղարաբաղը կլինի, թե չի լինի հայկական, չեն ասում… Արդեն հիմնախնդիրը, նրա   լուծումը «թաքուն պահելու» տեղ չկա. պետք է այն հանձնել ժողովրդին, լսել նրա կարծիքը, առաջարկությունը և   ոչ թե անել   այնպես, որ մարդիկ ի   վերջո զզվեն ու   ասեն` ինչ ուզում եք   արեք՝ ուզում եք` «Մադրիդյան սկզբունքով» լուծեք հարցը, ուզում եք Ղարաբաղը Ադրբեջանին տվեք, ուզում եք Թուրքիային տվեք կամ Ռուսաստանին. այսպես այլևս չի կարող շարունակվել… Տե՛ս օր.՝ «Քաշաթաղ» հասարակական-քաղաքական   կազմակերպության նախագահ Ռոբերտ Սիմոնյանի 16.04.2016թ. ելույթը և ուրիշ… Ինչպես արդեն ակնարկեցի ես բոլորովին էլ հակված չեմ հավատալու, որ մեր երկրի ղեկավարությունն ընդունակ է սեփական ժողովրդի նկատմամբ նման դավադիր քայլերի` որոնց մասին նշում է «Քաշաթաղ» հասարակական-քաղաքական կազմակերպության ղեկավարը, բայց և հարց է ծագում. պ-ն նախագահն և մյուսները, եթե պատվի և արժանապատվության տարրական զգացում ու պետական մտածողություն ունեն ինչու դատի չեն տալիս (պահանջում քրեական գործ հարուցելու ևն) ու հերքում այդ ծանր մեղադրանքները. չէ որ այս դեպքում լռությունը ոչ թե արհամարանք է սոսկ պ-ն Սիմոնյանի կամ մեկ ուրիշի նկատմամբ, այլ սեփական ժողովրդի` մի ամբողջ ժողովրդի նկատմամբ… Առավել ևս նման լռությունը մեծահոգություն կամ անմեղություն չի խորհրդանշում… Սկզբում տ-ն Զ. Փոստանջյանը նախագահին մեղադրեց մի հսկայական գումար մոլեխաղերում տարվելու` վատնելու մեջ` ոչ մի իրական ու լուրջ արձագանք, հիմա էլ հայրենիքի կամ պետական դավաճանության մեղադրանք   և կարծես թե դարձյալ ոչ մի արձագանք… Սա չափազանց մտահոգիչ է… Պակաս զարմանալի չէ նաև Ղարաբաղի ղեկավարության կեցվածքը. որը չգիտես ինչու հայտարարություն չի անում բոլոր այդ դավադիր քայլերը (եթե իրոք դրանք կան) դատապարտելու ինչպես նաև, բնականաբար, Մադրիդյան սկզբունքերը և առանց իր մասնակցության ու համաձայնության մյուս համաձայնությունները մերժելու` չճանաչելու մասին ևն… Ի դեպ դրան կարող է անմիջապես հաջորդել ԼՂՀ ժողովրդի հանրաքվեն ՀՀ-ի հետ միավորվելու հարցով. կարծում եմ, որ այս դեպքում պ-ն Սարգսյանը և մյուս. չեն ասի, թե մենք Ղարաբաղը չենք ընդունում… Դրա հետ մեկտեղ, ինչպես արդեն ակնարկեցինք, ՀՀ-ի կողմից ԼՂՀ անկախության ճանաչումն ու դրանից անմիջապես հետո ԼՂՀ-ի հանրաքվեով արտահայտված կամքը` ՀՀ-ի հետ միավորվելու մասին հարգելն այսօր արդեն կենսականորեն կարևոր ու հրատապ է: Մի խոսքով բանական քայլերը, տարբերակները քիչ չեն. միայն թե այլևս հապաղել չի կարելի… Ղարաբաղը փաստորեն միացած է ՀՀ-ին. մնում է միայն դրան իրավաբանական ձևակերպում տալ և ամբողջ ժողովրդով պաշտպանել այդ փաստը. այս դեպքում թե¢ Ադրբեջանը, և թե¢ մյուսները կընկրկեն այդ փաստի առջև… (Եվ ընդհանրապես, կարծում ենք, որ վաղուց արդեն ժամանակն է, այսօր առավել ևս, թե¢ մեր ներսոցիալական տագնապահարույց հիմնախնդիրների, և թե¢ ԼՂՀ-ի հարցի լուծումը ժողովրդին հանձնելու…):

Պ-ն Սիմոնյանի ելույթից հետո լսեցինք նաև ԼՂՀ ՊԲ-ի նախկին հրամանատարին` Սամվել Բաբայանին, որը ըստ էության հաստատեց, բայց անհամեմատ հավասարակշռված ոճով, Սիմոնյանի բարձրացրած մտահոգիչ խնդիրները, հարցերը: Փաստորեն երկիրը (և ՀՀ-ը, և ԼՂՀ-ը) գտնվում է տագնապահարույց վիճակում թե¢ ներսոցիալական առումով` մասնավորապես երկրի պաշտպանունակության, ազգային անվտանգության հարցում, այնպես էլ, բնականաբար, ԼՂՀ-ի հիմնախնդրի առնչությամբ: Մինչդեռ այդ պայմաններում` համատարած աղքատության պայմաններում ունենք առասպելական կարճ ժամկետներում միլիարդատերեր դարձած ու այսօր էլ գերհարստացող «բիրդան աղաներ». ինչու նրանք իրենց միլիարդներից չեն ներդնում երկրում գործարաններ, հատկապես սեփական ռազմաարդյունաբերական համալիր ևն, ստեղծելու, ժամանակակից զենք ձեռք բերելու համար. և ի դեպ պ-ն Բաբայանի հետ համաձայն չենք հատկապես այս վերջինի` սեփական արդյունաբերության, հատկապես ռազմական, ստեղծելու հարցում`միջոցներ չունենալը ևն, հակառակը` մենք հարուստ հումք   ունենք` երկաթ, պղինձ, և ալյումին   ևն, նույնիսկ ուրան. մինչդեռ դրանց շահագործման` շահույթի առյուծի բաժինը մտնում է առանձին անձանց գրպանները… Ամբողջ երկրով, ժողովրդով մեկ պետք է տագնապ հնչեցնել, ու±մ ենք սպասում… Աստված բարեհաճ է մեր նկատմամբ. պարզապես մենք ենք, որ չենք գիտակցում ու ճակատագրական պահերը կորցնում ենք…

[4] Տե՛ս Телунц М.М., Письмо президенту республики Азербайджан господину Алиеву И.А. Изд. «Эдит Принт», Ереван, 2014., նաև Телунц М.М. «Россия и освободительное движение Сюника и Арцаха…»-Գրախոսականը՝ «Հայաստանի Հանրապետություն» 25 դեկտեմբերի 2015.

* Եվ կամ «նախնական համաձայնության» արդյունք` քանզի ադրբեջանցիների «շատ խորանալու» դեպքում ՀՀ-ում և ԼՂՀ-ում կարող էր կառավարող վերնախավերի համար կործանարար ու աննախադեպ սոցիալական պայթյուն բռնկվել… Իհարկե այսպես կոչված «հողերի հանձնումը» ունի նաև «դրական կողմ» — ժողովուրդը վերջնականապես կսկսի զբաղվել ներքին հիմնախնդիրներով…

˟ Այսպես կոչված «Մադրիդյան սկզբունքներն» և հետագա ակտերն իրականում ԼՂՀ-ի վերացմանն են տանում   և ոչ թե հիմնախնդրի արդարացի լուծմանը…

[5] Տես օր.` Սերգեյ Ավագյան, Ցեղասպանությունն Արևելյան Հայաստանում, Երևան, ՎՄՎ – ՊՐԻՆՏ հրատ., 2014 և ուրիշ.:

[6] Այդ և մյուս հիմնախնդիրների մասին ավելի մանրամասն տես մեր   աշխատությունները՝ մասնավորապես՝   Մ.Մ.Թելունց, Աշխատությունների ժողովածու, «Էդիթ Պրինտ» հրատ., Երևան, 2011.Գրախոսականը՝ «Հայաստանի Հանրապետություն», 2012, N62 և   ուրիշ.:

* Բարեբախտաբար միայն ես չէ որ դա ասում եմ. քիչ   չեն այն մարդիկ՝ մտավորականներ և այլք, որոնք   չեն երկնչում անաչառորեն տագնապ   հնչեցնելու` այդ թվում իրենց հրապարակային աշխատություններում, ելույթներում ևն:

More From Author

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի