Ամուսնությունը և ընտանիքը հայ գրողների ստեղծագործություններում

Spread the love

 Ազգային-պատմական ամուսնաընտանեկան ավանդույթներն անցյալում և այսօր

 

 

 Զանգեզուրիցի կանայքՀայ գրականության անդաստանի լայնահուն երակը, որ ակունք է տալիս վաղնջական անհունից, հայրենիքի երգն է, որ անթիվ ձևերով բարձրաձայնում է միևնույն հարցականը. Ո՞վ ենք մենք, որտեղի՞ց ենք գալիս և ու՞ր ենք գնում …

Այս հարց-շղթայի գրեթե բոլոր կեռմաններում իր հաստատուն գոյության խոնարհ լինելությամբ երևում է հայ կինը, ասել է թե՝ հայ ընտանիքը: Հայ կնոջ վիպական կերպարի առաջին բնութագրումը պատմահայր Խորենացունն է, ով Տիգրանուհուն անվանում է «խորագետ գեղեցկուհի»: Այս բնորոշումը կարելի է ընդհանրական համարել հայ կնոջ՝ գրականության մեջ ձևավորված կերպարի առնչությամբ: Նա ոչ միայն գեղեցիկ է, այլև խորագետ, իմաստուն, պատրաստ հանուն ընտանիքի և հանուն հայրենյաց զոհելու իրեն: Նա է, որ հայ տղամարդուն մղում է հերոսացման, կանգնում նրա կողքին ճակատագրական պահին՝ մոռանալով կանացի տկարությունը: Ահա հայոց փափկասուն տիկնայք, որ առանց սիրելի ամուսինների, հայրերի և որդիների մոռացան առտնին սովորույթները, ընտանեկան խնջույքներն ու հյուրընկալությունները և դարձան առաքինի արուներ հոգևոր պատերազմում. «Մոռացան զկանացի տկարութիւն, և եղեն արուք առաքինիք ի հոգևոր պատերազմին. մարտ եդեալ կռուեցան ընդ մեղսն կարևորս, հատին կտրեցին և ընկեցին զմահաբեր արմատս նորա: Խոնարհութեամբ կռփեցին զամբարտաւանութիւն, և նովին խոնարհութեամբ հասին երկնաւոր բարձրութեանն…» (Եղիշէի Վասն Վարդանայ և Հայոց պատերազմին, ի լոյս ածեալ բաղդատութեամբ ձեռագրաց աշխատութեամբ Ե.Տեր-Մինասեան, Երևան, 1957թ., էջ 179-182): Առավել տպավորիչ օրինակներ է տալիս հայ ժողովրդի բանավոր հյուսվածքը՝ «Սասնա ծռեր» դյուցազնավեպը: Այն ոչ միայն օրինակ, այլև դաս է տալիս անգամ քսանմեկերորդ դարի հայ մարդուն, որ դեռ նոր է օրինականացնում տղամարդու և կնոջ հավասարության՝ դարաշրջանի հրամայականը: «Առյուծն առյուծ է, էղնի էգ թե որձ»,- ասում է հայ շինականը՝ բնորոշելով իր սիրելի Խանդութին, իսկ նա ոչ միայն առյուծ է, այլև գեղեցիկ ու համարձակ կին, որ կրավորական էակ չէ. Սասնա ծուռ Դավթին գուսանների երգով ու իր հմայքով խլում է Չմշկիկ Սուլթանից. սիրառատ ու հավատարիմ կին, որ ամուսնու մահն ընկալում է որպես նաև երկրային կյանքի ավարտ՝ բերդի գլխից իրեն ցած նետելով:

Հիշենք նաև Ռշտունյաց գեղանի օրիորդին՝ Աշխենին, որի՝ հայրենիքի փրկության համար թափվելիք արյան պարտադրանքը հավասարապես վերաբերում է և իրեն: Այդպես և Շահանդուխտը, որ Մարզպետունու դրոշի տակ խմբված սակավաթիվ համարձակներից է, որին և վստահվում են բերդի բանալիները: Այսինքն՝ հայրենի տան, բերդի հուսալի ամրությունը հայ կնոջ ձեռքում է: Եվ որքան սիրասուն ու անեղծ է ընտանիքը, այնքան հաստատուն ու անպարտ է հայրենիքը: Պատահական չէ, որ Մուրացանը հայրենիքի ուժն ու զորությունը փնտրում է հայ շինականի խրճիթում, ուր չի թափանցել օտար սիրո «փանաքի որդը». «Ազգերի զորությունը ընտանիքների մեջ է. զորավոր է այն ազգը, որ ունի զորավոր ընտանիքներ, սիրով, միությամբ, առաքինի և հավատարիմ կեցությամբ ապրող ընտանիքներ … Ով որ կամենում է զորավոր տեսնել յուր ազգը և հաղթող հայրենիքը, նա ամենից առաջ ընտանիքները պիտի խնամե» (Մուրացան, Գևորգ Մարզպետունի, Երևան, 1957, էջ 481):

Կնոջ հերոսական կերպարի նման ընդգծումը, ինչ խոսք, բնորոշ է վիպապաշտ հեղինակների գործերին, իսկ իրապաշտ գրչով հայ ընտանիքը պատկերանում է հասարակական կյանքի բարդ ու հակասական հորձանուտում: Այս դեպքում ևս կնոջ կոչման և ընտանիքի խնդիրները հիմնականում լուծվում են ավանդական ընտանիքի հիմքերի անխախտության սկզբունքով՝ չնայած օտարամուտ բարքերին, որոնց արձագանքն են Սրբուհի Տյուսաբի «Մայտա», «Սիրանույշ», «Արաքսիա կամ Վարժուհին» ստեղծագործությունները: Սիրո, ընտանիքի, ապահարզանի թեմաներին անդրադարձել են Գաբրիել Սունդուկյանը («Ամուսիններ», «Սեր և ազատություն», «Կտակ»), Ալեքսանդր Շիրվանզադեն («Նամուս», «Չար ոգի», «Օրիորդ Լիզա», «Մելանիա», «Եվգինե», «Ունե°ր իրավունք»), Պ.Պռոշյանը («Սոս և Վարդիթեր», «Բղդե», «Հունո»)…

Նախընտրեցինք այն հեղինակների երկերը, որոնցում հիշյալ խնդիրները պատկերված են գեղարվեստական այլևայլ արծարծումների համատեքստում և առավելապես տողատակում են՝ ծածկված հեղինակի ապրումի ու զգացողությունների թախծամշուշ ստվերով:

Այդպիսին է բակունցյան պատումը՝ իրականության բեռն ուսած, հազար ու մի հոգսի տակ կքած, լռության օրենքին հլու հայ օջախի պատկերով, ընտանիք, որում ամուսիններին կապողը ոչ թե սերն է, այլ լուռ համակերպումը. «Սեր չկար նրանց մեջ և ոչ էլ ատելություն: Մի հարկի տակ ութ տարի ապրել էին և այդ տարիներում վարժվել էին իրար, ինչպես ձին է վարժվում ախոռին» (Ակսել Բակունց, Ընտրանի, Երևան, 2009թ., Աքարում, էջ 29): Իսկ երբ սերն է անսպասելի այցի գալիս լռության օրենքով ապրող բնաշխարհի մարդու անաղարտ սրտին, նույն՝ լռության օրենքով դատապարտվում է չգոյության. «Քաղհան անող կանանց մեջ տեսա Խոնարհին: Մեր հայացքներն իրար հանդիպեցին, և ես նրա աչքերում ժպիտ չտեսա: Ի՞նչ էր ասում. նրա համար դժվա՞ր էր, որ ես հեռանում եմ Ձորագյուղից. չէ՞ որ ինձ ոչինչ, ոչինչ չէր ասել այդ Խոնարհ աղջիկը… Ոչինչ չասացի, հեռացա» (ն.տ., Խոնարհ աղջիկը, էջ …. ):

Լռությունն է թագավորում նաև Կաքավաբերդի ավերակներում: Քարեղեն բարձունքների արծվաթռիչ խոյանքն ու Բասուտա գետի անդուլ ոգորումը մեղմացնում է միայն ալպիական մանուշակը՝ «ցողունը կաքավի ոտքի պես կարմիր, ծաղիկը ծիրանի գույն»: Գոյատևում է նա ամենաաննպաստ պայմաններում՝ քարի մոտ, պարիսպների տակ՝ միշտ ենթակա ոտնակոխի: Զարմանալ կարելի է, բայց նա մի փշուր արև, մի պտղունց ջերմություն է քաղում անգամ քարից. «Արևից քարերը տաքանում են, և երբ ամպերը ծածկում են քար ու պարիսպ, մանուշակը թեքվում է, գլուխը հենում քարին» (ն.տ., Ալպիական մանուշակ, էջ 104): Այդպես էլ ալպիական մանուշակի խոնարհությամբ կինը, որ թիկունքին հանիրավի ստանում է ամուսնու մահակի հարվածը, բայց շարունակում է ջերմություն փնտրել օջախում՝ ամուսնու և որդու կողքին. «Սուրմաները զրնգացին, ցնցվեցին կնոջ երկար ծամերը … Մահակի ջարդված ծայրը թռավ ծալքի վրա. Կինը աղաղակ չհանեց, այլ ցավից գալարվեց: Նա ձեռքը թիկունքին տարավ, ապա դուրս եկավ վրանի դռանը անձայն հեկեկալու» (ն.տ., էջ 112): Իսկ երբ լռություն իջավ Կաքավաբերդի գլխին, եղավ խավար գիշեր, «խսիրի վրա մեկնվեց և կինը՝ թաղիքի տակ ծածկելով տղային»: Լեռնադստեր այս կերպարը, սակայն, ունի իր նմանօրինակը արտաքնապես և այլօրինակը ներքնապես, կենցաղով ու վարքով: Արտաքին զարմանալի նմանություն. նույն դեմքը՝ բարձր սպիտակ ճակատով և մանիշակագույն աչքերով, անգամ նույն ժպիտը. «Երևի նույն դեմք ունեցող մարդիկ նույն կերպ են ժպտում» (ն.տ., էջ 110): Բայց թվացյալ նույնությունը խախտվում է գեղագետ հեղինակ-նկարչի՝ մի վրձնահարվածով արված դիտարկմամբ. ծովափի կինը կարճ խուզած մազեր ուներ հնձվորի կնոջ երկար մազերի փոխարեն: Արտաքին այս աննշան տարբերությունը խորհրդանշումն է ավանդականի նահանջի. հիշենք Անուշի մորը Հ. Թումանյանի համանուն պոեմից, որը սիրուց ամոթ ու ադաթ մոռացած աղջկան բնորոշում է այսպես. «Ու՞ր կորար, Անո՜ւշ, ա՛յ մազըդ կտրած» (Հ.Թումանյան, Երկերի ժողովածու չորս հատորով, Հատոր առաջին, Երևան, 1969թ., էջ 79): Ծամկոտոր, պապենական սովորույթը ոտնակոխած կնոջ համար սովորական է սեր խոստովանելն ու նույն հեշտությամբ տված խոստումը զանց առնելը. «Այնքան պատահական եղավ ճամփաբաժանը և այնպես պարզ: Մտքի մեջ մնացին մի զույգ մանիշակագույն աչքեր, գորշ գույնի վերարկու և հովանոցի ծայրը, որով կինը ավազի վրա խոստումներ էր գրում և ավերում» (ն.տ., էջ 109):

            Նորամուտ բարքերի ճնշման տակ ավանդական անգրել օրենքների նահանջը թախծախառն սիրո ու կարոտի մեղեդին է խառնում բակունցյան պատումին: Ժամանակների ու բարքերի անհաշտ տուր և առի ոչ արևկող լանջի փոշեծածկույթի թանձր քողն է իջնում հողագործների, բրուտների, դարբինների և տավարածների տոհմական ընտանիքների վրա, որոնց նկարագրի համար խորհրդանշական է հետևյալ պատկերը. «Հապա Դոլուն Կարի՜ն… Կռանում էր սառն աղբյուրի վրա, կուշտ խմում և ջուրը բեղերից կաթկթելով ասում էր խուվա՜յ… և այնպես էր ասում, այդ բառն այնպես էր զրնգում, որ եթե աղբյուրը նորահարս լիներ, ամոթից քողը կքաշեր երեսին» (Կյորես, էջ 429): Ահա Կյորեսի հյութեղեն լեզվի, ամոթխած նորահարսի, երանելի պարզ ու մարդկային կենսակերպի մի մանրանկար:

            Այս նկարագրից արդեն դուրս են նոր ժամանակների ուսումնառությամբ թոռները, որ հրաժարվում են համբուրել մատուռի սևացած խաչը` պարզ մեկնաբանությամբ` կեղտոտ է (Մինա բիբին, էջ 66):

            Այս նկարագրից դուրս են քաղաքի լկստված աղջիկները, որոնց հետևից չանչ են անում կյորեսեցի պառավները. «Հողս գլխիդ, տեսնես բուլվարում քանիսին ես պաչպչել: Էլ սուրբը քեզ հի՞նչ անի…» (Կյորես, էջ 372): «Իսկ երբ դուրս էին գալիս եկեղեցուց, գորիսեցիք մատաղ էին անում, իսկ կյորեսեցիք քաշվում էին վեր իրենց զուռնա նաղարայով, հին պարերով, և հարս ու աղջիկ, ծառերից կախելով պարանները, ճոճվում էին անդունդի վրա` փոփոացնելով իրենց զգեստները… Քաղաքացիները նայում էին և ախ քաշում ռուսերենով՝ — Երանի՜ նրանց» (ն.տ., էջ 373):

            Երանությամբ ու սրտաշարժ կարոտով է բացում անցած օրերի, դժվարին, բայց քաղցր մանկության հուշածրարը բնաշխարհիկ բանաստեղծը` Հ.Սահյանը, որ տոհմի կանչին ունկնդիր` ժողովրդական կենսափիլիսոփայությամբ ու «կենսահաստատ թախիծով» է լցնում ընթերցողի հուզաշխարհը.

            Որքան պարզություն կա այս երգի մեջ

            Որքան մանկություն  և որքան թախիծ.

Թվում է նորից կանաչ արտի մեջ

            Արտույտն է թռչում ոտքիս տակից: (Հ.Սահյան, Բանաստեղծություններ, Երևան, 1969, Երգը, էջ 63)

Թվացյալ անցյալն է հառնում հերանց գնացող արտերի, բոցե շիկնանքով երկչոտ աղջկա, դաշտի բուրմունքով հացի փշրանքի պատրանքով, և

            Այսպես, այդ երգը ամեն օր գալիս

            Իմ բոլոր հուշերն իրար է խառնում,

            Եվ նրա ամեն բառ ու հնչյունից

            Մի անդարձ կորած աշխարհ է հառնում: (Հ.Սահյան, Բանաստեղծություններ, Երևան, 1969, Երգը, էջ 63)

            Անդարձ կորած այդ աշխարհի ‹‹մանկության մամռած մատուռում›› վերազարթնում է առաջին սիրո առաջին զանցանքը.

            Քո մայրը տարավ, քեզ կապեց սյունից

Ու եղինջ փռեց քո ոտքերի տակ:

            Իմ հոր զայրույթը դուրս եկավ հունից

            Եվ դեմքիս կնքեց այրող մի ապտակ:

 

                        *****

            Ու բերանն ընկանք բովանդակ գյուղի:

Իսկ ի՞նչ էր եղել.

            Ես մեղվի խայթը քո այտից հանել

Եվ ցաված տեղդ համբուրել էի:

Ո՞վ էր մեղավոր հարցին ի պատասխան`

Նա էր մեղավոր,

Անմեղությունն այն ժամանակի (ն.տ., Քո մայրը տարավ…, էջ 168):

«Հողոտ-մղեղոտ» վերհուշը բանաստեղծին կանչում է

            …երկիրն այն գեղանի,

            Ուր մարդը մեղմ է, խիստ, բարձր է ու խոր

            Բնաշխարհի նման իր հայրենի: (Համո Սահյան, Ինչ էլ լինի կգամ, Երևան, 2004, Զանգեզուր, էջ 191)

Երևում է բնաշխարհի մարդը ընտանիքի համապատկերում. քույրը մասուր է քաղում, հայրը աղուն է աղում, տատը խմոր է շաղում, պապը … Իսկ ի՞նչ չի արել պապը.

            Իմ պապը տնկել է մեր գյուղի շիվերը,

            Իմ պապը պայտել է մեր գյուղի ձիերը:

            Իմ պապը մեր գյուղի պատերը շարել է

            Եվ բոլոր կամերը մեն-մենակ քարել է… (Բանաստեղծություններ, Պապը, էջ 120)

Անհատնում հոգսի տակ կքած մարդը արտաքուստ խիստ է, անհողդողդ (քնքշանքի համար ժամանակ չկա), բայց ներքուստ փխրուն է ու մեղմ: Ահա մի հուզիչ պատկեր. առաջին ձյունի փոշին բոբիկ ոտքերին առած նախրապան պատանին նստել է կապույտ քարին.

            … Կապտել եմ ես էլ

            Եվ կապույտ քարից

            Տարբերվում եմ ես

Այնքանով միայն,

            Որ ես դողում եմ,

Քարը չի դողում:

Հայրը տեսնում, բայց որդուն տունդարձի ճամփան ցույց չի տալիս. չէ՞ որ տավարը պիտի կշտանա.

            Գյուղ տանող ճամփով

Գնում է հայրս

Ցախը շալակին

— Ցու՞րտ է, — հարցնում է,

— Տաք է, ասում եմ,

— Քարին մի նստիր,

Վեր կաց, — ասում է:

Տավարն, — ասում է,

— Լույսով չբերես:

            Ասում է, գնում…

Անցել է ուղիղ

Քառասուն տարի,

Հիշեցրի երեկ,

Հայրս լաց եղավ:

Ինչու՞ հիշեցրի: (Բ., Ինչո՞ւ հիշեցրի, էջ 24)

Սա չի խանգարում, որ հեղինակը դառն ու քաղցր մանկության կածանով երանության թևերով հասներ անտառը`ցախի, բայց մոռացած ամեն պարտադրանք` թռչեր թրջված հավքի հետևից և չբռներ մինչև իրիկուն.

            Հայրս ինձանից բան չհարցներ,

            Չնայեր ոչ մի խնդիրք ու լացի,

            Ինձ պարան, կացին ու ցախ դարձներ …

            Եվ մայրս կանչեր իրիկնահացի: (Սեզամ, բացվիր)

Իսկ իրիկնահացը հայ ավանդական-տոհմական ընտանիքի անզուգական պատկերն է` պարզ ու անպաճույճ շարադրանքով բանաստեղծական ու խոհափիլիսոփայական խտացման մի զարմանալի գյուտ: Սա հայ ընտանիքի նկարագիրն է` փոքրի երկյուղած հարգանքով, մեծի` սուփրի գլխին նստելու անխախտ սովորույթով ու զուսպ սիրով, տատի` շերեփը ձեռքին ունենալու աներկբա իրավունքով և ազգային ուտեստով` թանապուրով:

Մեկը մեկից ամաչելով

Եվ զուսպ և հավաք,

Նստում էին մերոնք կարգով

Կրտսեր ու ավագ:                                                               

 

            Նստում էին և սպասում

Մինչև պապը գար,

            Մինչև բակում Ծաղիկ եզան

Զանգը ծլնգար:

 

            Պապը գալիս սուփրի գլխին

Նստում էր շուքով

            Եվ լցվում էր տունը դաշտի

Բույր ու շշկով…

 

            Ու երբ տատս ձեռքն էր առնում

Շերեփը իր հին,

            Գդալները բնազդաբար

Աղմկում էին:

 

            Վայելում էր տաք թանապուր,

Լավաշ ու սամիթ

            Աշխատավոր մի գերդաստան

Պարզ ու միամիտ…

 

            Հիմա այդ մեծ գերդաստանից

Ոչ մեկը չկա…

            Ես եմ մնում լոկ իբրև հուշ

Եվ իբրև վկա… (Բ., Օրը մթնեց, էջ 11)

            Պատումը հուզում է այնքան, որ հոգիդ անձրևել է ուզում, մաքրվել է ուզում նորամույծ բարքերի աղտ ու աղարտից, ձուլվել է ուզում հավերժ աստվածություն մայր բնությանը. նա է, որ անխաթար է պահում «ապուպապոտ» ընտանիքի նկարագիրը. ահա հյուրընկալ քարափը, որ Խաչի պապի պես նստել է բնության սուփրի գլխին և ամեն մեկին իրեն արժանի պատիվն է տալիս, լսում ամենքի մրմուռը սրտի և ամենքի համար ապահով օթևան դառնում. ահա հարգանքը մեծ ու սիրտը մեծ Աղոթարան սարը, որ սրտից աղբյուր էլ կհանի, միայն թե հյուրը ծարավ չմնա. ահա մասրենու փշոտ խոնարհությունը, որ ինքնայրումի ու ինքնահրկիզումի մեջ տվածի դիմաց միայն հիշեցնում է իր գոյությունը.

            Թող աշնան քամին թերթերս ցրի,

            Իսկ դուք քաղեցեք պտուղս՝ ձրի,

            Եվ մի ասեք, թե ձմռան սեմին եմ,

            Աղն եմ ձեր կենաց, ձեր մասրենին եմ: (Ինչ էլ լինի, կգամ, Մասրենու մենախոսությունը, էջ 90)

Բայց «ժամանակները խառն են ու խրթին», և մասրենու պտուղն էլ քաղող, նրա երեսին նայող չկա. ինչու՞ փնտրել ժայռի ծերպում ծվարած ամոթխած մասրենու փշոտ քնքշանքը, երբ երես առած դարում անարգել կրքի տարփանքն է նորաձև դառնում:

            Կանգնել ես քո բարձունքին,

            Մեկուսի, մենակ, մենավոր…

            Իմ երես առած դարում

            Դու լքված այրի, մասրենի՛: (ն.տ., Պտուղդ քաղող չկա, էջ 188)

Օտար գայթակղությունների փոխարեն հեղինակը երազում է վերադարձ արմատներին, որ Խաչի պապի հարսանյաց հացի խմորի տաշտը գրտնակի դագաղը չդառնա, որ թոնրի շրթունքը, որ բոցից էր ճաքում, հիմա բոցի կարոտից չճաքի, որ յոթ զավակների ծնունդ ու հարսանիք տեսած սենյակում չիշխի փոշոտ ամայությունը, (Վերադարձ, էջ 257) և հայրենի ջուրը չկտրի տունդարձի ճամփան.

            Կտրում է ջուրն իմ ճամփան.

— Պատերը ճաք են:

Ու՞ր ես գնում, հորըդ տան

Դռները փակ են: (ն.տ., Սարերը չեն երևում, էջ 221)

 

More From Author

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի